lilit grigoryan

Տարին տարի է

2017-ը կնքեց իր մահկանացուն, բայց ծնվեց տարիքով մեծ մեկը՝ 2018-ը: Ծնվեց, որովհետև դա սովորական բան է: Երբեք չեմ մտածել, որ Նոր տարվանն այսքան քննադատորեն կմոտենամ, որքան հիմա հոգումս եմ կռիվ տալիս ու գլուխ ջարդում:

Սովորական է, որ պիտի գար նա, քանզի մենք կապրեինք անժամանակ ու կկորցնեինք ընդհանրապես զգալու ունակությունը:

2018-ը գիտի՝ ինչ է անելու: Ինչպես  իր հարազատները, այնպես և ինքն է  7 միլիարդ բանական էակների կյանքը բաժանելու մասերի ու տիրանալու այդ մասերից գեթ մեկին: Տիրանալու է, ու վերջ: Մնացածը մենք ենք  անելու, իսկ ինքը մեր արածները վերագրելու է իրեն, թե՝ իմ օրոք եղել է սա, սա, սա: Լավ բաների դեպքում կհպարտանա, գլուխ կգովի շատ անգամ, վատերի դեպքում՝ կլռի, բայց… Բայց միշտ կհիշի:

2018-ի մասին  սովորողները իրենց տետրերում անպայման կհիշատակեն, օրացույցները նրան կկրեն իրենց վրա, մարդկանց շուրթերն իրար կփոխանցեն 2018-ը: Ամեն տեղ կնշվի նա, կհիշվի նաև: Մարդիկ հույսեր կկապեն նրա հետ, ասես երբեք այդքան հույս չեն դրել ոչնչի վրա: Շատերը նրա ծնունդի հենց առաջին վայրկյանին կաղոթեն ու երազանք կպահեն: Կարևոր է նա, զգում եմ:

Ես  կարևորում եմ միայն այն, որ անելիք ունեմ առաջիկա 365 օրվա  ընթացքում, իսկ անելիքներս ոչ ոք չգիտի: Այդ օրերն էլ կազմում են մի բազմություն, որի անունն է՝ 2018:
Պիտի խնամենք, գուրգուրենք: Թո՛ղ լավ ապրի, չունեմ ոչինչ ասելու: Նրա անունով   ուղղակի կանվանեմ 365 օրերս, կանեմ ուզածս ու հետագայում արածներս հիշելիս կասեմ.  «2018-ին էի արել, դա էլ անցավ»:

Ani Harutyunyan

Գյուղի աստեղային շաբաթը

Գյուղից դեպի դուրս գնացող ճանապարհին միշտ խցանում է, ներս են գալիս մեկ-մեկ, մնում՝ հազվադեպ։ Դեպի գյուղ եկող ճանապարհին երբեմն լսվում է հին մեքենայի՝ բերքի ու գյուղական մթերքի ծանրության տակ ճռռացող անիվների խուլ տնքոցը ու ղեկին նստած ծերուկի հառաչանքը։ Ձմռանը ծերուկն ու մեքենան չեն երևում ճանապարհին։ Մեքենան չի դիմանա ձմռան ծանրությանը, ծերուկն էլ։

Գյուղի փողոցները վաղուց մթությունը ցրելու աստիճան լուսավորված չեն. հին լույսերը չեն աշխատում, նորը գնելու համար մարդիկ չկան, պետք էլ չի: Մի քանի տուն է նշմարվում՝ բակի պատին իմիջիայլոց լույսեր գցված. երեխաները մի քիչ կուրախանան, ավելին անելու ժամանակ չկա, հավես չկա, պետք էլ չի:

Գյուղն այնքան փոքր է: Մարդիկ էլ, սերն էլ այնքան են պակասել, որ փողոցով քայլելիս հաջորդ տարվա համար ամեն հանդիպողին կարող ես առանձին բարեմաղթանք ասել հատուկ իր համար, իր կյանքը իմացողի, խնդիրը հասկացողի, երազանքը գուշակողի նման, ամեն մեկին իր փայ երջանկությունը ցանկանալ: Ամեն մեկին առանձին գրկել, ամեն մեկի հետ մի բաժակ խմել ու մի կտոր հաց կիսել, Ռաֆիկ պապին հանդիպելիս ասել՝ մի տարի էլ գլորեցիր, ծերո՛ւկ, ու երբեք նրան նեղացած չտեսնել քո խոսքերից, դրա կարիքը, թերևս, չկա, պետք էլ չի:

Գյուղն այնքան փոքր է, ցուրտ է, որ մարդիկ ուզած-չուզած իրենց ներսի ջերմությունն են դուրս բերում: Առաջվա մարդաշատ փողոցներին փոխարինել են մի քանի տան վառվող վառարանները, մարդաշատ փողոցներում իրար անտարբեր հայացքով նայողները դարձել են հարևանի հետ անընդհատ խոսել ցանկացողներ, ոմանք էլ ուղղակի հարևանի կարիք ունեն, որ զգան՝ մարդիկ ապրում են, ինչ-որ մի տեղ, բացի իրենցից:
Գյուղի Նոր տարվա հեքիաթը ձմեռ պապերն ու նվերները չեն, Նոր տարվա իսկական հրաշքը դեկտեմբերի վերջին գյուղ եկող ճանապարհի խցանումներն են, կյանքում միակ տեղն ու ժամանակը, երբ խցանումը երջանկացնում է. տուն են գալիս։

Տոներն անցան: Գյուղը նորից փոքր է ու մենակ:

Anush Jilavyan

Այն աշխարհը, որը կոչվում է մշակույթ

Ես երևի շատ քիչ մարդկանցից եմ, որ ինքս իմ ցանկությամբ եմ ընտրել մասնագիտությունս: Անկեղծ ասած, դա չէր հեշտացնում ընտրելու բարդությունը, ու մինչև վերջին պահը կասկածները տանջում էին ինձ:

Բայց ինձ «ճակատագրական» թվացող պահը անցավ, ու ստացվեց, որ ես դարձա պատմության ֆակուլտետի մշակութաբանություն բաժնի ուսանող: Ինձ սկզբում թվում էր, թե մասնագիտության ընտրությունը ամենակարևոր որոշումներից է մարդու կյանքում, բայց հիմա արդեն պարզ է, որ ընտրությամբ ոչինչ չի ավարտվում, այլ միայն սկսվում է:
Մասնագիտությունս երևի ընտրել եմ շատ ավելի շուտ, քան կհասկանայի «մասնագիտություն» բառի իմաստը: Երբ փոքր էի, տանը «պեղումներ» էի կատարում ու շատ «պատահաբար» հայտանբերում իմ թաքցրած իրերը, որոնք սովորաբար ինչ-որ փարավոնի կամ կայսրի են պատկանել: Սիրում էի հունական դիցաբանություն կարդալ, ու խաղերիս հերոսները սովորաբար Օլիմպոսի բարձունքի բնակիչներն էին: Մի խոսքով, ես իմ ժամանակում չէի ապրում:
Դպրոցում պատմություն առարկան երբեք առանձնահատուկ շատ չեմ սիրել: Պատմությունը դասագրքերում տարեթվերի ու անունների կույտ էր, որոնց մեջ կորչում էին իրադարձությունները, դրանց պատճառները ու հետևանքները: Ու եթե մի օր հնարավորություն ունենամ պատմություն դասավանդելու, նախ կփորձեմ աշակերտների ուղեղը մաքրել կարծրատիպերից, որ պատմությունը ուղղակի դասեր են մի գրքի մեջ լցրած, ու հասկանալու ոչինչ չկա, ուղղակի պետք է մտապահել: Պատմությունը սկսեցի շատ սիրել, երբ արդեն պատրաստվում էի ընդունելության քննությանը: Քննություններին սթրեսային շրջանից սահուն կանցնեմ ուսանողական արկածներին:
Արդեն դասերի առաջին օրը պարզ էր, որ իմ պատկերացումները քիչ մասն էին այն ամենի, ինչ մարդիկ կոչում են մշակութաբանություն:
Պարզվում է, մշակույթը շատ ավելի լայն հասկացություն է. այն ամենն է, ինչ մարդը ստեղծում է, ինչը դուրս է բնությունից (եթե իհարկե, գոյություն ունի բնությունից դուրս ինչ-որ բան): Մշակույթի մեջ մտնում է թե բարձրարժեք նմուշները, թե ամենահասարակ մանրուքները, որոնք մեզ կարևոր չեն թվում, բայց իրականում ուսումնասիրության շատ հետաքրքիր թեմա են:

Մենք սկսեցինք իրարից շատ տարբեր երևույթներ ուսումնասիրել, ու դրանից ավելի բարդացավ հասկանալ՝ իրականում ինչ մասնագիտություն եմ սովորում: Ինչքան լայն է ընտրությունը, այնքան դժվար է այն կատարել, բայց նաև շատ հաճելի է ունենալ ազատություն՝ որոշելու, թե մշակույթի լայն ոլորտում, որ բնագավառն է քեզ հոգեհարազատ:
Ես կուզեի պատմել այն բոլոր հետաքրքիր երևույթների ու մտքերի, մարդկանց մասին, ովքեր կապ ունեն մշակույթի հետ, բայց մի քանի նախադասությունը չի բավարարի: Հուսով եմ, առաջիկայում դրանց մասին առանձին հոդվածներ գրել ու ձեզ համար բացահայտել այն աշխարհը, որը կոչվում է մշակույթ:

anush hovhannisyan

Ձոն կորցրած մուսայի և գտած հայոց լեզվի մասին

Ամանորից առաջ էր, երբ անսահման ցանկություն ունեի գրելու, բայց իմ հարգելի մուսան երևի ինձնից նեղացել է, քանի որ ես ինձ ամբողջությամբ նվիրել եմ մեր ոսկեղենիկ հայոց լեզվին: Հիմա կասեք. օհ, ոսկեղենիկ, չէ մի չէ՝ հազարագանձ ու մեսրոպատառ, բայց հավատացեք, հայոցը մաթեմի պես բան է, ինչքան խորանում ես՝ այնքան շատ բան ես բացահայտում: Համեմատեցի մաթեմի հետ, որ բնագիտական հոսքի երեխեքն էլ հավատան հրաշքին ու սիրեն:

Նյութերիցս մեկի մեջ, եթե իհարկե կարդացել եք ու հիշողության մի փոքրիկ հատվածի մեջ պահել, խոստացել էի մի քանի հայերեն բառեր ասել, որոնց դուք, հայ լինելով հանդերձ, վստահ եմ, որ ծանոթ չեք: Այո, շտեմարանը հրաշք գիրք է, որը ստիպում է իմանալ ավելին, քան կարող ես: Դե ինչ, սկսենք.

Համբակ – հիմար,

Քղանցք – փեշ,

Վիթ – եղնիկ,

Տիտեռ – կոկորդիլոս,

Խոնջանալ – հոգնել,

Մգլել – բորբոսնել,

Ընդարմանալ – թմրել,

Ապաշավանք – ափսոսանք, զղջում,

Գերմարդ – սուպերմեն,

Տխիլ – պնդուկ,

Ագուգա – կավե խողովակ,

Բեդվին – անապատի քոչվոր ցեղ,

Գրգամոլ – փափուկ կյանք սիրող,

Դերվիշ – մահմեդական թափառական կրոնավոր,

Դրվատել – գովաբանել,

Մեղանչել – մեղք գործել, այլ ոչ թե՝ մեղքերի թողություն ստանալ,

Անպաճույճ – առանց զարդարանքի, համեստ, այլ ոչ թե՝ անկասկած,

Հա, համաձայն եմ, կան բառեր, որոնք երբեք չենք օգտագործելու, բայց եկեք խոստովանենք, որ շատ հետաքրքիր է, և թող 17-ի մեր բարբառային բացատրական բառարանի կողքին լինի նաև այս բառարանը:

Այս տարօրինակ բառերի աշխարհում ես նորից խնդրում եմ իմ մուսային, որ հետ գա, ու ապրենք համերաշխ, ոնց առաջ էինք:

Քարակերտ հրաշքներից մինչև փրկօղակ Օպերայի համար

Մարգո Ղուկասյան (1927 - 2013), հայ արձակագիր, լրագրող։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում և «Գարուն» ամսագրում: Հրապարակվել են գրողի ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ, որոնց մի մասը թարգմանվել են այլ լեզուներով: Վերջին գիրքը կոչվում է «Անվերնագիր…1915 թ.», որը հեղինակել է 80-անց հասակում, երեք տարվա ընթացքում:Նրա անունը գուցե երիտասարդ սերնդին ծանոթ չլինի, մինչդեռ անուրանալի է նրա դերը հայ լրագրողական, հրապարակախոսական մտքի զարգացման գործում: Մարգո Ղուկասյանը պարզ ու անմիջական էր, սիրով էր շփվում հատկապես երեխաների, պատանիների և երիտասարդների հետ, գրում էր հատուկ նրանց համար, փոխանցում իր մասնագիտական հմտությունները: Տարիներ շարունակ «Մանանա» կենտրոնի բարեկամներից մեկն էր, հաճախակի այցելում էր պատանի թղթակիցներին, վարպետության դասեր անում: Այսօր ձեզ ենք ներկայացնում 2006 թվականի հանդիպումը՝ նրա նոր հրատարակված՝  «Քարակերտ հրաշքներ» ակնարկների ժողովածուի կապակցությամբ:

-Ինչքա՞ն ժամանակում եք հավաքել Ձեր վերջին` «Քարակերտ հրաշքներ» գրքի նյութերը և ինչպե՞ս եք հավաքել:

-Մոտ 40 տարի հավաքել եմ այդ նյութերը: Իսկ պատճառն իմ մասնագիտությունն է: Ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` որպես լրագրող աշխատել եմ մանկական «Պիոներ կանչ» թերթում: Իսկ մանկական թերթում աշխատել, նշանակում է` անընդհատ գնալ երկրի շրջանները, ծանոթանալ դպրոցի վիճակին, գյուղին, երեխաներին, բնությանը: Եվ ուր գնում էի, միշտ ուսումնասիրում էի տեղի բնությունը և ճարտարապետական հուշարձանները: Մի գաղտնիք էլ բացեմ. իմ ամուսինը ճարտարապետ է, և մեր տանը ճարտարապետության մասին միշտ շատ է խոսվել: Մենք ունեինք հայկական, ինչպես նաև աշխարհի ճարտարապետության և նշանավոր հուշարձանների մասին շատ գրքեր և ալբոմներ, որոնք անընդհատ իմ աչքի առաջ են եղել, և երբ տեսնում էի մեր հուշարձանները բնության մեջ` չէի կարողանում անտարբեր անցնել դրանց կողքով: Սկզբում պարզապես գրառումներ էի անում, իսկ հուշարձանների մասին գրել սկսել եմ մոտավորապես սրանից 30-35 տարի առաջ:

-Ձեր գրքում նկարագրել եք շատ գեղեցիկ ու հին եկեղեցիներ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նորակառույց եկեղեցիներին: Արդյո՞ք նույնն են զգացումները թե հինավուրց, և թե նորակառույց եկեղեցիների դեպքում:

-Ճիշտն ասած, ոչ, նույնը չեն: Երբ առաջին անգամ մտա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը, ինձ թվաց, թե մարզահամերգային համալիր եմ մտել: Մեր եկեղեցիները փոքր են, շատ մտերիմ են, երբ մտնում ես, միանգամից ամփոփվում ես պատերին, նայում ես գմբեթին, և այն շատ մեծ է թվում, չնայած որ դրսից փոքր է երևում: Մատուռներ կան, ուր նույնիսկ երկու հոգուց ավել մարդ չի կարող տեղավորվել, բայց երբ մտնում ես ներս, հոգևորի հետ ես շփվում: Երբ առաջին անգամ թոռնիկիս` Շողիկին, տարա Ծաղկաձորի Սուրբ Հարություն եկեղեցին և ասացի. «Շողիկ ջան, սա Սուրբ Հարությունն է»: Ասաց. «Տա՛տ, Սուրբ Հարությունի՞կը»: Այ, այդքան փոքր է: Ներսում 3-4 հոգի հազիվ տեղավորվի: Ես կուզենայի, որ շատ անգամներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մտնելով` ժամանակի ընթացքում իմ վերաբերմունքը փոխեի, բայց առայժմ, ճիշտն ասած, հարազատությունը դեռ այնքան չեմ զգացել: Նորքի 5-րդ զանգվածում էլ մի նորակառույց եկեղեցի կա` Սուրբ Սարգիսը: Ասեմ, որ դա ինձ ավելի շատ դուր եկավ: Նախ շատ մեծ չէր, հետո` քարերի գույնը մուգ էր: Մեր եկեղեցիների համարյա մեծ մասը մուգ գույնի քարերով են` սև, մուգ շագանակագույն, կարմիր, նույնիսկ Սպիտակավոր եկեղեցի ունենք, որը սպիտակ քարերով չէ կառուցված: Դա հայկական եկեղեցուն բնորոշ չէ:

-Անչափ մեծ են Ձեր ստացած տպավորություններն այս կամ այն հուշարձանը նկարագրելիս: Դուք երկրորդ անգամ գնացել- թարմացրե՞լ եք Ձեր հիշողությունները, թե՞ ուղղակի գրառումներն են օգնել: 

-Գրառումներն, իհարկե շատ են օգնում: Օրինակ` Մակարավանքում հարյուրավոր թռչուններ կան քանդակված, բայց այդ հարյուրավոր թռչուններից ոչ մեկի գլուխը չկա, բոլորինը քարով ջարդել են: Դա մի սարսափելի տեսարան է: Մի անգամ որ տեսնես ու գրի առնես, այլևս երբեք չես մոռանա: Բայց կան հուշարձաններ, ուր բազմիցս եմ եղել, որպեսզի շատ ավելի ճշգրիտ դարձնեմ ուսումնասիրություններս: Օրինակ` Ծաղկաձորի Կեչառիսի հուշահամալիրը. 11 տարի ընտանիքով` հայրը, որդին և թոռը, աշխատել են այդ հուշարձանի վրա, և այդ 11 տարիների ընթացքում մի քանի անգամ հատուկ Ծաղկաձոր եմ գնացել, որպեսզի հետևեմ աշխատանքների ընթացքին: Վարպետների հետ զրուցել եմ, իրենց խոսքերը գրի եմ առել: Այսպիսով, 11 տարի շարունակ ես հետամուտ եմ եղել այդ աշխատանքներին, վարպետների կյանքին, տեսել եմ` ինչպես են քարը մշակում, ինչպես են կառուցում և այլն: Միանգամից հնարավոր չէ ամեն բան տեսնել: Ցանկացած հուշահամալիր 10-րդ անգամ էլ գնաս, միշտ մի նոր բան կտեսնես:

-Հիմա մեր քաղաքի արտաքին տեսքը փոխվում է, Դուք այդ երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում, ո՞րն է ճիշտը` նորացնել` պահպանելով հի՞նը, թե՞ ուղղակի նոր հատակագծեր գծել և նոր շինություններ կառուցել: Խոսքը վերաբերում է առաջին հերթին քաղաքի կենտրոնում կատարվող փոփոխություններին` մասնավորապես, Հյուսիսային պողոտային: 

-Այժմ մեր մշակույթն աղավաղվում է: Երբ ինչ-որ մեկը շենքի առաջին հարկը վերցնում է և, ասենք, խանութ է բացում, անմիջապես այն ուրիշ գույնի քարով, ներկով երեսպատում է, որպեսզի ուշադրություն գրավի: Սա պարզապես սարսափելի է: Չէ՞ որ երբ շենքին նայում ես, պետք է ամբողջությամբ տեսնես: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային… Օպերայի շրջակայքում չի կարելի ոչինչ կառուցել, Օպերան հայկական ճարտարապետության այնպիսի մի մարգարիտ է, որ չէր կարելի նրա հետ այդպես վարվել: Մի կողմից` այդ գաճաճ սրճարանները, որոնք չորս կողմից վրա են տվել, մյուս կողմից էլ` Հյուսիսային պողոտան, որի կառուցման ոչ մի մասշտաբներ չեն պահպանվում: Չի կարելի Օպերայի հենց հարևանությամբ կառուցել նրանից երկու անգամ բարձր շենք, դրանով իսկ ստորացնելով կոթողը: Օպերայի մուտքի մոտից երբ նայում ես շուրջդ, այնպիսի տպավորություն է, կարծես Օպերան խեղդվում է:

-Քանդվածներից ամենաշատը ո՞ր շենքի համար եք ափսոսում:

-Ես ափսոսում եմ քանդված բոլոր շենքերը և բոլորի համար էլ պայքարում եմ:

-Իսկ ինչպե՞ս կարելի է պայքարել:

-Այ, վերջերս ցույց արեցին երիտասարդները, երբ Աբովյանի վրա մի շենք պիտի քանդեին: Ահա այդպիսի ակցիաներ, ցույցեր են կազմակերպվում: Դուք ինքներդ էլ կարող եք մեծերի դեմ պայքարել: Չէ՞ որ ձեր շրջապատում էլ եք տեսնում: Կարելի է հոդվածներով հանդես գալ, հնարավորության դեպքում, ելույթներ ունենալ ռադիոյով, հեռուստատեսությամբ, մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, որպեսզի նրանք էլ ձեզ հետ պայքարեն:

-Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը Երիտասարդական պալատը քանդելու գաղափարի վերաբերյալ:

-Գիտե՞ք, դա ուրիշ հարց է: Տարիներ առաջ այն օդանավից լուսանկարվել է, և պարզվել է, որ բլրի տակ ճաք կա: Ասում են, որ այդ շենքի վերանորոգումն ավելի շատ ծախս կպահանջի, քան այն քանդելն ու նորից կառուցելը: Բայց ասեմ, որ մեր ճարտարապետությանը շատ խորթ շենք է դա:

-Դուք ունե՞ք աշակերտներ, հետևորդներ կամ տեսնո՞ւմ եք այսօրվա լրագրության մեջ այնպիսի դեմքեր, որոնք շարունակում են Ձեր գործը: 

-Ի դեպ, ես մի քանի տարի դասավանդել եմ համալսարաններում և իմ փորձը հաղորդել ուսանողներին: Բացի դրանից, որոշ հոդվածներ էլ եմ գրել ժուռնալիստիկայի մասին, թե ինչպես պետք է ուսումնասիրել նյութը, ինչպես մոտենալ, որ չկեղծվի, այլ հնարավորինս ճշգրիտ ու գեղեցիկ լինի: Ճիշտն ասած, շատ լրագրողներ կան, որ խոստովանում են, որ ես ստեղծել եմ մի ուրույն լրագրողական դպրոց, և նրանք համարում են, որ ես իրենց ուսուցիչն եմ: Ես 10 գրքի հեղինակ եմ և մոտ 430 հրապարակում եմ արել: Սկսած 1967-ից` հրապարակել եմ իմ հոդվածները, բացի դրանից, նաև արտասահմանի հայկական մամուլում եմ տպագրվել: Վերջին 10-20 տարում էլ հոդվածներս թարգմանել են ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն: Եվ քանի որ ես այդքան գրել եմ, և մարդիկ էլ, մասնավորապես, երիտասարդ լրագրողներն էլ կարդացել են, կարելի է ասել, որ ես նրանց որոշակի բան կարողացել եմ տալ:

-Իսկ կա՞ն այնպիսի գրողներ, որոնց Դուք եք Ձեր ուսուցիչը համարում: 

-Մենք ունեինք հայազգի ռուս լրագրող` Մարիետա Շահինյան: Մոտ 40 տարի առաջ, երբ Եվպատորիայում հանգստանում էի, գնացի այնտեղի գրադարանից գրքեր վերցնելու, Մարիետա Շահինյան վերցրեցի` «Նամակներ Եվրոպայից»: Այդ նամակներում նա պատմում է այն երկրների մասին, որտեղ եղել է, յուրաքանչյուր երկրի մասին մեծ էսսեներ ու ակնարկներ է գրել, օրինակ` Իտալիայի երաժշտական կյանքի մասին, կամ` մի չեխ կոմպոզիտորի մասին և այլն: Երբ ես գիրքը կարդացի, ապշեցի, թե որքան հետաքրքիր ու խորը հրապարակախոսական գործեր էին դրանք: Ես հասկացա, որ եթե հրապարակախոսը կյանքը լավ ուսումնասիրի և կարողանա իր այդ ուսումնասիրածը լավ ձևով էլ շարադրել, ապա նրա ստեղծագործությունը գեղարվեստական գործի արժեք կունենա: Ընդհանրապես, եթե հրապարակախոսության մեջ մտնում է գեղարվեստականության տարրը, ապա դրա արժեքը մեծանում է: Ես միշտ ուշադրություն եմ դարձրել, թե Մ.Շահինյանը պրոբլեմին ինչպես է մոտենում, ինչպես է ուսումնասիրում այն և ինչպես է լուսաբանում: Պետք է խոստովանեմ, որ նրա բոլոր հոդվածներն էլ շատ մեծ տպավորություն են գործել:

-Այ, ձեր հոդվածներում տեսնում ենք, որ Դուք մեծ մասամբ Ձեր ամուսնու հետ եք ճամփորդել. Դուք` Ձեր նոթատետրով, ինքը` իր լուսանկարչական խցիկով: Չե՞ն պահպանվել, արդյոք, այդ լուսանկարները: 

-Քանի որ իմ ամուսինը ճարտարապետ է, և ինքը ճարտարապետի հայացքով էր նայում, ավելի ճիշտ էր նկարում: Երբ գիրքը հրատարակվում էր, ես շատ էի ուզում, որ մեծ թվով լուսանկարներ տեղ գտնեին այնտեղ, բայց գրքի համար այնքան քիչ գումար էր հատկացված, որ չհաջողվեց: Բայց այդ լուսանկարները կան:

-Ի դեպ, դուք գրում եք ինքնատիպ ոճով և շատ պարզ ու հանգամանալից եք շարադրում Ձեր միտքը: 

-Ես 17 տարի մանկական թերթում եմ աշխատել: Այդ տարիներին ձգտել եմ երեխաների համար ամեն ինչ գրել պարզ, ճշգրիտ, հասկանալի և գրավիչ: Ես դրա վրա հատուկ աշխատել եմ: Եվ հիմա էլ, երբ գրում եմ, իմ ոճի մեջ այդ պարզությունը պահպանվել է: Չէ՞ որ ցանկացած բարդ թեմայի մասին էլ կարելի է հասկանալի, բոլորի համար մատչելի լեզվով գրել: Ես այդպես եմ կարծում:

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից հայ լրագրության մասին:

-Մենք ունեցել ենք և հիմա էլ ունենք շատ լավ լրագրողներ: Բայց ասեմ, որ այժմյան մամուլն այնքան էլ լավ վիճակում չէ: Երբեմն գրում են անհիմն, ոչ շատ մտածված, ցանկանում են ցնցող բաների մասին գրել և տպում են երբեմն շատ տգեղ բաներ: Ես սա չեմ ողջունում: Բայց, համենայնդեպս, ներկայիս լրագրության մեջ ակտիվություն կա:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա լրագրողը: 

-Երբ ես գնում եմ դասախոսելու, ասում եմ, որ լրագրողին նմանեցնում եմ ուսուցչի և բժշկի հետ: Ուսուցիչը մտնում է դասարան, 30 հոգի է նստած, պետք է այնպես անի, որ այդ 30 հոգուն կառավարի, սովորեցնի, իսկ լրագրողը, երբ վերցնում է գրիչը, պետք է իմանա, որ նրան հազարավոր մարդիկ են կարդալու, և պատասխանատու է բոլորի առաջ: Բժիշկն էլ քննում է հիվանդին, նշանակում է անհրաժեշտ բուժումը: Գրողն էլ ինչ-որ մի պրոբլեմի մասին է խոսում, որը ազդում է ընթերցողի հոգու վրա: Ուրեմն, առաջին հատկանիշն այն է, որ լրագրողի պատասխանատվությունը շատ բարձր պետք է լինի: Լրագրողը պետք է լինի սպորտսմենի նման: Պետք է միշտ պատրաստ լինի գնալ այն թեժ կետերը, որտեղ ինչ-որ բան է կատարվել, ուր անհրաժեշտ է: Պետք է միշտ պատրաստ լինի հաղթահարել դժվարությունները: Բացի այդ, լրագրողը պետք է ազնիվ լինի, չխեղաթյուրի փաստերը:

Հանդիպումը կայացել է «Մանանա» կենտրոնում, 2006թ:

Qnarik Khudoyan aragatsotn

Հաշտեցման երկու Ամանորները

Ամանորը սիրված և սպասված տոն է շատերիս համար։ Իմ ազգի համար Ամանորից առաջ կա ևս մի կարևոր տոն, որն իր կարևորությամբ չի զիջում ոչ մի Ամանորի։ Դա եզդի ազգի նախահոր տոնն է։ Եզդի ժողովուրդը պատկանում է աշխարհի հնագույն ազգերի թվին։ Եզդիներն ունեն իրենց ազգային սովորույթները, ավանդույթները և տոները, որոնք պահպանվել և պահպանվում են մինչև օրս մասամբ։ Այդ տոներից մեկը հենց եզդիների նախահոր տոնն է։ Դա փոփոխական տոն է և նշվում է դեկտեմբեր ամսվա մեջ։

Տոնի շատ հետաքրքիր ավանդույթներից է մարդկանց հաշտեցումը. նեղացած մարդիկ պետք է այցելեն միմյանց և հաշտվեն։ Սա շատ լավ առիթ է բոլորի միջև համերաշխություն հաստատելու համար, որպեսզի մարդիկ Նոր տարին դիմավորեն բաց սրտով։

Ըստ հինավուրց ավանդույթների՝ եզդիները, այդ թվում և մենք, Ամանորը պետք է նշենք ապրիլ ամսին։ Բայց քանի որ շրջապատված ենք հայերով, մենք նույնպես Ամանորը նշում ենք դեկտեմբերի 31-ին։ Բացի Ամանորից, մենք հայերի հետ միասին նշում ենք այլ տոներ, ինչպիսիք են՝ Սուրբ Զատիկը, Վարդավառը….

Եզդիները հայերի կողքին են նաև տխրության պահերին՝ սգո օրերին։ Դրանով իսկ ապացուցվում է, որ եզդիները հայերի դարավոր բարեկամներն են։

Չնայած այս ամենին, մենք տոնում ենք նաև մեր ազգային տոները՝ դրանով իսկ ապահովելով մեր վաղվա գոյությունը։ Իհարկե, կան տոներ, որոնք հնարավոր չէ նշել միշտ, այնպես, ինչպես հայկական տոներն են երբեմն մոռացվում։ Բայց կարևոր տոները մենք պարտադիր նշում ենք՝ պահպանելով մեր ազգային ինքնությունը։

Mari Baghdasaryan malishka

Ֆիլմեր և երգեր

Երկար ժամանակ մտածում էի, թե ինչի մասին գրել, բայց այսօր «High Strung» ֆիլմը նայելիս, մուսաս եկավ ու ասաց, որ պիտի ֆիլմերի, երաժշտության ու երգերի մասին գրեմ:
Նախ` ֆիլմերի մասին:
Կան ֆիլմեր, որոնք սովորեցնում են չհանձնվել դժվար իրավիճակներում, ֆիլմեր, որոնք երեխաներին, դե ինչու չէ, նաև մեծերին, սովորեցնում են երազել ու հավատալ հրաշքներին, ֆիլմեր, որոնք սովորեցնում են սիրել, պայքարել, հավատալ:
Այսօրվա նայածս ֆիլմում կար այդ ամենը: Ֆիլմը մի սովորական ջութակահարի և բալետի պարուհու մասին էր: Տղա, որ նվագում է մետրոյի անցումների տակ գումար վաստակելու համար, և աղջիկ, որ արվեստի դպրոցում սովորում է բալետ: Ֆիլմը նայելու 14-րդ րոպեից այս ամենին ավելացավ հիփ-հոփը:
«Եվ ի՞նչ կապ ունի այս պարաոճը ջութակահարի կամ բալետի պարուհու հետ»,- մտածեցի ես, և միայն շարունակությունից պետք է պարզ դառնար, որ հենց տղայի նվագած երաժշտությունը և բալետից բոլորովին տարբերվող պարաոճը պետք է դառնային ծանոթության պատճառ: Թե ինչպե՞ս, դիտեք ֆիլմը և կիմանաք…

Հիմա երաժշտության և երգերի մասին:
Ասում են, որ երաժշտությունը մշակույթի ամենանուրբ, միևնույն ժամանակ, ազդեցիկ ճյուղերից մեկն է: Ինձ թվում է առանց երաժշտության և երգերի, կյանքը երևի անհետաքրքիր և կիսատ կլիներ:
Երաժշտության բուժիչ ուժի մասին Պլատոնը, Արիստոտելը և շատ ուրիշները գրել են:
Բազմաժանր երգերի մեջ առավել հաճախ նախընտրում եմ հիփ-հոփը: Անգամ լինում են օրեր, երբ մեկ երգը ինձ հերիքում է 7-ից 9-ը ժամ, կամ ամբողջ օրս անցնում է նույն երգը լսելով: Հեռախոս, ականջակալներ և միայն երգեր, ու կապ չունի եղանակը: Երգը դիպչում է մարդու սրտին, փոխում տրամադրությունը, միաձուլվում հոգեվիճակին ու դառնում է ընկեր:
Այդ երգերն ու ֆիլմերն են, որ լցնում են մենության րոպեները, որը նմանեցնում ես քո կյանքին, որ հաճախ մելոդրամաները նայելիս արտասվում ես, որ մի երգը շատ լսելուց անգիր ես անում ու մտքումդ երգում, որ…

Մուսաս կարծես թե դարձյալ հանգստի մեկնեց անորոշ ժամանակով՝ կիսատ թողնելով միտքս…

Ani avetisyan

Սինդրոմ N.1

Հեռու քաղաքի ոչ մի տեղ չտանող փողոցները խաչվում էին վարդագույն շենքերի արանքում։

Իսկ շենքերը մարդկանց անտարբերությունից փակել էին աչքերը: Թե միջոց ունենային՝ երևի փախչեին քաղաքից, ինչպես մի օր փախան նրանց ներսը լցնողները։ Այնինչ փախչելու համար նախ ուր գնալն իմանալ էր պետք՝ ցեխից դուրս գալով ցեխաջրի մեջ չընկնելու համար։

Մինչդեռ կիսադատարկ, կիսացուրտ ու ջերմությունը ինչ-որ անծանոթ վայրում կորցրած քաղաքում բոլոր շտապում էին: Գնալ՝ ոչ մի տեղ ու չանել ոչինչ: Ու նրանք այդպես էլ անում էին: Մարդկային միտքն անզոր է պատկերացնել, թե ինչ պատասխանատվությամբ է ինքը կատարում իր գործը: Շտապել: Չուշանալու համար չէ, պարզապես շտապել։

Վարդագույն-սպիտակ, գորշ ու շագանակագույն շենքերն էլ արդեն ուղղակի ավել ստվեր գցողներ են դարձել։ Ուշադրություն են գրավում ու խանգարում մարդուն հանգիստ շտապել: Մինչդեռ մարդուն խանգարել պետք չէ, դեռ մի բան էլ ուժ պիտի տաս նրան՝ ավելի քաջությամբ շարունակելու։ Անել ու չանել ոչինչ։

Եթե չկանգնեի ու չթեքվեի մյուս կողմ, երևի անցորդներից մեկն էլ անցներ վրայովս: Շրջվեց, հետ նայեց, ու, իր ժամանակից հինգ վայրկյան կորցնելով շարունակեց գնալ, հոգ չտարավ հետևից երկու վայրկյան ավել պահել դուռը, որ վերջինս չհանդիպի հետևից ներս մտնողի քթին: Իսկ դա մի ժամանակ քաղաքավարություն էին անվանում: Եթե ճիշտ եմ հիշում:

Դե, այն ժամանակ, երբ նրանք դեռ չէին շտապում:

Իսկ ամենակարևորը ժամանակն է , որ մենք չունենք՝ երբեք, ոչ մեկի համար: Կամ, գուցե պահում ենք այն ամենակարևորին, իսկ հետո օրերի կեղտի ու աղմուկի մեջ կարևորներն էլ խառնում անկարևորների հետ ։ Ժամանակն էլ միշտ ի շահ ֆեյսբուքի օգտագործում։

Շտապելով բացում եմ ականջակալներս։ Իմ շտապելն էլ մյուսներինի պես խրոնիկ է դարձել: Քառասուն րոպե կսպասեմ համալսարանում, բայց քայլերս չեմ դանդաղեցնի. պարտականության պես մի բան է դարձել երկու րոպեում երկու կանգառ քայլելը, Ամանորին ծանոթ-անծանոթներին փողոցում տեսնելիս շնորհավորելու նման, էլի։

Շտապելով նայում եմ ականջակալներիս այլմոլորակային տեսածի հայացքով նայող մեկին, փրկվում էլեկտրասյանը դեմ առ դեմ հանդիպելուց, վերջին մեկ-երկու վայրկյանին հասցնում անցնել փողոցը՝մինչ կանաչ մարդուկին կարմիրը փոխարինի, հասցնում եմ նույնիսկ ամեն անգամ մեկ առ մեկ կարդալ մեծ ու փոքր փողոցների անունները։ Հիշելու համար չէ, ուղղակի սիրում եմ:

Չգիտեմ՝ ինչ են հասցնում մյուս բոլոր շտապողներն այն ընթացքում, երբ քայլում են ոչ մի տեղ չտանող փողոցներով, մտածում տեղ հասնելու ու ոչինչ չանելու մասին: Երևի ոմանք մի երկու գեղեցիկ տող են ասում ինձ պես ականջակալներ օգտագործողների մասին, հիշում իրենց ժամանակներն ու հոգոց հանում: Մի երկու հարյուր մետր այն կողմ ականջակալներով մարդն էլ պատասխան հոգոցն է արձակում։ Երևի։

Ոմանք գուցե երկրից գնալու ամենահարմար ուղիներն են ընտրում, ոմանք գտնում սառը քաղաքի ամենաջերմ կադրերը՝ անմահացնելու: Մեկն էլ երևի, ականջներում (ականջակալներով կամ առանց՝ էական չէ) Ֆորշի՝ հին ու նոր քաղաքի մասին երգերից մեկը, ուղղակի անտեսում է ամենը, որ կա աշխարհում, ջերմանում ոչ թե քարե շենքերով, այլ տաք վերարկուով:

Ոմանք…. Ոմանք երևի ոչինչ էլ չեն անում, կամ գուցե թե՝ մի բան, որ չի անցնի կողքինի մտքով, երբևէ:

 Իսկ հետո, հետո և առաջ՝ ես շտապում եմ տուն: Որ հեռու է սառը քաղաքից, հեռու նրա քարերից ու այն՝ ոսկորներիդ հասնող ցրտից, որ ես զգում եմ ամեն անգամ ՝ Երևան գրությամբ քանդակից երկու հարյուր մետր այն կողմ:

Lusine atanesyan

Ալելու

Սուրբ Ծննդյան նախօրյակին՝ Ճրագալույցին, հունվարի 5-ին, Անգեղակոթում նշվում է Ալելուն: «Ալելուն» տոն է,
որի ժամանակ մարդիկ, հիմնականում՝ երեխաները, երեկոյան դուրս են գալիս դուրս, մտնում գյուղացիների տները,
թաքուն դռնից ներս գցում տոպրակներ և սկսում բղավել «Ալելու ա, Ալելու ա, ով տա՝ զորանա, ով չտա՝ զույգ
աչքով քոռանա»: Մարդիկ տոպրակների մեջ ուտելիքներ են գցում (մանդարին, խմորեղեն, կոնֆետներ, ընդեղեն և
այլն): Հետո մենք զգուշությամբ հանում ենք տոպրակները, որ մեզ չտեսնեն: Կարդացել եմ, որ այսպես տնից տուն
մանուկները միշտ էլ շրջել են Ճրագալույցի գիշերը՝ երդիկից կախելով այդ օրվա համար պատրաստած գուլպա: Բայց
հիմա մեր գյուղում սովորությունը մի քիչ ձևափոխվել է: Հիմա բացատրեմ:
Լինում ենք դիմակներով, օրինակ, այս տարի դրել էինք շան դիմակներ: Բացի այդ, լինում են մի քանի հոգի,
հիմնականում երիտասարդներ, ովքեր դնում են ոչ թե ուրախ կամ տարվա կենդանակերպի, այլ ավելի վախենալու՝
կմախքի կամ «մահի» դիմակներ, նշեմ նաև, որ հագնվում են այնպես, ինչպիսի դիմակ որ դնում են, և հեռվից
տեսնելիս վախենում ես, անգամ այն ժամանակ, երբ գիտես, թե ով է:
Ալելուին մեր ընտանիքը և գյուղացիներից ոմանք այն ամենը, ինչը պետք է լցնել տոպրակների մեջ, նախապես
պատրաստում և մի կողմ ենք դնում: Երբ երեխաները գալիս են, դնում ենք իրենք տոպրակների մեջ: Դուրս ենք գալիս
մութն ընկնելուն պես ՝ 18:30- 19:00-ին և վերադառնում 21:30-ից հետո: Գալիս ենք տուն, տան մեծը ստուգում
է, թե ինչ ենք բերել և հետո սկսում ուտել: Եթե շատ երեխաներով ենք լինում, ապա տան դուռը թակում ենք
հերթով, նաև այդպես տեղեկանում ենք, թե ինչ են գցում այդ տանը տոպրակի մեջ, արժե՞ մտնել, թե՝ ոչ: Լինում է
այնպես, երբ տեսնում են մեզ, ճանաչելու դեպքում ավելի շատ ու լավ բաներ են գցում:
Մի խոսքով, Ալելուն անգեղակոթցիների Հելոուինն է:

 

seda mkhitaryan

Տոներն անցան

Դարակումս դրված գրքերը ինձ են սպասում: Բերել եմ գյուղ, որ արձակուրդին կարդամ։ Արձակուրդը շուտով կավարտվի, իսկ գրքերը երևի կմնան առանց կարդալու։

Ժամանակը կրկնակի արագ է անցնում, երբ ազատ օրեր են։ Տոներն անցան, ու հիմա «հետտոնական սթրես» կոչվածը փաթաթվել է վզիս։

Այս տարվա Ամանորը սիրուն չէր։ Առանց ձյուն ձմեռվա հեքիաթը կիսատ էր, կամ` չկար։

Անցած տարվա փետրվարին ծնված փոքրիկի համար սա առաջին Ամանորն է, ճիշտ է, նա այնքան էլ չի հասկանում չարազից, բլինչիկից ու տոլմայից, բայց դե մենք էլ նրա չափ չենք կարող հասկանալ հրաշքներից, հեքիաթներից ու Ամանորից։

Ինչևէ, մի տարի էլ անցավ, մի եղևնի էլ տոնածառ դարձավ, մի անգամ էլ շամպայնի բաժակները իրար զարկվեցին, կրկին բոլորը իրար շնորհավորեցին, հյուրեր եկան ու գնացին, մենք ինչ որ տեղեր հյուր գնացինք, ու մի թղթապանակ էլ ավելացավ համակարգչի մեջ «Ամանոր» անունով, բայց կողքի թիվը տարբեր է՝ «2018»։ Ամբողջ Ամանորը դարձավ ընդամենը մի քանի լուսանկար ու պահվեց համակարգչում։

Հիմա նստած եմ արդեն ոչ մեկին չգերող տոնածառի կողքին ու զգում եմ բնական եղևնու հոտը: Վառարանը երգում է, դրսում ձյուն չկա, իմ մտքում «Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է…» երգն է, ու մտածում եմ` տեսնես երբվանի՞ց և մինչև ե՞րբ է ժամանակի պարույրը պտտվելու, մինչև ե՞րբ են բոլոր ամանորները իրար նման լինելու, մինչև ե՞րբ ենք եղևնին տոնածառ դարձնելու։ Հռետորական հարցեր չեն, բայց դառնում են այդպիսին։

Կարմիր խաղալիքը կախվել է տոնածառին ու նրա մտքում էլ երևի նույն հարցերն են։

Բայց արդյո՞ք բոլոր ամանորները նույնն են։ Երևի` չէ, այ օրինակ, անցած Ամանորին դու 17 տարեկան էիր, հիմա 18 ես, բայց տարբերությունը միայն այդ մի տարին չի… Այդ մի տարվա մեջ քո կյանքում շատ բաներ են փոխվել։ Մի տարի առաջվա այն աղջիկը հիմա հաստատ նույնը չի։ Նա հիմա նոր մտքեր ու երազանքներ ունի, նա հիմա աշխարհին մի քիչ ավելի «մեծի» աչքերով է նայում։