Nelli Ganjalyan

Նամակ զինվոր եղբորս

Սպասումով լի երկու տարի, որոնք այնքան երկար են ձգվում զինվորի և նրան սպասող քրոջ համար:

Բարև, հայ զինվոր` եղբայր Արթուրս, ինչպե՞ս ես, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ: Կարոտել եմ շատ, զինվորս, գիտեմ` հաշվված օրեր են մնացել ծառայությանդ, ընդամենը 18 օր:

Ես հպարտ եմ, որ ունեմ քեզ, անվախ իմ եղբայր, հանգիստ ապրում եմ, որ դու պաշտպանում ես մեզ:

Հիշո՞ւմ ես, եղբայր, Կարբիի Եկեղեցում ինչպիսի վստահությամբ էիր կարդում երդումդ և այդպիսի վստահությամբ էլ շարունակեցիր կռիվը թշնամու դեմ Ջրականից մինչև Շուշի:

Չեմ մոռանում խոսքերդ, եղբայր իմ. «Գերադասում եմ մեռնել, քան մեր Սուրբ հողը թշնամու ոտքերի տակ տեսնել»: Դու մինչև վերջին օրը պայքարեցիր: Իսկական զինվորի հայրենասիրությանը այդպես է դրսևորվում, եղբայրս:

Հիշում եմ 44-օրյա պատերազմը, տառապալից այդ օրերը, իսկ հիմա հուզմունքիս խառնվում է նաև հիացմունքը: Երկու տարի առաջ բոլորովին երեխա էիր, երբ  զորակոչվեցիր բանակ, իսկ 18 օրից կվերադառնաս իբրև խելացի, խիզախ, հնարամիտ և ամրակազմ տղամարդ:

Եղբայրս, դու հերոս ես: Դու չես պարտվել, դու կռվել ես հերոսաբար, դու հաղթել ես: Միայն խնդրում եմ քեզ, մշտապես զգոն եղիր և հետևիր առողջությանդ: Մենք բոլորս քեզ անսահման սիրում ենք, հոգով ու սրտով ամեն պահ քեզ հետ ենք: Համբուրում և ամուր-ամուր գրկում եմ քեզ:

Meline Hayrapetyan

Ուրիշ գիժը՝ փիլիսոփան…

«Գրողը քեզ տանի, անիծյալ Բելլա»,- գոռաց մեկը սևացած պատերով շինության չորրորդ հարկում ու ինչ-որ բան ձեռքից թափով շպրտեց լուսամուտից դուրս։ Ես հանկարծակի կանգ առա ու քարացա տեղումս, մինչև կվերջանար սպիտակ խալաթավորների խառնված շքերթը ուղիղ վրայովս ու կդադարեր ականջներումս խշշացող անվտանգության ազդանշանների սահուն տեմպը։

Երբ հոսքը խաղաղվեց մի քիչ, շարունակեցի փնտրել ինձ անհրաժեշտ 217-րդ պալատը, ասես արտառոց ոչինչ չկար․․․ Միջանցքում խմբված հավաքարարներից փորձեցի պարզել 217-ի տեղը, որը միշտ մոռանում էի՝ չնայած մի քանի շաբաթը մեկ էստեղ էի, հավաքվածների այլայլված աչքերից կաթկթում էր մի արտահայտություն, որ էստեղ պիտի վաղուց սովորական դարձած լիներ։

- 217-ի հիվանդը վերջերս ագրեսիվ է իր մոտ էկածների հանդեպ․․․ Մի որոշ ժամանակ էդ սենյակ չի կարելի մտնել,- վերջապես, խմբից անջատվելով ու առաջ գալով, պատասխանեց մի կիսապառավ, ում դուրս ցցված այտոսկրերի ու փոս ընկած աչքերի սարսափը էնպես համակեց ինձ, որ առաջին պահին կասկածեցի սրա ով լինելու մեջ

- Իսկ Դուք ո՞վ եք,- սպասում էի, որ հիմա կհայտնի, թե ինքը ծովակալ Նելսոնն է, սրանք էլ իր ռազմանավի սպաները, որոնց հետ շտապում է Բոնապարտի ճամփան կտրել, բայց կինը շատ հանգիստ պատասխանեց․

- Ես հերթապահ բուժքույրն եմ, բժիշկը արգելել է 217 մարդ թողնեմ՝ անվտանգությունից ելնելով,- ապա, աչքերով ամբողջ միջանցքը չափելուց հետո, նորից նայեց վրաս, հիշեց, կարծես, որ ես դեռ էստեղ եմ,- իսկ դուք Արսենի հետ ի՞նչ ունեք։

Արսենը 217-ի հիվանդն էր․․․ Համատեղության կարգով նաև նախկին դասընկերս․․․  2-7-րդ  դասարաններում ես ու Արսենը իրար կողքի էինք նստել՝ երկրորդ շարքի առաջին զույգ նստարանին, ու ինչպես նման դեպքերում է լինում, շատ մտերիմ էինք․․․ Ավարտական դասարանում մի երեկո Արսենը հորից թաքուն մեքենան վերցնում է քաղաքում մի պտույտ տալու համար, բայց ողբերգական պատահարը կիսատ է թողնում խրախճանքը: Ոստիկանական մեքենան, ուրեմն, սկսել էր Արսենի հետևից քշել, իսկ էս հիմարը, որ վարորդական իրավունք չուներ, փորձել էր ծլկել տեսադաշտից և ուշք ու միտքը ոստիկաններին տված, չէր նկատել, թե ոնց երկու հոգի հայտնվեցին իր գրողի տարած մեքենայի անիվների տակ… Արսենը իրեն դուրս էր նետել մեքենայից, գրկել չորս տարեկան աղջնակին, ով մոր հետ Աստված գիտե՝ ուր էր գնում, բայց մինչև կփորձեր մի բան անել, երեխան հենց իր ձեռքերի մեջ մահացել էր..․ Դրանից հետո Արսենը դարձավ էս գժանոցի 217-րդ պալատի մշտական բնակիչը: Մենք դասընկերներով պայմանավորվել էինք, որ ամեն ուրբաթ մեզնից մեկը Արսենին պիտի այցելի ու ամբողջ շաբաթվա մեր սովորածը պատմի նրան: 217-ում նույնիսկ գրատախտակ ու կավիճներ էինք տեղավորել․ պատանեկան ապուշ սենտիմենտալություն, բայց ինչպես միշտ է լինում՝ տխմար սովորություններին դժվար է հրաժեշտ տալ, ու մենք ավարտելուց հետո էլ, շարունակում էինք էստեղ երևալ, միայն թե, ամեն ուրբաթ Արսենին այլևս պատմելու դաս չունեինք: Հաճախ գալիս էինք, նստում, լռում ուղղակի, պարտքը կատարում ու առանց մի բառ ասելու թողնում հեռանում մեզնից արդեն լրիվ օտարացած էս խելագարի սենյակից։

Դասարանի աղջիկներին տեսնելիս Արսենը վազում էր ընդառաջ, ծնկի գալիս ու ներողություն խնդրում մեր երեխաներին սպանելու համար։ Բուժքույրերը պատմում էին, որ իրենց տեսնելիս էլ նույնն է անում: Բժիշկն էլ եզրակացրեց, թե շիզոֆրենիայի էս փուլում մեղքի զգացումը էնքան է աճել, որ խեղճը կարծում է՝ ոչ թե մի հոգու է սպանել, այլ աշխարհի բոլոր երեխաներին։

Մինչև բուժքրոջից, որ կարծես նորեկ էր էս հարկաբաժնում, Արսենի վատանալու պատճառն էի ուզում հասկանալ, միջանցքում նորից իրարանցում սկսվեց: Սպիտակ զսպաշապիկով, գզգզված մազերով մի գեղեցկադեմ երիտասարդի ինչ-որ տեղ էին տանում: Սա երևի հանգստացնող էր ստացել, հազիվ պառկել էր պատգարակի վրա՝ գլուխը դրանից դուրս կախված, աչքերը չռած, միայն անլսելի մրմնջում էր․

- Ես քո հախից կգամ, սատանայի բաժին Բելլա․․․ Դե կտեսնենք՝ ով կհաղթի։

Հասկացա, որ քիչ առաջ աղմուկ բարձրացրած հիվանդն է։ Բուժքույրը, որ հաստատ նորեկ էր ոչ միայն հարկաբաժնում, այլ էս աշխարհում, ձեռքերով դեմքը մի քանի վայրկյան փակած գլուխը տարուբերելուց հետո, սկսեց․

- Աղջիկս, դու 21-րդ դարում լսած կա՞ս, որ մարդ սիրուց գժվի:

Գլուխս թեթև շարժեցի դեպի խոսողը, ու թեև էս շենքում ոչնչից զարմանալ պետք չէր,  բայց տեսարանը մի քիչ ազդել էր վրաս։

Բուժքույրը, որ հավանաբար շատ էր ուզում մեկի մոտ թափել ներսում հավաքածը, հետ-հետ գնաց ու իրեն նետեց միջանցքում շարքով դրված աթոռներից երկուսի վրա (հաստլիկ էր)։ Ես ավտոմատ հետևեցի նրան։

- Մի շաբաթ է, ինչ էստեղ աշխատանքի եմ անցել, բայց երևի դուրս գամ, թե չէ մի քանի օրից ես էլ եմ տեղափոխվելու էս պալատներից մեկնումեկը։

Լուռ էի: Արսենի մասին էի մտածում:  Հետո Բելլայի, հետո հանկարծ ինձ սկսեց հետաքրքրել երեխայի անունը, որին Արսենը հողի բերանը գցեց ժամանակից շուտ: Չլինի՞ անունը Բելլա է: Չգիտեմ՝ ինչու նման հիմարություններ էին պտտվում ուղեղումս։

- Բոլորն են խղճալի վիճակում, բայց էս տղան,- գլխով պատգարակը ցույց տվեց, որ դեռևս երևում էր միջանցքի հեռավոր ծայրին,- էս տղան ուրիշ դարաշրջանից է, ու չգիտեմ՝ որ մոլորակից։

Դեռ լուռ էի: Մտածում էի․ տեսնես էդ երեխայի (որի անունը կարող էր և Բելլա լինել) ծնողները ինչքա՞ն են ատում Արսենին: Տեսնես` մեզ էլ են ատո՞ւմ, որ Արսենի համար գրատախտակ ճարեցինք։ Ես իրենց փոխարեն հաստատ կատեի։

Բուժքույրը աչքերն էր սրբում ու ձեռքի հետ էլ հայացքով ինձ հանդիմանում, թե ինչո՞ւ չեմ միանում իր ողբին, իսկ ես դեռ հիշել էի փորձում, թե ո՞ր թվականին Արսենը էդ էրեխու գլուխը կերավ ու եթե չուտեր, հիմա էդ երեխան քանի՞ տարեկան կլիներ։

- էս թվին ո՞վ կխելագարվի սիրուց,- համառաբար շարունակում էր բնականից առանց էդ էլ զարհուրելի իր դեմքն ավելի այլանդակած էս կինը, ում խալաթի ուսերը, ինչպես բոլոր հաստլիկ բուժքույրերի պարագայում է լինում, պետք եղածից ավելի բարձր էր թռել։

Մտքերով չգիտեմ՝ ուր էի հասել․․․ Ուղեղումս պտտվում էր իտալական մի երգ «…․բելլա չաո, բելլա չաո, չաո, չաո.․․»: Էդ ընթացքում բուժքույրն արդեն ջուր դարձած իր անձեռոցիկն էր շրջում, դեռևս չթրջված մի գրողի տարած հատված փնտրելով, դարձյալ թրջելու համար։ Տեսնես` ավելի շատ ո՞ւմ լացն է լացում՝ էս գժերի՞, թե՞ մեր բոլորի, որ դեռ երկար սրանց գժությունների հանդիսատեսն ենք լինելու: «Բելլա չաո, չաո, չաո․․․»

Չնկատեցի` ոնց սկսեցի վերջին բառերը բարձր կիսաերգելով, կիսաասմունքելով փնթփնթալ։

Բուժքույրը, Բելլա բառը լսելուն պես, նորից վերագտավ իր ողբի նախկին ուժգնությունը։

- Ախր, մի աղջկա համար գժվե՞լ։

- Բելլայի՞ համար,- վերջապես նայեցի կնոջը:

- Չէ, ի՞նչ Բելլա: Սիրած աղջկա անունը ոչ մեկին չի ասում: Ասում է՝ գերեզման եմ իջեցնելու հետս: Երկու տարի անընդհատ աղջկան սիրո խոստովանություն է արել, բայց աղջիկը մերժել է: Ասում են՝ սրան գժանոց բերելու նախորդ օրը էդ աղջիկը ամուսնացել ու թռել է Ամերիկա: Սա էլ ո՛չ տվել է, ո՛չ առել։

- Իսկ Բելլան ո՞վ է,- հարցնում եմ ու մտածում. «էսպես ո՞նց կլինի, ախր, ո’չ գժերին եմ հասկանում, ո’չ էլ տգեղ դիմագծերով գժապահներին»։

- Բելլան էդ անտեր հեռախոսի գյուտի հեղինակն է․․․ Չէ՛, մի րոպե, Բելլա չի անունը, սա սխալ է արտասանում: Էդ հեռախոս ստեղծողը տղամարդ է էղել: Սպասի, սպասի,- գլուխը կախելով ու ցուցամատը շրթունքներին մոտեցնելով փորձում էր անունը մտաբերել,- ախր, էրեկ աղջկաս հարցրի, է․․․ Դու ասա, է․․

- Ալեքսանդր Բե՞լլ,- միևնույն է, ոչ մի բան չհասկանալով, հուշեցի:

- Այ, ապրես,- համարյա ծափ տալով, վեր թռավ տեղից,- էդ Ալեքսանդր Բելլի հետ է սրա կռիվը,- ու սկսեց պատմել քսանհինգը դեռ չանցած էս դժբախտի պատմությունը։

Որն էսպիսին էր: Հոգեբուժարանում հայտնվելուց հետո էս տղան ամեն կերպ փորձում է ձեռքն ընկած բոլոր հեռախոսներով զանգել իր սիրած աղջկան, բայց հավանաբար ամեն անգամ համարն է սխալ հավաքում, ու երբեք իր զանգերին ոչ ոք չի պատասխանում, (թեև ի՞նչ տարբերություն, եթե ճիշտ էլ հավաքեր, միևնույնն է, պատասխանը իր սրտով չէր լինելու)։ Շարունակ անպատասխան զանգերից հետո, ուրեմն, տղան հասկացել էր, որ էս աշխարհում մի թշնամի ունի, ու դա հեռախոսի գյուտարարն է՝ Ալեքսանդր Բելլը, որի անունը, առանց վերջինիս համաձայնության, իգականացրել էր` Բելլա սարքելով։

Բուժքրոջ բառերով ասած «․.․Սա էդքան էլ գիժ չի, ավելի ճիշտ, գիժ է, բայց ուրիշ գիժ, փիլիսոփա գիժ է…»: Էս խեղճ պառավը որտեղի՞ց գլխի ընկնի, որ բոլոր փիլիսոփաներն էլ մի օր հոգեբուժարան են նետվում ՝ չափից դուրս շատ բան հասկանալու ցավից։ Երբ հետաքրքրվեցի, թե ինչի՞ց է ենթադրում, «որ սա փիլիսոփա է», պատասխանեց, թե երբ երկու օր առաջ մտել էր սենյակը կարգի բերելու, տղան շատ հանգիստ էր եղել, իրեն «կուլտուրական դեպուտատի նման» հարցրել էր. «Մայրի՛կ, դու գիտե՞ս, թե էդ գրողի տարած Բելլան ինչի համար հեռախոս ստեղծեց»: Կինը պատասխանել էր` «Դե, երևի, որ մարդիկ իրար զանգեն»:

- Էդ դեպքում, ինչի՞ իմ զանգերին ոչ մեկ չի պատասխանում,- լաց էր եղել «ուրիշ գիժը»,- էդ սատանա Բելլան բոլորիդ հեռախոսները ճիշտ է սարքել, իմ հեռախոսը սարքելուց երևի «պերերիվի» ժամն է եղել ու գլխառադ է արել։ Ես դրան կբռնեմ ու մռութը կջարդեմ։ Հետո նայել էր պատուհանից երկար ու տխուր,- Բելլան սխալ արեց, որ փչացած հեռախոս ստեղծեց։ Պիտի չաներ…

Էդ օրը, երբ պառավ բուժքույրը պատմում էր ինձ էս ամենը, հերթական անգամ տղան հեռախոս էր ճարել, նորից անպատասխան զանգ արել ու կատաղել Բելլի վրա, ով երևի, շատ կնեղվեր, երբ իմանար իր անվան անպատվաբեր հնչյունափոխության մասին։

217 պալատը… Չէ՛, էնտեղ հիվանդը ագրեսիվ է դարձել։ Չորս տարեկան երեխային մեքենայով տրորելուց հետո դա ամենաքիչն էր, որ կարող էր լինել 217-ի հիվանդի հետ, ով ինչ որ մի ժամանակ դասընկերս էր ու կողքիս էր նստում։

Երբ դուրս եկա հոգեբուժարանից, արդեն մթնշաղ էր, անտանելի պառավը կարճ կապել չսովորեց։ Կասկած չունեմ՝ նրա վախերը արդարացված են. մի քանի օրից, անշուշտ, պալատներից մեկում է տեղավորվելու։

«Բայց իմ ի՞նչ պետքս է»,- մտածում եմ ու  թիկունք դարձնում տուֆից սարքած էս շինությանը, որի չորրորդ հարկում միշտ տարօրինակ բաներ են կատարվում… Ասենք, կարծում եմ, բոլոր հարկերում էլ էդպես է։

Տեսնես, եթե էդ չարաբաստիկ գիշերը Արսենը հոր զանգերին պատասխաներ, էսօր 217 պալատը ու 4 տարեկանի գերեզմանափոսը դատարկ կլինեի՞ն։

Ա՜խ, գրողի տարած Բելլ, ինչի՞ էս գժանոցում բոլորի հեռախոսները թարս սարքեցիր,- դուրս եմ տալիս, հետո ձեռքի մի շարժումով գրողի ծոցն ուղարկում 217-ն է՛լ, աղջիկ դարձած հեռախոս ստեղծողին է՛լ, պառավ բուժքրոջն է՛լ, որ կարծես, գիժ դառնալու հակումներ ունի ու հեռանում շենքից, որի ներսում, երևի, հենց էդ պահին նորից իրարանցում է։

Margarita Khazaryan

Առանց վարդագույն ակնոցի

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ստից ու կեղծիքից շնչահեղձ այս աշխարհում ապրելու միակ մխիթարանքը քո ճիշտ և մաքուր մնալն է։

Գիտակցում ես, որ կան մարդիկ, ովքեր այնքան արագ և վարպետորեն են փոխում իրենց դեմք-դիմակները, որ չես էլ կարող հաշվել նրանց թվացյալ երեսների քանակը։

Ճանաչում ես մարդկանց և հասկանում, որ, մեկ է, գալու է մի ժամանակ, երբ պարզվելու է, որ ամենևին էլ չես ճանաչել։ Առհասարակ այդ «ճանաչել» ասվածը խիստ սահմաններ ունի. դիմացինին մինչև վերջ ճանաչել կլինի՞։

Գալիս է մի պահ, երբ հիշելով կյանքիդ դժվար պահերը՝ հասկանում ես, թե որքան ճիշտ ու անհրաժեշտ էին դրանք, և որքան են քեզ հղկել, դաստիարակել, կյանքն ու մարդկանց ճանաչելու կարևորագույն դասեր տվել։

Կյանքում ոչինչ պատահական չի լինում։ Ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։

Սովորաբար մենք դա ընդունում  ենք մեր կյանքում եղած խնդիրները մարսելուց հետո միայն, երբ ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ ճանապարհիդ հանդիպած մեծ ու փոքր քարերը քեզ ավելի ուժեղ և ամուր են դարձրել։ Եվ այն ժամանակ ես հասկանում, որ մի քիչ մեծացել ես, երբ այլևս այդ քարերից չես վախենում, նույնիսկ հիմա ոտքերդ ավելի ինքնավստահ ես գետնին դնում ՝ հավատալով քեզ ու քո ուժերին։

Ճանապարհին ընկած ամեն մի քար մի օր իր ճիշտ հասցեն է գտնում, հավատա՛։

Լավ ու վատ օրերի արանքում հասկանում ես, որ անկախ ամեն ինչից երջանիկ ես ու բախտավոր։ Երջանիկ ես, որ ո՛չ մոլեգնած քամիները, ո՛չ էլ քար-դժվարությունները քեզ փոխել չեն կարողացել, չեն էլ կարողանալու, որովհետև հիմա կյանքին նայելիս բոլորովին այլ հայացք ես ընդունում։

Գալիս է մի փուլ, երբ հասկանում ես, որ աշխարհում թերևս չկա ավելի հաճելի բան, քան քո խղճի հանգստությունն ու հոգու երանելի ներդաշնակությունը, հասկանում ես, որ խաղաղությունը միայն երկրներին չէ հարկավոր, այլ նաև մարդկային հոգիներին։ Երջանկությունը խաղաղությունից է սկսվում։

Գիտե՞ս՝ աշխարհում ամենաթանկ և հարազատ մարդիկ նրանք են, ովքեր ուղղակի հավատում են քեզ։ Քեզ, քո տեսակին, քո ուժերին, քո ապագային…

Այդ մարդիկ ամենանուրբ ու գեղեցիկ հոգիներն ունեն, եթե ոչ բոլորի, ապա գոնե քեզ համար։ Այդ հավատող մարդկանց կարևոր դերը սովորաբար ընտանիքին է տրվում, և ի դեպ, խաղաղությունն էլ հենց այսպիսի  ընտանիքից է սկսվում։ Բախտավոր լինելու  տեսակետն էլ հասկանալի դարձավ, չէ՞։

Եվ որքան էլ աշխարհում անծայրածիր ու խեղդող լինեն սուտը, կեղծիքը և չարությունը, աշխարհում սիրվելու արժանի և բարությունը կենդանի պահող շա՜տ գեղեցկագույն երևույթներ կան։ Այս ապականված դարում ազնվությունը դեռ պայքարում է իր գոյության համար…

Եվ մի օր անպայման հասկանում ես, որ իրականում ոչինչ էլ դեռ լավ  չես հասկանում, և գուցե դա քեզ պետք էլ չէ։ Կարևորն այն է, որ  կյանքում ոչինչ անհետևանք և անպատասխան չի մնում, շուրջդ սփռած և՛ լույսի, և՛ խավարի դիմաց մի օր  անպայման փոխհատուցվում ես քո իսկ տվածով։

Ազգային, ներանձնային պատերազմների, բաբելոնյան աշտարակաշինությունը հիշեցնող  խառնաշփոթների, արագ փոփոխվող դիմակների աշխարհում ապրելը և լավատես մնալը բարդ է, բայց թունելի վերջում միշտ էլ լույս է լինում։

Փորձենք նկատել  կամ լինել այդ լույսը։

Պատրիկ Արտեմի

«Մշակութային վարագույր» հարցազրույցների շարքի մեր առաջին զրուցակիցն է ամերիկահայ գրող Պատրիկ Արտեմին:

- Գրող դառնալու որոշումը բավականին բարդ որոշում է, արդյո՞ք ինչ որ մեկը ուղղորդել է մասնագիտության ընտրության հարցում։
- Գրող չեն դառնում, գրող ծնվում են։ Իսկ  գրելն ինքն է որոշում, այո կամ՝ ոչ։ Ես միտք չունեի գրելու։ Բանաստեղծ ընկերս՝ Կարո Մելիքսեթյանը, հորդորեց գրել։   Գրողական աշխատանքին անցնելուն խանգարում էր ծանրաբեռնված աշխատանքը լրագրության բնագավառում։

- Իսկ ինչպե՞ս կարողացաք համատեղել այդ երկու մասնագիտությունները։
-Չեմ համատեղել, գրել սկսել եմ  թոշակի անցնելուց հետո։

- Ինչու՞ ձեր ընկերը այդպիսի խորհուրդ տվեց։ Դուք ինչ որ բան ցույց տվե՞լ էիք ձեր գրածներից։
-Մեր ամենօրյա շփումներից նա հստակ պատկերացում  ուներ իմ  լեզվամտածողության մասին:

- Ո՞րն է Ձեր առաջին ստեղծագործությունը, և ի՞նչ զգացողություններ ունեիք այն գրելուց։
-Իմ առաջին գործը կոչվում է «ՈՏՔՈՎ՝  ԼՈՌԻ»: Այդ գաղափարը մեջս կար, պարզապես չէի փորձել իրացնել։

- Ինչպիսի՞ գրական պահանջներ կային, երբ սկսեցիք գրել, և ի՞նչն է փոխվել հիմա։
-  Ես արդեն ունեի վստահ ձեռագիր, և  բան փոխելու կարիք չկար;

- Ոճային ինչպի՞սի տարբերություն կա ավագ և երիտասարդ գրողների միջև։
- Պահանջը եղել և մնում է նույնը՝ ստեղծել գրական արժեք: Մարդն ինքը ոճ է; Աստծով ծնյալ գրողների ոճն իրենց մեջ է; Ոչ ոք չի կարող սովորեցնել գրել, եթե գրող չի:

- Ձեր ո՞ր գործերն են, որ լավագույնս ընդգծում են ձեր անհատականությունը։
-Անհատականությունը չեն կարող ընդգծել, բայց կարող են վկայել գրողի իմ ճաշակի, երևակայության և ստեղծագործելու հնարավորությունների մասին։ Այդ առթիվ ես կարող եմ նշել մի քանի գործ․ «ԶԱՄԲ», «ՍՈՒԼԹԱՆ» պատմվածքները, «ՄԵՆԱՍՏԱՆ», «ԱՐևԵԼՅԱՆ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ» վիպակները, «ՄԵԶՈԶՈՅԱՆ ԽԵՆԹԵՐ» վեպը։

-Գրական ո՞ր ժանրն է ավելի հոգեհարազատ ձեզ։
-Բոլոր ժանրերն էլ սիրելի են։ Ես գրում եմ արձակ, բայց հաճույքով կարդում եմ չափածո, հատկապես  Չարենց և Իսահակյան:

-Ունե՞ք գրական աշխատանքներ, որոնք էկրանավորվել կամ բեմադրվել են։
-Միայն մի գործ է բեմադրվել՝ «ԾԱՊԱՆ», «ՄԵՆԱՍՏԱՆ»-Ի բեմադրությունը ես խնդրեցի հետաձգել, «ԶԱՄԲ»-ը մոտ էր բեմադրվելու, բայց որոշ հագամանքներ խանգարեցին;

-Դուք բնակվում եք ԱՄՆ ում։ Ունե՞ք այնպիսի գործեր, որոնք օտար ափերում ապրող  հայերին, կամ նրանց Հայրենիքի նկատմամբ կարոտին է վերաբերում։
- Այո, վերջին տասնմեկ տարին ապրում եմ ԱՄՆ-ում, օտար ափերում կարոտների մեջ այրվող հայերին է վերաբերվում  «ԴՌՆԱՊԱՆԸ», «ՀԵՌԱՑՈՒՄԻ POINT» և այլ գործեր։

- Իսկ ձեր առաջին գրքի շնորհանդեսը ինչպե՞ս անցավ։ Ի՞նչ տպավորություններ ունեցաք։
-Շատ լավ անցավ, վերածվեց գրական տոնահանդեսի, կազմակերպել էր բանասեր գիտնական Թերեզա Շահվերդյանը։

- Հայ ընթերցողները որտե՞ղ կարող են գտնել ձեր գրքերը։
-Գրքերս վաճառքի չեմ դրել, հիմնականում շնորհանդեսների ժամանակ նվիրել եմ, մի մասն էլ հանձնել եմ հանրային և քաղաքային  գրադարաններին:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ և սկսնակ գրողներին։
- Ոչ մի: Եթե Աստված նրա մեջ դրել է գրողի ճակատագիրը, խորհուրդ տաս-չտաս՝ գրելու է, իսկ եթե չի դրել, ինչքան էլ թուղթ մրոտի, արժեք չի ստեղծելու։

- Իսկ ովքե՞ր են ձեր սիրելի հեղինակները։
-Հայ գրողներից՝   Հրանտ Մաթևոսյան, արտասահմանյան գրողներից՝  Շեքսպիր, Սթոուն, Լոնդոն, Գոգոլ,Դոստոևսկի, Ֆոլկներ:

Mariam Harutyunyan new

Թույլ տուր նկարեմ քեզ

Թույլ տուր նկարեմ քեզ իմ գունատ վրձնով,

Որ երանգոտվի հոգիս քեզանով,

Որ քո պատկերով մութս լուսացնեմ,

Ու քո գույներով կտավս լցնեմ։

 

Թույլ տուր նկարեմ քեզ իմ մաշված վրձնով,

Որ ինձ կորցնեմ՝ քեզ որոնելով,

Որ իմ գտածով գույներ հորինեմ,

Ու հորինածով ես քեզ պատկերեմ։

 

Թույլ տուր նկարեմ քեզ իմ թշվառ վրձնով,

Որ տեսնեմ աշխարհս՝ քո աչքերով,

Որ տեսածովս կուրորեն լռեմ,

Ու լռության մեջ նորից քեզ տեսնեմ։

 

Թույլ տուր նկարեմ քեզ իմ անպետք վրձնով,

Որ արժեվորվի կտավս քեզնով,

Որ խենթ նկարչի պես պատկերդ գրկեմ,

Ու մթության մեջ ես քեզ որոնեմ։

 

Թույլ տուր նկարեմ քեզ իմ անշուք վրձնով…

Դարձիր կամավոր

«Կամավորությունը օգնում է ձերբազատվել մի շարք կոմպլեքսներից, ստանում ես նոր գիտելիքներ, նոր հմտություններ դրանց շնորհիվ»:

“DARK Company” կամավորական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Արմեն Ծատուրյան

Գործունեություն, երբ անհատը կամ անհատների խումբը անում  է որևէ բան առանց ֆինանսական շահ հետապնդելու, ընդունված է անվանել կամավորություն: Հայաստանյան հասարակությունում վերջին շրջանում կամավորական աշխատանքները, կազմակերպությունները և ընդհանրապես կամավորները ծավալում են լայն գործունեություն:

Կամավորական աշխատանքների մասին խոսել ենք հայկական “DARK Company” կամավորական կազմակերպության հիմնադիր-տնօրենի Արմեն Ծատուրյանի հետ:

-Որպես կամավորական կազմակերպության տնօրեն, ի՞նչ եք կարծում՝ կամավորության մշակույթը Հայաստանում զարգանո՞ւմ է:

-Միանշանակ զարգանում է: Մի փոքր վիճակագրություն ունենք հենց մեր կառույցի արդյունքների հիման վրա, որը ցույց է տալիս այդ աճը: Բացի այդ էլ, երիտասարդների շրջանում է նկատելի այդ աճը: Երիտասարդները ավելի շատ են սկսել հետաքրքրվել կամավորությամբ, որը գովելի է ըստ իս: Հարկ է նշել նաև, որ 2017, 2018, 2019 թվականների համեմատ՝ արդեն 2020, 2021 թվականներին կամավորական աշխատանքով զբաղվում են ոչ միայն 16 և դրանից բարձր տարիքային խմբի երիտասարդները, այլ նաև ավելի փոքրերը: Ցանկություն են հայտնում, կամավորագրվում և զբաղվում կամավորական աշխատանքներով:

-Փաստորեն  հարցիս՝ արդյո՞ք երիտասարդները մասնակցություն ցուցաբերում են ֆինանսական շահ չհետապնդող աշխատանքներին, կարող ենք հանգիստ ասել՝ այո:

-Լինում են դեպքեր, երբ կամավորները մասնակցում են նաև վճարովի հիմունքներով կամավորությունների: Վստահ եմ՝ սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար: Օրինակ՝ Գերմանիայում ու մի շարք այլ երկրներում արդեն 2-3-րդ կամավորական աշխատանքներից հետո կամավորները իրենց մասնակցած միջոցառումների համար ստանում են որոշակի չափով գումար:

-Կարո՞ղ է հասարակության յուրաքանչյուր անդամ զբաղվել կամավորութամբ, թե՞ կան բացառություններ: Եթե այո, ապա կխնդրեի մանրամասնեք:

-Ոչ, չկան, բոլորն անխտիր կարող են մասնակցել, համենայնդեպս մեզ մոտ: Իհարկե, լինում են աշխատանքներ, որոնք նախատեսված են օրինակ որոշակի շրջանի մարդկանց համար, բայց դա արդեն ուրիշ հարց է: Իսկ ընդհանուր առմամբ, բոլորն էլ ունեն իրավունք զբաղվել կամավորական աշխատանքներով:

-Հիմա մի փոքր կուզեի, որ անդրադառնաք ձեր կամավորական խմբին: Ի՞նչ պատմություն ունի այն:

-«DARK Company»-ին հիմնադրել ենք բավականին վատ շրջանում, երբ ունեինք ընդամենը 2 անդամ: Հետո բազմաչարչար աշխատանքների, թիմային նվիրումի ու նպատակի կենտրոնացման շնորհիվ մենք բարելավեցինք մեր դիրքերը՝ դառնալով տարածաշրջանում ամենապահանջվածներից ու ամենահայտնիներից մեկը (որոշ ժամանակ առաջ կվախենայի սա հայտարարել, բայց հիմա վստահորեն կարող եմ փաստել):

Այժմ «Դարք»-ը ունի տարեկան 500-700 հայտ, որից 80-100-ն են ընտրվում մեզ մոտ կամավոր աշխատանքների համար: Իհարկե, կա ցանկություն բոլորին ընձեռնել հնարավորություն մասնակցել մեզ մոտ կամավորական աշխատանքների, բայց մեր ռեսուրսները չեն բավականացնի բոլորին ապահովել դրանով:

Իրականում ես «Դարք»-ին վերաբերում եմ ոչ թե կառույց, այլ դիտարկում եմ այն մի մեծ ընտանիք, որտեղ բոլորը բոլորին օգնում են: Մենք հնարավորություն ենք տալիս մեր կամավորներին իրենց պրոյեկտները իրականացնել, օգնում ենք տարբեր հարցերում, ինչպես նաև փորձում ենք բացել իրենց համար նոր հորիզոններ: Հարկ կհամարեմ նշել, որ «Դարք»-ը շուտով կունենա իր հեռուստաշոուն, որտեղ ներգրավված կլինեն մեր կամավորները: Սա շարունակական բնույթ է կրելու, և մեր կամավորները կկարողանան  տարբեր հեռուստանախագծերում փորձել իրենց տարբեր հաստիքներում: Սա կարող է հետագայում վերածվել նաև աշխատանքի կամավորների համար:

-Իսկ բացի այդ մեկից ուրիշ ի՞նչ աշխատանքների հնարավորություն է տալիս կամավորությունը:

-Բնականաբար, բացի վերը նշվածից, «Դարք»-ի միջոցով  շատ ու շատ կամավորներ են ընդունվել աշխատանքի: Պատասխանեմ այս ձևով՝ «Դարք»-ի նպատակը շատ կամավորական աշխատանքների մասնակցելը չէ: Մենք ստանում ենք շատ-շատ ծրագրերի խնդրանք-հրավերներ, բայց մասնակցում ենք դրանց 40-50%-ին: Այս կամավորական աշխատանքների ընթացքում մեր նպատակն է ընտրել կամավորների, երիտասարդների ու իրենց հետ շարունակել մեր ճանապարհը: Արդեն ունեցել ենք նման մի քանի օրինակ: Մեր փոխտնօրեն Վիկտորիա Մշեցյանը առաջին հայտով չի ընդունվել մեզ մոտ, ապա կրկին հայտ լրացնելուց հետո սկսել է անդամակցել, դարձել տարվա լավագույն կամավոր, հետո թիմլիդ ու արդեն մոտ մեկ տարի է՝ «Դարք»-ի տնօրինության բաղկացուցիչ մասն է:

-Ինչո՞ւ է կամավորությունը կարևոր, և ինչո՞ւ պիտի երիտասարդները զբաղվեն դրանով:

-Առաջին անգամ, երբ դու զբաղվում ես կամավորական աշխատանքով, դու հայտնվում ես տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց շրջանում, շփվում ես իրենց հետ, ու արդեն դա օգնում է քեզ հետագա մասնագիտական կողմնորոշման հարցում: Օգնում է ձերբազատվել մի շարք կոմպլեքսներից, ստանում ես նոր գիտելիքներ, նոր հմտություններ, որոնցից են հաղորդակցման ճիշտ մեթոդիկան, նոր միջավայրում ճիշտ դրսևորվելը: Այս բոլորը ամեն երիտասարդի կայանալու համար շատ պետք է: Ու ամենակարևորը, որ կհավելեի, դու ստանում ես շատ կապեր հետագայի համար:

Նկարները վերցված են DARK Company/ Դարք ֆեյսբուքյան էջից: