«Հայաստանի երեխաները» լուսանկարչական մրցույթի հաղթողներ

Astghik Ghazaryan

Մաստերը

-Մաստե’ր, ա’յ Մաստեր, րեխին պատմի աքսորի մասին…

-Ի՞նչ:

-Է՜, բալա ջան, լավ չի էս մաղբուն չլածը…

-Դե տյու պատմի, Սեդիկ տատ:

-Էնքան պյան ա լել, էնքան եմ տանջվել սաղ կյանքս…

Իմ հերը Հայրենական պատերազմի վախտը գերի էր ընգել, մհանեն էդ էր: Մաստերանք էլ մթամ թե դաշնակի ընտանիք են լել, հլա ծերոնք էլ են սպասիլիս լել, վեր աքսորիլ դեն:

Քառասնինը թիվն էր: Երկու տավարնի վագոն իրար կողքի քյըմ ին, զուգարան էլ չի լել… Մեկ էլ վե՞ր քաղաքըմն էր, գիդըմ չեմ, վետն արին, քսան օր ոտով ճամփա քյացինք… Ալթայսկի կրայ, Զավեն Իլիչ գյուղն էր… Քյացել ենք, սրա-նրա տանը կցել, վերջը հայերը տներ են պատել: Բայց մեզ նեղցրել չեն, հարգըմ էլ ին: Իմ պյուճուր քիրն էլ ընդի…մահացավ… Քոռանամ ես… Անունն Ասյա էր… Թոքաբորբ ընգյավ, թույլ չին տալիս, վեր հիվանդանոց տանենք… Արդեն մտիցս էլ ա ընգել` ինչ ին ասըմ, հա´, կամանդիր: Եթե նա թույլ էր տալիս, նոր տանըմ ին հիվանդանոց:

Կոլխոզըմն ենք աշխատել: Տրակտրի վրա եմ աշխատել, բիցեպշչիկ եմ լել, կոմբայնի վրա եմ աշխատել, թոռն եմ հնձել, խոտ հվաքել, ստոկնի տրել, տասնիրեք տարեկանից աշխատել եմ…

Այ էս ձև ա լել, ցավդ տանեմ, շան քթիցը ճյուր եմ խմել… Իմ մերը քշերնին սպասիլիս ա լել, վեր կարող ա դագաղս պիրեն, տրակտրի տակն ընգյած լեմ… Մինչև լիսանըմ էր, խյաբար ին պիրըմ, վեր ցեպի տակը չեմ ընգել, սաղ եմ, նոր հանգստանըմ էր… Իմ հետի աքսորված կնանիքն էլ ինձ ծոցերնըմը պռկցնըն ին, վեր քշերը վախեմ վեչ: Տհե եմ լել, ցավդ տանեմ, տհե´ կյանք եմ քաշել…

Ընդեղ շեմք շեմքի հրևան ենք լել մենք ու Մաստերանք, իրա մերն ասել ա` էս րեխին ուզենք: Տասնվեց տարեկան ի, դպրոց ի քյըմ: Մի կյոշըցի աղջիկ կար, էս բեմուրազը մթամ նրան էր ուզըմ… Ինձ հըմար էլի են ուզողնի էկած լել, մերս ասել ա` պյուճյուր ա, տալիս չենք, հա´, բայց դե շեմքըմն էր, համաձայնվեցին, հրսանիք արին, տարան: Տհե աքսորատեղը ամուսնացա, Սլավիկն էլ մի տարեկան ա լել, Մարետն էլ` փորըմըս, վեր էկել ենք հիսունվեց թվին:

Յեդով Մաստերը քյացել ա իրա մոր վեսկրնին պիրել: Հիշըմ չեմ` վեր թվին էր, մի էրկու տարվա էկած ինք, իմ հերը փող տվուց, զապարոժեց առավ, Մաստերը թաքուն փող հվաքեց, րեխեքն էլ սոված-ծարավ, ես էլ հետերնուն… Ծյուկ-մուկ առավ, մաքրիլ տվեց, սևքարցի հնգերոջը վեր կալավ, քյացին, նա իրա ախպոր վեսկրնին պիրեց, սա` իրա մոր:

Մաստե´ր, հլա էն երգը երգի:

-Վե՞րը:

-Էն վեր ասըմ իր` մերս մեռավ չգիտեմ վեր թվին, հերս չգիտեմ ինչ ըլավ:

-«Հայեր, հայե՞ր»-ը…

-Հա´:

Ես պանդուխտ եմ, այս տեղերին ծանոթ չեմ,
Ասա´, քույրի´կ, որն է ճամփան Բինգյոլի:
Շրվեշարան եկան-անցան ուղտերը,
Ասա´, քույրի´կ, որն է ճամփան Բինգյոլի:

Մերս մեռավ էն սովերի տարումը,
Հերս զոհվեց էն թուրքական կռվումը:
Հայե´ր, հայե´ր, հայե´ր, հայե´ր, հայե´ր ջան,
Աղաչում եմ, ինձ էլ տարեք Հայաստան:

mariam tonoyan

Քրիստոնյան

Ծերուկը կաղալով առաջ էր շարժվում ձեռնափայտի օգնությամբ։ Չնկատելով շուրջը եռացող աշխարհը՝ մրթմրթալով անցավ ծառուղով ու նստելով նստարանին՝ խորը հառաչեց.
-Ձախողում, ամեն գործում ձախողում ու սննկացում…
Վեր կացավ, առանց շրջանցելու ջրափոսերը, առաջ գնաց ու փորձելով հավասարակշռված քայլել՝ դժվարությամբ ուղղեց ծերությունից կռացած մեջքը։ Մեկ-երկու քայլ ևս, ու դեն նետեց ձեռքի օղու դատարկ շիշը և հուսահատ մենախոսելով՝ մոտեցավ հսկա դռանը։ Վերջին հույսն ու մխիթարությունը միայն այստեղ էր, այս դռնից այն կողմ՝ եկեղեցու պատերի ներսում…
Կար ժամանակ, երբ ինքն էլ հավատում էր ու երբեմն լինում էր եկեղեցում։ Արդեն քսանհինգ տարի էր, ինչ շռայլ ու հարուստ կյանքն իր ապրելակերպից եկեղեցու դերն ու հավատը դուրս էր մղել։ Գուցե այդ է պատճառը, որ այժմ ոչինչ ու ոչ ոք չունի։
Երերուն քայլերով առաջ անցավ, մոտեցավ մոմավաճառի խցիկին, ձեռքը գրպանը տարավ, բայց ոչինչ չհանեց այնտեղից։ Գրպանը պատռված էր, իսկ վերջին մետաղադրամներն էլ անզգուշորեն այդ գրպանն էր լցրել։

Մեկ տարի, երկու, երեք… Գնալով կյանքը դարձել էր ավելի խղճուկ ու անտանելի։ Քաշվեց եկեղեցու վեհ պատերի մի փոքրիկ անկյունն ու, վախվորած այս ու այն կողմ նայելով, դողացող ձեռքով խաչակնքեց։ Գլուխը հենեց պատին ու ցածրաձայն աղոթք մրմնջաց, որն ավելի շատ պայման, քան աղոթք էր հիշեցնում։ Պայման՝ վերականգնելու կորցրած փառքն ու հարստությունը՝ իր քրիստոնեական հավատին դառնալու դիմաց։
Հազիվ ոտքերի վրա կանգնելով՝ շարժվեց դեպի դուռը, փակեց այն իր հետևից, քայլեց դեպի մոտակա այգին, մի ծառի շվաքում՝ խոտերի վրա պառկեց ու հայացքը եկեղեցու խաչին հառած՝ գալիքի հույսով քուն մտավ։

anush davtyan

Ես քեզ ազատ եմ թողնում

Երբ հոգեբանական թեստ ես անցնում, ութսուն տոկոս հավանականությամբ քեզ կասեն, որ խոր ընկճախտ ես ապրում, բոլոր գույները «փախել» են նկարներիցդ, իսկ դու ապշած կանգնած ես, դեռ լրիվ չես հասկանում՝ ինչ է կատարվում, ու անհույս փորձում ես հոգեվիճակդ կայունացնել։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև ոչ մի ուրախ, երջանիկ ու կյանքից գոհ մարդու մտքով չի անցնի գնահատել իր հոգեկան վիճակը. նա առանց էդ էլ վստահ է, որ ամեն ինչ հիանալի է, ու փոփոխությունների կարիք չկա։

Իսկ որ կասկածում ես, վստահ չես որոշմանդ վրա, որ ամեն մեկի ասածը արդեն սրտիդ մոտ ես ընդունում ու անվերջ, անընդհատ փորձում ես վերանայել մտքերդ, բոլոր կողմ ու դեմ ասածները, համացանցից գտած ամեն տեսակի նյութ, տատիկի՝ թերթից կարդացած ամեն հոդված, որ էս կամ էն ձևով առնչվում են քեզ հուզող հարցի հետ… Այ, էդ պահին արդեն, իրոք, թեստը կասի, որ ընկճախտի մեջ ես։ Ու արդեն դու էլ կհավատաս, որ սևից ու սպիտակից բացի՝ աչքիդ առաջ ուրիշ գույն չկա։

Բայց ինտերնետային թեստերը չեն, որ պիտի որոշեն մեր հոգևիճակը մեր փոխարեն, ուրիշների ոգեշնչող կամ փնովող խոսքը չէ, որ պիտի կարծիք ձևավորի: Ու այս ամեն ինչը չպիտի ուղղորդի մեզ ու թելադրի, թե ով լինենք ու ոնց գործենք։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ինձ հուզում՝ կասեմ, որ անորոշությունն է ինձ հուզում։ Երևի ամենասարսափելի բանն է, որ չես կողմնորոշվում՝ ինչ է կատարվում հետդ, ու դրա պատճառով ամեն տեսակի թույլ կամ ուժեղ ճնշումից միանգամից հուզվում ես, սկսում կասկածել։ Անտանելի վիճակ է, երբ չգիտես, թե դու ով ես։ Չեմ ասում որպես մարդ էակ, չէ՛, ուղղակի պահ կա, որ դու էլ չես հասկանում արածիդ նպատակը։ Ու հենց այդ ժամանակ խորհրդի կարիք ունես, բայց թարսի պես ում հարցնում ես, ամեն մեկը մի բան է ասում։ Դե արի՛ ու հասկացի՛ր, թե որ մեկին լսես։

Օրինակ՝ անցյալ տարի չէի կողմնորոշվում, թե ուր դիմեմ, որ բուհ գնամ ու ինչ անեմ կյանքիս հետագա տարիներին։ Շատ շփոթված էի, ուզում էի միանգամից ամեն ինչ դառնալ, բայց միևնույն ժամանակ ոչ մի բան սիրտս չէր գերում։ Տանը վեց հոգով ենք ապրում, ու այդ վեցից հինգը ինձ լրիվ տարբեր առաջարկներ էին անում, թե ուր դիմեմ։ Շատ թե քիչ, մի բան որոշեցի, գնացի մի ուղղությամբ, որը ինձ չէր համապատասխանում։

Վախ կա, որ սխալվել եմ, որ էս ճանապարհն ինձ էդպես էլ նորմալ տեղ չի հասցնի, ու պարբերաբար հիշում եմ դրա մասին։ Ու էսպես, վախը սրտում, առաջ եմ գնում, բայց նույն ժամանակ ինձ ուրիշ տեղում էլ չեմ պատկերացնում։

Ու էսպիսի մտքերով ինտերնետ ես մտնում, հոգեբանական թեստ գտնում, անցնում ու հասկանում, որ էն աստիճանի տառապյալ էակ ես, որ անգամ թեստն է դա հասկացել, դեռ մի բան էլ քեզնից լավ։ Այդ զգացումը մեջդ է ապրում անընդհատ, միտք էլ չունի գնալու։ Բայց ամեն ինչն էլ ավարտ ունի, չէ՞. «Happy end» են ասում։

Իմ ու անորոշության ուրախ ավարտն էլ բաժանումը կլինի։ Չէ՛, մենք իրար չենք սազում։ Ես քեզ ազատ եմ թողնում։

tamara harutyunyan

Լսեք նրան

Լուսանկարը` Թամարա Հարությունյանի

Լուսանկարը` Թամարա Հարությունյանի

Պարզվեց՝ ես ունեմ մի ժամ 36 րոպե հայտս գրելու համար: Գիտեք՝ իրականում մի կողմից լավ եղավ, որ էլի վերջնաժամկետից մի ժամ առաջ ամեն ինչ թողեցի, որովհետև արդեն հասկացել եմ, որ էսպիսի պայմաններում գրածս նամակներն ամենաանկեղծն են լինում: Ու ես հիմա որոշում եմ ինքս ինձ հետ խոսել այս նամակում, նայել մեր դիմացի շենքի պատուհաններին ու գրել,  ու հուսամ՝ խոսակցության մեջ ձայնս կլսվի:

Իրականում, գիտե՞ք, չեմ ուզում փիլիսոփայել, իհարկե հասկանում եմ, որ դա հիմա մեծ թրենդ է դարձել, բայց ես արդեն համոզվել եմ, որ ինձ համար ամենաթանկ բանը էն ամենապարզն է, պարզունակը չէ, բայց պարզը, ամենամարդկայինը, ամենամաքուրը, ամենաիսկականը:  Հիմա մտածում եմ. բա լավ, ի՞նչն է ինձ հուզում:

Գիտեք՝ անցած տարվանից սկսեցի Երևանում լուսանկարներ  անել (գիտե՞ք հայերեն էս բառը ոնց եմ սիրում. լույս ու նկար, մեջը էնքան տաքութուն կա), բայց գիտե՞ք, խնդիրն ինչ է. ես երևանցի չեմ: Ես որոշեցի լսել, թե էս քաղաքն ինչ է խոսում, ինչ է պատմում, ինչն է ցավում: Հա, ես որոշեցի օտարի աչքերով նայել ինձ արդեն հարազատ քաղաքին: Չնայած ես ու Երևանը շատ ենք կռվում,  ու ինքը միշտ ինձ տարօրինակ իրավիճակների մեջ է դնում: Դե ասենք՝ էնպես է անում, որ մոլորվեմ ու ուշանամ կարևոր հանդիպումներից, բայց ամեն ինչից անկախ, մենք լավ ենք  «յոլա գնում»:

Ինչ էի է ուզում ասել: Հա, ինչն է ինձ հուզում: Ասեմ. մարդիկ էլ չեն լսում քաղաքին, ականջները փակել  ու ման են գալիս: Ախր, Երևանն էնքան բան ունի պատմելու…  Մեկ-մեկ նույնիսկ խեղճը գոռում է, բայց լսող չկա:  Ախր, կարոտում է իր մարդկանց, ես աչքերից զգում եմ, մի տեսակ տխրություն կա: Մի կողմից էլ, քաղաքը դատարկվել է: Մի մարդ ասում էր . «Էս Սովետը ախմախ երկիր էր, բայց մի լավ բան ուներ. սահմանները փակ էին, ընկերներս չէին արտագաղթում»:

Նկարը, որ դրել եմ, մեր դիմացի շենքն է, ու ամեն գիշեր հիանում եմ իրեն նայելով: Բայց ինքն էլ իր պատմություններն ունի: Ժամանակին ավելի շատ պատուհաններից էին լույսեր վառվում, ու շենքը ավելի շատ էր հրճվում, որ իրեն վառվող պատուհանների լույսերով զարդարում էին: Իսկ հիմա…Դե, երևի հասկացաք:

Շատ չփիլիսոփայեմ, արդեն ասացի՝ չեմ սիրում: Սիրում եմ անկեղծությունը, ու ասածս ամենևին չի նշանակում, որ փիլիսոփաները կեղծ մարդիկ են:

Մայրիկիս ծաղկանոցը

Լուսանկարը` Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը` Լիլիթ Հարությունյանի

Մայրիկս ծաղիկներ շատ է սիրում, կապ չունի՝ ինչ տեսակի կամ ինչ գույնի: Ամեն ինչ գիտի դրանց մասին ու ասում է, որ երբ տանը մենակ է լինում, զրուցում է ծաղիկների հետ: Ինչպես մեր հարևաններն են ասում՝ մեր տանը «ծաղիկների դարդից տեղ չկա»: Բակում մայրս նույնպես աճեցնում է տարբեր ծաղկատեսակներ, բայց վարդերը գերակշռում են:

Լուսանկարը` Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը` Լիլիթ Հարությունյանի

Վերջերս կարկուտի պատճառով մեր բակի ծաղիկները շատ տուժեցին: Մայրս տխրել էր, չէ՞ որ դա նրա քրտնաջան աշխատանքն էր, չէ՞ որ նա հոգի էր դրել այդ ծաղիկների մեջ: Երբ հանկարծ անզգուշորեն դիպչում եմ դրանց, մայրս բարկանում է և ասում.

-Դու նույնպես կբարկանաս, եթե ինչ-որ մեկը անզգուշորեն վարվի քո ամենասիրելի իրերի հետ:

vahe stepanyan

Դիոգենեսի տակառի միջից

Եթե դուք սովորական մարդ եք ու սովորում եք սովորական հայկական դպրոցում, ձեզ համար հիմա տարօրիանակ կհնչի այն, որ երկրի կլորության մասին փաստը ընդունված էր ֆիզիկոսների շրջանակում ու հիմնական կրոններում՝ մինիմում հին հույների ժամանակաշրջանից: Իսկ այդ շրջանը ահագին շուտ է եղել: Չգիտես ինչու, մարդկանց մեծ մասին թվում է, որ իրենք հաստատ գիտեն, որ այդ փաստը ընդունվել է մի 600 տարի առաջ միայն: Վիրավորական է հնչում: Դե, մի վեց դար առաջ ապրողների հասցեին: Գուցե նրանք նույն բանն են մտածել նաև իրենցից վեց դար առաջ ապրողների մասին: Բայց մենք հո՞ արդեն գիտենք, որ դա էլ է սխալ կարծիք: Ու նույնը՝ հիմա: Մտածում ես, թե ինչ կաներ 1980 թվականին ապրողը հիմա քո համակարգչի հետ, մտածում ու ծիծաղում: Իսկ այդ պահին ժամանակի ինչ-որ մի պահին, դե, 2040 թվականին ապրողը օրինակ, մտածում է, թե դու ինչ կարող էիր անել հիմա իր համակարգչի հետ ու ծիծաղում: Էլի անարդար է:

Ուրեմն մենք միշտ անցյալում ենք ապրում: Գիտենք, որ մեր ապրածը արդեն անցյալ է ուրիշ ժամանակում ապրողների համար: Հասկանում եք, չէ՞: Կա ներկա, անցյալ ու ապագա: Ու ապագայում մնացած բոլոր ժամանակները անցյալ են, նույնիսկ քո ներկան: Մի քիչ մտածեք: Ասում են, չէ՞, անցյալով մի ապրիր, այլ ներկայով: Իսկ եթե ներկան է՞լ է անցյալ: Կգա մի պահ, որ քեզ համար հիմա էս տողերը կարդալը կդառնա անցյալ: Հըմ: Արդեն եկավ: Մի՞թե անարդար չի, որ մարդ չի կարողանում ժամանակով ճանապարհորդել: Դե, գոնե առաջ: Հետ չարժի: Համ էլ չես կարող: Ֆիզիկան թույլ չի տա: Իսկ եթե դու ֆանտաստիկայի ես հավատում, էս օրինակը թույլ չի տա: Ենթադրենք ունես ժամանակի մեքենա: Վերադառնում ես անցյալ ու սպանում պապիկիդ: Ի՞նչ կլինի: Նա կմահանա, հետևաբար քո ծնողներից մեկը չի ծնվի, ու դու էլ չես լինի: Բայց եթե դու, ասենք թե, վերացար, այդ դեպքում ոչ ոք արդեն հետ չի եկել անցյալ, որ պապիդ սպանի, որովհետև դու գոյություն չունես: Փակ շղթա:

Հա, իզուր խորացա: Ուզում էի խոսել դեպի ապագա ճանապարհորդելու մասին: Դա հնարավոր է: Դե, լույսի արագության մոտիկ արագությամբ, որ շարժվես, ավտոմատ կհայտնվես ապագայում: Դա շատ ձանձրալի թեմա է, դրա համար էլ չեմ ուզում բացատրել մանրամասն: Հիշո՞ւմ եք, հարցնում էի՝ մի՞թե անարդար չի, որ ժամանակով չի կարելի ճանապարհորդել: Լավ էլ արդար է: Դե, օրինակ, ճանապարհորդություն դեպի ապագա: Ո՞ւմ է պետք այն: Ի՞նչ իմաստ է կրում: Ինձ թվում է՝ ոչ մի: Անցյալի մասին արդեն խոսեցի, դրա համար էլ չկրկնեմ, որ անհնար է:
Ի՞նչ եմ ուզում ասել: Երեկվա ապրողը քեզ համար արդեն անցյալ է, իսկ վաղվա ապրողի համար դու ես արդեն անցյալ. հիմա: Պետք չի ապրել անցյալով: Երևի թե ներկայի վրա էլ չարժի կենտրոնանալ: Իսկ այ, ապագան… Ապագան մտածելու տեղիք է տալիս…

arman baghdasaryan

Չկա՞ ապագա

Շատ մեծահասակներ երեխաներին հուսահատեցնում են: Մի անգամ հայոց լեզվի դասին ուսուցիչս ինչ-որ պատճեներ պիտի տար մեր տղաներից մեկին, բայց հարցրեց.

-Ինչո՞ւ է ամեն ինչ վստահվում տղամարդկանց:

Ես պատասխանեցի, որ տղամարդիկ ավելի ճիշտ տարբերակներ են գտնում խնդրի լուծման համար, չնայած՝ մեր երկրի պաշտոնատար տղամարդիկ այդքան էլ ճիշտ որոշումներ չեն կայացնում: Ուսուցչուհին ասաց.

-Ձեր ձեռքում ապագա չկա, ձեր սերնդի երեխաները ապագա չունեն:

Եթե նա գոնե մի պատճառ ասեր, թե ինչու է այդպես մտածում, ես կլռեի, բայց քանի որ պատճառաբանություն չկար, ես շարունակեցի.

-Բա էդ դեպքում ինչո՞ւ եք Դուք դասավանդում մի սերնդի, որը ապագա չունի:

Նա լռեց: Այնուհետև ասացի.

-Ինչո՞ւ եք ապրում մի երկրում, որտեղ ապագա չկա. չէ՞ որ դուք երբ ուզեք՝ կարող եք հավաքել ձեր իրերը ու գնալ այս երկրից:

-Լռի՛ր, Արման, մի խանգարիր դասի ընթացքին:

Եվ արդյունքում չպատասխանեց իմ ոչ մի հարցին: Ես հասկացա, որ շարունակելու իմաստ չկա: Ու հենց այդ տեսակի մարդկանց պատճառով էլ երեխաները շատ հարցերում չեն կողմնորոշվում և շուտ հուսահատվում են: Բայց մենք՝ երիտասարդներս, պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկիրն ունենա ապագա, և բոլոր նրանք, ովքեր դրան չէին հավատում, հասկանան, որ սխալվել են:

Ժետոն վաճառող կնոջ բարկության ենթադրելի պատճառի ու բրիտանական մտածողության պակասի մասին

Մարտի երեսունմեկն էր: Դե, եթե աշակերտ ես կամ ուսանող, երջանիկ ուրբաթները երբեք չես մոռանա: Դասարանին ուղղված` «Երեխե՛ք, ո՞վ կա մետրոիստ» հարցիս, ոչ ոք դրական չպատասխանեց: Հասկացա, որ մենակ եմ տուն գնալու այդ օրը: Քայլերս ուղղեցի դեպի Զորավար Անդրանիկ մետրոյի կայարան: Հինգ րոպեից այնտեղ էի: Մոտեցա ժետոն գնելու: Հա, ի դեպ, ժետոն վաճառող կինը կրկին բարկացած էր: Դեռ հետո պիտի եզրակացնեի, որ գուցե նրա ջղայնության պատճառն էլ «բրիտանականի» պակասն էր հենց: Շարժասանդուղքի վերջին աստիճանին լսում եմ.

-«Զորավար Անդրանիկ»: Զգուշացե՛ք դռները…,- սկսում եմ վազել, որ հասցնեմ: Լավ է, երբ հասա, դեռ ասում էր,- դը նեքսթ սթեյշն իզ «Սասունցի Դավիթ»:

Անգամ թվաց, թե հատուկ ինձ համար այդ օրը դանդաղ էր կրկնում արդեն հարյուր անգամ կրկնած արտահայտությունը: Մտա: Սովորականի պես կանգնեցի: Կողքիս երկու կին էին նստած: Դե, ինչ արած, փողոցում ականջակալներ դնելու սովորություն կամ, գուցե, համարձակություն չունեմ (թվում է՝ ինձ կարող են վրաերթի ենթարկել, կամ որ ավելի վտանգավոր է՝ առևանգել: Թե ասա՝ մետրոյի վագոնից քեզ ո՞վ պիտի առևանգեր): Ուրեմն, ստիպված էի շիկահեր տիկնոջ և ընկերուհու զրույցն ունկնդրել: Էսպես ակամա լսում եմ: Մեկը՝ թե բա.
-Լսի, ձեզ փող տվե՞լ են ընտրությունների համար:
Մյուսն էլ, ավելի եռանդով ու մի քիչ ձայնը բարձրացնելով, պատասխանում է.
-Չէ, ու չեմ էլ գնալու ընտրության, եթե չտան:
Գործարանայինում պիտի իջնեի, բայց երկու կանանց թեժ քննարկումն էնպես հետաքրքրեց ու բարկացրեց ինձ, որ որոշեցի գնալ մինչև «Գարեգին Նժդեհ» կայարան, որ տեսնեմ՝ վերջը գնալո՞ւ են ընտրության, թե՞ չէ: Թեման բացող շիկահերը քմծիծաղ տալով շարունակեց.

-Ճիշտ էլ կանես: Մեկ ա՝ էս երկրում բան էլ չի փոխվի:
Ու ես մտածում էի. «Ախր, ընտրությունը որպես մեղր բաժանելու գործընթաց եք ընկալում և ուզում եք՝ բան փոխվի՞»:

Որոշել էի «Նժդեհ» կայարանում իջնել, ուրեմն ստիպված պիտի երկար քայլեի: Քայլում եմ ու մտածում. «Բայց ինչո՞ւ մեր հասարակությունը էնպիսի սոցիալ-տնտեսական վիճակում պետք է լինի, որ… Չէ՜, Մարիամ, սա իրականում ցածր գիտակցական մակարդակ ունենալու հետևանքն է,- հակադրվում եմ ինքս ինձ,- լավ, ուրեմն ես երկու օր պատմությանս ուսուցչուհու՝ ընկեր Հովհաննիսյանի հետ իզուր եմ վիճում ու պնդում, թե ամեն փոփոխություն պետք է սկսել վերևից, եթե մեր կառավարությունը լավը լինի, մի երանելի պետություն կունենանք»: Փաստորեն, ընկեր Հովհաննիսյանը ճիշտ էր:

-Մարիամ ջան,- ասում էր,- հիշի՛ր, յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն պետությանը, որն ունի: Շիկահեր տիկինն ու հարևանուհին (ի դեպ, պարզվեց՝ հարևաններ էին, ասաց, որ տուն կմտնի ու մի կես ժամից կգնա սուրճի: Երևի, սուրճի սեղանի մոտ պիտի հստակ որոշվեր՝ արժի՞ գնալ ընտրության, թե՞՝ չէ) ապացուցեցին: Այսուհետև երբեք ընկեր Հովհաննիսյանի ճշմարտացիության վրա չպիտի կասկածեմ:

Հետո էլ մի բան հիշեցի ու մտածեցի, որ երևի տիկին Շիկահերն ու հարևանուհին իրենց ութերորդ դասարանի անգլերենի դասագրքի Unit 3-ի դասը չէին սովորել, թե չէ կիմանային, որ բրիտանացիներն իրար հանդիպելիս հիմնականում եղանակից են խոսում: Անձնական թեմաներ քննարկել չեն սիրում, էլ ուր մնաց՝ քաղաքական ելույթներ ունենան, կամ էլ թե չէ՝ ընտրությունից առաջ «մեղրաբաժանման» արարողության ընթացքը վերլուծեն: Գուցե, որ սովորած լինեին, լավ օրինակ ծառայեր:
Կարճ ասած՝ մի քիչ բրիտանական մտածողությունը մեզ էլ չէր խանգարի: Եղանակից էլ խոսելու շատ բաներ ունենք. այս տարի սարսափելի ցուրտ ձմեռ էր, չէ՞:

Mariam barseghyan

Կփոխվի միայն ժամանակը

-Տե՛ս, ինչ սիրուն աղջիկ ա, գնա հետը խաղա, ի՞նչ ես տանը նստել…

Միշտ իմ ընկերների ցանկում տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին: Չգիտեմ՝ ինչն է պատճառը: Չորս տարեկանում միակ պատճառը, որ ես սկսեցի ընկերություն անել տղաների հետ այն էր, որ մեր բակում ես միակ աղջիկն էի:

Մենք երեք հոգի ենք… Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ մայրիկս մի կերպ ինձ համոզեց դուրս գալ բակ՝ խաղալու: Մինչ այդ միշտ ծնողներիս հետ էի դուրս գալիս:

-Մամ, դուրս գամ՝ ո՞ւմ հետ խաղամ:

-Գնա, մեկի հետ կծանոթանաս, էլի:

Այդպես պարանը ձեռքիս դուրս եկա, բակում ոչ ոք չկար, ու շատ շոգ էր: Պարանս կապեցի մեր հարևանի պատուհանի ճաղերից ու սկսեցի պտտել: Մեկ էլ լսեցի, թե ինչպես էր մեր դիմացի շենքում մի կին համոզում իր թոռանը, որ տանից դուրս գա՝ խաղալու: Երկար ժամանակ չեմուչում էր անում, բայց վերջում ինձ նման ստիպված դուրս եկավ տանից: Մոտեցավ ինձ ու ասաց.

-Բարև, իմ անունը Զավեն է, կարո՞ղ եմ քեզ հետ խաղալ:

Փոքրամարմին ու մի քիչ սևուկ տղա էր: Մի քանի օր շարունակ իրար հետ էինք խաղում: Մի օր մի ուրիշ տղայի հետ ծանոթացրեց, նրա անունն էլ Հակոբ էր: Նա էլ էր Զավենի նման սևուկ, բայց ավելի բարձրահասակ էր: Նրանք լավ ընկերներ էին: Ինչ-որ խաղ խաղալիս միշտ գաղտնի պայմանավորվում էին, որ այնպես անեն՝ ես պարտվեմ: Ես էլ նեղանում էի ու գնում տուն: Հետո ինձ էլ ընդունեցին իրենց խումբ ու էլ չէին նեղացնում:

-Զավե՜ն, Զավե՜ն, Զավե՜ն…

Ես ու Հակոբը ճշտապահ էինք, միշտ ժամանակին գալիս էինք ու ժամերով Զավենենց շենքի առջև Զավենին էինք կանչում: Հաճախ այնքան ուշ էր դուրս գալիս, որ ինձ կամ Հակոբին արդեն տուն էին կանչում:

Ձմեռ էր, երեքով շատ մեծ ձնեմարդ էինք պատրաստել: Երկար, կարմիր գույնի շարֆ ունեի, կապել էի վզին, Հակոբն էլ տանից գազար էր բերել ու որպես քիթ՝ դրել ձնեմարդու վրա: Հաջորդ օրը դպրոցում բոլորին պատմեցի մեր ձնեմարդու մասին: Դասընկերներով եկանք մեր բակ, որ ցույց տամ, այն էլ ինչ-որ մեկը կոտրել էր: Գնացի տուն ու ամբողջ օրը լաց էի լինում, ինչու՝ ես էլ չգիտեմ: Բայց տղաներն ասացին, որ բան չկա, ու մի հատ էլ սարքեցինք: Ճիշտ է՝ այն մեկին չէր հասնի, բայց էլի լավն էր:

Ամռանը մեր հավաքած գումարով տարբեր ուտելիքներ էինք գնում, բակում խոտերի վրա ծածկոցներ էինք փռում ու «քեֆ» էինք անում: Տեսնելով, որ խնջույքների նկատմամբ սեր ունենք՝ մեր ծնողներն սկսեցին ամառները մեզ անտառ տանել: Հետո բակում միջոցառումներ էինք կազմակերպում. տղաները միշտ արտասանում էին, իսկ մնացած ժամանցային մասն ինձ վրա էր՝ երգում էի, պարում:

Հետո մեծացանք, բակում նոր երեխաներ հայտնվեցին, ես ընկերուհիներ ունեցա, նրանք էլ՝ նոր ընկերներ, բայց մենք մեր ընկերության մասին երբեք չէինք մոռանում: Տարիներ անց Հակոբը գնաց Երևան: Հակոբի գնալը դժվար էր և՛ իր, և՛ մեզ համար: Բայց գնալուց առաջ իր դասընկերոջ՝ Գոռի հետ ծանոթացրեց: Գոռին շատ սիրեցինք, երեկոյան հաճախ էինք միասին քայլում: Բայց Գոռն էլ գնաց Ռուսաստան: Հակոբի ու Գոռի պակասը շատ էր զգացվում: Հակոբը երբեմն գալիս էր Վանաձոր, ինչպես միշտ՝ երկուսով Զավենին էինք սպասում իրենց շենքի առջև: Մեկ-մեկ ես էի գնում Երևան: Մի անգամ, երբ Երևանում էի, Հակոբի հետ գնացինք իր սիրած աղջկա համար նվեր գնելու: Ո՛չ ինքը քաղաքը լավ գիտեր, ո՛չ էլ ես: Ամբողջ քաղաքը տակն ու վրա արեցինք, բայց, բարեբախտաբար, չմոլորվեցինք:

Հիմա շատ ժամանակ է անցել: Գոռը Ռուսաստանից վերադարձել է: Հակոբը անվճար ընդունվեց համալսարան: Մի քանի օր առաջ էլ նշեցինք Զավենի տասնութամյակը: Հուլիսի 2-ին Գոռն ու Զավենը կգնան բանակ:

Դժվար է նույնիսկ բացատրելը՝ ինչ եմ զգում: Քույրերը, որոնք իրենց եղբորը բանակ են ճանապարհում, երևի կհասկանան: Ես հարազատ եղբայր չունեմ, բայց նրանց եղբոր պես եմ սիրում: Եթե չլիներ այն ճակատագրական օրը, երբ ես ու Զավենը ծանոթացանք, երևի թե եղբայր այդպես էլ չունենայի: Չափազանց հպարտ եմ նրանցով: Մենք հիմա չորսն ենք, չորս լավագույն ընկեր: Վստահ եմ, ամեն ինչ կմնա նույնը, միակ բանը, որ կփոխվի, ժամանակն է: