Gayane Avagyan

Քառյակ միությունը

Դարակս էի դասավորում, երբ «Հրաշք տետրս» ընկավ ձեռքս: Հա՛, հա՛, երևի դուք էլ ունեցած կլինեք մի այդպիսի տետր: Այդ տետրում մի շարադրություն էի գրել ընկերների մասին: Երբ կարդացի, սկսեցի ծիծաղել։ Հետո հասկացա, որ իրականում ոչինչ չի փոխվել, եթե այսօր էլ ինձ ասեին`գրիր ընկերության մասին, կրկին նրանց մասին էի գրելու: Չեմ սիրում գլուխ գովել, բայց կյանքն ընկերների հարցում շատ առատաձեռն է գտնվել իմ նկատմամբ: Արդեն տասնհինգ տարի է, ինչ երեք լավ ընկեր ունեմ: Սուսոն կասեր` մեր քառյակ դաշինքը: Գլխավորն ինքն է՝ երևի բարձրահասակ լինելու պատճառով: Մեզ խրատողը, խորհուրդներ տվողը Արինան է՝ երևի նրա համար, որ բժիշկ է դառնալու: Մեզ ուրախացնողն ու ժպիտ պարգևողը, հետաքրքիր պատմություններ պատմողը` Սվետլաննան է, թարգմանչուհի է դառնալու, լավ բառապաշար ունի: Դե, իսկ ես, բոլոր ժամանակների երազողն ու շատախոսն եմ։ Դա նրանից է, որ լրագրող եմ, սիրում եմ պատմություններ գրել: Մի հետաքրքիր բան կա մեր չորսի մեջ` ոչ մեկս միմյանց նման չենք ոչ մի հատկանիշով։ Նման չենք նաև մեր ունեցած հետաքրքրություններով, բայց իրար լավ հասկանում ենք: Մեր ընկերությունը սկսել է մանկապարտեզի տարիներից և շարունակվել դպրոցում: Սուսաննան լքել է մեզ, քոլեջում է սովորում, բայց հենց ինքն է, որ զանգում է բոլորիս ու իրար գլխի հավաքում: Դե, չեմ հիշում՝ ինչպես մտերմացանք։ Արդեն տասնհինգ տարի է…

Մի օր դասարանում ասացի.

-Տասնհինգ:

-Ի՞ նչ տասնհինգ,- հարցրեց Արինան։

-Տասնհինգ տարի, ընկերներ:

-Ինչպես միշտ՝ հանելուկներով ես խոսում, չեմ հասկանում քեզ:

-Էլի իրեն փիլիսոփա է զգում, չե՞ ս տեսնում,-պարզաբանեց Սվետան։

-Ինչ դժվար եք հասկանում, ասում եմ` տասնհինգ տարի է, ինչ ընկերներ ենք:

-Հա՜, Սուսոյի ականջը կանչի,- ասաց Արինան։

-Տեսնես, մինչև ե՞րբ այսպես կզրուցենք:

-Որ անկապ բաներ չմտածես, դեռ երկար,- արդեն բարկացավ Սվետան։

-Մի 70 տարի երևի, հանգստացրեց Արինան։

-Թե՞ 71:

 

Կողքից նայողը կմտածի, թե թշնամիներ ենք, մի օր իրար «ջան»-ով չենք դիմի: Դրա համար էլ մեր ծնողները շատ են բարկանում մեզ վրա: Հիշում եմ`մի անգամ մայրիկիս էի ուզում զանգել ու սխալմամբ զանգեցի Արինայի մայրիկին, բայց հետաքրքիրն այն է, որ անգամ չնկատեց, որ իրեն զանգողը ես եմ: Երբ անջատեցի, նայեցի էկրանին, հետո նկատեցի, որ Արինայի հեռախոսն է ձեռքիս: Նույնիսկ ընտանիքներով ենք մտերմացել, այնքան լավ է:

Շարադրությանս վերջին տողը սա էր. «Կարծում էի, որ իրական ընկերներ լինում են միայն գրքերում, ֆիլմերում, մուլտերում: Բայց մենք հեքիաթում չենք ապրում: Իմ ընկերների նման ընկերներ չկան ու չեն լինի»:

Հիմա եմ հասկանում, որ ժամանակը ոչինչ չփոխեց, նրանք առաջվա պես իմ կողքին են: Լավ է, երբ նման ընկերներ ունես:

Ոչինչ չի փոխվել, ընկերնե՛ր, մեր քառյակ դաշինքը հավետ է: