marat sirunyan

Չգրված նամակ՝ մանկության…

Մանուկների աշխարհն այնքան հետաքրքիր է ու գունավոր, որ ամենուր, որտեղ կան նրանք, գունավոր ու հետաքրքիր է դառնում: Անգամ մանկական հիվանդանոցն իր հետաքրքրությունն ու գույներն ունի:
Իմ վաղ մանկության օրերից իմ հիշողություններում լավ պահպանվել են օրերը, որոնք ես անցկացրել եմ Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոցում: Որքան էլ զարմանալի է, այդ օրերից հիշողություններումս պահպանվել են ոչ թե ցավի, հիվանդության, կամ այլ տխուր փաստերի, այլ լավ, համ ու հոտով, ինչու` ոչ, ուրախ դրվագները:
Վեց տարեկան էի: Երկար ու խուճուճ անուն ունեցող հիվանդությունս ինչ-որ հազվագյուտ ալերգիա էր, բայց դա այնքան էլ էական չէ: Այդ հիվանդանոցում, այժմ՝ չգիտեմ, բայց այն ժամանակ հիվանդասենյակները միմյանցից բաժանվում էին ոչ թե պատերով, այլ վարագույրներով: Առաջին երկու օրերն անցան ձանձրալի, ամենքն իրենց վարագույրների ներսում փակված էին: Հետո ինձ տեղափոխեցին նույն տարածքի այլ հիվանդասենյակ: Պարզվեց՝ վարագույրից այն կողմ իմ հասակակից մի աղջնակ էր իր տատիկի հետ: Սկզբում նրա հետ էի խաղում, զրուցում, վիճում ու հաշտվում: Հերթական զրույցներից մեկը շատ է տպավորվել.
-Մարդու մաշկը այրվելիս հավի մսի պես տժտըժում է, չէ՞,- հարցրեց նա:
Ծիծաղեցի.
-Չգիտեմ, երբեք չեմ փորձել,- սկսեցինք ծիծաղել:
-Հա-հա, էդպես է, ես գիտե՜մ,- մի պահ զարմացած նրան նայեցի, հետո ծիծաղն ավելի ուժեղացավ ու երևի տարածվեց հիվանդանոցով մեկ: Իսկ ինչքա՜ն հեռուն կարող է ձգվել մանկական երևակայությունը:
Հետո վարագույները քիչ-քիչ, հերթով բացվեցին: Դրանց հետևում եղած երեխաները մեկը մեկից հետաքրքիր ու լավն էին:
Մի փոքրիկ կար, ինձնից էլ փոքր, դժվարությամբ էր բառեր արտասանում (անկեղծ ասած՝ չեմ հիշում՝ տարիքի՞ց էր, թե՞ առողջական խնդիր): Հայրը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր, մայրը՝ համեստ ու բարի մի կին: Ֆինանսական հարցերի հետ կապված խնդիրներ, ինչպես հասկացա, չունեին, բայց խնդիրներն ամենքի համար են. նրանց շատ էր մտահոգում մի բան՝ երեխան գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում, խոսափում էր շփումից: Չգիտեմ՝ ինչո՞ւ կամ ինչպե՞ս, բայց այդ երեխան ինձ հետ շատ էր կապվել: Ինձ հետ և՛ շփվում էր, և՛ խաղում, և՛ նկարում: Ավելի ճիշտ՝ միայն նա էր նկարում, ես էդպես էլ երբեք նկարելով չփայլեցի: Պետք է ասեմ, որ լավ էր նկարում, բայց բարդ ու խորը: Երևի իր ներաշխարհի պես: Հիշում եմ, երբ մայրը տեսնում էր, թե ինչպես է նա ինձ հետ ընկերություն անում, այնքան էր զարմանում: Ի դեպ, ամեն անգամ իմ սենյակ այցելելիս չէր մոռանում շոկոլադների մասին: Մի լավ ու կարևոր բան էլ եղավ: Երբ գրեթե բոլոր երեխաներով հավաքվում էինք իմ սենյակում, քիչ-քիչ նա էլ էր շփվում մյուսների հետ: Քիչ, բայց արդեն շփվում էր:
Երբ ես դուրս էի գրվում, գրեթե բոլորն արդեն տուն էին գնացել, փակ վարագույր գրեթե չկար: Այդ օրն էլ ես ու իմ «հարևան» աղջնակը դուրս գրվեցինք: Երանի այդ հիվանդանոցները միշտ այդպես դատարկ լինեն, ոչ մի երեխա, ու նաև մեծերը, երբեք առողջական խնդիր չունենան:
Հիմա անկեղծ կարոտում եմ այդ օրերը, ավելի ճիշտ՝ հենց այդ երեխաներին: Նրանցից ամեն մեկն իր առանձնահատկությունն ուներ, իր գույնը, իր աշխարհը: Եթե այսօրվա՝ գիտության առաջընթացի ստեղծած կապի միջոցներից գեթ մեկը այն ժամանակ լիներ, այսօր չէի ափսոսա մանկության չգրված նամակի համար:

Խմբագրության կողմից. Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոցում այդ օրերին բուժում ստացած երեխաներ, եթե Մարատի հիշողություններում ճանաչեցիք ձեզ, խնդրում ենք, կապնվեք մեզ հետ: Կարծում ենք, դեռ շատ բան կա պատմելու, միգուցե տարիներ անց հանդիպելու և պարզելու, թե ինչպես դասավորվեց յուրաքանչյուրիդ կյանքը:

Հուսով ենք, բոլորդ ողջ և առողջ եք: