Anahit Badalyan

Փնտրեք ձեզ այս հոդվածի ամեն տողում

Ես լույս աշխարհ եկա քաջ և ուժեղ մի կնոջ շնորհիվ, ով ինձ հետ մնաց այդ առաջին րոպեներից մինչև այս պահը։ Այդ կնոջ համար ես ինը ամիս «ֆիզիկական ծանրություն» եմ եղել՝ դեռ նույնիսկ չծնված։ Այդքանով հանդերձ նա ինձ իր հետ աշխատանքի է տարել, ինձ հետ գնացել է տան համար ուտելիք գնելու, ինձ հետ հյուր է գնացել ու շատ հյուրեր է ընդունել, խոսել է ինձ հետ այն դեպքում անգամ, երբ ես չեմ պատասխանել։ Խոսել է՝ վստահ լինելով, որ լսում էի։

Այն ժամանակ, երբ իրերին սովորում էի իրենց անուններով կոչել, գույներն էի սովորում ու մարդկանց անունները, գնում էի մանկապարտեզ ու շա՜տ հոգնած տուն վերադառնում, խնդրում էի, որ տանեցիք ինձ տանեն կանգառ ու ճանապարհեն մի կնոջ տուն։ Այդ կնոջ տունը միշտ բուրում էր ճաշին հենց նոր ավելացրած թարմ կանաչու անուշ հոտով, ու ճաշասենյակի փոքրիկ սեղանի վրայի քաղցրավենիքի ափսեի մեջ միշտ իմ սիրելի խմորեղենից կար։ Այդ կինն ինձ միշտ պատմում էր «Կարմիր գլխարկը» ու ծածկում վերմակով էնպես, որ փոքր մարմինս էլ ավելի էր մանրանում էդ հսկա վերմակի ծանրությունից։

Դեռ փոքր ժամանակվանից ես փորձում էի ամեն ինչ հնարավորինս կատարյալ կերպով անել։ Պատասխանատու կերպով էի մոտենում ինձ հանձնարարված ցանկացած առաջադրանքի ու, առհասարակ, կյանքին։ Մտքումս միշտ մի աղջիկ կար, ում համար ես օրինակ էի ծառայում։ Այդ աղջկա հետ մենք ամեն առավոտ բացում էինք մեր աչքերը, նախաճաշում ու դպրոց գնում։ Այդ աղջկա համար, իսկ հետո նաև՝ օգնությամբ, ես տաքացնում էի մեր տան ճաշերը դպրոցից վերադառնալուց հետո ու սեղան պատրաստում։ Այդ աղջկա համբերատարությունն ու հոգատարությունը չարաշահելով՝ ես տնից դուրս գալուց առաջ գրքերս հաճախ թափում էի ամբողջ սենյակով մեկ՝ վստահ լինելով, որ վերադառնալուց հետո դրանք կոկիկ դասավորված եմ տեսնելու գրասեղանիս։ Այդ աղջիկը միակն է, ում ափսեի կիսատ ուտելիքը ես կավարտեմ։ Միակը։

Երբ դպրոց էի գնում ու համ էլ հաճախում էի երաժշտական դպրոց, հանդիպում էի տարբեր մարդկանց ու որոշների հետ՝ մտերմանում։ Նրանցից շատերի անունները հիշում եմ, բայց ոչ նրա համար, որ չափից դուրս հավատարիմ ու մնայուն են եղել․ ուղղակի հիշողությունս, ցավոք,  նախատեսվածից մի փոքր ավելի լավ է։ Նրանցից շատերը փշրում էին ընկերության մասին իմ վեհ ու ազնիվ պատկերացումները, որոշները լավն էին՝ ուղղակի համադասարանցի կամ ծանոթ մնալու աստիճան։ Մի շա՜տ ժպտերես աղջիկ չափազանց անսպասելի հանգամանքներում դարձավ իմ ծանոթը։ Ժամանակի հետ հաջողվեց իսկապես ճանաչել նրան ու հավատալ, որ, դժվարությամբ, բայց հնարավոր է գտնել հավատարիմ ու քեզ գնահատող ընկերների։

Դեռ մանկությունից ամենքս փորձում ենք մեկին նմանվել, և տարբեր են այն «իդեալները», որոք կերտում ենք մեր մտքում։ Իմ ցանկությունը մի դպրոցական աղջկա ուղով գնալն էր, ում ես բախտ ունեցա ճանաչելու, երբ նա արդեն հասուն կին էր։ Ես ուզում էի նրա պես հաջողակ լինել կարիերայում, ստանալ էնպիսի կրթություն, ինչպիսին նա է հաջողել ստանալ՝ բավականին համեստ պայմաններում ապրելով։ Ուզում էի լինել այնքան խելացի, որքան այդ աղջիկն էր եղել, ու որքան այդ կինը հիմա է։

Դպրոցում մեզ դասվանդում են բազում առարկաներ, որոնցից շատերը մենք սիրում ենք, սովորում ենք հաճույքով ու հետաքրքրությամբ, իսկ որոշների դասաժամերին տետրի վերջին էջում մեր ազատ արվեստների հմտություններն ենք կատարելագործում։ Բայց դասավանդվող ամեն առարկա կարող է դառնալ հետաքրքիր լավ ուսուցչի շնորհիվ ճիշտ էնպես, ինչպես ճաշի համը կարող է տեղը գալ ճիշտ քանակությամբ աղ ավելացնելուց հետո։ Այդ ուսուցիչը պիտի լավ հոգեբան լինի, որ կարողանա աշակերտի հոգին բանալ, պիտի լավ պատմող լինի, որ կարողանա ճիշտ պահին ճիշտ բաներ պատմել, պիտի հմուտ կավագործ լինի, որ իր գործին վերաբերի նույնքան նրբորեն, որքան կավին կվերաբերեր, որ հանկարծ չկոտրվի։ Ուսուցիչը պիտի լավ մարդ լինի, որ աշակերտը նրան վստահել ու սիրել կարողանա։

Մի կնոջ շնորհիվ իմ կյանքի մի փուլում ես սովորեցի՝ ինչքան սիրուն կարող է լինել ուսուցչի մարդ տեսակը։ Ես սովորեցի վստահել ու մտերիմ զգալ ուսուցչին, սովորեցի իրապես գնահատել ուսուցչին, ու հենց այդ կնոջ շնոհիվ է, որ սովորեցի էլ ավելի մեծ սիրով սովորել մեր լեզուն ու գրականությունը։

Մի փոքր ավելի ուշ՝ ինքնակատարելագործման պայքարի ամենաթեժ փուլում ինձ բախտ վիճակվեց հանդիպել մի բացառիկ մարդու, ում ուսուցչին բնորոշ վերը նշված բոլոր հատկանիշները ուղղակիորեն կարող եմ վերագրել։ Ուսուցչի բովանդակությունը մեկ այլ ու առանձնահատուկ տեսանկյունից բացահայտվեց իմ կյանքում հենց այն ժամանակ, երբ հաջողվեց ավելի շատ շփվել այդ կնոջ հետ։ Մենք հանդիպում էինք շաբաթական երկու օր և միասին սովորում էինք ֆիզիկա, փիլիսոփայություն, գրականություն, կենսաբանություն, արվեստ ու կյանք։ Միասին սովորում էինք սառը դատել, ավելի ճիշտ՝ այդ կինն ինձ ուղղություն էր տալիս՝ ինչպես սառը դատել։ Միասին սովորում էինք զսպել իմ էմոցիաները (աշխատելու տեղ դեռ շատ կա): Միասին սովորում էինք չհամաձայնել։ Սովորում էինք մտածել։ Միասին սովորել էինք սովորում։ Շնորհիվ այդ կնոջ, ես սովորեցի ի վիճակի լինել գնահատել ինքս ինձ։ Ինքս ինձ սովորել սովորեցի։

Մենք երբեք այնքան աճելու կարիք չենք զգում, որքան այն ժամանակ, երբ գիտենք՝ մեզնից ոգեշնչվում են։ Իմ կյանքում մի շատ ուժեղ ու տաղանդավոր աղջիկ կա, ում խոսքով ես իր համար ոգեշնչման աղբյուր եմ։ Այդ աղջկա ու մյուս ոգեշնչվողների շնորհիվ է, որ ես փորձում եմ կատարելագործվել, սովորել ավելին, իմանալ ավելին։ Եվ պակաս ոգեշնչում չէ ինձ համար այն, որ ինձնից ոգեշնչվում են։

․․․Ամենքիս կյանքում էլ կան մեր կյանքը լցնող, մեզ ամբողջացնող ու մեզ առաջ մղող մարդիկ։ Մեր կյանքն էդպես էլ անսկիզբ կմնա, իսկ սկսված դեպքում էլ կավարտվի էն ժամանակ, երբ դադարենք մեր հոգում զգալ մամայի ներկայությունը։ Կյանքում ոչ ոքի պատրաստած ճաշերն ավելի համեղ չեն լինի, քան տատիկինը, ու ոչ ոք չի կարողանա էնքան պինդ ու տաք ծածկել մեզ, որքան տատիկը կծածկեր։ Աշխարհում ոչ ոքի մենք այնքան կապված ու մտերիմ չենք, ինչքան մեր հարազատ քրոջը։ Ոչ ոքի հոգին այդքան հավեսով ուտել չի ստացվի ու հնարավոր չի լինի երբևէ այդքան սեփականացնել մեկ այլ մարդու ուտելիքը էնպես, ոնց քույրիկինն ենք անում։ Ճիշտ մարդկանց գտնելու մեր կարողությունը կասկածի տակ կդնեինք ճիշտ էն ժամանակ, երբ վերջնականապես ձախողեինք լավ ընկերուհի գտնելու հարցում։ Կկորցնեինք ազնվության ու հավատարմության հանդեպ մեր ողջ հավատը, եթե նրանք ցավեցնեին մեզ։ Մեր հարազատների ստեղծած ընտանիքները ժամանակի հետ դառնում են մեր ընտանիքները։ Մենք եղբայր ենք կոչում ոչ միայն նրանց, ովքեր քո ծնողների ծնունդն են, բայց և նրանց, որոնց լույս աշխարհ են բերել մեր ծնողների քույրերն ու եղբայրները։ Ընտանիքի մեծ պատկերի մի անկյունում մենք միշտ կգտնենք մի էնպիսի հորեղբոր կին, ով մեզ կթվա ամենաոգեշնչողն ու ամենահավեսը։ Կգտնենք նաև էնպիսի քեռակին, ում տեսնելու և ում պատրաստած թեյը խմելու պատրվակով ավելի հաճախ կայցելենք քեռու տուն։ Մենք հաջողակ կարող ենք համարվել այն ժամանակ, երբ բախտը մեզ նվիրում է մարդ-ուսուցիչներ։ Երբ ուսուցիչները դառնում են այնքան մտերիմ ու այնքան հարազատ, որ տոն է դառնում մեզ համար մեր ուսուցչի բալիկի ծնունդը, կամ երբ մեկն է դառնում ուսուցիչը այն կարևոր մարդկանցից, ում ուզում ենք անհապաղ այցելել հեռու տեղից վերադառնալիս․․․ Բախտավոր ենք այն ժամանակ, երբ ուսուցիչը սովորում է ճանաչել մեզ, յուրացնում է մեզ այնքան խորությամբ, որ մեզ դնում է իսկապես մեզ համար նախատեսված ամենաճիշտ ուղու վրա ու վստահեցնում, որ քայլել չկարողանալու դեպքում մենք, մեկ է, թռչելու ենք․․․ Մեզնից ոգեշնչվող մարդիկ, ովքեր հետագայում սիրելի ընկերուհիներ են դառնում, մեր հավատն են՝ առ մեր ուժը, և մեր մղումը՝ չկոտրվելու․․․

Իմ կյանքը դատարկ ու թերի կլիներ առանց այս կանանց․․․ Կիսատ կլինեի ես, ու կիսատ կթվար ամբողջ մոլորակը։ Եվ էդ կիսատության պակասից՝ շնորհակալ ու էս լիքության ներկայությունից՝ երջանիկ, սրտի ամենախորքից ուզում եմ, որ բոլորիդ կյանքը ամեն օր էլ ավելի գեղեցկանա ճիշտ էնպես, ոնց էս բոլոր կանայք են՝ ոտքից գլուխ․․․

Շնորհավոր մեր օրը, թող մնանք ուժեղ ու ամուր, չփշրվենք, չկոտրվենք ու չճաքենք անգամ, ու կարող լինենք սիրելու ճիշտ նույնչափ ուժեղ ու ճիշտ նույնչափ ամուր՝ առանց փշրվելու, առանց կոտրվելու ու առանց ճաքեր տալու․․․

«Անուշը» Վանաձորում

2020 թվականի մարտի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի դերասանները, Հ. Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, իրենց յուրահատուկ արվեստով Վանաձորի հանդիսատեսին ներկայացրին «Անուշ» բեմականացումը, որը մասնակցում էր նաև Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը: Ներկայացումը բեմադրվել է ՀՀ Ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի կողմից: Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցում են Հայաստանի բազմաթիվ թատրոններից, ինչպես նաև Ստեփանակերտից: Հիշեցնենք, որ մրցանակաբաշխության փորձագետների կազմում են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը, ԵԹԿՊԻ-ի թատերական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը, Երևանի կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Լուսինե Երնջակյանը, թատերական և կինոբեմադրիչ Արամ Շահբազյանը: Բացի այս գործից՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը ներկայացրել էր նաև «Վարազդատ» ներկայացումը:

Թատերական աշխարհը և արվեստը ապրում են և շարունակելու են ապրել և ապրեցնել ժողովրդին: Հանդիսատեսի հոտնկայս, անվերջ, չդադարող ծափահարությունները վկայում են այն մասին, որ հանդիսատեսները գնահատեցին թե՛ դերասանների պրոֆեսիոնալ խաղը, թե՛ բեմադրիչի հմուտ ու գրագետ մոտեցումը ներկայացման յուրաքանչյուր ակնթարթին, և թե՛ առհասարակ, մեծանուն վարպետի նմանօրինակ պոեմներին:

Դե, իսկ յուրաքանչյուր դերասանի արվեստը նրա խոսքի և մարմնի շարժման մեջ է:

Shushan nersisyan

Թող Սեր նկարի

Ու եթե համարձակությունդ մի քիչ չհերիքի, պարտվելու ես…

Մայթերում պատահական իրար հանդիպելու համարձակությունը ո՞րն է, դա պատահականություն է: Իսկ քո համարձակությունը դեռ միայն պատահականությունների է հերիքում, սիրուն պատահականությունների, բայց դրանք ընդամենը պատահականություններ են, գեղեցիկ, անհամարձակ պատահականություններ, քո սրտով, բայց քեզնից անկախ ստեղծված պատահականություններ, որոնք երկար չեն հերիքելու, քչություն են անելու ու մի օր վերջանալու են:

Եթե համարձակությունդ չհերիքի ամենաանսպասելի պահերին նրա ճանապարհին հայտնվելու համար, հետո այլևս նրան չես գտնելու, որովհետև մի ինչ-որ մեկը նրան վերցնելու է ճանապարհներից, որ քեզ նման անհամարձակները ամենաանսպասելի պահերին չհայտնվեն նրա ճանապարհին: Եթե համարձակությունդ չհերիքի խոստովանելու, որ հմայված ես իրենով, նրան տանուլ ես տալու առաջին պատահածին, որ քեզնից համարձակ կգտնվի կամ պարզապես կգտնվի: Եթե չհամարձակվես նրա սիրած ծաղիկներից անանուն փնջեր ուղարկել՝ հասկացնելով, որ դու ես, այդ քո փոխարեն ուրիշն է անելու, բացահայտ է անելու ու փշրելու է նրա ստեղծած սիրուն հեքիաթը: Եթե չհամարձակվես հայտնվելու նրանց բակում, նա այդպես էլ տնից դուրս գալու գեղեցիկ առիթներ ստեղծելու հնարավորություն չի ունենալու, հետո նրան բակերում էլ չես գտնելու: Ու եթե համարձակությունդ չհերիքի ինքդ քեզ խոստովանելու զգացածդ, հետո այլևս հարկավոր չի լինելու, որովհետև տանուլ ես տալու կյանքիդ ամենասիրուն պայքարը, իսկ հետո ունեցածդ հաղթանակներն արժեզրկվելու են: Պարտությունն էլ պիտի վաստակել կարողանաս, խեղճացնող պարտությունն առանց պայքարի տրված պարտությունն է, քեզ հազար տակ ծալծլում է, չի սիրում, երբ իրեն գրկաբաց են ընդունում: Իսկ նրա նմանները քեզ նման հանձնվողներին ատում են, հանձնողներին՝ ավելի շատ, հատկապես, երբ զգացածն են հանձնում: Մի՜ տրորիր երազանքները քո վախկոտության պատճառով…

Մի օր համարձակվիր համարը հավաքել ու զանգ թողնել հեռախոսին: Նա չի անջատելու, հաստատ, գուցե չխոսի, լռի, բայց պատասխանելու է: Մի օր նամակ գրիր, թղթի վրա շարիր մտքերդ՝ պարզ, հասարակ, շարիր առանց ձևի, բովանդակություն շարիր, նա փայփայելու է այն, հաստատ: Մի քանի անգամ առանց իմաց տալու ուղեկցիր նրան, որ փողոցում ոչ ոք չհամարձակվի մոտենալ, նա դա զգալու է, ցույց չի տալու, բայց զգալու է: Մի անգամ համարձակվիր ասել, որ ժպիտը շատ սիրուն է, աչքերը խորն են, որ անթարթ կարելի է նայել նրանց անհունին: Մի օր վրձիններ ու ներկեր նվիրիր, թող Սեր նկարի…

Ու եթե համարձակությունդ չհերիքեց էս ամենն անելու համար, պատահականությունները քեզ երկար չեն փրկելու, քո փոխարեն հաստատ մեկ ուրիշն է քո մտածածն ասելու, ու դու կորցնելու ես կյանքիդ ամենասիրուն հեքիաթն ու այն երբևէ չես կարդալու ու չես համակերպվելու վաստակածդ պարտության հետ ու քեզ չես ներելու, որ…

Որ նրան մտածածդ ասելու տղամարդկություն չունեցար, նրան առհասարակ ոչինչ ասելու տղամարդկություն չունեցար, որ երկրագնդի ամենասիրուն պայքարում հաղթելու տղամարդկություն չունեցար, որ համարձակությունդ մի քիչ չհերիքեց…

Syuzanna Arshakyan

Համացանցը՝ խոչընդոտ

Մեր օրերում, պայմանավորված մի շարք իրադարձություններով, լրագրությունը դարձավ «ամենամոդայիկ» մասնագիտությունը։ Շատերը կարծում են, որ տեսախցիկի, բարձրախոսի ու որոշակի քանակությամբ լսարանի առկայությունն արդեն նշանակում է լինել պատրաստի լրագրող։ Այսօր ամենատարածված լրատվամիջոցը համացանցն է, որը նաև անարգել հարթակ է յուրաքանչյուրի համար՝ կարծիքը կամ ասելիքը հասանելի դարձնելու լսարանին։ Իսկ տեղեկությունները, որոնք մատուցվում են «վստահելի աղբյուր» անվան տակ, հաճախ կրում են «Հասցրեք դիտել, շուտով ջնջվելու է», «Ինչ զգեստ կրեց երգչուհին համերգի ժամանակ» վերնագրերը։ Ցավալի է, երբ նույն գրառումները կատարած էջում տեղ գտած քաղաքական որևէ լուրը որակվում է որպես բացարձակ ճշմարտություն ու ողողում ամբողջ համացանցը։ Նման կայքերն ու նյութերը ոչ միայն խոչընդոտում են լրագրողի աշխատանքը, այլև աղավաղում «լրագրող» կերպարի ընկալումը հասարակության մեջ։ Կարիք չկա զարմանալու, որ մարդիկ խուսափում են լրագրողներից, փախչում տեսախցիկներից։ Յուրաքանչյուրս կվարվեինք այդպես՝ տեսնելով մեր լուսանկարը կամ հարցազրույցը որևէ էջում՝ հեգնանքով համեմված մեկնաբանությամբ։ Ինչ վերաբերում է անհատների կողմից տեղադրված տեսանյութերին, որոնք հիմնականում ներկայացվում են իբրև լրագրողական աշխատանք, հաճախ, եթե ոչ միշտ, ունենում են բոլոր այն թերություններն ու սխալները, որոնք անթույլատրելի են համարվում։ Որոնցից է օրինակ՝ արգելված վայրում նկարահանված կադրերի հրապարակումը։ Օրինակները շատ են, պատճառը՝ մեկը։ Նման գործունեություն ծավալողների մեծ մասը չունի համապատասխան մասնագիտական կրթություն։ Իսկ մինչ ապագա լրագրողները 4 տարի շարունակ սովորում են լրագրության նրբությունները, ստանում պահանջվող ու պարտադիր մասնագիտական կրթություն և յուրացնում «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները, տեսախցիկ, բարձրախոս և լսարան ունեցող երիտասարդները ջանում են շեղվել լրագրության սահմանված կանոններից՝ այդպիսով միայն նվազեցնելով հասարակության վստահությունը լրագրողների ու լրատվական միջոցների նկատմամբ։

Mariam Harutyunyan

Ռոքը

Եթե որևէ մեկը ռոք է լսում, ապա նա պարտադիր սատանիստ է։ Սա բոլոր անհեթեթություններից թերևս ամենաանհեթեթն է։

Հիշում եմ՝ 3 տարի առաջ, երբ դեռ դպրոցական էի, դասի ընթացքում քննարկում էինք, թե ինչ ասել է` լավ երաժշտություն։ Այն հարցին, թե որն է իմ սիրելի երաժշտական ժանրը, պատասխանեցի՝ 1-ին տեղում ռոք (և սկսեցի արագ-արագ թվարկել իմ սիրելի բենդերը՝ Guns n roses, Pink Floyd, Deep purple, Green day, Queen, Scorpions, Metallica, Europe), 2-րդ տեղում՝ ջազ։ Լսվեց ուսուցչուհուս հուզված, ինչ-որ տեղ նաև շփոթված ձայնը.

-Ի՞նչ, ո՞նց թե` ռոք, էդ « խուժան» սատանիստական երգերը մի՜ լսի, ինչպե՞ս կարող է հայուհին ռոք լսել, չի կարելի, դու խելացի աղջիկ ես, քեզնից չէի սպասում։

Սկզբում լռեցի: Դժվարանում էի որևէ բան ասել, ավելի ճիշտ՝ փորձում էի ուսուցչուհուս ասածները «մարսել»։ Խափանելով ոչինչ չասող տհաճ լռությունը՝ ասացի.

-Բայց որտե՞ղ է գրված, որ ռոքը սատանիստական, կամ առավել ևս, «խուժան» երաժշտություն է։

-Էդ բոլորն էլ գիտեն։

-Բոլորը՝ ովքե՞ր։

-Դե հերիք ա, հետս կռի՞վ ես անում։

Հասկացա, որ լարված իրավիճակ սկսվեց։ Լարված մթնոլորտը ցրելու համար հարցրի․

-Լավ, այդ դեպքում դուք ասեք՝ ի՞նչ երաժշտություն եք նախընտրում։

-Հին երգեր։

Անսովոր պատասխան էր։

-Օրինակ՝ Ֆրեդի Մերկուրի լսո՞ւմ եք։

-Վա՜յ, շա՜տ։ Երիտասարդ տարիներիս սիրած երգիչն է։

-Իսկ Ջոն Լենո՞ն։

-Ինչպե՞ս կարելի է նրան չսիրել։

-Բայց ախր, նրանք ռոք երաժիշտներ են,- ասացի ես՝ կիսահարձակվողի կեցվածքով։

-Հետո՞ ինչ։

-Այն, որ դուք քիչ առաջ ռոքը սատանիստական, «խուժան» երաժշտություն համարեցիք։

Ու այս խոսքերից հետո հնչեց ամենաանսպասելի ու ամենասթափեցնող պատասխանը․

-Անցանք դասին, հերիք է շեղվենք, ու առաջինը, Մարիա՛մ, դու ես պատմելու…

Maria Araqelyan

Գարուններս Հայաստանից հեռու

Հայաստանը վաղուց ենք լքել․ չնայած, վաղուց ասվածը շատ հարաբերական ենթատեքստ է կրում։ Հայաստանը լքել ենք ուղիղ երեք եղանակ ու երեք օր առաջ, էլի գարունով, մայիսի ամենաերկար ու գորշ գիշերներից մեկին` օդում մեր վերջին հետքը թողնելով անհետացել ենք։ Իսկ այս տարի գարունս ո՛չ մեր բակի խնձորենու վարդագույն ծաղիկները ազդարարեցին, ո՛չ էլ ձնծաղիկներ վաճառող կարճահասակ, գլխարկով պապիկը։ Չէ, ամենևին։ Գարունս եկավ լոկ հեռախոսիս վրա ամսաթվի փոփոխությամբ միայն․ ու ոչ մի թռչուն էլ ետ չվերադարձավ տաք երկրներից, որովհետև նույն «տաք երկրներ» ասվածը հենց այս կողմերում է հիմա։

Տաք երկրներով հիմա միայն թռչուններին չէ, որ կզարմացնես: Էս տաք երկրներ մարդիկ էլ թռչունների պես ցրտերն ընկնելու հետ թռչում-գալիս են, մի սուր ու տխուր բացառությամբ սակայն․ ետ վերադառնալը թռչուններից չեն սովորում ու բներն էլ այնպես հիմնովին են հյուսում, որ վերադառնալու մասին մտածելն անգամ սեփական աչքին ծիծաղելի է թվում։ Կյանքը դարձնում են ծանծաղուտ, ընկնում սեփական կարճատև երազանքների ծուղակն ու ամեն հաջորդ քայլով ավելի ու ավելի են խրվում դրա մեջ, սխալ ու նյութական երազանքների ետևից վազելու պարզ հետևանքով։

Գարունովս հիմա ոչինչ չփոխվեց․ էստեղ տարվա ամեն օրն էլ գարուն է, ու միևնույն է, գարուն լինի, թե ձմեռ, մարդիկ ո՛չ մեքենաներն են լքում, ո՛չ էլ տները: Սիրով չեն լցվում գարնանամուտին ու գարնան ամիսներն անիծող բառակապակցություններ անգամ չունեն հնարած։

Իսկ ես․․․ Իսկ ես դեռևս էստեղից չեմ։ Ես «տաք երկրներում» մրսկան եմ դարձել ու անգամ այն ժամանակ, երբ արևին դեմքիս դիպչել է հաջողվում, ես փշաքաղվում եմ միայն, բայց չեմ տաքանում։ Չէ, այնուամենայնիվ, հոգի տաքացնողը ամենևին էլ այս արևը չի։ Էստեղ մարդիկ ջան, ջիգյար չունեն, ու կպատկերացնե՞ք, անգամ սեփական բախտը վիրավորող արտահայտություններ չունեն։ Էստեղ «քաղաքից դուրս»-ում կենդանիների փոխարեն հոլիվուդյան ֆիլմերի երկնաքերերն են, որոնք իրականում անչափ անշունչ են ու ամայի։

Հիմա կողքից եմ Հայաստանին նայում, 10540 կմ հեռվից, մի օվկիանոս ու կես մայրցամաք հեռվից ու թեև, էդտեղ մենք սովոր ենք կյանքից դժգոհել՝ գոնե երջանիկ եմ, որ կյանքից ենք դժգոհում․․․ Կյանքից, ապրելուց, թեկուզ երբեմն վատ, բայց զգացմունքներից ենք դժգոհում։ Էստեղ ոչ մի զգացմունք չկա, չկա նաև ոչ մի ապրող: Էստեղ նյութից կախված գոյատևում է միայն՝ անզգացմունք, անկյանք ու անշունչ։ Էստեղ գարուններս երբեք չեն էլ բացվելու․․․

Ruben Movsisyan

Ժպի՞տ, չէ՛, չէի ասի

Ժպի՞տ, չէ, ժպիտ չէի ասի, կասեի` գեղեցիկ մի դիմակ, հեռախոսակենտրոն հասարակության մնացուկներս ամեն առավոտ անկողինը լքելուց առաջ էդ նույն սմարթֆոնի միջից մի սիրուն, կլոր, դեղին, անուշիկ, ժպտացող, նույնիսկ ծիծաղից լացող էմոջի ենք գտնում ու լղոզում առանց այն էլ բարձի վրա շուռումուռ գալուց լղոզված դեմքերիս։

Վերջ, էսօր էլ ունեցանք մեր ժպիտ-դիմակը։ Հասա դպրոց, ճամփին դեմքիս մի սառած էմոջի էր լղոզվել, մտա դպրոց, էլի պիտի ներկեմ էն առավոտվա սիրուն ծիծաղող էմոջիով, հասա դասարան, ծիծաղողը էլ չի հերիքում, արդեն պիտի ծիծաղից լացես, որ նորմալ լինի։ Մի քիչ հոգնած, էլի դուրս եկա փողոց՝ մի տեղ, որտեղ կարող ես քայլել՝ ոնց կուզես, բայց ամեն դեպքում արժի «չափի մեջ» ժպիտ լղոզել, չմտածեն՝ էս նամռոտ դեմքն ո՞վ է։

Հասա պարապմունքի, մի գիտունիկ էմոջի պետք եկավ լղոզել, էդ էլ արեցի։ Հասա տուն, չեմ ուզում մերոնց դեմքերի առանց էն էլ հոգսաշատ դեմքի իբր ժպտացող էմոջին մաքրել։ Իրենց տղան տխուր էմոջիով եկավ, իրենք էլ տխուր կլինեն, մի խոսքով՝ էլ էմոջի է պետք, էլի ծիծաղող։ Ու վերջապես եկավ գիշերը՝ պահ, երբ կարող եմ մաքրել էդքան լղոզածը։ Ու վերջում կմնա դեմք-էմոջին՝ էն ծորակի պես հոսող արցունքներով, բայց արցունքները դուրս չեն հոսում իմ դեպքում, այլ ներս։

Լացում էի, փորձեցի աչքերս սրբել, բայց դրանք թաց չէին։

Նորից գիշերը եկել է ինձ հյուր

Նորից թակում է դռներս խախուտ,

Փորձում է պոկել կողպեքս փտած,

Որ պաղ սենյակի մութ անկյունից

Լացս դուրս հանի:

 

Դուռս՝ քանդված, կողպեքս՝ փտած,

Թվում է՝ հեշտ է քանդել, ներս մտնել,

Բայց թե կարող է, անզոր է

Ներսից մի բան դուրս բերել:

Ներսում լաց չկա, կամ թե դեռ կա էլ,

Երբեք դուրս չի գա։