lilit hovakimyan

Մենք մի բռունցք ենք

Զինվոր էր վերադարձել։ Խնջույք էր, ծնողների երջանկությանը չափ չկար։ Բոլորի դեմքին ժպիտ էր, գոռում էին, պարում, մինուճար որդին տուն էր եկել։ Կտրված աշխարհից, կտրված համացանցից՝ խմում էին զինվորների կենացը, խմում ու խնդրում Աստծուց խաղաղություն, ի՞նչ իմանայինք՝ ինչ է կատարվում։

Հենց այդ օրը Տավուշի մարզում սկսվեցին գործողությունները։

Մեկը վերադարձել էր, օջախի լույսը կրկին վառել, մեկն էլ կանգնած էր սահմանին, կռիվ էր տալիս կյանքի համար՝ ազգի կյանքի։

Ես Արմավիրից եմ, մյուսը՝ Սյունիքից, Արցախից ու Երևանից։ Մենք բոլորս մի բռունցք ենք, մի երկիր ու բոլորս Տավուշի հետ ենք, մեր Տավշո աշխարհի հետ, մեր զինվորների ու նրանց թիկունքին կանգնած սահմանամերձ գյուղերի, որոնք ինչքան էլ ցնցվեն պայթյունի ուժգին ձայնից, երկու անգամ ավել սիրտ են առնում զինվորների կողքին կանգնելու։

Եկեք բոլորս աղոթենք խաղաղության համար, ու եթե այդ հզոր բռունցքը ծնկաչոք աղոթի, անպայման աղոթքը կհասնի Աստծուն։

Երևանյան ծիրան ենք ստացել

Լուրերին էի հետևում, երբ տեսա հայկական ծիրանի դեմ իրականացված «ոտնձգությունները»: Մի տեսակ խղճացի 21-րդ դարում խավարամիտ մնացածներին:

Հետո հիշեցի, երբ 2 տարի առաջ Ռուսաստանում էի (էն ժամանակ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված  սահմանափակումներ չկային), մեր տնից մի փոքր ներքև շուկա կար: Եղբորս  կնոջ հետ սովորաբար էնտեղից էինք մրգեր գնում. համ մոտ էր, համ թարմ էին լինում մրգերը, համ էլ հաճախ հայկական էին լինում:

Շուկայում ռուսներ ու ադրբեջանցիներ էին աշխատում: Իսկ հայկական մրգեր-բանջարեղենը իրենց մոտ էին հենց լինում: Երկու կին էին՝ մոտ 50 տարեկան:

Ասում էին՝ առաջին հայացքից նկատել էին, որ հայ ենք, ասում էին՝ յուրահատուկ ենք:

Սկսեցինք գնումների հիմնական մասը իրենց մոտից կատարել. հայկական էին …

Ամեն անգամ գնումների ընթացքում հասցնում էին մի հետաքրքիր պատմություն կամ սովորություն պատմել հայերի մասին  ու հարցնել.

-Ճիշտ գիտենք, չէ՞:

Ճիշտ գիտեին …

Մի օր էլ գնացինք շուկա ու դեռ հեռվից արդեն ծանոթ դարձած, ոչ սահուն ռուսերենով ձայնը լսեցինք.

- Երևանյան ծիրան ենք ստացել, քաղցր է, տեսքը՝ իդեալական: Ձեր մրգերը ձեզ պես յուրահատուկ են, ոսկի են:

Իհարկե գնեցինք:

Հետաքրքրվեցին՝ ի՞նչ եղանակով ենք մենք պատրաստում, հետո հարցրին, թե Հայաստանի որ շրջաններում է աճում (իրենք կարծում էին՝ Երևանում):

Ամառը վերջացավ, եկա Հայաստան: Դեռ երկա՜ր եղբորս կնոջից ինձնից են հետաքրքրվել, դեռ շա՜տ անգամներ ասել են.

-Երանի իրեն՝ ծիրանի աշխարհում է:

Հիմա ի՞նչ եղավ:

SvetlanaDavtyan

Ուշադրություն, մոռացվում է

Այնքան ինչուներ կան իմ կյանքում: Դեմքեր ու դեպքեր, որոնց հանդիպելիս ծնվում է սովորական, բայց ամեն անգամ նոր հույզեր բերող մի հարց՝ ինչո՞ւ, որն իր վիթխարի հարցական կերպարանքով կանգնում է իմ դիմաց: Ինչո՞ւ եմ ես հիմա այստեղ՝ նստած իմ սենյակում մտածում դրանց մասին:

Դու էլ ես չէ՞ ուզում շատ դեմքեր մոռանալ: Մոռանալ: Մի տես, թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:

Եթե ինչ-որ մեկի մասին դադարում ես մտածել, նա նաև դադարում է գոյություն ունենալուց (գոնե քեզ համար): Եվ դեպքեր, որոնք վանում ես քեզանից: Մոռացություն՝ մի բան, որ ինչքան լավ, նույնքան էլ վտանգավոր է:

Իմ հին ընկեր, արի այսօր միասին զրուցենք: Կյանքում էլ կան շատ հարցեր, որ այդպես էլ պատասխան չեն ստանում: Հարցեր, որ ինչպես ստիպում են մոռանալ, այնպես էլ թույլ չեն տալիս անել դա: Բայց ես ուզում եմ բացառություն անել և քո բոլոր հարցերին պատասխան տալ: Չեմ ուզում, որ քեզ համար գաղտնիքներ մնան: Այսօր կզրուցենք, թող ոչ մի հարց չհնչի, որ չփչացնի պահի խորհրդավորությունը: Սակայն խոստանում եմ՝ անպայման պատասխանելու եմ, քանի որ ինչպես հողը էրոզիայից է ավերվում, այնպես էլ այդ հարցերն են պղտորում նույնիսկ ամենամաքուր հոգին:

Գիտե՞ս՝ քեզ մի շատ հասարակ, բայց կարևոր բան եմ ուզում ասել:

Եթե մի օր կյանքի խենթ ճանապարհները մեզ կանգնեցնեն դեմ դիմաց, հատ առ հատ բոլոր հարցերիդ կպատասխանեմ: Բայց այդժամ կարծում եմ՝ դրանք ոչ մի գրոշ չեն արժենա, որովհետև ոչ իմ ու ոչ էլ նույնիսկ քո կյանքում դեր չեն խաղալու:

Գուցե հարցնես, թե երբ մենք իրար օտար դարձանք, ես էլ կասեմ՝ այն ժամանակ, երբ դու դուռը բաց թողեցիր ու մոռացության մատնեցիր այն փաստը, որ ներս գալուց վայրկյաններ հետո պետք է շղթայով փակեիր:

Ինչ որ կաս, դա եղիր, իսկ ինչ որ արդեն դու չես՝ մոռացության տուր:

taguhi aghasyan

Քննությունից հետո

Եթե մի օր ձեռքումդ հայտնվի իմ կյանքի օրագիրը, ու դու ցանկանաս կարդալ և ոգևորությամբ բացես այն, առաջին էջի առաջին նախադասությունը, որ կկարդաս, կլինի ոչ թե «Բարև, իմ անունը Թագուհի է», այլ «ես սիրում եմ գրել»: Այո՛, ես շատ եմ սիրում գրել, և երբ ուրիշները ընկճախտից ազատվելու իրենց մեթոդն են ասում, ես հիշում եմ, որ իմ մեթոդն ամենալավն է. պարզապես վերցրո՛ւ մի գրիչ ու սկսիր «գոռալ» թղթի վրա, գրի՛ր այն ամենի մասին, ինչը զայրացնում է քեզ․ հաստատ կօգնի:

Հա, ճիշտ ես հասկացել, ես թեմայից շեղվելու ակնհայտ տաղանդ ունեմ, այնքան տաղանդավոր եմ, որ մի անգամ ուսուցչուհուս հանձնարարած «Բերքահավաք» վերնագրով շարադրության մեջ մի ամբողջ կյանքի պատմություն էի պատմել և շրջանցել բերքահավաքի սուրբ ծեսը: Ինչևէ, քանի հիշել եմ գրելուս բուն թեման, ուզում եմ կիսվել իմ տպավորություններով 2020 թվականի ընդունելության քննությունների վերաբերյալ: Սկզբում ես շատ վախեցած էի, դե լավ, մի քիչ չափազանցնում եմ. ես նորմալ վախեցած էի: Բայց երբ սկսվեց քննությունը, և ես բացեցի թեստը, պարզապես ուրախությունից ծիծաղում էի (Չարենցավանի թիվ 1 դպրոցում հայոց լեզվի քննություն հանձնողների առաջին խումբ, հուսով եմ՝ չեք նկատել իմ ոչ նորմալ պահվածքը): Հետո այդպես երջանիկ դեմքով ես հանձնեցի քննությունը և (գլուխ գովել չհամարե՛ք) առաջինը դուրս եկա քննական սենյակից: Բոլոր ծնողները ինձ հարցուփորձ էին անում, իսկ ես կյանք տեսած իմաստունի հայացքով պատասխանում էի.

-Շատ հեշտ է: Եթե պարապել են, կընդունվեն:

Այսքանից հետո, սիրելի՛ ընթերցողներ, մի քիչ կհիասթափվեք, որովհետև երևի կմտածեք, որ հաստատ 20 ստացած կլինեմ, բայց չէ, 16 եմ ստացել։ Ամենևին չեմ տխրել, որովետև ես քննությանը մեն-մենակ եմ պատրաստվել, և ոչ մի ուսուցիչ ինձ հավելյալ դասեր չի տվել։ Ես եմ եղել թե՛ աշակերտը, թե՛ ուսուցիչը:

Իսկ հիմա՝ քննությունից հետո, ես ուզում եմ ասել հաջորդ տարվա դիմորդներին իմ թևավոր դարձած խոսքը, որով ես իմ դասընկերներին էի ոգևորում քննությունների ժամանակ․ «Ոչ թե առաջ, այլ վեր»։

Հ. Գ. Ի միջի այլոց, ես սովորելու եմ բանասիրական ֆակուլտետում և կարծում եմ, որ գրելու հանդեպ ունեցած մեծ սերն ինձ ուղղեց այստեղ:

qristine sahakyan

Հայացք են թողնում

Խոսում էին աչքերդ, խոսուն էր հայացքդ․․․ Պայծառ էր օրը, փայլում էր արևը, հիանալի էր ամեն ինչ, բայց թախծոտ էին իրարից հեռացող աչքերը։ Այդ աչքերը ամենաառեղծվածայինն էին։ Գալ խոստացող, իրար գրկող ու հեռանալ չցանկացող հայացքները սփռված էին շուրջբոլորը։ Կյանքումս տեսած ամենաանհասկանալի բաներից էին նրանց հայացքները։ Չգիտեի՝ ուրա՞խ էին, թե՞ տխուր, հպա՞րտ էին, թե՞ արդեն կարոտած։ Թվում էր՝ երազումս էի ու երբ արթնանայի, ամեն ինչ պայծառ էր լինելու այն արևի նման, որը այդ օրը այդպես էլ չջերմացրեց ոչ մեկի սիրտը․ կարոտ մնացինք արևի ջերմությանը։

-Աստված հետներդ, տղե՜րք,- լսելի դարձավ ամեն կողմից, ու գնաց այն ավտոբուսը, որը երկու տարով բաժանեց ծնողին զավակից, քրոջը՝ եղբորից։

Այդ սպիտակ ու կապույտ գծերով ավտոբուսը ինձ պարտք է նաև եղբորս։ Այդ օրվանից անցել է տասնութ ամիս, բայց նրանց հայացքը դեռ այնտեղ է, եղբորս հայացքը դեռ այնտեղ է։ Ամեն անգամ, երբ անցնում եմ այդ տարածքով, հայացքը գալիս է աչքերիս առաջ, թվում է՝ նոր եմ ճանապարհում, նորից եմ զգում նույն ցանկությունը՝ ամուր գրկել․․․ Զինվորս հայացք թողեց այնտեղ՝ այն դռան առաջ։ Ու այդ հայացքում կարոտ կար անսահման, ու այդ հայացքում սեր կար անսպառ։ Հիշում եմ նաև այն ժպտերես պապիկի հուսադրող խոսքերը ու խրոխտ հայացքը, որ սևեռեց ինձ վրա ու ցույց տալով շքանշանները՝ ասաց․

-Ինչո՞ւ ես լացում, աղջի՜կս, եղբայրդ հետ կգա, այն էլ՝ այսպիսի շքանշաններով։ Զինվորի համար չլացե՛ք, զինվորի համար հպարտացե՛ք։

Պապիկը ճիշտ էր․ շքանշաններ ունես, մնում է՝ գաս։ Անկեղծ ու թախծոտ հայացքներ տեսած տարածքում ձեզ սպասողներ կան։ Կարոտն անսահման է, սպասողները՝ անհամբեր։ Մենք՝ կարոտած, դու՝ կարոտված ու շատ սպասված։ Հայացք թողեցիր, այն էլ՝ անմոռաց։ Խոսում էին աչքերդ, խոսուն էր հայացքդ։

Mariam Yavrumyan

Նստարանի հետ զրույց

Դու էլ ես կարոտում, չէ՞։

Հա, բան չկա: Կանցնի։

Ինձ ասում են, որ էլ չկարոտեմ, բայց ես նույնը քեզ չեմ ասի: Գիտեմ, որ անհնար է չկարոտել մեզ: Մենք քո տեսածներից ամենասիրունն էինք:

Դեռ երևի դու ավելի շատ ես կապված նրա հետ, ի վերջո ամեն օր տեսնվել եք: Իսկ իմ ու նրա հանդիպմանը միշտ դու էլ ես ներկա եղել: Լսել ես, թե ոնց ենք երեխայի նման հրճվել, որ յութուբում հայտնի երգերից մեկի 11 ու 12-րդ դիտողները հենց մենք ենք եղել: Լսել ես, թե ոնց է ինքն ինձ համոզում, որ շները փիսոներից լավն են ու ես երբեք չեմ համաձայնել: Եվ ինքը մեզ երկուսիս էլ սովորեցրել է սև հումորից վատ չզգալ:

Ես կամաց-կամաց, բայց սովորեցի նրա գնալուն ու էլ երբեք չգալուն:

Դու, լինելով հասարակ նստարան, կարոտել ես: Շատ ես սպասում, չես սովորում նրա բացակայությանը, չափից ավելի էիր կապվել:

Իսկ ես կարողացա հասկանալ, որ փիսոները միշտ էլ շներից լավն են: Սովորեցի չուրախանալ հայտնի երգերի առաջին լսողը լինելուց: Էլ վաղուց չեմ նեղանում սև հումորից ու հակառակը` սիրում եմ:

Ու շատ կամաց-կամաց, բայց սովորեցի ապրել առանց նրա:

Հիմար նստարան ես, որ սպասում ես նրա գալուն, ոնց գարունը՝ վերջին փաթիլի հալվելուն, Դի Կապրիոն` իր Օսկարին:

Իսկ գիտե՞ս, որ գարունը գալիս է առանց փաթիլների հալվելու, Դի Կապրիոն էլ Օսկար վաղուց ստացել է:

Սովորիր, նա, ով գնում է, էլ երբեք չի գալիս, հրաժեշտի կողքին երբեք վերադարձը չի լինում: Երբեք: