Նարեկը իր բոլոր գույներով

Ամեն մարդ հոգով և սրտով կապված է իր գյուղի հետ։ Գյուղի օդը, արևը, ջուրը, ամեն ինչ ուրիշ է։ Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, նայում եմ այս ձեռակերտ հրաշքին ու մտածում, թե որքան հեռու կարող է գնալ մտքի թռիչքը, ինչքան մեծ են մարդկային երևակայության սահմանները։

Հայրենի ծննդավայր, Արարատի մարզի Նարեկ գյուղ,  ծննդավայր, որտեղ ամեն ժայռ​ ​ ու սար, քար ու ծառ ունեն իրենց գույները: Գույներ, որոնք բնորոշ են միայն մեր երկրին։ Կարծես բնությունը ոչ մի ներկ չի խնայել` ստեղծելով  մի հոյակերտ «կղզի» լեռների  մեջտեղում։ Հիմա լավ եմ հասկանում, թե ինչու իմ նախնիները չեն ցանկացել պոկվել այս հողից, ինչու են մնացել ու արմատ նետել նրա հովիտներում, ուր տաք է, հիասքանչ, նրա լեռներում, որտեղ ցուրտ է, բայց էլի հիասքանչ…
Երեկոները ավելի գեղեցիկ են դառնում գյուղում, երբ​ վառվում են փողոցների լույսերը, որոնք ձգվում են ողջ գյուղի երկայնքով և լուսավորում խոր քնի մեջ ընկած իմ գյուղը։
Հայրենիքը սկսվում է ընտանիքից, իմ հարազատներից, իմ սիրելիներից,  մտերիմներից և իհարկե, հայրենի ծննդավայրից` մեր սիրելի գյուղից, իսկ հետո շարունակվում է իմ հոգով, իմ շնչով, մեր հինավուրց ճարտարապետությամբ։
Նարեկ գյուղը ունի իմ թվարկած բոլոր  հատկանիշները։ Գյուղը, ճիշտ է, այդքան մեծ չէ, բայց երբ բարձրանում եմ բարձունքին, իմ դիմաց բացվում է մի հրաշք տեսարան: Սկզբում զարմանում եմ: Այնպիսի տպավորություն է, կարծես առաջին անգամ եմ տեսնում այդ դրախտային տեսարանը` գյուղը իր հարազատ գույներով։ Այնպիսի տեսարան է բացվում, որ եթե  նկարիչը տեսներ, ձեռքը կառներ վրձիններն ու ներկերը և թղթին կհանձներ այդ հրաշք տեսարանը։
Նարեկի ամեն կոթող ունի իր պատմությունը, պատմություն, որ քայլում է մեզ հետ կողք կողքի` Նարեկացու մատյանից մինչև  Նահատակաց մատուռ։

Anahit Arshakyan

Տասը վայրկյան

***
Թելը զգում ես հենց առաջին վայրկյաններին. կամ կապվեց, կամ` չէ։ Եվ վերջ։ Այդքանը։
Ես առաջին տասը վայրկյանում գիտեմ քո դիրքը ՝ ընթացքի  մեջ: Դու մի տեսակ մի տեսակ ես: Մի տեսակ ես գիտեմ քեզ։ Ես գիտեմ, ինչը կսիրեմ՝ մի օր ատելու նպատակով, ինչը կերազեմ այլ լիներ, ինչը կփոխես։

***
Իսկ եթե ա՞յլ բան ասեի…
Ուզում ես քեզ լսեն, ուզում ես օգնության կարիք ունենալ։ Եսը կառավարել հարկավոր չէ, երբ հանդիպում ես անծանոթ հարազատի։ Ակամայից դառնում ես սպիտակ առագաստ, դառնում ես խորտակված նավ, որ ջրի երես է ուզում դուրս գալ: Հարազատ անծանոթը քեզ կտա ամենածայրահեղ իրական հարցերը՝ քո մասին ու կպատասխանի ամենալռությամբ։

***
Տեսնես սա ե՞ս եմ, թե՞՝ նոր ուրիշ եմ։
Ահա՜, կարծես թե հարմար է։ Կարծես թե տաք է։ Կարծես թե հանգիստ է։ Կարծես թե ազատ է։ Ես կարծում եմ, որ ես՝ ես եմ, որովհետև դու՝ դու ես։

***

Եթե մի օր գտնվես փողոցի ստվերներում, ստվերիդ հետ կարճ զրույց կբռնկվի ու ստվերներդ կայրի: Ալիքները կհանեն վեր, բայց դու կմնաս քո խորության մեջ։ Դու գրել ես ալիքների մասին ու միայն գիշերով ու արել ես տառասխալներ։

Կասես, որ չքնելու սովորություն ունեիր, մոտ 3 տարի։ Ես կասեմ, որ գիտեմ։

Ու խորհուրդ կտամ, որ այս գիշեր քնես, և ամեն բան լավ կլինի: Ես քեզ չեմ ստիպի չքնել: Դու էլ իմ մասին չես գրի ու չես անի տառասխալներ:

***

Լցվել միայն հորինելով… Եվ միայն անքուն գիշերով:
Կարող եմ ստեղծել հազարավոր երազներ՝ տասը վայրկյան տևողությամբ ու բոլորը՝ ճշմարիտ։ Ես հավատարիմ եմ տասը վայրկյանի իմ տեսությանը։ Տասը վայրկյան հետո մեզ պետք են զարգացումներ ու կուլմինացիաներ: Մենք զարգացումները կթողնենք ալիքների քմահաճույքին, իսկ անկումներից արդեն խորտակված ենք վաղուց:

***
Չափազանց հանգիստ ենք մենք, չափազանց՝ զբաղված, չափազանց թքած ունենք մենք, չափազանց՝ ապտակված։ Չափազանց տեսած ու իրատեսական, չափազանց չափազանց ենք մենք մեր ձևերում ու չափերում և ատում ենք չափազանցվածություններ։
Չափազանցնում եմ մի տեսակ, չէ՞։

***
Հայերեն երգերն առանձնահատուկ զգայական աշխարհ են ստեղծում, հայերեն գրքերը՝ այլ կերպ դիպչում։ Դու մի տեսակ հայերեն ես։ Մի տեսակ, առանց համացանց օր ես։ Մի տեսակ էն տեղն ես, որ երբեմն կգնայի։ Երբեմները հազվադեպ կլինեին։ Իսկ հազվադեպները իրականում՝ շատ։

***

Ես ուզում եմ դառնաս ալիքներ, որ լողամ, իսկ դու ներքևում ես՝ խորը հատակում: Ասում  ես, որ հատակն ես արդեն փորել ուզում։

Ես քեզ ձայնազրկում եմ՝ քո խորտակման մասին պատմությունն անգամ չլսելով, իմ՝ չված ճայերի մասին պատմություններով։

Մենք կսիրեինք լսել, բայց լուռ խոսել՝ էլ ավելի:

***
Հա, ինչ էի ասում… Ես հավատում եմ առաջին տասը վայրկյանին… Ու վերջին տասներին:
Առավել շատ հավատում եմ, որ անհավատ եմ, իսկ դու ինձնից մի տասն անգամ ավել։
Իսկ տասը րոպեից մենք միմյանց ձեռք կսեղմենք։ Մենք կանցնենք ջրի հատակը, և մի տասն օրից կանցնի վտանգը։ Ու մենք կգրենք սպառնացող վտանգի մասին՝ մեր երազներում, որ տեսնում ենք բաց աչքերով։

***
Ես երազներ հազվադեպ եմ տեսնում։ Երևի չափազանց խորն եմ քնում, դրանից է։

***
Այսօր ես երազ տեսա, երբ փողոցն էի անցնում։ Ես երազ տեսա այն մասին, որ գիշերները չեմ քնում, որովհետև ալիքները քամոտ են, որովհետև մի օր ես չանցա փողոցը:
Օրը պարզ էր ու հստակ:

***
Գիշերը ժամը չորսն է։

ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ

Սեպտեմբերի 27. այդ օրը ամեն բան լռեց, կարծես աշխարհը գլխիվայր շուռ եկավ։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ խոսքերն ավելորդ են: Այո’, այս պատերազմը մեզնից խլեց ամենակարևորը, յուրաքանչյուրիս հոգին լցրեց արցունքով  և խորը  թախիծով։ Այս կյանքը  շատ դաժան վարվեց մեզ  հետ։ Հիմա չկա ոչ երկինք, ոչ տիեզերք, ոչ աշխարհ առանց տղերքի։ Ցավը մեծ է, վիշտը` խոր։ Ամեն բացվող օրվա հետ  հույս ունեինք, որ պատերազմի վերջին օրը կլինի, ու բոլոր զինվորները փառքով ու հաղթանակով հետ կգան։

Ախ, աշու’ն, ինչպե՞ս դատարկեցիր քո ներկապնակը` թողնելով միայն կարմիրը, ի նշան այն զինվորների արյան, որ ընկան հանուն ուրիշ աշունների։ Ու այս ամենի մեջ պատերազմն ամենասարսափելին է, որ խլում է հազարավոր կյանքեր, արցունքով լցրել հարյուրավոր աչքեր։
Հայ մայրերի աչքերին սառեց արցունքը. սիրտը  քարացավ, բայց այդ ամենի հետ մեկտեղ, հոգու մի անկյունում միշտ պահելով որդու պատկերը, այն պատկերը, որի դիմագծերը երբեք չի մոռանա։ Շատ կուզեի, որ չգար այդ սառը և անշունչ աշունը, այն աշունը, որը սևազգեստ դարձրեց հազարավոր մայրերի, զրկեց զավակներին իրենց հայրերից, քույրերին` եղբայրներից։ Ոչ ոք չէր մտածում, որ այս ամենը  այսպիսի ընթացք կստանա: Ամեն զինվոր ապրում է մեզանից յուրաքանչյուրի հոգում, մեր հուշերում։

Մուշ Մհերի Հակոբյան։ Ծնված 1999 թվականի հուլիսի 23-ին  Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։  Մուշն ընկերասեր էր, նվիրված շրջապատին, հարազատ մարդկանց։ 2018թ.  հունվարի 28-ին զորակոչվել է բանակ, ծառայել Հադրութում։ Աչքի է ընկել զենքերին տիրապետելու  բարձր կարողությամբ։ Եղել է  ավագին փոխարինող։  Երկու անգամ  արժանացել է  կրծքանշանի` դիվերսիա հետ մղելու համար։
Սեպտեմբերի 27-ին  եղել է դիրքում, և կատաղի մարտ են տվել ընկերներով։ Երկու անգամ չի ենթարկվել նահանջ հրամանին, նռնականետով խոցել է  տանկ և այլ  զրահատեխնիկա։ Հերոսի մահով ընկել է սեպտեմբերի 30-ին։

ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ, ՏՂԵ’ՐՔ…

Սուրբծննդյան հեքիաթ

Լույսը դեռ չէր բացվել: Սակայն երդիկներից բարձրացող ծուխն ասում էր, որ մարդիկ գիշերը չեն քնել:  Ճանապարհ ընկնելու ժամանակն էր: Կինը դժվարությամբ կռացավ, հագավ կոշիկները, գլխաշորով ծածկեց գլուխը: Ամուսինն արդեն գոմից դուրս էր բերել ավանակին և տան դիմաց սպասում էր կնոջը: Զգուշությամբ  օգնեց, որ կինը նստի: Ավանակը հնազանդ կանգնել էր: Ասես գիտեր, որ կինը հղի է, և ոչ մի շարժում չէր անում:

-Դեհ, գնացինք,- կիսաձայն ասաց ամուսինը և ավանակի սանձից բռնած` առաջ անցավ: Գյուղը կամաց-կամաց մնում էր հեռվում: Առավոտյան աղջամուղջի մեջ մոտակա գյուղերից մարդիկ էին միանում ճամփորդներին:

-Էս ճամփան ո՞նց ես անցնելու,- մի տատիկ կարեկցանքով նայեց հղի կնոջը: Բայց ոչ մի խորհուրդ չտվեց: Ի՞նչ կարող էր ասել.  հրաման է:  Կինը լուռ նայում էր մարդկանց թափորին: Հայրերի ու մայրերի գրկում, սայլերին կուչ եկած կիսաքուն երեխաները մեկ նայում էին իրենց շուրջը, մեկ նորից փակում աչքերը: Տեսնես իր որդի՞ն էլ այսպիսին է լինելու: Երևի այն ոսկե գանգուրներով տղայի պես, որ խաղաղ քուն էր մտել համընթաց ճռռացող սայլի ծածկոցների տակ: Կինը մի պահ աչքերը փակեց: Երբ հետ գան, ամուսինը գեղեցիկ օրորոց կսարքի: Ամենագեղեցիկը, որ ինքը երբևէ տեսել է:

Լույսը կամաց-կամաց բացվում էր, և երևում էին ճանապարհը եզերող լեռները: Ինչ երջանիկ օրեր են լինելու… Ինքը որդուն կառնի ու կբարձրանա այս լեռները, որտեղից ասես ողջ աշխարհը ափի մեջ է: Տղան մատը կտնկի հեռավոր սարերի կողմը, իսկ ինքը կպատմի, թե մանկության օրերին ինչպես էին սարերը ելնում, խաղում դաշտերում ու ձորերում: Կինը մտքում զրուցում էր դեռ չծնված որդու հետ, պատմում թափորին միացող մարդկանց մասին, գյուղերի, որոնք ամեն ոլորանից հետո ընդառաջ էին գալիս:

-Մի քիչ էլ դու նստիր, հոգնեցիր,- քնքշանքով դիմեց ավանակի սանձն ամուր բռնած ամուսնուն, որն ավանակի ամեն անզգույշ շարժումից անհանգիստ հետ էր նայում ու հարցական նայում կնոջը.

-Հը՞…  Չէ, իմ մասին մի մտածիր, այս ճանապարհը միշտ էլ ոտքով եմ անցել:

Կինը գիտեր, որ ամուսինն իրեն հանգստացնելու համար է այդպես ասում, բայց չէր հակաճառում: Գիտեր, որ մեկ է, չի համաձայնվի իր առաջարկին:

Կեսօրին թափորը դուրս եկավ ճանապարհից: Գետակի ծառերի տակ թափ տվեց ճանապարհի փոշին: Ամեն մեկն իր կապոցից հանեց ուտելիքը: Մայրերը նախ  զավակներին հաց տվեցին: Մինչ երեխաները վազվզելով այսուայնկողմ էին գնում, իրար ցույց տալիս, թե ում հացի մեջ ինչ կա, մայրերը լուռ սպասում էին: Ոչ ոք ոչ մի բան բերանը չդրեց, մինչև չհամոզվեց, որ երեխաներն արդեն կուշտ են… Կինը նայեց մայրերին ու մտածեց, որ ինքն էլ անպայման այդպես կանի, երբ որդին ծնվի: Թեև դեռ որդին չէր ծնվել, ինքն էլ մյուս մայրերի հետ սկսեց ուտել:

-Դու մեզ մի նայիր, կեր, քեզ ուժ է պետք,- հորդորում էին կանայք: Կինը հացից մի կտոր կտրեց և դրեց բերանը: Երբեք հացն իրեն այդքան համեղ չէր թվացել…

Քիչ անց տղամարդիկ վեր կացան տեղից:

-Ճամփան երկար է, գոնե մինչև արևի մայր մտնելը հասնենք,- ասում էին նրանք:

Կինը տեղից վեր կացավ: Նա այնքան հոգնած ու թույլ էր զգում, որ եթե իր կամքով լիներ, հենց այդտեղ էլ նստած կմնար… Ամուսինը նայեց կնոջը.

-Դուք ճամփա ընկեք, մենք ձեզ կհասնենք,-ասես զգալով կնոջ ուզածը` դիմեց նա մյուսներին:

Կինը ոչինչ չասաց, լուռ մոտեցավ ավանակին, որը հնազանդ սպասում էր, բայց նստել չկարողացավ:

Կինն ու տղամարդը դանդաղ էին քայլում: Մի քանի քայլը մեկ դադար էին առնում: Երևում էր, որ քայլելն անգամ դժվարացել էր:

-Շուտով կհասնենք,- ամեն անգամ քաջալերում էր ամուսինը,- Ես ամենալավ իջևանատունը կտանեմ քեզ, կպառկես, կհանգստանաս,- հորդորում էր նա:

Կինն էլ արդեն մտքով այնտեղ էր` տաք ու փափուկ անկողնում… Մութն ընկնում էր: Մարդիկ արդեն չէին երևում, երևի վաղուց հասել էին ու տեղավորվել: Մեկ-մեկ ուշացած անցորդներն արագ-արագ քայլերով անցնում էին նրանց կողքով: Բայց ոչ ոք այլևս կանգ չէր առնում: Ուշ էր:

Մութը վաղուց ընկել էր, երբ տղամարդը բախեց իջևանատան դուռը: Ինչ-որ մեկը ճրագը ձեռքին դուրս եկավ, գլուխը տարուբերեց, հետո նայեց հղի կնոջը, ձեռքով մի այլ տեղ ցույց տվեց: Տղամարդը գլխահակ ու մեղավոր մոտեցավ կնոջը:

-Շատ ենք ուշացել: Տեղ չկա: Բայց իջևանատերն ասաց, որ այստեղից քիչ հեռու մի ուրիշն էլ կա::

Կինը լարեց վերջին ուժերը, ամուր կառչեց ավանակի թամբից. «Գնանք»:

Բայց այնտեղ էլ արդեն ասեղ գցելու տեղ չկար:

Ամուսինն անհանգիստ թակում էր բոլոր դռները.

-Գոնե կնոջս տեղ տվեք, հղի է, ճանապարհից այնպես է հոգնել… Երկունքի ցավերն էլ բռնել են…

Թե ավելորդ գլխացավանքից ազատվելու համար, թե իսկապես ոչ մի տեղ այլևս չկար, բայց ի պատասխան միայն հնչում էր.

-Մի քիչ շուտ որ գայիք…

Երբ վերջին իջևանատան դուռն էլ փակվեց, կինը հանկարծ սարսափով մտածեց, որ հիմա իր որդին բաց երկնքի տակ լույս աշխարհ կգա… Իսկ ինքը երազում էր, որ նա աշխարհի ամենագեղեցիկ օրորոցի մեջ կպառկի, իր գործած ասեղնագործ ու տաքուկ վերմակով կծածկվի: Ինքը կնստի օրորոցի կողքին, անընդհատ կնայի իր մուշ-մուշ քնած որդուն, մի ձեռքը օրորոցին, որ եթե քնի մեջ հանկարծ թնկթնկա, ինքը մեղմ օրորի…

-Էս ի՞նչ անխիղճ բան եղավ…,- մի ծեր կին ասես կարդաց իր մտքերը,- ի՞նչ անես, որդի, հո էս ծննդկանին դրսում չե՞ս թողնի: Քաղաքից որ դուրս գաս, մի քարանձավ կա, շատ հեռու չէ: Հովիվները ձմեռն այնտեղ են տանում իրենց հոտերը: Գոնե այնտեղ հասցրու կնոջդ:

Տղամարդը չէր շարժվում. մի՞թե իր կինը գոմում պիտի երեխա ունենա… Մի՞թե այս աշխարհում մանկան համար անգամ գլուխը դնելու տեղ չգտնվեց: Կինն էլ վշտացած էր, սակայն այլևս ուժ չուներ ոչնչի մասին մտածելու:

-Գնանք,- հորդորեց նա: Եվ մթնում կորած փակ ու անհյուրընկալ տների կողքով լուռ անցան ու դուրս եկան քաղաքից: Գիշերվա խավարի մեջ միայն մի աստղ էր ասես գնում նրանց հետևից: Կինը երախտապարտ էր գիշերվա խավարը ցրող աստղին, որը լուսավորում էր նեղլիկ արահետը:

Գոմում  մի քանի գառ ու ոչխար էին կծկվել ու գրկել իրար: Երբ ճամփորդներին տեսան, ասես ամեն բան հասկանալով` մի կողմ քաշվեցին, որ կինն ու տղամարդը ներս մտնեն ու տեղավորվեն գոմի ամենատաքուկ անկյունում` դատարկ մսուրքի մոտ: Կինն ուժասպառ պառկեց գետնին, չոր հարդի վրա: Տղամարդն իրար անցած սկսեց խարույկ վառել: Քարանձավը լուսավորվեց կրակի թույլ բոցերից: Ճանապարհին ուղեկցող աստղը ասես կախ ընկավ քարանձավի շրթից, թվում էր, թե ինքն էլ հետևում է կնոջն ու փորձում իր լույսն էլ հղել քարանձավից ներս:

Քիչ անց լռությունը խախտեց լույս աշխարհ եկած մանկան ճիչը: Նրա փոքրիկ մարմինը մի պահ դողաց գիշերվա ցրտից: Կինն իսկույն փաթաթեց նրան գլխաշորով ու առավ գրկի մեջ, որ մանուկն իր մարմնի ջերմությամբ տաքանա: Մանկան լացն էր պատճառը, թե անսովոր այդ երեկոն, բայց գառները հրճվագին մայեցին ու մոտ եկան:

Կինը թույլ ժպտաց ու ասես ինքն իրեն շշնջաց.

-Ահա իմ որդին…

Կրակի բոցերն ասես ավելի ուրախ կայծկլտացին և լուսավորեցին քարանձավի պատերը: Միայն թե այս անգամ լույսերն ավելի վառ էին, ասես հազարավոր աստղեր միաժամանակ սկսեցին փայլել ու պար գալ քարանձավում: Կինը որդուն ավելի ամուր գրկեց ու զարմացած նայեց շուրջը: Լույսերն ասես մարմին առան: Պա՞ր էին գալիս, թե՞ իրեն է թվում… Բայց ահա մեղմ ու վճիտ ձայներ էլ խառնվեցին կրակի ճարճատյունին: Հոգնածությունի՞ց է, թե՞ իսկապես զանգակներ են ղողանջում, այս ինչ հրճվագին մեղրածոր ձայներ են, ճիշտ այնպիսիք, ինչպիսիք հնչում էին այն օրը, ինը ամիս առաջ, երբ ինքն իմացավ, որ որդի պիտի ունենա: Հետո նայեց տղամարդուն: Նա էլ կարկամած ծունկի էր եկել մանկան առաջ… Չէ, իրեն չի թվում, քարանձավն ասես երկնային լույսերով ողողված պալատ էր դարձել, այնպիսին, որի մասին ինքն անգամ ամենահամարձակ երազանքներում չէր կարող պատկերացնել:

-Փառք Աստծուն`  բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և հաճություն` մարդկանց մեջ,- հնչում էր երգը:

Նա արդեն հստակ լսեց ու տեսավ երկնային հրեշտակների երջանիկ գնդերը, որոնք թիթեռների պես լողում էին օդում և հիացած նայում նորածին մանկանը:

Կինը նայեց մանկանը և հասկացավ, որ այս աշխարհի ամենաչքնաղ պալատներն ու զգեստներն անգամ գորշ ու գունատ են, աղքատ ու թշվառ, որովհետև մանուկն այնտեղ չծնվեց, այլ այստեղ` գառների մսուրում:

Ահա այսպես ձմեռային այդ խավար գիշերվա մեջ մարդկանցից հեռու, ոչխարների մոռացված մսուրում մեզ համար Փրկիչ ծնվեց: Նրա դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր մութ գիշերին անգամ, ճանապարհից հոգնած ու մոլորված բախելու են Իր դուռը:

-Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

-Մեզ և ձեզ մեծ ավետիս:

Meri Hakobyan Gagarin

Հայոց դյուցազունները

Հայաստանը սպորտի բնագավառում տասնամյակներ շարունակ գրանցել   է հաջողություններ, որոնցով հպարտացել և հպարտանում ենք մինչ օրս։  Մարզիկները մեր հայրենիքն են ներկայացրել աշխարհին, նրանց հաղթանակներն իսկապես թանկ են և  կարևոր մեզ համար։ Նրանք  մեր ողջ ժողովրդի և հատկապես` երիտասարդ սերնդի  մեծ խանդավառությունը և ոգևորությունն ապահովողներն են։

Սպորտում բազմաթիվ հաջողությունների հասած մարզիկներից  է նաև Արթուր Սաքունցը, որը դարձյալ զարմացրեց իր ֆիզիկական բացառիկ կարողություններով։

Ժամկետային զինծառայող Արթուր Սաքունցը սահմանել է  համաշխարհային ռեկորդ` 1,5 տոննա քաշով մեքենան  6 մետրից ավելի քաշելու համար` շրջանցելով չինացի մարզիկի ռեկորդը։ Սաքունցը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝սահմանելով համաշխարհային ռեկորդի նոր չափանիշ։

Մարզիկը  հարցազրույցի միջոցով  կիսվել է   իր գրանցած հաջողությունների մասին և ոչ միայն:

-Նախ ասեմ, որ սա իմ առաջին ռեկորդը չէր։ Զգացողություններս շատ հաճելի էին, փոքր ինչ նաև զարմացած էի, իսկ ամենակարևորը՝ հպարտություն էի զգում։

-Ո՞ր տարիքում եք արել ձեր առաջին քայլերը։

-Սպորտով զբաղվում եմ 4 տարեկանից, ռեկորդներ սկսել եմ գրանցել 16 տարեկանից։

-Այս բնագավառում ունեցե՞լ եք ձախողումներ և հիասթափություններ։

-Ձախողումներ շատ են եղել, սակայն երբեք չեմ հանձնվել։

-Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։

-Երբեք չհանձնվել։

-Ի՞նչ է ձեզ համար հայրենասիրությունը։

-Իմ կարծիքով յուրաքանչյուր ոք պիտի լինի հայրենասեր:  Հայրենասիրությունը մարդուն  վճռական է դարձնում: Հայրենասիրությունն այն է, երբ  պատասխանատվություն ես կրում քո երկրի, ժողովրդի հանդեպ։

-Ո՞ր երկրում կուզեիք լինել և ինչո՞ւ։

-Որևէ  նախընտրած երկիր չունեմ, իրականում շատ երկրներում կարող էի լինել, սակայն նախընտրում եմ մնալ իմ երկրում, քանի որ շատ եմ սիրում։ Ինձ համար իմ երկիրն ամենագեղեցիկն է ու ամենաապահովը։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Հիմնականում սպորտով եմ զբաղվում, նաև ազատ ժամանակ սիրում եմ ընթերցել։

-Եթե հնարավորություն ունենայիք ձեր երկրում ինչ-որ բան փոխել, ի՞նչը կլիներ դա։

-Արդարությունը կվերականգնեի։

-Հայկական զինվորական համազգեստը ուժի և տոկունության խորհուրդ ունի, ի՞նչ զգացողություններ ունեք դուք, երբ կրում եք այն։

-Ես հպարտությամբ եմ կրում համազգեստը և մեծ պատասխանատվություն եմ զգում հայրենիքիս հանդեպ։

-Ի՞նչ է ձեզ համար երջանկությունը, համարում եք ձեզ երջանիկ մարդ։

-Եթե ազնիվ ես, ապա երջանիկ ես։ Երբ ընտանիքիդ անդամները  ողջ և առողջ կողքիդ են, ապա դրանից մեծ երջանկություն չի կարող լինել։

-Եվ վերջում, ի՞նչ կցանկանաք մաղթել գալիք  2022 թվականին։

-Մաղթում եմ երկրիս խաղաղություն, սեր և Տիրոջ օրհնությունն ու պաշտպանությունը թող լինի բոլորիս հետ։

Շնորհակալ ենք, սիրելի՛ մարզիկներ, որ  ձեր օրինակով ոգեշնչում եք հազարավոր մարդկանց:

Ի հիշատակ մեր նահատակների

Արարատի մարզի Նարեկ համայնքում տեղի ունեցավ 8 մետր բարձրություն ունեցող խաչի և երկու խաչքարերի տեղադրումը։ Խաչքարերը տեղադրվել են ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մուշ Մհերի Հակոբյանի (Մուշը  զոհվել է  Հադրութում  սեպտեմբերի 30-ին)։ Իսկ մյուս խաչքարը նվիրվում է Շոթա Քաջիկի Բալեյանին, ով անհետ կորել է հոկտեմբերի 17-ից։

Խաչի և խաչքարերի օրհնության սրբազան  արարողությունը կատարեց Մասյացոտնի թեմի Շահումյանի Սուրբ Աստվածածին  եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Դերենիկ քահանա Միքայելյանը։ Սրբազան խաչն օրհնելուց հետո արժանապատիվ քահանան պատգամեց, որպեսզի այն ծառայի  ոչ միայն համայնքի բնակիչներին, այլ նաև ողջ հայությանը։ Խաչի կառուցումը նախաձեռնել էր Նարեկ համայնքի բնակիչ Սարգիս Բալեյանը:

aniharutyunyanarm

Գյուղում հենց այնպես ոչինչ չեն սիրում

- Էս ձմեռը չեմ սիրում, էլի, – հայտարարեց Գևորգը, ու օղի թորելու սարքի մոտ հավաքված ընկերները հավասար շարժումով բարձրացրին գլուխները, զարմացած նայեցին մեկ Գևորգին, մեկ իրար։ Գևորգը, որ վերջին 6 տարում միայն ձմռան իշխանությունն էր ընդունում, հիմա հանկարծ հայտարարում է, որ չի սիրում։

Չսպասեց, որ ընկերները հայացքները բառեր դարձնեն ու առանց այդ էլ բոլորի համար հասկանալի հարցը տան՝ քեզ ի՞նչ եղավ, էդ ինչի՞։ Շարունակեց այնպիսի տոնով, որ թվաց՝ քիչ առաջվա հայտարարության հետ ասելիքն ընդհանրապես կապ չունի.

- Երեկ տղես էր զանգել։ Ասեց՝ չեն գալու էս տարի ձմեռը. գործը շատ ա։

Նույն հավասար շարժումով, ամեն ինչ հասկացածի հոգոցով ընկերները շարունակեցին իրենց գործը. մեկը կրակին էր հետևում, մյուսը օղու աստիճանն էր չափում, երրորդն էլ «զակուսկին» էր շարում սեղանին։ Գևորգը շարունակում էր ծխել ու չսիրել ձմեռը։

Առհասարակ գյուղում ոչ ոք հենց այնպես, ուղղակի իր կամքով ինչ-որ եղանակ չի սիրում։ Ամեն ինչ կապված է եղանակի բերած խնդիրների ու չբերած պտուղների հետ։ Մարդիկ հիմնականում սիրում են գարունը, որովհետև այստեղ գարունը միայն գեղեցիկ խոսքերով չէ, որ ասոցացվում է հույսի հետ: Գյուղացիների համար յուրաքանչյուր գարուն այգիների ծաղկման, հողի բերրիության ու ցրտահարված ծառեր չտեսնելու հույս է:

Ամառն ինչպե՞ս սիրես, երբ դաշտում գործ անելիս պատսպարվելու տեղ չկա, մի ծառ է, այն էլ մի քանի րոպեով սուրճ խմելու համար: Ամառն այնքան էլ չեն սիրում, որովհետև գյուղում սկսում են ապրել այլ ժամային գրաֆիկով. արթնանում են լույսը չբացված` մի քիչ հովին դաշտ գնալու, որ հասցնեն մինչև կեսօր գործն առաջ գցել: Կեսօրից հետո անհնար է. փողոցներում մարդ չես գտնի, բոլորը լրացնում են քունն ու սպասում երեկոյան հովին: Ամառը չեն սիրում երկար օրերի համար, որովհետև որքան ուշ է մթնում, այնքան շատ են գործ անում: Բայց ամառը նաև երբեմն սիրում են. տունը տաքացնելու մասին չեն մտածում, կոմունալները շատ չեն, ու տղամարդիկ ամեն օր ստիպված չեն վառարանի մոխիրը թափել:

Աշնանը գործը որքան շատ է լինում, մարդիկ այնքան գոհ են. չէ՞ որ նշանակում է` բերքն առատ է: Պատրաստ են առանց հանգստի հավաքել դաշտերից, պահածոյացնել, առավոտ կանուխ շուկա գնալ` դատարկ մեքենայով վերադառնալու հույսով: Աշունը սիրում են, երբ ամեն ինչ ըստ ցանկության է դասավորվում, ու մարդիկ պատրաստվում են ձմռանը` վաստակած հանգստին: Պատրաստվում ու վառելիք են գնում, խոպանից տղաներին ու թոռներին են սպասում, ու ձմեռը չեն սիրում, եթե նրանք որոշում են չգալ…

seyrannor

Ոչ ոք չի կարող փակել այն դուռը, որն Աստված է բացել ձեզ համար

Սիրելի կարդացող ու չկարդացող,

Ի՞նչ տվեց քեզ տարին ու ի՞նչ ստացար։

Ինձ համար դրանք ուղղակի թվեր են, որ ամեն անգամ ավելանում են ու դրան զուգահեռ ավելանում են մեր ուրախությունները, տխրությունները, հոգսերը, մտածմունքները, երջանիկ պահերը, հույսերը։ Թվերը ավելանում են, ու մենք միշտ հենց տարին փոխվելուց ենք փորձում նոր բան անել, փոխվել դեպի լավը, բարին, նպատակներ դնել կապված գալիք տարվա հետ, մինչդեռ կարող ենք դա անել ամեն օր, ամեն վայրկյան։

Մարդիկ միշտ կյանքը կապում են թվերի հետ, երբ թվերը «գոլդ» են, ուրեմն շատ հիասքանչ է ամեն ինչ։

Թվերը ոչ մի նշանակություն չունեն մեր կյանքում. մեր կյանքում նշանակություն ունեն, թե մենք ինչ ենք անում դեպի լավը հասնելու համար, ինչ ենք անում, որ հասնենք մեր նպատակներին։

Թող գալիք օրերը քեզ համար լինեն կողմնորոշման ու հասանելիության նպատակների ու նոր քայլերի, սիրելու ու սիրված լինելու, հոգ տանելու ու հարգված լինելու, օգնելու ու օգտակար լինելու, գտնելու ու երբեք չկորցնելու, խաղաղ մնալու օրեր։

Եկեք հիշենք, որ ոչ ոք չի կարող փակել այն դուռը, որն Աստված է բացել ձեզ համար։

Աստված թող բոլորիս առողջ ու խելամիտ պահի։