Քանի դեռ աղավնիները ճախրում են

«Դո՜յ, դո՜յ, դոյ… Թռեք, աղավնիներ, ճախրեք բաց երկնքում, բայց չմոռանաք հետ գալ»:

Պապս ամեն առավոտ այսպես երկինք է ուղարկում իր աղավնիներին, ինքն էլ մտովի ամեն առավոտ դեպի երկինք ճախրում, դեպի ազատություն, ուր չկան ոչ մի կապանքներ, որտեղից աշխարհը դառնում է մի փոքրիկ փոշու հատիկ…

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

-Պապ, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիր աղավնիներ պահել:
-Մեծ տղաս, նախքան Ռուսաստան գնալը, պահում էր այս թռչուններին: Գնալուց առաջ ուզում էր տալ ընկերներին, բայց թույլ չտվեցի: Որոշեցի պահել այնքան, մինչև վերադառնա: Հետո եկավ ու որոշեց էլ չպահել աղավնիներին, որովհետև հոգնել էր: Այդ ժամանակ էլ որոշեցի պահել ու խնամել այս թռչուններին: Սրանց թռիչքից ու թևերի գեղեցիկ բացվածքից գերող բան չկա աշխարհում: Մեր գյուղում շատ էին աղավնիները, դրանք ամեն տան բակում կային, ու դրանցով էր զարդարված գյուղը:

-Իսկ ո՞րն էր ձեր գյուղը, ո՞րտեղից ես արմատներով:
-Արմատներով սասունցի եմ, բայց ծնվել ու մեծացել եմ Թալինի շրջանի Աշնակ գյուղում: Սովորել եմ գյուղի դպրոցում: Երիտասարդ ժամանակ մեր ընկերներով սիրողական ծանրամարտով էինք զբաղվում: Ինքներս մեզ համար սահմաններ էինք դնում ու փորձում հասնել դրանց: Իսկ ուսումս շարունակել եմ Երևանում:

-Իսկ ինչպե՞ս եղավ, որ Աշնակից հասար Արմավիրի մարզ, գյուղ Շենիկ:
-Երբ ավարտեցի մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մեր գյուղում աշխատանք չկար, ու քանի որ Շենիկում նոր էր դպրոցը բացվել, ինձ նշանակեցին այստեղի դպրոցի ուսմասվար: Տատիկդ էլ էր բանասեր, ու եկանք այս գյուղ դպրոցում աշխատելու:

-Իսկ ինչպե՞ս հարմարվեցիք, որտե՞ղ էիք ապրում:
-Որ նոր էինք եկել, մայրդ ընդամենը մեկ տարեկան էր: Սկզբում մնում էինք դպրոցում, հետո արդեն շենք տվեցին, տեղափոխվեցինք, հետո ծնվեցին երկու քեռիներդ, ու էդպես…

-Ինչքա՞ն ժամանակ որպես ուսմասվար աշխատեցիր:
-Դե, ստույգ չեմ կարող հիշել, բայց մոտ 10 տարուց ավել աշխատեցի որպես ուսմասվար, նաև դասավանդել եմ հայոց լեզու և գրականություն: Իսկ 1989-ին ընտրվեցի տնօրեն:

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

-Գիտեմ, որ քո երեխաների ժամանակ էլ ես տնօրեն եղել ու հիմա թոռներիդ ժամանակ էլ: Դժվարություններ չկա՞ն արդյոք:
-Դժվարությունը կայանում է նրանում, որ պետք է կարողանաս դպրոցում լինել «ընկեր Հայրապետյան», իսկ տանը ընտանիքի հայր: Որքան հնարավոր է, երեխաներիս հետ եղել եմ որպես տնօրեն և տարբերություններ չեմ դրել, շատ անգամ նրանց հետ ավելի խիստ եմ եղել, քան մյուսների:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես դպրոցի հետ կապված:
-Մի անգամ Սոնայենց դասարանի երեխաները (Սոնան մայրս է) ինչ-որ չարություն էին արել: Բարկացա, ուղարկեցի բոլորին տուն, որ ծնող բերեն: Մեկ էլ տեսնեմ Սոնան եկավ, (դե ջղայնացած եմ) ասացի` ինչի՞ ես առանց ծնող էկել: Նայեց, նայեց ու լացելով ասաց.
-Ու՞մ բերեի: Մաման դպրոցն ա, դու էլ ինձ ասում ես` գնա ծնող բեր: Ո՞ւմ բերեի…

Ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց չեմ մոռանում:

-Պապ գիտեմ, որ վերջին տարին է, որ աշխատում ես դպրոցում, թոշակի ես գնալու: Ի՞նչ ես զգում:

Այս հարցից հետո պապս լռեց: Ինքս ինձ մեղադրում էի այս հարցի համար: Չէր խոսում, բայց աչքերի մեջ տարիների հետքը տեսա: Զգում էի, որ այդ «վերջին» բառով պապիս թույլ կողմին դիպա:

Ողջ տարիների կյանքը, թե՛ լավ, թե՛ վատ օրերը, եկան ու անցան աչքի առաջով: Ասես նորից հետ դարձավ այն օրերը, երբ նոր էր եկել այս դպրոց: Դուրս գնաց, առանց ինձ նայելու…

Բայց մի բան հստակ է. աղավնիները դեռ կան, ու քանի դեռ դրանք ճախրում են, պապս հավերժ երիտասարդ կմնա, որովհետև աղավնի պահելու համար տարիք գոյություն չունի, նրանց թռիչքին վերջ չկա, ու ոչնչի վերջ չկա…