sona zaqaryan

Ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, ուղղակի՝ տարբեր

Երբ իմացա, որ հնարավորություն եմ ունենալու ԱՄՆ-ում սովորելու, առաջին բառը, որը մտքիս եկավ, դա դպրոցն էր։ Անընդհատ հարցեր էի տալիս նախորդ տարիների Ֆլեքս շրջանավարտներին, որպեսզի ինչքան հնարավոր է՝ շատ բան իմանամ դպրոցի ու կրթական համակարգի վերաբերյալ։ Ամեն ինչ շատ հետաքրքիր, հեշտ և միևնույն ժամանակ, շատ բարդ էր թվում։ Բայց դե, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

Սկզբում, երբ սկսեցի այստեղ դպրոց հաճախել, շոկի մեջ էի, որովհետև ամեն ինչ իրոք շատ տարբեր էր, բայց քիչ-քիչ հարմարվեցի, և հիմա ամեն ինչ լրիվ սովորական է դարձել։

Ամերիկյան դպրոցն ու կրթական համակարգը իրոք շատ տարբեր են ու հետաքրքիր։

Օրինակ, ամերիկյան դպրոցում կա մի բան, որը Հայաստանում շատ աշակերտներ են ցանկանում ունենալ։ Գուշակեցի՞ք՝ ինչի մասին է խոսքը։ Եթե ոչ, ապա ասեմ, որ խոսքը կողպվող պահարանի, այսպես ասած լոքերի (locker) մասին է։ Լոքերը իրոք շատ պետքական բան է, չնայած շատ աշակերտներ անգամ այն չեն օգտագործում։ Ես անձամբ օգտագործում եմ, քանի որ այնպիսի ծանր գրքեր ունեմ, որ պետք է առնվազն ծանրամարտ պարապեմ դրանք դասարանից դասարան անընդհատ տանել-բերելու համար։ Բայց դա սկզբում էր, հիմա էլ արդեն չեմ զգում դրանց ծանրությունը, բավականին լավ ծանրամարտիկ եմ դարձել։ Ծանր գրքե՞ր։ Այո՛, ծանր գրքեր, բայց բնականաբար ոչ տասնհինգից ավելի առարկաների համար, քանի որ աշակերտները այստեղ սովորում են ընդամենը 7-8 առարկա։ Եվ իհարկե, ամեն օր նույն դասացուցակով։ Կարծում եմ այստեղից եզրակացրեցիք, որ բոլոր առարկաները այստեղ պարտադիր չեն։ Պարտադիր կարող են լինել ամենաշատը չորս առարկա, որոնց մեծ մասը հիմնականում նույնպես ընտրությամբ են։ Օրինակ, պետք է պարտադիր սովորել կա՛մ Միացյալ Նահանգների պատմության, կա՛մ Միացյալ Նահանգների կառավարման համակարգի մասին։

Հնարավոր է ընտրել ոչ միայն առարկաները, այլև որոշ դեպքերում դրանց մակարդակները։ Օրինակ, Իսպաներեն 1-ը սկսնակների համար է, իսկ Իսպաներեն 2-ը` ավելի լավ իսպաներեն իմացողների և այլն։

Ի դեպ, օտար լեզվի մասին։ Շատ ամերիկացի աշակերտների համար երկրորդ լեզու սովորելը (որը սովորաբար իսպաներենն է լինում) իրոք շատ բարդ է։ Շատերը անգամ զարմանում են, երբ իմանում են, որ շատ փոխանակման ծրագրի աշակերտներ երեքից ավելի լեզուների են տիրապետում։

Հայաստանում սովոր ենք, որ ամեն դասարան իրար հետ դաս անի, բայց այստեղ այդպես չէ։ Քանի որ առարկաները ընտրովի են և մակարդակներով, ապա ամեն մի դասաժամի կարող ես լինել տարբեր տարիքի ու դասարանների աշակերտների հետ։

9-12-րդ դասարանները համարվում են ավագ դպրոց։  9-րդ դասարանի աշակերտները կոչվում են freshman, 10-րդ դասարանցիները՝ sophomore, 11-երը՝ junior և վերջապես 12-ները՝ senior։

Դասաժամերի տևողությունները տարբեր են լինում, իսկ դասամիջոցները հիմնականում կարճ, այնքան կարճ, որ հազիվ ես հասցնում մի դասարանից մյուսը գնալ։ Իսկ կարո՞ղ եք ասել, թե ո՞րն է դպրոցում ամենասպասված և սիրելի ժամը։ Դե իհարկե, լանչի (ճաշի) ժամը։ Չնայած շատ աղմուկին և երկար հերթերին, սա դպրոցում ամենասպասված ժամն է։

Մի քիչ էլ գնահատման համակարգից խոսեմ։ Թվերի փոխարեն գնահատումը այստեղ տառերով է ու տոկոսներով։ Գնահատում են՝ A, B, C, D, F։ A-ը համարվում է ամենաբարձր գնահատականը, իսկ F-ը՝ ամենացածրը։ Տոկոսային հարաբերությամբ որոշվում է, թե որ տառն է քո գնահատականը։ Իսկ տոկոսները կազմվում են թեստերի և տնայինների հավաքած միավորների արդյունքում։ Իմ դպրոցում 90%-ից բարձրը համարվում է A։ Ինչու եմ կոնկրետ իմ դպրոցը նշում, քանի որ տարբեր դպրոցներում գնահատման համակարգը կարող է տաբեր լինել։

Չնայած այսքան տարբերությունների պատճառով կարող ենք շատ համեմամատություններ անել, բայց չեմ ուզում ասել, որ Հայաստանի կրթական համակարգը լավն է ԱՄՆ-ի կրթական համակարգից, կամ հակառակը, քանի որ յուրաքանչյուրն էլ ունի իր թերություններն ու առավելությունները։ Եվ ինչպես մենք՝ փոխանակման ծրագրի աշակերտներս ենք սովոր ասել. «Ոչ ավելի լավ է, ոչ ավելի վատ, ուղղակի տարբեր է»։

Ani avetisyan

Չգրել չեմ կարող

Նստում եմ, վերցնում գրիչն ու սպասում նորին գերազանցություն Մուսային: Չի գալիս: Աբիսողոմ աղայի մեթոդը մի քանի անգամ փորձել եմ. կաշառել չի ստացվում: Ոնց որ նստես օգոստոսյան արևի տակ ու սպասես, որ անձրև գա: Կամ սիրահարված չլինելով սիրո մասին ռոմանտիկ-պոետիկ մի բան գրես: Չէ, հավատացեք՝ կյանքին սիրահարված լինելը միշտ չի, որ օգնում է: Ոչ էլ թուղթ ու գրիչին:

Թվաց՝ առանց գրչիդ ծայրը թղթին հենելու կյանքդ անիմաստ կլինի, ու սկսեցիր գրել: Բայց էդ ե՞րբ, ո՞նց թվաց: Դա հասկանալ չեմ կարողանում: Կուզեի մի օր  Դոստոևսկուն հարցնել, կամ Բալզակին:  Իսկ ասենք Գոգոլը ո՞նց է որոշել «Մեռած հոգիները» գրել:

Ասում են՝ գրում եմ, որովհետև չգրել չեմ կարողանա: Վերջերս մի ժամանակակից գրողի ինքնակենսագրականն էի կարդում, ասում էր՝ փորձեցի ու հեշտությամբ կարող եմ չգրել: Ուրեմն ինչո՞ւ:

Մեկ-մեկ գրելը քարից հաց քամելու պես է ստացվում, մեկ-մեկ՝  անձրևանոցը ձեռքիդ թրջվելով քայլելու, ինչ է թե՝ ալարում ես բացել:

Շատերի մոտ օրերի, տարիների անընդհատ հերթափոխից հուսախաբ բեռնաձիու հոգեբանությունն է զարթնում: Գրելն էլ՝ ամենածանր բեռը: Ոնց որ սկսած ու չկառուցած շենքի հիմքը ավազով դնելու, գրած-չհասկացած տողերն արագ-արագ իրար հետևից շարելու մեղքը քո վրա չի լինելու, այլ նրա, որ կարդալու-ապրելու է էդ ամենը: Իսկ իրականում՝ էդպես էլ կա: Կկարդան, իսկ թե չեն հասկանում, մեղքը գրքինը չէ, այլ իրենցը: Ոչ միշտ: Ափսոս կամ բարեբախտաբար:

Գրքի էջերը  համարակալում եմ՝ հերթով, մեկ-մեկ նրանք, որ կարդացել, հասել եմ ամենակարևորին ու կանգնել: Չեմ նախանձում հեղինակներին: Տեսնես՝ գիտե՞ն, որ հեշտ չի իրենց գրածը կարդալը: Երբեմն էլ՝ անհնար: Գուցե իրոք նախանձելու բան է: Չգիտեմ: Լավ է գոնե, որ դրանից ոչինչ այս ու այն կողմ չի լինում: Ոչ իմ՝ կարդացողիս «չիներն» են ընկնում, ոչ էլ գրողի փառքի դափնիներն են չորանում: Երբեմն էլ կարելի է մտածել, թե գրողը դիտավորյալ է այդպես գրել: Բայց միայն երբեմն:

Որ մի օր երկար ինչ-որ բան գրելու լինեմ՝ կաշխատեմ էդպես չանել: Վախենում եմ զգալ, որ մինչև վերջ չեն կարդում գրածներս:

Իսկ եթե գրքեր ու դրանք գրողները մի օր չլինեն, ի՞նչ կլինի: Եթե մի օր Բրեդբերիի պատմությունն էլ երևակայական չլինի:

Առանց թուղթ սևացնողների ու դրանով պատմություն դարձողների Երկիրը հակառակ չէր պտտվի, չէ՞:

Չնայած, վստահ չեմ:

Mane Minasyan

Եթե չեք սիրում սովորել, համալսարան մի եկեք

Փոքր տարիքից սովորություն ունեմ ամեն երեկո օրացույցից ջնջել անցնող օրվա ամսաթիվը: Տարիների սովորություն դարձած գործողությունն էի կատարում հերթական անգամ, երբ նկատեցի, որ նոյեմբերն արդեն երկու մասի է բաժանվել՝ անցյալում ավելի մեծ քանակով օրեր թողնելով:

Սեպտեմբեր 2017, հոկտեմբեր 2017 ու նոյեմբեր 2017-ի կես: Ահա այն ժամանակահատվածը, որ ես ու հասակակիցներս ապրում ենք նոր ու ավելի հագեցած, հետաքրքիր ու, ինչու չէ, նաև բարդ ու ավելի պատասխանատու կյանքով, որը մեկ բառով անվանում ենք ուսանողություն:

Վստահ կարող եմ ասել, որ մենք՝ ուսանողներս, այս ամենին հասնելու համար անցել ենք տարբեր փորձությունների միջով:

Այս նոր փուլի, համալսարանի ու ուսանողական կյանքի հետ, հուսով եմ, բոլորս էլ ինչ-ինչ հույսեր ենք կապել, մտովի այն հազար անգամ կառուցել ու քանդել ենք:

Արդյոք որքանո՞վ են արդարացել հույսերը, ինչքանո՞վ էին դրանք համապատասխանում մեր սպասումներին, փորձել եմ պարզել՝ զրուցելով հասակակիցներիս հետ:

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անյան պատմում է, որ իր մանկության երազանքներից մեկն է եղել հեռուստաստուդիայում աշխատելը: Փոքր տարիքից բոլորն իրեն ասել են, որ հաղորդավարուհու կեցվածք ունի: Անյան պատմում է, որ ինչպես բոլոր դեռահասների գլխում, այնպես էլ իր, հազարավոր մասնագիտություններ են պտտվել, մինչև վերջապես ընտրել է այս ուղին: Նա նաև նշեց, որ իր սպասումներն ու իրականությունն իրարից այդքան էլ տարբեր չեն, իսկ նպատակները կամաց-կամաց իրականանում են: Գիտի, որ սա այն մասնագիտությունն է, որն իրեն հնարավորություն կտա ներկայանալ իր բոլոր կարողություններով:

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Սիլվին էլ պատմում է, որ փոքր տարիքից երազել է դառնալ դերասանուհի, սակայն տանը համաձայն չեն եղել: Բայց մի օր հեռուստացույց դիտելու ժամանակ հասկացել է, որ իրեն դուր է գալիս լրագրողի աշխատանքը և որոշել է սովորել այդ մասնագիտությունը: Նշում է նաև, որ ունի այդ մասնագիտությանը բնորոշ շատ հատկանիշներ՝ ակտիվ է, հետաքրքրասեր, շփվող ու զրուցասեր:

Սիլվին խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր շատ հետաքրքրասեր են, սիրում են ակտիվ կյանք, ունեն գրագետ ու ճկուն խոսք, գալ ու սովորել այս ֆակուլտետում, որովհետև ժուռնալիստիկան հենց այդ մարդկանց համար է: Սակայն այս ֆակուլտետ պետք է մասնագիտությունը սիրելով գալ, որովհետև սա այն մասնագիտությունն է, որին պետք է ամբողջ սրտով ու հոգով նվիրվել: Սիլվին նշում է նաև, որ երբեք չի զղջա, որ ընտրել է հենց այս համալսարանն ու այս բաժինը:

Իսկ ահա Սոնան, ով սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսում, պատմում է, որ սկզբում ամեն ինչ խորթ է եղել, անգամ մտածել է, որ սխալ ու իրեն ոչ համապատասխան բաժին է ընտրել: Սկսել է համեմատություններ տանել դպրոցի ու համալսարանի միջև և մինչև հիմա էլ այն կարծիքին է, որ դպրոցն ուրիշ է և միշտ ուրիշ կմնա իր կյանքում, բայց ուսանողական կյանքն էլ իր համն ու հոտն ունի, իսկ կուրսի մասին միայն լավը կարող է ասել:

Զրուցելով մյուս ընկերներիս հետ՝ լսել եմ շատ նման ու տարբեր կարծիքներ: Նրանցից ոմանք անգամ ստիպված են դասի գնում, որովհետև իրենց ընտրած մասնագիտությամբ չեն սովորում, ընկերներ էլ ունեմ, ովքեր իրենք են ընտրել, սակայն փոշմանել են: Իսկ համալսարանն այն վայրն է, որտեղ պետք է գալ սիրով ու սովորելու ցանկությամբ:

Առայժմ այսքանը, իսկ հիմա շարունակեմ դասերս, չէ՞ որ ես էլ առաջին կուրսի ուսանողուհի եմ, ով գնում է իր նպատակի հետևից:

astghik hunanyan

Նյարդային նյարդերիս ու էլի շատ բաների մասին

Ասում են, չէ՞՝ իմ նյարդերի վրա ազդում է այն ամենը, ինչը շարժվում է, իսկ ինչը չի շարժվում՝ ես եմ շարժում ու նյարդայնանում։ Իրականում չեմ հիշում՝ ովքեր են ասել։ Համենայնդեպս, էս փոքր բառախումբը վիճակիս ամենատիպիկ նկարագրությունն է։ Ասենք՝ հենց հիմա ես նյարդայնացած եմ, որովհետև չգիտեմ՝ ինչից սկսել գրել և ուր հասնել, հետո նյարդայնացա նյարդերս հանգստացնելու համար դեպրեսիվ դեռահասի նման նոթատետրիս էջերը պատռելուց (էն ֆիլմերի նման, որ մեկը մյուսին ուզում է նամակ գրել, չի ստացվում, էջը պատռում ու դեն է նետում անքան անգամ, մինչև մյուս կադրում սենյակի ողջ հատակը թղթի կույտերով է պատվում)։ Բայց էդ խեղճ նոթատետրն ի՞նչ մեղք ունի, որ հենց ինքն է ձեռքիս տակ ընկել։ Հասարակագիտությանս դասագիրքն ընկներ, գոնե էջերը պատռելով նյարդերս հանգստացնելու հետ մեկտեղ հաճույք էլ ստանայի, որովհետև էդ դասագրքի բովանդակությունն էլ է նյարդերիս վրա ազդում։

Դու պիտի սովորես, որ մարդը ոչինչ է առանց սեփական իդեալն ունենալու, որովհետև էդ մարդը չի ձգտի ինչ-որ բանի հասնել։ Դե, չգիտեմ, գրքում էդպես է գրված, թե չէ, համենայնդեպս ուսուցչուհիս էդպես էլ ասում է։ Թե բա. «Դուք ինչքան էլ երազեք, օր ու գիշեր էլ աշխատեք, չեք կարող դա Վինչիին հասնել» կամ՝ «Ինչի՞ տեղ եք ձեզ դրել, որ ասեք՝ իդեալ չունենք», «Նկարի գեղագիտական արժեքը դուք չեք որոշում, եթե վերադասը, կամ մի խումբ արվեստագետներ ասում են, որ էդ նկարը իդեալական ա ու շատ գեղեցիկ, ուրեմն էդպես էլ կա, պետք չի հակառակվել ու ասել՝ չէ, սիրուն չի»։ Ու հետո էլ չի թողնում՝ ասեմ. «Այ ձեր ցավը տանեմ, ինչքան էլ ինչ-որ մեկին ձգտեք նմանվել ու ինչքան էլ էդ անտեր գործը լավ անեք, դուք չեք հիշվելու երբեք։ Կհիշվեք էն ժամանակ, երբ ձեր սեփականը կստեղծեք, մի ինքնատիպ բան, ձեր իսկ ոճը։ Այ ձեր ցավը տանեմ, էդ ինչի՞ց վերցրիք, որ մենք՝ «ստորադասներս», չենք կարող գնահատել գեղեցիկը կամ սեփական կարծիք ունենալ, մինչև անգամ՝ հակաճառել»։

Բայց քանի որ թանկագին ուսուցիչդ իր կարծիքն է ճիշտ համարում ու չի թողնում դու էլ խոսես ու կարծիքդ հայտնես, դու՝ նյարդերից թույլ դեռահասդ, չես կարող չնյարդայնանալ էս դարի ուսուցիչների մի տեսակի վրա, որ ուզում է խոսել, չի ուզում լսել, ու իր ասածներով ու քայլերով միայն քեզ կոտրում է, վանում տվյալ առարկայից, իսկ քո ձեռքն անտեսվելուց հետո էլ չի ուզում բարձրանալ։ Ու դրա պատճառով ես նյարդայնանում եմ շաբաթը մի քանի անգամ, օրը 50 րոպե։ Չէ, չկարծես մեր դասաժամերը 50 րոպե են, ուղղակի ուսուցիչները տնային հանձնարարություն տալու մասին միայն դասամիջոցներին են հիշում, ու իմիջիայլոց՝ մեր դասամիջոցներին։ Ու եթե համարձակությունդ ներեց տեղիցդ շարժվել, անդաստիարակի մեկն ես, հա, ու հումանիտար (որպես վիրավորանք հասկացեք)։ Ու դու էլի ամբողջ հոգով-սրտով նյարդայնանում ես, որովհետև հենց էդ ուսուցիչը, որ ասում է. «Մի ուշացեք, բա դասամիջոցն ինչի՞ համար ա», քո իսկ դասամիջոցն օգտագործում է, ու դու դա իրեն չես կարող ասել, որովհետև «թարսվել կա, բան կա»։

Հումանիտար ասացի, հիշեցի. ես նաև անչափ նյարդայնանում եմ, երբ որոշ ուսուցիչներ դասարան են մտնում «եկել եմ հումանիտարների պարապեմ» դեմքով։ Սիրելի ուսուցիչներ, եթե դուք սա կարդաք, չնեղանաք, բայց մեր «ՀԲՉ» դասարանական կոալիցիան սկսել է ու շարունակում է կոտրել բոլոր կարծրատիպերը հումանիտարների մասին (եթե հետաքրքիր է, հապավումը բացվում է՝ հումանիտարները բութ չեն)։

Լավ, սա հեչ, երկու րոպե էլ դասամիջոցին եմ հասցնում նյարդայնանալ։ Էն, որ շքախմբով տղաները կանգնած են, մեկ էլ մյուս կողմից իրենց անտանելի «ձև տալով» աղջիկներ են գնում։ Ու դու սկսում ես մտածել, որ էդ մարդիկ ծնված են իրենց ցույց տալու համար։ Ու հետո քեզ՝ խեղճուկրակ «հետամնացիդ» էնպես են ոտքից գլուխ «չափում», որ աչքերդ լցվում են։ Ծիծաղից, որովհետև իրենք ուղղակի առաջին մի քանի վայրկյանը պատկերացում էլ չեն ունենում, որ դու ավելի «օձական» հայացք ունես։ Նյարդայնանում եմ այնքան ժամանակ, մինչև չեմ մոռանում իրենց տաղտկալի դեմքերը, որոնք կարծես ստեղծված լինեն նկարելու ու սոցկայքեր գցելու համար։ Ախր, դեմքերն էլ չեն նկարում, է, որ նայես՝ նյարդայնանաս։ Մի հսկայական հեռախոս պահում են դեմքի առաջ ու նկարվում, հետո էլ պատահաբար երևացած մի աչքը «սմայլով» փակում են, նոր գցում սոցկայքեր։ Ու դու այդ ժամանակ էլ չես նյարդայնանում, ուղղակի ուզում ես սպանել իրենց, հետո դիակների մոտ նկարվել, մի աչքդ «սմայլով» փակել ու գցել սոցկայք։ Էդպիսի նկար գցեք մեկ, երկու անգամ, բայց ոչ բոլոր նկարները, Աստծու սիրույն։ Ու եթե էդպիսին եք, հանեք ինձ ձեր ընկերների ցուցակից, որ չտեսնեմ ու նյարդայնանամ։ Խոստովանում եմ, մի ժամանակ ես էլ էի էդպիսին, ու ամեն անգամ նախկին «ես»-իս մասին հիշելիս էլի ահագին նյարդայնանում եմ։

Աստված ասացի, էլի բան հիշեցի։ Ես անչափ նյարդայնանում եմ, երբ տեսնում եմ, որ «նորաթուխ» աթեիստները սկսում են ծաղրել քրիստոնյաներին, նրանց կրոնն ու մի բան էլ՝ վիրավորում։ Ու նյարդայնանում եմ, երբ քրիստոնյան ամեն եղած-չեղած առիթին քարկոծում է անկրոն մարդկանց ու «ազգի դավաճաններ» անվանում։ Ախր, ի՞նչ եք ուզում իրարից, այ մարդիկ, էլ բան ու գործ չունե՞ք։ Ինչի՞ եք վիրավորում ուրիշի աշխարհայացքը, կարծիքներն ու դիրքորոշումը, ուրիշի մաշկի գույնն անգամ հանգիստ չեք թողնում, ախր, գոնե իմ մասին մտածեք, նյարդերս այդքան դիմացկուն չեն, է։

Մի օր այնքան եմ բորբոքվելու, որ գյուղացուն ծաղրողին էնպիսի ապտակ հասցնեմ, որ անգամ «Աստերիքսի ու Օբելիքսի» մեջ իրար էդպես չեն խփում կախարդական թուրմի ազդեցության տակ, որովհետև էդպիսի մարդիկ ամենանյարդայնացնողն են։ Էն, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, բայց որ ծնվել են քաղաքում՝ վերջ. իրենք մարդ են, իսկ գյուղացին՝ չէ։ Նույն միս ու արյունն ենք, էլի, վերջներս էլ՝ մահ, էլ ի՞նչ եք կռիվ տալիս, ապրեք, էլի։

Իսկ երբ որոշ ժամանակ չեմ ուզում ոչնչի մասին մտածել, որ չնյարդայնանամ, մեկ էլ տատին հրամայական տոնով մի բան կասի, որ անեմ։ Ու ես չեմ անում։ Ինչ ուզում եք՝ մտածեք, կարող է՝ վատ թոռ եմ, բայց ես երբեք չեմ անի այն, ինչն ինձ կհրամայեն։ Այ, հանգիստ ասեք՝ օգնեմ։

Բա որ նյարդային ժամանակ եղբայրս է գալիս ու սկսում ինչ-որ անիմաստ հարցեր տալ, թող ու փախիր։ Ու էդ ժամանակ ոչ ոք հաշվի չի առնում, որ ես նյարդային երեխա եմ, ու միայն դրա համար գոռացի եղբորս վրա, հետո էլ սկսեցի խփել, ինչն էլ սուսերամարտի վերածվեց։

Օրվա վերջում, երբ պառկում եմ «տեղերիս» մեջ ու սկսում սերիալս նայել, սկսում է նյարդայնացնել հեռախոսի լիցքավորիչը։ Վայրկյանը մեկ անջատվում, միանում, անջատվում, միանում, ու երբ նորմալ դիրքի ես բերում, որ էլ չանջատվի, մեկ էլ փռշտում ես ու վերջ, լիցքավորիչը նորից «ցնդում է» (5-րդ մարտկոցի լիցքավորիչն եմ արդեն «ուտում»)։

Բայց մարդիկ էլ կան՝ հրաշալի «անտիսթրես» են: Նայում ես՝ էնքան անկեղծ են ժպտում, էնքան կյանքով լիքն են, քեֆդ գալիս է։ Բա չէ՝ դատարկ ու ոչինչ չասող հայացքովները։

Հ. Գ. Երևի նկատած կլինեք, որ մի քիչ պասիվացել եմ: Գիտե՞ք, ինտուիցիաս ինձ հուշում է, որ նյութերս չեն կարդում, գրելու հավեսս էլ է փախնում, ու էլի նյարդայնանում եմ։ Շատ դժվար է արևածաղիկը կեղևազրկել ու հավաքել, բայց հեշտ է էդ ամբողջը միանգամից ուտել, նույնն էլ նյութերի հարցում է։ Դժվար է միլիոնավոր էջերից հավաքել ամենալավ ստացված նախադասությունները, խմբագրել ու գրել, բայց հեշտ է չկարդալը։ Ասածս ինչ է՝ գնամ արևածաղիկ չրթեմ, մինչև կարդաք ու կարծիքներ հայտնեք։

aharon sahakyan

Գիրք, որն ստիպեց ինձ փոխվել

Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ 
կարդացած գիրքը ` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը…

Սրանք նշանավոր փիլիսոփա, արձակագիր, բանաստեղծ Վոլտերի մտքերն են, և ես նրա հետ լիովին համակարծիք եմ:

Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մենք մեզ միայնակ ենք զգում, տխուր ենք, ձանձրանում ենք: Եվ հենց այդ ժամանակ էլ ակամայից հայացքներս հառում ենք արդեն մեզ հարազատ դարձած գրապահարանին և որոնում որևէ գիրք, որը կընկերակցի մեզ և կցրի մեր միայնությունը: Գիրքը մեր լուռ ու անխոս բարեկամն է, որն ի զորու է փոխարինել թե´ հարազատի, թե´ ընկերոջ, թե´ խորհրդատուի: Շատ հաճախ մենք մեր կարդացած գրքերում հանդիպում ենք այնպիսի հերոսների, որոնց մեջ ինքներս մեզ ենք տեսնում, փորձում ենք նմանություններ գտնել նրանց և մեր բնավորության գծերի, արտաքին տեսքի և կատարած գործողությունների միջև: Հենց այդպիսի մի գրական հերոսի մասին էլ կուզեի խոսել:

Վերջերս` հերթական փնտրտուքի ժամանակ, ընտրությունս կանգ առավ Րաֆֆու «Սամվել» վեպի վրա: Իմիջիայլոց այդ նույն գիրքը արդեն երկրորդ անգամ պետք է կարդայի:

Ու կարդացի: Կարդացի նույնքան հետաքրքրությամբ ու անհագ, ինչպես առաջին անգամ: Չնայած, որ անգիր գիտեի վեպի յուրաքանչյուր հատված, գիտեի իրար հաջորդող գործողությունների ընթացքը, գիտեի անգամ վերջաբանը: Եվ ինչպես յուրաքանչյուր գրքում, այստեղ էլ ունեի սիրելի հերոս` իդեալ, ում կցանկանայի նմանվել, կցանկանայի թեկուզ մտովի հանդիպել նրան և որոշ խորհուրդներ ստանալ նրանից: Եվ այդ հերոսը, որքան էլ տարօրինակ թվա, ոչ թե Սամվելն էր ` վեպի գլխավոր հերոսը, այլ Վասակ Մամիկոնյանի որդին` Մուշեղը: Նա իսկական հայրենասեր էր, խիզախ առաքինի, բայց այս ամենի հետ մեկտեղ` հարկ եղած դեպքում կարող էր դառնալ շատ դաժան և վրիժառու:

Այդ գիրքը կարդալուց ի վեր վստահաբար կարող եմ ասել, որ մեջս շատ բան փոխվեց: Փոխվեցին իմ պատկերացումները մարդկության և ինձ շրջապատող աշխարհի մասին: Ես դարձա ավելի համարձակ, ինքնավստահ, մեծահոգի ու վրեժխնդրության պատրաստ անձնավորություն:

Մուշեղն իր բարոյականության բարձր սկզբունքներն ի ցույց էր դնում անգամ պատերազմի դաշտում: Վեպում առանձնակի ուշադրության է արժանի հատկապես Մուշեղի` կանանց հանդեպ վերաբերմունքի հատվածը, այն էլ` պարսիկ կանանց: Եվ երբ նա գերված կանանց անարատ և առանց անարգելու վերադարձնում է Շապուհին, վերջինս շատ է զարմանում: Զարմանում է նրա քաջության, մեծահոգության և ազնվության վրա: Եվ Մուշեղի պատկերը` սպիտակ ձիու վրա նստած, քանդակել է տալիս իր գինու գավաթի վրա: Իսկ Մուշեղի վերոնշյալ արարքը հետագայում ստիպում է Պապին և նրա զորապետերից ոմանց կասկածի տակ դնել նրա հավատարմությունը:

Ինչևէ, ես այս հերոսի մասին կարող եմ անվերջ խոսել , սակայն նախընտրելի է, որ յուրաքանչյուր հայ տաղտկալի և էժանագին սերիալներ դիտելու փոխարեն, գոնե մեկ անգամ կարդա «Սամվել» վեպը, փորձի բացահայտել վեպի հերոսներին և կատարել եզրահանգումներ:

Artyom Avetisyan

Թե ինչպես տատին դարձավ «տյոտյա»

Այո, այո, «տատի», ես հենց այդպես էի դիմում մեր հարևանուհի Սիլվային: Նա մեր ամենալավ ու իմ ամենասիրելի հարևանուհին է: Նրա մեջ ես սիրում եմ իր մեծահոգությունը, հոգատարությունը, սիրում եմ նրա ծիծաղը, սիրում եմ լսել նրա բոլոր պատմությունները, ինչ ժանրի ու ինչ թվականի էլ լինեն, որովհետև նա հոգի է դնում այդ պատմության մեջ ու այնպիսի ոգևորությամբ է ներկայացնում, որ կարծես թե ականատես ես եղել այդ ամենին: Սիրում եմ նայել, թե ինչպես է նա սուրճ խմում, որովհետև այնպես «ջիգյարով» է խմում, որ սուրճ չխմող մարդն էլ այդ պահին կխմի:

8-9 տարի առաջ ես նրան ասում էի տատի Սիլվա, ու նա ուրախություն էր ապրում, ժպտում էր, որ ես իրեն «տատի» էի ասում: Նա ոգևորությամբ էր ընդունում դա, որովհետև ես այն եզակիներից էի, որ նրան այդպես էի դիմում՝ բացառությամբ իր թոռնիկների: Տատի Սիլվան մայրիկիս ամենամոտ հարևանուհին է, կարելի է նրան համարել նաև իմ երկրորդ մայրը, որովհետև նա էլ է ինձ մեծացրել, ինչ-որ տեղ նաև դաստիարակել, ճիշտ ուղի ցույց տվել: Երբ գալիս է ամառը, հատկապես՝ հողամասը ջրելու, մշակելու ժամանակահատվածը, նա և մայրս բահերը դնում են ուսերին ու գնում «Բանդեր» կոչվող հատվածը՝ ջուր բերելու: Վերադառնում են մի-մի փունջ խոտաբույս հավաքած, հոգնած, բայց ժպիտով ու ծիծաղելով: Անգամ իրար պատմում են անցյալ տարիների չարչարանքներն ու ջուր բերելը:

8-9 տարի առաջ էր, երբ պատահաբար լսեցի, թե ինչպես քույրս նրան դիմեց «տյոտյա»-ով, ու այստեղ ամեն ինչ փոխվեց: Այդ պահը դրոշմվեց ուղեղիս, հիշողությանս մեջ: Դրանից հետո, երբ նրան տեսա, ասացի «տոտա» (այս բառն էլ փոփոխության ենթարկվեց) Սիլվա: Նա զարմացավ, կաշկանդվեց, բայց ոչինչ չասաց: Երկրորդ, երրորդ անգամ այդպես անելուց հետո, թե՛ նա, թե՛ ծնողներս ինձ հարցրին, թե ինչու եմ սկսել նրան այդպես դիմել: Ամեն ինչ ասացի, ու նրանք հասկացան, որ քույրս է դրա «մեղավորը»: Ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մնաց նույնը, միայն փոխվեց իմ ներաշխարհը: Այլևս չէի կարողանում նրան հին ձևով՝ «տատի» դիմել, կարծես մեկն ինձ խանգարում էր: Ու մինչև օրս այդպես է: Հիմա, երբ նրան տեսնում եմ, կամ նա գալիս է մեր տուն, արդեն ես եմ մեծ ոգևորություն ապրում, անկախ ինձնից սկսում եմ ուրախանալ, ժպտալ: Երբ մտնում եմ տուն, իմ երկրորդ կամ երրորդ նախադասությունը հետևյալն է.

-Մամ, ի՞նչ կա, տոտա Սիլվան էսօր չի՞ եկել մեր տուն:

Այժմ կրկին նրան ուզում եմ դիմել «տատի»-ով, բայց, չգիտես ինչու, միշտ ինչ-որ բան խանգարում է. գուցե տարիքս է:

Հ. Գ. Տյոտյա Սիլվա, միշտ արի մեր տուն, սուրճ խմիր, պատմություններ պատմիր, որպեսզի ինձ հիշողությունների գիրկը գցես:

anna sargsyan

Արի իմաստավորենք միասին

Բարև: Ինչո՞ւ ես այդքան բողոքում: Կարծես բողոքի գիրք լինես: Բողոքում ես, որ կյանքն անհետաքրքիր է, որ այն այնքան անգույն է, որ եթե երկար մտածես, իմաստը կկորցնի:

Բայց, ախր, դու շատ սխալ ես, ինչպե՞ս կարելի է կյանքը համարել անիմաստ: Էդ դեպքում մենք չէինք զարգանա: Հա, մի բան էլ. կյանքն իմաստավորողը նստած է հենց համակարգչի առաջ ու հիմա կարդում է այն, ինչ ես մտածում եմ:

Դուք խոսում եք այն մասին, որ ընդամենը 14-15 տարեկան եք, բայց ոչ մի բանի հավես չունեք: Ախր ինչո՞ւ, է: Ճիշտն ասեք, որ տնից դուրս եք գալիս, ձեր գլխում էլ են, չէ՞, նոր ու շատ խառնափնթոր մտքեր ծնվում, բայց հենց ինչ-որ մեկի հետ կիսվում եք, ասում է, թե բա՝ ոնց, չէ, չես կարող, չի լինի, անիմաստ է: Ուֆ, էդ վերջին բառն ինձ հունից հանում է: Ես տանել չեմ կարողանում այն պատանիներին, ովքեր օգտագործում են այդ բառը շատ հաճախ: Ամեն ինչի մեջ էլ իմաստ կա, ուղղակի տվյալ «ամեն ինչի» մեջ եղած իմաստին մի քիչ մեր ձեռքում եղած կախարդական փոշուց է հարկավոր, որ վերածվի գլուխգործոցի, որ բոլորը հասկանան, որ դու կարողացար, ու իմաստ կար:

Այո, ես արդեն տասնյոթ տարի է, ինչ ապրում եմ այս մոլորակի վրա, բայց այդ հետաքրքիր ու արագընթաց տարիների ընթացքում չեմ ասել, թե՝ անիմաստ է, անիմաստ են, անիմաստ էր:

Ախր, այնքան հետաքրքիր բաներ կան, ինչո՞ւ ես ուզում ամեն ինչ «չոր» անել ու հետո բողոքել, որ իմաստ չուներ: Իսկ դու իմաստավորի՛ր: Ես ամեն ինչից փորձում եմ լավը դուրս պոկել, իսկ իմաստը հենց լավի մեջ է, չէ՞: Դու էլ փորձիր: Ու հա, քիչ բողոքիր, ձանձրացնում ես:

Սկսիր ավելի շատ գնահատել, անգամ էն ժպիտը, որ ավտոբուսի միջից մի պատահական երիտասարդ պարգևեց քեզ, կամ որ պատահական մեկը հրեց ուսդ ու հաճելի ձայնով ասաց «կներեք»: Տես, ինչ հաճելի ասաց, ինչ գեղեցիկ ժպտաց:

Գնահատիր ամեն ինչ, բայց անկեղծ: Կյանքն այնքան իմաստ է իր մեջ պարունակում, որ մեկ-մեկ ինձ թվում է, թե ուր որ է, ինչ-որ տեղից կյանքը «կպատռվի» ու իմաստը կսկսի թափվել:

Իմաստավորիր կյանքս հենց այս պահից, հա, ու մի բան էլ. քիչ բողոքիր:

Ոսկե Աշուն

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Նոյեմբերի 17-ը համարվում է բերքի տոն: Ամեն տարի Հայաստանի բոլոր մարզերում այն տարբեր կերպ են նշում: Բերքի տոնը այս տարի առաջին անգամ նշեցին նաև Գագարինում: Թեև առաջին անգամ էինք նշում, սակայն այն բավականին հետաքրքիր էր:

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Բերքի տոնին ներկայացնում են բոլոր այն մրգերը, որոնք աշնանն են հասնում և դրանցից պատրաստված պահածոներ`մուրաբաներ և կոմպոտներ: Տոնը էլ ավելի էին գեղեցկացնում երեխաները իրենց կազմակերպած բեմադրություններով և պարերով: Դպրոցում կան նաև այնպիսի երեխաներ, որոնք կարողանում են նվագել երաժշտական գործիքներ, ինչպես օրինակ,  դուդուկ, դհոլ, քանոն, շեփոր:

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Նրանց նվագելը բավականություն էր պատճառում պատճառում մեզ և տոնին նոր շունչ հաղորդում: Ամեն մի դասարան ներկայացնում էր աշնան տոնի իր պատրաստությունը,  բացատրում, թե ինչպես է գյուղացին իր արդար քրտինքով մշակում այդ բերքն ու բարիքը: Երեխաները մեզ այնպես էին ոգևորել, որ մի պահ մենք մոռացել էինք, որ դպրոցի ավագ դասարանը մենք ենք: Նրանց հետ միասին մենք էլ էինք պարում և ուրախանում: Երբ ավարտվեց միջոցառումը, բոլոր դասարանները ստացան պատվոգրեր և սկսեցին վայելել այն բերքն ու բարիքը, որը ներկայացնում էին:

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Օֆելյա Հովհաննիսյանի

Իրականում ես շատ ուրախ եմ, որ Գագարինում այս տոնը, որը երբեք չէր նշվել, առաջին անգամ նշվեց: Եթե անգամ կային թերություններ, վստահ եմ, որ մյուս տարի դրանք այլևս չեն լինի:

hovik vanyan dsex

Չլինեին երգերի անցումների պահերը, բացի վերջինից

-Հով, արի գրկեմ, որ «տռոլիկն» արդեն գնա:

Երկու վայրկյան էլ ուշանայինք, իրոք, «տռոլիկը» գնացած կլիներ, ու նորից 10 րոպե կսպասեինք (չնայած լավ կլիներ. մի անգամ էլ կգրկեր ինձ մինչև գնալը): Դե, քանի որ ես էլ տրոլեյբուս չեմ սիրում, որովհետև շատ դանդաղ է գնում, պետք է ավտոբուսով տուն հասնեի: Մեկ էլ, երթուղային էլ չեմ սիրում, որովհետև հասակս 1.82 է (պատկերացրեցիք արդեն):

19:32 էր: Որոշեցի հաշվել, թե ինչքան ժամանակից տուն կհասնեմ, ու մինչև հասնելս ինձ պետք էր ականջակալներով երգ լսել, հիանալ Երևանի անկյուններով ու հիշել նրան, հիշել ու կարոտել:

Փաստորեն ավտոբուսը շատ լիքն էր, ու ես էլ մոռացել էի, որ մենակ չեմ, բարձր-բարձր երգում էի. “Dancing in the dark, with you between my arms… “

Արդեն 19:54 էր, ու լսում էի «փլեյլիսթիս» 7-րդ երգը: Երբ երգը վերջանում էր, ու պետք է հաջորդն սկսվեր, այդ ընթացքում լսվում էին մարդկանց խոսակցություններից հատվածներ, և ես մտածում էի մարդիկ ինչպես կարող ենք այդքան դատարկ բաներից խոսել: Մտածում էի՝ չլինեին երգից երգ անցնելու պահերը (դեռ չգիտեի վերջինի մասին), որ ես շարունակեի հիշել, կարոտել, զգալ ու երազել:

Ստացվեց, որ 43 րոպեում հասա տուն ու լսեցի 15 երգ, ու 15 անցումի պահ եղավ:

Էս անգամ մի կանգառ շուտ չիջա, այլ 17 կանգառ հետևեցի կյանքին, որն ընդհանրապես նման չէր անցած անգամ մի կանգառ շուտ իջած կյանքին: Էս անգամ կային էդ անտանելի անցումների պահերը (բացի վերջինից), որոնք փոխում էին կյանքի հանդեպ իմ պատկերացումները:

Բայց վերջապես վերջին անցումի պահն էր, որի ժամանակ հասկացա, որ պետք է ուղղակի հավատալ ու երազել, անտեսելով վատն ու անիմաստը: