Մանկական վախերի մասին

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ես` ապագա հոգեբանս, ուզում եմ ներկայացնել մի հետաքրքիր նյութ «Մանկական վախերի» հետ կապվաՎերջերս մասնակցեցի երկօրյա թրեյնինգի «Մանկական վախերը և դրանց կառավարումը» թեմայով, որը անգնահատելի դարձավ ինձ համար: Թրեյնինգի մասնակիցներին հրավերներ եկան Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից նույնը դպրոցներում և մանկապարտեզներում մանկավարժների հետ անցկացնելու համար: Մենք, դասախոսի օգնությամբ, կազմեցինք խմբեր` 5 հոգանոց, և օր նշանակեցինք: Ես, Ֆենյան, Գայանեն, Ստելլան և Հրանուշը գնացինք Արմավիր` Բամբակաշատի միջնակարգ դպրոց: Դպրոցի ընդունելությունը հրաշալի էր: Մենք ցանկություն հայտնեցինք, որ թրեյնինգին, բացի մանկավարժներից, նաև 12-րդ դասարանի աշակերտներ մասնակցեն մասնագիտական կողմնորոշման համար:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Սկզբում ներկայացրինք, թե ինչ է իրենից ներկայացնում վախը. վախը ներքին վիճակ է, որը լինում է իրական և երևակայական: Խոսեցինք կպչուն վախերի` ֆոբիաների և դրա տեսակների մասին: Մեր թրեյնինգը ոչ միայն տեսական մաս էր պարունակում, այլ նաև գործնական: Մենք բազմաթիվ տեխնիկաներ միասին օգտագործեցինք մինչև 11 տարեկան երեխայի վախերը հաղթահարելու համար:

Առաջին տեխնիկան տիկնիկաթերապիան էր։ Լվացքի ամրակներով, գունավոր թելերով և մարկերով պատրաստում ենք տիկնիկ, մասնակիցներին բացատրում էինք, որ այն պաշտպանող տիկնիկ է երեխայի համար: Երեխան ինքն իր ձեռքով պետք է պատրաստի տիկնիկը, նրան պատմի` ինչից է վախենում, տիկնիկը վախերը թաքցնի իր հագուստի տակ, և վերջ։ Երեխան գիշերը տիկնիկը դնում է բարձի տակ, իսկ գիշերը մայրը տիկնիկին վերցնում է` առավոտյան ասելով, որ վերջինս իր վախերը վերցրել և գնացել է: Չկա մի երեխա, որը չհավատա։

Մյուսը Պյուսի հեքիաթն է, որը պարզում է՝ երեխան իրականում ինչից է վախենում: Երեխային պատմում ենք հեքիաթ և խնդրում, որ նա շարունակի այն. «Լինում է, չի լինում մի տղա/աղջիկ է լինում: Նա վախենում էր… Ինչի՞ց էր վախենում տղան/աղջիկը»: Երեխան անգիտակցորեն ասում է այն, ինչից իրականում ինքը վախենում է: Օրինակ՝ թրեյնինգի ժամանակ աղջիկ երեխայի հետ իրականացրինք այս տեխնիկան, և նա ասաց՝ գողերից է վախենում:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Իրականում ես շատ-շատ կարող եմ խոսել այս տեխնիկաների կատարման մասին, բայց եկեք ամենահետաքրքիր տեխնիկան ներկայացնեմ, որը կոչվում է էբրու:

4 տարեկանից սկսած՝ երեխաները սովորաբար վախենում են ջրից և այդ վախի հաղթահարման համար իրականացնում ենք էբրու: Երեխային տալիս ենք ափսեի մեջ լցված կաթ կամ կրախմալով ջուր և ջրաներկ։ Հրահանգը հետևյալն է` նկարել տղա/աղջիկ (ըստ իր սեռային պատկանելության), ով լողում է ջրում և չի վախենում խեղդվելուց։ Իրենք իրենց են նկարում և իրենց ինքնավստահ են զգում:

Եվս մեկը. երեխաները սովորաբար վախենում են կենդանիներից, հոգիներից, երևակայական հրեշներից: Երեխային տալիս ենք փուչիկ և ասում, որ փչելով փուչիկը` ինքն իր վախերը լցնում է փուչիկի մեջ: Փչելուց հետո նա մարկերով վրան նկարում է իր վախը և սուր փայտիկով պայթեցնում այն՝ պայթեցնելով իր վախերը: Այս ամենը մենք բոլոր մասնակիցների հետ կատարեցինք:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Եթե երեխան վախենում է որևէ կենդանուց, նրան տալիս ենք պլաստիլին և ասում՝ պատրաստի իր վախը, այնուհետև սուր փայտիկները խրում է վախի մեջ՝ «արժեզրկելով» այն:

Ես և իմ թիմի անդամները բոլոր մայրիկներին, որոնք ունեն մինչև 11 տարեկան երեխա, խորհուրդ ենք տալիս կիրառել այս տեխնիկաները, և ամենակարևորը, իրենց վախերը չփոխանցել իրենց երեխաներին։ Եթե մայրիկը շնից վախենում է, թող իր երեխայի ճանապարհը չթեքի իր հետ, որ շան կողքով չանցնեն, երեխան հենց այդ պահից սկսելու է վախենալ, բայց մինչ այդ չէր վախենում: Դուք այլ մարդ եք, ձեր երեխան` այլ:

Թրեյնինգի վերջում մասնակիցներին տրամադրեցինք մանկական վախերի վերաբերյալ փաթեթ:

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Երեխան վախեր է ձեռք բերում դեռևս ներարգանդային զարգացման շրջանից, երբ տագնապի և վախի, տխրության և անընդհատ տագնապի ժամանակ արտադրվում են համապատասխանաբար` վազոպրեսին, մելատոնին և ադրենալին հորմոնները: Հղի կանայք պետք է փորձեն հղիության ընթացքում լաց չլինել, մաքսիմալ հանգիստ հոգեվիճակ պահպանել, քանի որ այդ պահերին երեխային թթվածին չի մատակարարվում:

Հ.Գ. Այս մասին այստեղ պատմեցի, որովհետև, նախ գուցե դու էլ մանկական վախեր ես ունեցել, կամ նկատել ես, որ քո փոքր քույրը կամ եղբայրն է հիմա վախենում, փորձիր այս եղանակներով ձերբազատվել դրանցից: Եվ հետո, գուցե քեզ էլ հետաքրքրեց հոգեբանի մասնագիտությունը: Մտածիր այս մասին, քանի դեռ հնարավորություն ունես ճիշտ կողմնորոշվելու:

Մեր ձմեռը աշնան կեսին

Նորից ձմեռ, ձյուն ու բուք, որքան էլ զարմանալի է, մեզ մոտ` Ծովազարդում, ձմեռ է, ձյուն…

Այնքան հաճելի է նայել դուրս ու տեսնել, որ ամեն բան ներկված է սպիտակով։

Գիտե՞ք` անցյալ տարի նմանատիպ մի հոդված էի գրել: Մինչև հիմա աչքերիս առաջ է, թե ինչպես էի ջղայնացած գրում «Ծովազարդի երկար ձմեռը» հոդվածը, ասես երեկ լիներ, և այսօր նույն թեմայով եմ գրում, սակայն այլ զգացմունքներով։

Սիրում եմ ձմեռը, այն անակնկալների ու հրաշքների աշխարհ է, և այդ աշխարհում կա միայն սպիտակ գույն, սակայն ամեն ինչը այնքան հետաքրքիր է, այնքան գունավոր է թվում։

Անհամբեր սպասում եմ, թե երբ կբերենք եղևնին ու ընտանիքով կզարդարենք։ Անցյալ տարվանից հետո միայն մի բան չի փոխվել` ես էլի չեմ կարողանում աստղը դնել տոնածառի գագաթին։

Տարօրինակ է, չէ՞, որ դեռ նոյեմբերն էլ չի եկել, սակայն ես գրում եմ այս թեմայով: Ում համար դաժան, ում համար էլ շատ հաճելի` մեր ձմեռը սկսվեց։

Ձմռան հենց առաջին օրով արդեն հասցրել եմ ձնագնդի «ուտել»` ուղիղ իմաստով։

Կյանքում ամեն ինչ չէ, որ մեր սրտով է, բայց մենք պետք է համակերպվենք, ինչպես համակերպվեցինք ձմռանը, որը եկավ աշնան կեսին, անկոչ, բայց սիրելի հյուրի պես: Այդպիսի հյուրերը մեր շրջապատում այնքան էլ քիչ չեն։

hayk Sargsyan

Լավատեսության հազար ու մի պատճառ

Օրս սկսվեց ինչպես իմ կյանքի 5844 (16*365+4 նահանջ տարիները, իմ մաթեմատիկական հաշվարկներում չեք կարող սխալ գտնել) օրերից մեկը. օպտիմիստ տրամադրվածությամբ, պայծառ ժպիտով, բաց չակրաներով (չակրա բառը ես սովորել եմ երկու տարի առաջ)։ Մի խոսքով՝ սովորական օր, սովորական Հայկ։

Օրենքին համաձայն՝ ես ու իմ դասընկերները երկուշաբթի օրերը գնում ենք Թումո, բայց քանի որ ավտոբուսի ժամերը չեն համընկնում մեր դասերին, մենք վարձում ենք տաքսի։ Այդ օրը բացառություն չէր, սակայն տուն գալու ճանապարհին դեպքերը ստանում են այլ ընթացք.

-Սուսեք, տղեք, ոնց որ մեքենայից ձայն է գալիս,- ասաց վարորդը։

-Ինչ-որ հոտ չե՞ք առնում։

-Հը՞, կարո՞ղ է շմոլ գազ է, -տագնապալի ձայնով հարցրի ես։

-Ընկեր Վարդանյանին որ կանչենք, ինքը հաստատ կասի։

-Արմեն, ընկեր Վարդանյանը որ գար, կշնչեր ու կմահանար, -պատասխանում է Դավիթը, ինչին հաջորդում է բոլորիս ծիծաղը։

-Ծուխ է հելնում, -բացականչեցինք բոլորս…

Է՛լ վարորդը, է՛լ տղաները, ջանք չէին խնայում վերականգնելու փչացած մեքենան։ Թարսի պես մեքենան փչացել էր ինչ-որ ռեստորանի առջև, որտեղ կարծես պատրաստվում էին ընթրել նախկին իշխանավորները։ Շատ ախորժալի էր բուրում։

Մինչ բոլորը նստած «Գույն տրամադրության` սևն» էին լսում, ես նախընտրում էի the neighborhood-ի R.I.P. to my youth-ը, քանի որ արդեն ժամը ինն էր, ու մենք դեռ Երևանում էինք։ Ինչևէ, չենք մոռանում, որ ես օպտիմիստ եմ, ու դրանք զուտ խոսքեր չեն։ Սրա մեջ լավ կողմ էլ կար։ Մենք չենք ասի վաղվա գրականության անգիրը։ Յե՜հ։ Ես անկեղծ էլ ուժ չունեի սովորելու Թումանյանի «Հայոց լեռներում» անգիրը։ Սա մենք կարող էինք օգտագործել որպես արդարացում, ու քանի որ մենք յոթով էինք, մեր՝ «երկուս» ստանալու շանսերը քչանում էին։ Առաջ ընկնելով ասեմ, որ մենք պարտացուցակի մեջ ենք, ու վաղ թե ուշ ասելու ենք այդ անգիրը։

Հետո բոլորս նկատեցինք, որ դեպի մեզ է սլանում մի էվակուատոր։ Մենք փրկված էինք։ Այնպիսի զգացողություն էր, ասես մեր ինքնաթիռը ընկել էր ամայի կղզի, և մի քանի տասնամյակ այնտեղ գոյատևելուց հետո վերջապես գտել էր փրկության նավը։ Իսկ այ, էվակուատորով մեր ճանապարհորդությունը այլ պատմություն է, որը չգիտեմ՝ ինչի ես, ձեզ չեմ պատմի։

anahit baghshetsyan

Երևանը մեղավոր չի

Եղանակն ամպած է։ Ուժեղ անձրև, անտանելի քամի ու գունավոր անձրևանոցներ։

Ես սիրում եմ աշնան ստեղծագործությունները, բայց Երևանը այդ ստեղծագործությունների գրկում, տանել չեմ կարողանում։ Առանց անձրևի ու քամու գոռում-գոչյունների էլ ակնհայտ է, որ էստեղ ապրող ժողովուրդը դժգոհ է, բայց աշունը ամեն ջանք գործադրում է, որ դժգոհությունն ավելի ուժգին արտահայտվի։

Նայում եմ փողոցով քայլող մարդկանց դեմքին ու տեսնում եմ հիասթափության անդունդներ։ Անդունդներ, որոնք լցված են ասված ու չասված խոսքերով, իրականացված ու դեռ չիրականացված սպասելիքներով, դատարկ մտքերով ու անորոշ ապագայով։

Ուզում եմ ասել նման անդունդը գլորվող բոլոր մարդկանց, որ էս քաղաքը մեղավոր չի։ Երևանը մեղավոր չէ, որ քո մանկական երազանքները չեն իրականացել, ու դու չես դարձել քո երազած մասնագետը, փոխարենը դասի ժամանակ կատարած նշումների, դասագրքերի ու դասախոսների ցուցումների արանքում փորձում ես գտնել ինքդ քեզ։ Երևանի նեղ փողոցների կիսահանգած լույսերը մեղավոր չեն քո ներսում մարող հույսի համար։ Էս փոքր քաղաքում մի՛ փնտրիր այն հազարավոր խնդիրները, որոնք քեզ ստիպում են իրականությունդ մոխրագույն ներկել ու մոռանալ գլխումդ կառուցված հեքիաթային քաղաքը։ Երևանը մեղավոր չէ, որ իր աշնանային քամիները տերևներից բացի իրենց հետ միասին տանում են նաև քո բոլոր սպասելիքներն ու բոլոր ընկերներին։ Ու պետք չէ մեղադրել Երևանին միայն նրա համար, որ 15 համարի ավտոբուսի մեջ, բացի մարմնիցդ, ճմրթվում ու անհետ կորում են քո բոլոր-բոլոր նպատակները։ Երևանը մեղավոր չէ, որ նպատակներդ իր հետ տանող ավտոբուսից իջնելուց հետո կոտրվում են մտքերդ ու ցանկություններդ՝ տեղ տալով դժգոհություններին ու հառաչանքներին։ Հայաստանի էս փոքր մայրաքաղաքը մեղք չունի այն բանում, որ դու էստեղ չես գտնում հոլիվուդյան ֆիլմերում նկարագրվող սերն ու այդ նկարագրությունը ստեղծող դերասաններին։ Չնայած հոլիվուդյան սերն ու դերասանները, բացի Հոլիվուդից, ուրիշ տեղ չես էլ գտնի, ո՛չ Կոլումբիայում, ո՛չ Մոզամբիկում, ո՛չ էլ Միլանում։ Միգուցե այն հասարակ պատճառով, որ այդ սերն ավելի շատ ուտոպիական է, քան իրական։

Ո՛չ Երևանը մեղք ունի, ո՛չ աշունը, ո՛չ էլ անձրևը․․․

Հոլիվուդյան սերն ու նոր նպատակներդ շուտով ձեր տան դուռը կթակեն:

Հայ-շվեդական համագործակցություն

Մեր շվեդական գործընկերներից մեկը` Seek you Seek you – Youth in Creative Global Communication կազմակերպությունը հոկտեմբերի 24-ի` Միավորված ազգերի օրվա առթիվ պատրաստել է մի հաղորդում, որում ներառել է նաև «Մանանա» կենտրոնի սաների ֆիլմերից մի քանիսը: Հաղորդման մեջ տեղ են գտել նաև International Youth Media Summit-ի կողմից տրամադրված տեսանյութերը, որոնցում նույնպես մեր կենտրոնը որոշակի ավանդ ունի, որովհետև հանդիսանում է այդ համաժողովի հիմնադիր անդամներից: Քանի որ շվեդ հեղինակները հաղորդումը ներկայացնում են որպես երիտասարդների կոչ` ուղղված ողջ աշխարհին և ապագային, կարծում ենք այն կարող է հետաքրքիր լինել նաև մեր ընթերցողներին: Հաղորդման հղումը այստեղ`

https://cqcqycgc.wordpress.com/

կամ

arxiv

Շատ բան չի փոխվել նաև այսօր

Արշավ

Մի անգամ մենք որոշեցինք գնալ արշավի: Եկան նաև հայրիկիս ընկերները: Վերցրինք վրանները և գնացինք Հաղարծին: Առաջին տեղը մեզ շատ հարմար թվաց: Մայրիկն ու հայրիկը պատրաստվում էին իջնել գետից ջուր բերելու, երբ մի գերան դղրդալով ընկավ նրանց ոտքերի առաջ: Պարզվեց, որ անտառը կտրում են: Մնալ հնարավոր չէր: Մենք արագ հավաքեցինք վրանները և փախանք այդ սարսափելի վայրից:

-Ինչքան քաղաքին մոտ, այնքան ավելի լավ,- ասաց հայրիկիս ընկերը, և մենք վերադարձանք Դիլիջան քաղաքին մոտ գտնվող մի բացատ:

Գտնելով մի հարմար տեղ` վրանները խփեցինք: Բայց քիչ հետո, չգիտես որտեղից, հայտնվեցին մկները: Շատ-շատ մկներ: Նրանք առանց վախենալու զբոսնում էին մեր շուրջը, բարձրանում էին սեղանին: Քիչ հետո հայրիկն ասաց, որ գետակը, որի ափին մենք վրան էինք խփել և պատրաստվում էինք լողալ, դարձել է քեֆչիների աղբանոցը: Իսկ որտեղ աղբանոց, այնտեղ մկներ ու առնետներ: Մոռանալով հոգնածությունը` փախանք նաև այդտեղից: Տեսնելով մի բացատ` արդեն երրորդ անգամ խփեցինք մեր վրանները: Երբ հայրիկիս ընկերը բարձրացրեց գլուխը, տեսավ, որ կովը փորձում է համտեսել իր ճաշը: Նա սկսեց զայրացած քշել կովին` ասելով.

-Փը՛շտ, փը՛շտ, կյանքումս այսպիսի անդաստիարակ կով չեմ տեսել:

Մենք ուրախությունից կչկչում էինք: Ամբողջ օրվա մեջ առաջին անգամ:

Գոռ Բաղդասարյան 9տ., 1997թ.

Պատանեկան IV մեդիաֆորում «Արտեկ». օր 1

18.10.2018թ.
Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Հոկտեմբերի 18-ի երեկոյան արդեն ճամպրուկս պատրաստ էր, չնայած այն բանին, որ մտածում էի թե` չլինի՞ ինչ-որ բան մոռացել եմ։ Տարօրինակ զգացում է, երբ հավաքում ես իրերդ ոչ թե մի քանի օրով Հայաստանի այլ հատվածում հայտնվելու համար, այլ առաջին անգամ մեն-մենակ 20 օրով երկիրդ լքելու։ Անհանգստություն, վախ, տագնապ, պատասխանատվության զգացում. ահա թե ինչ ես զգում, երբ միջազգային պատանեկան մեդիաֆորումի միակ հայ մասնակիցն ես, որը պետք է պատշաճ ներկայացնի Հայաստանը։
Գիշերվա չորսին մոտ մեքենան շարժվեց դեպի օդանավակայան։ Ճանապարհն ինձ աննկարագրելի կարճ թվաց, երևի թե այն պատճառով, որ դեռ մտածում էի. «Կա՛մ կորչելու եմ Մոսկվայի օդանավակայանում, կա՛մ չեմ հասցնելու գրանցումներն անցնել և ուշանալու եմ թռիչքից»։ Մարդաշատ օդանավակայանում ծնողներիս հրաժեշտ տալուց հետո շարժվեցի ամբոխի հետևից։ Սպասասրահում խառնիխուռն մտքերիս հետ կռիվ տալով՝ սկսեցի րոպեները հաշվել, թե երբ պետք է թոթափեմ ուսերիցս թռիչքի պատասխանատու բեռը։

…-Ուշադրությո՛ւն, ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի, խնդրում ենք կապել ամրագոտիները,- ինքնաթիռում լսվեց հանկարծ։ Այն սկսեց շարժվել, առաջ ընթանալ, իսկ վայրկյաններ անց արդեն վերևում էր։ Գլխապտույտ ունեցա մի պահ, կարծես գլուխս բաժանվել էր մարմնիցս ու չենթարկվելով երկրի ձգողության ուժին՝ վեր էր բարձրանում։
Մառախլապատ Արարատից հայացքս մի կերպ կտրելով՝ հետևում էի իրար հաջորդող բնապատկերներին։ Շուտով տեսնում եմ ամպերով ծածկված լեռների գագաթներ, լեռների լանջերին հիմնված գյուղեր, գետեր։ Այնքա՜ն հարազատ էին ինձ այդ բարձունքները, այնքա՜ն իմը։ Ու ես հասկացա, որ այլևս Հայաստանում չեմ, երբ լեռներն ու փոքրիկ գյուղակներն իրենց տեղը զիջեցին ընդարձակ հարթավայրերին ու կարծես քանոնով գծված հազարավոր կիլոմետրեր ձգվող հողատարածքներին։ Չէ, սա իմը չէ, օտար է, յուրովի գեղեցիկ, բայց օտար։

Բարեհաջող վայրէջքից հետո ինձ սպասվում էր ամենադժվարը. գտնել հսկա օդանավակայանի Terminal B կոչվող հատվածը, որտեղից չվերթներ էին իրականացվում Ռուսաստանի Դաշնության տարածքում, և համապատասխան չվերթով դեպի Սիմֆերոպոլ հասնել։ Հետևում եմ ուղղորդիչ սլաքներին, հարցուփորձ անում մարդկանց և վերջապես կարծես թե գտել եմ երեխաների, ովքեր նույնպես «Արտեկ» են մեկնում։ Հանգստացած շունչ եմ քաշում, նստում եմ նրանց կողքին ու սպասում։ Հանկարծ լույսի արագությամբ մի միտք է փայլատակում ուղեղումս, ու խնդրում եմ իրենց տոմսերը, որպեսզի թռիչքի ժամերը համեմատեմ։ Ժամերը բոլորովին նույնը չէին, նշանակում է՝ պետք է շտապեմ։
Հասնում եմ ինքնաթիռին, տեղավորվում, վերջ։ Առաքելությունս ավարտված է… Կամ էլ նոր է սկսվում։
…Օդանավակայանից մի խումբ արտեկցիներով ուղևորվում ենք էվակոբազա, որտեղ ստուգում են մեր փաստաթղթերը և բժշկական զննում են իրականացնում։ Կեսօրն անց միայն ավտոբուսներով շարժվում ենք դեպի «Արտեկ» ճամբար և հասնում ենք երեկոյան, երբ մութն արդեն ընկնել է։

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը` Մարիամ Տոնոյանի

Ընթրելուց հետո տեղում ջոկատների են բաժանում մեզ ըստ որոշակի ուղղվածության՝ լրագրություն, տուրիզմ, ռազմական, բժշկական և այլն։ «6-րդ ջոկատ» (լրագրության ջոկատ),- փաստաթղթերիս վրա փակցվեց, ու ինձ ուղեկցեցին ջոկատավարների մոտ, որոնք ինձ դիմավորեցին «Ահա՜, մեր նորեկ աղջիկը Հայաստանից» խոսքերով։

Առաջին տպավորությունն ապշեցուցիչ էր։ Մի՞թե ինձ սպասում էին։ Նույն ջերմ ընդունելությանն արժանացա նաև առաջին ծանոթությունների ժամանակ՝ երեխաների շրջանում։ Օրվա վերջում փոքր-ինչ ծանոթացա «Արտեկի» կանոններին, որոնց մասին կպատմեմ հաջորդ մասերում։

anush margaryan

Կանաչ-կանաչ կակտուսիկներ

-Ա՛ն, գիտե՞ս՝ չեմ կարծում, որ մամադ ուրախությունդ կկիսի, արդեն բուսաբանական այգի ես դարձնում…

-Է՜, Արփին, չէ՛, էլ ո՞ւր մնաց հարմարվողականությունը: Հետո էլ ես Սուկուլենտների թագուհին եմ, մոռացե՞լ ես: Ես եմ ընտրյալը. հասարակ աղջիկ, ով կփրկի մի ողջ դինաստիա…

Իմաստալից զրույցը շարունակելով՝ ես ու Արփինեն ուրախ-ուրախ մոտեցանք կակտուսներ վաճառող բարի պապիկին:

-Ախր, էնքա՜ն լավն են, որ չգիտեմ, թե որը ընտրել։

-Այ աղջիկ ջան, արդեն տասը րոպե է՝ հերթով բոլորին ուսումնասիրեցիր, կարո՞ղ է գաղտնի առաքելություն ունես… Կամ էլ երևի տիեզերքից ես եկել:

-Վա՜յ, չէ, ի՞նչ եք ասում, ուղղակի Սուկուլենտների աշխարհից…

-Չէ՜, չգիտեմ իրենց աշխարհի տեղը, բայց վստահ եմ՝ էլի ամեն ինչում Եվրոպան է մեղավոր, ի՞նչ են ուզում, չես հասկանում։

-Ներեցեք, բայց սխալվեցիք, Ամերիկայի ու Հարավային Աֆրիկայի անապատներին մեղադրեք, Եվրոպան ոչինչ չի արել։

-Է, փոքր ես, դեռ չես հասկանում… Լավ, ասա՝ տեսնեմ, ո՞րն ես ընտրում: Մի գաղտնիք ասեմ, որն էլ ընտրես, մեկ է, երկու շաբաթից արդեն կմոռանաս իր մասին, դեռ մի բան էլ վրայի փոշին էլ չես սրբի, ջրելն էլ… Հա՜, չնայած, հիմա գիտնականները պարապ նստած ամեն օր մի նոր սարք են հնարում։ Ոնց էլ չլինի, ջրելու սարքի բանաձևն էլ գտած կլինեն։

-Ես հաստատ չեմ մոռանա խնամել, անկեղծ եմ ասում (տեսնես այս մարդը մամայիս հետ տիեզերքի մեյլով կա՞պ է պահպանում. ոնց իմացավ, որ փոշիները չեմ սրբում… Է՜, մամ, քո մաքրասերների դինաստիան գնալով հզորանում է)։

-Ասացի չէ՝ դեռ փոքր ես… 75 տարեկան եմ, ու հենց աչքերս խոնարհում եմ այս փոքրիկ էակների վրա, կամ էլ բոված հացի վերջին կտորն եմ ծամում, կամ էլ թե` լուսաբացին եմ հետևում, այնքա՜ն հիշողություններ են գալիս, որ գլուխդ վերցրու ու փախիր ինչքան կարող ես հեռու… Այնքա՜ն դեմքեր, ձայներ, շշուկներ ու մտքեր կան, որոնց սպասում եմ, սպասում, որ կգան, որ ինձ մենակ չեն թողնի, որ չեն թողնի հիշողությունների ծովում՝ առանց փրկարար բաճկոնի… Միայնակ մնալը սարսափելի է, ամենասարսափելին։

Բայց ինչ արած, մարդիկ գալիս են, գնում, մոռանում նրանց, որոնց համար իրենց ներկայությունն ամենաթանկն է աշխարհում։ Գիտե՞ս, չեմ ցանկանա, որ իմ կակտուսներն էլ իրենց երբևէ մենակ զգան։

-Ես՝ որպես Սուկուլենտների արքայադուստր, խոստանում եմ, որ երբեք-երբեք նրանց ջրել չեմ մոռանա, միշտ կխոսեմ նրանց հետ, միայնակ չեմ թողնի, ու…

-Ու, ու վստահ եղիր, որ վերջում, դե՜, լավագույն դեպքում կակտուսներիս հետ միայնակ ես մնալու, հիշողություններից զատ ոչինչ չի մնալու… Հա՜, մեկ էլ թաքուն մի հույս, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկի կամ ինչ-որ մարդկանց սրտի կամ մտքերի մութ, կամ էլ թե էլեկտրական լամպով լուսավորված անկյուններում պտտվում են այդ նույն հիշողությունները, որոնք ծնվում են քո հոգում։ Ու նրանք մտածում են քո մասին այնպես, ինչպես դու ես կարոտում նրանց։

-Մի տխրեք, Դուք միայնակ չեք։

-Չէ, մի լսի՛ր ինձ, մոռացիր ասածներս, ծերունիները ամեն ինչը չափից շատ են իրենց սրտին մոտ ընդունում: Երբ լինես իմ տարիքին, կհասկանաս ինձ… Իսկ հիմա, ահա, վերցրու ամենասիրուն կակտուսն ու դարձիր այդ քո նոր աշխարհի արքայադուստրը։

Պատմություններ Ադրիատիկի ափերից

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Բարև․․․Ես գիտեմ, որ երկու ամսվա բացակայությունս գուցե ինչ-որ տեղ զգացել ես, բայց մտածում եմ՝ ինձ չես մոռացել ու սիրով կլսես նոր պատմություններս․․․Ո՞ւր էի երկու ամիս: Եթե հիշում ես՝ վերջին անգամ ասացի, որ մեկնում եմ Իտալիա՝ աշխարհի 17 միացյալ քոլեջներից մեկում սովորելու: Դե ինչ, հիմա ես էստեղ եմ՝ Ադրիատիկ ծովի ափին, կատարված երազանքների ու իրագործված նպատակների հատման կետում։ Օրերն էստեղ անբացատրելի հագեցած են անցնում։ Այնչափ հագեցած, որ քեզ պատմելիքներս թղթից չէի հասցնում համակարգիչ անցկացնել, գրածներս էդպես էլ մնում էին թղթին՝ ծովի ալիքների յուրահատուկ հոտի ու ծնկները որպես հենարան ծառայեցրած աղջկա խնամքով գրված տետրի մեջ:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Եթե փորձեմ հետ գնալ ու ամենասկզբից պատմել, պիտի ասեմ, որ ի սկզբանե շատ եմ սիրել այս տեղը։ Ուրիշ մտերմություն ու հարազատություն եմ զգացել հենց սկզբից։ Գիտե՞ս, հայրենիքից դուրս ես սկսում հայրենիքդ առավելագույնս գնահատել։ Իսկ էստեղի բնությունը շա՜տ նման է մեր Հայաստանի բնությանը՝ ծառաշատ, լեռնոտ: Մենակ թե՝ մենք ծով չունենք: Իսկ էստեղ իմ պատուհանը բացելիս Ադրիատիկն է՝ իր ամբողջ ներդաշնակությամբ ու խաղաղությամբ: Ձայնը․․․Ամեն առավոտ ծովի համաչափ նվագվող մեղեդուց եմ արթնանում: Իմ կյանքի ամենագեղեցիկ տեսարանը իմ աչքի առաջ է ամեն օր՝ առավոտ ու երեկո: Ինձնից միայն պատուհանս բացելն է մնում: Երգի մեջ ո՞նց էր ասում Հախվերդյանը՝ պատուհանդ բաց արա ու տե՜ս․․․ Բացում եմ, տեսնում եմ, երջանիկ եմ ու շնորհակալ:

Դասերի մասին խոսելիս պիտի ասեմ, որ սա իսկապես անկրկնելի ու հազվադեպ տրվող մեծ հնարավորություն է, ու խելամիտ մարդը պիտի կարողանա սա լավագույնս օգտագործել ու քաղել էնքան գիտելիք, ինչքան ի վիճակի է: Առարկաներիցս ամենաշատը սիրում եմ էկոնոմիկան ու փիլիսոփայությունը: Իսկ ինչ վերաբերում է իտալերենին՝ արդեն կամաց-կամաց խոսում եմ: Ինչ խոսք՝ երգեցիկ լեզու է:

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Լուսանկարը` Անահիտ Բադալյանի

Մարդկանց մասին ասեմ, որ մշակութային մեծ բազմազանության մեջ եմ ապրում: Աշխարհի շուրջ հարյուր երկրներից ուսանողներ կան՝ տարբեր արժեհամակարգերի ու մտածելակերպի կրողներ: Ու էստեղ ես ավելի ու ավելի եմ կապվում իմ մշակույթի ու այն արժեքների հետ, որոնցով մեծացել ու դաստիարակվել եմ․ հայկականի ու Հայաստանի հետ։ Ես էստեղ ինձ Հայաստանից պոկված ամենաամուր կտորն եմ զգում՝ իմ մշակույթի հպարտ կրողն ու ներկայացնողը։

Իտալիայի մասին․․․Ուրիշ երկիր է: Փողոցներում ճեմելու ու գույների մեջ խելագարվելու երկիր: Վենետիկում պիտի կորես, պիտի ջրանցքների արանքից նայես մայրամուտին ու ժպտաս․: Ժպտաս Իսահակյանական առեղծվածային ժպիտով: Ռիալտոյի կամրջին էլ եղա: Ասմունքում էի․․․Հետո ի՞նչ, որ միակ հասկացողն էի, կարևորը՝ հայերեն էր, հայկական ու Իսահակյանական: Վենետիկը դրախտ է․․․Քայլելու, աջ ու ձախ նայելու ու հիանալու քաղաք: Սայթաքելիս էլ՝ ջրի մեջ ընկնելու ու նավով ջրանցքի մյուս ափ հասնելու քաղաք:

Իսահակյանի ուղով քայլելով հաջորդ կանգառս Ռավեննան էր: Միշտ վեր նայելու քաղաք: Կրոնական արվեստի ամենաշքեղ պահոցներից ու ամենաանաղմուկ փողոցների «տնօրինողներից» է: Քայլես, մարդիկ հեծանիվներով գան, կողքովդ անցնեն, թեթև ժպտաս ու հոգուդ խորքում մի անգամ էլ շնորհակալ լինես Աստծուն՝ ունեցածիդ ու էդ պահին վայելածիդ համար:

Տարբեր բաներից պատմեցի, ամեն ինչից՝ մի քիչ-մի քիչ: Դեռ շատ եմ պատմելու: Կհանդիպենք շուտով: Ciao :)