Քեզ համար, Երևան

Հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գեղարվեստական ցերեկույթ, որը նվիրված էր Էրեբունի-Երևանի 2800-ամյակին։

Մինչ միջոցառումն սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ շանսոնյե, երգահան, դերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը։
Այնուհետև հնչեց նրա «Քեզ համար, Հայաստան» երգը։
Միջոցառումն սկսվեց Էրեբունի-Երևանի կառուցման պատմությամբ։
Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, հանրապետության մշակութային, գիտական կենտրոնը։ «Հաղթանակ» զբոսայգուց նայելիս՝ Երևանը վարդագույն քարե ծաղիկ է թվում, դիմացդ հառնում է Արարատը։ Այնտեղ՝ հեռվում ուրվագծվող բլուրների վրա, դարեր շարունակ եղել են բնակավայրեր, իսկ Ավանի ձորի լանջերը և Հրազդանի քարայրները կացարաններ են եղել դեռևս մարդկության պատմության արշալույսին։ Պեղումների և շինարարական աշխատանքների ընթացքում ներկայիս Երևանի տարբեր մասերում հայտնաբերվել են դամբարաններ, նյութական մշակութային բազմաթիվ մնացորդներ։ Երևանի տարածքի հնագուն բնակավայրերից է Շենգավիթը, որին հաջորդել են Ծիծեռնակաբերդի, Վարդաձորի բլուրի բրոնզեդարյան բնակավայրերը։
Միջոցառման ընթացքում ասմունքող երիտասարդների շուրթերից ներկաները լսեցին տարբեր հեղինակների ստեղծագործություններ՝ նվիրված մայրաքաղաք Երևանին։
Երևանին նվիրված գովքեր են գրել գուսանները, երգահանները, ինքնուս ստեղծագործողները։
Վայոց Ձորի տաղանդաշատ երեխաները՝ Անահիտ Գևորգյանը և Մհեր Մհերյանը, որոնք գրադարանի լավագույն ընթերցողներն են և այս տարի մասնակցում էին մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլերին («1+1» անվամբ), ներկա էին Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկան դուետով։

Հաղթանակած կալավանցիները

Սովորական առավոտ էր, երբ վեր կացա անկողնուցս, որ գնամ դասի: Դասը սկսվեց, եկավ ֆիզկուլտուրայի ուսուցչուհին՝ Ստելլա Բարսեղյանը, և ասաց.

-Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի է ունենալու սպորտային մեծ փառատոն, տարիքը՝ անսահմանափակ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել:

Դասամիջոցի զանգը հնչելուն պես տնօրեն տիկին Քեշիշյանը մեզ բոլորիս հավաքեց և ասաց․

-Պետք է անպայման մասնակցենք և հաղթենք:

Մենք ոգևորված համաձայնեցինք, ընտրեցինք մեզ համապատասխան սպորտաձևը և տրամադրվեցինք մարտական:

Հաջորդ օրը ժամը 10։00-ին եկավ համապատասխան մեքենան, և մենք ուղևորվեցինք դեպի Ճամբարակ: Այնտեղ մեզ դիմավորեց ֆիզկուլտուրայի ուսուցչուհին, ոգևորեց ու ասաց.

-Պետք է անպայման հաղթենք: 

Մենք մասնակցեցինք բազկամարտին, շախմատին, հազար մետր վազքին և նարդիին: Բոլորը հիացած էին Կալավանի և Այգուտի դպրոցներով, ուսուցչուհին ցնծում էր:

Մենք մասնակցեցինք սպորտային մեծ փառատոնին, ծանոթացանք նոր մարդկանց հետ, բարձր պահեցինք թե՛ դպրոցի պատիվը, թե՛ գյուղի: Ուրախ, հաղթանակած վերադարձանք գյուղ:

Ես անչափ ուրախ եմ, որ ապրում եմ փոքրիկ, բայց արդեն մեծ անուն ունեցող Կալավանում:

elada

Ուսանողական կյանք

Ուղիղ մեկ ամիս առաջ էր, երբ հասկացա, որ պետք է Երևանի փողոցների անունները սովորեմ, խորապես ուսումնասիրեմ Երևանի քարտեզը, կամ` թե որ տրանսպորտը քաղաքի որ մասն է գնում… Զուտ նրա համար, որ արդեն ուսանող եմ։

Ուսանողական կյանքս սկսվեց սեպտեմբերի 3-ին ժամը 6:00-ին, արթնացա առանց տրտնջալու: Չէ՞ որ առաջին օրն էր, որ պետք է մուտք գործեի Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժին։

Առավոտյան պատրաստվեցի, շտապեցի կանգառ: Կանգառը գտնվում է գյուղամիջյան գլխավոր ճանապարհահատվածի վրա՝ մեր տան մոտակայքում։ Այն գյուղում հայտնի է Արզականի կանգառ անվամբ, քանի որ միայն տվյալ կանգառի վրա է դարբնանախշ տառերով գրված Արզական, մյուսները փոքրիկ սպասասրահներ են:

Կանգառում ինձանից և մի քանի ծլվլացող ծիտիկներից բացի ոչ ոք չկար, անգամ մեքենաների շարժը չէր նկատվում:

7:10-ին ուսանողական տրանսպորտը հայտնվեց կանգառում, նստեցի ու հենց այդ պահից «ուսանողական տրանսպորտ» անվանումն ինքս ինձ համար փոխեցի «շուկայագնաց տրանսպորտ», քանի որ ուսանողներից բացի տրանսպորտում կային մրգերով և բանջարեղենով լի պարկեր և արկղեր: Տրանսպորտը, սլանալով դեպի Երևան, իր ներսում միանգամից հավաքեց այնքան մարդ, որ հաշվելն անհնարին էր։ Ամեն անգամ փորձում եմ հաշվել, հաշիվս կորցնում եմ…

Նշեմ, որ առաջին օրը մի քանի «բարի» մարդկանց օգնությամբ կանգ առա Նար-Դոս փողոցի վրա, և ստիպված էի մոտ վեց կանգառ քայլել՝ մինչև համալսարան հասնելս։

Երբ հասա ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ, արդեն հասկացա, որ կարող եմ ինձ համարել ուսանող:

Կուրսընկերներով հավաքվեցինք, և ուղեկցեցին մեզ դեպի դահլիճ, որտեղ առաջին կուրսեցիներիս իր ողջույնի խոսքն ասաց ԵՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դեկան պարոն Թադևոսյանը, այնուհետև իր ողջույնի խոսքը հղեց ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանը:

Մի շարք ողջույնի խոսքերից հետո եկավ մեզ համար մի պատմական պահ․ ամբողջ դահլիճով մեկ ասացին, որ լրագրողները կանգնեն ոտքի և հետևեն Հեռուստալրագրության ամբիոնի վարիչ պարոն Գալստյանին:

Մենք մեր փոքրիկ 8 հոգանոց կուրսով վստահ կանգնեցինք ոտքի, բոլորը ուշադիր մեզ էին նայում…

Իսկ մենք մեզ արդեն լրագրող էինք երևակայում… Ինչո՞ւ ոչ։

Սակայն, փոքր-ինչ հետո իմացանք, որ մենք դեռ «շնիկներ» ենք:

Հետևեցինք պարոն Գալստյանին, նա մեզ ուղեկցեց 205 լսարան, որը, ինչպես հայտնի դարձավ մեզ, անվանակոչված է Ստեփան Պողոսյանի անունով:

Պարոն Գալստյանի հետ մի փոքր զրուցելուց հետո հասկացանք, որ մենք այստեղ դեռ շատ ու շատ բաներ ունենք սովորելու, ուսումնասիրելու:

Ծանոթացանք մի քանի դասախոսների հետ, կիսվեցինք մտահոգություններով, ստացանք պատասխաններ:

Եվ այսպիսով, արդեն առաջին օրը մենք հասկացանք, որ դասարանը փոխարինել ենք լսարանով, դասղեկը՝ կուրսղեկով, և սա մեր նոր կյանքի առաջին հրաշք օրերից մեկն էր՝ մի փոքր արկածային, մի քիչ մտահոգ, առավել հիացական…

Ամեն ինչ դեռ առջևում է։

«Ինտելեկտուալ» զրույց

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Երթուղային տաքսիները վաղուց արդեն դադարել են միայն «ա» կետից «բ» կետ տեղափոխվելու հարմարանքներ լինելուց: Մարդիկ այնտեղ ինքնահաստատվում են, ընթրում հացաբուլկեղենով, ըմպում կոլաներ, բամբասում իրար հետ, հետո, օգտվելով գիտական հեղափոխության բարիքներից՝ հեռախոսներից, հիշում իրենց հարևանուհի Ռոմելային ու տալի հետ շարունակում բամբասել: Ու էնպես էմոցիոնալ, ասես կյանքի ու մահվան կռիվ է, ու եթե նրանք մի փոքր համեստ լինեն, մենք կկործանվենք, չէ՞ որ նրանց ձեռքերում է ողջ մարդկության ճակատագիրը:

Հըմ, հիմա կստեղծվի այնպիսի տպավորություն, որ ես սուրբ եմ ու անթերի, մատաղի ուլ՝ երթուղայինում: Բայց ո՛չ, ես էլ այսօր՝ Ֆլեքսի առաջին փուլից հետո, ընկերներիս հետ քննարկելով գալիս էի տուն՝ Ավշար: Ճանապարհը 45 րոպե է տևում, ու երևի պատկերացնում եք, թե այդ ժամանակում մենք ինչ վեհ գաղափարներով կարող էինք փոխանակվել․ էլ սուկուլենտի աճեցման իդեալական պայմաններ, էլ կնոջ և տղամարդու հավասարություն, էլ բուսակերություն, էլ թե ինչու անցյալ տարի չհաղթեցինք էդ Ֆլեքսը, էլ` թե որ համալսարանը ընտրենք, էլ ալտրուիզմ: Մեր խոսակցության թեմաները ասես ծառեր լինեին՝ գնալով ավելի էին արմատներ տալիս ու փարթամանում։

Բայց հանկարծ մեր խոսակցությունը «շաքարով է կտրում» մի տղա, ով ամբողջ հոգով փորձում էր ինտելեկտուալ թվալ.

-Շատ հաճելի ա քո կիրթ, գրական պահվածքը, ո՞ւր ես գնում, ջիգյարս։

-Ավշար,- մի փոքր զարմացած, բայց ժպիտը դեմքիս պատասխանում եմ ես։

-Իսկ ես գնում եմ Այգեստան,- շատ հետաքրքիր է ինձ այդ ինֆորմացիան, իրոք,- չէի՞ր կարա մի երկու րոպե չխոսեիր, նախշս։

Այդ արտահայտությունից հետո իմ աչքերի դիմաց գալիս է միայն՝ error, error, error.․. Բայց մի կողմից ես հասկանում եմ նրան։ Եթե ինձ մոտ էլ 3 հոգի խոսեին բարձրագույն մաթեմատիկայից կամ քվանտային ֆիզիկայից, ես էլ կարող է նրանցից հոգնեի ու անգամ խնդրեի, որ բերանները փակեն (իրականում` ոչ)։ Բայց, ինչևէ, ես նրա խնդրանքը, էհ, ասում եմ խնդրանքը, պահանջը կատարեցի ու 2 րոպեի փոխարեն, ուշադրություն, չխոսեցի 3 րոպե՝ հուսալով, որ մեր այգեստանցի ընկերը էլ իր թանկագին ժամանակը չի վատնի ինձ նմանի հետ խոսելու վրա, բայց ցավոք, ես սխալվեցի, ու այս սխալը ճակատագրական եղավ (իրականում ամեն ինչ այսքան դրամատիկ չէր, ես եմ ուղղակի այսպես գրում, որ կարդաք շարունակությունը)։

-Ուսանո՞ղ ես, թե՞ դպրոց…

-Չէ, դպրոցում եմ սովորում,- շարունակում եմ ժպտալով պատասխանել:

-Իսկ սիրած առարկա ունե՞ս, ախպերս։ Ո՞րն էս, էլի, առարկաների միջից նախընտրում, էլի:

-Անգլերեն:

-Երևի կցանկանայիր շարունակեիր ուսումդ Ամերիկայում կամ ուրիշ «տե»:

-Հա, հուսով եմ, որ հա:

-Իսկ ո՞ւմ վրա ես հույսդ դրել, նախշս,- հերիք չի ինձ էլի ասում է նախշս, մի հատ էլ այնպիսի տոնով է ասում, ասես իր վրա եմ հույսս դրել ու ինքն է իմ տեղը պարապելու, որ ընդունվեմ բուհ։

-Իմ, միայն իմ,- վստահությամբ պատասխանում եմ ես, մտածելով՝ բա հո քո վրա չէի դնի հույսս:

-Շատ իզուր։

«Չէ, փաստորեն իրոք նա է իմ տեղը պարապելու»,- այդ պահին մտածում եմ ես։

-Մարդ ինքնին ոչ մեկ ա, նա ոչնչի չի կարա հասնի առանց Վերևի,- շարունակում է նա,- անունդ ո՞նց ա:

-Հայկ:

-Իմն էլ Հայկազ, ջիգյար։

«Էլի ջիգյա՞ր»,- ու հաջորդ 46,4 վայրկյանը նա սեղմում է իմ ձեռքը՝ քարոզելով, որ ես ոչնչություն եմ առանց գերբնականի: Այն աստիճան, որ անգամ ինձ թվաց, թե նա ինչ-որ աղանդի ներկայացուցիչ է: Փառք տիեզերքին, 2 րոպե մենախոսությունից հետո նա «պոկվում» է ինձնից ու նստում մի տատիկի տեղում, որը հենց նոր իջավ Փոքր Վեդի։

sona zakaryan

Ինչի համար է դպրոցը

Դպրոց, դասեր, էքսկուրսիաներ, դպրոցական առօրյա։ Այս ամենի մասին իրականում չպետք է խոսեի, բայց քանի որ դրանք դեռ իմ կյանքի մի մասն են կազում, պետք է խոսել դրանց մասին։

Դպրոցական կյանքը կարծես մի անհաղթահարելի լաբիրինթոս լինի, որը մենք վերջիվերջո հաղթահարում ենք։ Զարմանալի է, չէ՞։ Անհաղթահարելի լաբիրինթոս, որը հաղթահարվում է։ Իսկ թե ինչի գնով՝ աշակերտներից լավ ոչ ոք չի կարող պատկերացնել։ Շատերը կարող են վկայել, որ դպրոցը իրենց ոչինչ չի տալիս, շատերն էլ՝ հակադրվել այդ կարծիքին։ Մարդիկ տարբեր են, մարդկանց մտածելակերպը տարբեր է, և բնականաբար, կարծիքներն էլ են տարբեր։ Առհասարակ, երբ ինչ-որ աշակերտ բողոքում է դպրոցից, շատ այլ աշակերտներ, և հատկապես՝ ուսուցիչներ, սկսում են, այսպես ասած, քարկոծել նրան նման կարծիք ունենալու համար։ Առաջ են բերում այն, թե իրենք ինչքան նվիրված են և իրենց համար ինչքան կարևոր է աշակերտին կրթելը, որ աշակերտը իրավունք չունի այդպես արտահայտվելու դպրոցի մասին (ինչը, իհարկե, քննադատությունն է), որ դրանով ուսուցիչներին է վիրավորում և այլն։

Կարծում եմ, որ ուսուցիչները չպետք է այս ամենը վերագրեն իրենց, քանի որ աշակերտները հիմնականում բողոքում են կրթական համակարգից և ավագ դպրոցի անարդյունավետ լինելուց։

Աշակերտների, հատկապես՝ ավագ դպրոցի աշակերտների 80%-ից ավելին դպրոց գնում են ստիպված։ Շատերը հաճույքով չեն մասնակցում դասերին, շատերն էլ ուղղակի թքած ունեն դասերի վրա։ Տարբեր պատճառներ կան՝ առարկան չսիրելը, ուսուցչին չսիրելը, հավես չունենալը և այլն։ Բայց սա չէ մեր գլխավոր խնդիրը։ Այս ամենը ավելի շատ կրթական համակարգից է գալիս։

Մենք ունենք շատ վատ կրթական համակարգ, և այդ համակարգը բարելավելու համար մեզնից երկար ժամանակ ու մեծ ջանքեր կպահանջվեն։ Ինչքան էլ ունենանք իրենց գործին նվիրված ուսուցիչներ, միևնույնն է, այդ ամենը չի փոխվի, եթե կրթական համակարգը չփոխվի։

Պատմության դասաժամին քննարկում էինք, թե ինչպիսին էր կրթությունը սովետական ժամանակաշրջանում, և եկանք այն եզրակացության, որ խորհրդային ժամանակաշրջանում մենք ունեցել ենք շատ լավ կրթություն ու կրթական համակարգ, որը հետագայում, կարելի է ասել, «քանդվել է»։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է փոխվի նաև «քանդվելուց» հետո մարդկանց մոտ ձևավորված մտածելակերպն ու վերաբերմունքը դեպի կրթությունն ու կրթական համակարգը։

Այսօր ես և հազարավոր աշակերտներ ստիպված ենք գնում դպրոց, փորձում ենք սովորել ինչ կարող ենք, փորձում ենք հարմարվել «քանդված» կրթական համակարգին և այդպես փորձելով էլ ավարտում ենք դպրոցը՝ թողնելով բազում լավ ու վատ հիշողություններ։

Դպրոցը պետք է ձգի աշակերտներին, եթե ոչ բոլորին, գոնե մեծ մասին։ Դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ աշակերտը ոգևորված կլինի, կցանկանա սովորել, կցանկանա հասարակությանը պիտանի մարդ լինել։ Եվ վերջապես, դպրոցը միայն գիտելիք ստանալու համար չէ։ Դպրոցը մարդու անհատականությունը բացահայտելու, նրա մարդկային տեսակը գնահատելու և նոր արժեքներ ձևավորելու համար է։

Shushan nersisyan

Մեկերը

Մեծ քաղաքների ժխորը քեզ խլացնում է, ու դու զգում ես կարիքն այն միակի, որ կստիպի այդ ժխորում լսել ամենակարևոր լռությունը, որ բարձր կլինի բոլոր տեսակի ամբիոններից հնչող ու հնչելիք խոսքերից։ Լռություն, որ կխլացնի…

Մեծ քաղաքների ժխորը, եթե այդպես էլ չես համակերպվում դրան, ի վերջո մեկուսացնում է քեզ, աշխարհը քեզ քչություն է անում, ու դու ուզում ես՝ մեկը լինի, որ երբ ժխորի ժամանակ աշխարհում չտեղավորվես, աշխարհից խռովես, գլուխդ թեքես այդ մեկի ուսին ու առանց ամաչելու լաց լինես:

Գիտակցությունդ սկսում է մթագնել կամ ընդհանրապես չգործել, ու դու ենթագիտակցաբար ուզում ես կողքիդ մեկը լինի, ում հետ կխենթանաս՝ մոռանալով, որ գժերը նորից չեն գժվում… Ենթագիտակցությունդ ուզում է՝ այդ մեկը լինի ամենուր, ասենք՝ շուկայում, որտեղից գլորելով տուն կբերեք ամենամեծ ձմերուկները, կամ սրճարանում, ուր մի բաժակ դառը սուրճը կհերիքի հարբելու համար: Փողոցներում լինի այդ մեկը, ում հետ դիտմամբ սխալ համարի երթուղայիններ կնստես, սխալ հեռախոսահամարներ կհավաքես, սխալ դռներ կծեծես, ու դրանք կլինեն քո կյանքի ամենագեղեցիկ սխալները: Տանը մեկը լինի, ում հետ կփոխվեք վերնաշապիկներով ու առանց ամաչելու տնից դուրս կգաք, ում հետ տանիքներով շենքից շենք կթռչեք՝ գիտակցելով, որ ընկնելու հավանականությունը մեծ է: Այդ մեկը քեզ հետ միշտ հերթերում լինի, որ չձանձրանաս: Արևոտ օրերին կողքիդ մեկը լինի, ում հետ պաղպաղակ ուտելիս առանց վախենալու այն կմոտեցնես դեմքին ու կպաղպաղակոտես ժպիտը: Մեկը լինի, ով քո բոլոր սխալներից հետո մեկ բաժակ թեյով մի ամբողջ գիշեր քեզ հետ կլուսացնի, իսկ թեյի բաժակը կպահի իր ձեռքում, որ դու շփելով տաքացնես քո ձեռքերը: Մեկը, որ չթողնի՝ հոգնես, որ երկար քայլելուց հետո քեզ դնի ուսերին կամ երկու ձեռքով ամուր գրկի, ու ինքն էլ չհոգնի: Միակը, որ խարույկներ կնվիրի քեզ՝ պատրաստ ծխոտվելու, ու վստահ, որ չես խեղդվի ծխի մոխրագույն պտույտներում: Այդ մեկը լինի քո միակը, ում հետ կգնաս դաշտային ծաղիկներ փնջելու, հետո ծաղիկներն էնքան ամուր կգրկես, որ բույրն անգամ չլքի քեզ: Լինի միակը, ում հետ անձրևի տակ կվազես՝ գիտակցելով, որ հիվանդանալու ես: Միակը, ում գալուն կսպասես, ում գնալը չես ուզի, ում հետ երեկոները աստղերը կհաշվես ու չես ձանձրանա: Մեկը կլինի, որ ների ուշացումներդ, որ խելագարվի թերություններիդ համար: Մեկը լինի, ում պատճառով ու ում համար կհետաձգես բոլոր հանդիպումներդ, ում ձեռքը բռնած բոլոր հոսանքներին հակառակ կքայլես… Այդ մեկը ցավդ ու ուրախությունդ չի կիսելու, ցավդ վերցնելու է իրեն, իսկ ուրախությունդ ամբողջովին թողնելու է քեզ: Այդ մեկի հետ դու վերջապես աշխարհն իրարահան անող լռություններ ես ապրելու:

Սովորաբար աշխարհը քչություն է անում մեծ քաղաքների ժխորում ապրող մարդկանց: Մարդիկ շարունակում են գոյատևել ժխորում առանց այդ մեկերի, առանց նրանց ներկայության, գոյատևում են մենակ, որ մեկերի արժեքն իմանան, գոյատևում են մենակ, որ հերքվեն բոլոր մաթեմատիկական չափումներն ու ապացուցվեն, որ մեկն ավելի մեծ է հարյուրներից, որ մեկն ավելի ծանր է կշռում, քան հազարները:

Մեծ քաղաքի ժխորում դու էլ ես շարունակում ապրել քեզ բաժին հասած մի բռաչափ կյանքը՝ զգալով, որ չես տեղավորվում, որ աշխարհը քեզ էլ է քչություն անում: Շարունակում ես ապրել մենակ, որովհետև ոչ միայն աշխարհն է քչություն անում, այլև էդ բռաչափ կյանքդ: Չի հերիքում, չես կարողանում էդ անտերում տեղավորել մեկին, միակին, որ երբ զգաս՝ աշխարհը քչություն է անում, գլուխդ դնես ուսին ու առանց ամաչելու լաց լինես:

Այդ մեկերին ու միակներին տրված է մի ինչ-որ գեղեցիկ պատահականությամբ հայտնվել մեր այդ բռաչափ կյանքում, զգալ, որ չեն տեղավորվում ու հեռանալ՝ հավերժ ուրվագծելով այն տեղը, որ հետո չեն լցնելու հազարավորները: Այդ մեկերը չկան, որ հարյուրավորներն ու հազարավորները փորձեն նմանվել իրենց ու չկարողանան: Այդ մեկերը մեր կյանքում չկան, որ մենք գնահատենք նրանց, ովքեր տեղավորվում են մեր բռաչափ կյանքում, գնահատենք, բայց սպասենք, որ մի օր անպայման մեկերը գալու են…

Այդ մեկերը կամ լինում են մեր կյանքում կամ մենք ապրում ենք՝ այդ մեկերի կորուստը ողջ կյանքում թանկագին իրի նման փայփայելով…

aniharutyunyanarm

Ֆարենհայթի աստիճանը

«Մարդիկ սարսափում են արտասովորից»,- ասում է Բրեդբերին:

Միգուցե համաձա՞յն ես մտքի հետ ու արտասովոր մարդկանց ուզում ես դո՞ւրս հանել հասարակությունից: Քո կարծիքով տարբերվող մարդիկ նորմալ չեն, իրենց միտքը միշտ ուրիշ տեղերում է թափառում, կապույտ մազերով աղջիկները երբեք անկեղծ չեն սիրում. ո՞նց կարող է նման արտաքինով մեկը զգացմունքներ ունենալ: Սեփական կարծիք ունեցող մարդիկ գոռոզ ու ինքնավստահ են, որովհետև քո անգիր արած դատողություններն իրենց հետաքրքիր չեն, որովհետև երբ դու խոսում ես ուրիշի նախադասություններով, երբ դու սերը պատմում ես Սևակով, աշունը` Տերյանով, նա խոսում է իր «ես»-ով, ու դու դրա համար նրան չես սիրում, որովհետև քեզ բարկացնում է քո անկարողությունը, քո կաղապարված լինելը, որովհետև դու բավականին շատ ես խրված ամբոխի մեջ, որ կարողանաս դուրս գալ, մտածել, դատողություններ անել, որովհետև քեզ համար հեշտ է համաձայնել նրա հետ, ում հետ դու այդ պահին խոսում ես, որովհետև դու չես ուզում երբեք վիճել, պաշտպանել քո համոզմունքները:

Ես քեզ նմաններին տեսնում եմ ամեն օր։ Քեզ, որ վախենում ես խորտակվել դիմացինի աշխարհում, դրա համար դու ուզում ես հեռու լինել նրանից, քեզ համար հեշտ է փախչել ամբոխի մեջ, քան կարդալ, որովհետև կարդալով դու կսկսես մտածել, մտածել ու հասկանալ, հասկանալ ու մտածել, իսկ հասկանալը երբեմն ցավոտ է, գիտակցելը երբեմն տանջում է, երբ վերլուծում ես, թե որքան սխալ բաներ կան աշխարհում, թե դու որքան անելիք ունես, դու դրանից վախենում ես: Քեզպեսները սիրում են ապրել անգիտակից, ասել է, թե` անտեղյակ, կամ ավելի կոնկրետ` բթացած:

Մեղավորը մենք ենք՝ բոլորս, որովհետև մենք սիրում ենք լսել, կարդալ, տեսնել հասանելին, պարզն ու հասարակը, որ չի ստիպի նախ զարմանալ, հետո փշաքաղվել, սառել տեղում, վերջում անկարող լաց լինել ու հասկանալ, թե որքան փոքր ենք մենք այն մարդկանց մոտ, որոնք ստեղծում են արժեքներ։

Մենք չենք գտնում ինքներս մեզ, մենք չենք գտնում մեր տարբերությունը, մենք յուրաքանչյուրս մի մատնահետք ենք, մի տերև՝ միակը, չկրկնվող, յուրահատուկ։ Մենք, գրողը տանի, ծնվում ենք ամեն մեկս ուրիշ լացով, որ հետագայում դարձնում ենք հազիվ լսելի մի ձայն, որ երբեմն ամբոխի մեջ «այո» գոռալու համար ենք բարձրացնում։

Մենք մեզ կապկպում ու գցում ենք մեր ներսի ամենամութ անկյունը, մեր մարմնի մեջ մենք բանտարկված ենք ու ազատությունը տվել ենք ուրիշին։ Ասում են՝ գիրքն այրվում է 451°-ում՝ ըստ Ֆարենհայթի, ընտրությունը մերն է. մենք կգտնե՞նք ամեն գրքում մեր տողը, թե՞ անտարբերության կրակով կայրենք դրանք։

seda mkhitaryan

Խոնավ պատեր

Խոնավ պատերի արանքում մենք թեյ էինք խմում։ Շաքարավազի փոխարեն անգլերենի բայերն էինք հալում թեյի մեջ ու կուլ տալիս։ Ու երբեք չէինք մոռանում նրանց համը։

Խոնավ պատերի արանքում ես՝ ինքնավստահ գյուղացիս, նրան՝ երևանցի անփորձ աղջկան, վառարան վառել էի սովորեցնում։ Սովորում էի սովորեցնելով։

Մենք՝ ես ու նա, դպրոցից ամենավերջինը դուրս գալով՝ քայլում էինք գյուղի համարյա դատարկ փողոցներում։ Ճանապարհը լցնում անգլերենով, երևակայական նստարանով ու մեզնով։

Մենք գիշերվա գալը չէինք զգում, որովհետև նրա վարձած տունը միշտ կիսամութ էր։

Լույսը միայն այն չէ, որը ցրում է սենյակի խավարը։

Հոգու խավարը ցրող լույս էլ կա։

Մի անգամ նրա կենացը խմելիս մի խելացի մարդ ասաց. «Դու դասատու չես, ուսուցիչ ես»։

Հա, նա միայն չի տալիս ու վերջ։ Նա տվածը տեղ է հասցնում։

Մեծ ու փոքր ամեն գաղափար թրծվում էր խոնավ պատերի արանքում։ Մաշված ու չլարած կիթառդ մատներիս վերքեր էր բացում։ Խոնավ պատերի մեջ իմ նվագած կիսատ-պռատ հնչյուններն էին։ Թեյն էր։ Վառված լույսը։ Մեր թղթե գրատախտակը։ Հանգած վառարանը։ Ու դրսում՝ երևի գիշերը։

Հիմա, երբ արդեն ոչ դպրոցում եմ, ոչ էլ նրա տան խոնավ պատերի արանքում, մեզ միացնողը մեսինջերի կապույտ պատերն են։ Նրա չաթի անունը «պանդուխտ ուսուցիչ» է։ Գրածս նյութերը միշտ իրեն եմ ուղարկում։ Կարդում է ու շարունակում սովորեցնել։

Այսօր ուսուցչի օրն է։ Հասկացա՞ր, թե որ ուսուցչի։ Պանդուխտ ուսուցչի։

Ուսուցչի տոնի առթիվ։ Նվիրում եմ անգլերենի իմ ուսուցիչ Անի Հարությունյանին։

Seroj araqelyan

Մեր գյուղի իմ ուսուցիչները

Մինչև հիմա հիշում եմ, բայց այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էինք փոքր ժամանակ դպրոցից դուրս ուսուցչին տեսնելիս թաքնվում, ճանապարհ փոխում, որպեսզի չհանդիպենք կամ էլ հանդիպելիս կարմրում, ամաչում, մի կերպ զոռով ասում` բարև Ձեզ, ու անցնում: Անընդհատ մտածում էինք, որ ուսուցիչները մեզ նման մարդիկ չեն։ Նրանք շատ խիստ են, նրանք արգելում են աշակերտներին գրքից կտրվել, գնալ խաղալու։ Երբ մեզ խաղալիս տեսնում էին, մտածում էինք՝ մեզ տեսել են մեղք գործելուց, բայց միաժամանակ մեզ ստիպում էինք հաջորդ օրը լավ սովորած գնալ դասի, որպեսզի չասեն՝ ամբողջ օրը խաղացել ենք, դաս չենք արել: Այո, անցան այդ տարիները, անցավ տասներկու տարի: Ունեցանք բազմաթիվ ուսուցիչներ և նրանցից սովորեցինք կյանքը կառավարող ղեկն օգտագործելու ձևը:

Ես միշտ տարբերություն եմ դրել ուսուցիչների մեջ, և մինչև հիմա էլ ոչ մեկից չեմ թաքցնում, որ եղել են ուսուցիչներ, որոնք ինձ համար եղել են անտանելի։ Գյուղում և քաղաքում տարբեր են ուսուցիչները: Քաղաքում, օրինակ՝ պատմության կամ աշխարհագրության ուսուցչին կտեսնես միայն դպրոցում կամ պատահմամբ քաղաքում: Իսկ գյուղում շատ ժամանակ կգնաս տուն և կտեսնես, որ հենց քո պատմության ուսուցչուհին՝ ընկեր Վարդանյանը, նստած սուրճ է խմում և զրուցում մայրիկիդ հետ, և այդ ժամանակ ոչ թե՝ բարև Ձեզ, ընկեր Վարդանյան, այլ՝ բարի օր, Ալվարդ տոտա: Չէ, չէ, ես անկարգ չեմ, ուղղակի ընկեր Վարդանյանը կամ նույն Ալվարդ տոտան, մեր շատ մոտ հարևանուհին է, որին ճանաչում եմ հենց ծնվածս օրվանից: Երբ գյուղում տեսնում էինք ուսուցչի, որն այգում գործ է անում, զարմանում էինք՝ ասելով․ «Վայ, ինչպես, ուսուցիչը այգի է գնում, վայ, նայեք, երեխեք, ինքը ռեզինե «սապոգներ» ա հագել, նայեք-նայեք՝ ոնց ա ձեռքով խոտ պոկում»։ Մի շարք հասարակ բաներից զարմանում էինք, թե ինչպես կարող է ուսուցիչը դասից դուրս գործ անել և այլն: Բայց ես երբեք չեմ մոռանա, որ մեզ մոտ՝ հենց սահմանամերձ Բաղանիսում, ուսուցիչ(ուհին) ոչ միայն դաս է սովորեցնում, այլ նաև կրում է մեծ պատասխանատվություն, երբ կրակոցների ժամանակ դասերն է կառավարում կամ դասերից հետո հարկ եղած դեպքում աշակերտների կամքին հակառակ պահում է նրանց դպրոցում, որպեսզի առանց ինչ-որ մի փորձանքի, կրակոցներից ապահով հասցնի տուն:

Սա դպրոցի ուսուցիչները: Մենք ունենք նաև մեկ այլ ուսուցիչ, չէ՞, մասնագիտական, որի մոտ գնում ենք պարապմունքի, որպեսզի ավելի հմտանանք և ավելի հեշտ ընդունվենք բարձրագույն ուսումնական հաստատություն: Իմ նկարչության ուսուցիչը, որի շնորհիվ ես ընդունվեցի համալսարան, եղել է ընկեր Մելքոնյանը: Ես ընդունվել եմ, արդեն երկրորդ կուրսում եմ, դպրոցում, կյանքում, և արդեն որոշ չափով՝ համալսարանում, ճանապարհ ունեմ անցած: Ես հիմա ինչ անցել եմ, հասել եմ ուսուցիչների խորհուրդներով, ծնողներիս դաստիարակության և իմ մասնագիտական ուսուցչի շնորհիվ, բայց մի բան եմ հասկացել․ ինչքան էլ սովորեցնեն, ճանապարհի վրա դնեն քեզ, դու ես քո ուսուցիչը ու դու ես քեզ դնում քո ընտրած ճանապարհի վրա, իսկ հետո հանգիստ խղճով կամ ընդունում ես հաղթանակած ուղիդ, կամ էլ անհաջողության պատճառով մեղքը չես բարդում ուրիշի վրա, այլ վերցնում ես քեզ վրա և փորձի շնորհիվ դառնում ուսուցիչ: Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ։