Lilit Poghosyan - Ulnetsi

Աղջիկն ամպերից վեր

Թվում էր՝ ամեն ինչ ճիշտ է ընթանում. արևը փայլում էր, Երկինքը բարևում իր կապույտով մինչև գարնան պայծառ օրերին փոխարինելու եկավ արծաթաթույր ձմեռը: Փաստորեն կյանքում ոչ մի բան իր հիմնական հունով չի ընթանում: Լինում են պահեր, կարճ կամ երկար, որոնք փոխում են մեր պատկերացումների համակարգի հունը: Իմ պատկերացումներն ու ես արդեն հասել էինք «ԴԵՊԻ ԿԱՆԱՉ» քաղաք տանող կանգառին, երբ տեղեկացրին, որ վերոնշյալ համարի ավտոբուսի փոխարեն ժամանել է «Դեպի Սպիտակ» տանող ավտոբուսը: Դե, ես էլ ստիպված նստեցի, ու շարժվեցինք: Ողջ ավտոբուսում տեղում էր ձյուն, ավտոբուս մտնող ճանապարհի վրա տեղ-տեղ մերկասառույցներ էին, իսկ ճանապարհային աշխատողները նույնիսկ չէին հասցնում կատարել ձնամաքրման աշխատանքները, բայց մեզ դա չէր խանգարում. Մեր ավտոբուսն ընթանում էր: Դե, որպեսզի ժամանակը շուտ անցնի, բացեցի նոթատետրս:

Առաջին էջում պատկերել էի մեծ արև, իսկ ներքևում` Բ-տառը. Սլաքով միացրել էի արևի շողերին, արդյունքում ունեցա «Բարև»-ը, կողքին կանաչ ու կապույտով իմ մոլորակն  էի նկարել, շուրջբոլորը` աստղեր, թերթեցի, մյուս էջերում էլի գունավոր պատկերներ էին, ամպեր, սարեր, դեղին ավտոբուս, ոլորաններ, ու ես` պայուսակն ուսիս կանգառում կանգնած…

Եթե վերլուծենք էս ամեն ինչը, արդյունքում կունենանք «հրաշախառը» մի պատմություն:

Մի քանի ամսվա բոլոր շաբաթ կիրակիները ես անց էի կացնում Կոլյա պապիկի ամենադեղին ավտոբուսով երթևեկելիս…

Հա՛, հա՛, ես հենց էն հացատան մոտ իջնող աղջիկն եմ:

Թե ոնց ստացվեց, որ ինձ էդպես էին հիշում հիմա կբացահայտենք… Ընդամենը մի քանի ամիս, ու ես քննությունների էի, պետք էր մի քիչ գոնե պատրաստվել, նախքան թեստ գրելը: Ես ինչքան էլ ինքս ինձ վրա աշխատում էի, չարչարվում էի, գրում-ջնջում էի, միևնույն է, շատ անինքնավստահ էի, անընդհատ սթրեսներ, լաց, վախ, ընթացքում նույնիսկ որոշել էի, որ չպետք է շարունակեմ ուսումս… Բայց շուտով որոշեցինք, որ պետք է ստուգենք՝ ինչքանով եմ պատրաստ:

Քանի որ իմ հայրենիքը գտնվում է ամպերից վեր, մի քիչ դժվար է Ա-ից Բ կետ հասնելը, ու քանի որ իմ ինքնաթիռի վերանորոգումը ես չէի ավարտել և ժամանակն էլ բավականին քիչ էր, որոշեցի Կոլյա պապիկի ավտոբուսով տեղաշարժվել, բայց հավատացեք, իմ ինքնաթիռից էլ արագ էր ընթանում… էնքա՜ն արագ, որ ես ճանապարհի կեսին պետք է ասեի` հացատան մոտ պահեք, հակառակ դեպքում չէի հասցնի իջնել: Մի քանի անգամ մոռացել եմ ասել ու վերջին կանգառից մինչև հացատուն ոտքով ստիպված եմ եղել քայլել, հետո սովորեցի ավելի ուշադիր լինել ճանապարհներին:

Դեղին ավտոբուսին հաջորդում էր ամենաժպտերես ու ջերմ ուսուցչուհիս, ով իր ամեն մի խոսքով ինձ մոտիվացնում ու սթափեցնում էր: Իր հետ իմ խնդիրները յուրօրինակ լուծում էին գտնում: Ես սովորեցի իր պես մտածել ու իմ մոլորակին նայել ամենավերևից, ներքևից ու մնացած բոլոր կողմերից…

Ոլորանները, որոնք սկզբից բարդ ու խճճված էին թվում, հիմա ես անցնում էի սավառնելով…

Բացի խնդիրներին լուծում տալուց, ես հասցնում էի իմ թռիչքի ընթացքում հետևել Փոքրիկ իշխանին ու իր վարդին…

Թվացյալ մութ պատերով մոլորակը, որտեղ ես ապրում էի, գույներով լցվեց, վախերին փոխարինելու եկան ամենաջերմ ու գունեղ ժպիտները, ինձ մոտ կարծես թե ամեն ինչ ստացվում էր, ու հանկարծ ավտոբուսը բախվեց մեկ այլ ավտոբուսի… Դուռը բացվեց, արևի շողերը ողջունեցին ինձ, և լսվեց իմ անուն ազգանունը: Իջա և ասացին, որ պետք է նստեմ մյուս՝ ավելի մարդաշատ ավտոբուսը…

Ավտոբուսը կանգնեց սիրուն պատուհանիկներով «տան» դիմաց:

Իսկ ես մտածում էի, թե հացատնից համալսարան երկու կյանք է պետք հասնելու համար: Տեսնու՞մ եք, Կոլյա պապիկի ավտոբուսը, չէ՜, ինքնաթիռը հրաշքներ է գործում…

Նոթատետրս փակեցի, տեղավորեցի պայուսակումս և հեռացա ավտոբուսից…

Արդեն ամառ էր. համարյա վերջը: Իմ ինքնաթիռի վերանորոգման աշխատանքներն ավարտել էի, հիմա այլևս ոչ ոք ու ոչինչ չի կոտրի նրա թևերը:

Արցախը մանրակրկիտ սիրելու համար է

Դժվար չէ այն, որ դու ունես կիսատ հայրենիք, ցավալի է, երբ դու քո ներսում ես այն կիսատ ընդունում։

Առաջին անգամ Արցախում՝ սեփական երկրում ու հողում լինելս ստիպեց հասկանալ պարարտ հողի ու գոյի իսկական պայքարի արժեքը, որը ինձ հանգեցրեց գործի ու գաղափարի իրականացմանը։

Ճանապարհին արցախցի ընկերուհիս հարցրեց՝ կցանկանայի՞նք Արցախում ապրել, թե՞ չէ: Պատասխանը միանշանակ այո էր, բայց նա խոստացավ, որ նույն հարցը տալու է նորից, թե ինչ պատասխանեցի հաջորդ նույն հարցին, կասեմ վերջում…

Երբ մտնում ես Արցախ, առաջին պահին զգում ես տագնապ, հետո կարոտ, սեր և ՈՒԺ…

Միշտ սիրել եմ Արցախը, բայց երբ եղա Արցախում, առաջին հարցը, որը ստիպեց կանգ առնել մի պահ ու ինքս ինձ հարցնել՝ դու ի՞նչն ես սիրում Արցախում։ Հասկացա, որ ճիշտ եմ սիրել, բայց իսկական սերը հիմնված է ճանաչողության վրա։ Արցախը հիմա հստակ ու կոնկրետ եմ սիրում, սիրում եմ կիսաճանաչված, բայց վստահ ճանաչելու եմ ամեն մի ծառն ու թուփը…

Արցախցու կերպարը դարձավ ուժեղ մարդու կերպար, որովհետև երբ խոսում էի իրենց հետ պատերազմի մասին, զգում էի այդ դաժան հոտը ու իրենց ուժը, բայց պատերազմի հոտը առա, երբ մի օր ճամբարում ունեցանք բարդ, շատ բարդ օր…

Շատերը կհասկանան ինչ եմ ասում, բայց բառերը շատ քիչ են զգացողությունը փոխանցելու համար…
Կարող էի թողնել ամեն ինչ ու վերադառնալ կամ մնալ ու «Հաղթել», դե ընտրեցի երկրորդը…

Այդ օրը հասկացա կորցնելու, հոգ տանելու, փայփայելու ու ամուր հողումդ կանգնելու ուժը…

Արցախը ամուր է, ուժեղ, բայց բզկտված, ունի սիրո ու խնամքի կարիք՝ մեր բոլորի կարիքը։ Մենք պիտի ուժեղանանք ու հաղթենք: Մենք կարող ենք, չէ՞ որ մեզ սովորեցրել են, որ հաղթանակներ կերտվում են, երբ կա միասնականություն, երևի ճշմարտությունը այստեղ է թաքնված:

Մենք մեր հայրենիքի մասնիկներ ենք, այդ մասնիկներն են, որ կարող են արարել, ներել ու առաջ ընթանալ, վերջապես մենք այն մեր նախնիներն ենք, որոնք փրկվել են թուրքից ու տան ծուխը վառ պահել: Մենք այն 18 տարեկաններն ենք, որոնք կյանք տալով մեզ ապրեցրել են, մենք այն ծնողների լույսն ենք, որ մեր ուժեղանալու դեպքում կարող են փարատվել: Դժվար է հայրենիք կորցնելը, բայց ավելի դժվար է նրա ներսում ինքնությունդ կորցնելը…

Իսկ վերջում՝ իմ պատասխանը նույնն է. ես կապրեմ Արցախում, իսկ ընկերներս էլ ինձ միշտ կառչած կպահեն Արցախից, և ես էլ նրանց աչքերում միշտ կտեսնեմ ապրածս, որը որպես հույսի ջահ առաջ կմղի ինձ։

Ստալինը և մենք

(Խին-խին պաներ)

Պատմությունը չափազանց հակասական ու ոչ ստույգ երևույթ է: Եվ հաճախ մեզ է հասնում զուտ այս կամ այն պատմաբանի կամ պատմիչի սուբյեկտիվ կարծիքը՝ համապատասխանեցված տվյալ ժամանակաշրջանի գաղափարախոսությանը:

Իրականում պատմություն ստեղծողը ժողովուրդն է: Ու միայն ինքը կարող է տալ տվյալ ժամանակաշրջանի կամ պատմական կերպարի ճիշտ գնահատականը: Այսպիսով, ներկայացնում եմ ստալինյան պատմությունների շարք՝ պապիս մեկնաբանությամբ՝ որպես ամենաժողովուրդ: Պատմություններ պատմական ամենաքննարկվող կերպարներից մեկի՝ Ստալինի մասին, ում մասին « անտառի մեջ մենակ քելիր, չիր կանա վատ պան ասիր, քյըրվիր: Մեկըն կլսեր կտանին կաքսորին: Խառնիսի վախտ, որ մե քյավորըն հառճի բաժակըն հայր Ստալինի կենացըն չխմեր կպռնին կտանին: Վայ ընդուն, ում տան վերի կլխի պատից Ստալինի նկարըն կախուկ չըլներ կամ մե քիչ ճմրթուկ ըլներ. աքսոր կամ գնդակահարություն…»:

Մի խոսքով, Ստալինը և մենք` ես, պապիկը, Զարդոյ Քեղամը, բրիգադիր Սերոժը, Փնոյ Սպարտակը և մնացածը…

«Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Ստալինն է տվել»…

-…Ցուրտ, մութ տարիներն ին…Հա՛մ ցուրտ, հա՛մ սոված: Քրջոտ, խին տելեգրեյկով, պենջկով, պրծուկ չարոխներով, փետից գրիչ, թելով կապուկ ծեր, դե էն վախտ գրիչ չկար, թելով կապում ինք, որ չփռթներ ընգներ, ճրագի վրեն թանաք ինք սարքում, էթում ինք դբրոց: Մե խատ փետի փեճ ինք դրե, ցան ինք տանում, վառում: Օր մեկս դնում ինք կյրքերի արանք, տանում ինք, վառում: Տո, կյիրք ե՞րբ կար էն վախտ: Մե էրկու խատ ճղուկ-մղուկ թուղթ ին էլի…

Հենց դասատուն կմըտներ դասարան, հմեն կըսկվին: Ժանետա Էլիբեկյան, լավ էլ հիշում եմ, ռնդամալցի էր: Ասում էր. «Բա՛րև ձեզ, երեխաներ»: Կասինք. «Բաաաա՜՜՜՜րև   Ձեզ: Փա՜՜՜՜ռք ԸՆԳԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ»: Կասեր. <<Մեր առաջին տասըն երգի դաս ա>>: Ցուրտ, սոված, ծեռններս կապտեր, բայց.

…Այսքան ուրախ կյանքը մեր,

Ընկեր Ստալինն է տվել,

Ջան Ստալին, ջան Ստալին,

Ջանս քեզ ղուրբան, Ստալի՛ն…

Ես Ստալինից վատ պան ե՞րբ եմ տեսե

Я не белый, я не красный, я ничего не знаю…

Պապիկս շարունակում էր ինձ պատմել ստալինյան պատմությունների իր շարքը, երբ հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ մեր հարևան Վարդուշը:

-Վայ, բա՛րև, Վարդուշ քուրիկ: Ինչ լավ ա էկար: Արի, արի հենց ճիշտ ժամանակին ես էկել,- ասացի ես ուրախացած՝ նրան դռների մեջ տեսնելով:- Վարդու՛շ քուրիկ, կարո՞ղ ա Ստալինի մասին տատիկիցդ կամ պապիկիցդ մի բան լսած լինես, մի բան էլ դու պատմես գրեմ:

-Ստալինի՞,- շփոթվեց հանկարծ մեր հարևանուհին,-ես ի՞նչ գիտեմ: Ես բան էլ չգիտեմ: Ինտերնետով, որ կանչես, չի՞ գա:

-Վարդու՛շ ջան,- մեջ մտավ պապս,- կամպուտըրըն ըտենց պաներ չի գիդի: Ամենակարևոր պաներըն կամպուտրով չես հիմնա:

-Դե, ասենք լավ մարդ ա եղել, վատ մարդ ա եղել…-սկսեցի բացատրել ես,- տատիկդ, պապիկդ ի՞նչ էին ասում էն ժամանակ:

-Հա,- վախեցած ու խուսափողական սկսեց զրուցակիցս: Կարծես նրա մեջ արթնացավ գեներով փոխանցված ստալինյան վախը:

-Ասում էր` լավ մարդ ա: Ճիշտ չե՞մ ասում, Վարազ ձաձա:

-Էտ իմա՞լ էր լավ մարդ է,- բարկացավ մի պահ պապս,-Հա կասեն` խա: Չարի մըկա փորս սովատութնե կմրմռա:

-Դե էն վախտ չկար, կռիվ էր: Ըտենց մի ասա, էլի, Վարազ ձաձա,- սրտնեղեց Վարդուշը:

-Ի՞նչ կռիվ է…Մահանա են պռնած պատերազմը: Ընչի՞, որ ես էրկու խատ կով պախեմ իրա աշկըն կխանե՞մ: Մե խատ կովից ավել չին թողե պախին: Ես էր կպախիմ, կչարչրվիմ: Խո իրան նեղություն չի՞մ տե: Պահ, պահ, պահ…Իմալ էր կկյովին Ստալինին: Ըտու խմա էլ սաղ կասին` լավ մարդ ա: Երգին կապե վրեն: Նոր տարվան կերգին.

Հայր Ստալին,  թանկագին,

Մեր առաջնորդ, մեր անգին,

Ամեն մեկիս մի նվեր,

Ընկեր Ստալինն է տվել…

-Ես Ստալինից վատ պան ե՞րբ եմ տեսել,- վերջացրեց հաստատ տոնով մեր հարևանուհին՝ հավատարիմ մնալով ստալինյան ավանդական գաղափարախոսությանը:

 Արդարադատ ընկեր Ստալինը

-Նոր տարվա մոտերըն էր: Հլը տուն չինք էկե. խոպան ինք: Առավոտ պըտի ընգնինք ճամփա: Ես ի, Սպոն էր, Սերոժն էր, կճանչընա՞ս… Ըտենց կխմանք, որ առավոտ ընգնենք ճամփա: Մեկ էլ մե էրկու ժամից հետո տենանք Սպոն չի էրևա: Բրիգադիր Սերոժըն ասեց.  «Գյա՛, մե կյացեք ման էկեք  տեսեք էտ մարդըն ուր կընաց: Խմուկ էր…»: Կյացինք տեսանք` չոքե Ստալինի արձանի մոտ լաց ա կըլնի, կասի.  «Ընկեր Ստալին, ընձի չեն թողե էթամ մեր տուն…» : Բա, էն ժամանակ ըտենց էր: Հմեն կվախենին Ստալինից, բացի…

…Բացի Բաղրամյանից

-Էն ժամանակ հմեն կվախենին Ստալինից, բացի Բաղրամյանից: Մենակ էնի չէր վախենե, մոտըն մըտներ: Կասեն մե օր Ստալինը ժովող ա կանի, հմեն գեներալների ծրագիրներըն կհիշկա, չի խավնի: Կասի. «Կացեք, փոխեք»: Բաղրամյանը կմտնի մոտ, էլի նույն ծրագիրըն կխանի, կըտնի սեղանին: Ստալին կասի. «Ընչի՞ չես փոխե»: Կասի. «Ես իմ ծրագրի վրեն վստահ եմ: Չեմ փոխե, վերջ»: Ստալին կվերու կասի. «Մոլոդեց արմյան», կկյովա էլի: Բա, ըտուն Բաղրամյան կասեն:

Ընկեր Ստալինին պատարագ

- Հիցուն իրեք թվի մառդի վեցըն էր՝ կհիշեմ: Դեպուտատի ընտրություն էր էտ օր: Ժովող էր կանին: Ես էտ վախտ ջահել տղա իմ: Մեր բրիգադիր Զարդոյ Քեղամն էր: Լաց էր կըլներ: Ընձի ասեց. «Ընկեր Ստալինը  մեռեր ա: Մաց ըստե, ոռդկներին հիշկա, մենք էթանք գրասենյակ ժովող»: Ասի. «Յա, ի՞նչ անեմ, ջանդմին, թե չի մեռե: Ես կեթամ ճժերի խետ խաղամ. քյար շպռտենք Զանգուն»:  «Ոնց թե, էշի քուռակ, ընգեր Ստալինը մեռել ա, դու տրնգի ես խաղում: Կզարկեմ կըլնես  ԸՆԳԵՐ  ՍՏԱԼԻՆԻՆ  պատարագ»: Ըսկի զատ էլ չասի. փախա:

Ընգեր ՍՏԱԼԻՆՆ էլ մեռավ…

-Ճոչ մարդեր խառնված ին հիրար, լաց էր կըլնին. ընգեր Ստալինը մեռեր էր:Ով չի լաց ըլներ, տանին պռնին: Ասեյ` ո՞վ պըռներ…էլ Ստալին չկար: Էն խին վախըն էր վըրներըն: Լենինի նման մարդըն մեռավ, ըսկի լաց չելան վրեն: Կասին` Բերիան ա Ստալինին թույնե: Եսիմ, կասին` հինքն ա թույնե, թե կնիկն ա թույնե. չեմ գիդե: Երգ ին կապե, կասին.

Էշի կաշկեն գալիս ա,

Բերիան մեջըն լալիս ա:

Մի՛ լաց, դավաճան Բերիա,

Հիմի մահըդ գալիս ա:

Հընգեր Ստալինից հետո  վեց ամիս Մալենկոն թագավոր կայնավ: Ստալինի վախտ մե կովից հավել պան չիր կանա պախե: Հանցագործ պան էր: Մալենկոն էկավ, հարկերըն վերացրեց. յուղի մթերում վերացրեց, ծվի մթերում վերացրեց, հմեն վերացրեց: Ասեց` իրավունք կա քըսան ոչխար, էրկու կով պախել: Ժողովուրդըն կյովեր, կյովեր, կյովեր Մալենկոյ: Ստալինի երգերըն սաղ մոռացվան, կընացին: Հմի ուրիշ երգ էր կերգին.

Քըսան ոչխար, էրկու կով

Կեցցե ընկեր Մալենկոն…

 16 սեպտեմբեր, 2014

Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում

44-օրյա պատերազմի ընթացքում Շանթ Նավոյանի՝ նոթատետրում արված գրառումներն այդ օրերի իրական վավերագրությունն են, երբ կարդալիս աչքիդ առաջ հայտնվում են պատերազմի բոլոր դրվագները։ Էջերից մեկում Շանթը գրում էր․

«Սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել և որով մեզ ապահով էինք զգում։ Ամեն անգամ թաքստոց նետվելիս աղոթում էինք ողջ դուրս գալու համար, քնելիս աղոթում, որ իմ ուղղությամբ եկող արկերը շեղվեն ճանապարհից․․․»։ Ցավոք, Շանթի ուղղությամբ եկող հարվածներից մեկն այդպես էլ չշեղվեց 2020թ․ հոկտեմբերի 10-ին՝ թվացյալ հրադադարից կես ժամ անց։

Շանթ Նավոյանի մայրը որդու մասին անցյալով խոսել չի կարողանում։ Ասում է՝ Շանթի ներկայությունն անդադար ու անընդհատ են զգում։ Վստահ են, որ նրա ներկայությունը զգում է նաև իր հարազատ ու սիրելի քաղաքը՝ Երևանը, որի շենքերի տանիքներին Շանթն անընդհատ իր ազատությունն էր գտնում։ Թռչում էր տանիքից տանիք, նստում ու մենակ մնում իր մտքերի հետ։

Թեև ինքնամփոփ էր ու սիրում էր մենակ մնալ, բայց մեծ ընկերասեր էր և իր մտքի ճկունությամբ ու ազատությամբ գրավում էր շրջապատի բոլոր մարդկանց։ Դեռ 19-ը չլրացած Շանթը հասցրել էր սիրել։ Շատերը զարմանում էին, որ այդ տարիքում այդքան հասուն զգացմունքներ ուներ և վստահ որոշել էր՝ ընկերուհին միակն է իր կյանքում մինչև վերջ։

Մայրը պատմում է․ «Շանթը դեռ 14 տարեկանից անընդհատ գրում էր իր մտքերը, այն, ինչ զգում ու տեսնում էր։ Իր զոհվելուց հետո, երբ պահարաններում էլ գտանք ձեռագիր գրառումները, որոշեցինք հավաքել ամբողջն ու գիրք հրատարակել»։

7 ամսվա աշխատանքից հետո հրատարակվեց Շանթ Նավոյանի՝ «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որտեղ Շանթի մտքերն են, պատերազմի օրերի գրառումներն ու նրա մասին պատմությունները։ Մայրն ասում է՝ գիրքը շատ կարճ ժամանակում բեսթսելլեր դարձավ ու հատկապես պատերազմական գրառումները զարմացրել էին բոլոր ընթերցողներին։

Մայրն ասում է․ «Ես իսկապես զգում եմ Շանթի ներկայությունը, նրա ֆիզիկապես բացակայությունն է, որ սարսափելի ցավեցնում է։ Պետք է ուժ գտնել ու չչարանալ, բավական է մի փոքր անգամ թուլանալ, ու դա կսկսի հաղթել։ Ես փորձում եմ մնալ այն մտքով, որ Շանթը շարունակում է ծառայել։ Ես կմնամ հավերժ սպասող նրան»։

Շանթ Գուրգենի Նավոյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շահառու է։

Լսարանից պատերազմի դաշտ և հակառակը

Նրանց պատմությունները նույնն են, բայց միևնույն ժամանակ, տարբեր ու յուրահատուկ: Նրանց 44 օրը նման էր գրքի կամ ինչ-որ ֆիլմի, որի հաջորդ տեսարանին բոլորս լարված սպասում էինք, և հակառակ բոլոր ֆիլմերի, մենք ուզում էինք, որ այն րոպե առաջ ավարտվի:

Այս ֆիլմում էմոցիաները տարբեր էին, բայց մեկ նպատակի համար դրանք դարձել էին այնքա՜ն նույնը…  Իսկ որտեղի՞ց նրանց այսքան ուժ, կամք ու նպատակ ավելին անելու հայրենիքի համար: Հերո՞ս, իսկ միգուցե այս բառը դեռ քի՞չ է նրանց համար:

Գոռը… Հայաստանի ամերիկյան համալսարանի լսարաններից մինչև պատերազմի դաշտ ու հակառակը:

Գոռին բնութագրելիս առաջին բառը պիտի լինի բարությունը, իսկ հետո հայրենիքի համար կյանքը չխնայելու պատրաստակամությունը: Ծառայության անցնելը նրա համար ոչ թե լոկ հայրենքի պարտքն էր, այլ պատասխանատվություն ու սեր առ հայրենիք, որը գործով պիտի ապացուցվեր: «Ամեն ինչի մեջ պետք է դրականն ու լավը տեսնել»,- ասում է Գոռը և աչքերի մեջ թախիծով, բայց ժպիտով ու հպարտութամբ պատմում իր երկու տարիների, և հատկապես պատերազմի մասին:

-Ծառայել եմ Լուսակերտում, հրետանային գնդում, որպես կրտսեր սերժանտ, ապա տեղափոխվել Արցախ, Ստեփանակերտի Ցոր զորամաս: Միշտ մարտական ու պատրաստ ենք եղել ամեն ինչի, անգամ ամենաանհնարինին: Ամեն ինչ լավ էր, բայց

Բայցից հետո, միշտ շունչդ պահած ես լսում, քանի որ այդ պահին շատերի ժպիտն ուղղակի սառել է, շատերը չեն հասցրել անգամ վերջին ջրի կաթիլը խմել… Իսկ շատերն էլ սառել են մի պահ, բայց հավաքել իրենց և սկսել պայքարը հանուն հայրենիքի:

-Բայց սեպտեմբերի 26-ին հրաման ստացանք պատրաստ լինելու, քանի որ ամեն վայրկյան կարող է պատերազմ սկսվել: Անգամ մեկ վայրկյան չենք մտածել հետ նայելու, փախնելու կամ վախենալու մասին: Մեր մտքով նման բան չէր կարող անցնել: Ու հաջորդ օրը  մեր առօրյան նույն կերպ սկսվեց, ու րոպեներ հետո ամեն ինչ փոխվեց, որովհետև այն, ինչ ստեղծվում է տարիների ընթացքում, վայրկյանի մեջ հողին էր հավասարեցվում: Յոթն անց էր, տագնապ, տագնապ ու էլի տագնապ: Կենտրոնացման շրջանում մնացինք 3 օր, ապա Արցախի ամեամեծ գյուղ՝ Հաթերք: Լեռներում ու ձորերում ապրելն ավելի էր մոտեցնում մեզ մեր հայրենիքին: Ապրում էինք այնտեղ ու նրանով:

Ախր, հայրենիքին տերեր պետք չեն, հայրենիքին տեր կանգնել է պետք, իսկ Գոռն այդ պարտականության կրողներից մեկն է: Նա լեռներում ու ձորերում ավելի մոտ էր իր այդքան սիրելի հայրենքին, որտեղ իրականության հետ առնչվելն այդքան էլ հեշտ գործ չէ:

-Երբ որ նայում էինք երկնքին, անդադար լույսեր էին, ու մեկ-մեկ ուզում էիր փակել աչքերդ ու հաջորդ րոպեին, երբ բացես, գոնե մի վայրկյան դու էլ լինես հարձակվողը, բայց չկար մարտական գործողություն, մենք ուղղակի պաշտպանվում էինք: Մեզ պահում էին մեր արած կատակները, հույսն ու հավատը: Շարունակվում էր անվերջ թվացող պատերազմը: Հոկտեմբերի սկզբին տարան Շուշի, զանգեցի եղբորս ու տեղյակ պահեցի, դե կարող ա հետ չգայի, բայց գիտեի, թե ինչի եմ զոհվելու ու պատրաստ էի….

Մենք շատ հաճախ ենք ծրագրեր մշակում մեր կյանքի համար, չիմանալով, թե որ պահին և ինչպես կփոխվի ուղեցույցը: Գոռն ապագա ծրագրավորող է, բայց կմտածե՞ր արդյոք, որ հազարավոր զրոների ու մեկերի խաչմերուկում խաղաղություն է ծրագրելու:

-Շատ ընկերներ կորցրեցի, մոտ ընկերներ….

Ժպտերես տղայի դեմքից միանգամից կորչում է ժպիտը, չէ՞ որ կան թեմաներ, որոնց մասին խոսելիս մենք ինքներս մեր էմոցիանեերը դժվար ենք կառավարում:

-Ականանետը շարքից դուրս էր եկել, ու պետք ա ռացիայի մարտկոց տանեի կես կիլոմետր հեռու: Նման կրիտիկական պահերը մեզնից անպակաս չեն եղել: Էդ ընթացքում ռուս լրագրող մոտեցավ, հաճելի էր, որ կարողանում էի երկրիս պաշտպանի գործին կցված նաև ներկայանալ ճիշտ ու չվախենալ ոչ մի տեսակ արգելքից: Կես կատակ կես լուրջբայց մի փոքր էլ խանգարում էր, որովհետև այդ պահին ականներ էի պատրաստում:

Պատերազմի դաշտից կամ հիշողություններ են գալիս, կամ տղաներ, ովքեր երբեմն թաքցնում են իրենց հույզերը, բայցևայնպես ամուր պահում այն հիշողությունները, որոնք փոխել են իրենց կյանքը:

-Հին փամփուշտներ էինք գտնում Շուշիից ու ոգեշնչվում, հետո հուզվում էինք շատ: Պահ եկավ, երբ հարկ կար գիշերելու գերեզմանոցում: Չէ, դա էնպես չի, որ շատ դժվար կամ ամենադաժան պահերից ա եղել: Շատերս փրկվում էինք, միևնույն ժամանակ մտածելով, որ հերթը մերն ա: Հիշում եմ Հաթերքի հողից պատրաստված տունըԵռաբլուր գնում եմ շատ….

Գոռի երկար դադարն ասում էր ամեն ինչ, չէ՞ որ այն հայրենիքի լռության տունն է, որտեղ միայն դրոշների շշուկներն են, իսկ ծնողները…

-Երազում եմ, որ մի օր երեխաներիս ձեռքը բռնած կգնամ Արցախ ու կպատմեմ, կասեմ, որ ձեր պապան էս հողի համար կռիվ ա տվել, բայց վախենում եմ այն մտքից, որ միայն նրանց կպատմեմ, ու այդպես էլ չեմ կարող կանգնել այն հողին, որը Սրբություն է, որի համար կյանք ու արյուն չի խնայվելԵս անգամ հիմա պատրաստ եմ պայքարել իմ հայրենիքի համար:

Պատերազմը մեզնից կամ տանում, կամ ավելի է ամրացնում այն, ինչ մենք ունեք: Ես էլ, մյուսն էլ, մեկ ուրիշը հեռվում, Գոռը, շատերս, խոստում ունենք, որ ուր էլ որ լինենք, հայրենիքին մենակ չենք թողնելու, ինչ էլ որ լինի: Կրթությամբ ու աշխարհի գիտելիքները մեր տուն բերելով այն դարձնելու ենք այն, ինչի մասին մեր շատ զոհված ընկերները երազում էին:

Պատերազմը փոխել է Գոռին, դարձրել ավելի հոգատար ու բարի, որովհետև հայրենիքը նման կորովով երիտասարդների կարիքը շատ ունի: Այսօր Գոռը շարունակում է իր կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի համակարգչային գիտություն բաժնում: Հայրենիքի համար լավագույն մարդ լինելու համար նա ունի բոլոր տվյալները, նա արել է ամենաանհնարինը՝ չմտածելով անգամ իր սեփական կյանքի մասին, իսկ այժմ նույն պատրաստակամությամբ էլ հասնելու է այն լավագույն մասնագետի բնութագրին, որի կարիքն այսօր մենք՝ հայերս, շատ ունենք…

Այս ֆիլմում էմոցիաները տարբեր էին, բայց մեկ նպատակի համար…

 

ՎԱՐԴԻԳՅՈՒԼԸ

Երբ տատիկիս տանը նկարներն էի նայում, մի կնոջ նկար տեսա, ով հայկական տարազով էր` ճակատին կոպեկներ, մեջքին` քամար: Հարցրեցի տատիկիս, ասաց, որ իր տատն է` բուն ղարաքիլիսեցի Վարդիգյուլը, որին հիմա էլ բոլորը հիշում են ու պատմում նրա մասին հյուսված անեկդոտները:

Սուրբ Հովհաննես եկեղեցու լեռան լանջերին էր փռված հին Ղարաքիլիսան` իր ծուռտիկ-մուռտիկ փողոցներով և նեղ անկյուններով, որտեղի բնակիչներին նամակներ էին ուղարկում հետևյալ հասցեներով. «Ուգլ Կասպունսկի` Ղազի բներ, փթիր Աղավնիկին կամ Օյին Վարդիգյուլին»: Եվ փոստատարը մեծ պատրաստակամությամբ հանձնում էր այդ նամակները նրանց: Հաջորդ օրը ծերանոցի կանանց խումբը հետաքրքրվում էր, թե ինչ է եկել նամակներում, թեև փոստատարը չէր մոռացել օր առաջ նամակի բովանդակությունը ներկայացնել թաղի կանանց: Ղարաքիլիսայի բոլոր դեմքերը հավաքվում էին ծերանոցում, իսկ ծերանոցը հին բաղնիքի շենքն էր: Վարդիգյուլը ծերանոցի կարկառուն դեմքերից էր: Այստեղ էր գալիս գդոզ Ռուբենը, որ շատ գրական էր խոսում, Աղագուլը, շատ գրքեր կարդացած Թամաշ բիբին, որ խոսում էր Նապոլեոնից, Պյոտր Առաջինից, Լենինից, և այնքան էր պատմել նրանց մասին, որ Վադիգյուլ տատը քնած ժամանակ արտասանում էր նրանց անունները, իսկ երբ տատիկս հարցնում էր իր տատիկից, թե.

-Նանա, էտ ի՞նչ մարդկանց անուններ էիր տալիս:

-Աղջի, ի՞նչ եմ նալ: Թամաշը մէ շաբաթ ի` էտ գիրքն ի պատմել:

Ամենակոմիկականը տատի ամուսնությունն է. ամուսնացել է 12 տարեկանում: Բակում ցեխի հետ խաղալիս հարևան Գուգուշը եկել է նշանելու` մի սանր ու մի լվացքի տաշտ ձեռքին: Վարդիգյուլը հարցնում է.

-Հլը սանդրը պերի ես` պերիր, բա էտ տաշտը ինչի՞ խմա էս պերի:

-Վարդիգյուլ,- պատասխանել է փեսան,- իրիկունը ջուր կտաքցուցես, էդ ցեխոտ ոտքերդ կվլանաս:

Բա:

Իսկ 45 տարեկանում մի հինգ գիշերանոց է պահել և պատվիրել.

-Ախչի, Վայրը,- ասել է հարսին, որ մեռնեմ, էս խինգն էլ կխաքցուցես, ընդի ցուրտ է լինելու, հանկարծ չմրսեմ, գինա՞լ ես, խողը պաղ ի, կպաղեմ: Իսկ ինքը մահացել է 98 տարեկանում: 90-ից հետո մի հինգ անգամ տնեցիք ծախսերի ցուցակ են գրել, պատրաստվել, իսկ ինքը անկողնու միջից գլուխը բարձրացրել է ու ասել.

-Էդ ի՞նչ եք անել: Քելեխիս ցուցակ կգրե՞ք,ես չեմ մեռնելու, մեռնեմ, որ Փառոյի Եղիշը կա` խացս ուտի՞:

Եղիշն էլ Ղարաքիլիսայի մահախոսական կարդացողն էր:

Վարդիգյուլը մահացել էր ու ոչ-ոքի չէր ասել իր բոխու թփերի տեղերը:

Հարսը հարցրել է.

-Մամի, բա բոխու թփերի տեղը ինձ չե՞ս ասելու:

-Աղջի, բա որ չմեռնե՞մ:

Պատասխանել է մամը և հավիտյան փակել աչքերը:

 

28 դեկտեմբեր 2015

Գուցե կարիք կա…

Կյանքում դեռ բաներ կան, որ կարելի է սիրել։ Այո’, բնությունը, ծառը, ծաղիկը, կենդանիները, բնության երևույթները, լեռը, քարը, ամեն ինչ…

Ամեն ինչի մեջ սեր կա դեռ, ես նոր եմ հասկացել, կամ գուցե կարիք կար մի քիչ մեծանալու, որպեսզի զգայի ամեն ինչի մեջ թեկուզ չնչին երջանկությունը։ Գուցե կարիք կար մեծանալու, որպեսզի զգայի, թե որքան գեղեցիկ է ամեն բան ստեղծել Աստված։

Այո’, ժամանակի հետ սովորում ես կարևորել ամեն բան քո կյանքում, նույնիսկ այն, ինչ քոնը չէ, այն, ինչին առաջ կարևորություն չէիր տալիս, այն, ինչ մի ժամանակ քեզ մի տեսակ անգույն ու անիմաստ էր թվում։

Կյանքումս ունեցած ամենագեղեցիկ առավոտները հենց այստեղ` իմ հին ու նոր, բայց միշտ ուրիշ, միշտ գեղեցիկ ու տարբերվող գյուղում են բացվել։ Ամեն առավոտ թռչունների երգի ներքո, ամեն առավոտ մաքուր օդ շնչելով, թարմ միրգ ուտելով։ Երևի դա է ինձ համար ամենագեղեցիկ ու երջանիկ առավոտը։ Արթնանում ես, անփութորեն արագ հավաքում մազերդ ու շտապում այգի` թարմ մրգերի ետևից։ Երևի կյանքում գեղեցիկ երևույթներից մեկն էլ հենց դա է, ու երբ չգիտես, թե երբ ես վերջին անգամ լինելու այստեղ` քո փոքրիկ գյուղի ծայրում գտնվող մեծ տանը։ Ու երևի դա էլ է առեղծվածային, հետաքրքիր ու տարբերվող, երբ չգիտես, թե քանի տարի, քանի ամիս, քանի օր ու ժամ է մնացել քեզ վայելելու այս ամենը։

Գուցե կարիք կա այդ ամենը մի քիչ շուտ նկատել, մի քիչ շուտ կարևորել երբեմն չերևացող այդ փոքրիկ երջանկությունները, որ հաճախ այնպե՜ս են լցնում կյանքդ։ Երևի կարիք կա հաճախակի դուրս գալ փողոց ու նայել քո տան պատերին, դուրս գալ այգի ու միրգ հավաքել, դուրս գալ պարզապես քայլելու քո գյուղի փողոցներով, դուրս գալ նայել սարերին, տներին, կենդանիներին, մարդկանց…

Գուցե կարիք կա գնահատել ամեն ինչ ավելի, քան առաջ էր, որ գոնե կյանքը մի քիչ շունչ առնի…

Գուցե կարիք կա…

Արեգի սիրտը փնտրեք լեռներում

«Քո հանդեպ սերը սկսվում է հայրենիքի հանդեպ սիրուց, ու եթե ես չպահեմ ամեն միլիմետրը, որ մերն է, էդ սերը գնալով կպակասի թե՛ քո հանդեպ, թե՛ հայրենիքի», – այսպես էր 44-օրյա պատերազմի հերոս Արեգ Ադուրյանը պատասխանել սիրած աղջկա խնդրանքին` փորձել ծառայության չգնալ։

Արեգը, ում ընկերները հաճախ Արեգակ էին կոչում լուսավորության ու պայծառության համար, չափից շատ սիրում էր Հայաստանի լեռները, ու նրանց երկարաժամկետ հրաժեշտ տալ կարող էր միայն ծառայության գնալու և հայրենիքն ու լեռները պաշտպանելու համար։ Հայրն ասում է՝ լեռներն իր կյանքն էին։ Երբ ծառայում էր Իջևանում, լեռնագնացների իրենց խումբը այդ տարածքում լեռ էր բարձրանալու։ Արեգը հատուկ այդ օրվա համար արձակման թերթիկ էր խնդրել ու միացել թիմին։ Հատիսն էր սիրելի լեռը։

«Արեգի ներսում փիլիսոփա էր ապրում. դա նաև զգացվում էր ֆեյսբուքյան էջի գրառումներից։ 2020թ․-ին՝ անկախության օրը շնորհավորելիս, գրել էր` խնդրում եմ չդադարել ստեղծել ու ստեղծագործել, ժամանակ չկորցնել մեր պետությունն ավելի լավը դարձնելու գործում, քանի որ անկախության ամեն մի օրն անգին է», – պատմում է հայրը՝ Արտակը։

Արեգն ամենուր էր․ բժշկությունից մինչև գրաֆիկ դիզայն, ԹՈՒՄՈ ու լեռներ։ Իսկ Երևանը, իր ամեն անկյունով ու շենքով, Արեգի հավերժական սերն էր։ Երբ կարճաժամկետ մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հորն այցելելու, անընդհատ գրում էր ընկերներին․ «Երևանս ո՞նց ա, կարոտել եմ»։

Շարունակելով հոր գործը՝ Արեգն ընտրել էր բժշկության ուղին։ Սովորել էր Մխիթար Հերացու անվան քոլեջի ատամնատեխնիկական բաժնում, ընդունվել Հայբուսակ համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը։ Ծառայության ընթացքում էլ բուժակ էր։

Հայրը պատմում է․ «Շատ ընկերասեր էր ու առանց չափազանցնելու՝ իր ընկերների համար անգամ կյանքը կտար։ Եվ այդպես էլ եղավ։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան 10։15 իր դասակի վիրավոր հրամանատարին բերում, հասցնում է մեքենային ու կարող էր հրամանատարի հետ դուրս գալ դիրքից, բայց նրան թողնում, ինքը վերադառնում է մարտի դաշտ։ 10։45 արդեն անմահացել էր»։

Հայրն ասում է, որ մինչ դեպքը տեղի ունենալը, կապվել էր բոլոր սիրելիների հետ ու խոսել, կարծես զգում էր՝ ինչ է լինելու։ Արեգի զոհվելուց հետո նրան փնտրել են 51 օր, ընտանիքն անգամ չգիտեր՝ զոհվել է, թե գուցե գերի է։ Երկար փնտրտուքների արդյունքում կարողացել են գտնել զինծառայողների, ովքեր գիտեին դեպքը տեղի ունենալու վայրը և ուղեկցել են ընտանիքին։

Արեգը միշտ լեռներում է ու ամեն անգամ լեռներ գնալիս կհանդիպեք իրեն։

Արեգ Ադուրյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։