narek babayan

Ինչո՞ւ

Երբևէ ֆեյսբուքում ժամանակ սպանելու ընթացքում մտածած կա՞ք, թե ինչի համար է այն: Հա, որ մարդկանց շփումը հարմարավետ դառնա: Բա հեռախո՞սը: Ի՞նչ ա, քիչ էֆեկտի՞վ էր: Հա, երևի: Բայց մի րոպե, է: Իսկ հեռախո՞սը մարդկանց ինչին էր պետք: Մի քիչ հետ տանք ժամանակը՝ շատ քիչ:

Օյ, էս ի՞նչ ա: Մարդի՞կ են: Ինչի՞ են մերկ ու խոտ են ուտում: Վայ, էս ի՞նչ ձոր ա, դիակնե՞ր: Լավ էլ ապրում են, էլի: Հենա ուրախ-զվարթ քայլում են: Արդյոք մարդու կյանքի գլխավոր նպատակը դա չի, որ ոչնչի կարիք չունենա ու անկեղծ ժպտա: Հենա ստեղ էլ ժպտում են, էլի, էլ ինչի՞ համար են փողը հորինել, հասարակարգերը, խավերը: Ինչի՞: Որովհետև մտածե՞լ գիտեն: Մեկին հետաքրքրեց, թե ինչու է խոտը կանաչ, ջուրը՝ թաց, կամ քարը՝ կարծր: Ու սկսվեց ամեն ինչ՝ ստրկատիրություն, կրոնական պատերազմներ, ցեղեր, երկրներ:

Ինչի՞ սենց բարդ: Ես պիտի գնամ բանկ, քարտիս գումար լցնեմ, ու գնում կատարեմ: Հե՞շտ ա: Իսկ էդ գումարն աշխատե՞լը: Հեշտ չի: Էդ ո՞ւմ մտքով անցավ գործի դիմաց մարդկանց փող տալ: Լավ չէ՞ր, երբ մարդիկ քարանձավից դուրս էին գալիս, ծառի պտուղը անվճար պոկում, ուտում, ու երջանիկ կյանք էին վայելում: Է, մրսում էիք, մի կենդանի սպանեիք, մորթին գցեիք վրաներդ, տաքանայիք, այ նախանձներ: Ի՞նչ ա, ուրիշի սպանած վագրը ավելի՞ սիրուն էր, որ առաջացավ նորաձևությունը: Սոված էիք՝ երկու խնձոր ուտեիք, կշտանայիք: Ինչի՞ սկսեցիք ամեն ինչ խառնել իրար:

Կրթությո՞ւն, ի՞նչ կրթություն: Սովորում ենք, որ հասարակությանը պիտանի՞ լինենք, թե՞ որովհետև պիտի սովորենք, դա դարերով եկած բան է: Ինչի՞ մարդն ընդհանրապես դպրոց ստեղծեց: Ինչի՞ն էր պետք: Սովորելն անպայմա՞ն էր քարե դարում: Չէ: Սպանիր կամ սպանվիր: Ի՞նչ վատ ա որ, հիմա էլ նույն սկզբունքի ժամանակակից ձևն ա, էլի: Ուղղակի անիմաստ բարդացրած:

Ֆեյսբուքն էլ անիմաստ ա: Ինչի՞ եք նկար հրապարակում, որ ընկերները տեսնեն, կամ իրար հաղորդագրություններ ուղարկում: Էն ժամանակվա պես հավաքվեք մոտիկ մարդկանցով, նույն տեղում ապրեք: Անկապ բարդացնում եք…

milena antonyan (aragacotn)

Ինչ է կարոտը

Ուսուցչուհիս հարցրեց.

-Իսկ ի՞նչ է կարոտը:

Լռություն էր: Երևի բոլորի համար էլ բարդ հարց էր: Նստած լսում էի ընկերներիս անունները, որոնց դիմում էր ուսուցչուհիս հարցի պատասխանը ստանալու համար: Հաստատ համոզված լինելով, որ իմ անունն էլ է տեղ գտնելու այդ շարքում՝ սրտիս խորքում աղոթում էի, որ այդպիսի բան չլիներ: Միաժամանակ հետաքրքրությամբ լսում էի բոլորի պատասխանները: Կարծես ոչ ոք էլ հարցին լիովին պատասխան չէր տալիս, ինչ-որ բաներ էր խոսում, շրջանցում թեման ու նստում: Ամեն նստողի հետ մտածում էի՝ ինչ կլինի իմ պատասխանը, և…

Լսվեց անունս: Կանգնած էի, բոլորը ինձ էին սպասում, իսկ ես… «Օ՜, Աստված իմ, ի՞նչ ասել, ես գաղափար չունեմ՝ ինչպես նկարագրել «կարոտ» բառը, չեմ էլ ուզում ինչ-որ խուսափողական պատասխաններ տալ»:

Վերջապես որոշեցի անկեղծ լինել ու ասացի.

-Ինձ համար կարոտը դատարկություն է, ես կարոտում եմ շատերին՝ հորս, տատիկիս ու պապիկիս, ընկերներիս, նույնիսկ այստեղ՝ կողքիս նստած մարդկանցից մի քանիսին: Ու դա զգում եմ դատարկությամբ:

Հանդիպեցի հարցական հայացքների: Դե, հա, ավելի հիմար պատասխան չէի կարող տալ:

diana hovsepyan

Արի վազե՜նք…

Մի՞թե դու էլ… Լա՛վ, արի, ես քեզ ցույց կտամ դեպի տնակը տանող ճանապարհը: Ես քեզ չեմ ճանաչում, գուցե և ճանաչում եմ, մեծ ես թե փոքր, դա կարևոր չէ, որովհետև բոլոր փոքրերը մի օր կմեծանան, իսկ բոլոր մեծերը ինչ-որ ժամանակ փոքր են եղել: Լա՛վ, հիմա արի գնանք, գտնենք քո տնակը:

Հիմա կասես՝ ի՞նչ տնակ է, ուզում եմ գտնել։ Դու այդ տնակը գիտես, այնտեղ ապրել ես ինչ-որ ժամանակ: Այդտեղ քո ամենաիրական երազանքներն են եղել: Տե՛ս, աջ կողմում մութ ճանապարհ կա, գորշ գույներով է այն ներկված, ծառերը չորացել են, հաստացել, արևը կարծես երես է թեքել այդ ճանապարհից, որտեղ անգամ մի կենդանի շունչ չկա: Պատկերացրի՞ր…Դա դեպի քո տնակը տանող ճանապարհն է: Տես է՝ որքան ժամանակ է՝ այդ ճանապարհով չես անցել: Դժվար չէր ճանապարհը գտնելը, գիտե՞ս ինչու, որովհետև հիմա շատ կան քեզ նման մարդիկ, ովքեր գտել են բազում լուսավոր ճանապարհներ և մոռացել են ամենալուսավոր ճանապարհի մասին, որը կամաց-կամաց խամրել է:

Արի, միասին կանցնենք այդ ճանապարհը: Զգույշ՝ ձախ կողմում ծառի ճյուղերը սուր են և դեպի քեզ են ուղղված, կամաց, մի քիչ էլ, ու կեցես: Եթե գոնե մեկ-մեկ գայիր այստեղ, այսպես չէին չորանա ծաղիկները։ Խամրած կծիկի նման այդ գնդիկները մի ժամանակ վառ գույնով ու անուշ հոտով ծաղիկներ էին, իսկ հիմա դարձել են անճանաչելի։ Զգո՜ւյշ, ոտքդ, ճահի՛ճ է, զգույշ՝ չընկնես մեջը: Հիշո՞ւմ ես ժամանակին այդ ճահիճի փոխարեն պարզ կապույտ լիճ կար: Ինչքա՜ն էիր սիրում այդ լճում թղթից պատրաստած նավակներ բաց թողնել ու ամեն նավակի հետ մի նվիրական ու լուսավոր երազանք էիր ուղարկում: Ճիշտ է, միշտ չէր, որ նավակները մնում էին ջրի երեսին և հեռուն էին հասնում, բայց կարևորը գիտե՞ս որն էր, այն որ դու երբեք չէիր հանձնվում ու ամեն անգամ նորից ու նորից էիր պատրաստում՝ վստահ լինելով, որ այս անգամ կստացվի:

Ափսոս, այս լիճն էլ է նեղացել ու ճահիճ դարձել: Արի շարունակենք առաջ գնալ, մենք դեռ պետք է տնակին հասնենք… Տես է՜, անգամ սարդերն են լքել այս տեղը։ Մի կողմից լավ է՝ չենք տանջվի սարդոստայնից դուրս գալու համար: Պիտի սարդերին ներս չթողնես, թէ չէ այն, ինչ քոնն է՝ կդարձնեն իրենցը ու սարդոստայնով կպարուրեն… Հավաքիր ուժերդ, շատ քիչ է մնացել, մի փոքր էլ, ու կտեսնես տնակդ: Վա՜յ, սա ի՞նչ է: Տե՛ս է, մոռացել էի: Հիշո՞ւմ ես այս գնդակը, հա՛, հենց դա, որ քո կողքին է ընկած, վերցրու: Հիշո՞ւմ ես՝ ինչպես էիր դրանով խաղում քո ամենահավատարիմ ընկերների հետ: Որքան հուշեր է այդ գնդակն իր մեջ պահում, ափսոս, որ այն պայթեցնելով հուշերը դուրս չես հանի, բայց մի՛ մտածիր, երբ հասնենք տնակի մոտ ու ներս մտնենք, ամեն բան կհիշես…

Գոնե արևը լիներ, թե չէ այս մթին էլ ոչինչ չեմ տեսնում: Տե՛ս, հասանք նեղ ճանապարհին: Մի փոքր կռացիր, որ անցնես այդ կամարով: Ինչ նեղ է այն: Կարծում եմ կհիշես, թե որքան նեղ ճանապարհներ ես անցել քո կյանքում: Երբ չկար ոչ մի լուսավոր կետ, որ քեզ օգներ, դու միայնակ էիր մոլորվում դրանցում և միշտ, թեկուզ և դժվարությամբ, դուրս էիր գալիս այդ տեղից: Հիմա փորձիր անցնել այս մեկով ևս, գուցե արևը կամարի մյուս ծայրո՞ւմ է… Մի քիչ էլ առաջ արի, ահա՛, դուրս եկանք կամարից: Սա էլ այգին: Ճիշտ ես, անճանաչելի է դարձել, բայց հիշո՞ւմ ես, մի ժամանակ այստեղ քո շունն էր վազվզում, քո ամենահավատարիմ ընկերը: Ի՞նչ էր նրա անունը… Տե՛ս է, ես էլ եմ մոռացել: Մոռացել էիր, չէ՞ նրան, բայց հիշի՛ր, միայնակ մարդը երջանիկ չի լինում երբեք։ Այսօր, այստեղ դու մոռացել ես քո հավատարիմ ընկերոջը, բայց անտառից դուրս, երբեք, երբեք չմոռանաս։ Առանց ընկերների կյանքդ կնմանվի այս գորշ գույներին… Տե՛ս, հեռվում, ծառերի խորքում, այ հենց դա, որ պսպղում է, այդ լուսավոր կետը: Ի՞նչ է, չե՞ս հիշում։ Դա քո տնակն է… Որքա՜ն ուրախ եմ: Ես էլ կարծում էի այն ևս մարել է: Արդեն հույս էլ չունեի, որ պահպանված կլինի այնպես, ինչպես այն ժամանակ էր: Տես, թե ինչ գեղեցի՜կ է։ Արի վազենք նրա մոտ, որ ավելի մոտիկից տեսնենք… Ի՞նչ է, չե՞ս կռահում, այս ամենից հետո, երբ դու տեսար, թե ինչ վիճակում էին բոլորը, ողջ ճանապարհի ընթացքում, թե ինչպես էին չորացել, կորել, կոտրվել, մարել մյուսները, իսկ տնակը, որն ամենախորքում էլ չի փոխվել ու շարունակում է վառ լուսավորել, գլխի չե՞ս ընկնում, ինչն է: Տնակը, որի ճանապարհը այդքան շատ էի ցանկանում քեզ ցույց տալ՝ մանկությունն է… Այն հեքիաթը, որը երբեք չի խամրում…

Դու կարող ես մոռանալ ամեն բան, բայց մանկությունդ, երբե՛ք: Որքան էլ, որ նա հեռու լինի, որքան էլ, որ խորը պահես ներսումդ և որքան էլ ամուր փակես դուռը, մի օր կբացես այն ու կհասկանաս, որ ավելի քաղցր ու բարի ոչինչ չես տեսել…

tatev aghazaryan

Կինն ամեն տեղ իր ոտքը կդնի

Վերջին ժամանակներս սկսել են ավելանալ կին վարորդները: Ու շատ դժգոհություններ եմ լսել տղամարդկանցից: Գիտե՞ք, զարմանում եմ այն մտածողության վրա, որ եթե դիմացիդ մեքենան խախտում է անում, ուրեմն՝ զգուշացե՛ք, կին է ղեկին: Բայց ինչո՞ւ մյուս վարորդների մտքով չի անցնում, որ կարող է անգամ ոչ սթափ տղամարդ լինել: Իհարկե, ես համամիտ եմ նրանց հետ, եթե իրոք կինը կամ աղջիկը մեքենա վարել չգիտի, և մեքենան ուղղակի ձևական բնույթ ունի:

Շատ ծիծաղելի է, երբ կանայք դիմացի հայելին օգտագործում են ոչ թե հետեւի տեսադաշտը տեսնելու համար, այլ շպարը թարմացնելու նպատակով: Բայց չէ՞ որ ոչ բոլոր կանայք են այդպիսին: Կան այնպիսի կանայք, որոնք տղամարդկանցից շատ ավելի լավ են վարում:

Ես անցկացրել եմ փոքրիկ զրույց երկու կին վարորդների՝ Շուշան Միկոյանի և Նարինե Պետրոսյանի հետ:

Շուշան Միկոյանն արդեն մեկ տարվա վարորդ է: Նա հանդիպում է շատ խնդիրների, ինչպես նաև խնդիրներ առաջացնում այլ վարորդների համար: Ինչպես ինքն ասաց. «Սկսեցի մեքենա վարել կարիքից դրդված, քանի որ սովորում էի Ամերիկյան համալսարանում և ապրում Աշտարակում: 80 րոպե դասին մասնակցելու համար ծախսում էի 180 րոպե կանգառներում և երթուղայիններում: Ամեն ինչ ավելի վատ էր տոն օրերին և ուշ ժամերին: Մի անգամ, երբ տուն եկա երկու տարեց տղամարդկանց միջև նստած, որոնք հավանաբար վերջին անգամ Նոր տարուն էին լոգանք ընդունել, վերջնական որոշում ընդունեցի, որ պետք է մեքենա վարեմ: Երևանում վատ աչքով են նայում, քանի որ կա կարծրատիպ, որ կին վարորդները ճանապարհի չարիք են: Սակայն Երևանից դուրս տղամարդիկ հիմնականում սիրալիր են: Երբ տեսնում են, որ չեմ կարողանում կայանել, թողնում են իրենց բան ու գործը ու գալիս ցուցումներ են տալիս, թե երբ թեքեմ ղեկը, ինչքան տեղ կա հետևում և այլն»:

Իսկ Նարինե Պետրոսյանն արդեն 12 տարվա վարորդ է: Նա շատ խնդիրների չի հանդիպում, միայն կարմիր գծերի հետ կապված խնդիրներն են. շատ դեպքերում տեղ չի լինում կայանելու համար: Մեքենա սկսեց վարել, որովհետև առաջացավ անհրաժեշտություն. ապրում էր օտար երկրում և ուներ երկու մանկահասակ երեխա: Ըստ նրա՝ «ՀՀ ճանապարհատրանսպորտային օրենքները լիարժեք են ձևակերպված, սակայն օրենքի պահպանումն ու իրագործումը կատարյալ չէ»: 5 տարի նա վարել է Իրանում, որտեղ երթևեկությունն ահավոր է եղել, և օրենքները գրեթե չեն գործել: Ի տարբերություն Շուշանի՝ Նարինեի հետ չի պատահել այնպիսի մի դեպք, որ օգնեն, բայց հավատացած է, որ եթե անհրաժեշտություն առաջանա, կօգնեն:

Այսպիսով՝ տղամարդի՛կ, ինչքան էլ դժգոհեք, միևնույնն է, կինն ամեն տեղ իր ոտքը կդնի: Վառ օրինակներից մեկը կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան է (1963 թ.):

seda mkhitaryan

Էդ մի հետը թե խի՞ տհե արավ…

Երբ դասից տուն եմ հասնում, «վրաս արդեն հալ չի լինում», որովհետև մեր դպրոցը մեր տնից շատ հեռու է։ Ամեն անգամ, երբ լսում եմ «դպրոցի ճամփան դժվար է, երկար, շատերի համար» նախադասությունը, այդ շատերի թվում ինձ ու իմ հարևաններին եմ դասում, որովհետև արդեն 12-րդ տարին է՝ Քարինջ գյուղի երեխաներով տանջվում ենք այդ ճանապարհին։

Այսօր էլ սովորականի պես հալից ընկած եկա տուն։ Տատիկը պատշգամբում նստած էր, ու տեսնելով անօգնական վիճակս՝ ասաց.

-էս ժղովուրդը էդքան պայքարեց, որ էդ դպրոցը ուրիշ տեղ սարքեն, հնար չեղավ, Ավագյանը տարավ, գեղի էն ծերին սարքեց՝ իրա տանը մոտիկ։

Հետաքրքրեց. փաստորեն կարո՞ղ էր այլ կերպ լինել, կարո՞ղ էի 8:30-ի փոխարեն տանից 8:50 դուրս գալ։

-Տատի,- հետաքրքրությունից վառվող աչքերով հարցրի ես,- բա որտե՞ղ էր լինելու դպրոցը։

-Է, աղջիկ ջան, էն Ռուբոյի գոմը որ կա է (նշվածը մեր տնից մի 5 րոպեի հեռավորության ճանապարհ է, իսկ հիմա դպրոց հասնում ենք 30 րոպեում), այ էդ գոմի տեղն էին ուզըմ սարքեն։ Սաղ ժըղովուրդը ուզեր, որ ըտի ըլի, ասեին՝ տանիլ տեն էն քարափի գըլխին դպրոց սարքե՞ն, րեխեքը կգնան, քարափիցը դվեր կընգնեն, ոչ ջուր կա, ոչ էլ տեղն ա հարմար։ Բայց, դե մեր էն վախտվա դպրոցի դիրեկտորը՝ Ավագյանը, լավ մարդ էր, բայց մենակ իրա մասին մտածեց, չմտածեց, որ դա մի օրվա համար չի, էն ա, հիմնական բան ա։ Տարավ իրա քթի տակին սարքեց։ Բայց էդ մարդը վատ մարդ չէր, էն ա, էդ մի հետը թե էդ խի՞ տըհե արավ՝ գիդեմ ոչ։

-Վայ, տատի՛, փաստորեն դպրոցը կարող ա ըստի մոդիկ էր հա՞ ըլել։

-Մենակ մոդի՞կն ա, ասել էին դպրոցի կողքին բաղ կըգձեն, ամեն միրգ կլի, ու էդ դպրոցինը կլի։ Դե, էն վախտ ես էլ էի դպրոցըմն ըշխատըմ (տատս դպրոցի բուֆետում է աշխատել), իմ հմա էլ լավ կըլեր՝ մոդիկ կգնեի-կգեի։ Բա, աղջիկ ջան…

Ափսոսանքով լսում եմ, ու մի անգամ ևս համոզվում, որ պետք չէ մտածել միայն սեփական անձի մասին։

Mariam barseghyan

Ինչու չենք խոսում գրական հայերենով

Մեր լեզուն հեղեղված է ժարգոնով և օտարաբանություններով: Հայոց լեզուն աշխարհի ամենագեղեցիկ լեզուներից է, բայց, այնուամենայնիվ, մենք գերադասում ենք օգտագործել օտար բառեր: Հաճախ եմ լսում` «ինչու չէ» կամ «ինչու ոչ» արտահայտությունը, որը ռուսերենից թարգմանած «почему бы и нет» արտահայտությունն է, և հիմնականում այն օգտագործվում է ոչ տեղին, և խոսքը տգեղ է դարձնում: Նման կաղապարային արտահայտությունների օգտագործումը, ըստ իս, անընդունելի է: Ավելի շատ ինձ վշտացնում է այն փաստը, որ ոչ գրագետ խոսքը հաճախ է հանդիպում նաև հեռուստատեսությունում: Հայաստանի առաջին հեռուստաալիքի լուրերի հաղորդավարները բազում սխալներ են թույլ տալիս իրենց խոսքի մեջ: Օրինակ՝ ինչու ասել «ինվալիդ», եթե կարելի է ասել «հաշմանդամ»:

Մեր լեզուն երբեք անաղարտ չի եղել: Մենք միշտ ունեցել ենք օտար պետությունների ազդեցությունը մեր երկրի և մշակույթի վրա, մեր լեզուն միշտ եղել է բարբառներով ամենահարուստը: Այսօր ամբողջ Հայաստանում բոլորս էլ լավ տիրապետում ենք գրական լեզվին, բայց չգիտեմ՝ ինչու, առօրյա լեզվում չենք կիրառում: Ես ինքս ժարգոնային խոսքի կրողն եմ, ինքս շատ հաճախ եմ օգտագործում օտար բառեր, հատկապես՝ ռուսերեն: Ես գիտակցում եմ իմ սխալը, բայց շարունակում եմ նույն կերպ խոսել:

Ժարգոնային արտահայտությունները հիմնականում կիրառվում են խոսքի ազատ տարածությունը լցնելու համար: Երբ խոսողը չգիտի՝ ինչպես ավարտել իր նախադասությունը, կամ ինչպես լրացնել այն, օգտագործում է ոչ տեղին և անիմաստ արտահայտություններ: Օրինակ՝ շատ հաճախ օգտագործվող «ուրեմնը», «ասենքը»: Նույն կերպ հաճախ օգտագործվում են նաև «հա», «ասում ա» և նման այլ արտահայտություններ: Բոլոր արատավոր բառերից հնարավոր չէ միանգամից ազատվել, բայց աշխատել ավելի գրագետ խոսել՝ հնարավոր է:

Գրական հայերենը ականջ է շոյում, գրական խոսքը ավելի հաճելի է լսել, խոսենք հայերեն:

Artyom Avetisyan

Հաջողության բանաձևը

Արդեն երկար ժամանակ է, ինչ թղթակցում եմ 17.am-ին: Թիմի հետ ծանոթանալու առաջին իսկ օրվանից հետաքրքրությունս շատ մեծ էր: Երբ մի քանի նյութ գրելուց հետո պարզվեց, որ ընդգրկված եմ մեդիա ճամբարի ցուցակում, սկսեցի ավելի լուրջ վերաբերվել այս ամենին, որովհետև հասկանում էի, որ ինձնից ինչ-որ բան եմ ներկայացնում, և դեռ չբացահայտված գաղտնիքներ ու տաղանդներ կան իմ ներսում, որոնց բացահայտվելու ժամանակն է: Գիտակցում էի, որ այն մարդկանց, որոնք ինձ ներառել են ճամբարի մասնակիցների ցուցակում, պետք չէ հուսախաբ անել, այլ անհրաժեշտ է արդարացնել թե՛ նրանց, թե՛ իմ հույսերը: Սա 2016թ.-ի արդեն իմ երկրորդ մեծ հաջողությունն էր՝ «Հայ ասպետ» մրցախաղի կիսաեզրափակիչ փուլում հաղթանակից հետո:

Մեդիա ճամբարն անցավ շատ աշխույժ և հետաքրքիր: Օրեցօր նոր գիտելիքներ էինք ստանում և նոր ընկերներ էինք ձեռք բերում: Այնպես կուզենայի հիմա դպրոցական մի քանի դասաժամերի փոխարեն լինեին ֆոտոյի, կինոյի ու լրագրության վարպետության դասեր, և դասավանդեր մեզ 17.am-ի ամբողջ անձնակազմը:

Երբ համեմատում եմ հին նյութերս վերջին նյութերիս հետ, տեսնում եմ ահռելի տարբերություն առաջվա և այժմյան մտածելակերպիս միջև:

Երբ ամառվա տապին գնում էինք դպրոց՝ «Հայ ասպետին» նախապատրաստվելու համար, շատ էինք նեղվում ու նվնվում, որովհետև այդ շոգին շատ քայլելուց քիչ էր մնում արդեն հալվեինք: Գրքերն ու տետրերը պահում էինք գլխներիս և դեմքներիս, որպեսզի պաշտպանվենք արևի ճառագայթներից: Երբ տուն գնալու ճանապարհին էինք լինում, տեսնում էինք, որ կոշիկներիս ինչ-որ սև գույնի ծամոն է կպել ու ասում էինք. «Տես, կոշիկներիդ գուդրոն (ձյութ) է կպել»: Ու այդպես ծիծաղելով, միաժամանակ՝ հոգնելով տեղ էինք հասնում: Բայց երբ վերջում հասանք հաղթանակի գագաթնակետին, հասկացանք, որ մեր ջանքերը զուր չեն եղել: Դա այդ տարվա առաջին մեծ հաղթանակն էր, որին մենք հասանք շատ աշխատանքի, ջանքերի ու եռանդի շնորհիվ: Երկրորդ հաջողությանը ես հասա թղթի, գրիչի, մտքի շարադրանքի, մտածելակերպի ու հասկանալու միջոցով: Խոսքը թղթակցելու մասին է: Նյութը պետք է լինի գրագետ գրված, հասկանալի բոլորին ու հետաքրքիր իրադարձություններով լեփ-լեցուն:

17.am-ին թղթակցելուց հետո հասկացա, որ ես իմ ձեռքը ոչ թե պետք է վերցնեմ նշտար, բամբակ, յոդ, սպիրտ, դեղամիջոցներ ու բուժիչ սարքեր, այլ թուղթ ու գրիչ, հետո նաև՝ խոսափող, նկարող սարքեր, իսկ եթե ամեն ինչ լավ ընթանա, կփորձեմ նաև հայտնվել հեռուստաէկրաններին՝ հանդես գալով հաղորդավարի, մեկնաբանի ու դերասանի դերում:

Այնպես որ, պատանի թղթակիցների այս ցանցի միջոցով մտածելակերպս ու նախասիրություններս 180°-ով փոխվեցին, ինչի համար շնորհակալ եմ 17.am-ին:

Բոլոր նրանք, ովքեր ուզում են նմանատիպ հաջողությունների հասնել, թող թղթակցեն 17.am-ին: Հավատացած եղեք՝ արդյունքը ամենաուշը մեկ ամսից կերևա, և իհարկե, իր դրական կողմերով:

Հիմա բացատրեմ նյութիս վերնագիրը՝ «հաջողության բանաձև»: Այսինքն՝ պահ, ժամանակ, երբ նվաճումներիդ հասնում ես մեծ ջանքերի, եռանդուն կերպով աշխատելու, մեծ ուժ գործադրելու շնորհիվ: Իսկ այդ ամենին, երբ խառնում ես երազանքդ ու կամքդ, ստացվում է մի նոր ռեակցիա, մի նոր խառնուրդ, մի նոր բանաձև: Եվ այդ ամենը կարելի է արտահայտել երկու բառով՝ հաջողության բանաձև:

Իսկ սա հաջողության իմ բանաձևն է.

Ջանք2 + 2երազանք + (աշխատանք)n = 2նպատակ + (հաջողություն)n

hovhannes ghulijanyan

«Չես դադարում զարմացնել…»

2015 թվականի ամռանը մասնակցեցի «Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացին։ Հենց այդ ժամանակ էր, որ նրանց օգնությամբ նկարեցի «Փալանչո» ֆիլմը, որը ճանաչում բերեց տիկնիկային թատրոնին:
Եկավ 2016 թվականի գարունը. կրկին դասընթաց, այս անգամ՝ Արմավիրում։ Նորից մասնակցեցի՝ ավելի մեծ ոգևորությամբ: Սկսեցի ավելի հաճախ նյութեր գրել, սկզբում բոլոր նյութերս պատասխան նամակ էին ստանում, որտեղ նշված էին իմ թերությունները։ Դրանք շտկելուց հետո նյութերս հայտնվում էին կայքում։ Նկատել եմ, որ վերջերս նյութերս առանց շտկումների են հայտնվում կայքում, քանի որ դրա կարիքն այլևս չի լինում։ Եվ այս ամենը շնորհիվ «Մանանա» կենտրոնի լրագրության դասընթացների: Բոլոր ծանոթներիս պատմել եմ այս կազմակերպության մասին ու բոլորը սպասում են, թե երբ պետք է լինի հաջորդ դասընթացը։

Ամռանը նույնիսկ հնարավորություն ստացա մասնակցելու «Մանանա» կենտրոնի կազմակերպած մեդիա ճամբարին, որն իր տեսակով միակն էր Հայաստանում: Ճամբարում ամեն օր վարպետության դասեր էին անցկացվում, որոնք վարում էին հայտնի մասնագետներ: Ճամբարում ավելի հմտացա գրելու մեջ և նյութերս, որոնք հայտնվում էին համացանցում, արդեն մեկնաբանվում էին: Հիշարժան էր վերջին նյութիս մեկնաբանություններից մեկը. «Հո՛վ, չես դադարում զարմացնել, շա՜տ լավ ես գրել»: Եվ սա այն դեպքում, երբ դպրոցում ես կաղում էի շարադրություններ գրելիս: Դե, իրականում, մեզ այստեղ սովորեցնում են ոչ թե շարադրություններ գրել, այլ զարգացնել լրագրողական միտքը, վերլուծել, իրական պատմություններ, սցենարներ գրել, հարցազրույցներ վերցնել։ Ճամբարում շատ գիտելիքներ ձեռք բերեցի։ Նաև շատ կարևոր էին նոր ծանոթությունները, ու հիմա, որ մարզ էլ գնամ, հանգիստ կարող եմ ասել՝ այնտեղ ընկերներ ունեմ:
Հիմա, ճիշտ է՝ ես ուրիշ մասնագիտական ուղղվածություն ունեմ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ կապս կպահեմ «Մանանա» կենտրոնի և 17.am-ի հետ՝ շարունակելով զբաղվել լրագրությամբ, լուսանկարչությամբ և կինոյով:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանանայի» անձնակազմին, քանի որ հենց նրա շնորհիվ ստացա շատ գիտելիքներ։

hasmik vardanyan

Հոգով արիները

Ես արդեն վեց ամսից ավելի է, ինչ 17.am-ի թղթակից եմ, իսկ 17.am-ն այն հարթակն է, որը լայն հնարավորություն է ստեղծում ծանոթանալու Հայաստանի բոլոր մարզերում ապրող մարդկանց կյանքին:

Կարդալով մեր թղթակիցների՝ մասնավորապես սահմանամերձ շրջաններում ապրողների նյութերը, մի հարց անընդհատ տանջում է ինձ. ինչո՞ւ են այս մարդիկ ապրում սահմանամերձ մարզերում, իսկ ես այստեղ՝ Մարտունիում: Չէ՞ որ կարող էր լինել նաև հակառակը: Ես շատ եմ մտածում սահմանամերձ գյուղերում ապրող իմ հասակակիցների մասին, փորձում եմ համեմատել ինձ նրանց հետ։ Մտածում եմ ու հասկանում, որ ես չունեմ այն ուժը, այն ոգին, որը պետք է սահմանամերձ շրջաններում ապրելու համար: Ես վախենում եմ՝ շատ-շատ… Վախենում եմ մթությունից, մենակությունից, երեկոյան պատուհանից դուրս նայելուց, նույնիսկ՝ բաժակի կոտրվելուց: Ես, իմ վախերով շրջապատված, չէի կարողանա ապրել այդ շրջաններում:

Գիտե՞ք, այնքան եմ լսել, որ ասում են Արցախը շատ գեղեցիկ է: Հետաքրքրությունս շատ մեծ է՝ գոնե մեկ րոպեով գտնվելու այնտեղ, տեսնելու այն հրաշքը, ինչի համար մեր ազգը կռիվ է տվել և հիմա էլ շարունակում է տալ: Իսկ երբ կարդում եմ մեր սահմանամերձ շրջանների թղթակիցների՝ Սերյոժայի, Սերինեի, Դավիթի և բոլոր Տավուշի մարզի թղթակիցների նյութերը, նրանց ամեն մի բառի մեջ նկատում եմ ուժը, այն անվախ ոգին, որ պետք է սահմանամերձ շրջանում ապրելու համար: Ու հիմա մտածում եմ, որ այս ամենը պատահականություն չէ, և Աստված գիտի, թե ով՝ որտեղ է ապրում:

Հուսով եմ, որ մի օր կայցելեմ սահմանամերձ շրջաններ: Մի օր կամ վախը կհաղթի ինձ, կամ ես՝ վախին, իսկ ավելի լավ է՝ խաղաղությունը…