zaven abrahamyan

Տանը մենակ

Մի կիրակնօրյա առավոտ աչքերս բացեցի մորս ձայնից. 

-Բալե՛ս, ինձ շտապ կանչել են հիվանդանոց, ուշ կգամ։ Բորշը և կոտլետները գազօջախի վրա են, մի բան կուտես, սոված չմնա՛ս։ Ես գնացի, արդեն ուշանում եմ։

Քիչ անց ես վեր կացա, լվացվեցի, բայց չնախաճաշեցի։ Չեմ սիրում ջեմով ռուլետ, իմ փոխարեն դա կերավ իմ հավատարիմ շունը։ Հետո գնացի մեր հարևանի խանութը։ Մտնելով ներս՝ ասացի։

-Լորա՛ մորքուր, ինձ «կոկա-կոլա» և չիփս տուր։

-Ա՛յ Զավեն ջան, դեռ երեկ մայրդ բողոքում էր, որ ստամոքսդ խանգարված է, գնա՛, ոչ մի «կոլա»։

Երկար համոզելուց հետո ես վերցրի այն, ինչը ուզում էի։ Վերադարձա տուն, չգիտեի՝ ինչ անել։ Անգործությունից կոտրեցի մի ծաղկաման։ Հետո մտածեցի. «Մաման հոգնած կլինի, մի բան պատրաստեմ նրա համար, բայց ի՞նչ… Հա, մտածեցի, տորթ»։ Ինտերնետում կարդացի մի բաղադրատոմս և սկսեցի գործը։ Մի կերպ ստացվեց։ Տորթը դրեցի գազօջախի մեջ և գնացի հանգստանալու, դուրս եկա բակ։ Մի քիչ խաղալուց հետո հիշեցի տորթի մասին, բայց արդեն ուշ էր։ Այն դարձել էր սև գույնի, իսկ տանը կանգնած էր սև ծխի ամպ։ Արագ տորթը գցեցի աղբամանը և բացեցի պատուհանը։ Եվ ի՞նչ. իմ կատուն կայծակնային արագությամբ փախավ։ Դուրս եկա, սկսեցի փնտրել նրան։ Մեկ ժամից գտա կատվիս և տուն բերեցի։ Մտածեցի՝ լողացնեմ, բայց կատուն, ջուրը տեսնելով, նույն կայծակնային արագությամբ անհետացավ։ Նա թաքնվել էր պահարանի հետևում։ Փորձեցի բռնել, բայց նա վազեց և ցատկեց սեղանի, ապա՝ գազoջախի վրա՝ հրելով ճաշի կաթսան։ Այն ընկավ, և ամբողջ ապուրը թափվեց հատակին։

Երեկոյան վերադարձավ մայրս և ասաց ընդամենը մեկ նախադասություն.

-Քեզ տանը մենակ թողնելը հանցագործություն է։

Anushik Mkrtchyan

Անսպասելին

Արդեն երեք տարի է, ինչ ակնոց եմ կրում: Այդ երեք տարիների ընթացքում բոլորը սովորել են տեսնել ինձ ակնոցով: Ես նույնպես այս տարիների ընթացքում սովորել եմ իմ այդ կերպարին: Տարիների ընթացքում սկսեցի սիրել ակնոցը, ու թեև ասում են, որ գոնե հինգ րոպեով ցած դնեմ աչքերիցս, մեկ է` չեմ հանում: Ինչպես տեսնում եք նկարում, ունեցել եմ բավականին շատ ակնոցներ, այստեղ դեռ կեսն է: Երեք տարիների ընթացքում փոփոխվել է իմ տեսողությունը և, բնականաբար, ակնոցների ձևը, չափսը և տոկոսները: Սկզբում այնքան անսովոր էր ակնոցով, քանի որ դպրոցում միայն ես էի ակնոց կրում, և բոլորի աչքերը սևեռված էին ակնոցներիս վրա: Սակայն ընթացքում, կրելով ակնոց, բացեցի այն արգելքը, որը վանում էր աշակերտներին: Իմ հասակակիցները մտածում էին, որ ամոթ է ակնոց կրելը:

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշիկ Մկրտչյանի

Վերջերս ստուգեցի տեսողությունս, և ինձ ասացին մի անսպասելի նորություն: Կրելով ակնոց և ստանալով համապատասխան բուժում, դրական տեղաշարժեր են եղել իմ տեսողության մեջ: Ակնաբույժն ասաց, որ իմ տեսողությունն այնքանով է լավացել, որ կարող եմ ակնոցս մի կողմ դնել: Այս ամենը լսելով` շատ ուրախացա: Սակայն կար մի խնդիր` այն ժամանակ, երբ ինձ տարօրինակ ձևով էին նայում, երազում էի, որ այնքան լավանա տեսողությունս, որ այլևս երբեք ակնոցի կարիք չլինի: Սակայն վերջերս նույնիսկ այդ ուրախ լուրը լսելով, չուզեցի հանել աչքերիցս: Ընտանիքիս անդամները զարմացան, երբ ասացի, որ սիրում եմ ակնոց կրել և պայման դրեցի` ասելով, որ կամ օպտիկականը չեմ հանելու կամ ինձ պետք է գնեն թափանցիկ ակնոց: Տարօրինակ է, չէ՞: Այն ժամանակ երազում էի ակնոցից ազատվելու մասին, իսկ հիմա չեմ ուզում հանել: Սակայն ծնողներս համաձայնվեցին` ասելով, որ երբեմն կրեմ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Թե ինչպես ես կերա այս տարվա առաջին պաղպաղակը

Ասեմ, ժողովուրդ ջան: Էս մեր Տաթևը պատիժ էր քաշել ու մեր բախտից էն էր ընկել, որ բոլորիս համար պաղպաղակ պետք է գներ: Հիմա կմտածեք՝ Տաթևը ո՞վ ա, ի՞նչ պատիժ, ի՞նչ էր արել էդ խեղճ աղջիկը, որ պատժվել էր, ու ընդհանրապես՝ ինչի՞ պետք է պատիժ քաշեինք: Եթե այս բոլոր հարցերի պատասխանները ձեզ հետաքրքրում են, ես սիրով կպատմեմ ողջ եղելությունը:

Բանն այն է, որ ի բարեբախտություն Ստեփանավանում և հարակից գյուղերում ապրող երիտասարդների, մեր քաղաքում վերջապես գործում է «SKYE» երիտասարդական ակումբը, որն իր գործունեությունն է ծավալում արդեն երկու ամիս: Տաթևը, ես ու էլի շատ երիտասարդներ ակումբի լիիրավ անդամներ ենք: «SKYE»-ն ուղղված է համայնքի զարգացման համար գործունեություն ծավալելուն, այն ոչ ֆորմալ կրթություն է: Մենք՝ «SKYE»-ականներս արդեն հասցրել ենք որոշակի պլաններ կազմել մեր համայնքի բարելավման համար:

Հա, ինչից էինք խոսում: Գիտե՞ք, բանն այն է, որ մեր ակումբում ուշանալու, խանգարելու, ընդհատելու, անտեղի խոսելու դեպքում պետք է պատիժներ քաշենք փոքրիկ արկղիկից, որոնք հենց մենք ենք գրել ու լցրել այնտեղ, ու կատարենք՝ ինչ էլ որ գրված լինի: Դե, էդ մի անգամն էլ Տաթևի բախտը չբերեց, փոխարենը՝ բոլորով պաղպաղակ կերանք:

Իսկ «SKYE»-ի գործունեության արդյունքների մասին ես դեռ կպատմեմ:

Ani avetisyan

Կամուրջից այն կողմ

Միշտ էլ ամենադժվարը առաջին՝ վճռական, քայլը կատարելն է։ Դրանից հետո ամեն բան ավելի հեշտ է դառնում, իսկ ցանկացած նոր բան, ենթարկվելով շարժման օրենքներին, սովորական ու անգամ պարտադիր բնույթ է ստանում։ Նորությունները, փոփոխությունները կյանքում դառնում են կենսական պայման, իսկ միօրինակությունը հավասարվում է ինքնասպանությանը: Միակ խնդիրն այդ առաջին քայլն է, որի համար բավական համարձակություն, կամք ու աշխատասիրություն է պետք: Չնայած, դա կարող է լինել ոչ արտառոց մի բան. մեզանից յուրաքանչյուրի կյանքը կարող է շարժման մեջ դնել որևէ դեպք, երևույթ կամ անձ: Կարևոր է՝ ճիշտ ժամանակին գտնել նրան ու քաղել այն լավագույնը, որ կարող ես: 

Նոր ճանապարհի սկիզբ կարող է լինել այն դեղին-դեղին գծիկների վրայով փողոցի մի մայթից մյուսն անցնելը, չալարելն ու երկու կանգառ ոտքով քայլելը:

Կյանքում ինչ-որ նոր բան գտնելու համար համարձակություն է պետք ու նաև նոր վայր՝ նոր աշխարհ բացահայտելու: Այն, որ քեզ համար անսահմանություն էր, մի օր դադարում է չբացահայտված, անիմանալի լինել։ Մի օր շրջապատող աշխարհը քեզ համար կանխատեսելի, ձանձրալի, միապաղաղ է դառնում: Մի օր այդ ամենը հուսահատեցնում է քեզ ու նոր ճանապարհներ բացելու պատճառ դառնում, և դու որոշում ես որոնումների դուրս գալ ու նոր ոգեշնչում փնտրել, նոր կյանք: Գտնո՞ւմ ես…

Գիտե՞ք, մեզ մոտ՝ գյուղում, այդ մոտիվացիան սովորաբար չկա, կամ այնպիսի մի վայրում է թաքնված, որ նրան գտնելը երբեմն անհնար է: Եվ մեզանից ամենահամարձակներն այն գյուղից դուրս են փնտրում: Բայց դրա համար էլ կամքի մեծ ուժ է պետք. չէ՞ որ գյուղից դուրս գալն էլ բավական բարդ գործընթաց է: Մեր՝ գերզարգացած կամ իրեն այդպես ձևացնող հասարակության մեջ դեռ արմատացած է գյուղ-քաղաք հակասությունը, այն, որ գյուղում ապրողները չունեն կամ չպիտի ունենան նույն հնարավորությունները, ինչ քաղաքում ապրողները: Ծիծաղելի է թվում, չէ՞: Կարող եք անգամ ծիծաղել, բայց երբ տեսականից գործնական կողմին ենք անցնում, ավելի շատ տխրելու, քան ծիծաղելու պատճառներ կան:

Եթե մի փոքր հստակեցնեմ և խոսեմ հենց մեր գյուղի մասին, պատկերն ավելի պարզ կդառնա: Իմ գյուղը՝ Ոսկեհատը, թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ, ամենափոքրն է  շրջապատող գյուղերի համեմատ, ինչ էլ, երևի, նրա՝ մյուսների համեմատ ավելի պասիվ լինելու պատճառներից է: Հա՛, ինչ էի ուզում ասել՝ մեր գյուղը, մյուս՝ ավելի մեծ գյուղից բաժանված է կամրջով, որն էլ մեզ համար այլ՝ նոր ու մեր աշխարհից տարբերվող աշխարհի խորհրդանիշ է դարձել: Եթե խորը մտածենք, հենց այդպես էլ կա. այդ կամուրջն իրոք ժամանակի մեքենայի պես մի բանի նման է։ Այն ոչ շատ մեծ  հեռավորության վրա գտնվող տարածքներ է բաժանում, բայց դրանք իրականում իրարից շա՜տ հեռու են։ Կարևոր էլ չէ, որ այն, ինչ կամուրջի մյուս կողմում է՝ նույնպես գյուղ է. այնտեղ կա կյանք, շարժում, ինչը գրեթե բացակայում է գետի հակառակ ափին: Հենց այս հակասությունն էլ պատճառ է, որ գյուղում հաճախ են ասում, թե ով համարձակություն ունի անցնել կամուրջը՝ հեռու կգնա: Բարդը սովորելն է դրանից այն կողմ սկսվող աշխարհին:

Կյանքը դրսում սկսվում է երեկոյան, բայց կան կյանքի ընթացքից հետ մնացածներ, ում համար երեկոյան քաղաքից վերադառնալը ինչ-որ բաներ է նշանակում: Դե, հասկացաք: Իսկ երբ խոսքն աղջկա մասին է՝ բամբասանքների տեղատարափ է սպասվում գյուղում: Պատկերացրեք փոքրիկ գյուղում ապրող մարդիկ բոլորը մեկը մյուսին ճանաչում են: Պատկերացրեք, որ այստեղ այդքան էլ հեշտ չէ ուշադրություն չդարձնել ուրիշների կարծիքներին։ Պատկերացրեք, որ այստեղ շատ բաներ տարբերվում են ձեր մտածածից։ Որոշ բաներ այնքան էլ վատ չեն, որքան պատկերացնում եք։ Կան բաներ էլ, որ շատ ավելի վատ են, քան կարող եք պատկերացնել:

Կարևորը ուժ գտնելն է կամուրջից այն կողմ՝ նոր աշխարհ անցնելու…

amalya harutyunyan

Կյանքն ինչպես որ կա

Կյանքի իմաստը քեզ գտնելը չէ:
Կյանքի իմաստն ինքդ քեզ ստեղծելն է:
Բերնարդ Շոու

Վերցնելով թուղթն ու գրիչը՝ ավելի քան վստահ եմ, որ ամենաուրախ նյութը չէ, որ ստացվելու է:
Էն ամենամութ տեղից եկող մտքերս էստեղ լինեին, կասեին՝ սենտիմենտալությունդ մի օր էլ թող մի կողմ ու մի կարգին բան գրիր: Պետք է հուսախաբ անեմ՝ չի ստացվի:
Վերնագրից կենթադրեք, թե նյութս ռեալիզմին պիտի բնորոշ լինի, բայց դե, ինձնից ի՞նչ ռեալիստ, ես երազկոտ լրագրող եմ: Ոչինչ, թող այս մեկն էլ լինի ռեալիստական` ռոմանտիզմի մոտիվներով:
Էն որ գիրք ես է՞ կարդում, ինչ հավեսով ես չէ՞ կարդում, ինչքան ես սկսում մտածել հերոսների մասին։ Իրենց հետ ինչպես ենք ծիծաղում, լաց լինում, ուրախանում, ապրում:
Մենք մի ամբողջ կյանքի կամ նույնիսկ տարբեր մարդկանց կյանքերի պատմությունն ենք կարդում ու պատկերացում անգամ չունենք, որ այդ նույն գիրքը գրվում է մեր կյանքում, մեր իսկ ձեռքով: Էդպես էլ հիմա իմ, քո, նրա, մեկ ուրիշի կյանքն է գրվում ու գրվում մի հաստափոր գրքի մեջ, դրան էլ հիշողություն են կոչում:
Գիտե՞ս, մենք, բոլորս նավակներ ենք: Ինչո՞ւ, որովհետև երբ նավակը հայտնվում է բաց ծովում, սկսում է պայքարել ամենաուժեղ ալիքների ու քամիների դեմ։ Նավակն ամեն ինչ փորձում է անել ափ հասնելու համար: Մենք էլ ենք այդպես: Բաց ծովը մեր օրենքներ չճանաչող ու ոչնչից կանգ չառնող կյանքն է, որտեղ մենք ամեն կերպ փորձում ենք հաղթահարել արհավիրքները:
Կան նավակներ, որոնց շարժիչն ավելի լավն է, ավելի ուժեղ։ Կան էնպիսինները, որոնց ուժն ավելի թույլ է: Եվ այդպես, մենք վազում ենք, վազում ենք, որ իրար հասնենք, որ հավասարվենք, որ առաջ ընկնենք իրարից:
Տարիներն անցնում են, գլորվում են, մեզ թվում է, թե կամաց, բայց նրանց արագությունը լուսնից էլ մեծ է ու, լուսնի պես գլորվելով, ստացվում է մեր կյանքը:
17 տարի առաջ էր, երբ այս կյանքի համար սկսվեցի ես: Հա՛, կյանքը երբեք չի վերջանում, այդ մենք ենք գալիս, այցելում ու գնում՝ հյուրի պես: Դեռ երեք ամսականն էլ չբոլորած երեխան ի՞նչ իմանար, թե ինչ է սպասվում իրեն, երբ իր ամբողջ ջանքերով փորձում էր շրջապատը տեսնել ու հասկանալ: Հենց նույն տարիքում էլ պարզվեց մի քիչ անորոշ, մի քիչ վախեցնող, մի քիչ զարմացնող փաստը. ես չէի նայելու աշխարհին այնպես, ինչպես շատ շատերն են նայում, ինձ սպասվում էր ուրիշ կյանք, այլ պայմաններով:
Ու ակամա սկսվում է պայքարը:
Ապրելով՝ հասկանում ես, որ սա այն կյանքը չէ, որ տարիներով պատկերացրել ու սպասել ես, այն կյանքը չէ, որտեղ ամեն ինչ հեշտ է տրվում:
Սկզբում քեզ չեն ցանկանում ընդունել մանկապարտեզ, հետո դպրոց, հետո արդեն պարն է արգելվում, քեզ անընդհատ մերժում ու մերժում են: Ինչո՞ւ, որովհետև դու ինչ-որ չափով տարբերվում ես ու ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ չի համընկել:
Հետո սկսվում են անմատչելի պայմանների խնդիրները: Ո՛չ քաղաքը, ո՛չ կրթությունը, ո՛չ աշխատանքը, ո՛չ միջավայրը հարմար չեն քեզ: Ասես դու անտեսանելի ես, ասես ոչ ոք քո մասին չի հիշել՝ ամբողջ աշխարհը կառուցելիս: Իսկ հասարակությունն ասես միայն ընդունում է կատարյալներին, իսկ բացթողումները չի հանդուրժում:
Բայց դու ապրում ես այստեղ, բոլորի կողքին, բոլորի հետ, ու ոչինչ քեզ չի խանգարում այս կյանքը սիրել նույնքան շատ, ինչքան մյուսները:
Ու մնում է միայն մեկ լուծում. քեզ փնտրելու, գտնելու կամ չգտնելու փոխարեն՝ ստեղծել քեզ։ Կործանել այն, ինչ կաս ու ստեղծել այն տեսակը, որը կգոյատևի մեր հասարակության մեջ:
Թույլ տեսակդ վերացնելուց հետո ստեղծում ես չափից շատ ամուրն ու ուժեղը ու ընդառաջ գնում ծովի բարձր ալիքներին:
Դեռ կյանքն իր ալիքներով քեզ շատ է զարմացնելու, դեռ արժանապատիվ կյանքը հեռու է թվալու, կրթությունը` անհասանելի: Դեռ անմատչելի տարածքներ, գրքեր, դպրոցներ, քաղաքներ անհամար են լինելու, ու դու դեռ պայքարելու ես, պայքարելու ես, որ ստեղծես քեզ:
Ու երբ ստեղծես քեզ, նավակ ես դառնալու, այն նավակներից, ում չի հետաքրքրում քամու բարձր սուլոցն ու անթիվ բացասական կարծիքները, այն նավակներից, որոնք անկախ ամեն ինչից սլանում են շատ արագ: Ու կյանքի բարձունքներն էլ արդեն քոնն են լինելու:
Ու դու դառնալու ես այն նավակներից, որոնց արագությունն ու ուժը լուսնից էլ մեծ է լինելու:

narek babayan

Ինչո՞ւ

Երբևէ ֆեյսբուքում ժամանակ սպանելու ընթացքում մտածած կա՞ք, թե ինչի համար է այն: Հա, որ մարդկանց շփումը հարմարավետ դառնա: Բա հեռախո՞սը: Ի՞նչ ա, քիչ էֆեկտի՞վ էր: Հա, երևի: Բայց մի րոպե, է: Իսկ հեռախո՞սը մարդկանց ինչին էր պետք: Մի քիչ հետ տանք ժամանակը՝ շատ քիչ:

Օյ, էս ի՞նչ ա: Մարդի՞կ են: Ինչի՞ են մերկ ու խոտ են ուտում: Վայ, էս ի՞նչ ձոր ա, դիակնե՞ր: Լավ էլ ապրում են, էլի: Հենա ուրախ-զվարթ քայլում են: Արդյոք մարդու կյանքի գլխավոր նպատակը դա չի, որ ոչնչի կարիք չունենա ու անկեղծ ժպտա: Հենա ստեղ էլ ժպտում են, էլի, էլ ինչի՞ համար են փողը հորինել, հասարակարգերը, խավերը: Ինչի՞: Որովհետև մտածե՞լ գիտեն: Մեկին հետաքրքրեց, թե ինչու է խոտը կանաչ, ջուրը՝ թաց, կամ քարը՝ կարծր: Ու սկսվեց ամեն ինչ՝ ստրկատիրություն, կրոնական պատերազմներ, ցեղեր, երկրներ:

Ինչի՞ սենց բարդ: Ես պիտի գնամ բանկ, քարտիս գումար լցնեմ, ու գնում կատարեմ: Հե՞շտ ա: Իսկ էդ գումարն աշխատե՞լը: Հեշտ չի: Էդ ո՞ւմ մտքով անցավ գործի դիմաց մարդկանց փող տալ: Լավ չէ՞ր, երբ մարդիկ քարանձավից դուրս էին գալիս, ծառի պտուղը անվճար պոկում, ուտում, ու երջանիկ կյանք էին վայելում: Է, մրսում էիք, մի կենդանի սպանեիք, մորթին գցեիք վրաներդ, տաքանայիք, այ նախանձներ: Ի՞նչ ա, ուրիշի սպանած վագրը ավելի՞ սիրուն էր, որ առաջացավ նորաձևությունը: Սոված էիք՝ երկու խնձոր ուտեիք, կշտանայիք: Ինչի՞ սկսեցիք ամեն ինչ խառնել իրար:

Կրթությո՞ւն, ի՞նչ կրթություն: Սովորում ենք, որ հասարակությանը պիտանի՞ լինենք, թե՞ որովհետև պիտի սովորենք, դա դարերով եկած բան է: Ինչի՞ մարդն ընդհանրապես դպրոց ստեղծեց: Ինչի՞ն էր պետք: Սովորելն անպայմա՞ն էր քարե դարում: Չէ: Սպանիր կամ սպանվիր: Ի՞նչ վատ ա որ, հիմա էլ նույն սկզբունքի ժամանակակից ձևն ա, էլի: Ուղղակի անիմաստ բարդացրած:

Ֆեյսբուքն էլ անիմաստ ա: Ինչի՞ եք նկար հրապարակում, որ ընկերները տեսնեն, կամ իրար հաղորդագրություններ ուղարկում: Էն ժամանակվա պես հավաքվեք մոտիկ մարդկանցով, նույն տեղում ապրեք: Անկապ բարդացնում եք…

milena antonyan (aragacotn)

Ինչ է կարոտը

Ուսուցչուհիս հարցրեց.

-Իսկ ի՞նչ է կարոտը:

Լռություն էր: Երևի բոլորի համար էլ բարդ հարց էր: Նստած լսում էի ընկերներիս անունները, որոնց դիմում էր ուսուցչուհիս հարցի պատասխանը ստանալու համար: Հաստատ համոզված լինելով, որ իմ անունն էլ է տեղ գտնելու այդ շարքում՝ սրտիս խորքում աղոթում էի, որ այդպիսի բան չլիներ: Միաժամանակ հետաքրքրությամբ լսում էի բոլորի պատասխանները: Կարծես ոչ ոք էլ հարցին լիովին պատասխան չէր տալիս, ինչ-որ բաներ էր խոսում, շրջանցում թեման ու նստում: Ամեն նստողի հետ մտածում էի՝ ինչ կլինի իմ պատասխանը, և…

Լսվեց անունս: Կանգնած էի, բոլորը ինձ էին սպասում, իսկ ես… «Օ՜, Աստված իմ, ի՞նչ ասել, ես գաղափար չունեմ՝ ինչպես նկարագրել «կարոտ» բառը, չեմ էլ ուզում ինչ-որ խուսափողական պատասխաններ տալ»:

Վերջապես որոշեցի անկեղծ լինել ու ասացի.

-Ինձ համար կարոտը դատարկություն է, ես կարոտում եմ շատերին՝ հորս, տատիկիս ու պապիկիս, ընկերներիս, նույնիսկ այստեղ՝ կողքիս նստած մարդկանցից մի քանիսին: Ու դա զգում եմ դատարկությամբ:

Հանդիպեցի հարցական հայացքների: Դե, հա, ավելի հիմար պատասխան չէի կարող տալ:

diana hovsepyan

Արի վազե՜նք…

Մի՞թե դու էլ… Լա՛վ, արի, ես քեզ ցույց կտամ դեպի տնակը տանող ճանապարհը: Ես քեզ չեմ ճանաչում, գուցե և ճանաչում եմ, մեծ ես թե փոքր, դա կարևոր չէ, որովհետև բոլոր փոքրերը մի օր կմեծանան, իսկ բոլոր մեծերը ինչ-որ ժամանակ փոքր են եղել: Լա՛վ, հիմա արի գնանք, գտնենք քո տնակը:

Հիմա կասես՝ ի՞նչ տնակ է, ուզում եմ գտնել։ Դու այդ տնակը գիտես, այնտեղ ապրել ես ինչ-որ ժամանակ: Այդտեղ քո ամենաիրական երազանքներն են եղել: Տե՛ս, աջ կողմում մութ ճանապարհ կա, գորշ գույներով է այն ներկված, ծառերը չորացել են, հաստացել, արևը կարծես երես է թեքել այդ ճանապարհից, որտեղ անգամ մի կենդանի շունչ չկա: Պատկերացրի՞ր…Դա դեպի քո տնակը տանող ճանապարհն է: Տես է՝ որքան ժամանակ է՝ այդ ճանապարհով չես անցել: Դժվար չէր ճանապարհը գտնելը, գիտե՞ս ինչու, որովհետև հիմա շատ կան քեզ նման մարդիկ, ովքեր գտել են բազում լուսավոր ճանապարհներ և մոռացել են ամենալուսավոր ճանապարհի մասին, որը կամաց-կամաց խամրել է:

Արի, միասին կանցնենք այդ ճանապարհը: Զգույշ՝ ձախ կողմում ծառի ճյուղերը սուր են և դեպի քեզ են ուղղված, կամաց, մի քիչ էլ, ու կեցես: Եթե գոնե մեկ-մեկ գայիր այստեղ, այսպես չէին չորանա ծաղիկները։ Խամրած կծիկի նման այդ գնդիկները մի ժամանակ վառ գույնով ու անուշ հոտով ծաղիկներ էին, իսկ հիմա դարձել են անճանաչելի։ Զգո՜ւյշ, ոտքդ, ճահի՛ճ է, զգույշ՝ չընկնես մեջը: Հիշո՞ւմ ես ժամանակին այդ ճահիճի փոխարեն պարզ կապույտ լիճ կար: Ինչքա՜ն էիր սիրում այդ լճում թղթից պատրաստած նավակներ բաց թողնել ու ամեն նավակի հետ մի նվիրական ու լուսավոր երազանք էիր ուղարկում: Ճիշտ է, միշտ չէր, որ նավակները մնում էին ջրի երեսին և հեռուն էին հասնում, բայց կարևորը գիտե՞ս որն էր, այն որ դու երբեք չէիր հանձնվում ու ամեն անգամ նորից ու նորից էիր պատրաստում՝ վստահ լինելով, որ այս անգամ կստացվի:

Ափսոս, այս լիճն էլ է նեղացել ու ճահիճ դարձել: Արի շարունակենք առաջ գնալ, մենք դեռ պետք է տնակին հասնենք… Տես է՜, անգամ սարդերն են լքել այս տեղը։ Մի կողմից լավ է՝ չենք տանջվի սարդոստայնից դուրս գալու համար: Պիտի սարդերին ներս չթողնես, թէ չէ այն, ինչ քոնն է՝ կդարձնեն իրենցը ու սարդոստայնով կպարուրեն… Հավաքիր ուժերդ, շատ քիչ է մնացել, մի փոքր էլ, ու կտեսնես տնակդ: Վա՜յ, սա ի՞նչ է: Տե՛ս է, մոռացել էի: Հիշո՞ւմ ես այս գնդակը, հա՛, հենց դա, որ քո կողքին է ընկած, վերցրու: Հիշո՞ւմ ես՝ ինչպես էիր դրանով խաղում քո ամենահավատարիմ ընկերների հետ: Որքան հուշեր է այդ գնդակն իր մեջ պահում, ափսոս, որ այն պայթեցնելով հուշերը դուրս չես հանի, բայց մի՛ մտածիր, երբ հասնենք տնակի մոտ ու ներս մտնենք, ամեն բան կհիշես…

Գոնե արևը լիներ, թե չէ այս մթին էլ ոչինչ չեմ տեսնում: Տե՛ս, հասանք նեղ ճանապարհին: Մի փոքր կռացիր, որ անցնես այդ կամարով: Ինչ նեղ է այն: Կարծում եմ կհիշես, թե որքան նեղ ճանապարհներ ես անցել քո կյանքում: Երբ չկար ոչ մի լուսավոր կետ, որ քեզ օգներ, դու միայնակ էիր մոլորվում դրանցում և միշտ, թեկուզ և դժվարությամբ, դուրս էիր գալիս այդ տեղից: Հիմա փորձիր անցնել այս մեկով ևս, գուցե արևը կամարի մյուս ծայրո՞ւմ է… Մի քիչ էլ առաջ արի, ահա՛, դուրս եկանք կամարից: Սա էլ այգին: Ճիշտ ես, անճանաչելի է դարձել, բայց հիշո՞ւմ ես, մի ժամանակ այստեղ քո շունն էր վազվզում, քո ամենահավատարիմ ընկերը: Ի՞նչ էր նրա անունը… Տե՛ս է, ես էլ եմ մոռացել: Մոռացել էիր, չէ՞ նրան, բայց հիշի՛ր, միայնակ մարդը երջանիկ չի լինում երբեք։ Այսօր, այստեղ դու մոռացել ես քո հավատարիմ ընկերոջը, բայց անտառից դուրս, երբեք, երբեք չմոռանաս։ Առանց ընկերների կյանքդ կնմանվի այս գորշ գույներին… Տե՛ս, հեռվում, ծառերի խորքում, այ հենց դա, որ պսպղում է, այդ լուսավոր կետը: Ի՞նչ է, չե՞ս հիշում։ Դա քո տնակն է… Որքա՜ն ուրախ եմ: Ես էլ կարծում էի այն ևս մարել է: Արդեն հույս էլ չունեի, որ պահպանված կլինի այնպես, ինչպես այն ժամանակ էր: Տես, թե ինչ գեղեցի՜կ է։ Արի վազենք նրա մոտ, որ ավելի մոտիկից տեսնենք… Ի՞նչ է, չե՞ս կռահում, այս ամենից հետո, երբ դու տեսար, թե ինչ վիճակում էին բոլորը, ողջ ճանապարհի ընթացքում, թե ինչպես էին չորացել, կորել, կոտրվել, մարել մյուսները, իսկ տնակը, որն ամենախորքում էլ չի փոխվել ու շարունակում է վառ լուսավորել, գլխի չե՞ս ընկնում, ինչն է: Տնակը, որի ճանապարհը այդքան շատ էի ցանկանում քեզ ցույց տալ՝ մանկությունն է… Այն հեքիաթը, որը երբեք չի խամրում…

Դու կարող ես մոռանալ ամեն բան, բայց մանկությունդ, երբե՛ք: Որքան էլ, որ նա հեռու լինի, որքան էլ, որ խորը պահես ներսումդ և որքան էլ ամուր փակես դուռը, մի օր կբացես այն ու կհասկանաս, որ ավելի քաղցր ու բարի ոչինչ չես տեսել…

tatev aghazaryan

Կինն ամեն տեղ իր ոտքը կդնի

Վերջին ժամանակներս սկսել են ավելանալ կին վարորդները: Ու շատ դժգոհություններ եմ լսել տղամարդկանցից: Գիտե՞ք, զարմանում եմ այն մտածողության վրա, որ եթե դիմացիդ մեքենան խախտում է անում, ուրեմն՝ զգուշացե՛ք, կին է ղեկին: Բայց ինչո՞ւ մյուս վարորդների մտքով չի անցնում, որ կարող է անգամ ոչ սթափ տղամարդ լինել: Իհարկե, ես համամիտ եմ նրանց հետ, եթե իրոք կինը կամ աղջիկը մեքենա վարել չգիտի, և մեքենան ուղղակի ձևական բնույթ ունի:

Շատ ծիծաղելի է, երբ կանայք դիմացի հայելին օգտագործում են ոչ թե հետեւի տեսադաշտը տեսնելու համար, այլ շպարը թարմացնելու նպատակով: Բայց չէ՞ որ ոչ բոլոր կանայք են այդպիսին: Կան այնպիսի կանայք, որոնք տղամարդկանցից շատ ավելի լավ են վարում:

Ես անցկացրել եմ փոքրիկ զրույց երկու կին վարորդների՝ Շուշան Միկոյանի և Նարինե Պետրոսյանի հետ:

Շուշան Միկոյանն արդեն մեկ տարվա վարորդ է: Նա հանդիպում է շատ խնդիրների, ինչպես նաև խնդիրներ առաջացնում այլ վարորդների համար: Ինչպես ինքն ասաց. «Սկսեցի մեքենա վարել կարիքից դրդված, քանի որ սովորում էի Ամերիկյան համալսարանում և ապրում Աշտարակում: 80 րոպե դասին մասնակցելու համար ծախսում էի 180 րոպե կանգառներում և երթուղայիններում: Ամեն ինչ ավելի վատ էր տոն օրերին և ուշ ժամերին: Մի անգամ, երբ տուն եկա երկու տարեց տղամարդկանց միջև նստած, որոնք հավանաբար վերջին անգամ Նոր տարուն էին լոգանք ընդունել, վերջնական որոշում ընդունեցի, որ պետք է մեքենա վարեմ: Երևանում վատ աչքով են նայում, քանի որ կա կարծրատիպ, որ կին վարորդները ճանապարհի չարիք են: Սակայն Երևանից դուրս տղամարդիկ հիմնականում սիրալիր են: Երբ տեսնում են, որ չեմ կարողանում կայանել, թողնում են իրենց բան ու գործը ու գալիս ցուցումներ են տալիս, թե երբ թեքեմ ղեկը, ինչքան տեղ կա հետևում և այլն»:

Իսկ Նարինե Պետրոսյանն արդեն 12 տարվա վարորդ է: Նա շատ խնդիրների չի հանդիպում, միայն կարմիր գծերի հետ կապված խնդիրներն են. շատ դեպքերում տեղ չի լինում կայանելու համար: Մեքենա սկսեց վարել, որովհետև առաջացավ անհրաժեշտություն. ապրում էր օտար երկրում և ուներ երկու մանկահասակ երեխա: Ըստ նրա՝ «ՀՀ ճանապարհատրանսպորտային օրենքները լիարժեք են ձևակերպված, սակայն օրենքի պահպանումն ու իրագործումը կատարյալ չէ»: 5 տարի նա վարել է Իրանում, որտեղ երթևեկությունն ահավոր է եղել, և օրենքները գրեթե չեն գործել: Ի տարբերություն Շուշանի՝ Նարինեի հետ չի պատահել այնպիսի մի դեպք, որ օգնեն, բայց հավատացած է, որ եթե անհրաժեշտություն առաջանա, կօգնեն:

Այսպիսով՝ տղամարդի՛կ, ինչքան էլ դժգոհեք, միևնույնն է, կինն ամեն տեղ իր ոտքը կդնի: Վառ օրինակներից մեկը կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան է (1963 թ.):