Հայաստանի պատանի թղթակիցների կայքը 8 տարեկան է

Հիշենք պայծառ պահերը ձևավորման, կայացման, վերելքների ու վայրէջքների:

Մենք  շարունակում ենք մեր գործունեությունը, հաճախ դառն արցունքները կուլ տալով: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, ամեն տարի նոր պատանիներ են միանում մեզ, և հույս ունենք, որ մեր ընթացքը շարունակվելու է:
Շնորհավորում ենք:

Ականջներս նման են հորս ականջներին

Ականջներս նման են հորս ականջներին, բայց ինքն ավելի լավ գիտի, թե ոնց լսել աշխարհի ձայնն ու, թե ոնց զտել ավելորդ ինֆորմացիան։ Իսկ կարճատեսության, թափվող մազերի, ուռած աչքերի, անընդհատ ճզմված ճկույթի և հոգնած մարմնի հետևում կանգնած փոշմանում եմ, որ հորիցս ժառանգել եմ մենակ ականջներն ու կախ ընկած կոպերը։ Պա՛պ, քո կոպերն ինչի՞ են կախվել… Միգուցե նրանք է՞լ են աշխարհի անեզր սխալից հոգնել, միգուցե հոգնե՞լ են եզակիների մեջ ամենաեզակիին փնտրելուց, թե՞ հոգնել են, որովհետև չեն կարողացել էդպես էլ «արդարություն» բառի հետ հաշվի նստել։ Պա՜, հավատա, ես էլ չունեմ էս հարցերի պատասխանները ու, չնայած կախված կոպերիս հետ անհաշտությանը, ես մի տեղ նաև երջանիկ եմ, որ կարճատես եմ. մարդկանց ճահճոտ ու գարշահոտ դեմքը չեմ տեսնում։ Պա՜, դու ճիշտ էիր, դու ճիշտ ես. պարզության քողի տակ ապրելն ամենահեշտն է ու հատկապես այն ժամանակ, երբ աշխարհին տված պարզությունս ոչ մի վայրկյան ժպիտի չարժանացավ, դե ես էլ որոշեցի ինձ լցնել էդ պարզությամբ ու ապրել։ Դու ասացիր, որ դժվար ժամանակները մի օր անցնում են, ու գալիս է հայելու դիմաց կանգնելու ժամանակը. Ախր, իմ հայելին կոտրվել է, և ես ստիպված եմ ինձ հորինել, ու ականջներս նմանեցնել քոնին, նկարել կախված կոպերս ու դրանց անկյունը ընդգծող սևաներկը։

Առաջ ես ինձ չէի տեսնում, բայց հիմա շատ բան է փոխվել։ Պապ, հիմա ես սիրում եմ իմ կախված կոպերն ու ոսկեգույն ականջօղերով զարդարված ականջներս, սիրում եմ ընդգծված կոնքերս ու բարձր ծիծաղս։ Պապ, ես սկսել եմ ճանաչել աշխարհը ու հետն անգամ լեզու եմ գտել. նա լացող երեխայի է նման, ում ձայնը կտրելու համար պետք է նրան ասել, որ ինքը լավն է ու ամենասիրունն է, ու էս փորձառությունը ձեռք եմ բերել հիվանդանոցում ` օրական հարյուրավոր երեխաներին շեղելուց, երբ տեսնում են հերթական ներարկիչը. ասում են, որ մոտս լավ է ստացվում, չգիտեմ…

Պապ, ես որոշել եմ գնալ աշխարհով ճամփորդելու ու որոշել եմ ներել մարդկանց ու սիրել սովորեցնել… Հուսամ այս ճանապարհից հետո ուռած կոպերս, բոթասիս պատճառով ամեն օր հերթական անգամ լղճվող ճկույթս և լղոզված սևաներկս ինձ կներեն անփութությանս հետ սեղան նստելու համար։

ani jilavyan

Ամբողջ գերդաստանից ընդամենը մեկը

-Իմ պապան էլ ա փրկվել Եղեռնից,- լսեցի տատիկիս ձայնը, երբ մտա սենյակ,  որտեղ հեռուստացույցով մի հաղորդում էր, և խոսում էր Եղեռնից փրկված պապիկի թոռնուհին:- Դե իրան աղջկա շորերով են պահել, որ թուրքերը ձեռք չտան,- շարունակեց տատիկս:- Իրենց ընտանիքն ու հարևաններից մի քանիսը թաքնվել են իրենց նկուղում,  բայց  թուրքերը բացի տները, մտել են նաև նկուղները ու ստուգել:  Նրանց էլ գտել են, դուրս հանել:

-Իսկ հետո՞,- հարցրեցի ես, չնայած շատ էի լսել այդ պատմությունը:

-Նրա հոր ու եղբոր վիզն են կտրել իր աչքի առաջ,- շարունակեց պատմել տատիկս հուզվելով,- փոքր քրոջն էլ կապել են մոր մեջքից և դեպի Արաքս քշել` սպանելու: Պապաս միշտ ասում էր, որ այդ ժամանակ Արաքսը արյունից ամբողջովին կարմիր ա եղել: Հետո նրան ուժեղ խփել են: Նա հարվածից ընկել ա, և թուրքերը, կարծելով որ նա մահացել ա, այդպես էլ թողել են նրան: Հետո երբ վեր ա կացել, տեսել ա ռուսական զորքը գալիս ա, մտածել ա, թե թուրքերն են: Գնացել ա իրանց նկուղ, որտեղ ուրիշ մարդիկ են դեռ թաքնված եղել, ասել ա, թե թուրքերը կարմիր պոպոզավոր գլխարկներով գալիս են ձիերով: Էդ ժամանակ էլ մարդիկ ասել են, որ դրանք ռուսներն են, ու դուրս են եկել: Ռուսական զորքը փրկել ա նրանց, պապաս հայտնվել ա Ստեփանավանի որբանոցում,- ավարտեց պատմությունը տատիկս և աչքերը սրբեց անձեռոցիկով:

-Նա Մշից էր, չէ՞,- հարցրեցի ես:

-Հա, Մշից էր,- հաստատեց նա:

Մի քանի րոպե տիրած ծանր լռությունը խախտեց տատիկս.

-Պատկերացնու՞մ ես, մարդն իր ազգանունը չիմանա: Դե պապան փոքր ա եղել, իր ազգանունը չի իմացել, հետագայում չգիտեմ, թե ով է նրան ազգանուն տվել: Ես ու երկու քույրս էլ ենք էդ ազգանունով գրվում, բայց չգիտենք, թե մեր իսկական ազգանունն ինչ ա:

Մի քանի րոպե լռելուց հետո ասացի.

-Ամենավատն են ա, որ չենք կարող պարզել, թե ձեր իսկական ազգանունն ինչ պիտի լիներ: Հենց էդ էլ եղել ա թուրքերի նպատակներից մեկը` եթե չկարողանան բնաջնջել, գոնե պատմությունը ջնջեն:

-Ինչքան դաժանություն են տեսել հայերը…- տատիկիս միտքը կտրեց հեռախոսազանգը, և ես դուրս եկա սենյակից` հեռախոսը վերցնելու: Բայց  մտքերս դեռ 1915 թվականում էին, և ես պատկերացնում էի կարմիր Արաքսին նայող մանկահասակ Իլիաս պապիկին:

Հրապարակվել է 2015/04/25

Մենք վերապրողներ ենք

Ապրիլի 24-ին շատանում են Ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա, ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա  ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։

«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությամբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլորն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն  չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վերքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։

Ահա և իմ ընտանիքի պատմությունը, Ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց  իր տոհմի գոյությունը։

Հրապարակվել է  2015/04/23

astghik ghazaryan

Կաթիլ-կաթիլ մանկությունից

Ամենագեղեցիկ երաժշտությունը, որ լսել եմ կյանքում, անձրևի կաթկթոցն է տանիքի վրա և հատկապես այն ժամանակ, երբ նստած ես սարի օդայի (տնակ) լռության մեջ ու ամբողջ էությամբ սուզվում ես դրա մեջ:

Մանուկ ժամանակ հաճախ էի լինում սարում ու մինչև հիմա էլ սիրում եմ այնտեղի կյանքը: Սիրում եմ սարի հանգստությունը, անդորրը, լռությունն ու աղմուկը: Հիշում եմ` գրեթե ամեն գիշեր սարի տղաները դուրս էին գալիս օդաներից ու սկսում հարայհրոցը: Երբ առաջին անգամ ականատես և ունկնդիր եղա դրան, մի տեսակ սարսափ զգացի, բայց ինձ բացատրեցին, որ այդպես գայլերին են քշում: Դրանից հետո այդ «ծեսը» նույնիսկ զվարճալի թվաց ինձ:

Սարերում եմ տեսել ամենագեղեցիկ մայրամուտը. այդ ժամանակ եմ ես տեսել կյանքումս տեսած ամենամեծ արևը, չգիտեմ` պատճառը բարձրությունն էր, թե այն, որ ես էի շատ փոքր:

Սարում են ապրում տատիկս ու պապիկս, և թերևս սա է գլխավոր պատճառը, որ սիրում եմ սարում լինելը: Տատիկս ու պապիկս այնտեղ անասուն են պահում, պապս նաև մեղվաբուծությամբ է զբաղվում: Երբ փոքր էի, մորս հետ գնում էի նրանց մոտ ու շաբաթներով մնում, իսկ միջնեկ եղբայրս` Դավիթը, մեզնից մի շաբաթ շուտ էր գնում:

Հինգ տարեկան էի այն ժամանակ, երբ պատահեց այն դեպքը, որի մասին ուզում եմ պատմել:

Առաջին տարին էր, որ գնացել էի սար: Դավիթը ինձ ու մյուս եղբորս` Սարգսին, տարավ սարի «տեսարժան վայրերը» ցույց տալու: Զառիվերը բարձրանալով` հասանք մի տեղ, որը սարեցիները կոչում են Առյուծի քար: Վերադարձին Դավիթը մեզ խորհուրդ տվեց վազելով իջնել, որպեսզի շուտ տեղ հասնենք: Ինքը շատ հեշտությամբ վազելով մի րոպեում հասավ տեղ, մենք էլ հետևեցինք նրան: Բայց մի քանի քայլից հետո սկսեցինք գլորվել: Սարգսի բախտը բերեց. նրան բաժին էր ընկել հարթ ճանապարհ, իսկ ինձ` քարքարոտ: Երեսս ամբողջությամբ արյուն էր, և ամբողջ գիշեր չկարողացա քնել: Այդ օրը իր հետքը թողել է երեսիս վրա. հոնքիս վերևում նշմարվում է մի փոքրիկ սպի: Չնայած ցավոտ էր, բայց հիմա, երբ հիշում եմ, մտածում եմ, որ այդ ցավը փոքրիկ կաթիլներով ավելացնում է մանկությանս քաղցրությունը:

Հրապարակվել է  17/10/2015