Շերտավոր գարուն

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Գարունը եկել է: Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ է եկել:

Նախ օրերը երկարելու համար, որ ես ու ինձ պես շատերը առավոտվա մռայլությանը չխաբնվեն ու քնած մնան մինչև կեսօր…

Եկել է, որ ամեն առավոտ լսենք տրակտորների ու էլեկտրական սղոցների ձայնը: Գարունը եկել է, որ յոթ-ութ ամիս չորացած առուն ջրով լի նորից քչքչա: Գարունը եկել է, որ մենք մեզ հաշիվ տանք, որ շուտով էս դասարանն էլ կավարտենք:

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Գարնան պատճառները պիտի սիրես, ու ես շատ եմ գնահատում, որ ապրում եմ մի երկրում, որն ունի եղանակների բազմազանություն: Իմիջիայլոց, եղանակը ցույց է տալիս, որ գարունն էլ է շերտավոր, քիչ-քիչ բացահայտվում է` գիժ մնալով:

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Իսկ գյուղամիջյան գլխավոր ճանապարհին արդեն ամեն առավոտ սպասում են ավտոբուսի, ոչ թե քաղաք գնալու, այլ դաշտեր` աշխատանքի, օրավարձով, սիրուն գլխաշորով կանայք, ու իրենց դեմքը արևից պաշտպանել ցանկացող ու մորուքավոր տղամարդիկ: Բա, գարուն է: Մենք էլ ծաղկենք ու գունավորվենք կրկին:

anna  andreasyan

Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը` Զատիկը: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում այն տոնվում է մեծ շուքով: Այն հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում երեխաների շրջանում, քանի որ այս օրը հնարավորություն են ստանում ձու ներկելու և դրանցով խաղալու: Չեմ սխալվի եթե ասեմ, որ որոշ  մեծահասակներ, ինչպես փոքրերը, Զատիկի մասին մտածելիս բացի ձու ներկելուց ու խաղալուց այլ բան չեն տեսնում: Չկարծեք, թե ինչ-որ բան ունեմ տոնը այսպիսի հետաքրքիր ձևով անցկացնելու դեմ: Ընդհակառակը, երեխայի պես անհամբերությամբ եմ սպասում ձու ներկելուն ու խաղալուն: Շատ գեղեցիկ հիշողություններ ունեմ մանկությունից այս սովորույթների հետ կապված: Սակայն չեմ կարողանում հասկանալ, երբ մարդկանց (նրանց, ովքեր իրենց քրիստոնյա են համարում) Զատիկի միայն այդ ուրախ ու զվարճալի մասն է հետաքրքրում

Այդպիսի մարդիկ հաճախ նույնիսկ չեն էլ մտածում տոնի խորհրդի մասին, հնարավոր է նույնիսկ չգիտեն, բայց Պատարագի ժամանակ օրհնված ձու բաժանելու պահին առաջին շարքում են միշտ: Պատրաստ են իրար հրել, նույնիսկ վիրավորել, միայն թե այդ բաժանվող բանից վերցնեն (ու այնքան էլ կարևոր չէ, թե ինչ է դա): Բնականաբար, լինի դա օրհնված ձու, ուռենու ճյուղ, ջուր թե կարագ՝ ժողովրդի համար է: Բայց այն վերցնելու ձև կա, որին շատ մարդիկ կարծես անտեղյակ են: Մի պահ ձեզ հարց տվեք. արժե՞ արդյոք, քրիստոնեական մի քանի խորհուրդ արհամարհելով, վերցնել այդ օրհնված ձուն, որ իր օրհնանքը կորցնում է ձեր պահվածքից:

Ցավոք, կարելի է ենթադրել նաև, որ մեր ժողովրդի մեջ շատերը առանց իմանալու քրիստոնեության էությունը ու խոհուրդները, իրենց համարում են քրիստոնյա: Նրանք պատրաստ են մի մեծ խաչ կրել ու այստեղ-այնտեղ հպարտորեն ասել, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են, մինչդեռ նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է նշանակում: Այս խմբին պատկանող մարդիկ, բնականաբար, եկեղեցի գնում են միայն տոներին, երբ ինչ-որ բան են բաժանում:

Սակայն ուզում եմ պարզաբանել. վերոնշյալ հատկանիշները և պահելաձևը վերաբերում է մարդկանց մի խմբի միայն: Բարեբախտաբար, շատ են այն մարդիկ, ովքեր հասկանում են քրիստոնեության էությունը և ավելի մեծ ուշադրություն են դարձնում տոնի խորհրդին, քան ձևական կողմերին:

Այսօր, Հարության ուրախ ավետիս տալիս մի քիչ մտածենք հենց խորհրդի մասին:

Քրիստոս հարյավ ի մեռելոց…

Անահիտ Բադալյան

Կիսված ապրիլն ու հիշողությունները

Բարև, հին ընկեր: Հուսամ՝ լավ ես: Վաղուց չէինք զրուցել, բայց քննությունները, «դեդլայններն» ու քոլեջի էս աննկարագրելի ակտիվ կյանքը շատ ու շատ բաների ժամանակ չեն թողնում: Էսօր ուզում եմ պատմել էս ամիսների մասին: Գիտե՞ս, դու շատ բաներ գիտես: Առանձին դեպքերով քեզ հետ բազմիցս կիսվել եմ, շատ բաների մասին պատմել եմ, սիրուն տեսարանները ևս փորձել եմ քեզ տեսանելի դարձնել: Բայց էսօր ուզում եմ խոսել էն մասին, թե մարդն ինչքան կարող է հասունանալ մի քանի ամսում:

Ամեն գիշեր քնելուց առաջ փորձում եմ մտովի հետ գնալ ու հասկանալ՝ ինչ եմ արել վերջին ամիսներին, ինչ եմ սովորել: Ու մտքիս առաջին թռիչքս է գալիս: Ես՝ դեռ երկար մազերով, հուզված՝ համ հայրենիքն ու բոլորին լքելու, համ ապագայի հանդեպ մեծ հույսեր, բայց մի քիչ տագնապ ունենալու պատճառով: Հետո հիշում եմ կորած ճամպրուկս՝ Վենետիկի օդանավակայանում: Նստած մարտկոցս ու Իտալիայում կորչելու մեծ վախս եմ հիշում: Օդանավակայանում 6 եվրոյով գնած պիցցայի մի փոքր կտորն ու լարվածությունից էդ պիցցայից առանձնապես բան չհասկացած ստամոքսս: Ցավող մեջքս եմ հիշում, որ երեք մեծ պայուսակ ուսերին 3-4 ժամ քաշ էր տվել Երևանից Վենետիկ: Հիշում եմ առաջին անգամ UWC Adriatic-ի ավտոբուս նստելս ու ամրագոտի կապել մոռանալս (վերջինս հաճախ էր կրկնվում սկզբնական շրջանում): Հետո հիշում եմ քոլեջ ժամանելս, ականջներիս իտալերենը, որ էն ժամանակ դեռ բացարձակապես չէի հասկանում, ու շուրթերիս անգլերենը, որ ամրապնդվեց էս ամիսների ընթացքում: Հիշում եմ սենյակիս պատուհանին մոտենալը, այն բացելն ու լաց լինելը: Երջանկությանս չհավատալն եմ հիշում: Հետո Նեմրայի “Last Chance To Love”-ը բարձր միացրած՝ սենյակս ձևավորելն եմ հիշում: Հիշում եմ՝ ինչ երկար էի նայում լուսնին ու ինչի մասին ասես՝ չէի մտածում․ հեռու անցյալից մինչև մոտ ապագա: Էկոնոմիկայիս առաջին տնայինն եմ հիշում, որի վրա երևի 3 ժամ ծախսել եմ, որ անթերի ստացվի, էն տնայինը, որը հիմա առավելագույնը 25 րոպեում կավարտեի: Հուզված Անահիտին եմ հիշում՝ կյանքում առաջին անգամ փիլիսոփայության դասախոսությանը նստած, էն Անահիտին, որը հիմա ձկան նման լողալ է սիրում փիլիսոփայության մեջ: Հա, լողալու մասին: Հիշում եմ՝ ծովի ափին ընկերներիս լողալիս լուսանկարելս ու իրենց պես լողալ իմանալ ցանկանալս: Ու հիշում եմ և այն, որ լողում եմ հիմա արդեն: Տեղանքին անծանոթ լինելու պատճառով մի քիչ անհանգիստ լինելս եմ հիշում ու հիմա Դուինոյով անընդհատ զբոսնելու անհագ ցանկությունս: Կյանքիս ամենասիրուն մայրամուտներն եմ հիշում ու ամենապայծառ արևածագերը: Երևի ոչ ամենատաքը, որովհետև ինձ ջերմացնողներից քիչ ավելի հեռու եմ: Սիրուն օրեր եմ հիշում, պաղպաղակներով ու ժպիտներով լիքը օրեր: Կարևոր թեստերից առաջ չփակված աչքեր ու թեստը ավարտած մաքուր խիղճ եմ հիշում: Էսքանը հիշում եմ մի ակնթարթում, բայց թվում է՝ երկար ժամանակ է պահանջվել էսքանը հիշողության գիրկը գցելու համար: Ու մի բան էլ եմ հիշում, որ հիմա ես ծովից ծով եմ, էնպես, ինչպես իմ Հայաստանը՝ ժամանակին: Ծովի էս կողմում ես ժպտալ ու անկեղծ ուրախանալ եմ սովորել, ինքնուրույն ու հաստատակամ ապրելուն ու ինքս իմ մասին հոգ տանողը լինելուն եմ հարմարվել, բայց այդ ամենը շնորհիվ էն մեծ կամքի ուժի, որ ծովից էն կողմ եմ ձեռք բերել: Ես ծովից էն կողմ մի ուրիշ ծով ունեմ: Իմ սիրելիների, թանկերի ստեղծած ծովը՝ խաղաղ, ջերմ, տաք ու ջինջ:

Ես ուզում եմ իմանաս, որ բոլոր ծովերում էլ փոթորիկներ լինում են: Բայց նավերը շարունակում են հանդարտ լողալ նրանց մակերեսին: Պինդ մնա, եթե փոթորիկներ սկսեն քո հոգու ծովերում, դուրս չգաս ափերիցդ ու չբորբոքվես: Ծովը նրանով է գեղեցիկ, որ կարողանում է լուռ հանդուրժել անձրևը, ձյունը, քամին ու այդքանով հանդերձ չի դադարում սիրունագույնս արտացոլել արևի լույսը:

Այս յոթ ամսվա ընթացքում շատ եմ մտածել ծովի մասին՝ ծովի ափին նստած: Ժամանակը, հեռավորությունը, քո առջև դրված նպատակների խոստումնալից ու պարտավորեցնող լինելն ու մտերիմներիդ բացակայությունը թափահարում են ալիքներդ, բարեկամս, ուզում են հունից հանել հոգուդ ծովը: Խաղաղ մնա, որ քեզ նայելիս մարդիկ զգան այն, ինչ ես՝ Ադրիատիկին: Սեր, հիացմունք, ներդաշնակություն ու․․․ կարոտ:

Հ․Գ․ Դասերի ու հանձնարարությունների թոհուբոհում շաբաթ օրը Սլովենիա եմ այցելելու, կկիսվեմ։ Մինչ հանդիպում, իմ բարեկամ:

alina grigoryanyerev

Կամք կամ հաջողություն հարմարավետության գոտուց դուրս

Հաջողության հասնել ցանկանում են բոլորը, այդ թվում և ես: Անցած տարի իմ կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը գլխիվայր շրջեց հաջողության մասին իմ պատկերացումները:

2018 թվականի մայիսն էր, ՀՊՄՀ-ի 2-րդ կուրսում էի սովորում։ Համալսարանում էլի եկան ու հայտարարեցին հերթական «Ամառային դպրոց» ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի մասին։ Ծրագրի մասին գիտեի դեռևս առաջին կուրսից, սակայն չէի դիմել՝ վախենալով ձախողել ընտրական փուլը, փորձել նոր, ինձ անծանոթ մի բան:

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը մոտ էր, նորից հայտարարություն արվեց։ Իրարամերժ մտքերը խառնվեցին գլուխումս։ Որոշեցի այնուամենայնիվ դիմել ու վերջին օրով լրացրի հայտադիմումը՝ ոչ մի լուրջ բանի չսպասելով (նախ` անցնելու հույս չունեմ, և հետո` անցնելու դեպքում էլ ծնողներս թույլ չեն տա գնալ արտերկիր)։

Եկավ հարցազրույցի օրը։ Հարցազրույցին ներկայացա կոստյումով ու շատ լուրջ դեմքով, պատասխանեցի բոլոր հարցերին, չնայած` պատասխաններս շատ անփույթ էին: Դուրս եկա քննական սենյակից աննկարագրելի ուրախ ու թեթևացած, քանի որ խիզախել էի գոնե փորձել:

Երկու շաբաթ անց տեղեկացա, որ ընտրական փուլը հաղթահարել եմ և պետք է մասնակցեմ վիճակահանության՝ հյուրընկալող երկիրը պարզելու համար։ Եվ ի՞նչ, իմ վերցրած թղթի կտորի վրա գրված էր աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներից մեկը՝ Ֆինլանդիան՝ իր Օուլուի համալսարանով։ Ինձ տրված էր հնարավորություն, որի մասին նախկինում միայն կարող էի երազել։ Առաջին անգամն էր, որ կարողանում էի զգալ կամքիս հզորությունն ամբողջապես՝ հոգով, սրտով և էությամբ։ Ո՞վ կպատկերացներ, որ կյանքիս լավագույն օրերի մի մասը պիտի ապրեի «բացարձակապես անծանոթ» մարդկանց հետ, որոնց մեջ և պիտի գտնեի ամենածանոթներին։ Ծրագրի տևողությունը մեկ շաբաթ էր, բայց ստացած դասերը միայն մի շաբաթ չէր, որ պիտի կիրառվեին:

Ու հիմա իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ այս իրադարձությունից առաջ և հետո։ Ամառային դպրոցը միանշանակ ֆորմալ անունն է, սա դպրոց է, որում գլխավոր դերակատարը կամքն է։

Արդեն 3-րդ կուրսում եմ սովորում։ Այլևս չունեմ սխալվելու, կորցնելու ու չհաջողելու վախ, հիմա ես ունեմ միայն ուսուցողական հնարավորություններ:

sargismelknyan12

Հեղափոխությանը հետահայաց

16-ն էր։ 8։41 արդեն պիտի տանից դուրս գայի դպրոց գնալու համար։ Մեսրոպը գրեց․ «Հավաքվում ենք՝ գնանք ցույցի»։ Չէի սպասում․ գրեցի՝ վստա՞հ ես։ Հա՝ պատասխանեց։ Լավ։

Ու ես վերցրի դրամատուփիս միջի 2100 դրամը, պայուսակս բեռնաթափեցի՝ թողնելով 2 գիրք, մի տետր ու մի գրիչ, դրեցի 17-ի թղթակցի վկայականը (որովհետև գիտեի, որ թղթակիցները հավաքի մասնակիցներ չեն հանդիսանում, ու որ նրանց բերման չէին կարող ենթարկել), ջուր դրեցի, հետո հանեցի, հետո էլի դրեցի, վերցրի դրոշը (մեզ պահապան) ու սովորականի պես անսովոր զգացումներով դուրս եկա տանից։

Ճանապարհին հիշեցի ամսի 9-ը, երբ երեկոյան հեծանիվով իջնում էի գյուղամեջից ու հանդիպեցի տղերքին։ Ցույցերից էինք խոսում։ Հետո արդեն նկարներ հայտնվեցին համացանցում։ Շատ մարդիկ էին երևում Ազատության հրապարակում։ Տղերքն ասացին, որ Վասի պապին էլ է էնտեղ։ Ես էլ կուզեի՝ մտածեցի։ Հետո գնացի հեռախոսս լիցքավորելու։ Միացա «Ազատության» ուղիղ հեռարձակմանը։ Հետո ընկերներիս հրապարակումները եղան։ Հիշում եմ Սոսեի փոստը, թե ինչպես էր իր կողքին կանգնած տարեց մի կին ասում․ «Ամբողջ կյանքս հեռուստացույցի դիմաց սպասել եմ, որ երկնքից աստղեր բերեն, այսօր ես եմ եկել աստղեր իջեցնելու»։

Երեկոյան գրում եմ ընկերներիս։ Ասում են, որ ցույցերի են գնալու։ Չեն հարցնում՝ կգա՞ս, որովհետև աշխարհի չափ կուզեի էնտեղ լինել, բայց չէի կարող տանը դրա մասին ասել։

Դպրոց եմ հասնում։ Մեսը մուտքի մոտ կանգնած է։ Ասում եմ՝ ովքերո՞վ ենք գնում։ Ասում է՝ ես ու դու։

-Լավ,- ասում եմ,- արի գոնե առաջին ժամը նստենք, նոր կգնանք։

Դասարան ենք մտնում, խոսում ենք տղերքի հետ, ու բոլորը թերահավատությամբ են նայում էս ամենին։ Գնանք՝ մեզ բռնեն տանե՞ն․․․ Սաղ սարքած ա, մեկ ա բան չի փոխվի։ Հետո 11-երին ենք ասում, որ գան, միանան, գնանք ցույցի։ Միայն Արփին է միանում։

Ես, Մեսը, Վասը (որի պապին դեռ ամսի 9-ից էր Ազատության հրապարակում) ու 11-երի Արփին գնում ենք տուն։ Տաք իրեր ենք վերցնում։ Ու շուտ դուրս գալիս։ Աշտարակում լիքը մարդիկ են ավելանում գազելում։ Հետո ինչ-որ մեկն է նստում, ով ճանաչում էր մեր ծնողներին։ Հարցնում է՝ ո՞ւր եք գնում։

Ցույցերի՝ ասում ենք․․․ Հետո տնեցիք են զանգում, ուսուցիչները․․․ Հետո պապային մի կերպ համոզում եմ, որ ամեն ինչ կարգին է։ Հետո մաման է սկսում։

Հաղթանակի կամրջի մոտ հասնում ենք ցուցարարներին։ Դա մեզ քաղաքացի զգալու առաջին պահն էր։ Միանում ենք ամբոխին ու գոռում «քայլ արա», բայց չենք շարունակում, որովհետև գիտեինք, որ ամեն ինչ չէ, որ Սերժ Սարգսյանի պատճառով է։ Շարունակում ենք ճանապարհը, հետո զանգում ու այնպիսի բաներ են ասում, որ տուն չգնալը անհնար էր։ Քայլելով վերադառնում ենք, նստում ենք տաքսի։ Հետ ենք գնում։

Դպրոցում բոլորի հայացքները մեզ վրա են։ 3 տղա և 1 աղջիկ։ Ըմբոստնե՞ր։ Քաղաքացիներ։

Հետո զրկվում եմ հեռախոսից։ Երկու-երեք օր հետո ամբողջ դպրոցն է փախչում դասից։ Մաման, որ դպրոցում էր աշխատում, ասում էր՝ մի գնա։ Խնդրում եմ, մի գնա։ Ու ես ինչ-որ կերպ հանուն մամայի խեղդեցի իմ միջի քաղաքացուն։ Չգնացի։ Հետո տղերքը հետ եկան։ 23-ն էր։ Ասացին՝ գնում ենք Երևան։ Ասացի՝ մամ, պապ, կներեք, բայց գնում ենք ցույցի տղերքով։ Պապան, թե՝ ես էլ եմ գալիս։ Ճանապարհին ռադիոն ասաց, որ Սարգսյանը հրաժարական էր տվել։ Իրար էինք նայում չհավատալով։ Հետո քաղաքացու երգը հնչեց, հետո ձայնային ազդանշաններ, մեքենաներից կախված դրոշներ․․․ էս ամենը չէր տեղավորվում ուղեղումս։ Հաղթեցի՞նք, ինչ է․․․

Ամսի 24-ի առավոտյան հիշատակի երթ պիտի կազմակերպեինք դպրոցում։ 10-ին հավաքվում ենք դպրոցի բակում։ Գալիս էին ուսուցիչները, ու մենք նայում էինք նրանց դեմքին, թե՝ տեսա՞ք։

-Տեսանք ու հպարտ ենք ձեզնով,- ասում են։

Բայց մենք դեռ չենք հավատում էս ամենին։

25-ին հավաքվում ենք դպրոցում ու գնում ենք Աշտարակ միասին։ Հաջորդ օրը ուսուցիչները իմ տպավորություններից էին հարցնում, ու ես լռում էի, որ հրաժարականից հետո արդեն էն չէին ցույցերը, որոնք էին սկզբում։ Լռում էի, թե ցույցերի ժամանակ ինչ էր կատարվում, թե ոնց էր 16-17 տարեկան ցուցարարների մի խումբ բացում ուրիշների մեքենաների դռները ու ձայնային ազդանշաններ տալիս։ Թե ինչ էին գոռում երեխեքը Աշտարակում։ Լռում եմ ու ասում, որ երեխեքը գիտակից են, որ հասկանում են, թե ինչի համար են պայքարում։ Ու որ ինչ-որ բան անպայման փոխվելու է։

Էս ամենին խորացող հիասթափությունն է հետևում, որովհետև մարդիկ առանց պետհամարանիշների երթևեկում են հազարի տակ, հրապարակներում մերժում են քաղաքական աղբը, բայց կենցաղային աղբը չգիտեն, որ գետնին գցելը վայել չէ քաղաքացուն։

Ապրիլի վերջն էր, ու երեկոյան ես ու պապան գնում ենք ցույցի։ Ասացի՝ Նեմրան համերգ ա ունենալու, պապ, արի գնանք։ Գնացինք, հետո վերադարձանք կեսգիշերին։

Մայիսի սկզբին հյուսիս-հարավը փակեցինք։ Մեզ միացան նաև ոսկեվազցիները։ Խաղեր սկսեցինք խաղալ, հետո Տեր հայրը եկավ։ Հետո էլի լիքը մարդիկ։ Հետո ճանապարհը բացեցինք։

Հետո հեղափոխությունը եղավ։ Հեղափոխությունը եղավ ու հիմա էլ շարունակվում է մեր մեջ։ Մենք հեղափոխում ենք մեր միջի «քաղաքացուն», մերժում ենք վատը ու պատրաստվում ավելի լավ երկիր ստեղծելու։

Կեցցե այն Հայաստանը, որ եկել է արդեն։

 

sona mkhitaryan

Մեր գյուղում իրավիճակ չի փոխվել

Չգիտեմ` մնացած մարզերում ինչպես է, բայց մեզ մոտ արդեն գարուն է։ Դուք չեք պատկերացնի, թե տանտիկինները ամեն նոր գարնան ինչպես են սպասում։ Չէ՛, ծաղկած բալենիներով հիանալու ու սելֆի անելու, ֆեյսբուք գցելու ու սիրուն տողեր գրելու համար չէ, ոչ էլ բակի նարգիզները ծաղկամանով հյուրասենյակում դնելու համար, այլ ուրախանում են, որ դաշտերում աշխատանքի կգնան։ Գիտե՞ք, մեզ մոտ կանայք ուրախանում են, որ աշխատելու են, այն էլ օրական ոչ թե 5000 դրամով, այլ 6000 (երկրում իրավիճակ է փոխվել), ուրախանում են, որ Ռուսաստանից իրենց ամուսիններին կանչել են աշխատելու, ու իրենց երեխաները, այդ ամենը տեսնելով, զգալով, բայց չարտահայտվելով` գնում են խանութ ու փորձում 1500 դրամի սահմանում ընտրել «երևացող» նվեր իրենց մայրիկի համար։ Ինչ խոսք, պատկերը տխուր է։

Մեր հարևան բոլոր կանայք միասին մի տեղում են աշխատում, ու ինչպես իրենք են ասում.

-Դեղ կուլ տալով աշխատում ենք, էլի։

Մեկը աշխատում է, որովհետև ամուսնու առողջականը չի ներում աշխատելու համար, մյուսն աշխատում է, որովհետև զինվոր որդի ունի, մեկն աշխատում է, որովհետև ուսանող ունի, մյուսն էլ՝ որովհետև «ճակատին է գրված»։

Գյուղական համայնքներում պատկերն այսպիսին է, և ես ցավով եմ գրում այսքանը։
Այսքանը…

shushannaHakobyan

Ամեն դեպքում՝ անծանոթներ

Երկար ժամանակ է՝ չէր երևացել մեր շենքերում: Լավ է, որ եկավ: Էնպես չի, որ շատ էի ուզում նրան տեսնել, բայց, համենայնդեպս, նրա բացակայությունը նկատելի էր դարձել:

Նույն թափթփված մազերը, նույն փայլող աչքերը, նույն քայլվածքը… Միայն մի բան է փոխվել՝ ժպիտը։ Առաջ հազվադեպ էի նրան ժպտալիս «բռնացնում», իսկ հիմա երջանիկ է երևում: Տեսնես՝ ո՞ւր էր այսքան ժամանակ, կամ ինչո՞ւ է այսքան ուրախ: Լավ, է՜, դա իմ գործը չէ։ Նույնիսկ նրա անունը չգիտեմ, ուր մնաց թե մոտենամ ու խոսեմ հետը…

Նրա մասին գրեթե մոռացած քայլում եմ ու այգու առաջին պատահած ազատ նստարանին տեղավորվում: Նայում եմ դիմացս նստած հավանաբար իմ տարիքի աղջկան: Մի պահ աչքս գցում եմ նրա վրա. դեմքի հոգնած ու դատարկ արտահայտություն, կիսափակ ու ոչինչ չասող աչքեր:

Փորձում եմ դեմքիս ժպիտ խաղացնել, որ իմ աչքերն էլ նրա աչքերին չնմանվեն: Չի ստացվում:

Ուզում եմ վեր կենալ, գնալ, հարցնել, թե ինչն է նրան խանգարում ուղղակի ժպտալ, բայց մենք անծանոթներ ենք, չէ՞: Ես ինչ գործ ունեմ. իր կյանքն է, ինչ ուզում է՝ թող անի։

Վեր եմ կենում ու անշտապ քայլերով գնում տուն: Տուն գնալիս ես ու ականջակալներս հիանալի զույգ ենք: Ականջակալներումս մի աղջիկ անընդհատ հարցնում է. «What’s keeping me up at night?»։ Մտածում եմ, մտքումս ինքս ինձ պատասխանում. «Էն մարդիկ, որ միշտ հանդիպում են ճանապարհիս, բայց մեկ է՝ մնում են ուղղակի կողքովս քայլող ու անցնողներ: Էն մտքերը, որ էդ մարդիկ թողնում են իրենց անցնել-գնալուց հետո: Էն ձայները, որոնց տերերին այդպես էլ չտեսա…»։

Ինչ եմ, է՜, մտածում, 21-րդ դարն է շուրջը։ Ամեն մեկը իր գործին, յուրաքանչյուրն իր կյանքով։

 

suren karapetyan

Բա իմացա՞ք

Պապս «նվազող գների տեսության» դասական էքսպերտն է։

Ամեն անգամ, երբ երթուղային եմ (հայերեն՝ մարշրուտկա) նստում, անցնում թաղով կամ մտնում խանութ, ու գնաց․ մեկը պնդում է՝ էս երկիր չի, մյուսը՝ «ռսի հողի» ցավն ա տանում, երրորդը գազի գնից է բողոքում, իսկ մյուսն էլ անցնցում սպասում է («թողեք թող աշխատեն, էլի» հոգեբանությամբ): Սակայն կա մի բան, որից բոլորն են բողոքում, դե, գները, էլի։ Բողոքելը շատ հեշտ է (արդարության համար ասեմ, որ շատ դեպքերում՝ օգտակար, դե բողոքում ես, նյարդերդ հանգստացնում), սակայն հեչ չե՞ք մտածել՝ ինչու են ընդհանրապես դրանք բարձրանում։

Պատկերացնենք երկու դեպք․ առաջինում գները շարունակաբար նվազում են, իսկ երկրորդում՝ մնում նույնը։ Պապս միշտ բողոքում է՝ պնդելով, որ զարգացում ենք ապրում, էն ժամանակ հոսանքը շատ դժվար էր ստացվում, մազութ էինք բերում, ժամերով վառում, իսկ հիմա, հեն ա, արևին դեմ ես տալիս ու հոսանք ես ստանում։ Հիմա հասկացա՞ք պապիս էքսպերտ լինելը։

Ուղղակի տրամաբանենք, երբ գները նվազում են, արտադրողը ավելի քիչ շահույթ կստանա, բնականաբար, նա կդիմի հարկադրված կրճատումների։ Այսինքն, նույն հավանականությամբ այդ կրճատվածների մեջ կարող է հայտնվել հայրս, հորեղբայրս, քույրս․․․ Արդյունքում, նրանք քիչ եկամուտ կունենան և կամ ընդհանրապես այդ ապրանքից, ծառայությունից կհրաժարվեն կամ էլ ավելի քիչ կգնեն այն։ Ու էստեղ սկսվում են արտադրողի վատ օրերը՝ վաճառք չկա- չկա եկամուտ, չկա եկամուտ- չկա շահույթ, չկա շահույթ՝ փաստորեն երկիրը երկիր չի․․․

Հիմա նույնը պատկերացնենք ամբողջ տնտեսության մակարդակով։ Տնտեսագետներս սրան  ասում ենք գնային շոկ, երբ տնտեսությունը անընդհատ շոկի մեջ է ընկնում և հայտնվում խորը ճգնաժամի մեջ։ Իսկ երբ գները նույնը մնան, ապա տնտեսական աճի մասին պարզապես պետք է երազենք, քանի որ, կունենանք նույն արդյունքը, որը ոչ մի կերպ չի ոգևորի, մոտիվացնի արտադրողին։

Շատ հաճախ, երբ պաշտոնապես հայտարարվում է գնաճի մակարդակը, մենք համոզված ենք, որ մեզ խաբում են, և այն սահմանողը քայլում է օդերով ու թթվածնով սնվում։

Բայց գնաճը մի երկու ապրանքի ու ծառայության գներրի փոփոխությունը չի, այն բոլոր ապրանքների, բարիքների, ծառայությունների գների փոփոխությունն է, այսինքն, դրանցից շատերի գները նույնն են մնացել, նույնիսկ որոշներինը՝ նվազել։

Ընդհանրապես տնտեսագիտության մեջ կարող եմ նշել կարճաժամկետ և երկարաժամկետ էֆեկտները։ Կարճաժամկետում գնաճը մեզ՝ սպառողներիս, ձեռնտու չէ, սակայն երկարաժամկետում արդեն իրավիճակը այլ է։ Այս դեպքում բարձրանում են աշխատավարձերը, կենսաթոշակները, տոկոսադրույքը։ Պարզապես նշեմ, որ սա բնորոշ է «նորմալ» երկրին։ Եվ սրա հետ կապված հիշեցի լսարանում հնչեցված մի միտք․ երկրները լինում են նորմալ և Հայաստան․․․