ella mnacakanyan yerevan

Երանի՜ ինձ

Այս տարվա սեպտեմբերի 1-ն իսկապես ուրիշ էր իմ կյանքում: Չէ՛, չէ՛, մի՛ շտապիր փակել նյութիս պատուհանը, չեմ պատրաստվում ծեծված ու սրտակեղեք խոսքեր գրել այն մասին, որ ավարտել եմ դպրոցը, որ ցավո՜ք էլ երբեք աշակերտ չեմ լինի: Չեմ ստելու, թե կարծես երեկ լիներ, որ մայրիկիս ձեռքը բռնած՝ առաջին անգամ եկա դպրոց: Ի՜նչ երեկ, կարծես մի հավերժություն է անցել այդ օրվանից, ու որ ճիշտն ասեմ՝ առհասարակ չեմ հիշում՝ կոնկրետ ում ձեռքն էի բռնել տանեցիներից: Մի խոսքով, դա կարևոր էլ չէ: Կարևորն այն է, որ այդ փաստաթղթերում՝ 12, իսկ իրականում՝ 11 տարիներն արդեն անցյալում են, և ես ուսանող եմ: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ն արտասովոր էր այնքանով, որ այս անգամ, հակառակ օրինաչափությանը, ոչ թե ես էի ուշանում սեպտեմբերի 1-ից, այլ այն՝ իմ կյանքից: Չէ՛, այնպես չէ, որ ես այլ ժամային գոտում եմ գտնվում, կամ ինձ որևէ կերպ հաջողվել է կանգնեցնել ժամանակը, պարզապես այս տարի իմ համալսարանը որոշել էր մի քանի օրով երկարեցնել ամառը՝ այդպիսով, համոզված եմ, դառնալով ամենասիրելին իր առաջին կուրսեցիների շրջանում: Ու մինչ Գիտելիքի օրվա նախօրեին բոլոր ընկերներս զբաղված էին, պատրաստվում էին գալիք օրվան, մի կերպ փորձում պայմանավորվել վարսահարդարների հետ, որոնց ժամերն այդ օրվա համար, ի դեպ, դեռ 1-2 շաբաթ առաջվանից էին ֆիքսված, ընտրում էին իրենց հագուստները, ես սպանում էի երեկոն համակարգչի էկրանի դիմաց՝ ինչպես և նախորդող երեք ամիսներին: Դե՜, հետո սկսվեց ֆեյսբուքյան սրտաճմլիկ ու կիսահումորային ստատուսաշարը՝ ամառվա վերջին օրվա ու աշնան սկզբի մասին, իսկ ես այդ ամենին այնքա՜ն անհաղորդ էի: Հաջորդ առավոտյան էլ նամակների ու զանգերի տեղատարափն էր՝ սեպտեմբերմեկյան շնորհավորանքների տեսքով, որոնց ես շարունակ պատասխանում էի.
-Շնորհակալ եմ, բայց իմ սեպտեմբերի 1-ն այս տարի ամսի 4-ից է:
Հետո ստիպված էի լինում բացատրել, թե ինչու կամ ինչ պատճառով, վստահեցնել, որ հաստատ դաս չկար, դրա համար չեմ գնացել ու լսել այդքան հաճելի «երանի՜ քեզ»-ը: Իրոք որ, երանի ինձ, որ այս տարի ամառս երկարեց ևս 3 օրով, բայց հուսանք, որ գարունն էլ սպասվածից 3 օր շուտ կգա իմ կյանք:

arxiv

Եթե ես լինեի կրթության նախարարը (մաս 2)

Եթե ես լինեի կրթության նախարար, ապա անպայման կթեթևացնեի և կբարելավեի բոլոր կրթվողների վիճակը, որպեսզի նրանք ինձ սիրեին:

Ես կփոխեի այն կարգը, որ երեխաները պետք է տանը աշխատանք անեն, որպեսզի նրանք չզզվեին դպրոցից: Կհանեի շաբաթօրյա ուսուցումը: Կանեի այնպես, որ բոլորը գնան էքսկուրսիա: Հետո դպրոցում յուրաքանչյուր ոք կսովորեր այն առարկան, որը կամենար: Բայց իհարկե կլինեին պարտադիր առարկաներ:

Մուշեղ Բաղդասարյան

***

Նախ ասեմ, որ ես չէի լինի կրթության նախարար: Բայց եթե լինեի, չգիտեմ էլ, թե ինչ կանեի: Սակայն, երևի մի բան կանեի: Ժամանակ առ ժամանակ ուսուցիչներին վերապատրաստման կուղարկեի: Ասում են, որ սովետական կրթական համակարգը ամենալավն էր, սակայն քանդվում է: Պետք է ինչ-որ բան անել:

Դավիթ Բաբայան

***

Ես առաջին հերթին կփոխեի դասընթացի ձևը: Չէ՞ որ արդեն քսանմեկերորդ դարն է, իսկ մենք դեռ ուսում ենք ստանում պարզագույն միջոցներով: Կարելի է սովորել համակարգիչներով, իսկ գրատախտակի փոխարեն՝ լայնէկրան հեռուստացույցներ: Գրքերն, իհարկե, կշարունակեն գործել, որովհետև բոլոր հարցերը համակարգչով լուծելն անհնար է: Կհարստացնեի դպրոցական գրադարանը և որոշ առարկաների ծրագիրը կփոխեի: Օրինակ՝ գրականության առարկան: Երեխաները միայն հայ գրականություն չէին սովորի, այլ նաև կուսումնասիրվի արտասահմանյանը:

Համակարգիչներ և հեռուստացույցներ տեղադրելով ես չեմ կարծում, որ կլուծվեն կրթության բոլոր խնդիրները: Տետրերն ու գրատախտակը նրանց համարյա ոչնչով չեն զիջում, ուղղակի այս ձևափոխության դեպքում երեխաներն ավելի մեծ հաճույքով կգնան դպրոց:

Գոռ Բաղդասարյան

***

Ես անհետաքրքիր ու հին գրքերի փոխարեն կտպագրեի ավելի նոր և հետաքրքիր դասագրքեր: Բոլոր դպրոցներում կանցկանցնեի ավելի շատ մրցույթներ և հաղթողներին ոչ միայն մրցանակ կտայի, այլ կներկայացնեի հեռուստատեսությամբ, որպեսզի մյուսները նույնպես ուզենան հայտնվել այդ աշակերտի փոխարեն: Եթե ես լինեի կրթության նախարար, երևի շատ երեխաներ կուզենային սովորել և կսովորեին:

Դավիթ Մարտիրոսյան

***

Զըը՜նգ: Հեռախոսն է:

-Լսում եմ: Մաթեմատիկայի ուսուցի՞չը: Տալ խիստ նկատողություն՝ վերջին նախազգուշացումով:

Նորից զանգ:

-Այո: Տնային աշխատանքը շա՞տ է: Մատյանում նշեք, այդ ուսուցիչը տարվա վերջում վերաքննություն կտա:

Ահա այսպես է անցնում իմ օրը: Չէ՞ որ ես նախարար եմ, այն էլ կրթության նախարար: Այժմ դպրոցականների կյանքը այն չէ, ինչ որ դարի սկզբում: Բոլոր երեխաները հաճույքով են հաճախում դպրոց, դասերից հետո տուն գնալ չեն ուզում:

Իմ սերնդի մարդիկ երևի կհիշեն, թե տխուր տարիներին (այդպես են կոչվում 1995-2015թթ.) ինչ անսահմանափակ իշխանությամբ էին օժտված ուսուցիչները դպրոցում: Նրանք իրավունք ունեին դասարանից դուրս հանել աշակերտին, գոռալ, նույնիսկ՝ խփել: Եթե աշակերտը ցանկանում էր բարձր գնահատական ստանալ, անպայման պետք է հաճախեր ուսուցչի մոտ՝ մասնավոր պարապմունքների: Այդ պատճառով էլ աշակերտները փախչում էին դասերից, ասեղ էին դնում, կավիճ էին քսում ուսուցչի աթոռին, դասերը չէին սովորում, պատասխանում էին ուսուցիչներին, դասի ժամանակ հաչում էին, մլավում, ծուղրուղու կանչում և այլն:

Այժմ ամեն ինչ փոխվել է: Չմտածեք, թե պարծենում եմ, սակայն աշխարհի վերակառուցումից (2015-2025թթ. ) մինչև մեր ժամանակները կրթական համակարգի բարեփոխումների մեծամասնությունը կատարվել է իմ նախարարության օրոք: Լրիվ վերափոխվել է գնահատման համակարգը: Վերացվել են մասնավոր, վճարովի պարապմունքները: Դպրոցում հարգում են երեխաների իրավունքները: Երեխաները սովորում են ոչ թե ծնողների ցանկությամբ, այլ՝ գիտելիքներ ստանալու համար: Հայաստանի Հանրապետության դպրոցները ամեն տարի մատակարարում են աշխարհին հազարավոր բարձրակարգ մասնագետներ:

Սիրելի դպրոցականներ, ընտրեցեք ինձ և դուք երբեք չեք ափսոսի: Խոստանում եմ նոր բարեփոխումներ կրթության ոլորտում: Շնորհակալություն:

Լուսինե Հակոբյան

***

Լավ կլիներ, որ արձակուրդները երկարացնեն: Այ, եթե ես լինեի կրթության նախարարը, ես առաջին հերթին դրանով կզբաղվեի: Հետո նոր դասագրքեր կստեղծեի՝ մի քիչ ավելի լավը (թող ներեն ինձ դասագրքերի հեղինակները): Դասամիջոցները կերկարացնեի, բուֆետները կարգի կբերեի: Եվ վերջապես, մաթեմատիկան կհանեի: Լավ կլինի, չէ՞:

Էլեոնորա Հարությունյան

***

-Նան, լավ կլիներ, չէ՞, որ դպրոցում թույլ տային հագնել այն, ինչ ուզում ենք, որովհետև դա ոչ թե կշեղեր մեզ դասերից, ինչպես ասում են ուսուցիչները, այլ՝ հակառակը: Մենք ավելի շատ ժամանակ ենք կորցնում տոնավաճառում դպրոցին համապատասխան վերնաշապիկ փնտրելով, քան, եթե հագնեինք այն, ինչ մեզ դուր է գալիս: Կարծում եմ, այդ դեպքում բոլորը շուտով կհոգնեին թիթիզ շորերից ու կսկսեին հագնել և իրենց հավանած, և դպրոցին համապատասխան հագուստ:

-Գիտես Անուշ ջան, ես էլ շատ բան կուզեի, բայց այդ ամենը մենք չենք որոշում և ոչինչ էլ մեր ուզածով չի լինի…

Անուշ Մուրադյան

***

Եթե ես լինեի նախարար, նախ առաջին հերթին կընդունեի աշխատանքի այն բոլոր ուսուցիչներին, որոնց ազատել են դպրոցից: Հետո կիջեցնեի համալսարանների վարձը, որովհետև մարդիկ չեն կարողանում վճարել: Իմ առաջին աշխատավարձը կտայի այն մանկապարտեզին և դպրոցին, որտեղ հաճախել եմ:

Աստղիկ Եղիազարյան

***

Եթե ես լինեի կրթության նախարար, չէի օպտիմալացնի դպրոցները: Ավելին՝ ուսուցիչներ կավելացնեի և նոր դպրոցներ կբացեի: Նաև դպրոցներին կհատկացնեի նստարաններ, որպեսզի երեխաները երկու նստարանի վրա երեքով չնստեին:

Նարինե Դանեղյան

***

Երեխաներն ուզում են, որ ամեն ինչ իրենց ուզածով լինի. իրենց չուզած դասերին չնստեն, երբ հավես չունեն՝ դպրոց չգնան: Հենց այդպես էլ կանեմ:

Մարիամ Մանուկյան

***

Ինձ մի հատ փափուկ բազկաթոռ կգնեի և մի սեղան ու կսկսեի մտածել:

Հովնան Բաղդասարյան

«Մանանայի» արխիվից. 2004թ.

Qnarik Khudoyan aragatsotn

Միակ խանգարող հանգամանքը

Ողջույն: Ես Քնարիկն եմ: Ազգությամբ եզդի եմ, 14 տարեկան, ծնվել եմ Արագածոտնի մարզի գեղատեսիլ Բազմաղբյուրում: Անունը յուրահատուկ է, չէ՞, բնակիչներն էլ են առանձնահատուկ: Ես դա փաստում եմ՝ որպես այլ ազգի ներկայացուցիչ: Երբևէ չեմ նկատել իմ և ընտանիքիս հանդեպ որևէ թշնամանք կամ խտրականություն: Գյուղում մեզ վերաբերվում են ինչպես իրենց ազգակիցներին: Այստեղ չկան այլ ազգային փոքրամասնություններ, բայց եթե լինեին էլ, բազմաղբյուրցիները նրանց այնպես կվերաբերվեին, ինչպես մեզ:

Կարելի է ասել, որ դպրոցում էլ ամեն ինչ լավ է: Միայն մի բան կա, որն ինձ շատ է տխրեցնում. իմ դասարանի կազմը: Ես դասարանի միակ աղջիկն եմ: Դա միայն ու միայն բացասական կողմեր ունի: Երբ ուզում ես որևէ մեկի հետ խոսել, կիսվել քո զգացողություններով, փոխանակել մտքեր, ոչ ոք չկա: Ինչ արած, փորձում եմ համակերպվել, բայց բոլորն այնպես են անում, որ ես մոռանամ դրա մասին:

Շատ բաներ մոռանում եմ, երբ տանն եմ: Տանը հիմնականում զբաղվում եմ բույսերի խնամքով: Ունեմ շատ նախասիրություններ, օրինակ՝ ամսագրեր ընթերցելը, խաչբառներ լրացնելը, երաժշտություն լսելը: Առանձնապես շատ եմ սիրում ճանապարհորդել, գնումներ կատարել և պարել:

Իմ ընտանիքը մեծ է: Ապրում ենք հաշտ ու համերաշխ, կա հարգանք մեծերի նկատմամբ: Նրանք առավոտից երեկո աշխատում են, որպեսզի տան փոքրերը երբևէ ոչնչի կարիք չունենան:

Իսկ փոքրերը. փոքրերից պահանջվում է միայն դաս սովորել:

Իմ ընտանիքում բոլորն էլ գիտեն, թե ինչպիսին եմ ես: Ծանոթ են իմ նախասիրություններին, բնավորության գծերին: Ես շատ ընկերասեր եմ, սիրում եմ սովորելը: Իսկ բացասական հատկանիշներիցս մեկն այն է, որ արագ եմ ձանձրանում:

Անտեսելով հեռավորությունն ու կարծրատիպերը

Վերջին շրջանում, եթե ինչ-որ տեղ իմ անունը հանդիպած լինեք, պիտի նրա կողքին մեկ այլ անուն էլ նկատեիք՝ Մկրտչյան Անուշինը, որը շատ է սիրում իր գյուղը, ֆուտբոլ ու ապագա դիվանագետ է: Ամռան սկզբին՝ «ՖեմՔեմփին» մասնակցելիս (դրա մասին արդեն պատմել ենք), մեզ հանձնարարվեց մի ծրագիր կազմել, որը կկարողանանք իրականացնել փոքր դրամաշնորհի շրջանակներում: Սկզբում, քանի որ մասնակից մյուս խմբերը կազմված էին տարիքով ավելի մեծ ու ավելի փորձառու մարդկանցից, կարծում էինք, որ մեր ծրագիրը հեռանկարային չէ, բայց, միևնույնն է, գրում էինք: Ծրագրի վերջնաժամկետը հուլիսի վերջին էր, ու այն ներկայացնելուց հետո այնքան գործեր կուտակվեցին երկուսիս համար էլ, որ նույնիսկ իմանալով դրամաշնորհը հաղթելու մասին՝ այնքան էլ խանդավառված չէինք, բայց ինչ-որ լավ բան անելու ձգտումը միշտ ոգևորում էր:

Մեր ծրագիրը, որը կրում էր «Կինը, սպորտը և գենդերը» անվանումը, իր մեջ ներառում էր 4 դասընթաց քսան մեզ հասակակից աղջիկների համար Դսեղում և Շենիկում: Իսկ ամենահետաքրքիրը վերջում էր՝ մենք կտրեցինք մի ամբողջ չորս ժամվա ճանապարհ, որ հասնենք Շենիկ, խաղանք նրանց աղջիկների ֆուտբոլի թիմի հետ ու պարտվենք 3:0 հաշվով, վերջում էլ, ի նշան բարեկամության, օդապարիկներ թռցնենք, մենք՝ մեզ մոտ, շենիկցիներն էլ՝ իրենց: Ի սկզբանե ծրագրի նպատակն էր մեր համայնքի աղջիկներին օգնել ինքնավստահ ու նպատակասլաց դառնալ, գնալ իրենց երազանքների հետևից, այն մեծամասամբ կրում էր սպորտային բնույթ և փորձում էր ապացուցել, որ սպորտը հարթակ է երկու սեռերի համար հավասարապես: Մենք չէինք ակնկալում, որ ծրագրի վերջում ողջ Հայաստանում բոլոր ֆուտբոլասեր աղջիկները սկսելու են զբաղվել ֆուտբոլով, ու բոլոր պահպանողական ընտանիքներն էլ թույլ են տալու դա, բայց ինչպես Անուշն է նշել մի հարցազրույցում. «Ծրագրի վերջում բոլորն էլ ոգևորված էին, հատկապես՝ տղաները:
Վերջում մեզ չէին ասում, որ ֆուտբոլը աղջկա խաղ չէ, այլ հարցնում էին, թե մյուս խաղը երբ է լինելու»:

anahit badalyan (kapan)

Այսօր աշո՜ւն է

Անձրև է գալիս: Հա՜, մի զարմացեք, էստեղ՝ Կապանում, հորդ անձրև է գալիս: Արդեն ժամ-ժամուկես կլինի՝ պատուհանի կողքին նստած դաս եմ անում ու զգում եմ անձրևի անկրկնելի բույրը: Զգում եմ ամեն կաթիլի ճանապարհը, շարժման արագությունն ու ուժգնությունը, զգում եմ ամեն ինչ՝ մթությունը, անձրևն ու աշունը: Անձրևն ուժեղանում է, ավելի արագ է սկսում տեղալ, օդը ավելի սառն է դառնում ու այնքա՜ն հաճելի, այնքա՜ն սիրելի: Մի ամբողջ ամառ երազել եմ այս տեսարանի մասին. պատուհանից նայեմ ու տեսնեմ, որ կաթիլները մեկը մյուսից առաջ ընկած, իրար հրելով՝ ցած են իջնում:

Այս հոտն իմ հոգին լցնում է սիրով: Այն ինձ պատմում է, որ շուտով ամեն ինչ նորից է սկսվելու՝ նոր ու մաքուր էջից: Շուտով բոլորը փոխվելու են, կաթիլները քշելու են ու տանեն ամենավատն ու ամենապղտորը՝ թողնելով միայն պարզն ու անպիղծը: Ես ավելի մեծ ոգևորությամբ եմ սկսում լուծել մաթեմատիկայի խնդիրը, ու այն այլևս դադարում է խնդիր լինելուց, այն դառնում է գեղեցիկ ու նուրբ մի պատմություն այն մասին, թե ինչպես է անձրևն օգնում ինձ վերածնվել: Այ հիմա՝ հենց այս րոպեին, ես զգում եմ, որ աշուն է, զգում եմ բոլոր գույներով: Վաղը անձրևը կդադարի, նորից արև կբացվի, ես կնվնվամ անտանելի շոգից ու արևի անխնա լուսավորությունից, ջուրը կդառնա երանելի, քամին՝ անհասանելի, աշունը նորից կթաքնվի հեռուներում: Վաղն ամեն ինչ նորից կփոխվի, իսկ ես շտապում եմ ապրել այսօրը:

Վաղը՝ չգիտեմ, բայց այսօր աշո՜ւն է:

eva khechoyan

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. մաս 3

-Եվ ջա՞ն, ո՞նց ես, հարմարվե՞լ ես, կարոտո՞ւմ ես տնեցիքին:

Դե, գիտեք, սուտ կլինի, որ վշտահար դեմով, Կլայդերմանի երաժշտության ուղեկցությամբ ասեմ. «Չես պատկերացնի, թե ոնց եմ կարոտել մամայիս, պրյամ դա սլյոզ…»:

Թող ներեն ինձ իմ տնեցիք, բայց իմ կարոտը դրա նման չի:

Ես ամեն իրիկուն մամայի ձեռքին կրեմ քսելն եմ կարոտել: Դե, էդ էլ մեր ընտանեկան սովորությունն է: Մաման կնստեր բազկաթոռին, ես էլ կնստեի կողքին, մի խորը շունչ կքաշեի, կսկսեի մատների հետ խաղալ, մի ժամ, երկու ժամ, կարևոր չէր, որ ձեռքերը արդեն չորացել են, մենք դեռ խոսելու բան ունեինք:

Մեր տիկին Սուսանի խաչապուրիներն եմ կարոտում: Էն տնական պանիրով, կարագով: Էն որ, դպրոցից գալիս ես, դուռը բացում, տաք, համով գոլորշին շնչու՜մ… Անդաստիարակի նման, առանց ձեռքերդ լվանալու, կոշիկներով մտնում ես ներս, քեզ վառելով վերցնում ես տաք խաչապուրին, ու «խը՜րթ…»: Այ, կարոտելու բան եմ ասել:

Պապայի ձեռքերն եմ կարոտել, էն որ միշտ կամ մեղուներն են կծած լինում, կամ էլ գործ անելուց վնասված են: Թե ոնց է հարմարեցնում՝ ես էլ չգիտեմ:

Ինչքան էլ անսպասելի լինի՝ Սարգսի՝ տան մեջ անիմաստ թափառելն եմ կարոտել: Էն որ դաս պիտի անի, բայց հավես չունի, ու սենյակից սենյակ է գնում, համ ծարավ է, համ սոված, համ ատամն է շարժվում, համ փորն է ցավում… Մի խոսքով… Ծանր է խեղճի վիճակը… Մաման էլ անխղճորեն կասի .«Հը՞, տղա ջան, էլի մոլորվե՞լ ես»:

Ծիծաղս զսպելով կնայեմ մամային, մաման էլ իրեն զսպելով նշան կանի, որ չծիծաղեմ…  Դե, որ չմատնենք մեզ:

Անգելինայի հետ անկեղծ զրույցներն եմ կարոտել, երբ հարցնում էի.

-Անգելինա, ինչի՞ ես սիրում ինձ:

Ինքն էլ ի՞նչ ասի՝ լավ լինի:

- Որովհետև դեմքերդ ու աչքերդ ու ոտքերդ սիրուն են:

Դեմքերդ… Էրեխեն մի բան գիտի, որ ասում է: Իր դեմքի մասին միշտ եզակիով է խոսում, բայց եթե մեծերի մասին է խոսում՝ միշտ «դեմքեր»:

«Ջանիկ կլուբն» եմ կարոտել: Կհիշեք երևի, Ջանիկ պապի ղեկավարությամբ, ավտոտնակում հիմնադրված կենտրոնը, որտեղ հավաքվում են թաղամասի մեծերը՝ նարդի կամ շախմատ խաղալու:

Հետո մի հետաքրքիր կարոտելու բան. ինչ եկել եմ՝ լվացք չեմ տեսել, մի տեսակ տխուր ա, է: Լվացքներին նայելը ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկն է, երբ նստում ես պատուհանի մոտ, ու մտքում վերլուծում կողքի շենքում փռած որևէ լվացքի տրամաբանական հաջորդականությունն ու անտակտ կամ ճիշտ գունային համադրությունը: Լվացքն արվեստ ա, է, ամենայն լրջությամբ:

Մեր վերևի հարևան Սվետ տատիին ամեն օր շենքի դիմաց բարև տալուն եմ կարոտել: Էն Սվետ տատին, որին փոքր ժամանակ «Բանան տատիկ» եմ ասել: Թե ինչ հիմքեր եմ ունեցել դրա համար, ես էլ չգիտեմ…

Էս էլ իմ կարոտի մասին:

Ուշ լինի, մաքուր լինի

Լուսանկարը՝ Լիլիա Ապրեսյանի

Լուսանկարը՝ Լիլիա Ապրեսյանի

10 օր հարազատ գյուղից բացակայելուց հետո հասկանում ես, որ դու գյուղիդ խանգարում էիր, որ սայլը տեղից շարժվեր: Ոտքս քաշել եմ, թե չէ, գյուղում դրական տեղաշարժեր են կատարվում:

Երկար ճանապարհից հոգնած, ջարդված հասնում եմ տուն ու տան դիմաց մի մեծ քարակույտ ու աշխատող մեքենաներ եմ տեսնում: Պատկերացնո՞ւմ եք՝ վերջապես որոշել են, որ պիտի երեք տարի առաջ վնասված ջրագիծը նորոգեն, ու երեք տարի անընդմեջ կեղտոտ ջրից օգտվող մարդկանց մաքուր ջուր մատակարարեն: Էն աստիճանի զարմանալի է, որ չեմ կարողանում հավատալ: Բայց մի վատ կողմ էլ կա. գլխավոր ճանապարհը փակ է, ու ժողովուրդը ստիպված պտտվում, գնում երկրորդական ճանապարհով է անցնում, չնայած՝ թող գնան, որ երկրորդական ճանապարհների վրա ապրող մարդկանց «ղադրը» իմանան: Մենք երկրորդական ճանապարհին չենք, բայց «սերտ» առնչություն ունենք:

Լուսանկարը՝ Լիլիա Ապրեսյանի

Լուսանկարը՝ Լիլիա Ապրեսյանի

Գիտեք՝ հե՞շտ է երեք տարի Եգորանց աղբյուրից կամ տատիկենց տնից ջուր բերելը:

Հա, մի բան էլ ասեմ. երբ երեք  տարի առաջ էդ ջրագիծը վնասվեց, եկան, ճանապարհը քանդեցին, ու գլխավոր ճանապարհի էդ հատվածի մեծ մասը մնաց քարերով լցված, մեքենաներին էլ շատ քիչ տեղ էր մնում անցնելու համար, մի անգամ էլ նույնիսկ ավտովթար եղավ: Ես շատ էի ուզում էս թեմայով գրել, ուղղակի տանը չէին թողնում, բայց քանի լավ բան են անում, էլի՞ չգրեմ:

Լավ, տեսնենք՝ վերջն ինչ է լինելու:

Nane Eghiazaryan

Առաջին շաբաթը

Երբեմն-երբեմն մոռանում ենք, որ փոքր ենք եղել: Մոռանում ենք, որ դեռ անցյալ տարի ամբողջ հոգով ուզում էինք դպրոցն ավարտել, իսկ հիմա՞: Հիմա՝ ճիշտ է, դեռ 11-րդ դասարանում ենք, բայց արդեն հասկանում ու գնահատում ենք այն օրերը, որ անց ենք կացնում դպրոցում:

Դպրոցում մի փոքր զբոսանք կատարելուց հետո հասկանում ես, որ էլ չես կարող մեծ միջանցքներով ընկերներիդ հետ «բռնոցի» խաղալ, էլ չես կարող ասել, թե տետրը մոռացել ես տանը, որովհետև տնային աշխատանքը չես գրել, քանի որ հասկանում ես, որ ուսուցիչն էլ է քեզ նման դպրոց գնացել:

Իսկ ինչպե՞ս եմ սովորել գրել: Այս հարցը ես ինձ տվեցի այն ժամանակ, երբ փորձում էի եղբորս օգնել թեք գծեր գծել: Հետո նայելով նրա առաջին «գլուխգործոցներին»՝ հասկացա ու միևնույն ժամանակ զարմացա, որ փոքր տարիքում միգուցե նաև դժվարացել եմ թեք գիծ գծել:

Առաջին դպրոցական շաբաթն է, ու դու պատկերացնում ես, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, միգուցե, ուսուցիչը դասարան մտնելուց հետո մի ամբողջ դասաժամ քննարկի քո ու դասընկերներիդ ամառային արձակուրդները, բայց դրա փոխարեն` մի փոքր երկխոսությունից հետո հանկարծ հայտնվում ես գրատախտակի մոտ, տետրերիդ առաջին էջերը լցնում նոր նախադասություններով, ու առաջին ժամն ավարտվելուց հետո գրատախտակի վրա արդեն հայտնված են լինում նոր երկրաչափական գծագրեր ու նոր բանաձևեր, որոնցով արդեն հաջորդ ժամին դու պետք է լցնես գրատախտակի դատարկությունը:

Հիմա, երբ ասում են՝ դպրոց, առաջին հերթին ոչ թե պատկերացնում ես ձանձրալի դասեր, ոչ այնքան սիրելի դասաժամեր, այլ միանգամից մտաբերում ես հարազատ դարձած դասընկերներիդ, ուսուցիչներիդ, որոնց արդեն մեկ-երկու տարի հետո միգուցե էլ չհանդիպես, դասղեկիդ, որ ամեն հարցում քեզ աջակցում է, ու երբ խորհրդի կարիք ես զգում՝ օգնության հասնում:

Ինչ շուտ մեծացանք: Իսկ եթե աչքս մի անգամ էլ թարթեմ ու նույն մտքերով հայտնվեմ արդեն ոչ թե դպրոցի դասարաններից մեկում, այլ համալսարանի լսարաններո՞ւմ, կամ էլ աշխատասեղանի մոտ նստա՞ծ:

arxiv

Եթե ես լինեի կրթության նախարարը

Ահա թե ինչ էին ուզում փոխել երեխաները կրթական համարգում տասը տարի առաջ: Հետաքրքիր է՝ ի՞նչ փոփոխություններ կիրականացնեին այսօրվա երեխաները, եթե լինեին կրթության նախարարը: 

***

Կարո՞ղ եք ասել՝ ինչու եմ ես դպրոցական ամիսներին նիհարում, իսկ արձակուրդներին՝ գիրանում: Ահա պատճառը: Երկուշաբթի առավոտյան ժամը 8:00-ին հազիվ արթնանում եմ, արագ պատրաստվում և չեմ էլ հասցնում մի բան ուտել: Ծնողներս նախաճաշիկի համար որոշ գումար են տալիս, բայց ասա՝ օգտագործո՞ւմ եմ այդ գումարը… Իհարկե՝ ոչ; Հիմա ես դա էլ կբացատրեմ. վայրկյանները հաշվելով սպասում եմ, թե երբ է զանգը տալու: Վազելով երկու հարկ ներքև եմ իջնում, որ բուֆետից մի բան առնեմ, բայց առնո՞ւմ եմ արդյոք…

Դպրոցի կեսը բուֆետում է: Մինչև հերթս հասնում է, արդեն զանգը տված է լինում:

Իմ ընկերներից մեկն առաջարկեց ինձ այս մեթոդը. ուրեմն, եթե ցանկանում ես մի բան ուտել դպրոցում, պետք է 5 րոպե առաջ դուրս գաս դասից՝ ինչ-ինչ պատճառով և գնաս բուֆետ, որ հանգիստ, կուշտ-կուշտ ուտես:

Իսկ բժիշկն ասում է. «Երեխաներ, պետք է կամաց ուտել, երկար ծամել, փոքրիկ կտորներ դնել բերանը և անպայման ուտելուց առաջ ձեռքերը լվանալ»: Լավ, հասկացա, բայց 5 րոպեում կարելի՞ է այդ ամենը անել:

Եթե ես լինեի կրթության նախարարը, այսպիսի օրենք կհրապարակեի, որ դպրոցի յուրաքանչյուր հարկում բուֆետ լինի, յուրաքանչյուր բուֆետում 3 վաճառող, բուֆետում պետք է լինի ուտելիքի մեծ տեսականի, տիրի կատարյալ մաքրություն:

Եթե այսքանը լինի դպրոցի բուֆետում, ամեն երեխա գոհ կլինի իր քաշից:

Գարուն Պարտագճյան

***

Մեր դպրոցի ամենամեծ պրոբլեմը, իմ կարծիքով, դասամիջոցների կարճ տևելն է: Մենք չենք հասցնում մեր կարիքները բավարարել 5 րոպեի ընթացքում: Մինչև դասավորում ես նախորդ դասի դասագրքերը, տեղավորում, դուրս ես գալիս ջուր խմելու, կամ գնում ես բուֆետ, կամ էլ ուզում ես կրկնել հաջորդ դասը, զանգը տալիս է: Եթե ես լինեի կրթության նախարար. կերկարացնեի դասամիջոցները:

Տիգրան Հակոբյան

***

Դպրոցում հենց առաջին ժամին հիշեցի, որ մեր դասարանի Մարիամին դասի տեղը սխալ եմ ասել: Բախտս բերել էր, որ քիմիան 5-րդ ժամին էր: Անհամբեր սպասում էի զանգը տալուն, որ ասեի դասի ճիշտ տեղը: Զանգը տվեց, ներս մտավ տնօրենը: Պետք է հանդես կազմակերպեինք, ամեն դասարանից 5 հոգի պետք է մասնակցեր: Մինչև որոշեցին, զանգը տվեց: Ինքս ինձ ասացի. լավ, մյուս դասամիջոցին կասեմ: Բայց մյուս դասամիջոցն էլ օգտագործվեց ուսմասվարի կաբինետ գնալու համար: Էլի չհասցրեցի: Հետո դասղեկը եկավ ներկա-բացակա անելու: Այդպես մինչև 6-րդ ժամ, 6-րդ ժամից հետո Մարիամը մոտեցավ ինձ և ասաց.

-Հը՞, բան էիր ասելո՞ւ:

-Ուզում էի ասել, որ քիմիայի տեղը սխալ եմ ասել:

-Իմացա, արդեն «2» եմ ստացել:

Եթե ես լինեի կրթության նախարար, կերկարացնեի դասամիջոցները:

Ռիմա Տոֆանյան

***

Զանգը հնչեց: Դասարան մտավ գրականության ուսուցչուհին ու սկսեց բացատրել նոր դասը: Նա պատմում էր Սայաթ-Նովայի մասին: Դե, մենք էլ համարելով անհետաքրքիր, սկսեցինք խոսել միմյանց հետ, գրիչներ փոխանակել: Այդ ժամանակ ուսուցչուհին հայտարարեց, որ հաջորդ դասին Սայաթ-Նովայի երգերն ենք լսելու: Եվ չեք պատկերացնի, թե ինչպիսի լռություն տիրեց մեր դասարանում:

Հաջորդ դասին, երբ սկսեցին հնչել Սայաթ-Նովայի երգերը, լուռ լսում էինք, թեև դրանք ոչ մեկին էլ առանձնապես դուր չէին գալիս:

Եթե ես լինեի կրթության նախարար, դպրոցներում կկազմակերպեի այդպիսի հետաքրքիր դասեր: Բայց քանի որ ես նախարար չեմ, հուսով եմ, որ մեր ներկայիս նախարարն ինքը միջոցներ կձեռնարկի դասերն ավելի հետաքրքիր ու տպավորիչ դարձնելու համար:

Մարիամ Թամազյան

***

Շաբաթվա իմ սիրած օրն էր շաբաթը: Արթնացա և բարձր տրամադրությամբ գնացի դպրոց, տրամադրությունս բարձր էր, քանի որ առջևում մեզ սպասում էր «փրկության օրը»՝ կիրակին: Բայց ուրախ տրամադրությունս երկար չտևեց, քանի որ առաջին դասաժամից ինձ վրա կուտակվեց մաթեմատիկական խնդիրների մի մեծ սար: Մեր «օֆ»-երին ուսուցչուհին արձագանքեց. «Առջևում կիրակի է»: Երկրորդ դասաժամն էլ ուրախալի չէր, մի հսկա տեքստ թարգմանել անգլերենից հայերեն և պատրաստվել ստուգողական գրավորի: Դե, առջևում կիրակի է: Մյուս հանձնարարություններն էլ իրարից հետ չմնացին: Կիրակի է: Ինչպես սկսվեց օրս, այնպես էլ ավարտվեց: Դեռ մի բան էլ ավելի, այդպես էլ անցավ ամբողջ կիրակին:

Եթե ես կրթության նախարար լինեի, կհրամայեի, որպեսզի ուսուցիչները տնային աշխատանքներ չհանձնարարեին, այլ ամեն բան սովորեցնեին դպրոցում կամ էլ գոնե շաբաթ օրը հանգստյան օր անեին:

Սոնա Տոնոյան

***

Դասը նոր էր սկսվել, ու դեռ չէինք հասցրել բացել աշխատանքային տետրերը, երբ լսվեց դասարանցուս՝ Մարկոսի բարձր ձայնը: Նա սովորության համաձայն «շշուկով» գրիչ էր խնդրում իր հարևանուհուց: Նրա «շշուկի» ալիքը տարածվեց ողջ դասարանով և շուտով ընդգրկեց դասարանը: Ոչ մեկի մոտ ավելորդ գրիչ չգտնվեց:

Ուսուցչուհին սկսեց թելադրել: Անցավ մի քանի րոպե: Ուսուցչուհին դեռ թելադրում էր, իսկ Մարկոսը պարապությունից քթի տակ երգում էր և խանգարում դասը: Ես, ստիպված, գրիչս փոխանցեցի Մարկոսին և սկսեցի պայուսակս ևս մեկ անգամ քանդրտել՝ այնտեղից գրիչ գտնելու հույսով: Չգտա: Չէի էլ կասկածում, որ չեմ գտնի: Փոխարենը մի մատիտ հայտնաբերեցի, և մտածելով, որ ուսուցչուհիս շատ չի թելադրի, սկսեցի գրել անմիջապես տետրիս մեջ: Այլևս Մարկոսը մեզ չէր խանգարում: Նա գլուխը կախ գրում էր ուսուցչուհու թելադրածը: Դասին քիչ էր մնացել, իսկ ուսուցչուհիս դեռ թելադրում էր: Դասարանցիներիցս շատերն արդեն քնել էին, իսկ ես չէի կարողանում քնել: իմ քունը չէր տանում, երբ հիշում էի, որ մատիտով այսքան երկար գրվածը պետք է ջնջեի և գրիչով նորից գրեի:

Դե, իհարկե. գրիչս հետ չստացա, իսկ եթե հետ ստանայի, խեղճին պետք է վիրակապերով զարդարեի:

Եթե կրթության նախարար լինեի, գրիչ չունեցող աշակերտներին… Չէ, «պատժի» չէի ենթարկի, որովհետև, անկեղծ ասած, ես էլ եմ մեկ-մեկ գրիչս տանը թողնում: Բայց… Երբ նախարար դառնամ, հաստատ դպրոցս արդեն ավարտած կլինեմ և գրիչ չբերող աշակերտներին ինչ-որ ձևով «պատժի» ենթարկելը ինձ չի սպառնա:

Այ ուրախություն, երբ նախարար լինեմ, ինձ համար քարտուղարուհիս գրիչ կբերի, և ես կազատվեմ «ծանր» գրիչը տանել-բերելու «ծանր» պարտականությունից:

Մանե Տոնոյան

«Մանանայի» արխիվից. 2004թ.

iza Astsatryan

Մեկ տարի 17-ի հետ

2016 թվականն էր, երբ դարձա 17.am-ի թղթակից ու սկսեցի կիսվել հետաքրքիր պատմություններով: Հիշում եմ՝ առաջին հոդվածիս համար ջանք ու եռանդ չէի խնայել, որպեսզի հետաքրքիր ստացվի ու չվրիպի ոչ ոքի աչքից: Առաջին հոդվածս հրապարակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 7-ին: Այդ հոդվածից հետո երկար ժամանակ հոդվածներ չէի գրում, բայց հետևում էի մյուս թղթակիցներին: 2016 թվականին շատ պասիվ թղթակից էի, նախկին ակտիվությունս վերականգնեցի 2017 թվականին:

Մտնելով 17.am-ի աշխարհ, հաճախ էի հետաքրքիր պատմություններ որոնում, իսկ իմ պատմությունների հերոսներն իրենց յուրահատկությամբ էին աչքի ընկնում և ընտրվում: Իրոք, 17.am-ից շատ բան եմ սովորել, այդ թվում՝ հետաքրքիր կադրեր որսալը: Հույս ունեմ, որ 17.am-ում ինձ դեռ երկար տարիներ են սպասվում:

17.am-ը ինձ հնարավորություն տվեց իմ նյութերն ավելի հետաքրքիր դարձնելու և հրապարակելու, հնարավորություն տվեց գրելու իմ սիրելի երաժշտական խմբի մասին, ֆուտբոլային հանդիպան մասին, իմ ընկերների մասին:

17.am-ի շնորհիվ ձեռք ես բերում մեծ լսարան, որն անհամբեր սպասում է քո հոդվածներին, լուսանկարներին: Ընկերներիս ասելով՝ մեծ ոգևորությամբ են կարդում իմ գրած հոդվածները, կարդում են, տարածում ու մեկնաբանում: Վերջերս էլ դասարանցիներով նստած տարբեր թեմաներից էինք խոսում, խոսքից խոսք բացվեց, ու դասընկերուհիներիցս մեկը՝ Էլլադան, ասաց.
-Իզա, ես քո գրած հոդվածները հատ-հատ կարդացել եմ:
-Էս վերջերս հոդված էիր գրել ձեր փողոցի երեխաների մասին, միակ բանն էր, որ չնայած երկար էր՝ դրեցի ու կարդացի մինչև վերջ,- ասաց Նարեկը:

Շատերն են ասում, որ գնալով հոդվածներիս մեջ համն ու հոտը շատանում է: Իսկ ես սովորել եմ իմ սիրելի լսարանի համար նստել ու հավեսով հոդված գրել:
Գիտեք, շատ հետաքրիր է նաև այն, որ շատերը թղթակից են դառնում հենց մեր հոդվածները կարդալուց հետո: Այնպես որ, եթե դու ունես հետաքրքիր մտքեր, հրաշալի լուսանկարում ես, բայց դեռ հնարավորություն չես ունեցել դրանք հրապարակելու և շատերին հասանելի դարձնելու, դարձիր թղթակից և հրապարակիր դրանք:

Իսկ վերջում, կասեմ շնորհակալություն՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար, կշարունակեմ մնալ շա՜տ ակտիվ, սպասեք նոր հոդվածների: