Երևի շատերդ տեղյակ եք այս տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծից: Ես, լինելով Եվրատեսիլի երկրպագու, խնդրեցի, Սուրեն Պողոսյանին հարցազրույց անելու խնդրանքով: Թատրոնի ներկայացումից անմիջապես հետո հանդիպեցինք ու զրուցեցինք նախագծում իր մասնակցության մասին:
-Սուրեն, գիտեմ, որ հենց նոր եք թատրոնից դուրս եկել: Ե՞րբ որոշեցիք զբաղվել թատրոնով:
-Թատրոնով ու երգով միաժամանակ եմ սկսել զբաղվել: Նույնիսկ չի եղել, որ նստեմ ու մտածեմ, թե ինչ պետք է անեմ, դե, այսինքն, միշտ մտքումս եղել են էդ երկու մասնագիտությունները: Մտածել եմ ուրիշ մասնագիտությունների մասին, բայց գիտակցել եմ, որ միևնույն է, դրանք պետք է ընտրեմ: Հետո շատ պատահաբար հայտնվեցի թատերական ինստիտուտում ու սկսեցի արդեն զբաղվել թատրոնով, բայց մինչև այդ էլ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն եմ ավարտել` թատերական բաժինը:
-Իսկ ինչպե՞ս անցավ այսօրվա ներկայացումդ:
-Շատ լավ: «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումն էր, որն ինձ թվում է հանդիսատեսը շատ հավանեց: Բացի այդ, այսօր նաև «Դեպի Եվրատեսիլի» իմ տեսաբացիկի նկարահանումն էր:
-Լավ, քանի որ արդեն խոսք գնաց «Դեպի Եվրատեսիլից», ինչո՞ւ որոշեցիր մասնակցել նախագծին:
-Երբ էս հարցը ինձ տալիս են, անընդհատ ուզում եմ ուրիշ ձև պատասխանել, որովհետև բոլոր տեղերում նույն ձև եմ պատասխանում, բայց ոնց հասկացա ուրիշ ձև չկա:
Ես 13 տարի է, Եվրատեսիլի երկրպագու եմ, բոլոր ֆան ակումբների էջերում կամ ու շփվում եմ տարբեր երկրների ֆաների հետ: Եվրատեսիլին մասնակցելը ինձ համար երազանք էր, հետո դարձավ նպատակ, որովհետև հասկացա ,որ կա էդ հնարավորությունը, և ձայնային տվյալները, ու հնարավոր է, որ էդ նպատակը օրերից մի օր դառնա իրականություն: Սրանից հետևություն. երկար չեմ մտածել հայտը լրացնելուց առաջ: Երբ տեսա «Դեպի եվրատեսիլի» 2-րդ եթերաշրջանի մասին հայտարարությունը, անմիջապես դիմեցի: Առաջին տարին էլ էի մասնակցել` անցել էի առաջին փուլ, բայց X Factor նախագծի հետ ունեի պայմանագիր ու չկարողացա մասնակցել «Դեպի Եվրատեսիլին», որովհետև երկուսն էլ միաժամանակ էին:
-Ինչպե՞ս կատարեցիք երգի ընտրությունը:
-Նախ, իմացա, որ այս տարի կանոնները փոփոխվել են, ավելի բարդ է դարձել. պետք է ներկայանալ սեփական երգով: Սկզբում մեծ բարդություն առաջացավ երգ չլինելու պատճառով: Ավելի ճիշտ, երկու երգ կար, որ ես էի հեղինակել, բայց դրանք, իմ կարծիքով, Եվրատեսիլում հաջողություն չէին ունենա: Սկսեցի սոցցանցերով ման գալ տարբեր երգահանների ու հենց առաջինը գտա շվեդ երգահան Յոնաս Գլադնիկոֆֆին, ով արդեն երկար տարիներ է՝ եվրատեսիլյան ասպարեզում է, ում գրած երգերը , եթե չեմ սխալվում, չորս կամ հինգ անգամ արդեն Եվրատեսիլ են գնացել` Իռլանդիայից, Մալթայից…
-Իսկ այդ երգերը հաջողություն ունեցե՞լ են:
-Դե, ինձ թվում է, արդեն հաջողություն է՝ Եվրատեսիլին մասնակցելը: Եզրափակիչ փուլ անցել են հաստատ, բարձր հորիզոնականներ չեն գրավել, բայց նորից եմ ասում, որ մասնակցելն արդեն մեծ հաջողություն է:
Շատ հետաքրքիր էր ինձ համար աշխատել մի մարդու հետ, ով արդեն ծանոթ է եվրատեսիլյան թոհուբոհին ու գիտի, թե ինչ է պետք: Նա ինձ ուղարկեց 10 երգերի «դեմո» տարբերակներ, որոնք մեկը մյուսից լավն էին, բայց “The voice”-ը հենց առաջին լսելուց ընտրեցի: Հետո նոր իմացա, որ այդ երգը երեք հոգով են ստեղծել: Ու արդեն սկսվեց բուռն աշխատանքը:
-Ի՞նչ ակնկալիքներով ես մասնակցում մրցույթին:
-Ես կարծում եմ, որ եթե հաղթելու ցանկություն չկա, ուրեմն կամ էդ երգիչը խաբում է, կամ էլ անիմաստ է մասնակցում: Որովհետև եթե մասնակցում ես մրցույթի, պարզ է, որ պետք է ուզենաս հաղթել: Բայց, իմ կարծիքով, դա չպետք է խանգարի մասնակցին, որովհետև լիքը այլ ձեռքբերումներ էլ կան: Ավելի շատ մարդ կսկսի հետաքրքրվել քո արվեստով, որը կարծում եմ «Դեպի Եվրատեսիլը» կընձեռի: Հետո. աշխատել Հանրային հեռուստաընկերության հետ, աշխատել մի մեծ եվրատեսիլյան ճանապարհ անցած պրոֆեսիոնալ թիմի հետ, բոլորին չի հաջողվում, ինչը արդեն մեծ ձեռքբերում է: Մասնակից 20 հոգու մեջ ես էլ կամ և ունեմ հնարավորություն իրենց հետ աշխատելու: Նույնիսկ եթե եզրափակիչ չանցնեմ, մինչև այդ անցած ճանապարհը ևս մեծ նվաճում կլինի: Այդ ընթացքում ձեռք կբերեմ նաև շատ ընկերներ, չնայած արդեն հեռակա կարգով շփվում եմ մի քանի մասնակցի հետ:
-Ինչպե՞ս ընդունվեց երգը հանրության կողմից:
-Կարծիքները շատ տարբեր էին, շատ իրար հակասող: Սկզբում շատ էի հետևում մեկնաբանություններին, բայց հասկացա, որ պետք չէ դրանց ուշադրություն դարձնել, որովհետև միայն նյարդային համակարգիդ վրա է ազդում: Հիմնականում լավ կարծիքներ էին, կային նաև վատ կարծիքներ: Կային կարծիքներ, որ երգը Եվրատեսիլին չի համապատասխանում, ու նաև ծիծաղելի կարծիքներ կային: Բայց ես հասկանում եմ բոլորին: Մեր հանրությունն ավելի շատ նայում է տվյալ արտիստի հայտնիությանը, կասկածում են նոր արտիստների տվյակարողություններին, որը նույնպես շատ բնական է:
-Մյուս 19 մասնակիցներից ո՞ւմ երգերն ես ավելի շատ հավանում:
-Կան մի քանի երգեր, որոնք հավանում եմ, բայց անուններ փորձում եմ չտալ: Կասեմ, որ կան շատ լավ երգեր ու երգիչներ: Եթե ես մասնակից չլինեի, նրանց անպայման կերկրպագեի: Ի դեպ, ով էլ որ հաղթի, միևնույն է, երկրպագելու եմ, քանի որ մնում եմ Եվրատեսիլի երկրպագու, ով ուզում է, որ Հայաստանը բարձր հորիզոնական գրավի: Բայց կարծում եմ, որ այս տարվա երգերը, անկեղծ, ընհանուր առմամբ, զիջում են Հայաստանի անցած տարիների երգերին, այդ թվում նաև իմը, բայց ինձ թվում է, որ հաղթող երգի հետ Հանրային հեռուստաընկերությունը որոշ աշխատանքներ կկատարի:
-Ի՞նչ կցանկանաս ասել քո երկրպագուներին:
-Ես հիմնականում փորձում եմ ոչինչ չասել, որովհետև նոր եմ արտիստի անուն կերտում ու չեմ ուզում լինել այն մարդկանցից, ովքեր մինչև գործելը, ասում են, որ հետևեն իրենց, որովհետև եթե կա երկրպագու, կհետևի իմ աշխատանքին ու կորոշի մնալ ինձ հետ: «Դեպի Եվրատեսիլից» հետո չեմ դադարելու աշխատել:
-Եվ վերջում, նախադասության սկիզբը ես ասեմ, ու դու փորձիր շարունակել.
-Եթե Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ես ներկայացնեմ… Բարդ է շատ, նախ ասեմ, որ եթե ես ներկայացնելու լինեմ Հայաստանը, դժվար թե հասնեմ Եվրատեսիլի բեմ, հենց «Դեպի Եվրատեսիլի» բեմի վրա էլ կմնամ, (ժպտում է): Իսկ իրականում, դա կլինի շատ մեծ պատիվ ու պատասխանատվություն, որին կարծում եմ, պատրաստ եմ, համենայն դեպս, ունեմ շատ լավ թիմ, որոնց հետ հաստատ պատրաստ եմ հասնել Եվրատեսիլ ու Հայաստանը պատվով ներկայացնել:
Փետրվարի 1-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցահանդեսը:
«Հինգ րոպեն ձեզ բավական է ամբողջ պատմությանը ծանոթանալու համար»,- նշում է «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը: Հպէկրանների միջոցով այցելուները, հատկապես՝ երիտասարդ լրագրողները, կարող էին ստուգել և զարգացնել իրենց մեդիա-գիտելիքները «Մեդիամարտ», «Ցանցառ» և «Լիտերատուսի արկածները» խաղերի օգնությամբ: Իսկ պատկերասրահի մյուս սենյակում ցուցադրվում էին տասը ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել հեռուստատեսությամբ, սակայն, Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով, դրանք լուրջ հետազոտություններ են, լավ լրագրողական ֆիլմեր: Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
-Անչափ ուրախ եմ այսօր այստեղ լինել: Այստեղ՝ Հայաստանում, մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկը Հայաստանի քաղաքացիների, հասարակության լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքն է, աջակցությունը այն ջանքերի, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին: Բոլոր երկրներում էլ կա այս խնդիրը, այն միայն Հայաստանին չէ բնորոշ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային ուղիներից մեկը անկախ լրատվական դաշտի առկայությունն է: Հայաստանում կա անկախ լրատվական դաշտ, որը ունի բավարար խիզախություն՝ արծարծելու և լույս սփռելու կոռուպցիային վերաբերող հարցերի վրա: Այս ցուցահանդեսի կարևորությունը ինձ համար հենց սա է: Ես՝ որպես պետական պաշտոնյա, կարող եմ ասել, որ կան Հայաստանում այնպիսի լրագրողներ, որոնք կարող են պաշտոնյաներին բարդ հարցեր ուղղել: Եվ այսօր այստեղ գտնվելով՝ ես ուրախ եմ, որ ականատեսն եմ մի քանի կոնկրետ դեպքերի, որոնց հետ կապված Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները բարդ հարցեր են տվել, կարևոր խնդիրներ են առաջ քաշել՝ դրանք ուղղելուվ պետական պատշոնյաներին, գործարար դաշտի ներկայացուցիչներին: Եվ ես հպարտ եմ, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կարողացել է իր փոքրիկ ներդրումն ունենալ՝ աջակցելու այս կարևոր նախաձեռնությանը, որը կյանքի է կոչվում Նունե Սարգսյանի և նրա հոյակապ թիմի կողմից,- նշում է Ռիչարդ Միլսը:
-Անկախության շրջանում ամեն ինչ շատ արագ է զարգանում,- պատմում է Վահրամ Մարտիրոսյանը,- այդ պատճառով մենք որոշեցինք հետ հայացք գցել, տեսնել, թե մեր մեդիան ինչպիսին է: Մեդիան իրեն դրսևորում է առաջին հերթին ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին էին, օրինակ՝ երկրաշարժը, կամ հոկտեմբերի 27-ը: Մեզ համար, կարծում եմ, այդ ֆորսմաժորային կարևորությունն ունի նաև կոռուպցիան: Ահա, այդպես էլ ընտրեցինք այս թեման՝ որպես երկրորդ ցուցահանդեսի նյութ: «Մեդիամարտ»-ը երկրորդ ցուցահանդեսն է, իսկ առաջինը, որը ցնցեց մեդիան, Սպիտակի երկրաշարժին էր վերաբերում: Առաջին ցուցահանդեսին ներկայացված ամբողջ նյութը նույնպես այսօր այցելուները կարող են տեսնել հպէկրանների միջոցով: Այս ցուցահանդեսում ներկայացված պատմություններին ծանոթանալով՝ այցելուն ինքը կորոշի՝ որ դեպքում հաղթանակ տարավ կոռուպցիոները, որ դեպքում՝ մեդիան, իսկ որ դեպքում դեռ անորոշ վիճակ է, և մեդիան հնարավորություն ունի շարունակելու պայքարը: Ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ այն առաջին հերթին երիտասարդության համար է՝ այն մարդկանց, որոնք շատ լավ են գլուխ հանում նորագույն տեխնոլոգիաներից, շատ լավ գիտեն՝ ինչպես «նավարկել»: Այստեղ երիտասարդները կարդում են պատմությունները, լսում են փորձառու լրագրողների հարցազրույցները, որոնք զբաղվել են հետաքննական լրագրությամբ, վերլուծում են իրենց սխալները, ամփոփում են իրենց կատարած աշխատանքը: Շատ լրատվամիջոցներ հաճախ չունեն «Իսկ դուք ի՞նչ եք արել» հարցի պատասխանը, որովհետև հետադարձ հայացք չեն գցել: Մենք հիմա փորձում ենք հենց դա անել: Այցելուն նույնպես մեզ հետ դառնում է հետաքննող լրագրող, որովհետև իրեն հսկայական նյութ է տրամադրվում, բայց՝ արդեն ընտրված: Այսինքն՝ ինքն արդեն պատկերացում է կազմում, թե այդ սկանդալը ինչպես է լուսաբանվել, և կարող է իր եզրակացությունն անել:
Ցուցահանդեսը Երևանից հետո տեղի է ունենալու նաև մարզերում: Նախատեսում ենք այցելել երեք քաղաք՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս: Կոռուպցիայի լուսաբանման մասին այս ցուցահանդեսը միակ միջոցառումն է դեռևս: Որևէ այլ ֆորմատի միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն հիմա չեմ տեսնում, քանի որ ցուցահանդեսը շատ սպառիչ է. այստեղ կան և՛ թեմային վերաբերվող ֆիլմեր, և՛ կայքեր, և՛ թերթեր, և՛ վավերագրողների կատարած ողջ աշխատանքը: Հետագայում այս բոլոր նյութերը կտեղադրվեն նաև կայքում և հասանելի կլինեն նաև ցուցահանդեսից դուրս:
Պատերին տեսնում եք նաև ծաղրապատկերներ, որոնցից ամեն մեկը տիպիկ բնորոշում է մեկ ամբողջ ոլորտ: Ծաղրապատկերների հեղինակը Նորայր Այվազյանն է՝ ժամանակակից լավագույն կոնցեպտուալիստ նկարիչներից մեկը: Մեր ամբողջ թիմը կազմված էր մոնտաժողներից, ռեժիսորներից, օպերատորներից, լրագրողներից:
Դե, մնում է միայն հիշեցնել, որ ցուցահանդեսը գործում է մինչև փետրվարի 18-ը: Եթե ուզում ես ուսումնասիրել հետաքննիչ-լրագրողի աշխատանքը, ինքդ հայտնվել նրա դերում և միասին բացահայտել մեր հասարակության այս արդի խնդիրը, ուրեմն ժամանակն է այցելել Սարգիս Մուրադյան պատկերասրահը: