Anahit Badalyan

Եթե մենք իրո՛ք իսկական ենք

Բարև, բարեկամս․․․ Դժվար ժամանակներ են, բայց հույս ունեմ՝ լավ ես։ Ի՞նչ ես անում, ինչո՞վ ես զբավում։ Լիահույս եմ՝ չես նեղսրտում, չես տխրում։ Գիտեմ՝ ձանձրանում ես, հոգնում ես: Շատ ես մտածում երևի։ Մտածում ես հիմիկվա մասին, անցյալի մասին, եթե համարձակությունդ հերիքում է՝ նաև ապագայի մասին։ Երևի ինչ-որ դրվագներ ես հիշում անցյալից, մի քանի տարվա հնություն ունեցող պահեր, ժպտում ես, գուցե ծիծաղում ես անզուսպ, հետո հետ ես գալիս ներկա, մի պահ սառում ես գուցե էդ պահերի՝ արդեն ծիծաղելով հիշելու վաղեմություն ունենալու վրա, հետո ուզում ես ջերմանալ՝ ապագայի մասին մտածելով, ու կանգնեցնում է քեզ ինչ-որ բան․ էլի ներկան։

Դու նայում ես ներկային ու գիտակցում, որ քեզ ու նրան պատուհաններ են բաժանում, ներկան օրըստօրե ավելի է հեռանում, իսկ դու նրան ուզում ես մոտ լինել ագահաբար, էնպես, ոնց մեկ-մեկ կարոտել ես անցյալն ու երազել ապագայի մասին։

Ես իսկապես կուզենայի իմանալ, որ դու էս օրերին հետաքրքիր, հաճելի ու օգտակար գործերով ես զբաղված եղել։ Կուրախանայի, եթե իմանայի՝ չեղարկված պլաններ ու էդպես էլ անկատար մնացած կարևոր իրադարձություններ չկան էս օրերիդ մեջ։ Կնախանձեի երևի մի թեթև, եթե էս օրերը ուղղակի մի քիչ երկար արձակուրդ են քեզ համար ու դու հանգստանում ես։

Բայց ես քեզ հետ միշտ եմ անկեղծ եղել։ Մեր զրույցներում դու ես ունկնդիրը, բայց գիտեմ, որ դու էլ անկեղծ ես եղել, թե չէ վստահաբար չէի գրի․․․

Անկեղծներն իսկական են, իսկ իսկականներին ինչ-որ բան հասկանալու համար ոչինչ պետք չէ։ Հա, բարեկամս։ Պետք չէր, որ տանը փակվելու հետևանքով միայն հասկանայինք՝ կարևոր է ընտանիքի հետ շփվելը, խոսելը, ընթրելը։ Եթե իսկական ենք, մի սովորական օր առանց առիթի կամ պատճառի ուղղակի տորթ կթխեինք ու գուցե աշխարհի ամենաանհաջող հրդեհն առաջանար մեր՝ բարձր միացրած գազօջախից, կամ էլ գուցե էնպիսի հոտեր գցեինք՝ հարևանները պատուհանների մոտից էն կողմ չգնային։ Եթե իսկական ենք ընկերություն արել, պետք չէր մի որոշ ժամանակ չտեսնելուց հետո միայն հասկանալ, որ կարոտել ենք իրար։ Անկեղծ ընկերները զանգում են իրար ամեն օր, կամ ամիսը մեկ թեկուզ, բայց դրանով ու ոչ էլ հանդիպումների քանակով չէ, որ կարևորում ու գնահատում են իրար։ Եթե մենք իրոք իսկական ենք, ապա գլոբալ տաքացման ու կլիմայի փոփոխության մասին պիտի հասկացած լինեինք դեռ շատ վաղուց։ Պիտի խնայեինք լույսն ու էներգիան դեռ երկար ժամանակ առաջ ու պիտի հոգ տանեինք բնության մասին դեռ էն ժամանակ, երբ մեզ կարող էինք բնության գրկում ժամերով մնալու ճոխությունը թույլ տալ։

Եթե իսկական ենք եղել, պիտի կարդայինք և ա՛յն ժամանակ, երբ դասից հոգնած գալիս էինք, կամ աշխատատեղում ուժասպառ էինք լինում։ Էս արհեստական պարապությունը չէ, որ պիտի ընթերցասեր դարձներ մեզ, բարեկամս։ Կասես՝ էն ժամանակ ժամանակ չունեի։ Ունեիր, բայց ավելի քիչ։ Բայց ունեիր ու դու էիր որոշում՝ ոնց ծախսես։ Կամ վատնես։

Լավատես դառնալու համար պարտադիր չէր վատի միջով անցնել։ Ուրիշներին էս-էս ֆիլմերը նայել, էս-էս գրքերը կարդալ կամ ինչ-որ օգտակար բաներ խորհուրդ տալն էլ մերը չէր դառնա ոչ մի պահ ու ոչ մի հանգամանքում, եթե իսկապես իսկական ենք․․․

Մենք մեկ է՝ սիրում էինք դպրոցը։ Հոգու շա՜տ խորքում մեզնից ամենածույլիկն էլ ինչ-որ պատճառ ուներ՝ դպրոցը սիրելու։ Թեկուզ միայն այն, որ արդեն երկար տարիներ դա այն ուղղությունն է, որով իր ոտքերը քայլում էին ինքնաբերաբար ու աներկբա․․․

Մենք միշտ էլ ժամանակ էինք գտնում՝ մտածելու։ Որովհետև դու չես նստում ու որոշում մտածել։ Դու մտածում ես ուտելիս, խոսելիս, քնելիս․․․ շա՜տ։ Ու կապ չունի՝ ինչքան քիչ կամ շատ է քո ժամանակը, եթե մտածող ես՝ մտածելու ես։ Միշտ ես շատ մտածելու, դրանից փախուստ չկա։ Տանը փակվելն ու մտերիմներին կարոտելը չէ, որ պիտի ապացուցեին՝ մենք շատ ենք սիրում նրանց։ Էդ մտերիմներն «անցել են» ժամանակի ու տարածության միջով։ Վերջին տարիներին նրանց նիհարել-չաղանալը տեսնում էի հեռախոսով, տեսազանգով․․․ Քանի-քանի ծնունդներ էսպես տեսազանգով շնորհավորվել են կեսգիշերին արդեն ավելի, քան երկու տարի շարունակ։ Էդ մտերիմներից անիսկականները սղվել են դեռ ա՛յն ժամանակներից։ Իսկականների կողքով անտարբեր է անցել թե՛ ժամանակը, թե՛ տարածությունը: Նրանք անժամանակ են ու անհեռու…

Հիմա դժվար է, ու դժվար է ասել՝ ավելի դժվար էլի եղե՞լ է, թե՞ չէ։ Կիսատ մնացին շատ բաներ, անավարտ մնացին որոշները, անսկիզբ՝ շատերը։ Ընդմիջում է երևի։ Բայց արի ճանաչենք մեզ իսկական ու առանց ընմիջումների։ Արի գիտակցենք, որ մեր ուժը դրսևորվում է ոչ թե նրանում, որ մենք կարողանում ենք ճիշտ կերպով հաղթահարել էս չափազանց անսովոր պայմաններում ստեղծված դադարը, այլ նրանում, որ մենք կկարողանայինք դադար առնել ճիշտ պահին ցանկացած հանգամանքներում։ Մենք ուժեղ ենք, եթե ի վիճակի ենք չհանդիպել, չտեսնել ու չզգալ կարևոր մարդկանց ներկայությունը ոչ այն պատճառով, որ էդպես են թելադրում հանգամանքները, այլ նրա համար, որ էդպես ենք հարկավոր համարում էդ պահին: Եթե կարողանում ենք ժամանակ տալ ինքներս մեզ այն պահերին, երբ զբաղվածությունը ծորում է մեզնից, եթե կարողանում ենք չշտապել ու մտածել այն պահերին, երբ քիթ սրբելու ժամանակ չունենք, ապա մենք իրո՛ք ուժեղ ենք։ Ու մենք իսկական ենք ուրեմն։ Մենք իսկական ենք, եթե մի շա՜տ սիրուն գարնանային օր, երբ արևը ժպտում է, ծառերը՝ ճոճվում ապրիլյան քամուց, իսկ մարդիկ քայլում են փողոցներում՝ ամենանուրբ ծաղիկների փնջերն իրենց ձեռքին, որոշում ենք տանը մնալ ու ավարտել մեր սիրելի գիրքը։ Որոշում ենք տանը մնալ, որովհետև տանն են տանեցիներն ուղղակի։ Մենք իսկական ենք, եթե մեր քայլերը կախված չեն արտաքին հանգամանքներից։ Ու իսկական ենք մենք, եթե կարողանում ենք հոգալ դիմացինի մասին ամեն-ամեն ինչից անկախ, հանգամանքներից՝ ևս, հանգամանքներից՝ առավել ևս․․․

Ու եթե մենք իսկական ենք նաև հիմա՝ էս պայմաններում ու էս ամեն ինչի մեջ, ուրեմն ամենախրթինը՝ հոգու սովն ու սրտի աղքատությունը, արդեն իսկ հաղթահարված է։

 

Gohar Petrosyan

Նա, ով հեռացավ մնալու պահին

Դատարկ փողոցում քայլում ես մենակ՝
Մարդկանց ամբոխից կտրված մտքով,
Հիշում պատկերներ ստվերների տակ
Ու հոգոց հանում մի թունդ կարոտով։

Հիշում ես դեմքեր՝ դիմակներ հագած,
Որ ծանր մի օր հանկարծ հեռացան.
Միայնակ հոգիդ պատվեց մշուշով
Ու սուզվեց մտքիդ ծովը ցամաքած։

Նա, ով հեռացավ մնալու պահին՝
Կարոտախտ ծնեց քո այրված սրտում,
Եվ նրանք, ովքեր մնալ ուզեցին՝
Կորուստներ դարձան ցավածդ կյանքում։

Հաշվիր… մեկ, երկուս, հարյուր երկուս…
Կարոտած դեմքեր՝ արդեն անցյալով,
Որ խորտակվեցին կյանքի մշուշում
Ու քեզ մեծացրին լոկ հեռանալով…

***

Լավ է չունենաս, քան թե կորցնես

Աչքերդ փակիր, որ տեսնես կյանքը
Եվ ցավ էլ չզգաս, որ այն չտեսնես,
Փակիր ականջներդ՝ չլսես ձայները,
Որ վաղն էլ չլսելուց չխելագարվես։

Ձեռքդ բռնած սիրած էակդ
Կարող է թողնել քեզ ու անհետանալ,
Վզիդ կարոտով փաթաթված զավակդ
Կարող է հանկարծ անդարձ հեռանալ։

Եվ լավ է չսիրել, քան թե մոռացվել,
Եվ լավ է չծնել, քան ցավով կորցնել։

Քեզ «բալես» ասող լուսավոր մայրդ
Կարող է մի օր խամրել ցավերից,
Քեզ միշտ ուժ տվող քույր կամ եղբայրդ
Կարող են հիշել քեզ միայն նեղ օրին։

Միշտ քեզ հետ քայլող հավատարիմ ընկերդ
Կարող է մի օր գամվել սայլակին,
Քեզ կերպար տվող գրքերը մի օր
Կարող են այրվել ինչ-որ կրակից։

Գլխիդ վերևում փայլող արևը
Կարող է մի օր խավարել լուսնից,
Ցավդ մեղմացնող այն արցունքներն էլ…
Է՜հ, մի օր էլ կխեղդվես այդ արցունքներից։

Լավ է չզգաս, քան թե դատարկվես,
Լավ է չգրկես, քան ցավով հիշես,
Լավ է չսիրես, քան թե կարոտես,
Լավ է չունենաս, քան թե կորցնես…

janna sargsyan lori

Հասարակության մի մասը

Դու պիտի ապրես հասարակության կարծիքը հաշվի առնելով։

Դու հասարակության մի մասն ես ու դու ավտոմատ դառնում ես իրենցից մեկը, էս հասարակությունը կխառնվի քո կյանքին, քո անձնականին, քո գործերին, քո կյանքը կդասավորի, դեռ փոքր տարիքից կորոշի, թե դու ով ես դառնալու, ինչ գործով ես զբաղվելու, կքննարկի քո կյանքը ու իր «ստացված» կյանքից քեզ լիքը խորհուրդներ կտա։

Բա ինչի՞ չես ամուսնանում։

Ընկեր չունե՞ս, հավանած տղա չունե՞ս, որ ասում էի՝ էդքան գիրք մի կարդա, լրիվ գիրք կրծող ես դարձել։

Շպարվիր, մազերդ սարքիր, եղունգներդ երկարացրու, շատ նկարվիր, նկարներդ խմբագրիր, տեղադրիր ֆեյսբուքում ու ինստագրամում։

Ընկեր ունե՞ս, ո՞վ ա, ի՞նչ ա աշխատում, համաստեղությամբ ի՞նչ ա, վա՜յ, ձեր նշանները իրար չեն բռնում:

Նշանվեցի՞ր, բա ե՞րբ եք ամուսնանում, նայի՝ շատ չերկարացնես, կսառեք իրար հանդեպ։

Ամուսնացա՞ք, բա ե՞րբ եք երեխա ունենալու, կարո՞ղ ա՝ խնդիրներ ունես։ Ինչքան հնարավոր ա շուտ երեխա ունեցեք, երեխան ավելի շատ կկապի ձեզ։

Առաջնեկին ունե՞ք, մտածեք երկրորդն ունենալու մասին։
Բա ինչի՞ երկրորդը չեք ունենում։ Երեխան պիտի քուր-ախպեր ունենա։

Երկու երեխա ունե՞ս, սոցիալական խնդիրներ ունե՞ս։ Քեզ ո՞վ էր ասում էդքան շատ ունենայիր։

Ընտանեկան խնդիրնե՞ր ունես։ Ոչինչ, կանցնի, չբողոքես, չգոռաս՝ ամոթ ա, ի՞նչ կմտածեն հարևանները։

Չի թողնո՞ւմ աշխատես, ոչինչ, կնոջ գործը ճաշ եփելն ա։

Խփում ա, ոչինչ, հաստատ շատ սիրելուց ա, դիմացիր, կուլ տուր ամեն ինչ, ուշադրության պակասից մի բողոքիր, կարևորը՝ մարտի 8-ին ծաղիկներ նվիրում ա։

Ապրիր կյանքդ կործանելով, ապրիր բոլորի կյանքով, անտեսելով քո ես-ը։

Էսպես լինելու է միշտ, էսպիսի մտածելակերպով դաստիարակվելու են իրենց երեխաները, երեխաների երեխաները։ Դու դո՛ւրս արի էս հասարակությունից, մնա մենակ, բայց դո՛ւրս արի սահմանված կարգից, ապրիր քո կյանքով, սխալվիր, հետո՝ ուղղիր սխալդ, դժվար օրեր ապրիր, բայց մի փորձիր նմանվել նրանց ու մի դարձիր էս հասարակության մի մասը։

 

mariam tonoyan

Մի փունջ մանկության հուշեր. Մարիամից Մարիամին

Փոքրիկ, նիհար, մեծ ու արտահայտիչ կանաչ աչքերով, կարճ մազերով, մեղավորի նման հոնքերը վեր բարձրացրած, անմեղ, մանկական հայացքով… Այս տեսքն ուներ իմ վաղ մանկության հետաքրքրությունը՝ մի սիրունիկ, ամաչկոտ աղջիկ՝ Մարիամը։

Ես չեմ հիշում մեր առաջին հանդիպումը, ինձ թվում է, որ դա ինչ-որ անհիշելի, նախապատմական ժամանակներում է կատարվել։ Բայց իմ միամիտ ընկերուհին պնդում է, որ ես հազիվ մի քանի օրական կլինեի, երբ իր մայրիկի հետ, որպես ամենակրտսեր հարևան, եկել է ինձ՝ նորածնիս տեսնելու։ Երևի այդ օրվանից Մարիամը դարձավ իմ ուղեկիցը, ով անգամ եթե իր ճանապարհը շեղեր, ինձ միշտ դեպի շիտակ ճամփան էր հրելու։ Մարիամը դարձավ այն մարդկանցից մեկը, ով կկարողանար հիշեցնել ինձ իմ ապրած որևէ դրվագ, որը չափազանց փոքր լինելուս պատճառով չէի մտապահի։ Նա եղավ իմ այն խորհրդատուն, ով միշտ իմանալով, թե մայրիկս ինչ խորհուրդ կտար տվյալ իրավիճակում, նույն բանն էր ասում, նույնիսկ երբ ինքը բնավ էլ այդ կարծիքին չէր։ Դարձավ այն մեկը, ով, այնուամենայնիվ, պատրաստ էր լսել բողոքներս նույնիսկ գիշերվա կեսին՝ իր ծանրաբեռնված օրվանից հետո քուն երազելով։ Նա, ով ինձ համար ժպտալ, ծիծաղել ու ուրախանալ կարողացավ։

Ես այդպես էլ չսովորեցի նրա տարիքը, որովհետև երբեք չեմ զգացել, որ նա ինձնից մեծ է։ Մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր…

Ամեն քայլափոխիս ես ինչ-որ բան եմ սովորել նրանից։ Բայց դա միայն հիմա եմ հասկանում։

Մայրս պատմում է, որ փոքր տարիքում շատ աշխույժ երեխա եմ եղել, թմբլիկ՝ Գնդլիկ-բոքոնիկի պես, անընդհատ հարցեր տվող ու չափազանց շատախոս։ Բոլորին առաջարկել եմ լսել, թե ինչպես եմ արտասանում, երգում՝ գլուխս ինքնագոհ վերուվար անելով. «Վար-դա-գույն վա՜ր-դեր…», կամ թե ինչպես եմ հաշվում ու մի քանի բան ասում՝ անգլերեն, ռուսերեն…

Ի տարբերություն ինձ՝ Մարիամը միշտ լռակյաց էր։ Չէ, իմ հետ՝ երբեք։ Նրա դատող ու վերլուծող աչուկները շատ բան էին քաղում աշխարհից, բայց ոչ բոլորին էր հաղորդակից դարձնում իր աշխարհին։ Միայն, երբ մեր սիրած վայրերից մեկում՝ սեղանի տակ կամ իրենց հացատանը լավաշ կռթկռթացնելիս էինք լինում, նա պատմում էր ինձ իր վերլուծությունների, բացահայտումների ու մտադրությունների մասին։

-Մարիամիկ, մամադ տա՞նն է,- նրան հարցնում էր մայրս։

Մարիամն իր մեծ աչքերը էլ ավելի լայն բացած ու առանց ծպտուն հանելու բացասական տարուբերում էր գլուխը։ Մայրս ստիպված էր անվերջ հարցեր տալ՝ իր հարցի պատասխանը գլխի մի շարժումից գուշակելու համար։ Իսկ եթե դա էլ չստացվեր, ականջիս փսփսացող, ամաչկոտ Մարիամի միակ թարգմանիչը ես էի (երևի դեռևս այդ ժամանակվանից եմ հասկացել, որ արժի թարգմանչուհի դառնալ):

Ժամանակի ընթացքում դերերով փոխվեցինք՝ նա դարձավ մեր միջի ճարպիկն ու թիթիզը, ես՝ լռակյացն ու հանգիստը։ Մանկական իր վարքագծով անգիտակցաբար նա ինձ սովորեցրեց լռել։ Սովորեցրեց, որ պետք չէ աղաղակել ու ցույց տալ ամենն, ինչ ունես, անգամ երբ երգել ու հաշվել գիտես։ Պետք էր լռել, լսել, դիտարկել, հասկանալ և արտահայտվել միայն այն ժամանակ, երբ քե՛զ են լսել ուզում։

Մեր հորինած յուրաքանչյուր խաղի մեջ խրատ կար, որ խաղով միայն երեխան կարող էր արտահայտել։ Գնդակը դնում էինք ճանապարհի մեջտեղում, իսկ մենք թաքնվում դարպասի հետևում՝ դռան արանքից ժամերով լուռ ու ուշադիր հետևելով ճանապարհին։ Մարդկանց ազնվությունն էինք ստուգում։ Եթե մեկը գար, վերցներ գնդակը, որ իրեն չէր պատկանում ու գնար, մենք դուրս կգայինք թաքստոցից ու մի լավ ամոթանք ու քարոզ կկարդայինք նրա գլխին։ Բայց գյուղը բնավ էլ մարդաշատ չէր ու անցուդարձն այնքան քիչ էր, որ մի քանի ժամ իզուր անցկացնելուց հետո լսում էինք Մարիամի մայրիկի ձայնը, որ հուշում էր, թե տուն գնալու ժամանակն է։

Մի անգամ «Տունտունիկ» խաղի ժամանակ, երբ ըստ մեր նախօրոք մտածած սցենարի՝ չար տանտիկնոջ դեր խաղալով՝ ընկերուհիս պետք է հրեր ինձ, նա իր դերն այնպես հմտորեն խաղաց, որ հաջորդ ակնթարթին ես գետնից ուրախ-ուրախ վեր ելա, ձեռքս տարա գլխիս ու, մատներիս վրա արյուն նկատելով, ամբողջ կոկորդով սկսեցի գոռալ, չնայած բնավ էլ չէր ցավում։ Մինչ տնեցիք վախեցած կհասնեին, սառը թրջոց կդնեին, Մարիամն արդեն ծլկել էր։

Գլխիս վրա մի բրնձաչափ սպի ինձ հիշեցնում է այդ օրվա մասին, ու երբ մտահոգ ինչ-որ բան մտածելիս ձեռքս գլխիս եմ տանում, ու մատներս ակամա սպիին են հանդիպում, հիշում եմ այդ օրն ու տրամադրությունս տեղն է ընկնում։

Առհասարակ, Մարիամի լավագույն ընկերուհի լինելը հեշտ չէր տրված։ Ստիպված էի թաղում հանդուրժել շատ երեխաների, ովքեր խաղում էին նրա հետ՝ առանց մտքերով իսկ անցկացնելու, որ իմ միշտ դժգոհ (մունաթ) դեմքի պատճառը, խաղերին չմասնակցելու ու կամակորություններիս պատճառը իմ վախն է, որ ընկերուհիս հանկարծ նրանց ինձնից շատ կսիրի։ Բայց երբ բակային խաղերն ավարտվում էին ու բոլորի տուն գնալուց հետո Մարիամը ինձ իրենց տուն էր կանչում օրվա մնացած մասն էլ միասին անցկացնելու, ես մեղքիս թաքուն գիտակցումով էլի հասկանում էի ու սովորում, որ եթե նա ընկերս է, ուրեմն ընկերս է ոչ թե մեկ-երկու օրով, այլ այնքան ժամանակ, քանի դեռ մեր մտքերը մանկական, պարզ ու անդավաճան են միմյանց, քանի դեռ Նոր տարվա նախօրեին կհանդգնեինք միասին կտրտել ու փչացնել ամանորյա թխվածքը՝ մեր ուզած զարդարանքը տալով, քանի դեռ դու ինձ չնեղացնելու համար կհամաձայնեիր համտեսել իմ պատրաստած ավազե տորթը, քանի դեռ մի շիշ ջուրը օղի պատկերացնելով կուլ կտայինք ու հարբած կերգերինք. «Հայաստանի անո՜ւշ արաղը …», քանի դեռ մեռ հեռախոսակապը ժամեր շարունակ զբաղված կլիներ, մինչև կավարտեինք մեր տարօրինակ խաղերից մեկը, քանի դեռ հարցնողին կխաբեինք, թե հարազատ քույրեր ենք, քանի դեռ անգամ տասնյակ կիլոմետրեր հեռու ապրիլմեկյան դաժան կատակով կնյարդայնացնեինք իրար, քանի դեռ մեզ իրար հետ կապում են հիշողությունները…

Հ.Գ. Մարիա՜մ, կարոտել եմ քեզ, այ անջիգյար…

margarita ghazaryan

Թեթև տար

Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ շատ վատ է, և կանգնած ենք անդունդի եզրին: Եվ իրականում շատ հաճախ դա միայն թվում է մեզ: Անցնում է ժամանակ, և հետ նայելով հասկանում ես՝ դա այնքան փոքր խնդիր է եղել, որ անգամ անիմաստ և ծիծաղելի է թվում այն ժամանակը, որը կորցրել ես անհիմն մտորումների, կասկածների և վախերի վրա: Շատ հաճախ հենց մենք ենք մեր խնդիրները, հոգսերն ու վախերը բարդացնում և վերածում կատարյալ քաոսի: Բայց ինչո՞ւ: Երևի թե պատճառը այն է, որ հաճախ բախվելով որևէ խոչընդոտի՝ մոռանում ենք խնդիրները ռեալ դատելու և վերլուծելու մեր կարողության մասին, սակայն դա հենց այն է, ինչը մեզ պետք է ցանկացած պարագայում: Մենք սովոր ենք ինքներս բարդացնել մեր խնդիրները (իհարկե, ոչ բոլոր) և հետո դժգոհել ամեն ինչից՝ կյանքից, ճակատագրից, մարդկանցից, հանգամանքներից: Ըստ իս՝ ավելի հեշտ և ճիշտ ապրելու համար մենք պետք է հասնենք գիտակցության այն մակարդակին, երբ մեր կյանքում կատարվող բոլոր իրադարձությունները կհամարենք բնական և կմտածենք, որ հենց այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ այսօրվա շատ խնդիրներ մեզ կօգնեն վաղվա խնդիրները ավելի հեշտ հաղթահարել: Կարելի է ասել, որ իմունիտետ ենք ձեռք բերում և սկսում այլ կերպ մոտենալ մեր խնդիրներին:

Եթե չենք կարողանում փոխել իրավիճակը, ապա պետք է փոխենք իրավիճակի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը: Կյանքն իրականում այնպիսին է, ինչպիսին մենք ենք ընդունում այն: Այդպիսին են նաև մեր խնդիրները: Եթե կարողանանք ինքներս մեզ պարտադրել, որ այդ խնդիրը պետք է բաց թողնենք և պարզապես ազատվենք դրանից, ապա այդ խնդիրը կդադարի մեզ անհանգստացնել: Իհարկե, կան այնպիսի դեպքեր, երբ իսկապես հայտնվում ենք անելանելի դրության մեջ և հետդարձի ճանապարհ չկա: Պետք է սովորենք միշտ առաջ քայլել, ժպիտով հաղթարել բոլոր խոչընդոտները և գլուխը միշտ բարձր պահել: Մենք երկու տարբերակ ունենք. կա՛մ թույլ տալ, որ կյանքը մեզ փոխի, կա՛մ ինքներս փոխել մեր կյանքը: Ընտրությունը մերն է: