Չպլանավորեք կյանքը

Սիրում ենք, չէ՞, երազել, մտածել կամ շատ ժամանակ ամեն ինչ անել, որ դեպի լավին ձգտենք կամ էլ համակերպվենք չփոխվող իրականության հետ: Թե ինչի եմ այսօր նյութս սկսում այս ձևով, հիմա կասեմ:

Շատ ժամանակ, երբ ես գրում եմ նյութս, ավարտական հատվածում միշտ գրում եմ գալիք նյութի թեման, հաճախ համոզված լինելով, որ վերջ, դա կատարվելու է, և հաստատ գրելու եմ: Այ, օրինակ մի անգամ խոսեցի իմ սեպտեմբերի 1-ի, թե՛ ծննդյանս օրվա, թե՛ համալսարանում առաջին ուստարվա տպավորություններիս մասին, հետո ասացի, որ այսպես ես շատ անգամ ծնունդս չեմ նշի տանը մերոնց հետ, այլ համալսարանում, հետո երկու անգամ բանակում, հետո էլի երեք անգամ համալսարանում։ Այ, հենց սրա հետ եմ, որ ոչինչ չիմանալով՝ մենք պլանավորում ենք:

Իմ պարագայում ոչ սա եղավ, ոչ նա: Այսինքն՝ ոչ բանակում նշեցի ծնունդս, ոչ էլ համալսարանում: Կզարմանաք, բայց այո, Ջավախքում: Սեպտեմբերի 1-ին երկու օրով Տավուշի թեմի երիտասարդաց միության հետ մեկնեցինք Ջավախք աշխարհ`Հայաստան աշխարհ, որը գտնվում է անցակետից այն կողմ: Սեպտեմբերի մեկին գնացինք, երկուսի գիշերը հետ եկանք: Հարազատներ չկային, չկային մեծ տորթ կամ աղցանների տեսակներ, այլ փոխարենը Հաղարծնի շաբաթի կանաչ շապիկավորներ, փոքրիկ համեստ թխվածք, փուչիկներ, հաճելի նվերներ և բարեմաղթանքներով լի մի ողջ ճանապարհ: 

Անկեղծ եմ ասում՝ իմ կյանքում ամենալավ անցկացրած ծննդյան տոներից էր, որը երբեք չեմ մոռանա: Ծննդյանս օրը անցկացնում եմ Ախալքալակում, տեղի եկեղեցում մասնակցում Սուրբ Պատարագի և Պատարագի ժամանակ կրում եկեղեցական շապիկ, ավելի մոտիկից ծանոթանում եկեղեցական աշխարհին, և վերջ ի վերջո, քայլում Ջավախքում, այցելում Վահան Տերյանի տուն-թանգարան, հետո՝ աշուղ Ջիվանու, քայլում եմ այնտեղի մի շարք գյուղերում՝ այցելելով հայկական օջախներ: Հաճելի է շատ, երբ գնում ես երկրից դուրս, բայց էլի շրջապատված ես լինում հայ ազգով կամ էլ անվանդ հետ հնչում է «ջան» բառը։ Այնտեղ մարդիկ նույնպես ժպտում են, երբ հայեր են տեսնում, կապ չունի՝ քեզ տեսել կամ ճանաչում են, թե ոչ, եթե Հայաստանից գնացած հայ ես, ուրեմն վերջ, դու Ջավախքում արդեն ժպիտ ես պարգևել: Իմ այս տարբերվող սեպտեմբերի 1-ի համար ես շնորհակալ եմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանին, Հաղարծնի շաբաթի կազմակերպիչներին՝ հաճելի ծնունդ պարգևելուց մինչև հաճելի ճամփորդության համար, և շնորհակալ եմ նաև այն բոլոր կանաչ շապիկով կամավորներին, որոնք անբաժան են իմ կյանքից:

Գիտեք, երբեք մի պլանավորեք կյանքը, որ այդպես է լինելու ու վերջ: Հավատացեք, այն լի է անակնկալներով: Միգուցե դուք չճամփորդեք, այլ ավելի մեծ և հաճելի անակնկալի հանդիպեք, կամ այնպիսի մի հաջողության, որը անգամ չեք էլ կարող պատկերացնել:

goharpetrsoyanervn

Ստանդարտություն կամ սահմանափակում

Ես չեմ ուզում լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են:

Կյանքն արդեն իսկ ձանձրալի է, և ավելի քան ձանձրալի կլինի, երբ մարդիկ սկսեն միանման լինել: Ասում են, որ ամեն մարդ յուրահատուկ է, և բոլորը տարբերվում են միմյանցից: Երևի թե ճիշտ են ասում, բայց իմ աչքերով հազարից մեկին կարող եմ առանձնացնել և հստակ ասել՝ նա տարբերվում է: Հասարակության կողմից դրական վերաբերմունքի արժանանալու համար պետք է լինես նրանց նման, բոլորի նման: Իսկ մի՞թե դա տաղտկալի չէ:
Յուրովի լինելու և տարբերվելու համար պարտադիր չէ փիրսինգ կամ դաջվածք անել, կամ էլ թե վարսերը գույնզգույն ներկել: Մարդու հայացքն էլ արդեն իսկ բավական է տարբերվելու համար: Սակայն հաճախ ներքին «գույները» ցանկանում են արտաքնապես հանդես գալ: Երևի թե դա էլ պատճառն է փիրսինգի կամ գույնզգույն վարսերի: Չնայած, մեր հասարակությունը բացասական է վերաբերվում դրան: Կարող եմ բերել իմ օրինակով: Երթուղայինում, երբ տարեց մարդկանց տեղ եմ զիջում, տարօրինակ հայացքով դեմքիս են նայում: Իրենց հայացքն ինձ միայն ասում է՝ հա՞ որ, դու ինձ տե՞ղ զիջեցիր: Ինչո՞ւ, կապույտ վարսերով աղջիկները բացառապես վատն են կամ անդաստիարա՞կ: Կամ էլ թե համալսարանում. դասախոսները մտածում են, թե վատ եմ սովորում, կամ էլ պիտի քննությունս վատ հանձնեմ: Ինչո՞ւ, վարսերս կապույտ են և դա ստիպում է այդպե՞ս մտածել:
Նորմալ է այն, որ բնական վարսերի գույնով աղջիկը կեսգիշերին դրսում զբոսնում է, բայց աննորմա՞լ է, երբ կապույտ վարսերով աղջիկը ժամը 21:00-ին է տուն գնում: Ձեր պատկերացրած խելոք, գլուխը կախ, տուն տանելու աղջիկները, որոնք ստանդարտ են ամեն հարցում՝ և՛ մտածելու, և՛ հագնվելու, և՛ շպարվելու, ավելի լա՞վն են: Սպասեք անսպասելիին միշտ խելոք աղջիկներից, այլ ոչ թե ներքինը անկեղծորեն արտահայտողներից։ Մարդիկ, մեկը մյուսին նմանակելով, սահմանափակում են կյանքը: Իսկ ինչո՞ւ նմանվել կողքինին, եթե կարող ես տարբերվել և քո կյանքի ոճը թելադրել:

nelli khachatryan

Ժամանակի հարաբերականությունը

Զանգում են, չէ, զարթուցիչն է, տեսնես` ի՞մն է, թե երեխեքից մեկինը: «I won’t a be the one», չէ, ատում եմ էս երգը, ինչի՞ Վարդը չի անջատում: Տեսնես` քանի՞սն է: Գոնե ժամս էս անգամ նայեմ, պարզվի` հետ ա: Բայց չէ, ոնց որ պիտի վեր կենամ, թե՞ 5 րոպե էլ քնեմ: Ոչինչ, մազ չեմ սանրի: Ինչո՞ւ էդ 5 րոպեն 10 րոպե է ցույց տալիս ժամացույցիս վրա հերիք չի, մի բան էլ իրականում մի քանի վայրկյան է տևում: Լավ, ոչինչ, կհասցնեմ, մազ չեմ սանրելու:

…Բանալի վերցնե՞մ, չնայած, չէ, երեկոյան եմ գալու: Կանգառում ինչո՞ւ մարդ չկա: Օֆ, ժամս ինչի՞ ա էլի հետ ընկել, 15-ը հաստատ անցել ա, մյուսը 15 րոպեից կգա: Ընդամենը 5 երգ ականջակալներով ու կգա: Բայց ամեն դեպքում ժամս ուղղեմ:

Ինչպես միշտ, խցանում ու լիքը մարդ: Բա որ ես էլ, օրինակ, 2-րդ մասիվում ապրեի, ու բոլոր երթուղայինները վերևի մասիվներից սենց միշտ լիքը հասներ ու չկարողանայի խցկվե՞լ: Լավ ա, որ իրականությունը մեկն ա: Գիրքը, երգերն ու խաղերը ոնց որ ժամանակի կատալիզատոր լինեն: Քո կամքից անկախ շաբաթը 6 ժամ քիմիայի նստելու արդյունքն էլ կատալիզատոր բառի հիշելը կլինի, էլի:

Էս ինչի՞ է էսպես ժամիս նայում, մենակ ժամ չհարցնի: Համոզված չեմ, որ ժամացույցս էլի հետ չի ընկել, իսկ եթե հեռախոսիս ժամով էլ ասեմ, կմտածի` ժամս չի աշխատում՝ ձևի համար ա:

…Ռացիոնալ կոտորակները ոնց համարակալենք, թվազույգով էլի: Բարձր ասա, է, լավ չէ: Էս դասախոսները էսօր ինչի են բոլորը նույն ռետինե հողաթափ հիշեցնող կոշիկներով: Կարո՞ղ ա, որ գյուղի դպրոցներում աշակերտներին կոշիկներ էին բաժանում, դասախոսներին էլ են տվել: Չնայած դժվար: Էս ի՞նչ լեզվով ա գրում, բան չեմ հասկանում: Դասին դեռ 10 րոպե կա, հուսամ ժամս էլի հետ ա: Չէի ուղղել: Լավ, ընդամենը 3 երգ: Չէ, էս հնարքը չի անցնում, երբ մենակ պատկերացնում ես, բայց չես լսում:

…Մենակ չասեն` գնանք բուֆետ: Ուրիշ մարդկանց հետ հաց ուտելը ինչի՞ եմ էսքան ատում, համ էլ` ամսվա վերջ ա, փող չկա: Ավելի լավ ա` գիրքս կարդամ, հուսամ` էս էլ կիսատ չեմ թողնի, թե չէ` կիսատ գրքերս ավելի շատ են, քան վերջացրածներս: Չէ, բայց էդքան էլ դուրս չի գալիս, աչքիս էլի կիսատների շարքին դասվի, չնայած հիմա կարդամ՝ ժամանակս անցնի:

…Երկու ժամ դասերից հետո ինչո՞վ զբաղվեմ, մինչև աշխատանքի գնամ: Դաս անեմ, բայց տարին նոր ա սկսել, ի՞նչ դաս: Էս գրադարանի աստիճանները թե ինչի ա էսքան շատ: Կանտոր-Բերնշտեյնի թեորեմը: Այնշտայնի պատենտն ա աչքիս: Դեռ 20 րոպե ա անցել, փաստորեն, մասնագիտական գրքերը ժամանակի համար մի քիչ անորակ կատալիզատորներ են:

Ավելի լավ ա` Սվետին զանգեմ, հետո միասին աշխատանքի գնանք: Ժամս դեռ ճիշտ ա: Նյութս չգրեցի, դասախոսությունն էլ կիսատ մնաց: Լավ, գնամ տուն` կանեմ:

…Էսօր երեխեքը մի քիչ շատ են ու մեծ, էդ լավ ա, պատմածներիս ռեակցիա կտան: Ինչ լավ երեխա ա էդուարդը: Ընդմիջում անց 30 գնամ: Արդեն անց 28 ա: Լավ դե, երկու րոպե ա էլի: Բա դասի ժամանակ էդ երկու րոպեն ինչի՞ ա էդքան երկար տևում, ոնց որ հեչ մի երգի տևողություն չլինի: Եվս 10 երգ, ու տուն գնալու ժամանակն ա:

…Ժամս… Լավ, կարևոր չի: 10-ից հետո ժամ պետք չի գալիս, շատ ա ուզում` թող տենց հետ էլ մնա:

Նյութն ու դասերն էլ վաղվան մնացին: Աշխատանքի չեմ:

seda mkhitaryan

Իսկ ես հույս ունեի

11.05.2018, Ուրբաթ

Հույս ունեի ճանապարհին Ֆիլյան կարդալ։

Աղմկոտ ու խենթ օրեր էին։ Գրքի ու գրականության գոյության մասին մոռացել եմ առհասարակ։ Ոտքերս ամեն օր ցավում են քաղաքը չափելուց։

Կապույտ ու սպորտային կոշիկներս մաշվում են կարծրատիպեր ջարդելով։

Այդ կոշիկները իմ ունեցածներից միակն են, որ անուն ունեցան` «Հեղափոխության»։

Նորերը պայուսակիս մեջ են։

Երկու շաբաթ է գյուղ չեմ եկել։ Դե քաղաքում աղմուկ է ու հեղափոխություն։

Մոտենում եմ գյուղ տանող մեքենային։ Շուտ եմ եկել։ Վարորդը ներսում մենակ է։

-Հը՞ն, էս հեղափոխություն եք ասըմ թե ինչ, վերջը ի՞նչ տի ըլիլ։

-Վերջը վերջում կիմանանք, Վիգեն ձյաձյա։

-Չէ, բայց հալալ ա էդ տղուն, եթե իրան Նարեկացու պես սրբերի դասին էլ դասեն` ես կողմ եմ։

Վստահությունը փառավորում է սիրտս։ Կարծես մյուս բոլոր սրբերը գազելի վարորդի ձեռքով են սրբացվել։ Մի քիչ անհարմար ու հին գազելի։

Իսկ ես հույս ունեի ճանապարհին Ֆիլյան կարդալ։

Մեքենան քիչ-քիչ լսում է նոր գովեստի խոսքեր. «Տեսա՞ք միրուքով տղեն ինչեր արեց, քիչ մնաց, սաղ հերթով պատասխան են տալու»։

Այս անգամ վստահությունը երակներովս հասնում է սրտիս։

Զրուցում եմ մի քանի հոգու հետ։ Բոլորը հույսով են լցված։ Հավատով ու կամքով։

07.09.2018, Ուրբաթ

Ճանապարհին Ֆիլյան կարդալու հույսով ու նույն մեքենայով վերադառնում եմ։

Մեքենայում լիքը մարդ կա։ Մի փոքրիկ աթոռի վրա հազիվ խցկվում եմ։ Անգամ ձեռքերս շարժելու տեղ չկա։ Ի՞նչ Ֆիլյան։

Վարորդը լուռ է։ Սրբադասումը ավարտվել է։ Ինքն էլ պարապ է։

Իր մեքենան մինչև հիմա նույն, մի քիչ անհարմար գազելն է։

Մարդկանց շատ լինելը միայն շաբաթվա օրով է պայմանավորված. սովորական մարդիկ+ուսանողներ։

Այս մեքենայի պատուհանները արդեն շատ գովեստի ու հիասթափության խոսքեր են լսել.

«Լավ է լինելու, ես հավատում եմ», «Լավ բանի չեմ սպասում», «Ասում են` Ռուսաստանից էնքան մարդ ա եկել ծառայելու, որ մեր էրեխեքին հունվարին մի քանի օր շուտ են զորացրելու»: Բարձրաձայն ժպտում եմ, մտքումս` «մանիպուլյացիան աշխատել է»։

Ճանապարհին նույն փոշին է, հագիս անուն չունեցող կոշիկներ են, մտքիս ու երակներիս մեջ նույն վստահությունը չի, բայց հույսս նույնն է` ճանապարհին Ֆիլյան կարդալ։

Սովետից մինչ օրս

Ուզում եմ քեզ պատմել Եպրաքսյա տատիկի մասին: Նա երկրորդ տատիկն է, որի պատմությունը գրում եմ ես:

Եպրաքսյա Հովհաննիսյանը ծնվել է Երևանում՝ Շահումյան շրջանի Հաղթանակ թաղամասում: Հայրը խանութպան էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Իր ընտանիքը բազմանդամ էր՝ 3 քույր, 4 եղբայր, հայր, մայր, տատիկ: Պատմում է, որ 1960-ական թվականներին զբաղմունք կար, բայց ոչ այս դարի պես: Ընկերներով խաղում էին «կլասս», 7 քար, գործնագործ, պահմտոցի։ Դպրոցում լավ էին սովորում, օգտվում էին գրադարանից, մասնակցում էին տարբեր խմբակների՝ քիմիայի, գրականության, ասմունքի: Պատմում է, որ օտար լեզուների դասավանդումը այն ժամանակ շատ վատ էր, նույնիսկ ռուսերենի լավ մասնագետ չեն ունեցել, այդ լեզվի չիմացությունը միշտ իրեն խանգարել է: Իսկ մեզ խորհուրդ է տալիս օգտվել այն հնարավորություններից, որոնք մենք ունենք հիմա: Նույնիսկ համեմատելի չեն այն ժամանակների ու այս ժամանակների հնարավորությունները՝ ըստ նրա: Ասում է, որ 21-րդ դարի առավելություններն էլ են շատ, թերություններն էլ: Այն ժամանակ մասնավոր պարապմուքներ չեն եղել, նա ինքը իր դպրոցի գիտելիքներով ընդունվել է Մանկավարժական համալսարանի քիմիայի ֆակուլտետ: Ինչպես հասկացա զրույցի ընթացքում, այն ժամանակ էլ են եղել ոգեշնչողներ. իր դեպքում եղել է քիմիայի ուսուցչուհին, իսկ դրան հակառակ՝ ֆիզիկայի ուսուցչուհին չի խրախուսել նրան համալասրան ընդուվելու հարցում: Հիմա էլ ունենք նման պատկեր, իմ կարծիքով: Բայց Եպրաքսյա տատին գնացել ու ընդունվել է համալսարան: Այն ժամանակ վճարովի համակարգ չի եղել, անվճար էր, և հետևաբար, ընդունվելը բարդ էր: Սովորելուց հետո ամուսնացել է, ամուսնությունը եղել է շատ պատահական՝ ինչ-որ ծանոթի միջոցով եկել են «ուզելու», ու հետո ամուսնացել է: Եկել է գյուղ, մեկ տարի անց՝ 1972 թվականին ընդունվել է Արտենիի հիմնական դպրոց՝ որպես քիմիայի լաբարատորիայի վարիչ, հեռակայել է տեխնիկումում և դարձել է դասվար: Դաստիարակել, կրթել է շատ սերունդներ: Պատմում է, որ այն ժամանակ երեխաները այլ կերպ էին մտածում՝ սովորել, ամուսնանալ, կամ էլ առանց առաջինի՝ միանգամից ամուսնանալ: Այն ժամանակ երեխաները ավելի համեստ էին, չէին արտահայտում իրենց կարծիքը: Բայց դպրոցում ակտիվություն կար․ մրցույթներ, ասմունքի երեկոներ էին կազմակերպում: Կային Ա և Բ զուգահեռ դասարաններ: Իսկ աշխատանքային օրվանից հետո զբաղվում էր տնային գործերով, «Սովետի տարիներին» ավելի լավ էր, ըստ նրա՝ կային աշխատատեղեր, ապահով էին բոլորը, կար հավասարություն, հաճախում էին կինոթատրոններ, համերգների էին գնում: Ունի 4 երեխա, բոլորն էլ ստացել են բարձրագույն կրթություն, ունի 10 թոռ: Հիմա ոչ մի դժգոհություն չունի և չի փոշմանում այդ շուտափույթ ամուսնության համար: Իր կյանքի ընթացքից շատ գոհ է:

Իսկ ինչ վերաբերում է ներկային, ասում է, որ գոհ է մեր երիտասարդությունից, նրանց ակտիվությունից, զարգացածությունից: Հեղափոխության մասին նշեց, որ բոլորը սիրում են Նիկոլին, լուրերը լսելով՝ տեսնում է փոփոխություններ, բայց իր առօրյա կյանքում չկան դրանք: Իրենք սպասում են աշխատավարձերի, թոշակների բարձրացման, հողի հարկի, ջրի վարձի իջեցման, այսինքն՝ առայժմ գյուղական վայրերում դեռ չեն զգում նոր բան: Բայց լավատեսությամբ սպասում են: Տատիկի խորհուրդը բոլորին՝ օգտվեք այն ամենից, ինչը հետագայում էլ ձեր ձեռքը չի ընկնի:

Լուսանկարը` Աիդա Շահբազյանի

Խաղաղ կեսօր Դիլիջանում

davit gorgoyan

Խառը, շատ խառը

Արթնանում ես վարագույրի արանքից երեսդ լիզող ճառագայթներից, դարչինի քաղցր թեյի բույրից: Հեռախոսիդ ավտոմատ համակարգը միացնում է Մոցարտի ու Վիվալդիի անմահական երաժշտությունների շարանը, որն ուղեկցվում է ամազոնյան հազվագյուտ թռչնատեսակների անզուգական սիմֆոնիայով ու Ատլանտյան օվկիանոսի անբռնազբոս ալիքների տվայտանքով: Դեռ չարթնացած ընկնում ես նոր երազների գալակտիկա, որտեղից հեռանալու մտքի համար պատրաստ ես առնվազն ինքնակախաղանի հանվել դիմացի արմավենու ծառերից մեկից:

Ամառ է, Արարատյան դաշտի այլանդակ ամառներից մեկը: Արթնանում ես քառասուն աստիճան շոգից, դիմացի բակից եկող խորովածի հոտից, հեռախոսիդ ավտոմատ համակարգը միացնում է Rammstein-ի «Sonne»-ն, որն ուղեկցվում է մորդ գոռգոռոցով ու քրոջդ լացով:

Դեռ չարթնացած հասցնում ես մեկ անգամ ոտքդ հարվածել կողքին դրված դարակին ու չես գտնում գուլպայիդ զույգը, որովհետև ամառ ա, ի՞նչ գուլպա: Գնում ես դասի ու միայն կեսից հասկանում, որ գուլպա չես հագել: Էսքանից հետո էլ ի՞նչ կարևոր է, թե քանիսին ես քնել: Մի կերպ հասնում ես ավտոկայան, ու աչքերից բացի քեզ ոչ մի բան պետք չի հասկանալու համար, որ պիտի դիմես ավտոստոպի օգնությանը: Առաջին ժամն անցկացնում ես վերոնշյալ Ատլանտյանի հատակին ու արթնանում միայն զանգի տանջալից ձայնից:

-Դու ե՞ս արել: Ո՛չ: Դու ե՞ս արել: Ո՛չ: Երկու «ոչը» բաժանած ութի… Չէ, իրանք չեն արել,- Ռաֆոն էլի նույն հումորն է անում, ու մենք էլի ծիծաղում ենք իր ծիծաղի վրա:

-Դավի՛թ:

-Հա, ընկեր Վարդազարյան:

-Որո՞նք են ֆինանսական հաշվետվությունները:

-Հեսա հինգ րոպեից արթնանամ ասեմ, էլի: Իմ արև, գիշերը սովորել եմ:

-Նստիր, պատրաստվիր. գալիս ես` դաս պատմես:

Ուպս… Չկպավ:

-Կարո՞ղ եմ դուրս գալ:

-Ալո, բարև ձեզ: Շնորհավորում ենք, դուք անցել եք հաջորդ՝ հարցազրույցի փուլ:

(Մեծ հրճվանք):

-Բարև ձեզ: Կներեք, ես չեմ ներկայանա. պարապունքի եմ ու մեկ այլ տեղից եմ հրավիրված: Անչափ շնորհակալ եմ:

Մռութներդ կախ մտնում ես լսարան ու մելանխոլիայով պարուրված ինը ստանում: Աղջիկները տիեզերական մի նոր գունանյութը մատների վրա փորձարկելու մասին են խոսում, տղաները՝ աղջիկների, Ռաֆոն էլի հումոր է անում, ու մենք էլի ծիծաղում ենք, իսկ վերջում… Ինձ թվում է ոչ ոք չգիտի, թե վերջում ինչ են անում: Էնտեղ եթե «բլոտ» չեն խաղում, ուրեմն ՄԱԿ-ի որոշումներն են քննարկում:

…Բարև: Ես Դավիթն եմ: Ներկայումս հաշվապահ ու ապագա ծրագրավորող: Սիրում եմ դասական, փոփ, ռոք երաժշտություն, կարմիր լոբով ճաշ ու կարմիր սալորի կոմպոտ: Չեմ սիրում սահմաններ, դատարկաբանող ուսուցիչներին ու դանդաղաշարժներին: Սովորում եմ քոլեջում: Չնայած շատերը բացասաբար են արտահայտվում քոլեջի մասին, ես, այնուամենայնիվ, հակված եմ պաշտպանել հակառակ կողմին: Էստեղ դպրոցից բերած հիվանդություններից կարող ես հանգիստ ազատվել: Ասենք, գնահատականամոլությունից: Էստեղ իրավունք ունես հարցախեղդ անել ուսուցչին սրտիդ ուզածի չափով, ու քեզ չեն դատի դրա համար, ու դու ստիպված չես լինի մտահոգվել, որ չիմացածիդ համար քեզ ցածր են գնահատում: Էստեղ դու ազատ ես: Ազատ ես սովորելու, խոսելու ու չխոսելու: Նման ռեսուրսների բազմազանությունն օգտագործում ես քո հաշվին ու վերջ: Դու փորձառու շինարար ես՝ ապագա ես կառուցում:

Ամեն ինչ էսպես էլ շարունակվում է: Եղեռնից փախածի պես քեզ առաջ ես գցում գազելում տեղդ ապահովագրելու համար, հասնում ես տուն և մթագնած մտքով ու դավաճան ոտքերով գնում մաթեմ պարապելու: Շինարար ենք, չէ՞: Իսկ թե ինչ վիճակով հետ կգաս, թողնում եմ մտահորիզոնիդ սահմաններին: Կգաս, դաս կանես` սուտ չերդվելու համար ու կքնես՝առավոտյան ոտքդ դարակին հարվածելով:

Բարի գիշեր:

syuzanna kharatyan

Մեծերը թվեր են սիրում

Երբ սկսում եմ մտածել երազանքների մասին, ավելի ճիշտ՝ երազել, ինքս ինձ հարցեր եմ տալիս, օրինակ՝ ինչի՞ համար են երազանքները, եթե չեն կատարվելու, հետո մտածում եմ, որ եթե երազանքներ չունենանք, անիմաստ կլինի ապրել առանց երազելու։ Հետո, երբ այնպիսի վայրում եմ լինում, որտեղ շատ մարդիկ կան, ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին են նրանց երազանքները։ Փոքրերի երազանքներն ավելի պարզ են, մաքուր, անշահախնդիր։ Իսկ մեծերի երազանքները միայն իրենց անձի շուրջ են պտտվում, նկատել եմ։

Ես, երբ փոքր երեխաների հետ զրուցում եմ, ավանդական հարց չեմ տալիս. «Մամայի՞դ ես շատ սիրում, թե՞ պապայիդ»։ Ըստ իս՝ դա երեխային մտածելու տեղիք է տալիս, ինչի արդյունքում նա սկսում է մտածել, թե ծնողներից ո՞վ է ավելի լավը, երևի նա, ով ավելի շատ խաղալիք ու շոկոլադ է գնում։ Ես իրենց հետ իրենց երազանքներից եմ խոսում։ «Երազում եմ ոստիկան դառնալ», «Երազում եմ բժիշկ դառնալ» և այսպիսի այլ պատասխաններ են տալիս։ Ոստիկան, որպեսզի գողերին բռնեն, ու մարդիկ հանգիստ ապրեն։ Բժիշկ, որ աշխարհում հիվանդ մարդ չլինի։ Ես էլ ավագ ընկերոջ նման խորհուրդ եմ տալիս, որ դա երազանք չէ, և ցանկության ու նպատակասլացության արդյունքում կդառնան իրենց երազած մասնագետը։

Այ, այսպես են պատասխանում փոքրերը, իսկ մեծերը ընտրում են որևէ մասնագիտություն, որովհետև ավելի լավ վարձատրվող է, ու կարող են գնել իրենց երազած շքեղ առանձնատունը կամ մեքենան։ Երբ փոքր տարիքում կարդում էի Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», չէի հասկանում, թե ինչ իմաստ ուներ «մեծերը շատ են սիրում թվեր» արտահայտությունը։

Իսկ հիմա, ցավոք սրտի, բազմիցս համոզվել եմ, որ մեծերը, իրոք, թվեր են սիրում։

ofelya hovhannisyan

Ավարտական քննություններ

Քանի որ այս տարի ավարտում եմ դպրոցը, ուսումնական տարին սկսելուն պես սկսվեցին նաև դիմորդական պարապմունքները: Մեր դասարանում արդեն բոլորը կողմնորոշվել են մասնագիտության հարցում, ինչպես նաև ես: Մեզնից յուրաքանչյուրը պարապում է տարբեր առարկաներ, բայց բոլորիս մոտ մի առարկան համընկնում է. բոլորս պարապում ենք հայոց լեզու և գրականություն: Ինչը հասցնում ենք, կատարում ենք տանը, իսկ հանձնարարությունների մյուս մասը կատարում ենք դպրոցում:

Սկսելով պարապմունքները, առաջին հանձնարարությունը հետևյալն էր․ սովորել 25 հոմանիշային զույգ, որտեղ ամեն խմբում կա 6 բառ: Ամբողջ օրը սովորելուց և բաց թողածն էլ դպրոցում լրացնելուց հետո գնացի պարապմունքի: Հաջող պատասխանեցի, ստացա նոր հանձնարարություն՝ 25 հոմանիշային զույգերին ավելացնել ևս 25-ը: Հաջորդ օրը, երբ գնացի դպրոց, նկատեցի, որ ընկերուհիս սովորում է այն հոմանիշային զույգերը, որը ես արդեն սովորել եմ և պատասխանել: Արագ տեղիցս վեր թռա, թուղթը վերցրի ձեռքից և ուշադիր բառերին նայեցի, տեսնեմ՝ բոլորը նույնն են: Համոզվելով, որ նույն բառերն են, շատ ուրախացա և արագ ասացի ընկերուհուս.

-Լուս, ճիշտ ա՝ տարբեր ուսուցիչների մոտ ենք պարապում, բայց նույն հանձնարարությունն ենք ստացել: Ես սրանք արդեն սովորել եմ, որ չմոռանամ, արի` ես քեզ հարցնեմ, որն էլ չես սովորել՝ իրար հետ կփորձենք սովորել:

-Հա՜, ուխ, դե արի կողքիս նստի:

Արագ վերցրի տետր, գիրք ու թռա ընկերուհուս մոտ: Սկզբում շատ լավ էր ընթանում պարապմունքը. այն բառերը, որոնք պետք է օգնեի ընկերուհուս սովորել, ստիպեցին մեզ ծիծաղել, զայրանալ, որ դժվար է, չենք կարողանում սովորել, բայց միևնույն ժամանակ, սկսեցինք պարապելու նոր մեթոդ մշակել: Որպեսզի բառերը ընկերուհիս հեշտ սովորեր, ես նրան մի փոքր հուշում էի, իսկ նա գուշակում էր բառը, հետո ստիպում էի մի քանի անգամ կրկնել, երբ ամբողջը ասում էր, հանձնարարում էի ինքնուրյուն նորից կարդալ, իսկ երբ դա էլ էր վերջացնում, նորից սկզբից հարցնում էի: Առաջին բառը սկսեցինք ծիծաղելով.

-Լուս, նայի, որ զանգում ես, մեկ-մեկ ասում եմ, որ հենց նոր աստիճաններից ի՞նչ արեցի…

-Սայթաքեցիր։

-Ապրես, ճիշտ ա, դե դրան ավելացրու ան նախածանցը ու բառ կազմիր:

-Հա, Օֆելիկ, հիշեցի՝ անսայթաք-անգայթ, չէ՞:

-Հա, անցանք առաջ․ բավիղ:

-Մի վայրկյան, հեսա ասեմ՝ բավիղ, բավիղ, բավիղ, բավիղ․․․

-Ահա՜,- բացականչեցի ես,- նայի, էս ո՞ւր եմ մտել, չեմ կարողանում դուրս գալ։

-Հա, լաբիրինթոս:

Եվ այսպես ուրախ տրամադրությամբ էլ շարունակում ենք մեր պարապմունքները: Բոլորիս հուզում է այն, որ բարեհաջող հանձնենք քննությունները և ընդունվենք: Ճիշտ է, շատ ենք հոգնում, բայց գիտակցում ենք, որ պետք է լավ սովորենք և պարապենք, որպեսզի կարողանանք ընդունվել:

Inesa Zohrabyan aragacotn

Կրթական բարեփոխումնե՞ր, թե՞

-Հեղափոխություն էիք ուզում, դե հիմա էս բարեփոխումները վայելեք:

Այս նախադասությունը այսօր հասավ ականջիս մի տղայի կողմից, ով այդ օրերին չեզոք դիրք էր «բռնել»:

Իսկ թե ինչ բարեփոխումների  մասին է ասում` կմանրամասնեմ հիմա:

Դե երևի լսել եք, որ այս տարի բոլոր քննությունները միասնական են լինելու և հանձնելու են մարզկենտրոնում, ոչ թե դպրոցներում, ինչպես նախարարն է նշում` տնայնավարական կերպով: Մեր կրթական համակարգը իրոք ունի շատ խնդիրներ, և մեր նոր կրթության պաշտոնյաները ինչ-որ բաներ են փորձարկում: Դպրոցի առաջին օրից ցավակցական տոնով բոլորը շեշտում են այս նորության մասին, բայց ես ինքս չգիտեմ էլ` դա լա՞վ փոփոխություն է, թե ՞ վատ: Դրա համար ես ուզում եմ խոսել իմ մտերիմ ընկերուհու մասին, ով  ևս պատրաստվում է անցնել այս թոհուբոհի միջով, և եզրակացությունը թողնում եմ ձեզ` դրական, թե՞ բացասական  սպասվող փոփոխություն է սա:

Նորան պատրաստվում է  ընդունվել բժշկական համալսարան, պարապում է կենսաբանություն և քիմիա, դպրոցում շարունակում է հավասարապես լավ սովորել բոլոր առարկաները: Դե իհարկե, օրինակելի կերպար է, ըստ նրա պետք է  բազային գիտելիքներ ունենաս և չմոռանաս ոչ մասնագիտական առարկաների մասին: Նրա նպատակը անվճար ընդունվելն է, բայց այս փոփոխության մասին լսելիս սկսել է անհանգստանալ: Ի ՞նչ անել: Պատրաստվել մի քանի շաբաթից տրվող նախաքննական թեստերի՞ն, գնալ պարապմունքների՞, թե ՞  դասերը անել: Եվ իհարկե, այս ընթացքում մոռանում ենք օրգանիզմին հանգիստ տալու մասին:

Մի բան ևս. եթե միասնական քննության ժամանակ, օրինակ, անբավարար ստանաս մաթեմատիկայից, «կտրվում ես ինքնըստինքյան »: Կապ չունի, թե քո մասնագիտական առարկաները ինչքան բարձր ես հավաքել, ավարտական վկայական չես ստանա: Ոմանց թվում է, թե սրանք ուղղակի «պաշտպանական ռեակցիաներ» են աշակերտների կողմից, բայց իրոք, տեսնելով իմ ընկերուհուն, ես պատկերացնում եմ հազարավոր այդպիսի ապագա դիմորդների, ովքեր գտնվում են նման խառնաշփոթ հոգեվիճակում:

Դե, ես իհարկե ուզում եմ, որ կրթական համակարգում արդարություն լինի, և հուսով եմ, որ այս քայլը դրան հասնելու ուղիներից մեկն է: Վերը նշվածը ուղղակի մեկ կոնկրետ օրինակ էր, բայց հույսով սպասում ենք միայն դրական արդյունքների: