Ստեփանակերտ, պայմանագրից հետո

Ստեփանակերտի ճանապարհին անընդհատ ռուսական դրոշներ էինք տեսնում, Շուշիի մոտ՝ ադրբեջանական։ Մի տեղ հայկական դրոշ տեսանք, ուրախացանք բոլորս, Աիդան պատուհանը բացեց, գոռաց՝ խնդրում եմ, մի քիչ բարձր ծածանեք մեր դրոշը։ Պատուհանը փակեց, ու բոլորս մեր ուրախությունից զարմացանք։ Զարմացանք, որ մեր երկրում մեր դրոշից ուրախանում ենք։

Արցախ առաջին անգամ էի գնում: Միշտ մտածում էի` մի օր կգնամ, էլի: Բայց ուշացա: Հասա միայն, երբ մեզ մի քայլաչափ տեղ էր մնացել: Իսկ դրանից դուրս ոչ մենք էինք, ոչ մեր դրոշներն ու ոչ էլ մեր ոտնահետքերը:

Կեսօրին հասանք Ստեփանակերտ ու առաջինը, որ տեսանք, տատիկն ու պապիկն էին: Արձանները չէ, իսկական, քայլող, շնչող ու ապրող տատիկ պապիկները, որ ծանր տոպրակներով տուն էին գնում: Մի քիչ մոլորված գնացինք Ստեփանակերտի քաղաքապետարան: Դռան մոտ մեծ հերթ էր, չնայած անձրևին ու վատ եղանակին: Հեռացող բոլորի ձեռքին նույն դեղին տոպրակներն էին, որոնք իրար օգնելով տատիկն ու պապիկը տանում էին. սնունդ էր: Մարդիկ վերադարձել էին, ապրում էին, օգնում էին իրար:

Ծանոթացանք քաղաքապետի հետ, զրուցեցինք հույսերի, արածների ու անելիքների մասին: Ներսի եռուզեռը, քաղաքապետի, կամավորների ու աշխատողների եռանդը, հույսը, ուժը փոխանցվում էր մեզ, ու չնայած մենք ծանր սրտով էինք գնացել, իրենք էին մեր սրտի բեռը թափում: Էդպես էլ «շարունակելու ենք ապրել ու ստեղծել»-ը մարմին ստացավ մեր աչքին: Ասացինք, որ ուզում ենք նկարել քաղաքը, բայց ծանոթ չենք տեղանքին: Քաղաքապետը Գևորգին կանչեց ու ծանոթացրեց մեզ, ասաց, որ կուղեկցի ուր որ պետք է, ցույց կտա վնասված շենքերը: Ճամփա ընկանք բարձրահասակ, կանաչ աչքերով ու ինձ հանդիպած լավագույն գիդի հետ: Գևորգը հերթով պատմում էր ամենաշատը վնասված շինությունների ու տարածքների մասին, ու հերթական անունը տալուց հետո մենք միաձայն ասում էինք` իսկ կարո՞ղ ենք էդտեղ էլ գնալ, ու ստանում էինք հերթական դրական պատասխանը: Մի քանի րոպեից էլ ոչ միայն թվարկած տեղերում էինք լինում, այլ նաև ճանապարհին տարբեր շենքերի մոտ կանգնում էինք և ուշադիր լսում Գևորգի պատմածները: Խնդրում էինք` մնալ մեքենայում, որ չթրջվի, մինչև մենք կնկարեինք: Բայց իջնում էր, ուղեկցում, կանգնում կողքներս, մտնում շենքերը, ոչ մի րոպե մենակ չէր թողնում: Միայն եկեղեցում մի քանի րոպե տեսադաշտում չէր, վերադարձավ` երեք վզնոց ձեռքին` Ա տառ կուլոնով` Անիին, Աիդային ու Անիին: Մեկ էլ սկսեց պատմել.

- Մոտեցա վաճառողին, ասեցի` 3 հատ Ա տառ տվեք: Ասեց` բայց կարող ա 3 հատ Ա չլինի, մեկը ուրիշ տա՞մ: Մտածեցի` լավ, որ Ա չլինի, Փ կվերցնեմ, ինչ անեմ:

Սկսեցինք չորսով ծիծաղել: Ու ես զարմացա, թե ինչ ուժ էր Գևորգի ներսում, որ տունը ռմբակոծությունից կորցնելուց, ամեն օր տունը կորցրած հարյուրավոր մարդկանց հետ շփվելուց հետո շարունակում էր անընդհատ հումորներ անել, ժպտալ: Մեկ էլ հարցրինք.

- Իսկ ապաստարաններ կա՞ն, որտեղ բնակության հետքեր են մնացել, դե, ասենք, ափսեներ, մահճակալներ:

Պատասխանեց.

- Չէ, բայց կարամ ասեմ արագ իջացնեն, նկարեք, հանենք:

Ու էդպես ամեն կանգառում, երևի, տեսնելով երեքիս դեմքի քարացած ու սառած արտահայտությունները, մյուս վայրերին հասնելու արանքում հումորներ էր անում, որովհետև մեզ էլ, իրենց էլ դա է փրկում:

Ռմբակոծված շենքերը տեսնելուց հետո մտածում էի` ոնց որ կինոյում լինեմ: Բոլոր կադրերը, որոնք տեսել էի ֆիլմերում, տարբեր երկրների մասին պատմող վավերագրականներում, գալիս էին աչքիս առաջ: Ու հասկանում էի, որ չէ, ես չեմ կինոյում: Կինոներն են հենց մեր կյանքը: Հենց այս կադրերն էլ դառնում են կինո: Մի օր էլ ինչ-որ ծանր ֆիլմի վերջում հայատառ գրելու ենք` հիմնված է իրական փաստերի վրա:

Գևորգը պատմում էր, որ ցանկացել են վնասել Արցախի էլեկտրացանցը, բայց շեղվել ու դպրոցին են հարվածել: Դպրոցում մանկական սենյակներ կային, պատերին արև, կապույտ ամպեր, ծաղիկներ, իսկ գետնին կոտրված ապակիներ ու մանկական փոշոտված կոշիկներ: Մանկություն էր պատերազմի օրերին:

Եղանակը Ստեփանակերտում մռայլ էր, ձյուն էր ու անձրև: Գևորգն ասաց` էսօր առաջին անգամ ձյուն եկավ: Պատասխանեցինք.

- Թարս էր, էլի, մեզնից էր, հենց որոշեցինք գալ, ձյուն ու անձրև սկսվեց:

Ասաց.

- Դե մեր համար հանգիստ գործ էինք անում, ինչի՞ եկաք:

Հրաժեշտին ասաց` հասնենք, անպայման իմաց տանք: Ճանապարհի մառախուղից վախեցած ու լարված` մոռացել էինք: Առավոտյան գրել էր.

- Մտածեցի` գերի եք ընկել: Չորս հոգու վերցրել էի, որ գոնե փոխանակենք:

Անհնար է մարդկային վերաբերմունքն ու ջերմությունը մեզնից որևէ պայմանագրով ինչ-որ մեկին հանձնել:

Ճանաչեք մեր հերոսին` Արտաշ Այվազյան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում իր կյանքը զոհեց ու Վարդենիկ գյուղի հերոսների շարքին դասվեց նաև ժամկետային զինծառայող Արտաշ Այվազյանը։ Արտաշը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում 2001 թվականի օգոստոսի 13-ին։ Ընտանիքի առաջնեկն էր, ժպտադեմ ու աշխույժ երեխա։ Սովորել է Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 դպրոցում, ապա՝ ինչպես տարեկիցները, Վարդենիկի կրթահամալիրում։ Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 20-ին։

«Եղբայրս բանակ է զորակոչվել ան ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսը մեծ թափ էր առել։ Խնջույք չենք արել՝ չէր թույլատրվում, բայց բավականին ուրախ ենք ճանապարհել: Ինքը  շատ ուրախ ու ոգևորված էր բանակ գնալու փաստից, նույնիսկ մեզ էր ուժ ու թև տալիս։ Ասում էր՝ կծառայի, անփորձանք հետ կգա, կաշխատի, կամուսնանա, ինչպես բոլորը»,-պատմում է Արտաշի կրտսեր եղբայրը՝ Արեգ Այվազյանը։

«Ջաբրաիլում (Մեխակավան) էր ծառայում, ամեն օր զանգում էր, միշտ էլ կապի մեջ էր բոլորիս հետ, օր կար` մի քանի անգամ էր զանգում։ Ծառայությունից գոհ ու ոգևորված էր, պատմում էր՝ ինչքան հետաքրքիր է անցնում կյանքը բանակում ու ինչքան է ամեն ինչ տարբերվում քաղաքացիական կյանքից։

Վերջին անգամ հոկտեմբերի 14-ին ենք խոսել, ասում էր որ ամեն ինչ լավ է, բայց թե որտեղ էր՝ չասաց, մինչև այսօր էլ չգիտենք՝ որտեղ է եղել»,- նշեց Արեգը։

«Արտաշի եղբայր լինելը հիմա կրկնակի հպարտություն ու կոչում է ինձ համար։ Եղբայրս չի վախեցել, չի փախել, իր մարտական ընկերների կողքին է եղել մինչև վերջին շունչը։ Եղբայրս զոհվել է վիրավոր ընկերների կողքին մնալու արդյունքում։ Նույնիսկ որոշները եղբորս հետ վեճի են բռնվել, որ թողնի ընկերներին, որ գոնե իր կյանքը փրկի․ չի համաձայնել, հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը․ կրծքավանդակի՝ աջ հատվածին են կրակել, փամփուշտը թիկունքի՝ ձախ կողմից դուրս է եկել,- ասաց Արեգը շարունակելով,- մեր բոլորի մխիթարությունը թերևս այն է, որ եղբայրս թշնամու ձեռքում չի հայտնվել, չեն ստորացրել, չեն նվաստացրել, եղբայրս հպարտությունը սրտում ու իսկական հերոսի պես է ընկել»։

Խոսելով եղբոր բնավորության մասին Արեգը ընդգծեց եղբոր անսահման բարությունն ու ընկերասիրությունը․ «Արտաշն ուրիշ էր՝ լուրջ, նստած, տեղը եկած պահին բոլորից անլուրջն ու հումորովը։ Մեծի հետ մեծ էր, երեխայի հետ՝ երեխա։ Ամենակարևորը՝ անսահման բարի, համբերատար, հարգալից ու ընկերասեր էր։ Աշխատում էր ոչ ոքի չնեղացնել ոչ մի հարցում։ Արտաշին մի-երկու տողով նկարագրելն այդքան էլ հեշտ բան չէ, իր մասին ժամերով կարելի է խոսել»,-եզրափակեց Արեգը։

Արտաշի մասին հիշողությունները այժմ ավելի են ջերմացնում դասընկերների սրտերը․«Արտաշը խաղաղ մարդ էր, ոչ ոքի հետ խնդիրներ չուներ, բոլորի հետ համերաշխ էր, հարմարվող,- փաստում է Արտաշի դասընկերուհին, շարունակելով,-կազմակերպված էր, ամեն ինչի մեջ շնորհքով ու հարգանքով։ Մեծահասակների հանդեպ աննկարագրելի լավ վերաբերմունք էր ցույց տալիս, անկախ նրանից, թե ով է։ Ուսուցիչները անասելի շատ էին սիրում Արտաշին։ Անընդհատ շեշտում էին նրա ու իր եղբոր՝  Արեգի բնավորությունների չափազանց տարբեր լինելը։ Արտաշն էլ իր հերթին բոլորից շատ եղբորն էր սիրում, Արեգին մի բան պատահեր՝ բոլորին խառնում էր իրար։

Դասընկերուհիներով իրեն շատ էինք հարգում ու վստահում, չկար մեկը, ում խնդրանքը Արտաշը չփորձեր կատարել»։

Խոսելով Արտաշի նպատակների ու յուրահատկությունների մասին, դասընկերուհին ավելացրեց․

«Որորշել էր՝ բանակից վերադառնար՝ օպերատոր էր դառնալու։ Շատ էր սիրում ավտոմեքենա վարել։ Հիշում եմ, թե ինչքան շատ էր ուրախացել վարորդական իրավունք ստանալիս։ Արտաշը մեծ ապագա պետք է ունենար, պատերազմը խլեց նրա ու շատ տղաների անկատար նպատակները․․․»

«Իմ Արտաշեսը շատ խելացի, հավասարակշռված, հասկացող, ընկերասեր ու բարի աշակերտ էր (ցավ եմ ապրում անցյալով բնութագրելուս համար։

Շատ պարտաճանաչ ու պատասխանատու անձնավորություն էր։ Երբեք չէր անում այնպիսի մի բան, որի համար նկատողություն պետք է արվեր։ Միշտ ժպտերես, կենսուրախ ու շատ հարգալից բոլորի նկատմամբ։

Կարծում եմ Արտաշեսն առհասարակ ոչ մեկի հետ չէր կարող խնդիր ունենալ։ Նա ավելի շուտ խնդիրների լուծում էր, քան  խնդիր առաջացնող։ Իր հասակակիցների համեմատ շատ գիտակից էր, համբերատար ու բարի թե՜ ուսուցիչների, թե՜ իր ընկերների, և թե՜ իրեն շրջապատողների հանդեպ․․»,-եզրափակեց Արտաշի ուսուցչուհին՝ Ռուզաննա Պողոսյանը։

Արտաշ ջան, քեզ երբեք չենք մոռանա: Հավերժ փառք քեզ, հերոս…

Երբեք չմոռացվողը

Տասներկու տարվա ընթացքում մեզ սովորեցրել են, մենք սովորել ենք: Մենք սովորել ենք պատմություն, մենք սովորել ենք տարիներով տևած պատերազմների մասին կարդալ ընդամենը մի քանի էջ ու վերջ, սովորել ենք հայ դավաճանների, նրանց դավաճանությունների մասին:  Իսկ ինչո՞ւ մեզ չեն սովորեցրել դիմադրել ցավին, դիմանալ ընկերոջ կորստին, ինչո՞ւ  մեզ այդպես էլ չսովորեցրին մինչև վերջ սպասել ու սիրել, գնահատել ամեն պահն ու ակնթարթը:  Թե՞ մենք չսովորեցինք: Չսովորեցինք, քանի որ չմտածեցինք, որ ամիսներ առաջ մեզ հետ քննությունների պատրաստվող ընկերը ամիսներ անց՝ այսօր, կարող է ֆիզիկապես էլ չլինել: Չսովորեցինք, քանի որ մտքներովս անգամ չանցկացրինք, որ մանկության ընկերներին բակում իրենց նստարաններին նստած էլ չենք տեսնի:

Պատմությունը միշտ էլ դաժան է եղել: Ու ամեն անգամ դաժան էջերի դասերը սովորելու փոխարեն զբաղվել ենք ուրիշ բաներով, իսկ դրանք պատասխանելու փոխարեն ուղղակի ասել ենք. «Էսօր չէ, էլի: Մնա` հաջորդին կպատասխանեմ»: Պատմությունը միշտ էլ դաժան է եղել, բայց դրա դաժանությունը զգում ենք այն դեպքում, երբ ապրում ենք այդ պատմության մեջ ու այդ պատմությունով: Դաժանությունը կզգանք, երբ մի քանի տարի անց պատմության նոր գրքերում կտեսնենք այն երկուէջանոց պատմությունը, որի միջով անցանք մենք: Այն պատմությունը, որը տարավ շատերից ամենաթանկը: Այն պատմությունը, որը ստիպեց մեծանալ վերջնականապես: Այն պատմությունը, որ ստիպեց համակերպվել ցավին:  Այն պատմությունը…

Մենք երեխաներ էինք, ովքեր նոր էին կյանք մտել, սակայն նայեցին ուղիղ ցավի, տառապանքի, մահվան աչքերի մեջ: Նայե՛ք մեր աչքերի մեջ ու հասկացե՛ք, թե աշխարհում, ուր մենք ծնվել ենք ու  ապրում ենք, որտեղից այդքան նենգություն, ցասում ու նախանձ: Նայե՛ք ու փնտրե՛ք բարության նշույլներ մեր աչքերում:

Մենք սերունդ ենք՝ չկոտրվող սրտերով: Մենք շարունակում ենք ապրել մեր ընկերների կիսատ մնացած երազանքներով: Մենք շարունակում ենք ցավով լցված սրտերով առաջ շարժվել: Շարժվել առաջ՝ բոլորին ապացուցելով, որ մենք կարող ենք անգամ անհնարինը:

Պատճառներն ու լուծումները փնտրենք մեր մեջ, անենք հետևություններ: Իսկ  հոդվածն էլ ավարտեմ ավստրիացրի գրող Կառլ Կրաուսի հանճարեղ խոսքերով. «Ինչպե՞ս է կառավարվում աշխարհը, և ինչպե՞ս են բռնկվում պատերազմները: Դիվանագետները ստում են լրագրողներին և հավատում են իրենց իսկ ստերին՝ կարդալով դրանք թերթերում»:

Լուսանկարները` Սերյոժա Առաքելյանի

Նոյ Թևոնյանի սխրանքը

Հայ զինվորը խիզախության, հերոսության և նվիրումի մարմնացում է: Իր արյունով հայրենիքը պահած զինվորներից մեկն էլ Նոյ Թևոնյանն է: Հերթական առաջադրանքը կատարելիս, Նոյը դրսևորելով ճիշտ մարտավարություն՝ տասը զինվորի դուրս է հանել թշնամու շրջափակումից: Պատերազմի ամենաթեժ պահին նետվելով այրվող մեքենան՝ դուրս է հանել զինակից ընկերոջ մարմինը: Ի պատասխան բոլոր գովասանքի խոսքերին, թե իր արածը հերոսություն է, Նոյը պատասխանել է. «Ինձնից ի՞նչ հերոս, տասնութ տարեկան երեխան ձեռքերիս մեջ մահացավ», մինչդեռ Նոյն ընդամենը տասնինը տարեկան էր:

Հոկտեմբերի 9-ին Նոյն ընկավ հերոսի մահով՝ միանալով իր անմահացած զինակից ընկերներին: Նոյ Թևոնյանի մայրը՝ տիկին Գայանեն, հերոսի մորը բնորոշ  հպարտությամբ է խոսում որդու մասին: Ասում է, որ Նոյի ծնվելուց առաջ երազ են տեսել:

-Մենք ընտանիքում ունեինք երեք աղջիկ, և ես շատ էի ցանկանում տղա երեխա ունենալ: Մի օր ամուսինս երազ է տեսնում: Նրան ասում են, որ պետք է որդի ունենա և անունը դնի Նոյ: Այդպես էլ եղավ: Երկու ամիս հետո պարզվեց, որ երեխայի եմ սպասում: Երեխաս ծնվեց, անունը դրեցինք Նոյ: Նոյս շատ յուրահատուկ էր, հենց փոքր տարիքից էլ տարբերվում էր: Անտեղի ոչինչ չէր անում: Շատ աշխույժ էր: Ասում էի՝ Նոյ, բարձր քարերի վրա մի բարձրացի, ասում էր՝ մամ, էնքան էներգիա կա մեջս, պիտի սպառեմ:

Նոյի հայրը Արցախյան պատերազմի մասնակից է: Որդին իր հայրենասիրությունը հորից էր ժառանգել:

-Մեր տան մեջ հայրենասիրության մթնոլորտը միշտ էլ եղել է: Հայրենիքը նրա համար շատ քաղցր էր, այդ պատճառով էլ իր ամենաթանկը՝ կյանքը, նվիրեց հայրենիքին: Նշեմ, որ Նոյս ծառայում էր Մատաղիսում, նրան ասում էին «Ռազվեդկի պոնչ», այդպես էր մականունը:

-Նոյը կռվարար չէր, ցանկացած խնդիր փորձում էր լուծել խաղաղ ճանապարհով,- պատմում է Սաթենիկը՝ հերոսի քույրը,- Նոյը ցանկացած կոնֆլիկտ փորձում էր լուծել խոսելով, բանակցելով: Եթե անգամ իր հետ կոնֆլիկտ ունեցող անձնավորությունը իրենից թեկուզ մեկ օրով փոքր էր, Նոյը նրան անմիջապես ներում էր: Ես Նոյից մեծ էի ութ տարով, և չնայած մեր տարիքային տարբերությանը, նրանից շատ բաներ եմ սովորել: Հիշում եմ՝ տուն էր գալիս արձանիկներ կամ տարբեր գրքեր ձեռքին, երբ հարցնում էի՝ ինչո՞ւ ես գնել գիրք, որը շոուբիզնեսի աստղերի մասին է, Նոյը պատասխանում էր, որ պապիկը վաճառում էր, և իր խիղճը տանջեց:

Փոքր տարիքում Նոյը իրենց տան այգուց ծաղիկներ էր հավաքում և նվիրում ընտանիքի անդամներին: Տիկին Գայանեն Նոյի մանկությունից դրվագներ է պատմում:

- Մեր այգուց խատուտիկներ էր հավաքում, դնում էր բաժակի մեջ և նվիրում էր մեզ: Ինձ ասում էր՝ մամ, նայի՝ քո փունջը ամենամեծն ա:

- Նոյը հեշտությամբ էր նոր միջավայրին ընտելանում: Բոլորին օգնում էր՝ փոխարենը ոչինչ չպահանջելով,- ասում է Արայիկը՝ Նոյի զինակից ընկերը:

-Մի հետաքրքիր դրվագ հիշեցի. դե Նոյը մեր վաշտի ամենածանր տղան էր քաշով ու նեղվում էր դրանից: Մի օր մեր վաշտով ճամբար էինք գնացել ու պիտի վազեինք, Նոյին ասացի՝ հիշի՝ ինչի համար ես էստեղ, հիշի, որ քո քույրերին ես պաշտպանում, քո դիմաց նպատակ դիր ու դրան կհասնես: Իմ խոսքից հետո Նոյն առաջինը հասավ տեղ: Էդ դրվագը մոտս շատ լավ էր տպավորվել: Բանակը շատ լուրջ տեղ ա, էստեղ մենակ լուրջ տղերք են:

Նոյ Լյովայի Թևոնյանը անմահացավ հանուն ամենաթանկի՝ հայրենիքի:

Հավերժ փառք մեր հերոսներին։

Եռաբլուր

Ծուխը երկինք էր բարձրանում, խնկամանները անընդհատ դատարկվում են, քարերը լացում…

Ավազը մաղված էր, ցեխը չէր չորանում, ինչպես չեն չորանում աչքերը մեր…

Ես եկա, եկա ուշացած, եկա գլխիկոր, բայց եկա… Իմ բարձրահասակ հայրենասիրությունը կանգնեց կողքիս, լաց եղավ հետս ու երկինք նայեց… Իմ հայրենիքն ու սերը դուք եք, տղերք։ Ներեք ինձ ու իմ նման հազարավորներին, որ հյուր ենք գալիս ձեզ, որ մեր նվերը միշտ նույնն է ձեզ համար, որ մենք միայն անցորդ ենք կարմիր ավազի վրայով։ Հողը փախչում է ոտքերիդ տակից, երբ հարյուրավոր դեմքերը քեզ են նայում, աչքեր, որ հավերժ քնեցին, որ հյուր գնացին երկնքին, բայց ամենաթանկ նվերը տանելով իրենց հետ՝ կյանքը։ Կյանքը հանուն մեր կյանքի։

Ես ամաչում եմ, խոնարհվում եմ, ծնկի եմ գալիս յուրաքանչյուրիդ դիմաց։ Սեփական մանրությունը զգալը դառնում է ամենահեշտ բանը, երբ ոտք ես դնում Եռաբլուր։ Էնքան մաքուր, էնքան «կոկիկ» ու էնքան ճիշտ պիտի քայլես պանթեոնում, որ չխանգարես, որ չնեղացնես հավերժության մեջ քնածներին։ Անընդհատ հևում ես, բայց և նրբորեն թաքցնում դողացող ձեռքերդ, ոտքերդ, քեզ…

Դե, ապրի

Չեմ հիշում մի աշուն, որ այսքան դալուկ թվար ինձ, որ այսքան տկար ու անգույն լիներ։ Աշունն ու մենք տերևաթափ տեսանք։

Ծառերի ու տոհմածառերի։

Թեև ձմեռը վրա է հասել արդեն, բայց դեռ սեպտեմբերից չի պոկվում։

Մեզ պոկել է իրարից, հեռացրել, մի անկյուն շպրտել ու ասել, դե ապրի…

Ներեք մեզ, տղե՚րք…

Շնորհահակալ եմ, շնորհակալ եմ ու մի ամբողջ կյանք էլի շնորհակալ եմ լինելու, որ կաք դուք, ու կանք մենք։ Մասիսը իրեն հարուստ կզգա, ձյունը կգրկի ձեզ, տաքուկ կքնի…

Ասում են` պարտավոր ես, ապրես, որ ապրեցնես… Իսկ ես կասեմ, մեզանից ոչ մեկը ու երբեք էնքան ճիշտ ու սիրուն չապրեց, ինչքան իրենք։

Ապրենք, որ ապրեցնենք։

Foldink

Զրույց Foldink ընկերության համահիմնադիր՝ Համլետ Խաչատրյանի հետ։

Գիտություն, նորագույն տեխնոլոգիաներ և համարձակ գաղափարներ, հենց այս երեք հենասյան վրա է պետք կառուցել ապագան։ Կարծում եմ համաշխարհային համաճարակի այս շրջանում, բոլորս հստակ կարողացանք տեսնել, որ գիտության և տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է ընդունել ցանկացած մարտահրավեր և հաղթահարել այն, կամ էլ համապատասխան գիտելիքը չունենալով՝ պարտվել։

Շարունակելով բացահայտել IT ոլորտը, այս անգամ զրուցել եմ ներկայի և ապագայի startup`  Foldink ընկերության համահիմնադիր Համլետ Խաչատրյանի հետ։

- Foldink-ը բիոտեխնոլոգիական ընկերություն է, որը միավորում է հյուսվածքային ինժեներիան 3D տպագրության հետ։ Սա հայկական առաջին և միակ ընկերությունն է, որը զբաղվում է 3D Bioprinting տեխնոլոգիայով։

- Ի՞նչ է իրենից ներկայացնում 3D Bioprinting-ը։

-3D Bioprinting-ը հյուսվածքային ինժեներիայի ճյուղերից մեկն է, որը հնարավորություն է տալիս լաբորատոր պայմաններում տպագրել կենսունակ հյուսվածքներ։ 3D Bioprinter-ի աշխատանքի մեջ հիմնականում օգտագործվում են այսպես կոչված բիոթանաքները, որոնք իրենցից ներկայացնում են բջիջների և կենսանյութերի խառնուրդ։ Տեխնոլոգիան օգտագործելով այդ բիոթանաքները  տպագրում  է ապրող հյուսվածքներ, որոնք հնարավորություն են տալիս նմանակել մարդու օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական պրոցեսները  լաբորատոր պայմաններում։

- Ի՞նչ ոլորտներում է կիրառելի այս տեխնոլոգիան, և ի՞նչ խնդիրներ կարող են լուծվել դրա միջոցով։

-Տեխնոլոգիան կարող է օգտագործվել վերականգնողական բժշկությունում,  դեղանյութերի և կոսմետիկայի արտադրության մեջ, ինպես նաև ամենատարբեր լաբորատորիաներում գիտական փորձերի համար։

Առհասարակ յուրաքանչյուր նորաստեղծ դեղանյութ շուկայում հայտնվելուց առաջ անցնում է փորձարկումների  որոշակի փուլերով, որոնցից մեկը փորձարկումն է կենդանիների վրա (առնետներ և այլն)։ Բայց առնետի ու մարդու օրգանիզմները իրարից տարբերվում են, այսինքն, փորձարկման արդյունքները միշտ չէ, որ ապահովում են պրոդուկտի անվտանգությունը և արդյունավետությունը մարդու օրգանիզմի համար։ 3D bioprinter-ի միջոցով հնարավոր է դառնում մարդու օրգանիզմին մոտ հյուսվածքներ ձևավորել, հետևաբար այստեղ փորձերի ճշտության գործակիցը մեծ է։ Բացի այդ ապագայում անոթավորված ապրող օրգաններ ստանալու դեպքում, հնարավոր կլինի լուծել նաև դոնորական օրգանների պակասորդի խնդիրը։

- Եթե պատկերացնենք, որ ուզում ենք նապաստակի հյուսվածքներ ստանալ՝ ինչպիսի՞ն պետք է լինեն մեր գործողությունները։

-Հիմնականում 3D Bioprinting-ը ընթանում է երեք փուլով։ Առաջին փուլում պետք ստեղծենք տվյալ դեպքում՝ նապաստակի, անհրաժեշտ  հյուսվածքի 3D մոդելը, այնուհետև նապաստակից վերցնելով համապատասխան հյուսվածքի նմուշ, ստանում ենք բջիջները՝ աստիճանաբար դրանց քանակը ավելացնելով։ Երկրորդ փուլում արդեն, ինչպես նշել էի, bioprinter-ի մեջ տեղադրվում է համապատասխան բիոթանաքը՝ միախառնված ստացված բջիջների հետ, և մեր մոդելի հիման վրա սկսվում է տպագրությունը։ Իսկ երրորդ փուլում անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ պայմաններ հյուսվածքի ամբողջականությունն ու աճը ապահովելու համար։

Կենսաբանություն առարկան դպրոցական տարիներին չսովորելու արդյունքում հարցազրույցի հենց այս հատվածում գրեթե «գիտակցությունս կորցրեցի», վստահ եմ, ձեզնից շատերն էլ, բայց գիտությամբ հետաքրքրվող ընթերցողիս խնդրելու եմ ինձ հետ առաջ շարժվի։

Foldink ընկերությունը ստեծվել է երեք երիտասարդ բժիշկ ընկերների կողմից, բայց startup-ի զարգացմանը զուգընթաց թիմում ավելացել են մի շարք այլ մասնագետներ, օրինակ՝ ծրագրավորողներ, մարքեթինգի մասնագետներ, իսկ այժմ թիմում ներգրավված են մոտ 12 էնտուզիաստներ։

- Ի՞նչպես ստեղծվեց Foldink-ը։

-Ի սկզբանե մեր աշխատանքը իրենից միայն գիտական ուսումնասիրություն էր ներկայացնում։ Բայց հետո հասկացանք, որ պրոյեկտը իրականում  բիզնես ծրագիր լինելու պոտենցիալ ունի, որովհետև այս տեխնոլոգիան շատ քիչ լաբորատորիաներ են օգտագործում  ամբողջ աշխարհում,  հիմնական արտադրությունն էլ կենտրոնացած է ԱՄՆ-ում և Եվրոպական որոշ երկրներում։ Եվ ի տարբերություն մեր տեխնոլոգիայի, որը համեմատաբար մատչելի է և ունիվերսալ իր տեսակով, ԱՄՆ-ում արտադրված սարքավորումը գնելու համար ահռելի գումարներ են անհրաժեշտ։

Մոդելավորման տեսանկյունից այս տեխնոլոգիան ավելի ունիվերսալ է, որովհետև Foldink-ը տեխնոլոգիան գնող լաբորատորիային bioprinter-ը տրամադրում է այն չափանիշներով, որը անհրաժեշտ է տվյալ հետազոտությունը  իրականացնելու համար։ Օրինակ՝ դա կարող է լինել տպագրության ընթացքում կենսաանվտանգության բարձր աստիճան  ապահովող bioprinter։

Մի խոսքով, սկսեցինք փորձել ինքնուրույն հավաքել սարքը: Իհարկե գումարի խնդիր ունեինք և անհրաժեշտ դրամական միջոցները ձեռք բերելու համար մի շարք accelerator-ների, incubator-ների ենք մասնակցել, օրինակ՝  Beeline Startup Incubator, FAST- ի (Foundation for Armenian Science and Technology) “Startup studio”, EU-ի և Oxygen Foundation-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագիր և այլն։ Բայց իրականում կարևորը գաղափարն էր, որ ունեինք և այդ գաղափարի շուրջ հավաքված թիմը, հետևաբար ցանկացած գումարային և այլ խնդիրներ հաղթահարելի էին։

Այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ մարդկային ռեսուրսները գիտության զարգացման համար, Համլետը պատասխանեց, որ մենք ունենք մեծ ներուժ, որը պետք է զարգանա։

Բայց ավաղ, ինչպես բոլորս էլ գիտենք, այդ ռեսուրսը զարգանում է մեր երկրի սահմաններից դուրս։ Եվ սրան իրականում շատ պարզ բացատրություն կա։ Հարցազրույցի վերջում ես եկա այն եզրահանգմանը, որ զրուցակցիս նման ուսանողները, ովքեր զբաղվում են գիտությամբ, իրենց ցանկացած գաղափարի ռեալիզացիայի համար պետք է դիմեն անհատների կողմից կազմակերպվող դրամաշնորհների, այնինչ՝ արժանի գաղափարները պետք է անմիջական պետական աջակցություն ստանային։ Իհարկե, նրանց համարձակ, նպատակասլաց լինելը խոչընդոտներ չի տեսնում, բայց այն պետությունը, որը չի նպաստում գիտության զարգացմանը, պարտվելու է, և այդ պարտությունը իրեն երկար սպասել չի տա։

Հաղթելու համար պետք է գործել հենց այսօր, հենց հիմա․․․

«Լուսակերտ-Քարվաճառ-Վարդենիս» տրանզիտ

Իջա օրապահի կողապահարանից, իջա ու դրանից հետո ինչե՜ր կատարվեցին (Ես արդեն զինվոր եմ | 17)… 11 ամիսս կլրանա շուտով, ու առաջին անգամ պաշտոնապես տանն եմ. «օտպուսկ» են տվել: Ամիսներ շարունակ փորձում էի շարադրել մտքերս, մի բան գրել, պատմել, բայց չէր ստացվում: Պատմելու շատ բան կա, ահռելի շատ: Չգիտեմ որտեղից սկսել, ինչ պատմել ու ոնց պատմել: Վերջին նյութս, երբ գրեցի, ընդամենը 15 օր էր, ինչ բանակում էի, իսկ էսօր մնացել  Է արդեն 13 ամիս, ու էս ընթացքում հասկացել եմ, տեսել, զգացել, ապրել, ապրեցրել, սպանել, խեղդել, վերակենդանացրել ու նորից սպանել էնքան բան, որ դժվար թե պատկերացնեք: Բանակը մեզ շատ բան է տալիս ու շատ բան սովորեցնում, փոխարենը վերցնում մեր կյանքի 2 տարիները, ոմանց, ցավոք, ողջ կյանքը: Մենք ատում ենք բանակը, սիրում, նորից ատում, կարոտում, պարծենում բանակով, կառուցում բանակը, հզորացնում, ամրացնում ու քանդում… Ինչպես մեր էմոցիաներն են բանակի հանդեպ խառը ու բազմազան, էդքան էլ բանակի` մեզ տված էմոցիաներն են լիքը ու մեկը մեկին հակասող ու մեկը մեկից տարբեր:

Մինչև բանակ գալս շատ էի մտածում, թե արդյո՞ք բանակը մի բան Է տալիս քեզ, թե չէ, ու ասում էի` չէ, դու նույն մարդն ես մեկա մնում: Միգուցե մեծ հաշվով նույնն ես մնում, բայց փոփոխությունները անխուսափելի են:

Իմ ծառայությունը երբեք այսպես չէի պատկերացնի ու արդեն չեմ էլ պատկերացնում, թե հետագա ծառայությունս ինչպես կընթանա ու ինչեր կկատարվեն: Չէի պատկերացնի, որ մի օր ոչ թե ես ինքնակամ կարթնանամ, այլ մարտկոցի հերթապահի «պադյոմ» գոռալուց, չէի պատկերացնի, որ ոչ թե կարթնանամ սենյակումս` փափուկ անկողնուս մեջ մենակ պառկած, այլ նույն սենյակում մոտ 100 հոգու հետ չոր անկողնում… Էս հակասությունները շատ շատ են, բայց չէի պատկերացնի, որ էս հակասություններին էլ այլ հակասություններ կլինեն: Չէի պատկերացնի, որ կարթնանամ ոչ թե հերթապահի «պադյոմ» գոռալուց, այլ ականների պայթյունի ձայներից, չէի պատկերացնի, որ կարթնանամ ոչ թե փափուկ «չոր անկողնում» , այլ ծածկաճեղքում` հողերի ու քարերի մեջ պառկած… Էս «չեմ պատկերացնում»-ները անվերջ կթվարկեմ, բայց հիմա ամեն ինչ պատկերացնում եմ, ու պատկերացնում են համարյա բոլորը…

Պատերազմի ընթացքում մտածում էի, թե ինչեր եմ գրելու ու ինչեր եմ պատմելու, բայց, երբ գրիչը զորեղ դուրս եկավ զենքից, խոսքերս, պատմելիքներս, տանջանքս, քրտինքս ու տառապանքս մեկ վայրկյանում դարձավ անիմաստ…

Բարձունքում էինք, Օմարի բարձունքում: Մարտնչում էինք թշնամու դեմ ու ոչ մի քայլ ետ չէինք գալիս ու չէինք էլ գալու: Արյան գնով պահեցինք մեր լեռները, Մոնթեի ազատագրած բարձունքը պահեցինք զենքով, որ հանձնեին թղթով… Ականի պայթյունների, բեկորների, ծխի, վառոդի հոտի, ինքնաթիռների, կարճ ասած, պատերազմի միջով անցնելուց հետո մենք կրկին ապրում ենք, ապրում, ստեղծում, կառուցում ու կրկին ամրացնում…Մենք ապրում ենք, իսկ հազարավոր հոգիներ անմահացան ու հերոսացան, ընկան, բայց ավաղ…

Արդյոք Օմարի բարձունքում երբևէ նորից կճախրե՞ն «Օմարի արծիվները»…

Առանց քեզ անթև թռչուն ենք

Արցախյան երկրորդ պատերազմը  անտարբեր չանցավ նաև ՀՀ ամենամեծ գյուղի՝ Վարդենիկի կողքով։ Գյուղի հերոսներից մեկը՝ Տիգրան Արշակյանը, ևս դասվեց այն հայորդիների շարքին, ովքեր հավերժի ճամփան բռնեցին՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը։

Տիգրանը ընտանիքի առաջնեկն էր, սպասված զավակ։ Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Սովորել է տեղի՝ Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 դպրոցում, ապա՝ Վարդենիկի կրթահամալիրում։ 2019 թվականի հուլիսի 25-ին զորակոչվել է բանակ։

«Իմացանք՝ Մեղրիում է ծառայելու, ընկերներով շատ էինք  ուրախացել, որ Հայաստանում է, մտածում էինք համեմատաբար ավելի անվտանգ կլինի, քան Արցախում։ Տիգրանը զորակոչվելու առաջին իսկ օրից մեզ հետ կապի մեջ է եղել, միշտ էլ զանգել ու գրել է բոլորիս։ Բոլորս՝ այդ թվում և ինքը, հանգիստ ու վստահ էինք, որ ողջ ու առողջ հետ է գալու։ Այնքան վստահ էինք, որ անգամ հետ գալու խոստում չպահանջեցինք…»,-ընդգծեցին Տիգրանի մտերիմ ընկերները։

Հարցին, թե ինչպիսի՞  ընկեր է եղել Տիգրանը, միաբերան պատասխանեցին. «Մենք Տիգրան անունով ընկեր չենք ունեցել, մենք Տիգրան անունով եղբայր ենք ունեցել, այսօր արդեն Տիգրան անունով հերոս եղբայր ունենք…

Բոլորիս (թե՛ տղա ու թե՛ աղջիկ ընկերների) կողքին է միշտ եղել ամեն հարցով, ցանկացած իրավիճակում մեր հույսը ինքն էր, բոլորս էլ գիտեինք՝ Տիկոն մի բան կանի։ Մեր ընկերական շրջապատի ամենադրական կերպարն էր, միշտ ժպիտով, ուրախ, իր պատմություններով մեր տրամադրությունը բարձրացնող ու ամենակարևորը՝ մեզ լավ ճանաչողն ու մեզնից մեկը»։

«Մի յուրահատկություն էլ ուներ. գյուղի բոլոր մեքենաները ըստ իրենց համարների գիտեր՝ ում էր պատկանում, ես էլ մեր մեքենայի համարները Տիգրանից եմ սովորել, միշտ մոռանում էի, ինքն էր հիշեցնում»,-եզրափակեց ընկերը։

Տիգրանի քույրը՝ Էլենը նշեց.

«Նպատակասլաց ու յուրահատուկ էր դեռ մանկուց։ Ավտոմեքենաներ շատ էր սիրում, իրեն ճանաչողները գիտեն, թե ինչքան շատ էր սիրում վարել։ Առհասարակ Տիգրանին առանց ավտոմեքենայի տեսնելը հազվադեպ պատահող երևույթ էր։

Գյուղը սիրում էր, բայց նպատակները դրսում էին։ Նպատակ ուներ բանակից գար, աշխատեր, տուն կառուցեր…»

Էլենը եղբոր մասին  պատմելիս ընդգծեց եղբոր՝ բռնկուն, բայց միաժամանակ, ուշադիր ու հոգատար լինելու փաստը. «Շատ բաներ կար, որ արգելում էր ինձ ու քրոջս, մենք էլ՝ նեղանում։ Հիմա եմ հասկանում եղբորս խրատները, իր ասած ամեն մի բառը»։

«Միշտ զանգում էր՝ համարյա ամեն օր։ Ասում էր, որ ծառայությունը շատ լավ է անցնում։ Պիտի «սերժանտ» տային իրեն, սերժանտական դասեր էր անցնում, իսկ պատերազմի ժամանակ էլ դիրքի ավագն էր… Հոկտեմբերի 2-ին Մեղրիից տարել են Ջաբրաիլ (Մեխակավան)։ Մինչև հոկտեմբերի 8-ը խոսել ենք հետը, ամեն ինչ լավ էր, ինքն էլ՝ ոգևորված։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈՒԱԶ» մեքենայով անցնելով շուրջ 130 կմ, իր ընկերներին հասցնում է փոքր հոսպիտալ ու նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը ԱԹՍ-ն բեկորային մահացու վիրավորում է հասցնում եղբորս։ Նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո՝ Երևան։ Այդ ընթացքում եղբայրս կոմայի մեջ է հայտնվում և, ուշքի չգալով, մահանում հոկտեմբերի 14-ին»,- պատմում է Էլենը։

«Պատմում էր, որ ծաղիկներ է մշակում զորամասում։ Ասում էր՝ «Զորացրվողները իրենց ծաղիկները իմ խնամքին են թողնում», իր աճեցրած ծաղիկն էլ մեզ են ուղարկել… Եթե հնարավորություն ունենայի եղբորս գոնե մի անգամ տեսնելու, կասեի, թե ինչքան շատ եմ իրեն սիրում, թե ինչքան թանկ մարդ է ինքն իմ կյանքում ու, որ առանց իր ներկայության ինձ անթև թռչուն եմ զգում…»,- եզրափակեց Էլենը։