astghik ghazaryan

Իմ պապերն ու հայրերը

Ողջույն: Ես Աստղիկն եմ: Ինչպես պապիկիս մոր, այնպես էլ Ամայիս մոր անունը Աստղիկ է եղել: Պապիկս ասում է, որ իր մոր անունն է, իսկ տատիկս` իր մոր: Երկու Աստղիկն էլ և ֆիզիկապես, և հոգեպես շատ ուժեղ են եղել: Երևի ես նրանց եմ քաշել, բայց մի տարբերությամբ. ես հոգեպես այդքան էլ ուժեղ չեմ: 1937 թվականին մեր ընտանիքը երկակի գլխատվեց. Աբրահամ և Գրիգոր պապիկներս աքսորվեցին, և առ այսօր նրանցից ոչ մի տեղեկություն չունենք: Աբրահամը Ամայիս հայրն է: Նա աքսորվել է ղաչաղներին օգնելու, ուտելիք տրամադրելու համար: Եղել է գերբնական ուժի տեր մարդ: Գրիգորը` պապիկիս հայրը, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի ժամանակ մի թուրք  փորձել է սպանել նրա հրամանատարին: Այդ տեսնելով Գրիգորը սպանել է թուրքին և փրկել հրամանատարի կյանքը: Պարզվել է, որ մահափորձ կատարողը կին է եղել: Որպես խրախուսանք պապիկս ստացել է իր հրամանատարի թուրը, որը հիմա կախված է Երեմ պապիկի սենյակի պատից:

Իսկ հիմա անդրադառնամ Երեմ պապիկին: Նա կենդանի լեգենդ է: 1952թ. նա դարձել է Անդրկովկասի ձիարշավի չեմպիոն: Պատմեմ մի հետաքրքրաշարժ դեպք: Մեր գյուղում հարսանիք է եղել, որին մասնակից է եղել նաև պապիկս: Հարսանիքի ցուլը փախել է, ամբողջ գյուղը վրա է հասել, չի կարողացել բռնել: Վերջը պապիկս հասել, ցուլի պոզերից բռնել է ու գետնին տապալել:

Այս ուժեղ գեները փոխանցվել են երեք հայրիկներիս, բայց ավելի շատ միջնեկ հայրիկիս` Կամոյին, որին ընտանիքում Կակայ ենք անվանում: Ինձ թվում է, այս աշխարհում նրա նման աշխատասեր մարդիկ շատ քիչ են: Նա առավոտից երեկո աշխատում է, սակայն իր աշխատածի դիմաց շատ չնչին է վարձատրվում:

Այս ամենը կարդալով կմտածեք, թե գլուխ եմ գովում, բայց ոչ, ես գրում եմ զուտ իրականությունը:

Հրապարակվել է 27.04.2014

Nare Ohanyan

Դու չես կրկնվի

Դու չես կրկնվի։
Քեզնմանները մի հատ են լինում
և միշտ մեկինը:
Որովհետև դու չես սիրում կրկնվողներին,
և ես էլ պիտի միշտ միակ մնամ՝
Չկրկնվող,
Չփոխարինվող,
Չփոխարինող…

Դու չես կրկնվի.
Քեզնմանները մի անգամ են ծնվում,
և նրանց սիրում են մի անգամ միայն։
Դու…չես կրկնվի,
Քեզ չեն կրկնի,
Որովհետև դու մեկն ես,
և իմը.
Ես քեզ չեմ փոխի՝
Դու չկրկնվող ես…

Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը

Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30 , 2022։

Դիմելու հայտը՝ այստեղ։

Տեղեկատվական այժմյան հոսքերի մեջ ավելի ու ավելի է արժևորվում պատասխանատու, վստահելի և ստուգված բովանդակությունը։ Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ճկուն, ստեղծարար և պատասխանատու լրագրողների, որոնք իրենց հրապարակումներով ազդեցություն են ունենում որոշումների կայացման և հասարակական գործընթացների վրա։

Այս տարվա նախնական դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

●      Հետաքննական լրագրություն,

●      Տվյալների լրագրություն,

●      Վիդեո լրագրություն,

●      Նկարահանում և մոնտաժ,

●      Տվյալների վիզուալացում և անիմացիա,

●      Ֆոտո լրագրություն,

●      Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),

●      Փաստերի ստուգում,

●      Տնտեսական և ֆինանսական լրագրություն,

●      Անգլերենը լրագրողների համար,

●      Էթիկա և մեդիա օրենսդրություն,

●      Թվային անվտանգություն։

Եթե ցանկանում ես տիրապետել գրելու, նկարահանման, մոնտաժի, տվյալների վիզուալացման, վերլուծական հմտություններին և կիրառել դրանք հետաքննական և մուլտիմեդիա լրագրության մեջ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։

Այս տարի 30 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից ուրբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:10 և 14:30 – 17:40։

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել՝

●      18 տարին լրացած անձինք,

●      լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,

●      գործող և ֆրիլանս լրագրողները,

●      մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։

Դիմեք Մեդիա Գործարան, եթե

●      կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,

●      պահպանում եք վերջնաժամկետները,

●      պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,

●      գնահատում եք կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,

●      ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրության փուլեր՝

●      նախնական դիմում-հայտերի դիտարկում,

●      հարցազրույց և տեղում հանձնարարություն,

●      վերջնական ընտրություն և հաստատում։

●      Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30 , 2022։

Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հետք Մեդիա Գործարանի երրորդ ակադեմիական տարին հայտարարվում է միջոցների առկայության պայմանով։

Ջուլիի հաջողության գրավականը ձգտումն է

«Ունեմ մի սկզբունք. եթե Ա կետից պետք է հասնել Բ կետ, ինչ էլ ուզում է լինի՝ ես կհասնեմ»,- մեզ հետ զրույցում ասաց պարուհի Ջուլի Փափախչյանը։

Ջուլին 20 տարեկան է, մասնագիտությամբ՝ պարուհի։ Ունի տարբեր նախասիրություններ, վարում է ակտիվ կենսակերպ։ Ծնվել է ՌԴ – ում, 4 տարեկան է եղել, երբ տեղափոխվել են Հայաստան, և մայրը որոշել է, որ երեխան պետք է հաճախի պարի խմբակ։ Հենց այդտեղից էլ սկսվել է նրա ընթացքը պարարվեստի հեքիաթային աշխարհում։

Ջուլիի ոգեշնչման աղբյուրը առաջին պարուսույցն էր։ Նրա շնորհիվ է սիրել պարարվեստը և տարվել դրանով։ Ավարտել է Կարմիրգյուղի մանկական արվեստի դպրոցի պարային բաժինը։ Հաճախել է «Ադանա» պարային համույթի, ինչպես նաև Amaras Dance Studio-ի դասերին։ Այժմ պարում է Level dance Studio-ում։ Ունի իր սեփական ստուդիաները Գավառում և Երևանում։ Գավառի խումբը հիմնադրել է 2020 թվականին, իսկ Երևանի խումբը`  2021֊ին։ Ստուդիան իր անունով է՝ Juli Dance Studio: Դասավանդում է տարբեր ոճերի պարեր՝ հայկական ժողովրդական, հիփ հոփ և այլն։ Աշխատում է երեքից մինչև տասնյոթ տարեկանների հետ։

Երկու տարվա ընթացքում ստուդիան արդեն գրանցել է որոշակի հաջողություններ, մասնակցել համերգների, փառատոնների, մրցույթների։ Juli Dance Studio խումբը համագործակցում է Հայաստանի մշակութային կազմակերպություններից Azdarar Art Prodaction, Minora մշակութային կենտրոնի և Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի միության անդամների հետ։

Ջուլին նկատում է, որ պարն իր կյանքի իմաստն է դարձել։ Նա այսօր ապրում է պարով և ձգտում նվաճել նոր բարձունքներ։

Anahit Arshakyan

Ես փորձում էի

Ես արթնացա ու որոշեցի արթնանալ, հագա որոշածս, ներկեցի աչքերիս պոչիկները միայն։ Մի քանի մանր մունր բան տանը մոռացա, բայց չնյարդայնացա։

Երթուղայինում ես նկատեցի կուրությունս։ Ինքս ինձնով  հագեցած ու անդորրված, նայեցի կողքերս. տեսնում եմ ինչ-որ բան․ էլի ինձ, բայց գոնե՝ ոչ հայելում, որի միջով հիմա նայում եմ վարորդի դեմքին. ճակատի կնճիռներով որոշում եմ իրեն ու թողնում անորոշ, որ չսահմանափակեմ ինձնով ոչ մի շունչ։

Երևի թե նկատեցի մի քանի անգամ ավել բան, քան որևէ առօրեական հոգսերով տարված մարդ։ Ինչ խոսք, ես հիմա ունեմ և՛ ժամանակ, և՛ անհոգ եմ։ Էքստազի մեջ շնչում էի ազատ ընտրություններիս անվերջ հնարավորությունները՝ մետրոյի շարժասանդուղքին ու նկատում դեմքեր, թեկուզ երբեմն կնճռված, մութ ու միանման մահացած դեմքեր։ Երբ կանգառի տեղը մոռացա, ընտրածս ընտրության հնարավորությունները նույնքան անիմաստ թվացին, որքան չընտրածս, որ վզիս են փաթաթել, որովհետև ընտրել են ու իմաստացրել, որ ապրեն։

Մի աղջիկ նկարում էր մի մարդու ՝ մետրոյում նստած. ես չէի նկատել, ընկերս ասաց։ Երբ պտտվեցի նայելու՝ աղջկան չտեսա, միայն՝ նկարը։

Երբեմն ընկերներիս համար ու էլի էդպես շատուշատ մարդկանց համար օրը չի ապրվում, դժվարացել է կյանքն իրենց համար, շնչելը մոռացվել է, բայց ես չեմ կարողանում շնչել սովորեցնել. դրան միայն մի ձև կա, բայց խնդիրն այն է, որ ձևը ձև չունենալն է դրա։

Թե չծնվեն նորից, ես կսփոփեմ ինձ կուրությամբս ու ներսընկածությամբ։ Բայց մենք չափից շատ տարբեր ենք, որ իրարով չապրենք. կապրենք մեկս էսպես, մյուսս՝ էնպես, ու բոլորս, թե ուզենք, ամեն անգամ կմեռնենք, որ էլի ապրենք։

Երբ տարեց բարեկամները հավաքվում էին սեղանի շուրջ ու խոսում անցած- գնացած օրերից, միշտ զարմանքաշատ մի անհասուկ հայացք էր դեմքովս գլորվում՝ թեթև քննադատողական կնճիռներով, որ էս մարդիկ իբր էդ ինչքա՜ն են ապրել, որ անցածն էլ հազար տարի առաջ էր, քաղցր էր ու էլ չկա, ու թե ի՞նչ վատ են ապրում, որ նույնը հիմա չկա․ հիման լավը չէ՞ միթե։

Հիմա նայում եմ ըկերներիս։ Քիչ֊քիչ դառնում են մանկության ընկերներ։ Սկսել են մտածել, որ մի տարին ահագին է, հինգը՝ ավելի շատ, իսկ 70, 80-ը` խայտառակ կարճ։  Ես տեսնում եմ դա իրենց հայացքներում, երբ միասին որևէ հավես բան ենք կազմակերպում. էլի սովորական անմտություն, որովհետև դուրս ենք եկել խորը խոսակցական, փիլիսոփայական վիճակներից, երևի թե որովհետև հոգսը շատացել է մի քիչ, ու ժամանակը կարճանում է քիչ֊քիչ։ Ես տեսնում եմ դա առաջին սիրուս աչքերում, երբ փորձում է հասցնել ապրել ամեն վայրկյանը իր սիրելիի հետ։ Տեսնում եմ մորս ու տատիս կենսատու աչքերում, երբ մի փունջ կենսակտուր ծաղիկ չեմ ափսոսում ու գնում եմ իրենց համար․ տեսնում եմ երևի թե երբեմն, երբ դուրս եմ իմ դժվարացած ապրվելուց․ դուրս եմ հարցիցս՝ անիմաստությամբ պատասխանված, դուրս եմ ժամանակի կորստի զգացումիցս, դուրս եմ փնտրելուց ու հիմարությունիցս, երբ աչքերս հանել եմ դուրս ու նայում եմ ներս։

Մի տարիս տասնավոր կյանքեր է։ Ես սիրում եմ կյանքերիցս յուրաքանչյուրը, նաև նրանք, որոնք չեմ կարողացել ապրեցնել։

Անցնում եմ Հրապարակի ժամացույցի մոտով։ Անցյալի ու ապագայի միաձուլումից միայն մի կանգառ է շինվում. ժամանակը։ Ժամանակը կարող էր լինել մի սար, մի թուփ, մի քար թեկուզ (Սա և գիտականորեն և հոգեբանորեն կարող եմ ապացուցել, բայց ինչու՞)։

Քայլում եմ Օպերայի կողքով ու ինձ տեսնում եմ ռեժիսորի իմ աչքերով։ Աչքերիս գույները ամեն քայլի հետ փոխվում են ու մնում շագանակագույն։ Երբ ինձ հարցնում են, թե որ գույնն եմ սիրում՝ չեմ ունենում պատասխան. ինքս իմ մասին չեմ սիրում պատմել կամ էլ՝ դեռ չեմ կարողանում. ինչ էլ խոսեմ, թվում է՝ սուտ եմ ասելու։ Հիմա էլ։

Սկսել եմ Տարկովսկուն հասկանալ։

Գրել եմ լավ բանաստեղծություններ, որոնք մեծամասնությունը չի ըմբռնի։

Ժամանակին ատելու էի, որ կկարդան ու ինձ կընթերցեն կամ գրեի, որ ինչ֊որ մեկը կարդա ու ինձ տեսնի։ Բայց թղթերն այդ իմը չեն։ Վերցրու քեզ, թե կուզես։

Հասկացա, որ ընտրությունները անսահման են, անցա փողոցը՝ աջով կարծես թե։ Մեկ է։

Ես չկամ. ինձ ոչ մեկ չի տեսնում. ես ազատ եմ։

Նայում եմ նորից սրճարանի սեղանի ծաղիկներին։ Ծաղիկներ ինձ չնվիրեք. չեն սիրում սպանելով ու տիրելով։ Իրերս ինձնից պոկ են ոչ իմ սենյակում, այսինքն, կարող եմ կարդացածս ցանկացած գիրք տալ, իսկ շորերը սահմանափակում են օրվա գույները, նաև եղունգի լաքն է նույնը անում։ Շորերս, ճիշտ է, չեմ ուզի դեռ հանել, բայց լաքը չեմ քսել։

Սուրճը սառեց։ Երկուսս էլ խոսում էինք, երկուսս էլ լսում էինք։ Խոսում էինք տարբեր բառերով ու ձևակերպումներով մի բանի մասին միայն ու լսում նույնը։ Ես փորձում էի չստել, նա՝ չխաբվել կամ հակառակը։

Mariam Harutyunyan new

Ո՞վ ես դու

Թե երազ ես դու,

Թույլ տուր երազեմ քեզ,

Որ երազանքս կիսատ չմնա։

 

Թե իրական ես դու,

Թույլ տուր, որ դիպչեմ քեզ,

Որ իրականը պատրանք չթվա։

 

Թե մեղեդի ես դու,

Թույլ տուր նվագեմ քեզ,

Որ նոտաներս աներգ չմնան։

 

Ու թե գիրք ես դու,

Թույլ տուր, որ գրեմ քեզ,

Որ իմ տառերը անտեր չմնան։

 

Ո՞վ ես դու՝ ասա,

Գուցե դու գիտես, թե ով է ապրում

քո կիսամաշված դիմակի ներսում…

 

Գուցե բառերն իմ աղքատ են այնքան,

Որ չեն համոզում պատասխանել

այսքան ժամանակ ինձ տանջող հարցին.

«Ո՞վ ես դու…»

hovhanes

Հավատա ինքդ քեզ

Չգիտեմ` լա՞մ, թե՞ ծիծաղեմ։

Մեկ-մեկ ամաչում եմ, որ հայ եմ։ Մեկ-մեկ ափսոսում եմ էն ամբողջ ջանքն ու նեղսրտությունը, որ զգում եմ, մեկ-մեկ ուզում եմ փախնել ամեն ինչից. չլինել, չմտածել, չխոսել ու այլևս չքննարկել, մեր երկրում տիրող քաոսից փախնել։ «Ծիծաղելի է» չէ՞, երևի։

Ժամանակին ինձ չէի պատկերացնում առանց Հայաստանի, առանց Հայկականի, առանց Հայի ու չէի էլ պատկերացնում, որ մի օր կսկսեմ մտածել, որ մեզ տեղն է, ու մի բան էլ քիչ է մեզ, որ սթափվենք, որ ուշքի գանք։ Մենք մեր պետությունը կորցնելուց հետո էլ վախենամ ուշքի չգանք։

Ինձ երբեմն բռնացնում եմ այն մտքի վրա, թե արդյո՞ք արժի ընդհանրապես ապրել Հայաստանում, ինքս ինձ փորձում եմ համոզել, որ ոչ թե արժի, այլ ուղղակի պետք է, հարկավոր է, ու այլ տարբերակ չկա։

Հոգնել եմ շատ բաներից ու հատկապես տիրող քաոսից, որ պարտադրում են չգիտեմ, թե ովքեր, չգիտեմ, թե ինչու։ Մեկ-մեկ մտածում եմ` մենք արժանի՞ ենք մեր ստացած ժառանգությանը, երևի արժանի չենք, քանի որ ոչ կարողացանք ճանաչել այն, հոգ տանել նրան, էլ չեմ խոսում սիրելու մասին։ Քանի որ սերը ինչ որ բանի հանդեպ առաջին հերթին առաջանում է դա ճանաչելուց։ Իսկ մենք, կասեմ, որ մեզ դեռ չենք ճանաչում, հետևաբար նաև չենք էլ սիրում։ Չէ, ինքն իրեն սիրելը եսասիրություն չէ, դա առաջին հերթին ինքնահարգանք է, ինքնաճանաչում, ինքնաբացահայտում։ Բայց մենք լճացել ենք, ու տպավորություն է, որ առաջ գնալու ոչ տեղ ունենք, ոչ էլ այլևս նպատակ։ Ուզում եմ հավատալ, որ դա այդպես չէ։

Մի պահ է գալիս, երբ նայում ես շուրջ բոլորդ ու քո ուղեղի բջիջների հնարավորությունների չափով փորձում վերլուծել` լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ։ Մեկ-մեկ էլ մտքերով կիսվել կողքինիդ հետ։ Բայց երբ նկատում ես, որ չեն «լսում», չեն ընկալում, թե ինչ ես ուզում ասել իրականում` էդ ժամանակ խոսելդ էլ չի գալիս։ Մտածում եմ ու հասկանում, որ ինչ որ մեկին, ինչ որ տեսակետ համոզելու ցանկությունս ու պատրաստակամությունս արդեն  սպառվել է։

Երբեմն լռությունը շատ բան է ասում, գոռում, բայց հաճախ լսող չկա, իսկ թե լսում են` չեն էլ հասկանում, իսկ թե հասկանում են` հաճախ ընդամենը ունեցածդ ասելիքի 5-10%ը։

Միգուցե սխալ եմ, միգուցե հասկանում են ամբողջությամբ` տա Աստված։ Խոսքս չի վերաբերվում իհարկե հարազատների նեղ միջավայրին, ովքեր հասկանում են մեր ամեն մի շունչը։

Եվս մի բան եմ հասկացել, շատ կարևոր` որ մեկ տեղին ասած խոսքը շատ հաճախ 1000 ճառից կարող է ավելի կարևոր լինել։

Սա կարդացողին ուղղակի կուզեմ ասել` հավատա ինքդ քեզ։