anush mkrtchyan

Ինչպես փոխվեց մեր կյանքը

Բոլոր երեխաներն էլ պետք է ունենան  անհոգ և լուսավոր մանկություն, անկախ նրանից. քաղաքում են ապրում, թե՝ գյուղում:

Եթե տարիներ առաջ ինձ այս մասին ասեին, ես անշուշտ կբացեի բողոքի մի մեծ գիրք ու ցույց կտայի, որ այդ խոսքերը Հայաստանի երեխաների համար չեն ասված: Անշուշտ կբերեի մի շարք օրինակներ, որոնք կապացուցեին, որ  գուղում ապրող երեխաները շատ ու շատ պակաս հնարավորութուններ ունեն  բազմակողմանի զարգանալու համար:

Բայց սա տարիներ առաջ, քանի դեռ մեր գյուղ չէր եկել «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ը՝ COAF-ը: Այս կազմակերպությունը տարբեր ծրագրեր է իրականացնում Արմավիրի, Արագածոտնի, հիմա նաև Լոռու մարզերում բնակվող գյուղերի երեխաների համար: Դպրոցներում գործում են տարբեր արտադպրոցական խմբակներ, որոնց երեխաները հաճախում են անվճար: Այս ամենի մասին դուք կարող եք իմանալ համացանցից, բայց ես ուզում եմ կիսվել իմ տպավորություններով:

Դեռ տարիներ առաջ ես կարծում էի, որ սովորելու բան կարելի է գտնել միայն դպրոցում ու դասագրքերում, բայց հիմա ես վստահ կարող եմ ասել, որ այն, ինչ ես սովորել եմ` հաճախելով COAF-ի խմբակներին, ոչ մի դասագիրք ինձ տալ չէր կարող: Գնում էինք թատերականի, ու գյուղում ապրող երեխան բեմ էր դուրս գալիս իբրև դերասան և դերասանուհի:

Հիշում եմ, որ ամեն անգամ, երբ  COAF-ի մեքենան գյուղ էր մտնում, գլխի էինք ընկնում, որ մի նոր ծրագիր է լինելու: Ամառային ճամբարներ, տարբեր էքսկուրսիաներ, և ի վերջո, մենք այսօր սովորում ենք վերանորոգված և բարեկեցիկ դպրոցում հենց COAF-ի շնորհիվ:

COAF-ը փոխեց ինձ: Ես և ինձ նման հարյուրավոր երեխաներ սովորեցինք ազատ մտածել, սովորեցինք, որ մենք այս փոքրիկ գյուղերի փոքրիկ բնակիչներս կարող ենք փոխել մեր շրջապատը դեպի լավը: Մենք կարող ենք ամեն ինչ, եթե հավատում ենք ինքներս մեզ:

 COAF –ը մի մեծ լույս բերեց մեզ: Այդ լույսը թափանցեց ու հասավ մեր բոլորի հոգու խորքերը ու լուսավորեց մեզ ներսից: Ես սկսեցի սիրել իմ գյուղը հենց  COAF-ի շնորհիվ: Այսօր մենք` գյուղի երեխաներս, ունենք հնարավորություններ, որոնք չունեն անգամ քաղաքի երեխաները:

Մենք չենք վախենում ազատ լինելուց, մենք պատրաստ ենք պայքարել ու հասնել մեր երազանքներին, մենք պատրաստ ենք մեր մտածածն արտահայտել և ազատ ստեղծագործել:

Ես կարող եմ վստահորեն ասել, որ այն  մեծ կամ փոքր հաջողությունների ու ձեռքբերումների համար, որ ունեցել եմ այս տարիների ընթացում,  պարտական եմ COAF-ին:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» շարունակում է իր բարի գործը, ու այժմ ինձ նման երեխաների թիվը գնալով շատանում է, և ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ այս կազմակերպության և նմանատիպ այլ կազմակերպությունների շնորհիվ  Հայաստանի գյուղերում ապրող երեխաները կունենան վառ ու լուսավոր ապագա…

Lilia Poghosyan

Մանկավարժությունն իբրև կյանքի ուղի

Հարցազրույց տատիկիս` Հեղինե Դավթյանի հետ

-Բարև տատիկ, ուզում եմ քեզ հետ հարցազրույց անցկացնել: Դեմ չե՞ս: Կպատմե՞ս քո մասին:

- Ես երկար տարիներ աշխատել եմ դպրոցում  որպես մանկավարժ, մեթոդմիավորման նախագահ, ապա փոխտնօրեն: Սիրելով և կարևորելով մայրենի լեզվի դերը մարդու կյանքում, ընտրել եմ լեզվաբանի  մասնագիտությունը:

-Ինչպիսի՞ ընտանիքում ես մեծացել, ունե՞ս արդյոք քույր, եղբայր:

-Մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Հայրս եղել է դպրոցի տնօրեն, մեթոդիստ, մայրս՝ դասվար: Երեխաներս նույնպես ընտրել են մանկավարժի այդ պատվավոր մասնագիտությունը և դարձել մանկավարժներ: Մեծ է եղել իմ ընտանիքը, որտեղ մեծացել են ութ երեխա, ես երկրորդն եմ:

-Որտե՞ղ ես սովորել:

-Սովորել եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագիտական բաժնում, ունեցել եմ բարձր առաջադիմություն:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք ես հիշում քո դպրոցական կյանքից:

-Դպրոցական կյանքը միշտ լեցուն է եղել: Մենք ունեինք ջոկատներ, բաժանվում էին խմբերի, և մեզանից յուրաքանչյուր խումբ աշխատում էր թույլ առաջադիմությամբ աշակերտների հետ և նրանց հետ, ում ծնողները չէին կարողանում օգնել դասապատրաստման ժամանակ: Արդյունքները ամփոփվում էր ամեն ամիս, որը ոգևորում և խրախուսում էր մեզ, և կարծես մրցակցություն էր ստեղծում:

-Ո՞ր առարկան ես սիրել, որը՝ ոչ:

-Չսիրած առարկա չունեմ, բայց ամենից շատ սիրել եմ հումանիտար առարկաները, որոնց մեջ առանձնացել է հայոց լեզուն և գրականությունը:

-Ինչպե՞ս ընտրեցիր ապագա մասնագիտությունդ:

-Մասնագիտությանս հարցում ինձ շատ են կողմնորոշել իմ ծնողները: Նրանք դարձել են այն կերպարները, որոնցով ես պիտի կառուցեի իմ աշխատանքային հաջողությունները:

-Քանի՞ տարվա աշխատանքային փորձ ունես:

-24  տարի աշխատել եմ որպես ուսուցչուհի, 22 տարի՝ փոխտնօրեն: Միասին`  46 տարի:

-Խիստ ուսուցչուհի՞ ե՞ս եղել, ի՞նչն ես առավել գնահատում երեխաների մեջ:

-Խիստ ուսուցչուհի չեմ եղել, բայց գտել եմ այն բանալին, որով կարողացել եմ վայելել աշակերտների վստահությունն ու հարգանքը, որը նպաստել է նաև իմ աշխատանքի հաջող ընթացքին և չեմ ափսոսում, որ իմ չորս զավակները, նույնպես լինելով մանկավարժներ, քայլում են իմ ճանապարհով: Այսինքն, ես էլ իրենց համար դարձա ուղի:

-Ի՞նչն է քեզ դուր գալիս աշխատանքում:

-Աշխատանքս իմ մանկության տարիների երազանքն է եղել, որը ես քայլ առ քայլ իրականություն եմ դարձրել: Եվ ամուր թելերով կապված եմ իմ աշխատանքին, ու հենց իմ աշխատանքի ոճը, դպրոց մտնելուս ամեն մի պահը ինձ համար եղել է և՛ ճակատագրական, և՛ պատասխանատու: Այն, որ ես առանց աշակերտների իմ առօրյան չեմ պատկերացրել:

-Ի՞նչ փոփոխություններ են եղել դպրոցումքո աշխատանքային առաջին օրվանից մինչև այսօր:

-Ամեն տարի ուս. ծրագրերում փոփոխություններ տեղի են ունեցել, որոնք իրենց հետքն են թողել աշակերտների առաջադիմության վրա՝ լավ կամ վատ: Իսկ ես համոզվել եմ նրանում, որ վաղ տարիքում երեխայի մտահորիզոնը ավելի լավ է զարգանում և ստացած յուրաքանչյուր տեղեկություն ավելի հեշտ է ըմբռնում, որի պատճառով ուսուցումը էլ ավելի է առաջընթաց ապրում: Այսօրվա աշակերտի միքտը ավելի ճկուն է:

-Ի՞նչ կցանկանայիր փոփոխել այսօրվա դպրոցների և ուսուցիչների մեջ:

-Կուզենայի, որ ուսուցիչները ավելի մոտ կանգնած լինեն իրենց սաներին, ընդառաջ գնային նրանց հակումներին և իրենց մասնագիտությունների մեջ լինեին ավելի հմուտ: Դպրոցում պետք է ստեղծվի առողջ մթնոլորտ: Աշակերտ-ծնող կապը պետք է շատ ամուր լինի, փոխվստահություն լինի միմյանց նկատմամբ, և ուսուցիչը երբեք չպետք է դադարի նորանոր մոտեցումներ ցուցաբերել իր աշխատանքային գործունեության մեջ:

Ես եղել եմ խորհրդատու սկսնակ ուսուցիչների համար և իմ աշխատանքային փորձով օգտակար եմ եղել նրանց: Դասղեկների հետ միասին գտել եմ այն ստեղծագործող աշակերտներին, որոնց հմուտ ձեռքի աշխատանքները ցուցադրվել են առանձին ցուցասրահներում: Յուրաքանչյուր  դասարանի համար պահանջել եմ հուշալբոմներ, որտեղ յուրաքանչյուր աշակերտ ամբողջ տարվա ընթացքում իր խոհերն ու պատկերացումներն է ամփոփել իր ձեռագրով և դա դարձել է դասարանի պատմության գիրքը: Կազմակերպել եմ միջոցառումներ, ցերեկույթներ, ասմունքի խմբակներ, որոնցում աշակերտները ներկայացրել են իրենց իսկ գրվածքները: Գրքի տոնին շատ ակտիվ ենք եղել, երեխաների միջոցով ստեղծել ենք հարուստ  գրադարան, դպրոցի պատմության մեջ ենք նաև ընդգրկել մեր պապերի օգտագործած կուժ, կուլա, աղոթք, հին հմտությունների պրպտումները դպրոցում, որոնց նույնպես մասնակցել են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, ընդգրկվել են նաև ուսուցիչները և այն վերնագրել ենք «Հայ մշակի ձեռքի աշխատանքները»:

-Քո սիրած զբաղմունքը:

-Ազատ ժամերին սիրում եմ ընթերցել, զբաղվել թոռնիկներիս հետ:

-Ի՞նչն ես ափսոսում կյանքում:

-Ոչնչի համար չեմ ափսոսում, որովհետև ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, որոնց կարողանում եմ նույնպես լինել օգտակար և ճիշտ ուղի ցույց տալ:

-Սիրած հեղինակներ, ստեղծագործություններ:

-Ամենից շատ սիրել եմ Պարույր Սևակ, ընթերցել եմ մեր հայ գրողներին: Թումանյան եմ սիրել, դասական գրողներից Բալզակ եմ շատ սիրել: Ժանրը ՝ դրամա եմ սիրում: Գրքերից Անահիտ Սեկոյանի «Նրա ճանապարհը», Սենկեվիչ` «Յո Երթաս», Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», Դեմիրճյանի «Վարդանանքը», Կոմս Մոնտե Քրիստոն է ինձ համար շատ մեծ, ուժեղ կերպար եղել: Սիրում եմ քննադատական և լիրիկական ստեղծագործություններ:

Ահա այսպիսին է իմ տատիկը:

Gayane Avagyan

Ես էլ սկսեցի

Նստած մտածում եմ, մտածում ու չեմ հավատում, որ իմ վերջին դպրոցական սեպտեմբերն է: Չեմ հավատում, թե չեմ ուզում հավատալ. չգիտեմ: Է~ , ոնց անցավ ժամանակը, էդպես էլ չհասկացա: Բայց մի բան հաստատ է. դպրոցական օրերն անփոխարինելի են: 

Հիշում եմ առաջին սեպտեմբերի մեկս: Իմ երկու պոչիկները, մի ձեռքով մայրիկիս ձեռքն էի բռնել, մյուսով` ծաղիկները, առաջին ուսուցչիս համար գնված: Պայուսակս եմ հիշում մեծ ու ծանր, որը հազիվ էի  գցում ուսերիս, դասընկերներիս ժպիտներն եմ հիշում…  Հիշում եմ ու չեմ հավատում, որ ես արդեն տասներկուերորդ դասարան եմ փոխվել: Ախր, ե՞րբ անցավ ժամանակը:

Ամեն տարի օգոստոսին սպասում էի դասերի սկսելուն, որ սկսեմ լավ սովորել: Դեռ մի բան էլ խոստանում էի բարձր գնահատականներ ստանալ: Ճիշտ է, մենակ խոստանում էի: Թե ասա` Գայանե ջան, դու մաթեմից բարձր ստացո՞ղ ես, որ խոստումներ ես տալիս: Մնացածը բարձր ստանալ ստացվում էր, բայց հանրահաշիվն ու երկրաչափությունը չէր ստացվում: Հետո ի՞նչ, բնագիտամաթեմատիկական հոսքում եմ սովորում. հոգով հումանիտար եմ:

Երկար պատմություն է: Չբացվեց հումանիտար հոսք, ես էլ ուրիշ դպրոց չգնալու համար այդ հոսքում մնացի: Բայց միչև հիմա զարմանում եմ, թե ոնց եմ կարողացել ամեն օր մաթեմատիկա ու ֆիզիկա սովորել: Ապրի Գայանեն: Դե լավ, հերիք է բողոքեմ, մեկ է` սովորածս ինձ պետք է գալու (Հա, բա չէ՞):

Այսօր առաջին անգամ հանդիպեցի հայոց լեզու պարապող ուսուցչուհուն` կրկնուսույցիս, ով ինձ համար պետք է բացահայտեր շտեմարանների անծայրածիր աշխարհը: Առաջին հայացքից բարի, բայց միևնույն ժամանակ, խիստ թվաց ինձ: Դե ի՞նչ ասեմ, առաջին տպավորությունս լավ էր: Սպասենք մնացած տպավորություններիս:

Ահա, սկսվում են իմ դաժան օրերը: Շտեմարան, շտեմարան, շտեմարան ու էլի` սովորել, սովորել, սովորել: Հենց առաջին օրով ուսուցիչս հանձնարարություններ տվեց, ես էլ խելոք-խելոք լսում էի ու սպասում, որ հասնեմ տուն ու անեմ: Առաջին օրերին միշտ էլ սիրով ես դաս անում,  բայց այ, հետո…

Ըհը, դպրոցից էլ զանգեցին` գրքերը ստանալու ժամանակն է: Ո՞վ է հասցնելու պարապող առարկաների հետ այլ առարկա էլ սովորել, չեմ հասկանում: Այնքան էլ հաստ գրքեր են, ափսոս, շատերը չեմ էլ բացելու: (Անկեղծանում եմ, կներեք, ուսուցիչներ, փաստը մնում է փաստ: Դուք եք ասում, որ ստել չի կարելի):                                                                                                                         Խոսում եմ, էլի, բայց թե այսքանը ոնց եմ հասցնելու, չգիտեմ…

Sona Tumanyan

Մի քիչ իմ մասին

Ես Սոնան եմ ` Մալիշկայից: Ես ծնողներիս առաջնեկն եմ, բայց չեմ ստացել տատիկիս անունը, պապիկս ինձ անվանել է Սոնա, ինչպես մեր պատմության ուսուցիչն է ասում ` Երազիկ: Ես ինձ համարում եմ բարի, անկեղծ և ինչ-որ տեղ լուրջ անձնավորություն, բայց անկեղծ ասած, չեմ սիրում լուրջ մարդկանց: Ունեմ շատ նախասիրություններ: Շատ եմ սիրում նկարել, բայց ոչ դիմանկարներ, ավելի նախընտրում եմ առարկաներ պատկերել, բայց ոչ արտանկարել: 

Երաժշտություն: Երաժշտությամբ ապրում եմ: Լսում եմ տարբեր ոճի երաժշտություն, բայց ոչ ռոքը, դա տանել չեմ կարողանում: Այնքան եմ տարվում երաժշտությամբ, որ անգամ դասերս երգելով եմ սովորում: Բաց չեմ թողնում «Բլեք Սթար»-ի իմ սիրած խմբի կատարումները: Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ, բայց երբ, այսպես ասած, նստում են ականջիս կամ անընդհատ անունս տալով կանչում են, արդեն հունից դուրս գալով բարկանում եմ: Չեմ սիրում քաոսային և լարված իրավիճակներ, փորձում եմ դրանցից հեռու մնալ:

Կռվարար չեմ, վեճեր չեմ սիրում, բայց երբ դրանք տեղին են, սիրում եմ ուղղակի կողքից նայել և վերջում բարձրաձայնել կարծիքս: Խորհուրդներ չեմ սիրում տալ, երբ չունեն դրանց կարիքը: Սիրում եմ, երբ վեճերից հետո, ունենալով խորհրդի կարիք, մոտենում են: Դե ես էլ միշտ պատրաստ եմ օգնել բոլորին:

Տարեվերջին, երբ երեխաներով հավաքվեցինք և կարծիքներ հայտնեցինք մեկս մյուսի մասին, հերթը հասավ ինձ, և Արթուրը միանգամից առանց մտածելու ասաց.

-Ախր, շատ բարի ես, է, Սոնա ջան:

Դե, ես մի քիչ կարմրեցի: Հե-հե… Կատակում եմ: Անկեղծ եմ, բայց  բոլորի հետ չէ, որ անկեղծանում եմ: Ես գաղտնիքներս պահում եմ իմ մեջ, քանի որ իմ հավատարիմ ընկերը դա իմ հոգին է:

Շատ կապված եմ ընտանիքիս հետ: Կյանքս առանց նրանց չեմ պատկերացնում: Առօրյաս չեմ կարող պատկերացնել առանց ֆիլմերի: Նախորդ նյութերում արդեն նշել եմ, որ ֆիլմերի մոլի երկրպագու եմ: Գրքեր կարդալ չեմ սիրում: Ավելի նախընտրում եմ ոչ պատմողական առարկաներ` ֆիզիկա, հանրահաշիվ, երկրաչափություն: Սիրում եմ համեղ կերակուրներ, դառը սուրճ, քաղցրակեր չեմ:

Դը, էլ ի՞նչ ասեմ, պան չմնաց ասելու:

lyuba sharoyan

Նկարչի աչքերով

Ես միշտ նկարել եմ ու մինչև հիմա նկարում եմ, հատկապես, երբ տխուր եմ:  Նկարելիս կտրվում եմ աշխարհից:  Ծառ, ծաղիկ, կապ չունի, կարևորը` անում եմ մի բան, որն ինձ դուր է գալիս։ Ինձ համար նկարելը պարզապես հոբի չէ, դա իմ աշխարհն է, որտեղ ես ազատ եմ: Ապրել նկարելով: Տարօրինակ է, քանի որ ամենաաննշան ու անիմաստ թվացող մանրուք գեղեցիկ է դառնում նկարչի աչքերով: Շատ հաճախ մտածում են ձեռքից գնացել եմ: Մեղմ ասած, էնքան եմ նկարել, որ ցնդել եմ:

Հա՛, գուցե ճիշտ է, բայց ես չեմ ամաչում տարբերվելուց ու ցնդած նկարիչ դառնալու ճանապարհ բռնելուց:

Դեռ մանկուց բոլորին պարզ էր իմ ընտրած ուղին, քանի որ 4-5 տարեկանից նկարել եմ, տիկնիկներիս համար շորեր կարել, տնակներ պատրաստել, և ամենակարևորը, միշտ կտրել մազերս։ Մայրս ասում է, մի անգամ պապս այնպես բարկացավ, որ մազերս կտրեց։

Երբ արդեն 6 կամ 7 տարեկան էի, բակում ինձ ծաղրում էին գիրության ու պեպենոտ լինելու պատճառով։ Ես ժամերով փակվում էի սենյակում ու փորձում բալետի պարուհիներ նկարել: Ամեն անգամ, երբ պարուհին գեր էր ստացվում, պատռում էի թուղթն ու սկսում նորից նկարել, իսկ վերջում հուսահատված լացում։ Միգուցե նրանց ծաղրանքի շնորհիվ եմ հիմա գեղեցիկ պարուհիներ նկարում, չէ որ պատահականություններ չկան աշխարհում։

seda mkhitaryan

Կյանքի համը

Ամեն մանուկ այս աշխարհում ուզում է որ շուտ մեծանա,
Իսկ մեծերը, չգիտես ինչու, ուզում են նորից փոքրանալ…

Վստահ եմ, բոլորդ լսել եք հայերեն մանկական երգի այս տողերը և շատերդ էլ համաձայնվել եք իմաստի հետ։ Ես էլ համաձայն եմ։ Մեզանում, ինչպես գրեթե ամեն բան, սա էլ հակառակ է։ Այս հակառակությունն էլ առաջ է գալիս հայի բնավորության իմ ամենաչսիրելի գծերից մեկի՝ ամեն ինչից դժգոհելու ու բողոքելու պատճառով։ Այո, ճիշտ է, երեխաները միշտ ուզում են շուտ մեծանալ կամ, ավելի ճիշտ, իրենց տարիքից մեծ երևալ և, հանուն դրա, ոչինչ չեն խնայում։

Մեկը` ես,  տանել չեմ կարողանում այն երեխաներին, ովքեր փորձում են իրենց տարիքից մեծ երևալ: Նրանք ձգտում են լինել այնպիսին, ինչպիսին վաղ թե ուշ դառնալու են։ Սկսում են բարձրակրունկ հագնել` չմտածելով, որ հետո ամբողջ կյանքում, գուցե  իրենց ցանկությանը հակառակ, դա են հագնելու։ Սկսում են շպարվել, առանց մտածելու, որ հետո դա անելու են արդեն անհրաժեշտաբար, որ ծածկեն իրենց կնճիռները: Բայց հիմա կնճիռներ չունեն, և ինչո՞ւ են, չեմ հասկանում, ներկում իրենց շուրթերը, իրենց այդքան վարդագույն ու կենդանի շուրթերը: Սպասեք, դրանք շուտով կգունազրկվեն: Պարզապես կգունազրկվեն տարիների ձեռքով և, այն ժամանակ, խնդրեմ, ներկեցեք` ինչքան ուզում եք:

Եվ հիմա էլ կարող եք ներկել: Ես ո՞վ եմ, որ արգելեմ: Պարզապես հիշեք` այլևս երբեք չեք լինելու մանուկ: Ահա այդ ժամանակ արդեն կսկսեք երազել մանկանալու մասին, չգիտակցելով, որ արդեն տանուլ եք տվել ձեր կյանքի համը՝ ձեր մանկությունը։

Լուսանկարը՝ Գայանե Ավագյանի

Հայաստանի գյուղերը. Բջնի, Կոտայքի մարզ

Ani avetisyan

Ես էլ…

07.09.99

Ինձ հանդիպած յուրաքանչյուր մարդ, ով լսել կամ տեսել է թվերի այս դասավորությունը, առաջին հերթին ասում է՝ ինչ հավես կլիներ, եթե 7-ի փոխարեն էլ 9-ը լիներ: Ասում են՝ «գոլդ» կլիներ: Բայց դե, 7-ն էլ վատ չի:

Հա, ճիշտ հասկացաք, գրվածը ծննդյանս տարեթիվն էր, յուրահատուկ օր ինձ համար, մյուսներն էլ են այդպես ասում: Բայց դե քանի որ պատմության մեջ այդ օրը տեղի ունեցած որևէ շրջադարձային իրադարձություն այդպես էլ չգտա, այն հարցին, թե ինչ է եղել այդ օրը՝ ասում եմ.

-Ծնվեցի:

Դե, սա իհարկե կատակով:

Լավ, հիմա երևի ասեմ նյութս գրելու պատճառը: Կյանքիս 17-րդ աշնան շնորհավորանքներից մեկը, որ 17-ի թղթակից Անուշի կողմից էր, ավարտվում էր այսպես. «Չե՞ս կարդացել երեխեքից մեկի նյութը, գրված էր, չէ՞ ՝ Էլ ինչ 17-ցի, որ իր 17-ամյակի մասին նյութ չգրի: Սպասում ենք» , կամ նման մի բան: Ինչպես ասում են՝ ճարս ի՞նչ:

Դե, արդեն ասացի, որ ծնվել եմ աշնանը, տարվա ամենագեղեցիկ ամսին, սիրում եմ աշունը, բայց ծննդյանս օրվան երբեք առանձնահատուկ չեմ վերաբերվել: Այս տարի էլ նույն կերպ էր. սովորական օր, ուղղակի այդ օրվա, այսպես ասած, «դեմքը» դու ես լինում:

Օրս սկսվեց դպրոցում, ու ինչպես ինձ էր թվում՝ երեխեքը նոր ուսումնական տարվան դեռ չհարմարված՝ մոռացել էին ծննդյանս օրվա մասին, բայց հետո.
-Է՜, էս մյուսներն ինչի՞ են ուշանում, շուտ գային՝ երգեինք, շնորհավորեինք:

Հաա, չէին մոռացել, ուղղակի հերթական խենթությունն էր, որ էլի կարմրեի:

Մեր դասարանում մի ավանդույթ էլ կա՝ ամեն մեկի ծննդյան օրվա մասին պարտադիր կերպով ցանկացած ուսուցչի պիտի ասեն: Դե, հասկացաք, որ շնորհավորեն, ու դասից ժամանակ անցնի: Լավ են մտածել, չէ՞:

Օրվա մյուս մասում երևի այնքան էլ հետաքրքիր դեպքեր չեղան, դե ինչպես մյուս բոլոր ծնունդներն էլի. զանգեր, նամակներ, ու էդպես շարունակ:

Շատ չերկարացնեմ. փաստորեն ես էլ դարձա 17 տարեկան, ինչպես արդեն հարազատ դարձած ցանցի թղթակիցներից շատերը:

Ես էլ մեծացա…

mane antonyan

Կայարան

Կանգնած եմ գնացքի կայարանում: Աղմուկ է: Մարդիկ իրար են հրմշտում, կարծես թե դա կյանքի անհրաժեշտություն է:

Լսում եմ նրա ձայնը.

-Ես քեզ սպասում էի: Գիտեի, որ կգաս…

-Ինչպե՞ս չգայի։

-Ցավոք, քեզ կարճ ժամանակ եմ ճանաչում….Միակ բանը, որի համար չեմ զղջում, դա քեզ վստահելն է: Չգիտեմ էլ, ինչ են ասում այս դեպքում: Առաջին անգամն եմ բաժանվում ինչ-որ մեկից…

-Դե, ավելի լավ: Կարող ես ասել, ինչ ուզում ես:

-Նամակ ունեմ քեզ համար, այնտեղ ամեն ինչ ասել եմ:

Գնացքը սկսում է դանդաղ շարժվել: Իրերս տեղավորված են: Ամուր գրկում եմ նրան ու բարձրանում գնացք… Պատուհանից դուրս եմ նայում.

Սիրտս արագ է զարկում, շունչս կտրվում է: Արցունքներն  ինձնից ուժեղ են գտնվում… Սկսում եմ ագահորեն արագ շնչել: Ուզում եմ քաղաքիս ծանոթ օդը շնչել վերջին անգամ ու ինչքան հնարավոր է շատ: Ուզում եմ ձեռքս պարզել ու բռիս մեջ քաղաքիս մի բուռ օդը տանել… Իմ քաղաքի օդը, այն քաղաքի, որտեղ ես մի ժամանակ երջանիկ եմ եղել: Այդ պահին ինձ դուր էր գալիս քաղաքի ամեն մի մանրուքը, դուր էր գալիս քաղաքի աղմուկը ու ծուռ-մուռ փողոցները, մարդկային բարկացկոտ դեմքերն ու իրար հրող մարդկանց զբաղվածությունը… Մի պահ որոշեցի ոչ մի տեղ չգնալ. մնալ ու շարունակել համեստ գոյությունս  իմ համեստ քաղաքում: Բայց ինչ-որ բան ինձ բռնել ու բաց չէր թողնում: Ես դուրս էի նայում պատուհանից, և ուզում էի գնացքի ընթացքը չբաժաներ ինձ ու իմ քաղաքին:

Նա լուռ կանգնել էր ու ժպտում էր (Լավ է գոնե ժպտում էր, միշտ նրան իր գեղեցիկ ժպիտով կհիշեմ):

Եվ ես հասկացա, որ էլ երբեք չեմ վերադառնալու (այստեղ «վերադառնալ» բառն էլ սխալ է օգտագործելը, վերադառնում են միայն երջանիկ մարդիկ` իրենց նախկին երջանկությունը գտնելու: Բայց մեկ է, երբեք այն չեն գտնում: Կյանքը չի սիրում «վերադարձներ», կյանքը հոսում է առաջ, իսկ նա, ով չի հետևում հոսքին, երկար չի շարժվում):

Ես գնում էի մի քաղաք, որտեղ պարտավոր էի երջանիկ լինել…