shushanik papazyan

Իմ օրագրի անունը Կիտտի չէ

Ողջույն, ես Աննա Ֆրանկը չեմ։ Չեմ թաքնվում հետնատանը, իմ օրագրի անունը Կիտտի չէ ու իմ երկրում պատերազմ չկա։ Բայց, այնուամենայնիվ, ես ամեն օր գրում եմ։

Ես շատ թափթփված եմ ապրում, որ կապվեմ բնակարանիս իրերին՝ դրանք անվանակոչելով։ Ես վաղ եմ արթնանում, փորձում ճիշտ ժամին նախաճաշել, ու սկսվում է իմ օրը, որը շատ նման է նախորդ 3 ամիսների օրերին։

Իհարկե, ես կարող եմ անգամ իմ անկողնուն անվանակոչել։ Նույն հաջողությամբ թեյի սիրելի բաժակին, ճաշի ափսեներին, գդալին, համակարգչին, օրագրին ու անգամ յոգայի գորգին։ Բայց ինձ թվում է՝ բազմիցս հասցրել եմ նախաճաշին մի կարգին ցավի բաժին կուլ տալ ու իմ այս փոքրիկ գլխով հասկացել եմ՝ չպետք է կապվել, որովհետև Նախշունիկը (թեյի բաժակը) անզգուշորեն կարող է կոտրվել ու չի հաջողվի հանրապետության որևէ վաճառակետում գտնել նույնից կամ գոնե նմանը։ Դե հա, մեր սիրելի առարկաները մեզ շատ հանգիստ լքում են։ Մենք ցավում ենք, ափսոսում դրանց բացակայության համար, երկար ժամանակ դարակում ազատ տեղ թողնում՝ հիշատակը հարգելու։ Իսկ հետո մենք հարմարվում ենք։ Մեր աչքերը ընդունում են, որ կապվելը ցավ է բերում։ Իմ փոքրիկ գլխով ես հասկացել եմ՝ կորցնելու ցավից մեզ փրկում են տան լիքը անկյունները, որտեղ կարող են հայտնվել մարդիկ, ովքեր ապրում են մեզ հետ։

Այստեղ ուզում եմ գրել մորս մասին։ Եթե քեզ ծանոթ է «Որ չկորչես թաղամասում» գիրքը, ուրեմն քո մտքին էլ կգա հաստատուն նշդարենու ծառը։
Ըհը, ինքն իմ նշդարենու ծառն է, որի վրա միշտ թեքվում կամ հենվում եմ։

Հիշո՞ւմ ես, չէ՝ ես Աննա Ֆրանկը չեմ ու իմ երկրում պատերազմ չկա։ Բայց ստացվում է այնպես, որ միշտ ինքս ինձ հետ ու շատ հաճախ մամայի հետ պատերազմների մեջ եմ։ Դրանք «բազկաթոռային կռիվներ» են, նման հարևանի տան իրավիճակին, երբ տեղափոխություններ է անում։
Մեր հարաբերություններն էլ անընդհատ տեղափոխվում են։

Իմ սիրելի օրագիր, կարո՞ղ ես պատկերացնել, թե որքան մոլեռանդությամբ է մայրս կապված իր աղջիկներին։ Վերջերս պարզեցի, որ դա կոչվում է «գերհոգատարություն»։
Ամերիկա չեմ բացահայտի, եթե քեզ ասեմ, որ ինքնամեկուսացումն ու անընդհատ տանը մնալը շատերիս համար բացահայտումների առիթ դարձավ։
Ես բացահայտեցի մորս մոլուցքն ու իմ անկարողությունը՝ նրա գերհոգատարությունը մեղմելու։

Իմ փոքրիկ գլխով հասկացել եմ՝ ներքին պատերազմները փորում ճիճվակրությունից ավելի սարսափելի ու տհաճ են։ Բայց ինչ կարող եմ անել, երբ մայրս օրական հազար և ավելի անգամ հարցնում է «ո՞նց ես», «ի՞նչի կարիք ունես», «կուզե՞ս պառկել, եթե հոգնած ես»։
Իմ սիրելի օրագիր, ես Աննան չեմ, որ քեզ անվանակոչեմ։ Երևի ես համարձակություն չունեմ այդքան։ Բայց կարող եմ խոսել քեզ հետ։ Օրինակ՝ հարցնել՝ ի՞նչ անել, երբ տեսնում ես, թե ինչպես է քո հաստատուն կետը իրեն մաշում։

Իմ սիրելի օրագիր, գիտե՞ս՝ մայրս ու գերհոգատարությունը հոմանիշներ են։ Ես վստահ եմ, որ այս պատմությունը սկսվել է շատ վաղուց։

Մոտավորապես այն ժամանակ, երբ որոշվեց՝ ինձ պետք է Շուշանիկ կոչել։ Հիշո՞ւմ ես, պատմում էի քեզ, որ անվանակոչումը կապ է ստեղծում։ Իսկ կապվելը միշտ ցավ է բերում։
Ես Աննա Ֆրանկը չեմ, որ կանչեմ քեզ՝ իմ սիրելի Կիտտի ու պատմեմ նկուղի մեծ աշխարհի ու սիրո մասին։ Բայց կարո՞ղ ես պատկերացնել՝ որքան ցավ եմ բերել ու բերում մորս։ Նրան Սոնա են կոչում ու իր հետ էլ հազար կապով կապված է տատս։
Իմ փոքրիկ գլխով հասկացել եմ՝ մեր կորցրած առարկաների ցավը մեղմում են կապերը, որ հազար ու մի թելով ձգվում են դեպի մեկը։ Իսկ մենք կարող ենք միշտ ցավ ու վարդեր բերել:

Իմ սիրելի օրագիր, ես պատկերացում չունեմ՝ կարո՞ղ եմ երբևէ անվանակոչել բնակարանիս առարկաները կամ ինչ-որ մեկին։ Դե հա, իմ և մորս ցավը չափելի չէ, բայց երբեմն զգում եմ՝ ինչպես եմ հոգնած աչքերս տանում դատարկ տեղ թողած դարակներին, հետո մորս, ով խոհանոցից կանչում է անունս՝ հմտորեն բաժանելով երեք վանկի՝ Շու-շա-նիկ, իսկ հետո․ «Հոգնա՞ծ ես, չէ՞, արի երիցուկով թեյ խմի»։

Ես Աննա Ֆրանկը չեմ, բայց ամեն անգամ օրագրում նշումներ անելիս չեմ մոռանում ողջունել կամ բարի երազներ մաղթել գրոտած էջերին։

Բարի երազներ, իմ սիրելի օրագիր։

maneHarutyunyan

Երջանկության փոքրիկ բանաձևը

Երբեմն քեզ ժամանակ է պետք լինում հասկանալու, թե ինչպես են կյանքի փոքր, աննշան ակնթարթները քեզ երջանիկ դարձնում, տալիս պայքարելու ուժ ու առաջ գնալու իղձ։ Պարտադիր չէ շրջապատված լինել շքեղ, թանկարժեք իրերով, որպեսզի վայելել ուրախությունը ու զգալ շրջապատի ջերմությունը։ Գլխավորը իմաստազուրկ մարդկանցից ու զբաղմունքներից հրաժարվելն է ու դրանց փոխարեն հասարակ, բայց կյանքով լեցուն վայրկյաններ գտնելը։ Դա կարող է լինել հարազատի հետ գրկախառնությունը, մանկան քաղցր ու անմեղ ժպիտը, կամ էլ այն ժամանակը, որի ընթացքում ստիպված չես լինում վախենալ կամ անհանգստանալ։ Աշխարհում տիրող այս իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում բոլորս էլ ինչ-որ չափով հասկացանք՝ երջանկությունը մեր կողքին է, այն միայն նկատել է պետք:

Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են ժպտում երեխաները։ Կարծես մի երկնային կրակ սիրով ներխուժում է այդ սևուկ բբերի մեջ, որպեսզի կրակ ու լույս սփռի շուրջբոլորը։ Մի՞թե այդ կյանքով լի կրակը երջանկության ամենապարզ ու անմեղ դրսևորումը չէ։

Հիմա գանք արևին՝ մեզ ջերմություն ու կյանք տվողին։ Մենք հնարավորություն ունենք նայելու երկնքին, վայելելու այդ ջերմությունը, որն ակամա մեզ ներարկում է ուժով ու ստեղծելու տենչով։

Ախ․․․․ անձրև սկսվեց, եկավ հիշեցնելու ինչ-որ կարևոր, բայց հաճախ մոռացվող բանաձև։ Կատարյալ երջանկության համար մոռանալ էլ է պետք։ Երբեք չարժե ապրել նախկին հիշողություններով, որոնք ձեզ ցավ են պատճառում։ Դրանց էլ կարող ենք դրական տեսանկյունից նայել․ տխուր կամ ցավոտ դրվագները ստիպում են մեզ գնահատելու երջանկությունը։

SvetlanaDavtyan

Սերը COVID-19 տարեկանի թոքերում

Ո՞նց կարելի է սիրել ու հետո որոշել, որ այլևս չես սիրում:

Բոլորի հետ էլ ինչ-որ ժամանակ պատահում է: Սկիզբն է տարբեր, բոլորի վերջերն էլ նույնն են: Դու գիտես, թե ում ես փնտրում, հասկանում ես, որ նա չի քո ուզածը, բայց մի օր առանց դիմակի ես դուրս գալիս ու անձրևի տակ երկար մնալուց սառում ես, դե թեթև էիր հագնվել ու ալկոգել չունեիր, գալիս քեզ էլ է կպչում այդ հիվանդությունը: Բայց դե միշտ չես կարող սառել ու չախտահանվել, տաք թեյը ու գործած հագուստը ամեն ինչ տեղն են դնում: Սիրտդ տաքանում է ու ուշքի գալիս:

Բայց սեր կա, չէ՞, որ սիրտդ տաքացնում է:

Այո, երբ վառվում ես, միշտ սպիներ են մնում: Իսկ սպին գեղեցիկ չի լինում:

Բայց հաստատ կա սեր, որ լցվում է ներսդ ու սիրտդ վառում, տակնուվրա է անում:

Սերը ոչ մի կապ չունի սրտի՝ այդ զզվելի արյան պոմպի դեր կատարող օրգանի հետ: Սերը նախ և առաջ ճնշում է թոքերը: Սխալ է ասել՝ «սիրտս փշրված է», ճիշտ կլինի ասել՝ «օդը չի հերիքում»: Թոքերն են ամենառոմանտիկ օրգանը, բոլոր սիրահարվածները հիվանդանում են թոքախտով, պատահական չէ, որ այդ հիվանդությունից են մահացել Չեխովը, Կաֆկան, Շոպենը, Ջորջ Օրուելը, և սուրբ Թերեզան, իսկ ինչ վերաբերում է Կամյուին, Մորավիային՝ կգրեի՞ն արդյոք նույն գրքերը, եթե այդ հիվանդությունը չունենային: Բացի դրանից՝ հիշենք, որ Կամելիազարդ տիկինը կաթվածից չի մահացել: Այդ պատիժը գրգռված կարիերիստների համար է և ոչ թե անհույս սիրահարների:

Հասկացա, ամենասիրուն դրսևորումներից է սիրահարվելը՝ սիրուց ազատվելուց հետո: Բայց եթե իրոք սիրում ես, ոչ թե քեզ հույսով լցնում: Երբ կարող ես դիմակդ հանգիստ հանել ու համբուրել: Բայց եթե մրրիկի նման ես սիրահարվում, հետո հաստատ դատարկվում ես, ու քեզ ոչինչ չի մնում, ու նորից պետք է քեզ միացնես հոսանքին:

Բայց մի օր գալիս է սեր, որը երկար է շարունակվում, ու այդժամ չկա հիվանդություն, ու սերն էլ հասնում է մրգի նման, որից ո՛չ հագենում ես, ո՛չ կշտանում: Թե չէ սառնարանում սառեցրած կամ արևի տակ երկար թողած միրգը համ չունի, երկար չես ուտի:

Gohar Petrosyan

Իսկ դու քեզ ուղարկե՞լ ես գրողի ծոցը

Մենք հաճախ ենք մոռանում մեր ով լինելու մասին: Մենք հաճախ ենք հիասթափվում, որովհետև ունենք սպասելիքներ, բայց չկան դրանք արդարացնողներ: Մենք մոռանում ենք հիշել նրանց, ովքեր հեռանալուց խնդրել էին չմոռանալ իրենց։ Գուցե դա չասեին, և չմոռանայինք հենց դրա համար: Մենք սիրում ենք սիրահարվել անպատասխան, ոչ մի բառ չասել դրա մասին և տրվել միայն երազներում: Բայց երբ անպատասխան չենք, կորցնում ենք հավեսը, ցանկությունը, մոռանում երազների մասին, համարում ևս մեկին պարտված ու դառնում հաղթող: Մենք լռում ենք, երբ պետք է խոսել, և խոսում ենք շատ, երբ դրա կարիքն այլևս չի լինում. կորցնելուց հետո գնահատելն ու փորձել hետ բերելն անմտություն է: Մենք միշտ ենք կորցնում:

Ահա՛, թե ինչու ենք մոռանում մեր ով լինելու մասին:

Երբևէ մտածե՞լ ես, թե ով ես դու։ Մարդկանց կարծիքը քեզ փաթաթելն ու ապրելը մի՞թե այդքան հաճելի է: Ու դու քննադատո՞ւմ ես ինձ իմ՝ բոլորի վրա թքած ունենալու մտքի համար: Լավ, շարունակիր ապրել այդպես, քանզի կարևորում ես դիմացինիդ ու մոռանում էությանդ, տեսակիդ մասին, ինքդ քեզ գրողի ծոցն ես ուղարկում: Իսկ երբևէ հարցրե՞լ ես դիմացինիդ, թե ով ես իր համար։ Երևի միայն նրանց, ովքեր սիրում են քեզ։ Իսկ երբևէ քեզ չի՞ հետաքրքրել, թե դու ով ես երկրորդական ու տասնորդական մարդկանց համար, որոնց կարծիքն էլ այդքան կարևորում ես։ Գուցե հիասթափվես բոլորից և նույնիսկ ինքդ քեզնից, բայց լավ է լինես ոչինչ, քան այն, ինչ կաս իրենց համար։ Շենքի հարևանների համար ոտքից գլուխ քննարկման, զննման առարկա ես, սերիալները վերջացնում, անցնում են քեզ։ Ավտոբուսի վարորդի համար հարյուր դրամանոց ես, կամ երկու հատ հիսունանոց, վատագույն դեպքում՝ չորս հատ քսանանոց ու երկու հատ տասանոց, ավելի վատի մասին չխորանամ… Համալսարանիդ համար պոտենցիալ քամվող դրամապանակ ես. կքամի ու դեմքիդ թղթի կտոր կշպրտի։ Խանութում քայլող փող ես, հերիք է, որ վաճառողի աչքով անցնես։ Կկանգնի շնչիդ, մինչև մի բան չգնես։ Ինչ-որ տականքի համար ժամանակ անցկացնելու, հաճույք բավարարելու կամ լավագույն դեպքում ինչ-որ մեկին մոռացնել տալու «ապրանք ես»: Պաշտածդ Աստծո համար իրեն հնարող ու ապրեցնող մեկն ես, որ մեղքերի թողության համար վերջի կոպեկն էլ Տեր Հորը կտա (դե, Տեր Հայրն էլ դա երկրորդ «բենթլիի» գումարի վրա կավելացնի), բայց դրսում թափառող ու գումար մուրող որբին մի կոպեկ էլ չես տա: Ծնողներիդ համար մշտապես երեխա ես՝ սեփական կամքից ու ցանկություններից զուրկ: Բարեկամներիդ համար արդեն վաղուց տունը մնացած, անհույս ու «հաստատ մի բան արած» մեկն ես: Տարեկիցներիդ համար թաշկինակի պես զուգընկեր փոխող ես, թքած, որ ինչ-որ մեկի ձեռքը բռնած չկաս: Քո նմանների համար էլ կարծիք թելադրող ես, իրենք էլ քո կարծիքով ապրող: Շարունակե՞մ, թե բավական է:
Դու ոչնչություն ես… Ու դեռ ուզում ես ինձ ողջ-ողջ այրե՞լ քո և մնացածի կարծիքի վրա թքած ունենալու համար: Գուցե ես էլ եմ հիասթափվում, որովհետև ունեմ սպասելիքներ, բայց չկան դրանք արդարացնողներ, ես էլ եմ մոռանում հիշել նրան, ով հեռանալուց խնդրել էր չմոռանալ իրեն: Գուցե ես էլ եմ սիրահարվում անպատասխան, ոչ մի բառ չեմ ասում դրա մասին և տրվում միայն երազներում: Ես էլ եմ լռում, երբ պետք է խոսեմ և խոսում եմ շատ, երբ դրա կարիքն այլևս չի լինում: Ես էլ եմ կորցնում: Բայց ես երբեք չեմ մոռանում իմ ով լինելու մասին:

Lilit vardanyan

Սքեյթի, «Բլիչի» ու դիմակի մասին

Մակ սուրճը

-Լիլիթ, ուզո՞ւմ ես «մակկոֆե»,- ամեն ինչ սկսվեց այս խոսքերից: Ավելի շուտ՝ մի բաժակ մակ սուրճից:

«Բլիչը»

-Ինձ թվում ա՝ արդեն կարելի ա սկսել «Բլիչը» նայել,- ասացի ես՝ շատ լուրջ տոնով:

-Ինչի՞,- հարցրեց հայրիկը:

-Որովհետև 366 սերիա ա: Մինչև Հայաստանում կորոնայի ավարտը կվերջացնեմ: Երևի:

Սքեյթը

-Պապ, արդեն գարուն ա, քանի կարանտինը նորից չի սկսել, գնանք սքեյթ առնենք,- ասացի՝ մի շաբաթանոց կարանտինից հետո:

-Էս շաբաթ գնում ենք սքեյթ առնե՜նք: Գոնե սքեյթ քշել սովորեմ, զբաղմունք ունենամ,- ասացի երեկ:

Նինձյայի ուղին

Մի օր նկատեցի, որ էլ մարզվելու մոտիվացիա չունեմ, որովհետև «Տիտանների գրոհի» Միկասան չափից ուժեղ է:

Դիմակը

Երբ հիշում եմ, որ պետք է դիմակ կրել, մարդկանցից հեռու մնալ, ալկոգել օգտագործել, տուն վերադառնալուն պես լվացվել, լվանալ դիմակը, փոխել շորերը, նախընտրում եմ ուղղակի մնալ տանը:

Ամեն ինչ սկսվեց մի բաժակ սուրճից, մի սերիա «Բլիչից», մի օր սքեյթ քշել սովորելու մտքից, մի օր մոտիվացիան կորցնելուց, մի օր բակ իջնել ալարելուց:

Ամեն ինչ սկսվեց կորոնավիրուսից:

DSC_7566-2

Թվայնացում

Վերջին տասը տարում ավելի շատ միջմայրցամաքային ստորջրյա մալուխներ են (cabeles) անցկացվել, քան նախորդ 150 տարվա ընթացքում: Պատճառը` «թվային աշխարհի» արագացող աճ, արագության հստակ պահանջ և տվյալներ` անհամեմատ մեծ ծավալի:

Կարճ ներածություն. հոդվածը կազմված է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրում կփորձեմ ներկայացնել ֆինանսական, տեխնոլոգիական և տնտեսական ոլորտների փոխգործակցության զարգացումը: Կսկսենք ամենասկզբից, կհասնենք ներկա ու կփորձենք միասին նայել ապագային: Գնացինք 1867 թվական…

Հենց ամեն ինչ էլ սկսվեց 1867-ին, երբ Լոնդոնից Նյու Յուրք առաջին հեռագիրը ստացվեց` խորհրդանշելով աշխարհի «թվայնացման» սկիզբը: Հաջորդ փուլը Երկրորդ համաշխարհայինն էր, որի ընթացքում զարգացում ապրեց կոդավորումը, իսկ արհեստական բանականության համար բազային որոշ մշակումներ իրականացվեցին: Հերթը բանկոմատինն էր, որը 1967-ին հեղափոխություն իրականացրեց ֆինանսական ոլորտում: Այս երեք գյուտերի շնորհիվ (սրանցից յուրաքանչյուրը համարվում է «նախահայր» իր ոլորտում) առաջացավ ՖինՏեխը` ֆինանսի, տեխնոլոգիաների և կառավարման փոխգործակցության արդյունքը:

ՖինՏեխ 1. ենթակառուցվածքներ

Իրականում իմ նշած «ամեն ինչը» սկսվել է 1858 թվականին` տրանսատլանտյան առաջին հաղորդալարի անկացմամբ, որին հետևում էին բոլորը` սկսած ամենահասարակ բանվորից, վերջացրած ֆինանսական մագնատներով: Չնայած, որ կապը գործեց ընդամենը երեք շաբաթ, թագուհին հասցրեց իր շնորհավորանքներն ուղել ԱՄՆ բնակչությանը: Դրան հաջորդեց ինը տարվա լռությունը, երբ վերջապես հաստատվեց անխափան կապը: Հետաքրքիրն այն էր, որ այս ամենն արվում էր գաղտնի և սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարևորագույն գործերն ամենից լավ հաջողվում են այն ժամանակ, երբ դրանց շուրջ մեծ աղմուկ չի բարձրացվում: Հեռագիրը հայտնի է նաև որպես «վիկտորյան համացանց»: Ավելիի համար խորհուրդ կտամ կարդալ Ցվայգ՝ «Առաջին խոսքը օվկիանոսի մյուս կողմից»:

Երկրորդ համաշխարհայինի ազդեցությունը տեխնոլոգիական զարգացման վրա ունեցավ այնպիսի կատալիզատորի (արագացուցիչ) դեր, ինչպիսին, ասենք, համացանցի ազդեցությունը տնտեսության վրա: Այս ընթացքում մեծ թափով զարգացավ կոդավորումը (ապակոդավորումը)` թվային աշխարհի անվտանգությունն ապահովելու համար, որը պատերազմական իրադրությունում ամենակարևոր գործոններից մեկն էր: Այս թեմայից խոսելիս չեմ կարող չնշել Ալան Թյուրինգին, ով ապակոդավորեց «Էնիգման», որը գերմանական զորքերն օգտագործում էին գաղտնի նամակագրության համար։ Իսկ հիմա բանկային ցանկացած համակարգ օգտագործում է հենց նույն կոդավորումը` մեր թվային հաշիվների անվտանգության համար: Ավելին` մեսենջերները նույնպես օգտագործում են նույն տեխնոլոգիան:

Ինչ վերաբերում է արհեստական բանականությանը, ապա այն սկզբում օգտագործվում էր պարզագույն մաթեմատիկական խնդիրների լուծման համար, բայց դրա զարգացումը հստակ չէր: Դրա համար 70-90-ականները հաճախ հայտնի են որպես «AI Winters»: 90-ականներից երկու թվային հսկաները` համացանցը և արհեստական բանականությունը բում ապրեցին: Հասել էր պահը, որ բոլորս լինենք ցանցի ներսում և կոտրենք ժամանակի ու հեռավորության զգացումը:

Փաստորեն, արդեն ունենք հստակ ու անխափան համամոլորակային կապ, անվտանգության համակարգեր, արհեստական բանականություն՝ հսկայական տվյալների հետ աշխատելու համար. անհավանական պայմաններ բնակչության, կորպորացիաների և ամբողջ տնտեսության համար…

hripsime barseghyan aragatsotn

Հայացք գունավոր կողմից

Եթե դու էլ ես դիմորդ, ապա հավանաբար նույն վիճակում ես, ինչ ես մեկ տարի առաջ. առաջին տարին համալարանում, նոր դեմքեր, ծայրաստիճան տարբեր անհատականություններ, տարատեսակ կարծիքներ, փորձեր, գովասանք, դժգոհություն ու դու:

Բավականությամբ կնշեմ, որ դեռ չեմ հիասթափվել համալսարանից՝ ապահովության համար շեշտելով դեռ-ը։

Այս ընթացքում շատ եմ կարդում համալսարանականների առաջին հիասթափությունների ու ակնկալվածից քիչ ստանալու մասին բողոքներ։

Ուզում եմ դիմորդների աչքերից մի պահ ընկած վառ գույներով ակնոցը նորից հետ դնել։

Հիշում եմ՝ մինչև համալսարան ընդունվելս հնչած արտահայտությունները. դասախոսին չեն հետաքրքրում ուսանողի խնդիրները, անտարբերության ես հանդիպելու։

Հաճելիորեն զարմացա, երբ իրականությունը չհամապատասխանեց տարածվող խոսքերին։ Հանդիպեցի մարդկանց, որ ավելին էին, քան ընդամենը դաս ու առաջադրանքներ տվողը։

Հաճելի է, երբ իսկապես կան դասախոսներ, որոնք պատրաստ են ցանկացած օր՝ կլինի աշխատանքային, թե ոչ աշխատանքային, ցանկացած ժամի պատասխանել դասին, առարկային կամ ընդհանրապես դասին չվերաբերող հարցերի։ Կան դասախոսներ, որոնք պատրաստ են կանգնել ուսանողների կողքին՝ պաշտպանելով իրավունքները, համալսարանից դուրս ժամանակ տրամադրել այն ուսանողներին, որոնք ինչ-որ պատճառներով հետ են մնացել դասերից, յուրահատուկ կերպով մոտենալ յուրաքանչյուր ուսանողի` լավագույն ձևով ըմբռնելով նրանց յուրահատկություները: Կան դասախոսներ, որոնք բացի դասը պատշաճ կերպով մատուցելուց՝ իրենց պարտքն են համարում լայն հայացքներ ձևավորել ուսանողի մեջ, ներարկել որոշակի արժեքներ և որակներ, և այսքանից հետո արդեն հանգիստ խղճով հրաժեշտ տալ ուսանողին (միայն դասերի շրջանակներում):

Այս ամենի հետ մեկտեղ պիտի ասեմ, որ շատերը չէ, որ այդպիսին են, բայց համենայնդեպս, նրանք գոյություն ունեն։ Անհրաժեշտ էր ուղղակի հավասարակշռել ու չկենտրոնանալ միայն դրականի կամ միայն բացասականի վրա, առաջընթացն ու փոփոխություններն աստիճանաբար են կատարվում, բայց փաստացի կատարվում են։

Ոչ վարդագույն, ոչ էլ սև ակնոցով չնայենք մեր շուրջը։ Կարելի է, օրինակ, ակնոցի մի շրջանակում խոշորացնող, պարզեցնող ապակի տեղադրել, մյուսում թողնել գունավորը, վարդագույնը` պահելով բալանսը:

Նոր կյանքն ու նոր փորձությունները մեզ են սպասում:

margarita ghazaryan

Ովքե՞ր են ծնողները

Ովքե՞ր են իրական ծնողները․ նրա՞նք, ովքեր կյանք են տալիս, թե՞ նրանք, ովքեր տալիս են ծնողական սեր ու ջերմություն։ Ասում են՝ ծաղիկը խնամողինն է, ոչ թե ցանողինը, և ծաղկի անուշ բույրն ու գեղեցկությունը հենց խնամողն է վայելում։

Երբ Արամը ծնվեց, բոլորն ուրախացան, ընտանիքի առաջին զավակն էր, այն էլ տղա, ինչպիսի՜ երջանկություն։ Մեկ տարի անց ընտանիքին միացավ երկրորդ որդին։ Կրկին մե՜ծ երջանկություն։ Իդեալական թվացող կյանք է, չէ՞։ Մայրը երկուսի հանդեպ էլ ջերմ զգացմունքներով էր լցված։ Մոր համար երեխաների միջև ի՞նչ տարբերություն կարող է լինել։ Երկուս էլ իրենն էին, և իր շարունակությունը հենց այդ երեխաներն էին։

Բայց բոլորին էլ տրված չէ իրենց «շարունակությունը» տեսնելու հնարավորությունը։ Այդ նույն ընտանիքում, երբ մի կին ուրախանում էր իր զավակներով, մյուսը գիտակցում էր, որ երբեք այդ նույնը զգալ չի կարողանալու։ Այդ երկու կանանց սկեսուրն ու սկեսրայրն էլ ստիպված էին ամեն օր բախվել մի որդու երջանկությանն ու մյուսի դժբախտությանը։ Գիշեր-ցերեկ մտածում էին, քննարկում։ Երջանկությունն ամբողջական չէր։ Գոնե մի ելք չկա՞ր, ինչպե՞ս կարող էին ընտանիքում հավասարակշռություն ապահովել։ Իսկ եթե երեխա որդեգրեի՞ն, ախր, իրենց միս ու արյունը չէր լինի, խորթությունը, միևնույնն է, զգացվելու էր։ Բայց մյուս որդին արդեն երկու զավակ ուներ, իսկ եթե․․․

Որոշեցին մեծ երեխային՝ Արամին, տալ իր հորեղբոր ընտանիքին։ Նրանք կպահեին, կմեծացնեին, միևնույնն է, իրենք երեխան չէին կարողանալու ունենալ, գոնե կիմանար, որ իր եղբոր զավակն է, էլի իրենց արյունն է, իրենց համար հարազատ երեխա է։ Փոքր տղան դեռ նորածին էր, կենսաբանական մոր կարիքն ավելի շատ ուներ, իսկ Արամին ավելի հեշտությամբ կկարողանային պահել։

Մայրը՝ Սուսանը, համաձայն չէր, իր երեխային ինչպե՞ս տար ուրիշին, անընդհատ լաց էր լինում, փորձում ընդդիմանալ, բայց նրան ո՞վ կլսեր։ Ընտանիքի ավագներն արդեն որոշել էին, ոչ մեկի ընդդիմությունն ու կարծիքը հաշվի չէին առնելու։ Վճիռը կայացված է․ Արամին տվեցին իր հորեղբորն ու նրա կնոջը։

Սուսանի շփումն Արամի հետ խիստ սահմանափակ էր, արգելված էր նրան շատ տեսնելը, գրկելը։ Ստիպված էր համակերպվել, տեսնել, թե ինչպես է իր որդին ուրիշին մամա անվանում ու զսպել արցունքները, համբերատարությամբ լռել։ Անցան տարիներ, բոլորը լռում էին այս պատմության մասին, Արամը չպետք է իմանար, բայց մայրը կարո՞ղ էր լիարժեք համակերպված լիներ։ Իհարկե, ո՛չ։ Ամեն անգամ Արամին տեսնելիս կամ նրա անունը լսելիս աչքի առաջ գալիս էր այն պահը, երբ երեխային իր գրկից վերցրին ու տվեցին Անահիտին՝ Արամի նոր մայրիկին։ Անցան տարիներ, Արամը ինքն արդեն իր ընտանիքն ուներ, բայց նոր էր իմացել, որ այն մարդիկ, որոնց համարել է իր ծնողները, իրականում իրենը չեն։ Որքան էլ իրեն իսկապես շատ են սիրել ու ամեն ինչ արել են իր ու իր նորաստեղծ ընտանիքի բարօրության համար, այնուամենայնիվ, իրենից թաքցրել են ճշմարտությունը։ Ասում են, որ մոր սրտում միշտ էլ ներում կգտնվի, իսկ ինչո՞ւ ոչ մեկը չի խոսել զավակի ներման մասին։

Ներեց․․․ Մի՞թե չներելն ավելի հարմար տարբերակ կլիներ։ Ո՛չ, նրանք, ովքեր կարողանում են ներել, շատ ավելի հանգիստ ու ներդաշնակ կյանք են ունենում։ Բայց մի հարց մինչև կյանքի վերջ շարունակեց տանջել նրան։ Ի վերջո՝ ովքե՞ր են ծնողները։