Սա ի՞նչ է

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Թեոդոր Ադորնոն ասում էր, որ բոլոր երեխաները փիլիսոփաներ են: Ինչո՞ւ: Որովհետև երեխաները սիրում են հարցեր տալ այնքան, մինչև իրենց հարցին պատասխան գտնել լինի:

-Պա՛պ, ի՞նչ է սա:
-Ավտոմեքենա:
-Ինչի՞ համար է ավտոմեքենան:
-Ավտոմեքենայով կտրում-անցնում են հազարավոր կիլոմետրեր:
-Իսկ ի՞նչ է կիլոմետրը:
-Դա չափման միավոր է, որով չափում են տարածությունը:
-Պա՛պ, իսկ ի՞նչ է տարածությունը:
Ա՜յ քեզ հարց… Տարածության ընկալումը երեխային հասանելի բացատրելու համար պետք է առնվազն փիլիսոփա լինել:
Փորձե՞նք խաղալ փոքրիկների երևակայության հետ:
-Հակո՛բ, ի՞նչ է սա:
-Ծղրիդ:
-Ի՞նչ է ծղրիդը:
-Ծխող միջատ:
-Իսկ ի՞նչ է ծխում այդ միջատը:
-Չգիտե՞ս, ծղոտ է ծխում:
-Ի՞նչ գիտես:
-Ծխախոտը ես եմ վառել: Ափսոս՝ բաց թողեցի ձեռքիցս, թե չէ ցույց կտայի:
-Իսկ ինչպե՞ս են ծղրիդ բռնում:
-Ուշադիր նայիր խոտերին, այ այսպես, պարզում ես ձեռքդ, հենց նկատես ծղրիդին, ձեռքդ կմոտեցնես ու արագ կփակես:
-Հետո՞:
-Հետո մի փոքր կբացես ձեռքդ: Եթե ծղրիդը ձեռքումդ է, ուրեմն բռնել ես, եթե չէ՝ փորձիր նորից:
Գուցե ես իմ կյանքի փորձառության վրա հիմնված որոշակի պատկերացումներ ունեմ՝ վերացական հարցեր տալու կարողությամբ մրցելու փոքրիկի հետ:
-Գորտ բռնել գիտե՞ս,- հանկարծ հարցրեց թերահավատորեն,- ես քեզ կսովորեցնեմ:
Մեկ-երկու անհաջող փորձ, և ահա գորտը նրա ձեռքերում է:
Իրոք որ, փոքրիկներն ամենալավ փիլիսոփաներն են: Իզուր չէ, որ ամենափիլիսոփայական բովանդակությամբ գիրքը՝ «Փոքրիկ իշխանը», գրված է փոքրիկների համար հասանելի, բայց և մեծահասակների համար խորիմաստ ոճով: