


Ինքնամեկուսացած ծանոթություն
Հակավիրուսային բարև։ Գիտեմ, որ վաղուց չեմ գրել քեզ, ու միգուցե արդեն մոռացել ես ինձ ու ձեռագիրս։ Բայց, ոչի՜նչ, նորից կծանոթանանք․․․ դե՜, եթե իհարկե, դեմ չես։ Անունս չեմ ասում, որովհետև եթե մինչև էստեղ կարդացել ես արդեն, ուրեմն անունս էլ հաստատ նկատած կլինես վերևում՝ էն դեղին զգեստով նկարիս տակ։ Այդ դեղին զգեստով նկարիս օրն այսօրվա նման հիշում եմ․ երկինքը պայծառ էր, ու արևը դեղին-դեղին էր՝ ճիշտ զգեստիս նման։ Դպրոցն ավարտելու շեմին էինք ու դասարանով հավաքվել էինք՝ մի վերջին նախաավարտական ֆոտոսեսսիայի։ Այդ օրն ուրախ էի, երևի ակնհայտ երևում է ժպիտիցս։ Հիմա արդեն չեմ հիշում՝ ուրախությանս պատճառը դպրոցական կյանքիս մոտալուտ ավա՞րտն էր, թե՞ արևոտ երկինքը, որովհետև վերջինը սովորաբար բարձրացնում է տրամադրությունս, բայց առաջինն էլ վատ առիթ չէր ժպտալու համար։ Այդ ժամանակներից մոտավորապես 3 տարի է անցել, արդեն վաղուց աշակերտ չեմ ու հասկացել եմ, որ դպրոցական կյանքը բոլորովին էլ վատագույնը չէր, որ կարող էր պատահել ինձ հետ։ Սակայն որոշ բաներ այնուամենայնիվ անփոփոխ են իմ ներսում։ Էլի շարունակում եմ սիրել արևառատ եղանակն ու դեղինը՝ որպես հավաստում արևի նկատմամբ իմ անշահագրգիռ ու հավատարիմ սիրո։ Իսկ հիմա նստած եմ համակարգչի առջև ու ժամանակ առ ժամանակ հայացքս գցում եմ պատուհանից դուրս կախված գորշ ու ամպամած երկնքին։ Անձրևում է, անձրևում, անձրևում։ Էս ինքնամեկուսացում կոչվող սպանիչ շղթայում անձրևն էր միայն պակասում։ Ես անձրև չեմ սիրում, իսկ դու սիրո՞ւմ ես։ Բայց փոխարենը, դրա կաթկթոցի ձայնը հաճելի է ականջիս։ Հետաքրքիր է չէ՞, էդպիսի երևույթներ կան, որ չենք սիրում, բայց արդյունքը հաճելի է։ Օրինակ, մարմնիդ մարզվել պարտադրելը երբեմն շատ մեծ ջանք ու կամքի ուժ է պահանջում, մինչդեռ դրա արդյունքում քաշ կորցնելիս քեզ լավ ես զգում։ Կամ շարունակ ցավ պատճառող, բայց հարազատ դարձած մեկին կյանքիցդ հեռացնելու քաջություն ոչ միշտ է, որ ստացվում է հավաքել, մինչդեռ այդ քայլին հաջորդող հոգեկան ներդաշնակությունն արժի այն գինը, որ ստիպված ես լինում վճարել։ Հա, ինչ եմ ուզում ասել։ Մտածում եմ՝ միգուցե էս ինքնամեկուսացումն էլ, թեև արդեն անտանելի է դառնում, այն երևույթն է, որ պիտի ինքներս մեզ պարտադրենք ու դիմանանք, որ հետո արդյունքից հրճվենք ու մեզ լավ զգանք։ Չէ՞ որ ցանկացած արդյունքի համար էլ պիտի մի քիչ ինքդ քեզ նեղություն տաս․ մարմինդ բազմոցից պոկես կամ առավոտյան սովորականից շուտ արթնանաս կամ գուցե հարմարվես բացակայությանը էնպիսի մարդկանց, ում ներկայությունը թունավորում է կյանքդ՝ նույնիսկ առանց քո գիտակցության․․․ Կամ միգուցե ե՞ս եմ էսպես ինձ հույս տալիս, որ շարունակեմ դիմանալ ապասոցիալականացված ու անսովոր էս վիճակին։ Իսկ դու ո՞նց ես դիմանում։ Իսկ քեզ ի՞նչ մտքերով է պարուրում ինքնամեկուսացման շղթան։
Հ․Գ․ Արդեն մի քանի օր է՝ էս նյութս գրում ու ջնջում, խմբագրում ու սրբագրում էի, որովհետև ուզում էի հնարավորինս լավ ծանոթանալ քեզ հետ։ Բայց հետո հասկացա, որ ինձ ճանաչելուդ լավագույն տարբերակը մտքիս եղածը լսելդ է։ Իսկ դո՞ւ։ Իսկ դու կպատմե՞ս՝ ինչ կա քո մտքին․․․

Հոգնել եմ
-Մամ, դպրոց եմ ուզում։
-Մամ, կարո՞ղ եմ 5 րոպեով դուրս գալ տանից։
Բարև, ինձ թվում է շատերիս մոտ է նման իրավիճակ: Տարեսկզբից ամեն րոպե երազում էի հանգստի, տանը մնալու ու մի լավ քնելու մասին: Իսկ հիմա տան պատերի ներսում խելագարության աստիճան վատ է: Կարանտինը, մի ամիս տանը մնալը, մեկուսանալը շատ բան փոխեց իմ կյանքում: Ես սկսեցի գնահատել այնպիսի բաներ, որոնց ուշադրություն անգամ չէի էլ դարձնում: Կարոտել եմ ամեն ինչին, ամեն ինչի տեղը զգացվում է իմ կյանքում, հա՛, խանութի աշխատողին, առավոտյան մեքենայի շարժիչը դռդռացնող ու ինձ քնել չթողնող մարդկանց էլ եմ կարոտել: Բա դասընկերներս… թերևս ամենատխուր կողմն է: Մեր անիմաստ վեճերը, կռիվները, դասամիջոցին շնչակտուր դաս կրկնելու կամ գուցե սովորելու գործընթացն անգամ կարոտել եմ: Հավատում եմ՝ բոլորս էլ ուրիշ կերպ էինք պատկերացնում մեր դպրոցական վերջին տարին, ուզում էի ավելի շատ տեսնել ընկերներիս, ուսուցիչներիս, բոլոր բոլորին, իսկ հիմա․․․
Պաղ, միապաղաղ, ամբողջ օրը համակարգչի դիմաց, հոգնած ու նման շատ-շատ բառեր։ Բայց մի բան կարևոր է ու գնահատելի՝ բոլորը պարտաճանաչ հետևում են խստացված ռեժիմին, սկսում են գնահատել իրենց ներկայությունը երկրի վրա, գնահատում են միմյանց սերը: Ու միայն այս օրերին մենք՝ դպրոցից, դասերից, շուտ արթնանալուց ու պարապմունքներից փախչող մարդիկս, ամենաշատն ենք կարոտել այդ օրերին: Հասկանում եմ, որ այն ժամանակվա բողոքներս անիմաստ էին, դա էր կյանքը՝ եռացող կյանքը: Իսկ հիմա․․․
Անգամ ուսուցիչներիս ներկայությունն եմ կարոտել, այսպես՝ հեռավար կրթությամբ, իրենց հանձնարարության փոստը հավանելը, կատարելը, ուղարկելը ավելի է մեծացնում նրանց տեսնելու ցանկությունս:
Ախր մենք երազում էինք վերջին զանգի փորձերի մասին, իսկ հիմա գլխավոր հարցը ոչ թե սցենարն է, այլ արդյոք կունենա՞նք վերջին զանգ, թե՞ ոչ:
Որ բողոքներս իրար հետևից շարեմ, ավելի կհոգնեմ… Մնացեք տանը, լվացվեք, չփռշտաք, որ մենք ոչ մի բան չկարոտենք, ու մտածենք դպրոցին հրաժեշտ տալու մասին, ոչ թե կորոնայի։

Զրույց թեյի բաժակի հետ՝ վերաարժևորելով հիշողությունները
-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ:
-2,5 գդալ,- ասացի ինքս ինձ ու բաժակը մոտեցրի գրասեղանին:
-Մերսի շատ,- պատասխանեցի ինքս ինձ:
Ի՞նչը կարող է մարդկանց կամ ինքդ քեզ հետ ավելի լավ համախմբել, քան մեկ բաժակ տաք թեյն ու հաճելի երաժշտությունը: Արտակարգ դրությունն ու մեկուսանալը դեռ չի նշանակում լինել ինքնամփոփ ու սենյակից օրերով դուրս չգալ։ Այլ հակառակը, այս պայմաններում պետք չէ սենյակում փակված լինել, եթե անգամ վախենում ես ոտքդ տնից մեկ մետր հեռու տանել, ապա հիշիր, որ քեզ համար ևս հույս կա։ Վերցնում ես թեյի բաժակը, ականջակալներդ ու գնում պատշգամբ։ Այո, մի զարմացիր, պատշգամբում օդը մաքուր է, ու քեզ նաև թարմ և սառը օդ է հարկավոր։ Պատշգամբը մարդուն աշխարհը ճանաչելու հնարավորություն է տալիս։ Գնա ու պատշգամբում վայելիր երեկոյի պարզությունն ու հատապտղային թեյի բույրը։ Դե ինչ, վերցրու թեյիդ բաժակը, ականջակալներդ և գնա․․․
Ես էլ կուզեի այդպես անել, բայց մի քիչ կշեղվեմ իմ ասածիցս, քանի որ այն տանը, որտեղ ապրում եմ, պատշգամբը հարմար չէ դիրքավորվելու ու երաժշտություն լսելու համար։ Վերցրել էի թեյի բաժակը, նստել համակարգչի առաջ ու մտածում էի՝ ինչ անել․ դասերից, գրքերից, ֆիլմերից ու սերիալներից արդեն հոգնել եմ, ինձ թարմություն է հարկավոր։ Հանկարծ աչքովս ընկավ 17-ի բաժակը՝ վերևում մեծ-մեծ տառերով իմ անունը գրված։
-Ախր, ես մանանայեցի եմ, ինչպես կարող էի այսքան ժամանակ հոդված չգրել կամ չկարդալ գրվածները,- սկսում եմ բարձրաձայն մտածել։
Սակայն հետո փորձում եմ ինքս ինձ արդարացնել՝ ասելով, որ դասերը շատ են, կողքից աշխատանքը, չեմ հասցնում։ Ինչքան էլ փորձեցի արդարացնել, չստացվեց, մեկ տարվա ընթացքում ես հաստատ ունեցել եմ գոնե 1 ազատ օր։ Լավ, գոնե հիմա՝ մեկ տարի անց կարդամ հոդվածներից մի քանիսը։ Կարդացի ըստ վերնագրերի հետաքրքրության։ Ժամ, ժամուկես կարդալուց հետո մտածեցի իմ անունը փնտրել կայքում։ Հանկարծ 2 նյութ բերեց․ մեկն Արմանի «Մուշն» էր, մյուսը՝ Նինայի «Մուշեղ Կուրեխյանին»-ը։ Վերընթերցեցի ու հասկացա, թե ինչքան լավ ժամանակներ են եղել, երբ գրեթե հոգսեր չեն եղել։ Նինայի գրածից հիշեցի իմ գրած ամենասիրուն ու հավես հոդվածը՝ «Հաջորդ կանգառը՝ 70-ականների Երևան»-ը։ Ոնց որ շատ կարդացի, սպասիր մի հատ հոդված գրեմ։ Բայց ինչի՞ մասին։ Արդեն տարուց ավելի է, հենց լսում եմ հոդված կամ լուր գրել բառակապակցությունները, ակամա հիշում եմ շրջված բուրգը, 5w-ների կանոնը, հավաստիությունը, օբյեկտիվությունը։
-Ա՜, էլի շեղվեցի դեպի դասական լրագրություն։
Կարոտել եմ հոդվածներ գրելու մեր հին ձևին, որի համար պետք չէր գրքեր կարդալ ու կանոնները արտագրել ու նոր սկսել հոդված կամ ակնարկ գրել։ Ինչի՞ մասին, ինչի՞ մասին կարելի է գրել։ Գնամ դրսում քայլելու, երևի մուսաս գա ու գրեմ։ Մոռացել էի՝ առանց հատուկ անհրաժեշտության չի կարելի դուրս գալ։ Բայց մաքուր օդ է հարկավոր ու թարմություն, որ կարողանամ գրել։ Միգուցե դուրս գամ պատշգամբ ու փորձեմ այդպես թարմանալ։ Թեյնիկը միացրի, հատապտղային թեյը լցրի բաժակն ու հարցրի․
-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ:

Մենախոսություն
-Գիտե՞ս՝ կյանքը մենամարտ է։
-Չէ, մենամարտ չի, կյանքը շախմատ է։
-Շախմա՞տ։ Բայց արդյոք շախմատն էլ հենց մենամարտ չէ։
-Երևի…
Ու ես հասկացա, որ կրկին մենախոսության մեջ եմ։
-Մենք ամենքս ապրում ենք մեր ստեղծած իրականության մեջ, ամեն օր, ամեն ժամ մենամարտում ենք հանուն իրականության։ Մենք պայքարում ենք ընդդեմ․․․
-Պայքա՞ր, ինչ սիրուն բառ ես գտել։ Իսկ ի՞նչ է այդ պայքարը, էլի՞ մենամարտ։
Ինքս ինձ շատ բարդ հարց տվեցի։
-Պայքարի տարբեր դրսևորումներ կան՝ պայքար ընդդեմ սովի, ընդդեմ անհանդուրժողականության, ընդդեմ արգելքների, ընդդեմ անարդարության։ Բայց գիտե՞ս՝ որն է պայքարի ամենասարսափելի դրսևորումը։
-Ո՞րը։
-Պայքար ընդդեմ պայքարի։
-Ի՞նչ։ Պայքար ընդդեմ պայքարի՞։
Հանկարծ լսվեց շրխկոցի ձայն ու հասկացա, որ բաժակս ընկել է և կոտրվել։
-Ափսո՜ս, իմ ամենասիրելի բաժակն էր։
-Հիշո՞ւմ ես Վիկտոր Հյուգոյի ամենահայտնի խոսքերից մեկը։
-Բա ոնց, Հյուգոն իմ ամենասիրելի գրողն է ՝«Ամենասարսափելին պայքարն է ընդդեմ սեփական բանականության»։
Այս անգամ էլ «սթափվեցի» ավտոմեքենաների բարձր ազդանշանի ձայնից և արագ մոտեցա պատուհանին։ Այդ ի՜նչ տեսարան էր։ Երկու ավտոմեքենա բախվել էին իրար և վթար էր առաջացել։ Վարորդները պայքարում էին, թե իրենցից ով է մեղավորը։ Վեճը ավարտվեց ապահովագրության աշխատակիցների գալով։ Մի քանի րոպե հետո աղմուկը վերացավ ու ես նորից մնացի միայնակ իմ մտքերի ու լռության հետ։
-Դու հասկացա՞ր, թե սա ինչ պայքար էր։
-Դե, երևի հանուն արդարության։
-Ոչ։ Հանուն ոչնչի։
-Ոչնչի՞։ Դա անիմաստ պայքար է։
-Անիմաստություն չկա, իմաստ ասվածը յուրաքանչյուրիս մոտ տարբեր կերպ է ընկալվում։ Օրինակ՝ մեկի համար իմաստը ինստագրամում լայքեր հավաքելն է, մյուսի համար երջանիկ ակնթարթները, մեկ ուրիշի՝ սիրած մասնագիտությամբ աշխատելը։
-Ինչքա՜ն տարբեր են մարդիկ։
-Հիմա համոզվեցի՞ր , որ կյանքը իրոք մենամարտ է։
-Հասկացա, բայց արի վերջ տանք այս փիլիսոփայական մենախոսությանը։
-Վերջ…

Կարանտինային առօրյա

Մի քիչ գարուն մեր բակում

Էվոլյուցիայի հաջորդ քայլը
Շարունակելով բացահայտել IT ոլորտը` այս անգամ փորձել եմ հասկանալ, թե որն է տեխնոլոգիական էվոլյուցիայի հաջորդ քայլը։ Եվ այդ նպատակով զրուցել եմ AR (Augmented reality)-ով զբաղվող առաջատար ընկերություններից մեկի՝ Arloopa-ի համահիմնադիր և տնօրեն Արման Աթոյանի հետ։
-Եկե՛ք մի քիչ AR-ի մասին խոսենք, ինչո՞ւ որոշեցիք հենց սրանով զբաղվել։
-Ես և իմ գործընկեր Թորգոմ Բլեյանը ցանկանում էինք նոր պրոդուկտ ստեղծել, որը ապագա կունենա և անձամբ մեզ համար հետաքրքիր կլինի։ Այն ժամանակ դեռ լավ չէինք պատկերացնում, թե տարիների ընթացքում ինչով ենք զբաղվելու, բայց լրացված իրականությունը արդեն փորձարկում էինք։ Ճիշտ է 2014թ․-ին այս ուղղությունը դեռ շատ հում էր, չնայած՝ հիմա էլ իդեալական վիճակում չէ, բայց մենք հստակ հասկանում էինք, որ AR-ը ու VR (Virtual reality)-ը բավականին լուրջ ու խոստումնալից տեխնոլոգիաներ են։ Եթե առաջ այս տեխնոլոգիաների հեռանկարային լինելն այդքան պարզ չէր երևում, ապա հիմա մենք տեսնում ենք, որ օրինակ՝ Google-ի, Apple-ի ու Facebook-ի նման ընկերությունները սկսում են սրան ուշադրություն դարձնել: Առհասարակ համարվում է, որ smartphone-երին հաջորդելու են smart ակնոցները, իսկ սա իհարկե հենց AR-ի գաղափարն է ու տեխնոլոգիական զարգացման հաջորդ քայլը։
-Ինչպիսի՞ կիրառություն և պահանջարկ ունի այն տարբեր ոլորտներում։
-Այս պահին այն ավելի լայն կիրառվում է որպես մարքեթինգային գործիք, որը հնարավորություն է տալիս տարբեր ընկերություններին հետաքրքիր իլյուստրացիաներ ստանալ իրենց պրոդուկտի համար՝ մեծացնելով վաճառքները։ Բայց ինձ համար AR-ի կիրառությունը ավելի հետաքրքիր է ոչ թե մարքեթինգում, որտեղ այն ֆինանսապես իհարկե ավելի ձեռնտու է, այլ՝ կրթության, արվեստի, զվարճանքի ոլորտներում, որտեղ այն շատ ավելի հետաքրքիր է։
-Ի՞նչ է պետք իմանալ AR-ով զբաղվելու համար։
-Կարելի է առանձնացնել հետևյալը՝ ծրագրավորում, անիմացիա և մոդելավորում։ Բայց եթե խորանանք նրա մեջ, թե ինչ մասնագիտական, տեխնիկական գիտելիքներ են անհրաժեշտ, ապա ծրագրավորման համար պետք է իմանալ՝ C#, Swift, Objective C և Java, հիմա նաև տարածում է ստանում Web AR-ը, այնպես որ web ծրագրավորողները նույնպես կարող են AR-ով զբաղվել, իսկ երկրորդ մասը 3D-ի իմացությունն է։
-Ի՞նչպես է ստեղծվել Arloopa-ն։
-2008թ․-ից արդեն գոյություն ուներ X-Tech Creative Studio-ն, որը զբաղվում է web և mobile հավելվածներով, իսկ Arloopa-ն, այսպես կոչված, X-Tech-ի spin-off –ն է (կից առանձին միավոր, ճյուղ): Ի սկզբանե նպատակը պրոդուկտ հանդիսացող ընկերություն ստեղծելն էր և բավականին երկար քննարկումներից հետո 2014թ․-ին մենք ստեղծեցինք Arloopa-ն, որը զբաղվում է լրացված և վիրտուալ իրականությամբ։
-Ի՞նչ հնարավորություններ ունի հավելվածը։
-Arloopa app-ը բազմաֆունկցիոնալ scanner է ու իր մեջ պարունակում է լրացված իրականության բոլոր հնարավոր դրսևորումները։ Մենք ունենք MarkerScanner, որի շնորհիվ հավելվածում ակտիվացված նկարը scan անելով կարող ենք տեսնել ինչ-որ 3D անիմացիա կամ վիդեո-հոլովակ (օրինակ՝ թղթի կամ T-Sirt-ի վրա տպված նկար, որը ունի հավելվածի ակտիվացում)։ Երկրորդը 3D գրադարանն է, որտեղից կարող ենք ընտրել ցանկացած անիմացիա և այն տեսնել մեր միջավայրում։ Իսկ վերջինը՝ արդեն կցված է կոնկրետ գեոլոկացիայի հետ, այսինքն՝ այն կարող ենք տեսնել միայն եթե տվյալ վայրում ենք գտնվում (օրինակ նմանատիպ անիմացիա կա Հովհաննես Թումանյանի արձանի մոտ, որը կարող ենք տեսնել միայն արձանի մոտ գտնվելիս)։ Մեր պատվիրատուների համար ստեղծվող պրոյեկտները ոչ թե առանձին հավելվածներ են, այլ արդեն Arloopa-ի ներսում կատարվող ակտիվացումներ։
-Ո՞ր հարթակներում է այն հասանելի։
-IOS և Android:
Arloopa app-ից բացի ընկերությունը ստեղծել է մոտ 30 VR խաղեր սկսած 2015թ-ից։ Վերջին երկու տարիների ընթացքում թիմը աշխատում է ORCZ Evolve VR խաղի վրա, որը համակարգչի համար նախատեսված shooter ժանրի խաղ է և շուտով հասանելի կլինի։
-Քանի՞ օգտատեր ունի այժմ հավելվածը, և ո՞ր տարածաշրջաններում է այն տարածված։
-Հավելվածը օգտագործում են տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպական երկրներ, այն մեծ տարածում ունի Ուկրաինայում։ Ընդհանուր 200 000 ներբեռնում է եղել, դրանցից ակտիվ են ամսական մոտ 40 000-ը։
-Ովքե՞ր են ձեր գործընկերները, ո՞ւմ հետ եք համագործակցում։
-Մենք փորձում ենք համագործակցել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են 3D-ով։ Մոտ ապագայում մենք փորձելու ենք Arloopa app-ի միջոցով մոնետիզացնել իրենց ստեղծած 3D անիմացիաները կամ խաղերը։ Օրինակ՝ մեր գործընկերներից մեկը DreamShots ընկերությունն է, որի հետ մենք զբաղվում ենք 3600 վիդեոներով և շուտով մեր հավելվածում ավելանալու է ֆունկցիա, որը թույլ կտա մտնել այդ վիդեոյի մեջ։
-Ի՞նչ գիտելիքներ, հմտություններ և անձնական կարողություններ են անհրաժեշտ ձեր թիմում լինելու համար։
-X-Tech-ում լինելու համար անհրաժեշտ են PHP և JavaScript տեխնոլոգիաների իմացություն web հավելվածներով զբաղվելու համար, իսկ եթե IOS և Android հարթակների համար է աշխատանքը, ապա՝ Swift-ի, Objective C-ի, Java-ի իմացություն։ Arloopa-ում որպես ծրագրավորող աշխատելու համար պետք է հիմնականում C# կամ C++, իսկ անիմատորներին պետք է տիրապետել 3DS Max կամ Maya տեխնոլոգիաներին։ Իսկ ինչ վերաբերում է անձնական կարողություններին, մեզ համար կարևոր է թիմի անդամների հետ շփվելու և համագործակցելու կարողությունը։ Առհասարակ, ես համարում եմ, որ միջավայրը փոխում է մարդկանց և հարցազրույցի փուլում չես կարող հասկանալ՝ տվյալ մարդը քո թիմի արժեհամակարգով կարող է աշխատել, թե ոչ։
-Ի՞նչ ապագա ունի AR-ը և VR-ը Հայաստանում, և ովքե՞ր են այս ոլորտում Arloopa-ի մրցակիցները։
-Մեր հիմնական մրցակիցներից է ֆրանսիական՝ Augment ընկերությունը, որը չնայած 10 մլն ներդրում է ստացել, միևնույնն է, մեզ զիջում է իր ֆունկցիոնալությամբ։ Մրցակից ընկերություններ են նաև Roar Augmented Reality և Zappar հավելվածները։ Հայաստանում մենք մրցակիցներ չենք փնտրում, այլ հակառակը՝ փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ոլորտն ավելի զարգանա այստեղ։ Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է AR-ի և VR-ի hub դառնա աշխարհում։ Էլ չեմ ասում, որ «ARArmenia» շատ լավ է հնչում․․․
Մի կտոր Սևան

Սովորական գարուն է
Սովորական գարուն է: Իմ տեսած 17 մնացած գարունների պես: Նույն գիժ մարտն էր, որ կեղծ արևի տակ միշտ արցունքանման անձրևի կաթիլներ էր պահում ու մեկումեջ մաղում երկնքից: Նույն ապրիլն է, երբ մնացած բոլոր վայրերում եղանակը գնալով մեղմում է, իսկ մեր ափաչափ գյուղում դեռ շարունակում է ձյուն գալ:
Շատ հնարավոր է, որ ինձնից շատ առաջ գարունները բոլորովին տարբեր են եղել՝ տաք, արևոտ, առանց տանիքների, որոնք հետո պիտի կորցնեին իրենցից դուրս եկող ծուխը: Այնուամենայնիվ, ամեն ինչ հարաբերական է, ամեն բան փոխվում է ու միշտ է փոխվելու։
Չէ՜, կներե՜ք, պիտի ասեի՝ նախորդ 16 գարունների պես՝ իրար շատ նման ու գունավոր: 17-րդը տարբեր է, մի քիչ արտասովոր, նստակյաց ու անգույն: Միգուցե տարիներ հետո միմյանց հետ զրուցելիս կարոտով կհիշենք այս օրերը ու կասենք՝ 2020-ի գարունն էր…
Համոզված չեմ կարող ասել, որ կկարոտենք, բայց մենք, պատմության մի մասնիկ լինելով, ահռելի մարտահրավերներ ենք ընդունել ու պարտավոր ենք արժանապատվորեն հաղթահարել կյանքի տված փորձությունը:
Երևի սա ևս մեկ անգամ հնարավորություն է մեզ համար, որ արժևորենք յուրաքանչյուր վայրկյանն ու րոպեն, որ պատրաստ լինենք ամեն ինչի, պայքարենք ամենատարբեր ձևերով՝ տանը մնալով, միմյանց սիրտ տալով ու հուսալով, որ ամեն ինչ լավ է լինելու… Ու չնայած, որ սա դեռևս իմ ամենատխուր գարունն է, բայց այն դեռ շարունակվում է ու մեզ անգարուն չի թողնի։
Դրսում ծառերը կուչ են եկել, փողոցները կյանքին կարոտ են մնացել, բայց մարդիկ շարունակում են ապրել, շարունակում են սիրահարված մնալ հույսի այն փոքրիկ նշույլին, որ պիտի մեծանա ու հույսի ծով դառնա մի օր։
Ես հավատում եմ ու դու էլ հավատա: Հավատա, որ եկող ամառը այնքան տաք ու լուսավոր պիտի լինի, որ զգացնել չտա գարնան պակասությունը մեր ոսկորներում, այնքան հրաշալի, հագեցած ու ուրախ պիտի լինի, որ երանելության մեջ հայտնվենք: Անպայման կգա, հաստա՛տ, խոսք է տվել, իսկ խոստացածը չկատարելը անազնվություն է, ինչը երբեք մեր Մոլորակը չի անի։
Դե իսկ դու՝ մեր ամենասիրելի Մոլորակ, մեր Երկիր, շուտ ապաքինվի՛ր, դու արժանապատվորեն անցել ես ավելի դժվար ճանապարհներով ու հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, չընկճվե՛ս, չնահանջե՛ս։