jora petrosyan

Շոուն ու բեմական տեսքը այնպիսին էր, ինչպես ես էի ուզում

Հարցազրույց «X Factor» նախագածի մասնակից Անգել Բարսեղյանի հետ:

-Ե՞րբ եք սկսել երգել և ե՞րբ` էլ ավելի խորացել երաժշտության բնագավառում։

-Երգել սկսել եմ 3 տարեկանից, 15 տարեկանից սկսել եմ զբաղվել երգեցողությամբ, իսկ խորանալ՝ 18-ից։ Այժմ իմ կյանքը չեմ պատկերացնում առանց երգի։ Ամեն ինչ սկսվեց մի ձայնարկիչից, որ ծնողներս էին ինձ նվիրել։ Ամեն անգամ միացնելիս, անկախ իմ կամքից, սկսում էի երգել։

-Ե՞րբ է եղել Ձեր առաջին մեծ բեմելը։

-Առաջին բեմելս եղել է 2009 թվականին «Միջազգային բեմ» փառատոնի ժամանակ։ Վերջինիս ժամանակ շատ ոգևորված էի, որովհետև ներկայանում էի իմ հեղինակային երգով՝ «Colour world» վերնագրով։

-Առաջին անգամ Դուք Ձեր ուժերը փորձեցիք «Մանկական Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլում՝ հանդիսատեսին ներկայանալով «Ողջույն» երգով։ Ո՞վ է եղել այն մարդը, ով սատարել է Ձեզ և ոգևորել, որպեսզի մասնակցեք այդ մրցույթին։

-Գաղափարը իմն էր ու իմ ընկերներինը։ Ինձ ամեն հարցում օգնում և սատար է կանգնում իմ հայրը, իսկ ինձ ոգևորելու հարցում օգնում են ընտանիքիս անդամները, հարազատներս, ընկերներս։

-Մասնակցել եք նաև «Իմ անունն է» նախագծին։ Նախագծի ֆորմատն այնպիսին էր, որ պետք է նմանակեիք որևէ երգչի։ Ինչպես այս անգամ՝ «X Factor» նախագծում, այնպես էլ «Իմ անունն է»-ում, Դուք ներկայացաք աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննայի երգերով ու կերպարով։ Ինչո՞ւ հենց Ռիհաննա, ի՞նչն է դուր գալիս Ձեզ նրա երգերի մեջ։

-Ռիհաննային ու նրա երաժշտական կարիերային հետևում եմ մոտ 11 տարի։ Չեմ ասի, որ նա իմ կուռքն է, ինձ դուր են գալիս նրա ձայնը, ոճը։ Նա իր տեսակի մեջ միակն է ու չկրկնվողը։

-Ձեր առաջին բեմելը «X Factor»-ում բավականին հետաքրքիր էր։ Ներկայացաք հետաքրքիր հագուստով՝ «վերցված Ռիհաննայի զգեստապահարանից»։ Այս անգամ, էլ ավելի ռիսկային բեմական կերպար էիք ստեղծել։ Չե՞ք վախենում արդյոք հասարակության քննադատող հայացքներից։

-Քննադատություններին վերաբերվում եմ շատ նորմալ. ինչքան մարդ, այնքան կարծիք։ Մեկին կարող եմ դուր գալ, իսկ մյուսին՝ ոչ։ Իսկ քննադատողներին ուզում եմ ասել, որ այդ ամենը շոու է, բեմական տեսք, և մարդու բարոյականության աստիճանը հագուստի կարճ կամ բաց լինելով չէ, որ պետք է սահմանվի։

-Ձեր ելույթի վերաբերյալ ժյուրիի կողմից հնչեցին ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ։ Իսկ ըստ Ձեզ, ինչպիսի՞ն էր Ձեր ելույթը։

-Ես միշտ ձգտում եմ կատարելության։ Չեմ ժխտում, ձայնս տեղ-տեղ լավը չէր։ Բայց շոուն ու բեմական տեսքն այնպիսին էին, ինչպես ես էի ուզում, ու երկար աշխատանքս տվեց իր արդյունքը։

-Վերջերս ներկայացաք խմբային տեսահոլովակով։ Կարո՞ղ ենք սպասել անհատական տեսահոլովակի։

-Բնականաբար։ Առաջիկայում իմ հեղինակային երգի պրեմիերան է լինելու։

-Իսկ կմասնակցե՞ք «X Factor»-ի հաջորդ եթերաշրջանին։ Մի՞թե հաջորդ փուլ չանցնելը կոտրեց Ձեզ։ 

-Չեմ կարող ասել՝ կմասնակցեմ հաջորդ «X Factor»-ին, թե ոչ, բայց ես երբեք չեմ կոտրվում և չեմ հանձնվում։ Առաջիկայում նոր պլաններ ունեմ, որոնք բոլորը պիտի իրականացնեմ։

-Ի՞նչ պլանների մասին է խոսքը։

-Նոր երգ, նոր տեսահոլովակ, ընկերներիս հետ համերգային տուրեր։ Դե, իսկ գովազդային ընկերություններից ստացած առաջարկները շատ-շատ են։ Չեմ ուզում բոլոր պլանները թվարկել, թող մնան անակնկալ։

-Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է Ձեր երգացանկը։ Ո՞ւմ երգերն եք ավելի շատ լսում։ Կարո՞ղ եք նշել մի այնպիսի երգ, որը հոգեհարազատ է Ձեզ։

-Երգացանկս ժամանակ առ ժամանակ փոխվում է։ Բայց բոլոր ժամանակների ամենահոգեհարազատ երգը Ռիհաննայի և Էմինեմի «Love the way you lie» երգն է։

-Կարճ ժամանակում ձեռք բերեցիք երկրպագուների մեծ բանակ՝ ինչպես Ձեր տաղանդի, այնպես էլ գեղեցկության շնորհիվ։ Ո՞րն է Ձեր ուղերձը երկրպագուներին։

-Շատ հաճելի է, երբ քեզ հարգում, գնահատում, սիրում ու հետևում են՝ դառնալով քո երկրպագուն։ Մարդիկ մտածում են, որ ես շատ մեծամիտ ու գոռոզ եմ, բայց իրականում այդպես չէ, ուղղակի չեմ հասցնում պատասխանել բոլորի նամակներին։ Նրանց միայն կասեմ, որ իրենց շատ եմ սիրում:

-Նշեք այն խորհուրդը, որով առաջնորդվում եք։

-Միշտ ասել եմ ու կասեմ, որ պետք է լինել անհատականություն, տարբերվել մյուսներից։ Լինել գիժ հոգով, այլ ոչ թե ձևական։ Այն, ինչ անկեղծ է, հոգու խորքից, միշտ գնահատվում է։ Պետք է միշտ լինել համարձակ և միաժամանակ չմոռանալ Աստծու մասին։

heghine grigoryan

Ընձի տարեք իմ գեղ

Սովորաբար մարդիկ ամենից շատ սիրում են իրենց ծննդավայրը՝ լինի դա գյուղ, թե քաղաք: Բայց երբեմն մտածում ես քաղաքի՝ գյուղի նկատմամբ առավելությունների մասին: Դե, քաղաքի կյանքն ամեն դեպքում ավելի բարեկեցիկ է: Երևի այդ պատճառով է, որ շատերը առաջին իսկ հնարավորության դեպքում լքում են գյուղը: Իսկ ահա, կանգառում ինձ հանդիպած պապիկը չէր ուզում ոչ մի դեպքում քաղաքում ապրել: Նա մեր կողքի գյուղից էր: Մենք Մարտունի քաղաքից հետ էինք գնում. ամեն մեկս՝ մեր գյուղ:

-Մենակ ա կաբրիմ: Ես ու ես ինք իմ տունը,- ասում էր նա:

Ես չհարցրի՝ ինչո՞ւ, որովհետև մտածեցի, որ այդ հարցով կարող եմ նրան ցավ պատճառել: Չնայած պապիկը շատ ուրախ ու առույգ էր երևում: Հետո նա շարունակեց.

-Տղես Երևան ա կաբրի, գնացել ա գյուղից, կնիգ, երեխա ունի: Կաշխատին, չկռնան գան գեղ:

Իմ հարցին, թե ինչո՞ւ նա իր որդու հետ չի ապրում, պատասխանեց.

-Բալա ջան, գյուղն ուրիշ ա, էլի: Քաղքի մեջ դու քու բոստանը չունիս, քու հայաթը չունիս, օր ելնիս ֆռռաս, աբրիս: Էնտեղ կվարտիրի մեջ շունչս կդրի, չկռնամ: Մերն ուրիշ ա: Էն ա, տղես ըմնօր կսա, թե՝ արի մնա: Բայց, դե, չերտամ:

Ես լսում էի նրան ու ժպտում: Մտածում էի, որ միշտ մենակ է, Ամանո՞րն էլ է մենակ անցկացնում: Ես հարցրի, և նա սկսեց մի դեպք պատմել.

-Նոր տարուն նախորդող օրը՝ ամսի 31-ին, տղես եկավ, զոռով տարավ: Բան չկրցա էնեմ: 1-ին մնացի, ամսի 2-ին ասի, թե՝ ընձի տարեք իմ գեղ: Բանի տեղ չդրին: Հաջորդ առավոտ հելա հագա, թե՝ ես կերտամ ման գալու՝ չկարամ տուն նստիմ: Ու գացի:

-Հետո՞,- հարցրի ես:

-Հետո տղես տեսել, օր երկար վախտ չկամ, զանգեց, թե՝ պապ, ո՞ւր իս: Ասի՝ հասել եմ Գագարին, արի տար:

Գագարինը Երևան-Մարտունի ճանապարհին ընկած բնակավայր է: Փաստորեն պապին տեսել էր, որ իրեն գյուղ բերող չկա, ինքն էր գնացել ավտոկայան և գյուղ ուղևորվել: Կամ, ինչպես ինքն էր ասում՝ «փախել բանտից»: Մենք երկար ծիծաղեցինք, հատկապես՝ պապին:

Ավտոբուսն եկավ, և մենք շարժվեցինք: Մեր գյուղի մոտ ես իջա, և միայն հետո հիշեցի, որ ամբողջ զրույցի ընթացքում այդպես էլ չհարցրի պապիկի անունը, ով չէր ուզում գյուղից թեկուզ երկու օրով բացակայել:

harutyun m hovsepyan

Սպիտակի շաքարը

Ծնողներիցս լսել եմ Սպիտակի շաքարի գործարանի մասին պատմություններ: Մորս պապի պատմածով այն կառուցվել է գերմանացի ռազմագերիների մասնակցությամբ: Որպես հումք հանդիսացել է շաքարի ճակնդեղը, որը մշակվել է Սպիտակի դաշտավայրերում: Գյուղատնտեսական աշխատանքներին մասնակացել են ոչ միայն մեծահասակները, այլ նաև դպրոցականները՝ այդ թվում հայրս և մայրս: Արտադրվող մեծաքանակ շաքարն ու շաքարավազը բավարարել է ոչ միայն տեղի բնակչությանը, այլև արտահանվել է: Բոլորը ափսոսանքով են խոսում այս գործարանի մասին, որն ավերվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ:

Եթե գործարանն աշխատեր, ապա սպիտակցիներն աշխատանք կունենային, իսկ գյուղացիները դարձյալ ճակնդեղ կմշակեին՝ համոզված լինելով, որ իրենց բերքն անպայման պահանջարկ կունենա:

Ani avetisyan

Այսպես էլ է լինում

Երբեմն մտածում եմ, որ էությամբ ռոմանտիկ եմ, բայց դրա հետ մեկտեղ՝ ձմեռ ասելիս դեռ երբեք երկնքից իջնող ձյան մեծ-մեծ փաթիլներ, տաք թեյ, վառարան ու ծածկոց չեմ պատկերացրել:

Գիտե՞ք, երբ փոքր էի՝ մտածում էի, թե ձմեռն իրականում ձմեռ է միայն մեզ մոտ՝ գյուղերում, իսկ քաղաքներում մաքուր փողոցներ ու մայթեր են, և ոչ ոք չի նկատում, որ ձմեռ է եկել, ոչ ոք չի «խրվում» ձյան շերտերի մեջ ու չի թրջվում: Բայց չէ, հիմա գիտեմ, որ եթե մեզ մոտ ձյունը չեն մաքրում, ու այն մի օր սառույց է դառնում, գոնե մնում են հատվածներ, որտեղով կարող ես քայլել առանց վնասվածքների, իսկ քաղաքներում սառույցն ուղղակի թագավորում է ամենուր: Դե, իհարկե, եթե համապատասխան մարմինները չեն հետևում մաքրությանը: Բայց համապատասխան մարմինները, մեղմ ասած, այնքան էլ ուշադիր չեն, և նոր եկած ձյան ու դրանից առաջացած սառույցի հետ մեր ամեն հանդիպումը դառնում է վտանգավոր խաղ ժամանակավոր սահադաշտում:

Բայց այսօր ես չեմ ուզում բողոքել: Իմ թեման այսօր Աշտարակն է: Նախ ասեմ, որ ինձ համար արդեն սովորական է դարձել ամեն ընտրություններից հետո նոր ընտրված այս կամ այն գործչի մասին «դարերի փոշով» ծածկված պատմություններ գտնելն ու աշխարհին պատմելը, փնովելն ու բոլոր նման երևույթները: Բայց ամեն բան ժամանակի խնդիր է, երբեմն այդ ամենն իսկապես համապատասխանում է իրականությանը, երբեմն՝ ոչ, իսկ շատ հաճախ բավական երկար ժամանակ ուղղակի հասկանալ չես կարողանում: Լավ, թողնենք:

Նորից Աշտարակին անդրադառնամ: Երևի գիտեք, որ Աշտարակի նոր քաղաքապետը երիտասարդ քաղաքական գործիչ է, ու նա էլ անմասն չմնաց քննադատությունների ալիքից: Սակայն, մարդիկ ինչ էլ որ ասեն, հերքել չի կարելի, որ վերջին շրջանում քաղաքն իրոք զարմացնում է մեզ: Ամանորի նման տրամադրություն ու մթնոլորտ իմ հիշողության մեջ չի մնացել: Կարող եք ասել, որ բազմաթիվ խնդիրների հետ Ամանորի ծախսեր անելը ճիշտ չէ, բայց, ցանկացած պարագայում, հաճելի է զգալ Նոր տարվա շունչը: Մարդիկ կարող են կտրվել առօրյայից ու հավատալ Ամանորի կախարդանքին:

Դրան զուգահեռ՝ զարմանալի էր նաև այն, որ նկարագրածս սառցադաշտերը քաղաքի մայթերում ու փողոցներում չկային ու չկան: Առավոտյան չկար նաև քիչ առաջ տեղացած ձյունը: Հաճելի է տեսնել փոփոխություն, թեկուզ աննշան, չէ՞ որ ամեն փոքրիկ առաջընթաց ավելի է մեծացնում հույսը: Այսպես էլ է լինում: Մնում է սպասել շարունակությանը:

arus kapukchyan

Ես Արուսն եմ

Այսօր հասկացա, որ ուզում եմ 17.am-ի թղթակից դառնալ, ուզում եմ գրել և ուշադրություն չդարձնել՝ կկարդա՞ն, թե՞ ոչ: Դե, որ որոշել եմ, ուրեմն՝ ի գործ: Վերցրի թուղթ, գրիչ ու սկսեցի գրել առաջինը, ինչ եկավ մտքիս: Դե, կարևորը անկեղծ գրելն էր, չէ՞, ես էլ անկեղծ գրեցի անդեմ մարդկանց ու երևույթների մասին ու մի փոքր ուշ, բայց հասկացա սխալս: Ախր, 17-ը լրագրողական կայք է, էստեղ նյութերը իրական մարդկանց ու իրադարձությունների մասին պիտի լինեն: Դրանից բացի, մի ուրիշ բան էլ հասկացա: Եթե սա լիներ 1-2 տարի առաջ՝ ամենայն հավանականությամբ մի կողմ կդնեի գրիչս ու կկարդայի կիսատ մնացած գիրքս կամ կդիտեի վաղուց ընտրած, բայց էդպես էլ չդիտած ֆիլմերից մեկը: Բայց այսօր ոնց որ ինչ-որ բան ուրիշ է:

Նորից գրում եմ, առանց մտածելու լավ կամ վատ ստացվելու մասին:
Առաջին հերթին ներկայանամ. ո՞վ եմ ես: Երբեմն մտածում եմ, որ մարդկությունը ավելի անհեթեթ հարց չէր կարող հորինել, հետո հիշում եմ նախորդ ամիսներին ամեն ուրբաթ օր «Համակարգչային հմտություններ» առարկայի շրջանակներում մեզ առաջարկվող խնդիրներն ու հարցերը, և միանգամից փոխում եմ կարծիքս: Ինչևէ, այս հարցն այնքան էլ վատը չէ, ինչքան թվում է, և որքան դժվար է պատասխանելը, այդքան հետաքրքիր է այդ պատասխանը փնտրելը:

Դե ինչ, ես Արուսն եմ: Սիրում եմ արև, քաղցրավենիք ու մարդկանց: Սիրում եմ հեքիաթներ, հավատում հեքիաթների ու ապրում հեքիաթում: Իմ հեքիաթում վերջերս նոր միջավայր է հայտնվել՝ համալսարանը, որտեղ ես սովորում եմ լրագրություն, նախաքննական ու հետքննական սթրեսները հաղթահարելու միջոցներ, փորձում եմ յուրացնել մեկ օրում քննության պատրաստվելու արվեստը և այլն: «Սիրում եմ»-ներից կարծես այսքանը, հիմա անցնեմ հակառակ կողմին: Չեմ սիրում, երբ ազգանունս սխալ են ասում: Ի դեպ, ազգանվան մասին. ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր նոր միջավայրում հայտնվելիս ստիպված են լինում տառ առ տառ արտասանել իրենց ազգանունը և հետո լսել դրա տարօրինակության մասին կարծիքներ:
Ու, կարծես, չեմ սիրում «ո՞վ եմ ես» հարցին պատասխանել: Երևի նրանից է, որ ես ինքս էլ չունեմ այդ հարցի լիարժեք պատասխանը, և այդ հարցը միգուցե երբեք էլ լիարժեք պատասխան չի ունենում:

Մասնագիտությունը՝ ուսուցիչ

Իմ զրուցակիցն է Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սալվինե Սահակյանը:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

-Արդեն 33 տարի է՝ աշխատում եք այս դպրոցում, պատմեք Ձեր մասնագիտության ընտրության մասին: Ի՞նչը խթան հանդիսացավ մասնագիտական կողմնորոշման գործում:

-Ես ծնվել, մեծացել եմ մանկավարժի ընտանքում, և հենց սա էր առաջին խթանը մասնագիտական կողմնորոշման հարցում: Անընդհատ իմ առօրյան կապված է եղել մանկավարժության հետ`ուսուցչի առօրյա, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններ, հավանաբար դա է եղել պատճառը, որ ընտրել եմ այս մասնագիտությունը:
Նշեմ, որ սիրել եմ մասնագիտությունս, տեսել եմ, թե ծնողներս ինչպիսի նվիրումով են աշխատում, սիրում էին իրենց աշխատանքը , իրենց աշակերտներին: Քիմիկոս-կենսաբանի մասնագիտությունը ընտրել եմ` սիրելով ուսուցչուհուս` Ռոզա Եգանյանին:

-Այսքան տարի ձեր կյանքի թելը միահյուսված է ուսուցչի աշխատանքի հետ, իսկ երբևէ մտածե՞լ եք այլ աշխատանքի մասին:

-Թերևս չեմ մտածել: Ճիշտ է, մանկավարժի աշխատանքը շատ ծանր ու բարդ է, բայց դա ինձ չի խանգարում աշխատել սիրով: Մանկավարժի աշխատանքը կարելի է համեմատել քանդակագործի աշխատանքի հետ. աշակերտը հում կավ է, ուսուցիչը ձգտում է նրանից հնարավորինս լավ քանդակ կերտել: Ասված խոսք է. մանկավարժ չեն դառնում, մանկավարժ ծնվում են: Գտնում եմ, որ ի վերուստ ինձ տրված է մանկավարժ լինելու կոչումը:
Ուսուցիչը և բժիշկը ամենապատասխանատու մասնագետներն են, որովհետև երկուսն էլ գործ ունեն մարդկային կյանքի հետ: Բժիշկը գործ ունի զուտ մարդու ֆիզիկական կյանքի, իսկ ուսուցիչը մարդու կերտվածքի հետ: Աշակերտների հետ շփվելիս միշտ նրանց խորհուրդներ եմ տալիս և օգտագործում իմ կարգախոսը` «Կարող եք քիմիա լավ չիմանալ, բայց լավ մարդ լինել պարտավոր եք»: Մանկավարժը կատարելով իր աշխատանքը, աշակերտին ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլև նպաստում է երեխայի մեջ մարդ ձևավորելուն: Իհարկե, միայն ուսուցչի միջոցով դա հնարավոր չէ: Եռանկյունի է` ուսուցիչ-աշակերտ-ծնող:

-Համարո՞ւմ եք, որ ամեն դպրոցից հեռացող երեխայի մեջ դուք թողնում եք ձեր մի մասնիկը:

-Անպայման: Այս տարիների ընթացքում 33 սերունդ եմ ճանապարհել դպրոցից, և ամեն վերջին զանգի հուզվում եմ նույն չափով, որովհետև հարազատ դարձած երեխաների եմ ճանապարհում մեծ կյանք: Դպրոցից հեռացող յուրաքանչյուր սերունդ իր կնիքն է թողնում իմ կյանքում:

-Ի՞նչ հետաքրքրաշարժ դեպեր եք հիշում ձեր աշխատանքային տարիներից:

-Հետաքրքրաշարժ դեպքեր շատ են եղել: Մոտ երկու տարի առաջ տասներկուերորդ դասարանի աշակերտները անկարգություն էին արել, հաջորդ օրը գնացի ու խիստ նկատողություն արեցի, ասացի որ վատ բան են արել, և դուրս եկա դասարանից: Դրա հաջորդ օրը փետրվարի երեքն էր`իմ ծննդյան օրը, լրիվ մոռացել էի, թե ինչ օր է, ուղղակի նախորդ օրը նկատողություն էի արել, մտածեցի՝ գնամ տեսնեմ, խելքի՞ են եկել, թե՞ ոչ: Մտա դասարան, ասացի. «Հիմա իմ երեկվա ասածները հիշո՞ւմ եք»: Ամբողջ դասարանը միաձայն ասաց. «Այո, հիշում ենք»: Ասացի. «Ինձ բան չունե՞ք ասելու»: Ամբողջ դասարանով միահամուռ ասացին. «Ձեր ծննդյան օրը շնորհավոր»: Ես էլ սպասում էի, որ կասեն՝ ներողություն, էլ այդպիսի բան չենք անի:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ուսուցիչը, որ երեխայի հետ շփումն ավելի հեշտ դարձնի:

-Մանկավարժը նաև հոգեբան է: Դասարան մտնելով յուրաքանչյուր ուսուցիչ մոռանում է, թե´ իր խնդիրները, թե´ առօրյա հոգսերը, և ամբողջությամբ նվիրվում աշակերտի կրթությանը:

-Արդի կրթական համակարգում ի՞նչ փոփոխություններ կմտցնեիք:

-Ներկայիս կրթական համակարգը համեմատած Խորհրդային դպրոցի հետ շատ է փոխվել: Այսօրվա կրթական համակարգը հնարավորություն է տալիս ուսուցչին, ուսուցման մեջ օգտագործել թե ավանդական, թե այժմյան մեթոդները: Այսօրվա մեթոդները աշակերտակենտրոն են, այսինքն՝ հնարավորություն են տալիս աշակերտին աշխատել, զարգացնել տրամաբանական մտածողությունը, ստացած գիտելիքները առօրյայում կիրառելու կարողությունը:
Ժամանակակից կրթության դրական կողմերից է համագործակցային աշխատանքի առկայությունը: Այսինքն, ուսուցիչը 45 րոպեի ընթացքում աշակերտին ոչ միայն գիտելիքներ է տալիս, այլև սովորեցնում է համագործակցելու, միմյանց օգնելու նրբությունները:

-Ի՞նչն եք ամենից շատ արժեվորում մարդու մեջ:

-Դիմացինին հարգելու, գնահատելու, դիմացինի «ես»-ը ճանաչելու կարողությունը, արդարամտությունը:
Անկախ նրանից, ինչի մասին մենք խոսեցինք` մանկավարժի մասնագիտության, կրթակարգի, երջանկության բանաձևի, այս բոլորի վերևում ես մի արտահայտություն կարող եմ դնել. լավ կլինի, որ կյանքում մարդը իր դիմագիծը չկորցնի, իր մարդ կերպարը չաղտոտի, հավատարիմ մնա իր սկզբունքներին: Հիշի, որ ինքը մարդ է, գիտակից մարդ:

hasmik givargizyan

Հասցրեցի

Բարև, էլի ես եմ: Գուցե արդեն սովորական բան ասեմ, բայց ես նույնպես շատերի նման՝ երկար ժամանակ չէի գրում, ու ինքս էլ վատ էի զգում դրա համար: Իսկ պատճառը մեկն էր՝ գրելու բան չկա: Բայց գիտե՞ս ինչ եմ նկատել, ճամբարից հետո երեխեքի մի մասը մի պահ դադարեց գրել: Իսկ մյուս մասը՝ ընդհակառակը, սկսեցին ավելի ակտիվ գրել: Իսկ նյութերն ինչպես միշտ, ակտուալ ու հետաքրքիր են: Կարդում եմ ու մտածում՝ ախր, ո՞նց, ո՞նց չէի մտածել գրել դրա մասին: Գուցե կորցրե՞լ եմ  հետաքրքիր թեմաներ գտնելու կարողությունս: Իսկ եթե այդպես է, բա հիմա ինչպե՞ս եմ գրում այդ դեպքում: Է՜, մտքերս էլի խառնվեցին իրար: Ի՞նչ էի ասում, հա՛, հիշեցի: Չեմ պատմել, չէ՞, թե ինչպես լրացրեցի «Մանանայի» ճամբարի հայտը: Քիչ էր մնում չհասցնեի, պատկերացնո՞ւմ եք ինչքան կտխրեի: Ուրեմն, «Մանանայի» Դիլիջանի ճամբարից առաջ, ևս մեկ ճամբարի հայտ էի լրացրել և հաղթել, իմիջիայլոց, այդ ճամբարում «Մանանայից» ևս երեք թղթակիցներ կային, իսկ մի քանիսն էլ՝ մեզանից տեղեկանալուց հետո սկսեցին թղթակցել: Ինձ համար հանգիստ ճաշում էի, մեկ էլ ինձ մոտ վազեց Սոֆյան ու հարցրեց, թե ե՞րբ եմ վերջին անգամ էլ. -փոստս ստուգել, «Մանանայից» լավ լուր կա: Արագ բացեցի էլ.-փոստս ու իմացանք, որ եթե մինչև ժամը հինգը չլրացնենք հայտը, չենք կարողանա մասնակցել: Հիմա ի՞նչ, էդտեղ էլ միայն հանգստի ժամերին կարելի էր հեռախոսից օգտվել, իսկ հայտը համակարգչով պետք էր լրացնել: Ժամանակը կարճ էր, զանգահարեցի տուն, ասացի գաղտնաբառս ու խնդրեցի ավագ քրոջս, որ հերթով կարդա հարցերը, իսկ ես՝ պատասխանեմ: Հատկապես մի հարց կար, որի պատասխանը հիշելու համար շա՜տ տանջվեցի։ Պիտի գրեի, թե քանի՞ նյութ էի ուղարկել կայքին ամբողջ ընթացքում: Հայտն ուղարկեցինք, ու կարելի էր, գրեթե հանգիստ շունչ քաշել: Բա, որ չանցնե՞մ, բա, որ սխա՞լ պատասխանած լինեմ մի քանի հարցի: Մտքերիցս ազատվելու համար իջա ընդհանուր սենյակ ու փորձեցի մոռանալ, որ նման հայտ եմ ուղարկել: Իսկ պատասխանը փոքր ինչ ուշացավ, արդեն հույսս կտրել էի, որ անցած կլինեմ։ Ու հենց այդ ժամանակ պատասխան նամակ եկավ. անցել էի: Երջանկությանս չափ չկար, ով ճամբար է գնացել՝ կհասկանա, իսկ ով ոչ՝ մի նեղվեք, դեռ կհասցնեք ապրել այդ հաճույքը: 7 օր անծանոթ, բայց հարազատ ու ջերմ, քո մեծ ընտանիքում: Օրեր, որ երբեք ոչ մի բանի հետ չեմ փոխի…

Հ.Գ. Շնորհակալ եմ «Մանանայի» ողջ անձնակազմին, որ իրենց ուժերին չհավատացող երիտասարդներից ինքնավստահ ու կայուն սերունդ է մեծացնում: Սիրում ու կարոտում եմ բոլորիդ՝ շա՜տ-շա՜տ: Գրկիկներ, պաչիկներ:

erik alexanyan

ՆԶՊ և 17.am

Շատերը կմտածեն, թե ինչ կապ կարող են ունենալ Նախնական զինվորական պատրաստությունը և 17.am-ը: Ես իմ նյութերի մեծ մասը գրում եմ ՆԶՊ-ի ժամին, և սա էլ բացառություն չէ: Դե, հիմա դասասենյակը ցուրտ է, և ես դժվարանում եմ: Մի կողմից ցուրտը, մյուս կողմից՝ ընկերներիս ձայները խոչընդոտում են գրելուս: Սակայն ես հաղթահարում եմ խոչընդոտները, ու շարունակում գրել: Որոշ ժամանակ հետո ընկերներիցս մեկը բերեց էլեկտրական սալիկը, և դասարանը սկսեց տաքանալ: Առաջին խոչընդոտը հաղթահարված էր, մնում էր հաղթահարել ընկերներիս ձայները: Ընկերներիս ձայները կտրվեցին, երբ ուսուցիչը դասարան բերեց ավտոմատը: Բոլորը լռեցին և սկսեցին դաս պատասխանել: Ես շարունակեցի գրելս: Մի քիչ հետո ուսուցիչը ինձ կանչեց դաս պատասխանելու: Ես փորձեցի հրաժարվել և ասացի նրան.

-Ընկեր Բայրամյան, հավատացեք, սա ավելի կարևոր է:

Որոշ ժամանակ ուսուցչիս հետ բանավիճելուց հետո, վերջապես կարողացա համոզել նրան: Ուսուցչին համոզելուց, դասարանը տաքացնելուց և ընկերներիս ձայները հաղթահարելուց հետո սկսեցի ավելի եռանդուն գրել: Երբ արդեն ոչ մի խոչընդոտ չէր կարող խանգարել, հնչեց չարաբաստիկ զանգը:

anush mkrtchyan

Ես Լորիկի թոռն եմ

Կյանքում կան մարդիկ, ովքեր մեր ուժն են, մեր ներշնչանքի աղբյուրը, անկախ այն ամենից՝ տեսե՞լ ենք նրանց, թե ոչ: Մեկի համար` սիրած դերասանը, մյուսի համար՝ ֆուտբոլիստը, կամ սիրելի գրքի սիրելի հերոսը:

Ինձ համար այդ մարդը հորական պապս է՝ Լորիկը: Առաջին անգամ նրա մասին սկսեցի ծնողներիցս հարցուփորձ անել, երբ առաջին դասարանում կազմում էի մեր տոհմածառը:

Արմատներով Զարնջեցի է, բայց կյանքի մեծ մասն ապրել է Արագածավանում: Ամեն անգամ այդ գյուղ գնալիս զգում եմ, որ մի անհասկանալի բան պահում է ինձ այդտեղ, երևի «արյունս է քաշում»:

Մասնագիտությամբ ինժեներ է եղել: Երբ գրապահարանի դարակներից գտնում եմ նրա մասնագիտական գրքերը, ավելի ու ավելի եմ համոզվում, որ եղբայրս իր մաթեմատիկական բոլոր ունակությունները պապիցս է ժառանգել:

Պապիս ճանաչող բոլոր մարդիկ նրա մասին խոսում են մեծ հարգանքով: Իսկապես, այն անունը, որ թողել է նա, պարտավորեցնող է: Ամեն անգամ, երբ մտածում եմ, որ նրա թոռն եմ, հասկանում եմ, որ պարտավոր եմ լինել նրա պես «մեծ» մարդ:

Ի դեպ, Մկրտչյան ազգանունը հենց պապս է վերցրել իր տոհմից Մկրտիչ անունով մեկի անունը պահպանելու համար: Ուրախ եմ, որ Մկրտչյան եմ, ու որ պապիս շարունակողներից եմ լինելու:

Ցավոք, նրան երբեք չեմ տեսել, ու պատճառը չարաբաստիկ ավտովթարն է, որից մահացել է պապս: Բայց ամեն անգամ, երբ տարիների փոշու միջից գտնում եմ նրա նկարը, զգում եմ, որ ես դեռ շատ անելիք ունեմ: Այդ նկարն ու պապիս մասին լսած հիշողությունները գրի եմ առել սրտիս նոթատետրում, որ չկորցնեմ հանկարծ:

Հիմա էլ, երբ Արագածավան եմ գնում, լուռ քայլերս տանում են նրա գերեզմանին: Համբուրում եմ շիրմաքարն ու ինքս ինձ խոստանում, որ տարիներ հետո ինձ մատով ցույց կտան ու կասեն.

-Տե՛ս, Լորիկի թոռն է…

anush hovhannisyan

Կարոտը

-Տխո՞ւր ես:

-Ըհըն…

-Ինչի՞, ի՞նչ ա եղել:

-Երկրից եմ գնում:

-Տխուր ա:

Արտագա՞ղթ անվանեմ, թե՞ լավ ապրելու ցանկության դրսևորում: Երբ իմանում ես, որ երկիրդ քիչ-քիչ ցրվում է, ինչ-որ մեկը մեկնում է, մտահոգվում ես, բայց երբ հարազատդ, ընկերդ, հոգով մոտ մեկն է գնում, ցավն ուրիշ է լինում:

-Մի օր կտեսնվենք անպայման:

-Չէ, Ան, դժվար:

-Ահ, երկրից գնում ես:

-Ըհըն…

Արդյոք ցավոտ չէ՞ էս տողերը ստանալ հարազատ մարդուց: Ստանալ, հետո վերլուծել, մարսել ամեն մի բառը, հասկանալ, որ վերջ: Դու կորցրիր քո շանսը՝ էդ մարդու աչքերի մեջ նայելով խոսելու: Հա, մեր կապը միշտ էլ կլինի, բայց արդյոք դա՞ է մեր միակ նպատակը: Հը՞, էդ միակ տարբերա՞կն է: Չէ: Ավելի ճիշտ՝ չգիտեմ: Միգուցե գնալը ճիշտ է, բայց մնալը ամենաճիշտն է: Բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ իր հաճույքի համար ոչ մեկը չի թողնի հարազատ մարդկանց, տունը, օդը, բակը ու չի գնա օտար երկիր:

Գնում են ամենալավը որոնելու, տեսնելու, զգալու, ապրելու:

Գնացին: Վերջ, հա՞, սառե՞նք միմյանց նկատմամբ, թե՞ կարոտից խեղդվենք: Մի պահ եկեք հաշվենք, թե ամեն մեկս քանի բարեկամ ու ծանոթ ունենք օտար երկրում: Ամեն դեպքում կան, չէ՞: Բոլորիս խնդիրն էլ նույնն է՝ կարոտը: Անսահման, դաժան ու սպանող կարոտը: Բայց կարող ենք էդ կարոտին լավ կողմով էլ նայել: Դեպքեր են եղել, որ կարոտը ստիպել է մարդկանց հետ գալ: Ու էս հարցը միայն ինձնով, քեզնով, կամ մեկ ուրիշով չի լուծվի: Այն կա ու ներսից կրծում է՝ քիչ-քիչ վերացնելով ամեն ինչ: