«Ես ոճաբան եմ, ով ցանկանում է օգնել»

Կոկո Շանելը, որն ամբողջությամբ փոխեց 20-րդ դարի նորաձևության աշխարհը, դարձավ Անահիտ Մարգարյանի ոգեշնչման աղբյուրը:  Երևանում բնակվող 14-ամյա աղջկա համար Շանելի մասին պատմող ֆիլմերն ու հաղորդումները հիմք դարձան, որ հետաքրքրվի նորաձևությամբ. «Այդ ժամանակ ավելի շատ մտածում էի Կոկո Շանելի նման հագուստի դիզայներ և նախագծող դառնալու մասին, գաղափար չունեի` ոճաբանությունն ինչ է », – ասում է նա: Մինչդեռ այսօր ունի իր խանութ սրահը և օգնում է մարդկանց նորաձև հագնվել: 4 տարի առաջ ոգեշնչված Շանելից, Անահիտն ընդունվեց քոլեջ, որտեղ ուսումնասիրեց հագուստի նախագծում և մոդելավորում: «Սկսեցի սովորել ու հասկացա, որ ցանկություն չունեմ ամբողջ կյանքում կարի մեքենայի առաջ նստելու, ավելին էի ուզում։ Եվ սկսեցի ուսումնասիրել նորաձևության ոլորտը: Հիմա չեմ հիշի ինչպես, բայց բացահայտեցի ոճաբանի մասնագիտությունը», – ասում է մասնագետը: Այնուհետև փոխվեց իր ոգեշնչման աղբյուրն ու սկսեց հետաքրքրվել ռուս ոճաբան Ալեքսանդր Ռոգովինովի աշխատանքով, իսկ քոլեջն ավարտելուց հետո մեկնեց  Ռուսաստանի Դաշնություն` իր երազանքների մասնագիտությունը սովորելու: «Ոճաբանության դասընթացների մասնակցել եմ նաև Հայաստանում, սակայն անունները չեմ նշի, քանի որ վատ փորձ ունեմ ՀՀ-ում դրա հետ կապված», – նշում է Անահիտը:

Թե որքանով է զարգացած ոճաբանությունը մեր երկրում, նա ասաց. «Մեզ մոտ դեռ շատ ցածր մակարդակի է այս ոլորտը ,քանի որ մարդիկ հագուստին կարևորություն չեն տալիս, մինչ այսօր չենք հասկացել, որ իրոք կրեատիվ և ճիշտ հագնվելու միջոցով կարելի է ավելի ընդգծել գեղեցկությունը»: Անահիտը նշում է, որ ճիշտ կլիներ արտերկրին այս առումով շատ մոտ լիներ  Հայաստանը, բերելով Վրաստանը որպես օրինակ, որտեղ անընդհատ կազմակերպվում են Fashion Street Style-եր,  իսկ այստեղ  դրա մասին գրեթե չի խոսվում:

2018 թվականին բացում է իր սոցիալական հարթակն ու սկսում տեղադրել որևէ բրենդի հագուստ, նշելով, թե ինչն է այդ տարի նորաձև, ու ինչի հետ կարող են համադրել տվյալ հագուստը, «ընթացքում ինսթագրամս սկսեց ավելի զարգանալ, քանի որ խորհուրդներս ավելի հստակ և իմաստալից էին դարձել։ Մինչև հիմա շարունակում եմ անվճար խորհուրդներ տալ և օգնել մարդկանց, բայց դրա հետ մեկտեղ ունեմ նաև վճարովի ծառայություններ, որոնց միջոցով աղջիկների հետ ավելի խորացված աշխատանքներ եմ տանում»,- նշեց նա: Ոճաբանի կարծիքով  շատ քիչ գումարով նույնիսկ կարող են նորաձև հագնվել,  իր համար կարևոր է  հագուստի որակը, հագուստի վրայի դետալները, դրանք կարող են էժանագին տեսք տալ հագուստին և փչացնել կերպարները: «Եթե անընդհատ տեսողական ճաշակը զարգացնենք, կսկսենք նկատել բազմաթիվ գեղեցիկ հագուստներ, որոնք նախկինում ուշադրություն չէինք դարձնի։ Այդ դեպքում հիմնականում մատչելին ու գեղեցիկը համատեղվում են, քանի որ մարդու միտքը և տեսողական ճաշակը զարգացած է լինում »,- նշում է նա և ընդգծում, որ նույն հագուստը մի քանի անգամ հագնում է, բայց ոչ ամեն օր: Սիրում է անընդհատ նոր համադրություններ կազմել և չունի ֆիքսված ոճ:

«Ես ինձ լավ եմ զգում թե դասական, թե սպորտային, գրանժ, քեժուալ ոճերի մեջ», – ասաց Անահիտը,- Հայաստանում մասնագետներին չեն հարգում, – ընդգծում է 21-ամյա ոճաբանն  ու նմանեցնում բժշկության ոլորտին,որտեղ հաճախ  ինքնաբուժությամբ են զբաղվում` ավելի վատացնելով վիճակը: Իսկ ոճաբանության առումով ասում է.  «Շատ եմ լսում  «նորաձևությունը  մեզ հետաքրքիր չի, մենք հագնում ենք այն, ինչ ունենք» արտահայտությունը։

Միշտ ասում եմ, որ ցանկանան թե ոչ, իրենք, այնուամենայնիվ, նորաձևության հետ առնչվում են, քանի որ բոլոր խանութ-սրահները փորձում են առաջարկել այն իրերը, որոնք համաշխարհային մասշտաբով նորաձև են»: Եվ վերջում խորհուրդ է տալիս, որ մարդիկ սկսեն լսել բոլոր ոլորտի պրոֆեսիոնալներին ու վերջում ավելացնում.
«Ես ոճաբան եմ, որը փորձում է առանց որևէ շահի օգնել ցանկացողներին` հագուստի միջոցով ավելի ընդգծել իրենց յուրօրինակությունն ու գեղեցկությունը»։

anushmkrtchyan

Կյանքն ապրելու համար է

Շնչե՛ք, մարդիկ: Զգո՞ւմ եք: Զգո՞ւմ  եք, թե կյանքն ինչ միապաղաղ է դարձել: Ասում են, կյանքը սահմաններ չունի, բայց մարդիկ են այն սահմանափակում: Մարդիկ ձգտում են ամեն ինչ «քառակուսի» դարձնել:

Իսկ  ինչո՞ւ: Եթե կարելի է լինել «ուղիղ»-ի նման անսահմանափակ, ապա ինչո՞ւ լինել «հատված», որն ունի թե՛սկիզբ, թե՛ վերջ:

Ուղղակի փորձե՛ք նոր շունչ տալ կյանքին: Փորձե՛ք ուրիշ օդ շնչել : Պետք չէ ամենուրեք թթվածին փնտրել: Ուրիշ շնչելու բան գտե՛ք, մարդիկ: Դա շատ հեշտ է: Ուղղակի նայեք ձեր շուրջը ուրիշ աչքերով: Պարզապես դուրս հանեք ձեզ կապանքներից: Թույլ մի՛ տվեք, որ կյանքն իր օրենքներով իշխի ձեզ, դուք ինքներդ նոր օրենքներ մտցրեք կյանքի օրենսգրքում ու ստիպեք, որ ինքը ենթարկվի ձեր օրենքներին: Պարզապես փորձեք ուրիշ լինել ու կզգաք ուրիշ լինելու քաղցրությունը: Մի ձգտեք լինել բոլորի նման: Նմանությունը ձանձրույթ է առաջացնում:

Ուղղակի շնչե՛ք կյանքը: Թողե՛ք, որ այն թափանցի ձեր հոգու ամենահեռու հատվածներն ու ողողի լույսով ձեր էությունը: Նոր գույներ վերցրե՛ք ու ներկե՛ք ինքներդ ձեզ՝ վառ ու լուսավոր գույներ: Ձգտե՛ք  բարուն, ու թու՛յլ տվեք , որ  այն ձեր մեջ հաղթի չարին:

Երբեմն պետք է ապրել կյանքը: Դա այն է, ինչ մենք մոռանում ենք անել: Մոռանում ենք, որ կյանքն ապրելու համար է: Ու առհասարակ, շատ ենք մոռանում ու շուտ-շուտ:

Մեկ-մեկ մեղր կերե՛ք ու հիշեք չմոռանալ ապրել…

 

 Հուլիս, 2016

mariam tonoyan

Անտեր մնացած խանութը

Մեքենաների անցուդարձից գյուղի վրա փոշու կարմիր ամպեր էին կուտակվել։ Ամռանը դա սովորական բան էր. քաղաք տեղափոխվածները վերադառնում էին մեքենաներով, գյուղը կենդանանում էր, հատկապես եթե Վարդավառի տոնը մոտ էր։ Ամեն փողոցի վրա առաջին հարկի ցածրիկ լուսամուտը ցուցափեղկի վերածած մի-մի տուն կար։ Այրող արևից ինքնաշեն կտորե կտուրների տակ պաշտպանված՝ կուչ էին գալիս խանութպաններն ամեն օր, սպասում գնորդների։

-Ապրես, Հարու՛թ ջան,- մրգերով լի երեք տոպրակ թևն անցկացնելով՝ ասաց Սեդան խանութպան հորը երբեմն փոխարինող տասներեքամյա Հարութին ու, քնքուշ ժպտալով, շրջվեց, որ գնա։ Մի քանի քայլ էր հեռացել, երբ հետևից լսեց պատուհանը թողած, դռան կողմից մոտ վազող Հարութի ձայնը.

-Սեդա քույրիկ, սպասեք, եկա։

Տղան վերցրեց տոպրակներից երկուսը, քայլեց Սեդայի կողքով՝ փողոցն անցնելիս չարաճճի սև աչուկները աջուձախ ուղղելով։

-Ձերոնք ո՞նց են, մորդ հետ վաղուց չեմ խոսել,-հիշեց Սեդան։

-Մաման հաց էր թխում, պապան առավոտյան քաղաք գնաց՝ խանութի համար առևտրի։ Լիլիթին դպրոցում չեմ տեսնում, ասում էր` պետք է իր պապայի մոտ գնա, գնացե՞լ է արդեն։

Սեդայի աչքերը մթնեցին, տոպրակն այրեց ձեռքը։ Բռունցքը սեղմեց, որ ձեռքից բաց չթողնի։

-Հա՜,- շտապ վրա բերեց նա,- երեք օր է… Հա, հոր մոտ գնաց, կգա։

«Շա՛ն աղջիկ»,-շփոթմունքից ցած դրեց տոպրակը՝ իբր հոգնեց։ Մի ձեռքը կոնքին դրեց, մյուս ձեռքը սահեցրեց ճակատի վրայով՝ իբր դեմքից մի կողմ տարավ մազափունջը։

Սեդան նայեց փողոցի խորքում փոշու կարմիր ամպի ուղեկցությամբ ընթացող մեքենայի հետևից։ Երանի՜ մի օր էլ ամռանը հյուրի նման գյուղ եկողներից մեկն իր ամուսինը լիներ։ Թեկուզ ոտքով, առանց ավտոմեքենայի։ Ութ տարի առաջ քաղաքում շինարարական աշխատանքի հրավերով երկու ընկերների հետ հեռացավ գյուղից։ Լիլիթը՝ նրանց աղջիկը, ծնվեց այդ օրվանից ուղիղ երեք ամիս անց։ Սկզբում ամուսինն ամեն ամիս որոշ գումար էր տուն ուղարկում, պարբերաբար զանգում էր, ազատ օրերին տուն վերադառնում։ Հետո կապը կտրվեց։ Շշուկներ էին պտտվում, որ վատ մարդկանց ձեռք է ընկել, փակագծեր չէին բացում։ Իր հետ հեռացած երկու տղաները միաձայն պնդում էին, որ անզգուշորեն բարձր հարկից ցած է ընկել, մեռել։ Ու՞ր է դիակը։ Լռում էին։

Սեդան չէր հավատում, որ ամուսինն էլ չկա. չլսված բան է՝ մարդ գետնի երեսից անաղմուկ կորչի, հետքն էլ չմնա. «Երևի ինչ-որ տեղ, ինչ-որ կնոջ հետ երջանիկ է, որ լռում են».- հույս էր տալիս ինքն իրեն, իսկ աղջկան՝ Լիլիթին, հավատացրել էր, որ նա հայր չունի։

Բայց արդեն քանի՞ անգամ էր Լիլիթն ընկերների մոտ ինքն իր համար հայր հորինում։ Նախորդ անգամ լվացք փռելիս Սեդան լսել էր կողքի բակում խաղացող երեխաների ու իր աղջկա ձայնը։ Լիլիթն հպարտորեն ասել էր.

-Սիրուն է, չէ՞, շորս։ Պապաս է նվիրել։ Էնքան թանկ շոր է, սրանից մեր խանութներում չկա։

Սեդան լսելուն պես դեմքը թաքցրել էր ափի մեջ ու ցածրաձայն հեկեկացել։

-Ապրես, Հարո՛ւթ ջան,- էլի ասաց Սեդան,-քիչ մնաց, ես կտանեմ։ Գնա, հասիր խանութին, եկող-գնացողը չասի՝ անտեր են թողել։

Հարութը գլխով արեց ու գնաց։ Սեդան վերցրեց տոպրակները, դանդաղ քայլեց դեպի տուն։

Ani Harutynyan

Փոխվե՞նք

Մութն էլ կարծես իմ կողմից էր այսօր. սպասվածից էլ շուտ իջավ։ Չնայած մութն այդքան էլ տեղին չէ, ավելի ճիշտ կլինի ասել խավարը։ Հազիվ էին ուրվագծվում մարդկանց կերպարանքները։ Պատուհաններից երևացող լույսերը մի տեսակ պայծառ էին. ուզում էին ազատվել վարագույրե պատնեշից ու ավելի ուժեղ լուսավորել արտաքին խավարը։ Ահա այնտեղ մի տուն կա, երևում է՝ ինչպես է վարագույրը պար գալիս. տանը չարաճճի երեխա կա։ Լույսի աչքն էլ լույս. ճանապարհ է բացվում։

Հաճախ չեք տեսնի ինձ գյուղի փողոցներում այս ժամերին, բայց եթե տեսնեք, չնեղանաք, որ ի պատասխան ձեր բարևի մի ցրված հայացք ստանաք։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչն է ստիպում այդքան շատ զգալ երեկոյի այդ ժամը, փողոցը, սառը օդը, իմ մտքերը։ Հուզվելու աստիճան շատ։ Ինձ թվում է՝ ոչ ոք այդքան չի զգում։

Քայլում եմ։ Գյուղում մի շենք կա, տարիներ առաջ այրվել է, ու անունը հենց այդպես էլ կնքել ենք՝ «վառված շենք»։ Տարիները կարծես արհամարհանքով թարս նայել ու անցել են այդ շենքի կողքով կամ, որ ավելի վատ է, դեռ մի քանի անգամ էլ հարվածել նրան։

Ինչ-որ մեկի կյանքին է նման այդ շենքը՝ լքված, տխուր, անէ։ Կյանք, որի կողքով ամեն օր ավելի պայծառ ու լուսավոր կյանքեր են անցնում՝ իրենց երջանկության մեջ չնկատելով, չզգալով նրա ցավը։ Ես էլ շատ եմ անցել, չեմ էլ նայել նրա կողմը։ Բայց այս երեկո խավարի մեջ շենքն ավելի տխուր տեսք է ստացել, մանավանդ այսօր, երբ կարծես ինչ-որ մի բան ստիպեց ինձ նայել ու մտածել նրա մասին։ Ինչքան է այն խորհրդավոր, առեղծվածային, վախ ներշնչող, ամբողջությամբ սպասում դարձած։

Սովորական ճանապարհից ավելի բարձր է տեղակայված. դիրքն ավելի ազդեցիկ է դարձնում։

Ուշադիր նայում ես ու լսում. պատերն իրենց ներսում դեռ պահում են բնակիչների աղմուկն ու երեխաների զվարթ ծիծաղը։

Հա, ասում էի՝ մենք անցնում ենք ու չենք մտածում օգնել այն կյանքերին, որոնց ընդամենը մի կայծ է հարկավոր։ Մեր մեծ լույսից մի փոքր հույս։

Անտարբեր ենք։

Փոխվե՞նք։

 

 Մայիս, 2017