
Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի
Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում
Հարցազրույց արզականցի Զավեն և Հենրիկ պապիկների հետ
-Մի քիչ կպատմե՞ք ձեր մասին։
-Թոշակառու մարդ ենք, թոռներին ենք խաղցընըմ, թոռների համար ձմեռվա կեր ենք դըզըմ։
-Սիրո՞ւմ եք Արզականը։
-Հա, բա մեր ծննդավայրն ա, ստեղ ծնվել ենք, ստեղ էլ կմեռնենք։ Էլ ո՞ւր էթանք էս հասակին, էթալու տեղ չկա, մի տեղ կա, էն էլ չենք էթալու՝տանելու են։
-Ի՞նչ նպատակներ եք ունեցել, երբ երիտասարդ էիք։
-Չհասկացանք, ջահելությունը էկավ անցավ, կորավ։ Մտածում էինք՝ միշտ տենց լեն ու բոլ պիտի լինի էս աշխարհը։ Ուզել ենք շոֆեր դառնանք, տրակտորիստ դառնանք՝ դառել ենք, սովետի վախտն էր։
-Իսկ ի՞նչ եք կարծում, հիմա՞ է լավ, թե՞ սովետի ժամանակ։
-Իհարկե սովետի ժամանակ։ Ամենակարևորը աշխատանքի տեղ կար, տնից բոլորս աշխատում էինք, աշխատանք կար, ապրուստ կար, ապահովված էինք։ Աշխարհի ծերը էթում էինք, գիտեինք, որ պետությունը մեզի պաշտպանըմ էր։
-Անգամ հեղափոխությունից հետո՞։
-Դե տեսնանք, էլ առաջվա ջահելը չենք, որ հետաքրքրվենք ու խառնվենք էդ գործերին։ Տարբերություն կա, լավ կլինի հաստատ։
-Իսկ երիտասարդության մասին ի՞նչ եք մտածում։
-Ոսկի երիտասարդություն ա մեր երիտասարդությունը։ Բա գյուղում էլ ցույցեր արեցին, առավոտից Երևանում էին լինում, մասնակցում էին ցույցերին։
-Տեղեկացանք նաև, որ ունեք նոր գյուղապետ, լա՞վ եք արդյոք տրամադրված։
-Շատ լավ ենք տրամադրված։ Հին գյուղապետը հանրապետական էր, 6 միլիոն դրամը, որ պետք ա փոխհատուցեր գյուղացիներին կարկուտի պատճառած վնասների համար, բաժանեց բարեկամներին։
-Փաստորեն դրա համա՞ր հեռացրեցին։
-Ինքը փախավ, է, չհեռացրին։
-Ձեր այգին մշակու՞մ եք։

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի
Հենրիկ պապիկը լուռ էր, բայց Զավեն պապիկը արագ վրա բերեց.
-Հա, բա ինչ եմ անում: Ի՞նչ անենք, որ 91 տարեկան եմ։ Կով էլ ունեմ, հենա, արածում են: Այգի եմ մշակում երեխեքիս ու թոռներիս համար։
-Արտագաղթի մասին ի՞նչ կասեք։
-Արտագաղթը շատ ա, գյուղում մի թաղամաս համարյա դատարկված ա։ Հենա՝ թոռս էլ 30 տարեկան ա, չի ամուսնանում: Ասում ա՝ գնում եմ Իսպանիա։ Ասում եմ, այ տղա, ամուսնացի՛, բայց լսող չկա։ Տենց բաներ, բալա ջան։
Հարցազրույցը վարեցին՝ Սոնա Զաքարյանն ու Ինեսա Զոհրաբյանը










Սկսվեց հայ-բելգիական փոխանակման ծրագրի վերջին լիարժեք օրը։ Սովորական ժամին՝ 10։00-ին, արդեն «Մանանայում» էինք։ Բոլորս էլ կիսատ նախագծեր ունեինք, որոնց վրա դեռ պետք էր աշխատել։ Ամեն մեկը մի հարմար անկյունում՝ սեղանի շուրջ, պատշգամբում, հատակին նստած, զբաղված էր իր գործով։ Մի խումբը վիդեո էր մոնտաժում իր ապագա ֆիլմի համար, մյուսը՝ հարցազրույցներ գրում, մի երրորդն էլ թարգմանությամբ էր զբաղված։




















