ԸՆԴԱՄԵՆԸ 400 ՄԵՏՐ
Ինձ մտահոգում, հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կատարվում է իմ շրջապատում` թե լավը, և թե նույնիսկ վատը: Բայց հիմնականում ինձ մտահոգում է վատը, որովհետև ամեն օր հակառակորդի կրակոցների ձայնից ականջներս ցավում են: Երևի արդեն պարզ է. ես սահմանամերձ գոտուց եմ` Ներքին Կարմիրաղբյուրից: Մեր գյուղը գտնվում է հակառակորդի դիրքերից 400 մետր հեռավորության վրա: Քաղաքում ապրող մարդկանց համար այդ 400 մետրը բավական մեծ հեռավորություն է, բայց ավելի պարզ դարձնելու համար ասեմ, որ մեր տունը դպրոցից գտնվում է նույնպես 400 մետր հեռավորության վրա: Ինձ համար արդեն սովորական է, որ թշնամին այդքան մոտ է, բայց վախը միշտ իրեն զգացնել է տալիս:
Հիշում եմ, մի անգամ դասի ժամանակ սկսեցին կրակել դասասենյակի ուղղությամբ: Մենք դասարանից դուրս փախանք: Ու դրանից հետո ես ամեն անգամ նստելով այդ նույն դասասենյակում, չեմ կարողանում կենտրոնանալ դասերի վրա, որովհետև գրատախտակի փոխարեն նայում եմ դիրքերին:
Ամեն անգամ քնելուց առաջ աղոթում եմ ազգիս պաշտպանների համար: Ամեն առավոտ արթնանում եմ էլի աղոթքով, որ վատ լուր չստանամ: Ուզում եմ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ հայրենիքն սկսում է սահմանից, և մենք ոչ թե սահմանում ապրող մարդիկ ենք, այլ սահմանապահներ:
Ընդամենը 400 մետր…
Հոկտեմբեր, 2015
Երեկո
Աշխարհի քարտեզից ծնված հայրիկիս հեքիաթները
Իմ հայրիկը սիրում է հորինել հետաքրքիր երգիծական-ֆանտաստիկ պատմություններ: Մեր խոհանոցում մի մեծ քարտեզ կա, որին պատկերված է աշխարհը: Եվ ամեն անգամ, երբ նստում ենք ուտելու՝ հայրիկը սկսում է պատմություններ պատմել:
Մեր քարտեզի վրա կան «մաքուր» վանդակներ, որոնք դատարկ են՝ ո՛չ ցամաք կա, ո՛չ էլ տառ՝ միայն օվկիանոսի ջուրը: Նրանց մասին պատմվում են տարբեր պատմություններ:
«Պատմություն մի վանդակի մասին, որը գտնվում էր Ատլանտիկ օվկիանոսում: Այս վանդակի պատմությունը կողքինի նման չի: Այստեղ քամիները շատ էին դաժան, Խաղաղ օվկիանոսի մի վանդակի նման, իսկ Հյուսիսային օվկիանոսի վանդակների հետ համեմատելու համար պիտի նայենք Հարավային օվկիանոսին, բայց այդ օվկիանոսը այս քարտեզի վրա պատկերված չի, ուրեմն, չենք համեմատելու: Մի անգամ այդ վանդակի կետերը և բնակիչները գնացին ուրիշ մի վանդակ»: Իհարկե, այս պատմության շարունակությունը նույն ոճով կլիներ, բայց այն արդեն վերջացավ, որովհետև կետերը և բնակիչները գնացին ուրիշ մի վանդակ, իսկ պատմությունը կլինի մի ուրիշ վանդակի պատմություն:
Նաև պատմում է պատմություններ տարբեր երկրների մասին:
«Պատմություն Գվայների մասին: Հարավային Ամերիկայում կա երկու երկիր՝ Պարագվայ և Ուրուգվայ: Ավստրալիայից դեպի Հարավային Ամերիկա մի ինքնաթիռ է թռչում: Երբ այն թռչում էր Աֆրիկայի վրայով, լսվում է խուլ մի ձայն: Օդաչուները հասկացան միայն, որ պետք է թռչել դեպի ինչ-որ Գվայ: Կամ` Պարագվայ, կամ էլ` Ուրուգվայ: Վայրէջք կատարեցին ուղիղ մեջտեղում՝ Արգենտինայում: Իսկ երկրորդ ավստրալական ինքնաթիռը թռավ Ուրուգվայ, բայց վայրէջք կատարեց Պարագվայում: Ուզում էր նորից թռչել Ուրուգվայ, բայց նորից գալիս է Պարագվայ: Մինչև հասկանում է, որ պետք է գնա Պարագվայ, որ հետ գա Ուրուգվայ, տասը տարի է անցնում: Երրորդ ինքնաթիռը թռչում է Պարագվայ, բայց իջնում է Ուրուգվայում: Ուզում է նորից թռչել Պարագվայ, բայց նորից գալիս է Ուրուգվայ: Մինչև հասկանում է, որ պետք է գնալ Ուրուգվայ, որ գա Պարագվայ, տասը տարի է անցնում: Չորրորդ ինքնաթիռը գնում է նրանց բոլորին նրանց փնտրելու»:
«Պատմություն մոծակների և դեղին մեքենայի մասին: Կանադայում շատ մոծակ կա: Բայց մի դեղին մեքենա, որ գալիս էր Մեքսիկայից, չգիտեր այս դաժան փաստի մասին: Նա մի անգամ որոշեց տեսնել Կանադայի լճերը և ճահիճները: Դեղին ավտոմեքենան ասաց իր տիրոջը, որ գնան Կանադա: Տերն էլ չգիտեր Կանադայի դաժան բնակիչների գոյության մասին: Եվ նրանք ողջ ընտանիքով գնացին դեպի Կանադա: Երբ եկան՝ տեսան սիրուն լճեր և ճահիճներ: Մեքենայից դուրս եկան, բայց չհասցրին մի քայլ անել, երբ մոծակները եկան և սկսեցին բոլորին կծել: Մարդիկ արագ թաքնվեցին մեքենայում, բայց մեքենան շարունակում էր տուժել մոծակներից: Խեղճ դեղին մեքենան իր անիվներով փորձում էր ցրել մոծակներին: Տասը օր անց մոծակները այնքան անհանգստացրին ճանապարհորդներին, որ նրանք փախան Մեքսիկա: Եվ այլևս չէին գնում ուրիշ երկիր առանց այդ երկրի մասին տեղեկություններ հավաքելու:
Հայրիկը նաև սիրում է պատմել պատմություններ Հայաստանի մասին:
«Պատմություն փղերի մասին: Սկզբում փղերը ապրում էին միայն հյուսիսում: Բայց եկան ցուրտ քամիներ, և փղերը մրսեցին: Մի քանի փիղ, որոնք շատ գեր էին և դեռ չէին հասցրել մրսել, հասկացան, որ այլևս հյուսիսում չեն կարող ապրել, որոշեցին գնալ դեպի հարավային երկրներ: Նրանց ճանապարհը անցնում էր Հայաստանով: Իսկ Հայաստանը այն ժամանակ հայտնի էր միայն մի հացով՝ մատնաքաշով: Հացը պատրաստում էին կարգին խմորից, որը պետք էր մաքուր մատներով քաշքշել, մինչև դառնար մատնաքաշ: Այս փափուկ և համով հացը շատ դուր եկավ փղերին, որոնք կանգ առան Հայաստանում:
Բայց մի օր փղերը չնկատեցին գետնին դրված մատնաքաշները և նստեցին նրանց վրա: Նրանց ծանրությունից հացերը դարձան շատ բարակ: Հայերը տեսան, վազեցին, եկան, հացը փորձեցին և ասացին՝«Լավ, ա՛շ»: «Աշ»-ը հայերի հին լեզվով նշանակում էր «փիղ» (երևի): Ուրեմն, նրանք ասացին՝«Լավ է, փղե՛ր»: Այսպես Հայաստանը մի նոր հաց ունեցավ, որը կոչեցին «լավաշ»: Իսկ փղերի մի կեսը մնաց Հայաստանում, որ նոր լավաշներ սարքի, մյուս կեսը գնաց դեպի Աֆրիկա և Հնդկաստան: Երևի այդ փղերը լավաշ սարքել չգիտեին, թե չէ հիմա հնդիկներն ու աֆրիկացիներն էլ լավաշ հաց կունենային»:
«Կլսեք իմ անունն ավելի բարձր…»
Գևորգ Ջավախյանի՝ ծառայության մեկնելուց մեկ օր առաջ հրապարակած գրառումը սոցցանցում, նրա զոհվելուց հետո ապշեցրել էր բոլորին․ «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր»։ Այդպես էլ հնչում է նրա անունն այսօր՝ բարձր ու հստակ՝ հայրենիքի համար հերոսաբար անմահանալուց հետո։
«Իսկական տանկիստ էր Գևորգը», – բնութագրում են նրան հրամանատարները։ Թեև միշտ ցանկանում էր կապավոր դառնալ, բայց ծառայությունը սկսել էր Արմավիրի ուսումնական զորամասում՝ որպես տանկիստ, ու շարունակել Խոջալուի տանկային զորամասում։ Ինչպես փոքր տարիքում դպրոցում, այնպես էլ զորամասում, բոլորի ուրախությունն էր իր լուսավոր կերպարով։

«Գևորգն ուշ խոսելու պատճառով իր ամբողջ զգայական ներաշխարհը հանձնում էր թղթին ու սև-սպիտակ պատկերներ նկարում։ Արվեստին շատ մոտ էր ու նկարելուց բացի երաժշտությամբ էր զբաղվում, Հայաստանում beatbox-ի ֆեդերացիայի առաջին անդամներից էր։ Հենց beatbox-ի շնորհիվ էլ հետագայում կանչում են նկարահանվելու երիտասարդական սերիալներից մեկում, որից սկսում է իր դերասանական կարիերան», – պատմում է քույրը՝ Սեդան։
Կապուտաչյա ու խարտյաշ Գևորգն արդեն 19 տարեկանում դարձել էր հանդիսատեսի սիրելին․ փողոցում հանգիստ չէին կարողանում քայլել Գևորգի հետ․ բոլորը ճանաչում էին, մոտենում, խոսում ու լուսանկարվում։

Ծառայության ընթացքում՝ մինչ 44-օրյա պատերազմը, 2020թ․ Տավուշյան դեպքերի ժամանակ առաջնագծում էր եղել, և հետո միայն տանեցիներին ասել այդ մասին։ 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում էլ ընտանիքին չէր հայտնում, թե Արցախի որ հատված են տեղափոխել իրեն։ Հոկտեմբերի 23-ին Գևորգին տեղափոխում են Կարմիր Շուկա։ Դրանից հետո զանգել է քրոջ ամուսնուն ու ասել․ «Եթե ինձ հետ մի բան պատահի, քրոջս ու տանեցիներիս լավ կնայես»։
Սեդան պատմում է՝ մի անգամ եղբոր հետ խոսելիս ասել է՝ ամեն օր աղոթում է նրա համար, սակայն Գևորգն ուղղել է, թե միայն իր չէ, այլ բոլոր զինվորների համար պիտի աղոթել։
Գևորգը պատերազմի ընթացքում ոչնչացնում է թշնամու մեկ տանկ ու խոցում մի քանի տեսակի զրահատեխնիկա։ Սակայն հոկտեմբերի 24-ին թշնամու անօդաչուն գտնում է Գևորգի տանկն ու խոցում՝ ծանր վնասվածքներ հասցնելով նրան։ Մի քանի օր Գևորգն անգիտակից վիճակում մնում է հիվանդանոցում։ Հոկտեմբերի 28-ին Գևորգ Ջավախյանն անմահանում է ու, ինչպես որ ցանկանում էր, հնչեցնում իր անունը բարձր ու լսելի բոլորին։
Գևորգ Գրիգորի Ջավախյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

Ոչ մի քայլ հետ
Փոխգնդապետ Դավիթ Ղազարյանին իր զինվորները հիշում են մեծ ոգևորությամբ․ հրամանատարից ստացած ուժը թև է տալիս նույնիսկ նրա բացակայությունից երկու տարի անց:
Ծնողների ցանկությանը հակառակ` Դավիթն ընդունվել էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան` հստակ որոշելով շարունակել զինվորական հոր ճանապարհն ու ծառայությամբ արտահայտել իր անսահման սերը դեպի հայրենիքը:
Զինվորական համազգեստ կրելու 10 տարիների ընթացքում յուրաքանչյուր օր Դավիթի համար ծառայություն էր իր հայրենիքին:
Դավիթը ծառայությունը սկսել էր Հադրութում ավագ լեյտենանտի կոչումով։ Նա դասակի հրամանատար էր։ 44-օրյա պատերազմից օրեր առաջ ստացել էր փոխգնդապետի կոչում` դառնալով գումարտակի հրամանատար: Սիրահարված Արցախին` Դավիթը Հադրութից հայրենի Վեդի վերադառնալ չէր էլ դիտարկում:
Դավիթի զինվորների սխրանքների մասին շատերն են խոսում․ առանց մեծաքանակ զինամթերքի նրանց հաջողվել է գրավել թշնամու 3 և ոչնչացրել 37 տանկ:
Թշնամու տանկերից մեկի ճանապարհը սեպտեմբերի 30-ին Դավիթը պահում է իր մարմնով, վիրավորվում և շարունակում մարտ վարել այնպես, որ զինվորները չեն նկատում նրա վիրավոր լինելը: «Ոչ մի քայլ հետ» իր սկզբունքին հավատարիմ մնալով և իր տղերքին մենակ չթողնելով՝ զոհվում է:
Դավիթը երկու երեխա ունի` Անին ու Վանը, ում աչքերում Դավիթը աշխարհի ամենահոգատար հայրն էր:
Կինը՝ Հռիփսիմեն, նշում է, որ Դավիթն օգնում էր բոլորին, հույս ու ուժ տալիս։ Եվ ինքը շարունակում է Դավիթի այդ առաքելությունը՝ հիմնադրելով «Դավիթ Ղազարյան» բարեգործական հիմնադրամը, որը աջակցելու է զինծառայողների ընտանիքներին։
Դավիթ Ղազարյանը հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել:
Դավիթ Ղազարյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է:

Արևի ոսկին ամբարած
Իմ ճակատագիր Արցախ
Էս մեծ ըշխարհքես տակեն վեշ մինը ինձ ու քեզ հասկանալ չըն, մեր սրտեն լյուզուն վեշ մինը կլյոխ չի ընգնել։
Ցավը շատ, յարան խորը, լոխ ասում ըն` պատար էլ տեմ կաց…
Տեմս կենում, բայց շատ տիժեր, ղաշյանգ, բոյավ ,բուսաթավ, նամուսավ տղերք ըս կուրցնում…
Տոն ու տեղ ըս կուրցնում, ըռնաքամ ըս տեռնըմ, խոխեքս առանց հար թողում, տներին լյուսը մթնցնում, բայց հալա վեննի յիրա կաղնածս, վիրավոր, բայց կաս հալա ու իննան ըս… Լոխ սիրում ըն քեզ հեռվից, ձևական, կենացներում… Ամալ կյալիս պիտար քեզ խտտիմ, խուխես նման ծուցումս տանիմ մին հեռու տեղ, վեչ թորք ինի, վեչ արյուն, վեչ փիս արազ, վեչ կռեվ, լոխ լյավ ինի…
Բայց կյամ չըս, հունց վեր ես ըմ տուլաշի նման գյուրգումտ նստում, տեսնամ` հիբա մին լյավ ծյագ ծյագվում։
Ըրնախում վեղս տեռալ, բայց հա՜… Քուշտանում չըս էս տղորցը արյունը խմելան…Դե, բայց հինչ անիմ, իմ ճակատագիրս էլ տուվ ըս, ես քունտում, տուվել` իմս, իմ տոն տեղս, հայրենիքս, ընտանիքս, լավ թա փիս, լոխ ետս, մին հափուռ վեղս։

Ընդունելությունը UWC-ում բաց է
UWC Հայաստանի ընդունելության հայտադիմումները բաց են 2023-2025թթ. Ակադեմիական շրջանի համար:
15-16 տարեկա՞ն ես:
Քեզ համար անչափ կարևո՞ր է լավ կրթություն ստանալը:
Սիրո՞ւմ ես կրթությանը կից ապրել ակտիվ համայնքային կյանքով:
Ուզո՞ւմ ես լինել միջազգային դպրոցի համայնքի անդամ:
Ուզո՞ւմ ես քո գաղափարներով լուխել տեղային և գլոբալ խնդիրներ:
Ուզո՞ւմ ես ունենալ ընկերներ աշխարհի բոլոր անկյուններից:
ԴԻՄԻՐ հիմա:
Վերջնաժամկետը` ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ը, ժամը`23:00 Երևանի ժամով
Facebook: https://www.facebook.com/UWCArmenia
Instagram:@uwcncarmenia
Ավելին` UWC Հայաստանի կայքում
Էլ.հասցե: armenia@uwcnc.org

Ու եթե պետք լինի…
Հայրենիքի մասին շարադրությունը Պատվական Հարությունյանը փոքր տարիքում ավարտել էր այսպես՝ «․․․ու եթե պետք լինի, կյանքս էլ կտամ հանուն հայրենիքիս»։ Նա չէր կարող պատկերացնել, որ տարիներ անց պե՛տք է լինելու, ու ինքը կյանքը զոհելու է հանուն հայրենիքի, հանուն բոլորիս։
Պատվականը մարզիկ էր․ 7 տարի սամբո-ձյուդո մարզաձևով էր զբաղվում և հայաստանյան տարբեր մրցույթներում իր քաշային կարգում միշտ լավագույնների մեջ էր։ Մինչև ծառայությունը Պատվականի պատկերացումները ուսումը շարունակելու մասին հստակ չէին, բայց բանակում արդեն որոշել էր՝ ընդունվելու է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։
Որոշել էր, որ զորացրվելուց հետո միանգամից ընտանիք պիտի կազմի, ամուսնանա․ ընտանիքի դերը նրա համար առաջնային էր։
Պատվականը մանկուց ագրեսիան ու կոնֆլիկտները չէր ընդունում: Երբեք ոչնչից չէր բողոքում։ Քույրն ասում է՝ ծառայության ընթացքում ավելի կարգապահ, ուշադիր էր դարձել մանրուքների նկատմամբ։
Սեպտեմբերի 29-ին նա Ջրականում էր՝ ամենաթեժ դիրքում, որտեղ սկզբնական օրերին թշնամու ամենամեծ ուշադրությունն էր կենտրոնացած։ Երեկոյան ընտանիքի հետ էր խոսել զրնգուն ու հուսադրող ձայնով․ մի քանի ժամ անց զոհվել ԱԹՍ-ի հարվածից․․․
2020թ․-ի հոկտեմբերին Պատվականը Արցախի նախագահի հրամանով հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։
Պատվական Վաչագանի Հարությունյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։






























