Lilit Grigoryan

Սարդարապատից Արցախ․․․

                            ․․․որովհետև դու նա ես, ում  խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի․․․

Հ․ Գրիգորյան 

-Պա՞պ,- զգույշ բացում եմ սենյակի դուռը,- ա՛յ պապ, չե՞ս գալիս հաց ուտելու։

Պապս դանդաղ կտրում է հայացքը սեղանին թափված թղթերից, մի պահ չտեսնող հայացքով նայում դռան կողմը, հետո ուշքի գալով, դողդոջուն ձայնով արձագանքում է․

-Հը՜, գալիս եմ․․․

Պապս Հայրենական մեծ պատերազմի վետերան է։ 1939թ․ մեկնել է ռուս-ֆիննական պատերազմ, հետո  սկսվել է հաջորդ պատերազմը, վերադարձել է 1945-ին։ Քիչ է խոսում այդ տարիների մասին։ Միայն «կռիվ» կինոներ նայելիս աչքերում անասելի թախիծ է հայտնվում, ճակատի կնճիռները խորանում են, ու թվում է՝ ուր որ է արցունքներ կհորդեն։ Միայն տարին մեկ անգամ՝ մայիսին, հանում է մեծ տուփի մեջ պահվող իր բոլոր պարգևներն ու զանազան թերթերից կտրված հոդվածները և կրկին անցնում պատերազմի թոհ ու բոհով, պատերազմ, որն ամեն տարի իր արյունոտ թաթով թերթում է պապիս անցած դաժան ճանապարհը։ Անցել է 77 տարի։

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։

Մի օր խոսքի մեջ հենց այնպես ասաց, որ 6 տարվա ընթացքում մեկ անգամ է արտասվել․ երջանկությունից, երբ Ստալինգրադի տակ խորհրդային զորքերը ջախջախել են գերմանացիներին։

-Այդ օրը վերջնականապես փակվեց թուրքերի ախորժակը։

Իսկ թուրքերի ախորժակը մենք մեկ անգամ արդեն փակել էինք 1918 թվին Սարդարապատում։

Սարդարապա՜տ․․․ Կենաց-մահու կռիվ, արյունաքամ երկրի վերջին ջանք, թշնամուն դիմագրավելու վերջին ճիգ։ Բնավեր ժողովրդի անհավատալի ու արժանապատիվ հաղթանակ։ Այս խոսքերը գրելիս հպարտությունից մի տեսակ զգաստանում եմ, ուսերս ուղղվում են։

Պապիս ննջարանի պատին է կախված իր հոր նկարը։ Խաչաձև պատրոնաշարով, ճերմակ փափախով, հրացանին հենված՝ կանգնել է նա ձիգ, վճռական ու խիստ հայացքով, իսկ թավ բեղերը նրան տարիքից շատ մեծ են ցույց տալիս, սակայն ընդամենը 21 տարեկան է։

Կնոջն ասել է, որ եթե չգնա, թուրքը գալու է՝ նրան տանի։ Կինը պիտի ընտրություն կատարի։ Ու կատարել է․․․ Իր ձեռքով պատանքի կտորը դրել է ամուսնու ծոցը՝ վստահ լինելով, որ ստույգ մահվան է ուղարկում։ Պատանքի կտորը ծոցում, վերջին հաղորդության նշխարը բերանում՝ հայը հաղթել է՝ սեփական արյամբ վաստակելով ապրելու իրավունքը։

Մայի՜ս, հաղթանակների՜ ամիս․․․ Մեր ընտանիքի համար այն հատկապես կարևոր է եղել նրանով, որ իմ հայրը ևս իր բաժին պատերազմն է անցել։

1988 թվական, արցախյան շարժում, ազատամարտ․․․

Խորհրդային, ապա ադրբեջանական կանոնավոր զորքերի դեմ՝ կամավորներ, գրադի դեմ՝ հրացան ու ավտոմատ․․․

Շուշի՜․․․ իմ (ինչու՞ միայն իմ) հպարտությու՜ն․․․

Ի տարբերություն պապիս ՝ հորս  յուրաքանչյուր օրը ինձ համար այնքան հստակ է, որ կարծես ես էլ եմ եղել իր հետ, մագլցել ժայռերն ի վեր, ու ավտոմատն ուսիս` մասնակցել Շուշիի գրոհին։

Երբ հավաքվում են նրա ընկերները, ես էլ նրանցից մեկն եմ դառնում։ Լսում եմ նրանց պատմությունները, ծիծաղում ուշագնաց լինելու չափ, հատկապես, երբ ծաղրում են միմյանց, հիշում ծիծաղելի պահերը, ու արտասվում եմ, երբ զոհված ընկերներին հիշելիս այս մազ-մորուքով, արդեն ճերմակած մարդիկ արտասվում են, արտասվում են լուռ, ու նրանց արցունքները մոլորվում են կնճիռների ակոսներում, թաքնվում դեմքը ծածկող մազերի թավուտներում։

Սարդարապա՜տ․․․ Բեռլի՜ն․․․ Շուշի՜․․ Հայի գիտակցական մահվամբ կնքված հաղթանակներ․ էլ չեմ խոսում Ավարայրի մասին։

Եղբայրս նոր է վերադարձել հայոց բանակից։ Ծառայել է Արցախում։ Հպարտանում է իր նախնիների հաղթանակներով։ Մեկ-մեկ կախում է կրծքին ցարական Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի, ՀՀ-ի մեդալներն ու շքանշանները, պտտվում սենյակում․ երևի իր բաժինն էլ է ուզում ավելացնել․ ինքը ումի՞ց է պակաս. չէ՞ որ ընտանեկան ավանդույթները պետք է շարունակել։

Իսկ ե՞ս, ես․

-Տե՛ր Աստված, խաղաղությու՜ն տուր իմ ժողովրդին, իմ երկրին։ Թող վերջակետ դրվի, այլևս չլինեն պատերազմներ։

Արցախը բեռ չէ, այլ՝ ԱՐԺԵՔ։ Հաղթանակը չի՛ վաճառվում։

Աշխա՛րհ, մարդի՛կ, պատերազմ հրահրողներ, թու՜յլ տվեք ապրել, արարել, ստեղծել․․․ Մի՞թե չհասկացաք, որ «եթե նորից մրրիկ բարձրանա, Մայիսի 9-ով պիտի վերջանա․․․»։