meri avetisyan

Պատերազմից հետո ճայերը չեն երգում

Հազար ինը հարյուր իննսուներեք թվական

Պատը

Արևմուտքում վերջալույսի լուսեղեն հրդեհը կամաց-կամաց սկսեց մարել, ու լճի ալիքների վրա երևաց երիտասարդ տղամարդու խեղդված դին: Մինչ արևը կշրջվեր Գեղամա լեռների հետևը և կամպեր` բոթը հասավ գյուղ: Մինչ դա` մեկ շաբաթ առաջ գյուղապետ Հակոբ Մելիքյանը վաճառելով ունեցվածքի կեսը, ազատեց որդուն ծառայությունից, իսկ ավելի շատ` պատերազմից: Երեք օր անդադար որոտաց երկինքը, ու անձրևը չդադարեց: Հին հյուրանոցի նեղլիկ արահետով գնում էր գյուղապետի ավագ որդու թաղման թափորը: Հյուրանոցից վերև, լեռան փեշերին քամուց ծփում էին կարմիր կակաչները, իսկ անձրևի կաթիլները հոսում էին թերթիկների վրայով: Լսվում էր ողբի ձայնը, որը պտտվում-պտտվում, դիպչում էր ժայռերին ու ետ դառնում, բարձրանում, մխրճվում գագաթները: Քանի այդպիսի ողբեր են լսել լեռները, երևի համարք չունի:

Թաղմանից ամիսներ հետո Հակոբը կրտսեր որդուն արտասահման ուսման ուղարկեց և կնոջ` Սիլվայի հետ սպասեց միակ որդու վերադարձին: Գյուղապետի երբեմնի մեծ ու շքեղ տունը դարձավ լուռ դամբարան: Նախկինի պես այլևս ոչ ոք չէր համարձակվում այցելել նրանց, և նրանք էլ խուսափում էին մարդկանց հետ շփումից, միայն շատ մտերիմ հարազատներն էին երբեմն այցելում, հատկապես Սիլվային, ով ծվարել էր տան մի անկյունում ու ժամերով լուռ հագուստ էր գործում:

Գյուղը լուռ սպասում էր պատերազմի ավարտին և ցանկացած բամբասանք շատ արագ մարում էր կամ փոխակերպվում կարեկցանքի: Պատերազմի ավարտից երկու շաբաթ առաջ բերեցին ձկնորս Արմանի որդու դին: Կրկին գյուղին պատեց խորը վիշտը:  Թաղման արարողությանը մասնակցեցին Հակոբն ու նրա կինը: Արմանն ու Հակոբը մանկության ընկերներ էին և այժմ ավելի քան երբեք հասկանում ու սփոփում էին միմյանց:

Շուտով ավարտվեց պատերազմը` հաղթանակով և գյուղամիջում մեծ սեղան փռվեց: Հավաքվեցին ահել-ջահել, կին-տղամարդ, մի առանձին սեղան երեխաների համար դրվեց ու նշվեց տոնը` մերթ թնդությամբ, մերթ ոտնկայս լռությամբ: Խնջույքի ժամանակ Հակոբը իր դրկից հարևան քանդակագործ Սարգսին խնդրեց մի հուշակոթող կառուցի և վրան փորագրի զոհված տղաների անուն-ազգանունները: Սարգիսը համաձայնվեց և հաջորդ օրվանից անցավ աշխատանքի:

Գյուղում կյանքն անցավ իր առօրեական ռիթմին: Հակոբը վերադարձավ իր աշխատանքին, բայց առաջվա պես այլևս երկար չէր մնում գյուղապետարանում, անդադար բողոքում էր սրտի ծակոցից ու արյան ճնշման տատանումից, շուտ հոգնում էր, աչքերը վատ էին տեսնում, քայլում էր ծանր շնչառությամբ: Կինը` Սիլվան, դժվարությամբ էր դուրս ու ներս անում և երբ ամուսնն որևէ հյուրի հետ էր տուն գալիս` փախնում էր, թաքնվում սենյակում, փակվում ինքն իր մեջ ու այդպես փակվելով անդադար փոքրանում, կնճռոտվում: Երեկոները ձոր էր իջնում, ծաղիկներ հավաքում որդու նկարի դիմաց դնելու համար և այդպես մայրամուտին սև հագած թափառում էր դաշտերում` մեկ ողբում էր բարձրաձայն, մեկ բարձր ծիծաղում, որովհետև ցավեր կան, որոնք խելակորույս ծիծաղի են նման: Գյուղում շշնջում էին, թե գժվել է, բայց բժիշկը պնդում էր, որ որոշ ժամանակ հետո կանցնի:

Շուտով զորացրվեց Սարգսի որդին: Վահրամի տուն մտնելուն պես հայրը գառ մորթեց, հրավիրեց հարազատներին, ընկերներին ու մեծ շուքով նշեց: Սեղանի շուրջ խոսակցություն բացվեց գյուղապետի հանձնարարած հուշակոթողի մասին: Ինչ որ մեկը հարցրեց, թե արդյոք գյուղապետի որդու անունն է՞լ է լինելու այդ հուշակոթողի վրա: Գինովցած Սարգիսը պատասխանեց.

-Ինչու՞ պիտի նրա անունը լինի: Հերը վախկոտի պես փող տվեց, վերևներին կաշառեց` որդուն ազատեց, բերեց նստեցրեց տունը` մոր փեշի տակ, որ ապահով լինի, էն էլ գնաց լողալու` խեղդվեց: Վերևն Աստված կա, ամեն մեկին արժանին տալիս ա, խի՞, մեր երեխեքից ինչո՞վ էր լավը,- ասաց ու խմեց: Մինչև լույս շարունակվեց գինարբուքը, այնինչ ասված խոսքը մի երկու բառով էլ ճոխացվեց ու հասավ գյուղապետին:

Կեսօրին Հակոբը սաստիկ բարկացած գնաց Սարգսի տուն ու դուրս կանչեց: Տղամարդիկ սկսեցին վիճել, հավաքվեցին երկու կողմերի հարազատները, վեճը մեծ կռիվ դարձավ: Նրանց բղավոցներից թնդում էր ամբողջ գյուղը:

-Դու իմ տղուն նոր սառած արյան վրա ինքնահաստատվու՞մ ես: Ձեռդ մի քիչ փող լիներ,  դու էլ կազատեիր, ու բոլորդ կազատեիք: Բա հեր եմ, բա սիրտս ցավում էր երեխուս վրա, գիտես հիմա չի՞ ցավում,- բղավում էր Հակոբը:

Վեճը ավարտվեց այն ժամանակ, երբ Հակոբը սրտի կաթված ստացավ և ուշագնաց եղավ: Նրան շտապ քաղաք տեղափոխեցին: Ոչ ոք չհամարձակվեց Սիլվային ասել, թե ինչ է եղել իրականում: Միայն բարեկամներից մեկը խնդրեց նրան զանգահարի ու տուն կանչի որդուն, որ մոր կողքին ապավեն լինի: Որդին` Արսենը, մեկ ամիս հետո տուն է վերադառնում: Այս անգամ մի նոր վեճ է բռնկվում Վահրամի ու Արսենի մեջ և ավարտվում ծեծկռտուքով: Արսենն ու հայրը սկսեցին քարե պարիսպ շարել իրենց ու Սարգսենց տան միջև: Այնքան երկարեց պարիսպը, որ կարծես գյուղը բաժանեց երկու մասի: Այսուհետև գյուղացիները գյուղի մյուս ծայրը գնալու համար պետք է մեկ փողոց ավել իջնեին կամ բարձրանային: Իհարկե, սա դժգոհություններ առաջացրեց, բայց ոչ ոք ոչինչ չհամարձակվեց ասել: Միայն տարիներ հետո ճանապարհը փակող հատվածը քանդվեց:

Շուտով Արսենը բանակ զորակոչվեց: Սարգիսը հրաժարվեց իր պաշտոնավարումից ու փակվեց տանը: Այդ տարի ձմռանը մահացավ Սիլվան:

Գարնանը, մայիսի իննին գյուղի կենտրոնում դրվեց հուշակոթողը: Դպրոցականները երգեցին ու ասմունքեցին` հիշելով ու գովերգելով նահատակվածների փառքը, փոխարենը պատերազմի մասնակիցները լուռ հառաչեցին: Հուշակոթողը ծածկվեց ծաղիկներով: Գիշերը Հակոբը միայնակ քայլեց դեպի հուշակոթողը, երկար նայեց, լաց եղավ ու կաղալով տուն վերադարձավ: Իր որդու անունը այդպես էլ չգրվեց կոթողին, բայց գուցե գրվեր, եթե տուն չբերեր, կամ նա այժմ տանը լիներ: Հակոբը երբեք էլ չէր իմանա հետո ինչ կարող էր լինել ու այդ մտքով էլ սփոփում էր իրեն:

Արսենը վերադարձավ ու սկսեց գյուղատնտեսությամբ զբաղվել: Արտասահմանում ստացած գիտելիքներով սկսեց մեծ գումարներ աշխատել: Հայրը լուռ հետևում էր որդու հաջողություններին, և երբ Արսենը սիրահարվեց ձկնորս Արմանի դստերը, հայրը տվեց իր օրհնությունը: Արսենն ու Աշխենը ամուսնացան: Այդ տարի ամուսնացավ նաև Վահրամը:

Արսենի ընտանիքում մոտ մեկ տարի հետո ծնվեցին նրանց զույգ որդիները, իսկ երեք տարի հետո նրանց դուստը` Մարիամը: Ծնվեց  նաև Վահրամի միակ որդին` Արամը:

Տարիներ առաջ կառուցված պարիսպի վրա կանաչ մամուռ էր աճել, պատերի հովի տակ վեր էին խոյացել փարթամ եղինջները, որոնց երկու կողմից էլ քաղհան անող չկար:

 

Երկու հազար քսան թվական

Կարմիր կակաչներ

Աշուն էր, մռայլ աշուն: Սարերից իջնող մշուշը գրկում էր գյուղը իր ձեռքեով, իսկ քամին պոկում էր լեռնաքարերի արանքներում աճող կակաչների նուրբ թերթիկները ու քշում ներքև` գերեզմանատուն, ուր մի քանի օր առաջ հողարկավորեցին Վահրամի որդուն` Արամին: Պատերազմ էր:

Կապտավուն սարերի նեղլիկ արահետով քայլում էր Մարիամը երեխան գրկին:

Արամն ու Մարիամը դպրոցական տարիներից միասին էին, ու չնայած ընտանիքների թշնամությանը` մինչ Արամը բանակ կգնար, միասին փախչում ու ամուսնանում են: Փախնելու օրը Արսենը ընտանիքի և մոտ բարեկամների հետ գնում է Վահրամի տուն` պատվով պահանջելու դստերը: Ու չնայած, որ Վահրամն էլ բարկացած էր որդու այդ անմիտ արարքից, հրաժարվում է նրանց առաջարկից, Մարիամն իր հերթին տուն վերադառնալ չէր ցանկանում: Երկար ու հանգիստ զրուցում են Արսենն ու Վահրամը: Զրույցի ավարտին Արսենը Մարիամին ասում է, որ այլևս հայրական տուն իրավունք չունի վերադառնալու:

Ամուսնության օրից սրվում են Արամի մոր ու Մարիամի հարաբերությունները: Առավոտ կանուխ լույս բացվում էր թե չէ, մայրը անասուններին սար քշելու հետ մեկտեղ բողոքում էր հարսից.

-Գործ անել չգիտի,- պատմում էր նա,- որ մի բան էլ խրատում եմ, տղուս աչքին դառնում եմ վատամարդ, ասում է, թե որ էսպես շարունակես, կնգաս կառնեմ կգնամ:

Ամռանը Արամին բանակ տարան: Մարիամն արդեն հղի էր: Փոխվեց Արամի մոր ու Մարիամի հարաբերությունները, հաշտվեցին միմյանց ներկայության հետ, մեկը տանն էր գործ անում, մյուսը` դրսում: Վահրամը անկախ ամեն ինչից, սիրով էր ընդունել հարսին, ու երբ կինն իր ներկայությամբ փորձում էր կշտամբել, նա ասում էր.

- Ախր, դեռ էրեխա է:

-էրեխա է, թող իրա հոր տանը մնար…

Գարնանը, մինչ Արամի բանակ գնալը, Մարիամի հետ փախչում էին, գնում ձորերը, հետո գյուղամեջ իջնում, հավաքում ջահելներին: Նայում էր պատշգամբից Աշխենը դստերը, կարոտում ու ափսոսում. «Ախր, հլը շատ ջահել էր, գնաց ու խալխին կին դառավ, հիմա էլ ոչ գալիս է, ոչ հիշում»:

Սկսվեց պատերազմը:

Առավոտյան հորթին սար քշելիս Աշխենը մոտեցավ Արամի մորը ու կցկտուր հարցրեց.

-Երեխեքը ո՞ նց են, Արամը զանգե՞լ է:

-Երկու օր առաջ ենք խոսել, Աշխեն ջան:

- Ասում են…

-Գիտենք, բայց Աստված մեծ է:

Մեկ ամիս հետո բերեցին Արամին: Սուգն ու վիշտը գյուղ վերադարձավ:  Բարձրահասակ, գանգուր մազերով, սև, խոշոր աչքերով տղա էր Արամը: Գյուղում սկսեցին պատմել բոլոր պատմությունները նրա հետ կապված ու ափսոսել:

Արամի որդին վաղաժամ ծնվեց, ու հույս չէին տալիս, որ կապրի: Ծանր էր նաև Մարիամի առողջական վիճակը: Աշխենն ամուսնուց գաղտնի այցելում էր դստերը, իսկ երբ հիվանդանոցից տուն են վերադառնում Մարիամն ու որդին, այցելում են նաև հայրն ու եղբայները: Այցելությունները դառնում են հազվադեպ: Արսենն իր ձեռքով է օրորոց պատրաստում թոռան համար: Ու թեև մայրը որդու Արմեն անունն էր դրել, տատիկները Արամ էին ասում: Ձմռան սկզբին երկու ընտանիքների տղամարդիկ  քանդում են պատը, որպեսզի գնալ-գալու համար ճանապարհը կարճանա, իսկ գարնան սկզբին նախկին պատի երկայնքով Մարիամը կակաչներ տնկեց:

Աշուն էր, մռայլ աշուն: Արևմուտքում վերջալույսի լուսեղեն հրդեհը կամաց-կամաց սկսեց մարել, ու հին հյուրանոցի նեղլիկ ճանապարհին երևաց Մարիամը` որդուն գրկած, ծաղիկները ձեռքին քայլում էր դեպի գերեզմանատուն: Հյուրանոցի գլխին կռնչյունով պտտվում էին ճայերը: Երեխան մոր գրկից ձեռքերը պարզել ու իր մոտ էր կանչում  թռչուններին: