Չրերի թագուհին

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Երբ գալիս է ամառը, բոլոր տներում սկսվում է եռուզեռը: Մաքրություն, գորգեր լվալ, կոմպոտներ փակել, ջեմ, մուրաբա եփել և, իհարկե, չրեր պատրաստել: Մայրիկիս հետ ես էլ եմ փորձում խառնվել այդ գործերին, ինձ զգում եմ «չրերի վարպետ» և սկսում եմ աշխատանքս: Մայրս ոսկի ձեռքեր ունի, ամեն բան գալիս է նրա ձեռքից, բայց, իհարկե, տատիկիս նման հմուտ չի ստացվում: Երկար տարիներ է, ինչ տատս չրեր է պատրաստում, բոլոր գյուղերում էլ տատիկները անմահական չրեր ունեն պատրաստած:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Կան ուտեստներ, որոնք տեսքից շատ գեղեցիկ են, իսկ իրականում այնքան էլ համեղ չեն, բայց մեր չրերը և՛ տեսքից են շատ գեղեցիկ, և՛ համն է հոյակապ: Դեռ մրգերը չհասած՝ տատս խառնվում է.

-Ըհը, արդեն կեռասը հասնում է, կարող ենք չիր պատրաստել:

-Տատ, բայց դեռ բավականաչափ չի հասել, ո՞նց ես սարքելու:

-Դու չես հասկանա, ես կանեմ՝ նոր կտեսնես:

-Լավ-լավ, դե քեզ տեսնեմ:

Ամեն տարի դա է ասում, ու իսկապես այսպես է. եթե ուզում եք չիր պատրաստել, պետք է միրգը փոքր-ինչ խակ վիճակում քաղել:

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Արդեն վերջացրել ենք կարմիր կեռասի չիրը, սկսել ենք դեղինը պատրաստել, մինչև դա էլ վերջացնենք՝ ծիրանը կհասնի, ու հերթով կանենք: Միայն մեզ համար չենք անում, այլ նաև վաճառքի: Այնքան շատ է, որ չեմ հասցնում բոլորից փորձել: Դե, ես օգնելու փոխարեն կողքից արագ-արագ ուտում եմ, որ իմ գնահատականը տամ: Հենց հասկանում եմ, որ մերոնք ասելու են՝ գնա կեռաս կամ ծիրան քաղիր, միանգամից ինչ-որ պատրվակ եմ գտնում և վազում տուն: Ի՞նչ անեմ՝ ես էլ այդ գործը չեմ սիրում: Ինչքան ասեք՝ մրգերը կկեղևազրկեմ և միջուկը կհանեմ, բայց չեմ քաղի: Մեծ սիրով բոլորին հրավիրում եմ փորձելու մայրիկիս և տատիկիս չրերը, դուք չեք փոշմանի, և կօգնեք մեզ ի վերջո հավաքել մրգերը:

arxiv

Հե՞շտ է արդյոք երեխա լինելը. մաս 2

 Իմ կարծիքով երեխա լինելը հեշտ չէ, որովհետև մեծերը շատ անգամ երեխաների կարծիքը չեն լսում: Օրինակ, մի անգամ մենք գնացել էինք Հանքավան, պետք է անցնեինք մի բարձր տեղով: Ես խորհուրդ տվեցի անցնել կողքի ճանապարհով, որովհետև ինձ թվաց, որ մեքենայի շարժիչը կվնասվի: Նրանք չլսեցին ինձ. մեքենան թեև չվնասվեց, բայց լավ շրխկաց, և իմ գլուխն այդ հարվածից կպավ դռանը և ցավեց:

 Վարդան Արշակունի, 9 տարեկան

***

-Դե, երեխաներ, – ասաց գրականության ուսուցչուհին, – գրեք, թե ամռանը ինչ եք կարդալու:

Եվ սկսեց դանդաղ թելադրել՝ ասես ցանկանալով երեխաներին տանջամահ անել:

-Չէ,- կամաց ասացի ես, – ինձ դուր չեն գալիս նրա հանձնարարած գրքերը:

Հանկարծ ուսուցչուհին լսեց իմ ասածը.

-Ուրեմն դու քո ուզածը կկարդաս, բայց քանակը այնքան, ինչքան ես եմ տվել:

-Այո,- ուրախ բացականչեցի ես:

Եվ «Սամվելը»:
-Չէ,- սահեց իմ շուրթերից, – սպանեք՝ չեմ կարդա:
-Ինչո՞ւ, – հարցրեց ուսուցչուհիս:

-Դե, ընկեր Ռաֆայելյան, ինքներդ էլ գիտեք, – կմկմալով ասացի ես:

-Լավ, որովհետև հայրասպա՞ն էր:

Ես գլուխս դրական շարժեցի:

«Ինչ լավ է, որ ես փոքր եմ, – մտածում էի ես, – եթե ես մեծ լինեի, դպրոց չէի գնա, և միգուցե ուսուցչուհուս փոխարեն իմ աշխատավայրի տնօրենին ասեի՝ չեմ աշխատի, և զրկվեի աշխատանքից»:

 Էլեոնորա Հարությունյան, 13 տարեկան

***

Երեկ պապիկս իր մանկության ճամբարից մի դեպք էր պատմում, երբ հանկարծ ասաց.

-Ռոմ, ռադիոն միացրու:

«Սիրելի ռադիոլսողներ, այսօր մեր հյուրն է»…

Հաղորդումից միայն այն էի հիշում, որ թեման ճամբարն էր, հիշում եմ վերջին նախադասությունը և վերջին հարցը.

-Բայց Հայաստանի սահմանադրության համաձայն  բոլոր երեխաներն ունեն ճամբարում հանգստանալու իրավունք: Պետությունը կարող է ճամբար ուղարկել միայն 300 երեխայի:

Ես անջատեցի ռադիոն և սկսեցի մտածել. եթե մեր կառավարությունը միայն 300 երեխայի կարող է ճամբար ուղարկել, իսկ ի՞նչ անեն մյուսները, մի քանի տասնյակ հազարավոր երեխաները: Երանի բոլոր երեխաներն էլ ճամբար գնային: Այսպես երազելով ես շարունակում էի լսել պապիկիս պատմությունը, որը հին ու բարի օրերի մասին էր: Երբ գործում էին ոչ թե 6, այլ տասնյակ ճամբարներ: Իսկ ամառվա տապը բոլորիս է անխնա նեղում:

Նարինե Դանեղյան, 11 տարեկան

 ***

-Երեխաներ, հանեք ձեր տետրերը և սկսեք գրավորը:

Իսկ այդ ժամանակ ես նստել, երազկոտ հայացքս հառել էի մի կետի: Հանկարծ մեկը մեջքիցս բոթեց:

-Տղա ջան, քանի՞ անգամ ասեմ, որ հանես տետրդ և սկսես գրել, – բարկացավ ընկեր Համբարձումյանը, – ինչո՞ւ չես գրում, կարո՞ղ ես ինձ բացատրել:

-Հավես չունեմ,- ասացի ես, քանի որ դա այն առաջին բառն էր, որ եկավ մտքիս:

-Տղա ջան, ի՞նչ ասել է՝ հավես չունեմ:

-Ոչ, ընկեր Համբարձումյան, մի նեղացեք, ուղղակի ուրիշ պատճառ կա:

-Կարելի՞ է իմանալ:

-Սիրահարվել եմ, ընկեր Համբարձումյան, – ցածր ձայնով ասացի ես, սակայն ամբողջ դասարանը լսեց:

-Դե, լավ, հասկանալի է: Շարունակիր երազել:

 Դավիթ Բաբայան, 14 տարեկան

 ***

-Ախր, ինչո՞ւ ծրագրային գրքերը չես կարդում, հանրիդ ամառայինները չես անում. չէ՞ որ մաման միշտ բողոքում է, – մտահոգված հարցնում էի քրոջս:

-Է՜, Նանե, լա՜վ, էլի, հիմա էլ դու, ձանձրալի է, չե՞ս հասկանում:

-Լավ, լավ, – թեման փոխեցի՝ հասկանալով, որ այնքան էլ հաճելի խորհուրդ չեմ տալիս:

-Նան, տես, ծաղիկներս լավն են, չէ՞, իսկ էս ծառի մոտից ես ժամերով ամպերն եմ հաշվում, մայրամուտն եմ դիտում, իսկ էս վերջերս էլ Մարսն եմ դիտում:

-Դե լավ, էլ մի փիլիսոփայի, ես գիտեմ, որ այգում քո զբաղմունքը միայն երազելն է:

-Լավ, էդ մի կողմ, էն կինոն նայեցի՞ր, որ ասել էի: Էնքան հետաքրքիր էր: Տեսա՞ր էն մասը, որ աղջիկն իր աստղը գտավ երկնքում:

-Չէ, չեմ նայել, դաս էի անում:

-Է՜, Նան, ինչ անհավես մարդ ես:

Հիմա հասկացա՞ք՝ ինչու քույրս, գրականությունից բացի, էլ դաս չի անում: Նա այնքան ռմանտիկ է, էլ ի՞նչ դաս, ի՞նչ պատմական գիրք: Հիմա ո՞վ է ճիշտ, դաս անողնե՞րը, թե՞ քույրս:

 Նանե Սահակյան, 14 տարեկան:

***

-Էրեխեք, ամառվա համար տված գրքերը կարդացե՞լ եք, – հարցրեց Վահեն:

-Չէ, հա, հո չե՞նք գժվել,-ձգելով արտասանեց Հարութը, և բոլորը լուռ հարգանքով նայեցին նրան: Այդ պահին Հարութը, պարզ է, իրեն յոթերորդ երկնքում էր զգում: Չէ՞ որ նա այդ պահին «իսկական տղա էր», որը չի վախենում ուսուցիչներից, գիտի իր ժամանակը ճիշտ օգտագործել և չի տարվում «ղզիկական» զբաղմունքներով:

-Ճիշտ ա, բա հո չե՞նք նստի գիրք կարդանք, – ասաց Սերգեյը, զզվանքով շեշտելով վերջին երկու բառերը:

Գիրք չկարդալը հիմա այնքան էլ պատվաբեր չէ: Ով չի կարդում, նա հերոս է ուրիշների աչքին: Անընդհատ ասում են.

-Գիրքը քեզ ի՞նչ ապագա:

Պատճառը միայն ծուլությունը չէ, ուղղակի, երբ չես կարդում և բոլորին ասում. «Հո գիրք չե՞նք կարդալու», ապա հերոս ես:

Երեխաներին մնում է ընտրել կարդա՞լ, թե՞ հերոս դառնալ: Ընտրությունն այնքան էլ բարդ չէ:

 Գոռ Բաղդասարյան, 15 տարեկան 

2003թ.

svetlana davtyan

Արտագաղթ

Ամեն օր լսում եմ, թե ինչպես են Հայաստանից հեռանում շատ ընտանիքներ: Հեռանում են ընդմիշտ, հեռանում են ամբողջ ընտանիքով: Ես այլ երկրում երբևէ չեմ ապրել, բայց լավ գիտեմ՝ ինչ է նշանակում, երբ հարազատներդ գտնվում են քեզանից շատ հեռու, օտարության մեջ:

Վերջերս ընկերներիցս մի քանիսը նույնպես ընտանիքներով ընդմիշտ հեռացան: Ես ունեմ մի շատ մտերիմ ընկերուհի՝ Մարգարիտան: Արդեն ինը տարի է, ինչ իրար ճանաչում ենք: Մագան ծնվել և մինչև դպրոց գնալը ապրել է Ֆրանսիայում, բայց հետո վերադարձել են հայրենիք: Այստեղ ընդունվել է դպրոց, ստացել է հայկական կրթություն: Զրուցելիս հաճախ էր ասում, որ պետք է վերադառնան Ֆրանսիա: Այդ թեմայով վերջին զրույցից անցել էր մի քանի ամիս, արդեն մտածում էի, որ գուցե ցանկություն կա, բայց չեն հեռանա: Բայց եղավ այն, ինչն ամենաքիչն էի ուզում: Իմացա, որ հեռանում են, արդեն ամեն ինչ պատրաստ էր: Իրար հրաժեշտ տվեցինք և խոստացանք ամեն օր զրուցել: Արդեն յոթ ամիս է, ինչ հեռացել են երկրից: Մագան գնում է քոլեջ, սովորել է լեզուն, ձեռք է բերել նոր ընկերներ, ամեն ինչ լավ է: Իհարկե, մենք կապի բոլոր միջոցներով շարունակում ենք մեր շփումը, բայց միայն վիրտուալ: Չենք կարող հանդիպել, տեսնել իրար, միայն ինտերնետի միջոցով ենք կարողանում շփվել: Հուսով եմ, որ մի օր նորից կզրուցենք իրար հետ կողք-կողքի նստած, և ոչ թե էկրանից այն կողմ:

anush hovhannisyan

Դպրոցական «ընտրություններ»

Ի՞նչ, արձակուրդներից երեք շաբա՞թ է անցել: Ա՜խ, կարծես մի ողջ հավերժություն անցած լինի: Արդեն հասցրել եմ կարոտել դասարանիս, երեխեքին, մեր ընտրական դասամիջոցները: Ինչո՞ւ ընտրական, հիմա բացատրեմ:

Ուրեմն, մենք դասարանում 13 աղջիկ ենք և 3 տղա: Դե, աղջիկներն էլ ոչ պակաս թիթիզ են, իսկ բարձր դասարանի տղաներն էլ «սրտից թույլ»: Երբ զանգը հնչում էր, պետք է հասցնեինք արագ դասարանից դուրս գալ, որովհետև վայրկյաններ հետո դասարանի դռան առաջ ընտրական շտաբ էր ձևավորվում: Մեր «շատ սիրելի» տղաները մեզ չափում-ձևում, ոտքից գլուխ տնտղում էին, իսկ հետո ընտրված աղջիկը դպրոցում պահակազորով էր քայլում: Ա՜խ, տղաներ, ինչ հետաքրքիր եք դուք: Մի կարգին ծիծաղում էինք մենք ձեզ վրա ախր:

Մի դեպք էլ պատմեմ: Մի անգամ այնքան եկան դուռը թակեցին՝ գրիչի կամ այլ իրի պատրվակով, որ մենք` հանճարեղ աղջիկներս, որոշեցինք դռան վրա գրություն փակցնել, որը հետևյալն էր.

«Դուռը չբացե՛լ: Գրիչ, մատիտ, ռետին կամ քանոն չպահանջե՛լ, չկա՛»:

Դե իհարկե, նրանք չհանդուրժեցին այդ արգելքը, և հաջորդ օրը չկար գրությունը, բայց մենք մեր զենքերը վայր չդրեցինք. մի քանի անգամ էլ գրեցինք ու փակցրինք:

Իսկ արդեն այս սեպտեմբերից ընտրական հանձնաժողովը փոխված կլինի. դե, ավարտել են ու գնացել: Ճիշտ է, շատ էինք բարկանում նրանց վրա, բայց դե, չեմ կարող չխոստովանել, որ առանց նրանց էլ անհետաքրքիր ու տխուր կլինի: Հիմա էլ ո՞ւմ վրա պետք է ծիծաղենք:

Է՜հ, կարոտել եմ դպրոցս: Ուզում եմ քնել և առավոտյան արթնանալ ու իմանալ, որ սեպտեմբերի 1-ն է:

syuzi babayan voskehat

Քննություններ

Մի քանի ամիս առաջ իմացանք, որ մեր՝ իններորդ դասարանի քննությունները լինելու են բանավոր: Վերցրինք հարցատոմսերը և սկսեցինք պարապել: Ուսուցիչները մեզ ամեն կերպ օգնում էին: Արդեն անցել են մեր վեց քննությունները՝ շատ լարված ու մեծ սպասումներով: Մենք դասարանի երեխաներով ունենք մի ավանդույթ, որը սովորել ենք մեր աշխարհագրության ուսուցչուհուց միջոցառումներից մեկի ժամանակ: Բոլորս հավաքվում ենք մի վայրում, բռնում միմյանց ձեռքերը, կազմում շրջան ու մեկս մյուսի ձեռքը սեղմելով՝ միմյանց ենք փոխանցում մեր ուժերը: Շատերը մտածում են, թե դա չի օգնում, սակայն շրջանն իր մեջ ունի մեծ ուժ: Այդ ավանդույթի շնորհիվ մեզ այսօր մնացել է հաջող հանձնել ընդամենը մեկ քննություն: Ամեն քննությունից առաջ մտածում ենք, թե չենք կարող հաջող հանձնել, բայց կարողանում ենք:

Nane Eghiazaryan

Հանուն ավելի կարևորի

Այս ամառ ես փնտրում եմ աշխույժ զբաղմունքներ, բայց մինչ օրս չեմ գտնում: Շատերի համար աչքերը բացելուն պես արև տեսնելն արդեն լավ օրվա սկիզբ է, բայց ինձ լավ տրամադրություն ունենալու համար միայն արևը չի հերիքում: Իմ կարծիքով, ամռանը պետք է հանգստանալ լիովին. պետք է հայտնվել մի աշխույժ խմբում, ընտրել թեմա՝ հետաքրքիր զրույց վարելու համար, կամ ինչ-որ լավ բան անել, ու օրը դարձնել անմոռանալի:

Հունիսի առաջին օրերը հենց այսպես էլ երևի անցնում էին, երբ հանկարծ մայրս ինձ հարցրեց՝ արդյոք ուզո՞ւմ եմ անգլերենս բարելավել: Նա շատ զարմացավ, երբ տեղիցս վեր թռչելով՝ «այո» ճչացի: Անկեղծ ասած, ես էլ զարմացա իմ այդ մեծ ուրախության վրա: Մայրս ասաց, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոսներից մեկը անգլերենի դասեր է տալիս Եղեգնաձորի «Գալիք» համալսարանում ամեն շաբաթ և կիրակի օրերին: Ես համաձայնեցի ամեն շաբաթ օր հանուն անգլերենի արթնանալ առավոտյան շուտ, Ջերմուկից գնալ Եղեգնաձոր, և ամեն երկուշաբթի վերադառնալ Ջերմուկ:

Սկսվեցին դասերը, որոնցից ես իսկապես հաճույք էի ստանում: Հանկարծ տեղեկացա, որ էկոտուրիզմի փառատոն կա, որին կարող եմ մասնակցել, բայց շաբաթ և կիրակի օրերին է: Որոշեցի դրանից հրաժարվել հանուն գիտելիքի, հետո ամբողջ ֆեյսբուքյան էջս սկսեց լցվել ամառային ճամբարների մասնակցելու հայտերով, բայց ես ոչ մեկին չեմ կարող մասնակցել, որովհետև շաբաթ-կիրակի զբաղված եմ: Սկսեցի իմ սովորության համաձայն դժգոհելով ման գալ, երբ եղբայրս ինձ մի լավ խորհուրդ տվեց. «Երբեմն ամենամեծ գանձին հասնելու համար պետք է հրաժարվել մանրերից, որոնք միգուցե շատ են, բայց այնքան արժեք չեն ունենա, ինչքան մեծը»: Եվ իսկապես, եղբորս խոսքերը լսելուց հետո դադարեցի դժգոհելուց: Ամեն տարի էլ կլինեն ճամբարներ, էկոտուրիզմի նոր փառատոներ և միջոցառումներ, բայց ամեն տարի հնարավորություն չես ունենա մասնակցելու նման դասերի: Դեռ մեկ ամիս էլ չեմ գնացել պարապմունքների, բայց գրեթե ամբողջությամբ հասկանում եմ, թե ինչ են խոսում անգլիացխոսները (իմ քաղաքում նրանց հանդիպելը դժվար չէ):

Հուսով եմ, որ իսկապես կկարողանամ հասնել արդյունքի, որովհետև այս ամռան հետ կապված բոլոր պլաններս մի կողմ եմ դրել, որպեսզի հասնեմ «ամենամեծ գանձին»:

Մանդակի հետևից

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Ապրուստի միջոց վաստակելու համար գյուղի տղամարդիկ մեկնում են արտերկիր, բայց կանայք էլ անգործ չեն նստում և սպասում, թե երբ ամուսինները կաշխատեն ու մի քիչ գումար կուղարկեն: Նրանք փորձում են ամեն կերպ թեթևացնել ամուսինների «վզին դրված» հոգսերը:

Մայիսից մինչև հունիս մեր գյուղում ամեն օր կանայք ոտքով կտրում և հասնում են գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող դաշտերը, որպեսզի մանդակ հանեն: Մանդակը վաճառում են, կամ էլ իրենք են կերակուր պատրաստում դրանից: Մայրս նույնպես բոլոր կանանց հետ գնում է դաշտ:

Գիտե՞ք, տարիներ առաջ, երբ շատ փոքր էի, ուրախանում էի, որ նա գնում է դաշտ՝ մանդակի, որովհետև գիտեի, որ մանդակի գումարով մեզ կոնֆետներ ու պաղպաղակ է գնելու, իսկ հիմա… Հիմա ամեն անգամ, երբ մայրս դաշտից վերադառնում է, ես տեսնում եմ, որ նա շատ հոգնած է: Ինձ այնքան վատ եմ զգում, որ չեմ աշխատում ու հնարավորություն էլ չունեմ աշխատելու, իսկ դրա փոխարեն մայրս ամեն օր՝ թե՛ ցուրտ, և թե՛ տաք եղանակին դաշտերում է: Բայց այն հարցին, թե չե՞ն հոգնում արդյոք այդքան քայլելուց ու կռացած մանդակ հանելուց, մայրիկս պատասխանեց, որ որքան էլ հոգնեն, միևնույնն է, նորից գնալու են: Երբ մանդակը տանում են շուկա, վաճառում, սեփական քրտինքով գումար են վաստակում իրենց երեխաների համար՝ մի ամբողջ աշխարհ արժե:

arxiv

Հե՞շտ է արդյոք երեխա լինելը. մաս 1

-Գնա խանութ, թթվասեր ու հաց առ:
-Է՜, մամ, հավես չկա, մինչև վեր կենա՜մ, հագնվե՜մ…
-Կարող ես այդպես էլ գնալ:
-Մա՜մ…
-Վե՛ր կաց, փոշին հավաքի՛ր:
-Լա՜վ, էլի՜:
-«Լավ էլի»-ին ես պիտի ասեմ, քանի ժամ է՝ հեռուստացույցի դիմաց նստած ես: Գոնե վեր կաց, դաս արա:
-Ո՜ւֆ:
-Էլ չկրկնեմ:
-Լա՜վ:
-Ոչ մի լավ:
-Ասում եմ՝ լավ, կգնամ:
-Ես գիտեի, որ կգնաս:
-Ես էլ…

Անուշ Մուրադյան, 14 տարեկան

***

Ասում են՝ յուրաքանչյուր սերունդ իր նախորդից խելացի է 25 տոկոսով: Սակայն բոլոր մեծերն անընդհատ բողոքում են.

-Այս ի՞նչ սերունդ է, կարդալ չի ուզում, սովորել չի ուզում, ոչ մի հետաքրքրություն չունի, մենք իրենց տարիքում…

Ասում են՝ դեռ հին հույներն են բողոքել նոր սերնդից: Սակայն ինձ թվում է՝ մեր մեծերի բողոքը ճիշտ է: Հենց ես, երբ մայրիկս հիշեցնում է, որ դաս պիտի սովորեմ կամ որևէ գործ անեմ, գուցե բարձրաձայն չեմ ասում, բայց մտածում եմ.

-Օ՜ֆ, հավես չունեմ:

Չգիտեմ էլ, թե ինչում: Միգուցե վախենում եմ դժվարություններից կամ, ավելի ճիշտ, ալարում եմ: Այնուամենայնիվ, մի կերպ վեր եմ կենում ու անցնում գործի: Գիտեմ, որ «անհավեսությունը» վատ հատկություն է, բայց պետք է կամքի ուժ ունենալ ու հաղթահարել այդ զգացումը:

Լուսինե Հակոբյան, 14 տարեկան

***

Մի անգամ առավոտյան ժամը 7-ին պետք է գնայինք վազելու: Ես էլ էի ուզում գնալ:

-Մամ, կթողնե՞ս ես էլ գնամ:
-Ո՞ւր:
-Օպերա, մամ, խնդրո՜ւմ եմ:
-Ոչ:
-Մամ, ախր, շա՜տ եմ խնդրում:
-Ոչ, որովհետև եթե գնաս, Սուսիկն էլ կուզենա գալ, Մարիամն էլ: Իսկ նրանք դեռ փոքր են:
-Իրենք չեն իմանա, թաքուն կգնամ:
-Այլևս ոչ մի առարկություն:

Մի խոսքով, առավոտյան շուտ արթնացա ու գնացի, ոչ մեկը չարթնացավ: Բայց քիչ հետո օպերայի բակում հանդիպեցի մայրիկիս… Հիմա անհնազանդության պատճառով պատժվում եմ:

Ռիմա Տոֆանյան, 12 տարեկան

***

Մի անգամ ես և մայրիկս գնացել էինք տոնավաճառ՝ ինձ կիսաշրջազգեստ գնելու: Շատ շրջեցինք տոնավաճառում, և հանկարծ իմ աչքով մի գեղեցիկ կիսաշրջազգեստ ընկավ:

-Մամ, այ մամ, նայիր, ինչ գեղեցիկ կիսաշրջազգեստ է, կգնե՞ս:
-Ոչ, ես ուրիշն եմ տեսել, դա եմ գնելու:
-Բայց ես դա չեմ ուզում:
-Դու չես հասկանում, ինձ մի բարկացրու, թե չէ՝ ոչինչ չեմ գնի:

Ի վերջո մայրիկս գնեց իրեն դուր եկած կիսաշրջազգեստը: Ես ոչինչ չասացի, որ չբարկացնեմ, բայց այդպես էլ այն ոչ մի անգամ չհագա:

Հրանուշ Մուրադյան, 13 տարեկան

***

Մեր հարևան Տիգրանչոն մի օր եկավ մեր տուն: Խաղալիքներս այդ օրը հանել էի մաքրելու: Եկավ և իր թլոշ լեզվով ասաց.

-Ալամ, ալի խալանք:

Նստեց մեծ ավտոմեքենաս, ես էլ սկսեցի քշել նրան: Հայրիկս տեսավ, թե ինչպես եմ խաղում Տիգրանչոյի հետ և ծիծաղեց, բայց ինձ թվաց, որ բարկացավ: Հաջորդ օրը նա ինձ ասաց.

-Դու հո երեխա չե՞ս:

Տիգրանչոյի կողքին ես, իհարկե, մեծ եմ, բայց չէ՞ որ ես էլ եմ երեխա, միայն մի քիչ մեծ…

Արամ Աբրահամյան, 11 տարեկան

***

Այո, շատ հեշտ է, որովհետև ես ոչ լվացք եմ անում, ոչ ճաշ եմ պատրաստում, անում եմ այն, ինչ ուզում եմ:

Մի օր, երբ տանը մենակ էի, չգիտեի՝ ինչով զբաղվել: Որոշեցի ընկերուհուս կանչել, համոզված էի, որ մայրիկս չի բարկանա: Այդպես էլ եղավ: Իսկ մայրիկիս համար շատ դժվար է: Նա ամեն օր աշխատում է, մաքրում է տունը, մեզ է կերակրում, հետևում է շանը և այլն: Երբ ես քնում եմ, մայրիկս, քնաթաթախ նստած, սպասում է հայրիկիս: Երբ հայրս գալիս է, մայրիկս նրան էլ ընթրիք է տալիս և նոր պառկում է քնելու: Մեծ լինելը շատ դժվար է:

Մանե Ծատուրյան, 10 տարեկան

***

Մի անգամ մեր դասարանի աղջիկներով որոշեցինք գնալ կինոթատրոն: Ես զանգեցի ընկերուհուս և հարցրի.

-Հը, Արմինե, թողե՞ց քեզ մայրիկդ:
-Այո, իսկ քեզ թողեցի՞ն:
-Դեռ չեմ խոսել:

Մինչև մայրիկիս գալը ես հավաքեցի սենյակը, ափսեները լվացի: Եթե նա ինձնից գոհ լինի, անպայման կթողնի: Երբ մայրիկս աշխատանքից տուն եկավ, գովեց ինձ: Այ, հիմա կարելի է ասել:

-Մամ, կլինի՞ վաղը Արմինեի հետ գնամ կինո:
-Իսկ ձեզ հետ մեծ մարդ լինելո՞ւ է:
-Ոչ:
-Այդ դեպքում՝ ոչ, դու դեռ փորք ես, ինչպե՞ս պետք է մենակ գնաս, ինչպե՞ս պիտի փողոցն անցնես:

Ընկած տրամադրությամբ զանգեցի ընկերուհուս: Պարզվեց, որ նրա մայրիկը նույնպես չի թողել, իմանալով, որ մեծերիս ոչ ոք չի լինելու:

Նաիրա Չալաբյան, 12 տարեկան

***

-Վա՜յ, գործեր ունեմ,- ասաց մորաքույրս,- չեմ կարող քեզ դասից վերցնել:
-Ես էլ չեմ կարող,- ասաց հայրիկս:
-Զանգենք Լիլիթին, թող ինքը վերցնի:
-Ես կարող եմ ինքնուրույն գալ տուն,- ասացի ես:
-Ոչ մի դեպքում,- ասաց մորաքույրս,- գյուղով անցնելիս որևէ բան կպատահի:

Ասեմ, որ դպրոցի դիմացի երթուղայինը գալիս է մինչև գյուղի կեսը, իսկ այնտեղից մինչև մեր տուն ընդամենը մեկ կիլոմետր է: Այս մեկ կիլոմետրից էլ վախենում է մորաքույրս: Մի՞թե նա չի հասկանում, որ գյուղում շուրջ բոլորն իմ լավ ընկերներն են: Ի՞նչ անենք, որ նրանց չի ճանաչում:

Ծովինար Տալյան, 12 տարեկան

***

Ամառային արձակուրդն է: Տանը հեռուստացույց եմ նայում: Զնգաց հեռախոսը:

-Ալլո, Էլլա:

-Բարև, մամ:

-Ո՞նց ես:

-Լավ եմ:

-Ի՞նչ ես անում:

-Ը՜մմ:

-Էլի երաժշտական ալի՞քն ես նայում:

-Հա: Մամ, այսօր Արմինեն հրավիրեց իրենց տուն:

-Գնալո՞ւ ես:

-Չէ՜, մինչև հագնվե՜մ, սանրվե՜մ, օ՜ֆ, հավես չունեմ: Կասեմ՝ թող ինքը գա մեր տուն:

Քիչ անց զանգեցի Արմինեին.

-Արմին, լսիր, այսօր ես չեմ կարող գալ: Կլինի՝ դու գաս:

-Չգիտե՜մ, մինչև հագնվե՜մ, սանրվե՜մ, տնից դուրս գա՜մ: Հավես չկա:

Դրեցի խոսափողը և պատկերացրի, որ եթե չծուլանայի, հիմա Արմինեի հետ նստած համով-հոտով զրույց կանեինք:

Էլեոնորա Հարությունյան, 14 տարեկան

marta minasyan

Արջը՝ կով

Սովորության համաձայն ամռանը դասարանով գնացինք էքսկուրսիայի: Այս տարի՝ դեպի Արցախ: Գիշերվա 2-ն անց 30 էր, և բոլորս՝ այդ թվում նաև վարորդը, շատ հոգնած էինք: Մի պատահական վայրում կանգնեցինք, որպեսզի հանգստանանք մի քիչ ու սնվենք, վարորդն էլ այդ ընթացքում փորձեց քնել: Դե, մենք ուտում ու կատակում էինք: Այդ ժամանակ ծնողներից մեկը մեզնից քիչ հեռու հեռախոսով էր խոսում: Հանկարծ մի ձայն լսեց, հետո կարծեց, թե թվացել է, բայց մեր դասարանի տղաներից մեկն էլ ասաց, որ նույնպես լսել է: Հետո բոլորս լսեցինք այդ ձայնը, և մի քանի աղջիկներ վախից մտան մեքենան, 2 րոպե չանցած՝ նորից դուրս եկան: Ստուգելու համար տղաներից մեկը քար նետեց ձայնի կողմը, իսկ այնտեղից արջի բարձր ձայն ելավ:

-Հորս արև, երեխեք, արջ ա,- բղավեց նա:

Բոլորս՝ տղաները նույնպես, բարձր ձայներ արձակելով՝ մտանք մեքենան: Վարորդն այդ պահին տեղից վեր թռավ, իսկ նրա վրայի ծածկոցը թռավ օդ: Դե, ես այդ ամենը տեսա: Բայց մի տեսակ չհավատացի, որ արջ եմ տեսնում, ավտոբուսից գլուխս հանեցի: Այդ պահին մի մեքենա անցավ և լույս գցեց արջի վրա, բոլորը նորից վախեցած հետ քաշվեցին, իսկ ես հետաքրքրությունից դրդված ուշադիր նայեցի ու տեսա, որ դա ընդամենը կով է ու բարձր ծիծաղեցի՝ ասելով, որ այնտեղ կով է: Նրանք շարունակում էին մտածել, որ արջ է, ու կարծես նրանց վրա ազդել էր վախի գործոնը. սմբակավոր կովին արջի տեղ էին դրել: Դե, բոլորը հանգստացան, ու ամբողջ ճանապարհին մի կուշտ ծիծաղեցինք՝ ամեն մեկս մյուսի վախեցած պահվածքը ծաղրելով:

valentina chilingaryan ararat

Մի ամլիկ գառ …

Սովորականի պես օրվա լրահոսն էի կարդում, մեկ էլ տեսնեմ՝ «մի ամլիկ գառ, իրեն համար…» Չէ: Ջուր չէր խմում առվակից: «Ջրառատ գյուղում 8-ոտանի, 2 պոչանի, 3 աչքանի գառնուկ է ծնվել» նյութի վերնագրից ելնելով, հետաքրքրությամբ բացեցի այն: Կարդում եմ նյութը, ու ոգևորվում, որ մեր հայ գիտնականները նոր ուսումնասիրության առարկա ունեն: Նոր էքսպերիմենտներ, նոր լուծումներ…

Դե բնական է, կենդանին կենդանի չէր կարող մնալ, բայց գոնե կարելի էր պարզել նրա այդպիսին ծնվելու առեղծվածը: Միանգամից զանգեցի ընկերոջս ու պատմեցի դեպքը: Սկսեցինք վարկածներ առաջ քաշել, թե որն է գառնուկի այդպիսին ծնվելու պատճառը: Ու քանի որ ինֆորմացիան բավարար չէր, որոշեցի ավելի շատ մանրամասներ իմանալ:

Րոպեներ հետո հաղորդագրություն ուղարկեցի նյութը լուսաբանողին` Գագիկ Շամշյանին: Նամակում խնդրել էի այդ ընտանիքից որևէ մեկի հեռախոսահամարը: Անցան ժամեր: Չիմացա թե ինչպես խորը քուն մտա: Առավոտյան ստացել էի նամակի պատասխանը: Շա՜տ ուրախացա: Սիրտս վկայում էր, որ գնալու եմ Ջրառատ: Զանգահարեցի ինձ ուղարկված հեռախոսահամարով, ներկայացա, հետո ճշտեցի եղելությունը: Սկսեցի ներկայացնել նպատակս: Զրուցակիցս ծեր մարդ էր, որովհետև զգացվում էր ձայնից: Ասաց.

-Աչոն ջան, ինչ ասում եմ, գրի՛:

Դե ինձ նյութը պետք չէր, նյութին ծանոթ էի, բայց ամեն դեպքում որոշեցի լսել Զոհրաբ պապիկին: Ոգևորված պատմում էր գառնուկի մասին, իսկ ես համբերատար լսում էի՝ սպասելով, որ հարցնեմ. «Իսկ ի՞նչ արեցիք գառնուկի հետ»:

-Գրու՞մ ես, աչոնիկ ջան,- երկար պատմությունից հետո հարցրեց Զոհրաբ պապը,- ուզու՞մ ես նորից թելադրեմ: Դու հանգստացի՝ գրի, հանգստացի՝ գրի:

-Չէ, պապի ջան, շնորհակալ եմ, նյութին տեղյակ եմ: Դուք ասեք՝ վերջը: Վերջը, որտե՞ղ ուղարկեցիք գառնուկին հետազոտության:

-Աչոն ջան, մեր գառնուկը սատկեց:

-Էհ, պապի ջան, բա չհետաքրքե՞ց, թե ինչու է գառնուկը այդպիսին ծնվել: Ես ուզում եմ ինքս տեսնել, ուղղակի Ձեր թույլտվությունն եմ խնդրում: Հիմա որտե՞ղ է գառնուկի անշնչացած մարմինը:

-Գառնո՞ւկը: Աչոն ջա՛ն, էն փոքր թուլես`թոռս, տարավ գցեց շան դեմը: Ա՜խր, շատ չար ա, է, թոռս:

-Ու՞,- հույսը չկտրած անբուժելի հիվանդությամբ տառապող մարդու նման հարցրի ես:

-Ո՞ւ: Դու էն ասա, հասցնո՞ւմ ես գրել:

-Հա, պապի ջան, շնորհակալ եմ շատ, շատ օգնեցիք: Ձեզ առողջություն: Լավ մնացեք:

Ո՞ւ … Լավ պապիկ էր Զոհրաբ պապը: Չալարեց, ու նորից պատմեց ինձ ողջ եղելությունը: Գառնուկին հետազոտել չստացվեց, բայց դրա փոխարեն հիմա այս պատմությունն եմ գրում:

Առողջություն աշխարհի բոլոր պապիկներին ու տատիկներին: