Sargis Melkonyan

Մենք, որ մենք ենք

Մենք, որ փողոցում քայլելիս չենք վախենում ականջները խլացնելու չափ բարձր երաժշտություն լսել ու պարել առանց մտածելու, ձեր աչքերում թվում ենք խենթ ու թեթևամիտ:

Մենք, որ մեծին հարգում ենք ոչ միայն տարիքով, այլ նաև գաղափարով, մենք, որ մեր աշխարհն ու պատկերացումներն ունենք այս աշխարհի մասին, ձեր աչքին թվում ենք հիմար լավատեսներ:

Մենք, որ արժևորում ենք ճշմարտությունը, ազնվությունն ու արդարությունը ու հաճախ վիճում ենք ձեզ հետ, դարձել ենք «մեծերին հակաճառելու համար մի հատ»:

Մենք, որ արժեքները ազգային պատկանելությունից բարձր ենք դասում, ձեր աչքերում երևում ենք ծախու դավաճաններ:

Մենք, որ մարդկանց միջև խտրականություն չենք դնում ու չենք վիրավորում ու անարգում փոքրամասնություններին, ձեր աչքերում դարձել ենք «Եվրոպայի ստվերներ»:

Մենք… Մենք մենք ենք՝ մեր սերունդը: Դուք ամենուրեք խոսում եք, որ մեր սերունդը վատն է, որ մեր մեջ չկան Թումանյաններ, Սևակներ, Մհեր Մկրտչյաններ, Արամ Խաչատրյաններ, Գոհար Գասպարյաններ… Այո, դուք ձգտում եք, որ մենք նմանվենք ձեզ, դառնանք ձեր արտացոլանքը: Մինչդեռ մենք չենք ուզում նմանվել ոչ ոքի՝ բացի մեզնից: Մենք ուզում ենք լինել նորը, մենք ուզում ենք մնալ մենք: Մենք ձեր դաստիարակության ու բացթողումների արդյունքն ենք: Մենք ձեր հատկանիշների կրողն ու փոխանցողն ենք:

Մեզ հաճախ են քննադատում: Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր խելամիտ կարծիքի, առողջ քննադատության: Ոմանք մեզ ասում են, որ մենք կկործանենք էս երկիրը, որովհետև մենք դպրոցում չենք սովորում, բուհ ընդունվում ենք ամենացածր միավորներով, որ…

Մեզ հետ հույսեր կապողներ էլ կան, որ մենք ձեր պատճառով կործանման եզրին հասած երկիրը, որ պատի տակ հնչող արտահայտություններում վաղուց դադարել է երկիր լինել, կբարեփոխենք, կշենացնենք ու կդարձնենք Երկիր:

Երբ մենք խաղաղություն ենք երազում, բարեկամություն ենք ուզում, մտածում ենք ազատ սահմանների ու տարբեր մշակույթների ու կենցաղում դրանց օգտագործման մասին, մեզ ասում են, որ մենք հայրենասեր չենք: Մեզ ստիպում են հայրենասիրությունը պատկերել շարադրությունների «պաթոսախեղդ» տողերում, հայրենիքը սիրել «պուպուշ» բառերով ու հայրենասեր համարել միայն սահմանին զոհվող զինվորին:

Մենք հայրենասիրությունը պատկերացնում ենք հայրենիքին տիրոջ հայացքով նայելով, իրավագիտակից քաղաքացի լինելով, սեփական անձը կատարելագործելով և ի շահ հայրենիքի ծառայեցնելով: Մենք հայրենասիրությունը պատկերացնում ենք ազնվության, հարգանքի, համերաշխության, իրար տակ չփորելու, իրար օգնելու, աջակցելու, գաղափարների ու արժեքների համար պայքարելու մեջ:

Մենք, որ մեր խնդիրները չենք դնում ի ցույց աշխարհի, ձեր աչքերում երջանիկ ապուշներ ենք երևում:

Դուք մեր մասին ամեն ինչ կարող եք մտածել, ասել… Իսկ մեզ համար մեկ է, թե ինչ են մտածում, ասում կամ բամբասում, որովհետև կենտրոնանում ենք ոչ թե այն բանի վրա, թե ինչ են ասում մեր մասին, այլ թե ինչպես հասնենք մեր նպատակներին…

hovik vanyan dsex

Ողջույն, թույլ տուր քայլեմ դեպի տուն

Զարմացա՞ր։ Հա, ճիշտն ասած՝ ես էլ։ Անկեղծ ասած՝ ես էլ եմ արդեն հոգնել։ Մեկ-մեկ, երբ ազատ ես լինում, կարող ենք դուրս գալ զբոսնելու, բայց ոչ սովորական զբոսանքի, այլ, ասենք՝ բարձրանանք շենքերի տանիքները, կախվենք կամուրջներից, վազենք փողոցի մեջտեղով։ Բայց եթե ազատ չես լինի, կամ արդեն պայմանավորված կլինես, ոչինչ, ես էլ ազատ չեմ լինի, կամ ես էլ կպայմանավորվեմ։ Ավելի հավանական է, որ կնախընտրեմ ազատ չլինելը, ու տանը կնստենք, նորից դասեր, պարապմունքներ, անհետաքրքիր TV ու մագնիսական դաշտով օժտված համացանց։

Հիմա էլ էի պարապում, է։ Բայց որոշեցի թողնել դա ու մի քիչ քեզ հետ խոսել։ Ի՞նչ ես լռել, դե մի բան ասա։ Հազիվ եմ դուրս եկել իրական աշխարհ։

Էն օրը ընկերներիցս մեկի հետ էի խոսում, ասում էր, որ էդ բոլոր պարապմունքները չեն թողնում, որ հիշենք գրելու մասին, ու մեկ էլ ասում էր, որ հոգնում ենք, ու ոչ մի բանի հավես չի լինում, նույնիսկ՝ գրելու։ Վերջում էլ ասաց, որ անջատվում է չաթ անելուց ու կարողանում հանգստանալ։ Ինձ էլ միայն մնաց, որ «սրտեմ» նրա գրածը։ Բայց, փաստորեն, էդ համացանցի մագնիսական լինելու փաստը արդարացվեց ինքնըստինքյան։ Ինչ արած…

Կարո՞ղ ես «փորփրել» բառի արմատը հուշել ինձ։ Գրողը տանի, չի ստացվում, սպասում եմ, որ գնամ ընկեր Գայանեին հարցնեմ։ Շատ տարօրինակ լեզու ունենք, որն էնքան դառն էլ է լինում, որ հեռախոսի էկրանին հայտնված հաղորդագրությունը չեմ ուզում կարդալ ու փոշմանում եմ, որ երբևէ սովորել եմ հայերեն տառերը։

Երևի արդեն հրաժեշտ տամ, կգրեմ էլի, երբ մեջիս արևը միանա (Ամալյայի ականջը կանչի)։

Չմոռանամ ասել, յութուբում գրեք You let me walk home, ընտիր երգ է, խոստանում եմ, որ կմոռանաք ամեն ինչի մասին։ Michael Shulte-ն է երգում։

Բայց ամեն դեպքում, որ ազատ լինես՝ կգրես…

mariam tonoyan

Երիտասարդ քրիստոնյայի աչքերով (մաս 2)

Տասը տարի է արդեն, ինչ ճանաչում եմ Տիգրանին։ Ինը տարի սովորել ենք նույն դասարանում, և արդեն բավականաչափ ճանաչում եմ նրան՝ այդ հավասարակշռված, հանգիստ խառնվածքով, ընկերասեր ու խոնարհ տղային, ով շատերից տարբերվում է նաև իր յուրօրինակ մտածելակերպով։ Նա մեր կռվարար դասարանում հայտնի էր իր խաղաղասեր, դիվանագիտական դիրքորոշումներով և, ինչպես ինքն է ասում, աշխարհընկալման իր գունավոր ակնոցն ունի։ Նա կարծում է, որ եթե հավատաս քո իսկ ստեղծած գունավոր ակնոցի զորությանը, այն իսկապես կօժտվի ուժով և քեզ հուսախաբ չի անի։ Նման մի անմեկնելի հավատով էլ եկեղեցի է գնում, խորան բարձրանում Սմբատի (նրա մասին խոսել ենք առաջին մասում) հետ։ Կրոնի ու հավատքի մասին մեր անթիվ զրույցներից մեկում Տիգրանը պատմեց հավատի իր ընկալման մասին.

-Հավատն առ Աստված պետք է սերմանվի մարդու մեջ դեռ վաղ մանկության տարիներից, որպեսզի այն տարեցտարի ծաղկի ու օգտակար պտուղներ տա։ Ծնողներս ինձ քրիստոնեական դաստիարակություն են տվել, հաճախ եկեղեցի են տարել, քաջալերել են, երբ բարի գործերի հիմքում Աստծո առկայությունն եմ նկատել, իսկ այժմ ուրախանում են, որ խորան եմ բարձրանում և այդպիսով Աստծուն իմ ծառայությունն եմ մատուցում։
Սմբատը և ես ընկերներ ենք։ Նրանից մի տարի հետո ես էլ Տեր Հոր խորհրդով ու ծնողներիս համաձայնությամբ խորան բարձրացա։ Առաջին օրերին շատ դժվար էր։ Սմբատն ինձ օգնում էր իր խորհուրդներով։ Նա արդեն փորձ ուներ։ Լարվածությունն անցնում էր, երբ հասնում էր Պատարագի իմ ամենասիրելի հատվածը, երբ քահանան քարոզ է կարդում։ Որքա՜ն բան կարելի է քաղել այդ գրքի տողերից, որոնք չեն հնանում նույնիսկ դարերի ազդեցությամբ։ Երբ լսում եմ քարոզները, գիտակցում եմ թե ինչ կարևոր նշանակություն ունի եկեղեցին մարդու կյանքում, և ի սրտե ափսոսում եմ այն մարդկանց, ովքեր եկեղեցի չեն գալիս միայն առօրյա հոգսերի պատճառով։ Բայց չէ՞ որ Պատարագը շաբաթվա ընթացքում ընդամենը երկու ժամ է՝ նվիրված Աստծուն, մեր մերձավորներին այն հսկայական ժամանակահատվածից, որը մեզ տրված է ապրելու համար։

Հավատի օրինակները տարբեր են։ Հաճախ մարդիկ նաև անգիտակցաբար են հավատում։ Բայց հավատում են։  Հիշում եմ մի փոքրիկ, շիկահեր աղջկա, ով ճանապարհով անցնելիս մոր ձեռքից բռնած դեպի եկեղեցին էր քաշում։ Մայրն էլ թե՝ ուշանում ենք, խելոք մնա։ Խելո՞ք մնա։ Բայց մի՞թե երեխան խելոք չէր։ Եթե ոչ այսօր, քանի դեռ երեխան ժամանակ ունի, ապա էլ ե՞րբ նա պիտի հավատալ սովորի, եկեղեցի գնա։ Գուցե մեծանա և իր մոր նման ժամանակ չունենա։ Գուցե դա հավատ չէր, բայց ներքին մի մղում, որը չարժեր կասեցնել։ Կմեծանա, կշտապի, ժամանակ չի ունենա, եկեղեցին ու հավատը կմղվեն երկրորդ պլան…

sona zakaryan

Իմ տարբերվող կես տարին

Արդեն 6 ամիս է, ինչ գտնվում եմ ԱՄՆ-ում։ Կարծես երեկ լիներ, երբ ստացա այդքան սպասված հեռախոսազանգը և իմացա, որ դարձել եմ հազարավոր դիմորդներից մեկը, ում հնարավորություն կընձեռվի ապրել ու սովորել ԱՄՆ-ում։ 6 ամիսներ, որոնք երբեմն թվում են տարիներ, երբեմն էլ՝ ուղղակի օրեր։ Փոխանակման ծրագրի աշակերտ լինելը, բացի ոգևորիչ լինելուց, նաև շատ դժվար ու մեծ պատասխանատվություն պահանջող առաքելություն է։ Ասում են, որ ամեն բան ունի իր դրական և բացասական կողմերը, և փոխանակման ծրագրի աշակերտ լինելն էլ բացառություն չէ։ Միայն բացասական կողմերը կարող են միանգամից դառնալ դրական, երբ դու փոխանակման ծրագրի աշակերտ ես։ Հիշում եմ՝ երկու տարի առաջ երկմտում էի՝ արդյո՞ք պետք է անեմ այս քայլը, արդյո՞ք կարող եմ հաղթահարել ամեն ինչ։ Պահեր կային, երբ մտածում էի. «Չէ՛, հաստատ սա ինձ համար չէ, հաստատ չեմ կարող, կհիասթափվեմ հետո»։

Այդ վախն ամեն ինչի նկատմամբ՝ հիասթափություն ապրելու, դժվարությունները հաղթահարել չկարողանալու, սայթաքելու, միշտ բոլորիս այցելում է, մենք բոլորս էլ վախենում ենք ու այդ վախն ու անինքնավստահությունը հաճախ արգելք են հանդիսանում շատերիս համար՝ իրագործելու մեր նպատակներն ու առաջ գնալու։ Եվ այդ վախը ինձ էլ էր այցելել։ Բայց կամքի ուժն ու նպատակասլացությունը հաղթեցին այդ վախը: Եվ ահա արդյունքը՝ ես այստեղ եմ ու երբեք չեմ զղջա, որ կայացրել եմ այս որոշումը։

Այս ամիսները փոխել են ինձ ու իմ կյանքը, շատ բաներ եմ վերլուծել ու հասկացել։ Առաջինը՝ հասկանում ես, որ արել ես այնպիսի բան, ինչը միշտ մտածում էիր, որ չես կարող։ Այն ամենը, ինչը քեզ թվացել է անհնարին, միայն երազանք, հանկարծ դառնում է հնարավոր։

Կարծում եմ, որ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը անհնարինը հնարավոր դարձնելն է։ Հասկանում ես նաև, որ տարբեր լինելը երբեք չի նշանակում լինել չսիրված ու տարօրինակ։ Մենք բոլորս էլ նույն բանն ենք, չէ՞, ուզում՝ ապրել ազատ, խաղաղ ու երջանիկ։ Իսկ տարբեր լինել, բոլորովին չի նշանակում չունենալ այդ բոլոր իրավունքները։ ԱՄՆ-ում մարդիկ շատ տարբեր են, բայց այդ տարբերությունը երբեք չի խանգարում մարդկանց փոխհարաբերություններին։ Ապրելով կողք կողքի, հարգելով միմյանց և լինելով դրական՝ մենք մեր կյանքը միայն հեշտացնում ու ավելի ուրախ ենք դարձնում, այնպես որ, երբեք չմտածեք, որ տարբերությունը կարող է ազդել ձեզ վրա։ Ուղղակի պետք է լինեք այնպիսին, ինչպին կաք և երբեք չմտածեք, որ պետք է փոխեք ձեզ ու այն արժեքները, որոնցով առաջնորդվում եք։

Ինչքա՜ն հետաքրքիր է այն փաստը, որ կարող ես ունենալ երկու ընտանիք միաժամանակ։ Վեց ամիս առաջ ինձ օտար մարդիկ հիմա ընտանիք են դարձել։ Երբ պատրաստվում էի գալ ԱՄՆ, ոչինչ չգիտեի, չգիտեի՝ ինձ ինչ է սպասվում, ինչ կլինի, ուր եմ գնում։ Հայաստանից ու ընտանիքիցս առաջին անգամ հեռանալը ամենադժվար բաներից մեկն էր իմ կյանքում, բայց շատ ուրախ եմ, որ պատվով հաղթահարեցի այդ ամենը։

Հետո կարողացա հարմարվել ուրիշ միջավայրի, սովորույթների ու մարդկանց ու հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Փոխանակման ծրագրի աշակերտ լինելն օգնում է դառնալ ավելի հասուն, կենտրոնացած և ուժեղ։

Չորս ամսից էլ քիչ մնաց իմ փոխանակման տարվա ավարտին: Չեմ կարող բացատրել այն ամենը, ինչ զգում եմ։ Փորձում եմ շատ չտխրել, քանի որ ամեն ինչի ավարտ մի նոր ու հետաքրքիր բանի սկիզբ է։

Հ.Գ. Ամենակարևոր դասը, որ սովորել եմ այստեղ, ժպտալն է, միշտ ժպտալը, այնպես որ, Հայաստան վերադառնալիս ակնկալում եմ տեսնել միայն ժպտացող դեմքեր։ Հա, ու մեկ էլ, անծանո՛թ հայեր, խնդրում եմ՝ ինձ տարօրինակ չհամարեք, եթե ժպտամ ձեզ։

meri baghdasaryan

Ես չգիտեմ

Ես չգիտեմ, թե որտեղ է վերջանում հորիզոնը, գուցե այն չի էլ վերջանում: Ես չգիտեմ, թե ինչ գույն ունի լռությունը, գուցե այն քո աչքերի գույնն ունի, գուցե և անգույն է, չգիտեմ: Դու գիտե՞ս:

Դու հաճախ մի ամբողջ քաղաք ոտնատակ ես տալիս ինչ-որ մտքեր ցրելու, կամ ինչ-որ բան վերհիշելու համար: Քայլում ես երկա՜ր, երկա՜ր: Հանդիպում ես ծանոթ մարդկանց, խոսում առօրյա հոգսերից ու բաժանվում ես։ Այդ բաժանումից հետո հոգուդ մեջ մի մեծ ծանրություն է մնում: Քայլում ես ու մտածում, հաճախ տարվում ես երազանքով, հետո սթափվում ես ինչ-որ մեկի ձայնից: Հասկանում ես, որ քեզ չէին կանչում, այլ քո անունն ունեցող մեկ ուրիշին:
Շարունակում ես քայլերդ, երևակայությանդ մեջ գտնում ես մեկին, պատկերացնում ես նրա հայացքը, ժպիտը, աչքերի գույնը և զգում ես, որ նա քեզ հարազատ է, և հոգուդ խորքում սիրում ես նրան:
Ակամա նայում ես երկնակամարին, արդեն աստղեր են նշմարվում: Մտքերով տարված՝ չես նկատել, թե ինչպես է մթնել: Տուն հասնելուն պես վառում ես մի փոքր լամպ, որովհետև քամի է, և լույս չկա:
Առավոտյան դուրս ես գալիս: Այգում մի քանի բացված մանուշակ ես նկատում: Մտածում ես՝ քաղես ու նվիրես մեկին: Բայց ի՞նչ իմանաս՝ այդ մեկը մանուշա՞կ է սիրում, թե՞ փշոտ վարդեր: Ի՞նչ իմանաս:
Պահի ազդեցության տակ տխրում ես, թախծում, հետո վերցնում ես թուղթ ու գրիչ և սկսում ես գրել: Գրում ես, որովհետև այս աշխարհում ուրիշ ոչինչ չի մնացել անելու, կամ էլ որովհետև այլ տաղանդ չունես:
Հուսահատության պահերին չգիտակցելով սրտեր ես փշրում, անտարբերությամբ ես անցնում արցունքի կողքով:
Ես չգիտեմ, թե ինչ տեսք ունի մենախոսությունը, գուցե նման է այն վարդին, որի թերթերը ոչ ոք հաշվել չի փորձել:
Ես չգիտեմ, թե ինչպես է վերջանում «Մատանիների տիրակալը» ֆիլմը: Ես այն երբեք չեմ նայել մինչև վերջ:
Ես չգիտեմ, թե քանի երգ է գրվելու անփոխադարձ սիրո մասին, չէ՞ որ ամեն օր սրտեր են կոտրվում:
Միգուցե դու գիտես, միգուցե պատասխան տաս հարցերիս: Չէ որ ինչպես ինքդ ես ասում՝ նայել ես աշխարհի բոլոր ֆիլմերը, դա էլ նայած կլինես, պատմիր ինձ վերջաբանը: Դու գրում ես երգեր, որոշները պատռում ես ու աղբամանը նետում, լավագույններն էլ պահում ես խնամքով՝ մի օր ձայնագրելու նպատակով: Դու երևի գիտես նաև, թե որտեղ է վերջանում հորիզոնը, գուցե այնտե՞ղ, որտեղ կատարելություն չկա: Այն բեմում, որում խամաճիկներին դերասան են կոչում: Գուցե վերջանում է այնտեղ, որտեղ գլուխ է բարձրացնում ամենախոսուն լռությո՞ւնը…

marine nikoghosyan

Ընդմիշտ խոպան

Շիրակի մարզում գյուղերն ու քաղաքները հանդարտ ու աննկատ կերպով դատարկվում են` թողնելով միայն դատարկ փողոցներ ու լքված տներ։

Դռներից կախված ժանգոտ կողպեքները, չգիտես՝ հեգնում են, ժպտում կամ միգուցե տենչում, որ երբևէ կբացվեն, երբ կվերադառնան տերերը:

Հիմնականում տղամարդիկ են գնում «խոպան»: Շատերը գնում են գարնանը և վերադառնում ձմռանը՝ Ամանորն ընտանիքում նշելու նպատակով։ Միայն քչերն են վերադառնում, այն էլ ընտանիքը տանելու նպատակով։

Զրուցակիցս Շիրակի մարզի Կրասար գյուղի բնակչուհի Լարիսա Հովհաննիսյանն է, որի հայրը տարիներ շարունակ մեկնում է արտագնա աշխատանքի։

-Հայրդ ո՞ր թվականից է սկսել մեկնել արտագնա աշխատանքի և ո՞րն էր պատճառը։

-Տատիկս հաճախ է կիսվում իր երիտասարդ տարիների հիշողություններով, ու այդ հիշողություններից անմասն չի մնում նրա որդիների՝ արտագնա աշխատանքի մեկնելը։ Հայրս ու հորեղբայրներս առաջին անգամ արտագնա աշխատանքի են մեկնել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ, ինչպես մի շարք հայ ընտանիքներում, մեր ընտանիքում նույնպես առաջացել էին ֆինանսական խնդիրներ։

-Նա մինչ օրս էլ մեկնո՞ւմ է արտագնա աշխատանքի։ 

-Այո՛, այժմ էլ մեկնում է, քանի որ աշխատատեղերի բացակայությունը խթան է հանդիսանում արտագնա աշխատանքի մեկնողների թվի ավելացմանը։ Միայն գյուղատնտեսական աշխատանքով հնարավոր չէ հարթել ֆինանսական դժվարությունները։

-Այժմ նա որտե՞ղ է աշխատում, ի՞նչ է անում այնտեղ և ինչպե՞ս եք շփվում միմյանց հետ։ 

-Հայրս այժմ աշխատում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում և զբաղվում է շինարարությամբ։ Շփվում ենք հիմնականում հեռախոսազանգերով և բջջային հավելվածներով։

-Որո՞նք են ամենադժվար պահերը թե՛ ձեր, և թե՛ նրա համար, և ինչքա՞ն է տևելու բաժանումը։

-Ամենադժվարը բաժանման հետ չհաշտվելն է, երբ կյանքիդ ամենակարևոր ու ամենաերջանիկ պահերը չեք կարողանում միասին անցկացնել։ Հուսով եմ, որ մեր բաժանումը երկար չի տևի, եթե կարելի է երկար չհամարել, մոտ վեց ամիս։

-Իսկ ապագայի ի՞նչ պլաններ կան՝ վերադառնալ, ձեզ տանել, թե՞ շարունակել այսպես ապրել։ 

-Հստակ պատասխանել չեմ կարող, սակայն հայրիկիս լավ ճանաչելով՝ կարող եմ ասել, որ այսպես էլ շարունակվելու է, քանի որ նրա միակ նպատակն ու երազանքը մեր կրթություն ստանալն ու լավ աշխատանք ունենալն է Հայաստանում։

-Իսկ ի՞նչ եք կարծում, կգա՞ մի ժամանակ, երբ ՀՀ-ում աշխատատեղերի թվի աճ կգրանցվի, և շատերը ստիպված չեն լինի թողնել իրենց ընտանիքները և գնալ արտագնա աշխատանքի։ 

-Դժվարանում եմ պատասխանել, այս խնդիրը եղել է դեռ տասնամյակներ առաջ և շարունակվում է մինչ օրս։ Այս խնդիրն իր լուծումը կստանա այն ժամանակ, երբ նոր աշխատատեղեր կբացվեն, և մեր բոլորի երազանքները կկատարվեն, ու շատ ու շատ ընտանիքներ, ինչպես նաև՝ իմը, ստիպված չեն կանգնի այս մեծ խնդրի առաջ։

laura sekoyan

«Փետրվարյան հեղափոխություն»

Բոլորս էլ գիտենք, որ Տեառնընդառաջի տոնից հետո մեծ փոփոխություններ են տեղի ունենում մարդկանց առօրյայում։ Հունվար ամսվա թանկացումները նորից կրկնվում են այդ տոնին, և մարդիկ զինված սպասում են դրանց։ Ովքեր նշում են այդ տոնը, բացի սննդամթերքից գնում են նաև նվերներ, սպասք և այլն։ Իսկ նրանք, ովքեր չեն տոնում Տեառնընդառաջը, ստիպված հարմարվում են թանկացումներին և տուժում։ Բայց տոնից հետո դատարկ խանութներում դեռ շարունակվում են թանկացումներն այնքան, մինչև նորից լցնում են դատարկ տեղերը և զեղչերի միջոցով ապրանքների գներն իջեցնում են։ Ինչևէ, այդ շրջանը արդեն հասցրինք հաղթահարել և մուտք ենք գործում մեկ այլ շրջան։ Երկրորդ շրջանը ես անվանում եմ «փետրվարյան հեղափոխություն»։ Եվ իրոք, Ամանորից հետո սկսված ճգնաժամից գյուղում հազիվ հասցնում ենք փետրվարին դուրս գալ։ Բոլորն արդեն աշխատում են, ապահովված են ֆինանսապես։ Գյուղացիներն ընկնում են հունի մեջ ու անցնում իրենց սովորական կյանքին, մինչև հաջորդ տոներն ու հաջորդ Նոր տարին։ Հեղափոխություն է նաև դպրոցներում։ Արձակուրդից եկած աշակերտները նոր ծրագրեր են ձեռնարկում։ Մասնակցում են օլիմպիադաների, մրցույթների։ Օլիմպիադա ասացի՝ հիշեցի։ Գրականության օլիմպիադայի ժամանակ պատահական ու հաճելի հանդիպում ունեցա 17.am-ի թղթակից Կարինե Նահապետյանի հետ։ Նա կանգնած էր մուտքի մոտ և ուղեկցում էր մասնակիցներին։ Եվ ակամա հիշեցի Չարենցի ու Նալբանդյանի հանդիպումը Պետրոպավլովյան ամրոցում։ Պարզապես այս անգամ հանդիպել էին Լաուրան ու Կարինեն տասներեքերորդ դպրոցում։ Թեմայից մի փոքր շեղվեցի, բայց ամեն դեպքում, դժվար ժամանակներ ենք ապրում և պետք է մեծ ջանք գործադրենք հեղափոխությանը զուգահեռ ընթանալու համար։

arxiv

Ջենին

Ձմեռն ասես չէր վերջանում, թեև արդեն գարուն էր: Բակում վազվզում էին մի քանի շուն: Իջա բակ և ձայն տվեցի.

-Ջենի, տես քեզ համար ինչ եմ բերել:

Շներից մեկը վազելով մոտեցավ ինձ:

-Ջենի, տես քեզ համար ինչ եմ բերել,- նորից ասացի ես ու նրան պարզեցի մի կտոր հաց:

Խեղճն այնքան ծարավ էր, որ նույնիսկ հացին ձեռք չտվեց: Մոտեցավ ջրափոսին՝ ինձ հասկացնելով, որ ծարավ է: Ես նրան ջուր տվեցի: Նա ագահությամբ խմեց ջուրը և նոր կերավ իմ տված հացը։

Ես շատ խղճացի Ջենիին: Տանից մի փալաս բերեցի: Գցեցի մեր մուտքի աստիճանահարթակին: Ջենին տեղավորվեց փալասի վրա և իսկույն քուն մտավ: Ես էլ գնացի տուն և պառկեցի քնելու: Երազումս տեսա, որ Ջենին մեր տանն է ապրում, և ես խաղում եմ նրա հետ։

Առավոտյան, երբ տանից դուրս եկա դպրոց գնալու, Ջենին դեռ անուշ քնած էր իմ գցած փալասի վրա: Ես զգուշորեն իջա աստիճաններով: Ամբողջ ճանապարհին մտածում էի, թե երբ եմ տուն գալու, որպեսզի խաղամ Ջենիի հետ: Դրսում գարնանային տաք եղանակ էր: Ուրեմն Ջենին էլ չի մրսի:

Ռիմա Տոֆանյան
2003թ.

Anushik Mkrtchyan

Մենակ դու չես

Հայրս առաքիչ էր, մայրս՝ խոհարարի օգնական, իսկ ավելի ուշ՝ վաճառողուհի։ Հորս աշխատանքը հոգնեցուցիչ էր։ Քաղաքից քաղաք գնալ, գյուղից գյուղ, ոլոր-մոլոր ճանապարհներ, երբեմն բարդ, երբեմն հեշտ, բայց, դե դա ավելի լավ էր, քան օտար երկրում լինելը։ Դեպքեր էին լինում, որ նա մեզնից շա՜տ հեռու էր լինում և աշխատանքի բերումով մի 3 օր մնում էր այնտեղ։ Այդ երեք օրերը մեզ համար լավ էին միայն նրանով, որ մայրիկի կողքին էինք քնում։ Երեքիցս մեկն ու մեկը։ Դե, հո մենք չէի՞նք ուրախանում, որ հայրիկը տանը չի լինում, այն էլ նրա համար, որ մայրիկի կողքին պառկեինք։ Իհարկե, հայրիկին կարոտում էինք ու շատ։ -Պապայի՞դ ես սիրում, թե՞ իրա բերած համով բաները,- հարցնում էին եղբորս, երբ դեռ 2-3-րդ դասարանում էր։

-Համ պապային, համ էլ համով բաները,- պատասխանում էր նա, չնայած՝ երբեմն խոստովանում էր, որ համով բաներն ավելի շատ է սիրում։

Երբ պապան երեք օրվա բացակայությունից հետո գալիս էր, ես վերջում էի նրան մոտենում ու գրկում, որ կողքից չասեին. «Անուշի՛կ, պրծի՛, մենակ դու չես կարոտել»։

Երբ հորս գործերն «անկում» ապրեցին, նա որոշեց մեկնել արտագնա աշխատանքի։ Նա չէր կարողանա ամեն օր այդ «համով բաները» բերել տուն։

Հոկտեմբերի 18։ Էս օրը ես հասկացա, որ ատում եմ օդանավակայանները, ինքնաթիռներն ու ինչու ոչ, երկիրս։ Նրանք բաժանում են մեզ մեր հարազատներից։ Երկիրն է մեղավոր, որ հեռանում են՝ ասելով, թե կվերադառնան, բայց ժամանակ չեն նշում։ Հորս վերջինը ես գրկեցի, որ չասեին «Անուշի՛կ, պրծի՛, մենք էլ պիտի գրկենք»։ Չնայած, դժվար թե ասեին։ Գնալուց առաջ ասաց՝ խելոք կմնաք։ Հայրս ամենից շատ բարկանում էր, որ սուտ էինք խոսում, ու արդյունքում ինքը ստեց՝ ասելով, որ մի տարուց կգա։

Ավելի ուշ մայրս էլ գնաց։ Ամանորից 7 օր առաջ՝ դեկտեմբերի 23-ին։ Ու արդեն մեկ տարի 4 ամիս հորս չեմ տեսել, մեկ տարի 2 ամիս՝ մորս։ Օդանավակայան չգնացի։ Չէին էլ տանի։

Մինչ մորս մեկնելը, մեկնեց հորեղբայրս, ծնունդիս օրը՝ նոյեմբերի 8-ին։ Ոչ հայրս նրան հրաժեշտ տվեց, ոչ հորեղբայրս՝ հորս։ Հորս գնալը պատահական ստացվեց։

Տատիկն ամենից շատ հորս մեկնելը ծանր տարավ։ Դե, վերջին անգամ սեպտեմբերին էր տեսել։ Նա ամեն անգամ լալիս է, երբ որդիներից մեկի ձայնն է լսում։ Ամեն օր ասում է, թե երազ է տեսել։

-Տատ, ամենածանր բանը օտարության մեջ ի՞նչն ա։

-Կարոտը, հեռավորությունը։ Ի՞նչ իմանամ, երբ կգան։ Երկուսինն էլ անորոշ է։ Առաջինը Արտյոմը (հայրս) գնաց։ Ծանր տարա։ Պատահական եղավ։ Գիշերն իմացա, որ Էջմիածնից գնում ա Ռուսաստան՝ առանց հաջող անելու, առանց տեսնելու։ Որ իրանց մանկությունն եմ հիշում, է՜հ, հուշերի գիրկն եմ ընկնում։ Կուրխնեինք, կըսեի՝ երկու տղա ունեմ, կմեծանան, թև ու թիկունք կեղնին, իսկ հիմա երկուսն էլ կողքիս չեն։ Կարոտը մի կողմից, մենակությունը՝ մյուս։ Նայում ես ուրիշներին, տղերքը կիգան, կերթան, մերը՝ չկա։ Ում հետ որ խոսում եմ, անկախ ինձնից տղեքիս անուններն եմ տալիս։ Աշխատատեղ որ էղներ, ինչի սե՞նց կեղներ։ Էս լրիվ գալիս ա երկրի վատ վիճակից։ Ըմեն էղան թափառական, պանդուխտ։ Էնքան գիրք եմ կարդացել, էտ պանդուխտներին մեղքացել, որ եկավ իմ գլխին։ Ամեն գնացողին կնախատեի, ծնողներին կմեղքայի, կըսեի՝ մա՞րդ էլ իրա հայրենի օջախից գնա։ Ըհն, եկավ գլխիս։ Երկուսն էլ գնացին մի տարվա մեջ։ Մի ամսվա տարբերությամբ։ Հովհաննեսիս տղեն Գերմանիայում ա ծնվել։ Աչքերիս չեմ հավատում։ Տենաս կգա՞ մի օր, որ «ժիվոյ» կտենամ,- ասաց տատս՝ լացելով ու անընդհատ աչքերը մաքրելով։

Հայրս ասաց, որ իր համար օտարության մեջ ամենադժվարը մենակությունն է, կարոտն ու հեռավորությունը։

-Օ՜ֆ, Անուշ։ Կարոտն ա դժվար։ Կարոտը ընտանիքիդ հանդեպ։ Երկրումդ ես, գիտես, որ քո երկիրն ա։ Ավելի ազատ ես։ Չգիտեմ, երբ կգանք, բայց հաստատ գալու ենք։ Վերադառնալ, միանշանակ վերադառնալ։ Ձեզ ուսման տալ, ապագա ստեղծել։ Հենց դրա համար էլ գնացել ենք,- ասաց մայրս։

Ուզում եմ, որ էս ամենը շուտ ավարտվի, որքան հնարավոր է շուտ։ Կարոտում ենք մեր ծնողներին։ Ես 15 տարեկան եմ, քույրս՝ 12, եղբայրս էլ՝ 11։ Դա այն տարիքն է, երբ շատ ենք զգում նրանց կարիքը։ Ինչի՞ պիտի ծնողական ժողովին մաման չգնա, ծնունդիս ինքը մոմը չվառի, պապան քաղաք չտանի, այլ ուրիշը։ Սա սխալ է։ Ճիշտ է՝ տատիկն ամեն ինչ անում է, որ մենք մեզ լավ զգանք։ Նույնիսկ ուժերից վեր բաներ է անում։ Պապիկն իր թոշակից պահում է, ու ինչ ուզում ենք՝ գնում է։ Ոչ մի բանի պակաս չունենք։ Բայց, դե մայրն ուրիշ է, տատիկն՝ ուրիշ, իրենց կատարած գործերից անկախ։

Ի վերջո, նրանք կգան։ Եղբայրս վստահ կասի, որ պապային է ավելի շատ սիրում, ոչ թե համով բաները։ Ես վերջում նրանց կգրկեմ, որ չասեն. «Անուշի՛կ, պրծի՛, մենակ դու չես կարոտել»։

lilit vardanyan

Սովորել, սովորել

-Երեխաներ, այսօր անցնելու ենք սինուսների թեորեմը: Դա շատ կարևոր թեմա է:

-Իսկ ինչի՞ համար ա մեզ էդ պետք,- հարցրեց աշակերտներից մեկը:

-Կյանքում պետք կգա:

-Կյանքում ե՞րբ պետք կգա:

Հարցը մնաց անպատասխան:

Նկատե՞լ եք, որ մենք երբեմն սովորում ենք այն, ինչ մեզ պետք չի գալիս կյանքում: Իհարկե, խոսքը սինուսների թեորեմի մասին չէ: Բայց, իմ կարծիքով, եթե մենք իմանայինք օրինակներ, թե կյանքում ինչ նշանակություն ունի սինուսի թեորեմը, ապա մենք ավելի հաճույքով և գիտակցված կսովորեինք:

Վերցնենք պատմությունը՝ որպես օրինակ: Մենք սովորում ենք դասը: Ուսուցիչը պահանջում է պատմել դասն այնպես, ինչպես գրված է գրքում: Բոլորը դասը մեկնաբանում են այնպես, ինչպես ուսուցիչն է պահանջում: Աշակերտների մոտ չի ձևավորվում սեփական կարծիք:

Մեր պատմությունը կրկնվում է: Այս տարի ընդունվեցի քոլեջ, և մենք նույն թեմաներն ենք անցնում, ինչ դպրոցում: Արդեն անգիր եմ արել պատմության բոլոր դասերը: Միևնույն ժամանակ, ես համարյա ոչինչ չգիտեմ նորագույն շրջանի պատմության մասին:

Իսկ ինչի՞ համար ենք մենք անցնում քիմիան: Ինչքան հիշում եմ՝ քիմիայի դասերին մենք կա՛մ դաս ենք պատմում, կա՛մ խնդիր լուծում: Իսկ ավելի հետաքրքիր լաբորատոր փորձե՞րը: Այդպիսի բան էլ եմ հիշում, թե ինչպես լակմուսի թերթիկից ստանալ մորու գույն, ֆենոլֆտալեինից՝ նարնջագույն: Դե, այդ փորձը ես մոտ երեք անգամ եմ տեսել, ինչպե՞ս կարող եմ չհիշել: Դպրոցներում չկան լավ պայմաններ ավելի հետաքրքիր փորձեր անելու համար:

Ձմեռային արձակուրդներին գրականության ուսուցիչը մի քանի գիրք էր հանձնարարել կարդալ: Եթե ճիշտն ասեմ, ես դրանցից դեռ ոչ մեկը չեմ կարդացել: Գիտե՞ք ինչու: Որովհետև ուսուցիչները սկսում են պատմել այդ գրքի սյուժեն: Հանձնարարում են սովորել գրականության դասագրքի վերլուծությունը: Հետո էլ ասում են՝ կարդացեք:

Մարդիկ զարմանում են, թե ինչու աշակերտները այդքան չեն սիրում գրականությունը: Որովհետև գրականության դասաժամերը ձանձրալի են անցնում: Դպրոցում ամենաերկար 45 րոպեն գրականության դասաժամին էր: Քսանհինգ րոպե աշակերտներն էին պատասխանում, քսան րոպե ուսուցիչներն էին խոսում:

Իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե ուսուցիչները աշակերտներին սովորեցնեին՝ ինչպես գտնել և սովորել այն, ինչ իրենց պետք է:

Կարելի էր ավելի հետաքրքիր, թեթև և օգտակար ծրագիր կազմել, որպեսզի աշակերտին ավելի հաճելի լիներ սովորելը: Օրինակ՝ պատմության ժամին քննարկումներ լինեին, իսկ քիմիայի լաբորատոր փորձերի համար լավ պայմաններ: