Սեպտեմբերի մեկին մնաց մեկ օր։ Պատկերացնո՞ւմ եք։
Հիշում եմ, մինչև 4-րդ դասարանը առավոտյան արթնանում էի ժամը յոթին, որ հասցնեի հագնվել։ Մայրիկը մի օր առաջ արդեն պատրաստում էր պայուսակս, սև կիսաշրջազգեստս, սպիտակ վերնաշապիկս ու սպիտակ «փոռիկներով» կիսագուլպաներս։ Հիշում եմ` ինչքան էի ուրախանում, որ կիսագուլպաներս «փոռիկներով» էին։ Հիշում եմ, թե ոնց էր մայրիկը մազերս բարձր «պոչիկներ» կապում ու մեծ սպիտակ ժապավեններ կապում` օրս ավելի տոնական դարձնելու համար։ Ինչ ժամանակներ էին, չէ՞։
Չնայած, ի՞նչ թաքցնեմ, մինչև հիմա էլ մայրիկն է ամեն անգամ կոկիկ պատրաստում շորերս։
Գիտեք, արդեն սովոր եմ, ամեն տարի նույն ճանապարհով, մի ժամանակ ընկերուհուս ձեռքը բռնած, իսկ հիմա` թևը մտած, դպրոց գնալուն։
Բայց այս տարի տարբերվող է։ Այս տարի ճանապարհս ուրիշ է։ Այս տարի չեմ գնալու ու տեսնելու էն հարազատ դեմքերը, որ տեսել եմ արդեն ինը տարի։ Դասարան չի մտնելու դասղեկս ու չի հարցնելու. «Էս տարի էլ ե՞ք որոշել անցածի նման անկապ գլորեք` գնա»։ Պատկերացնում եք, այս տարի նստելու եմ լրիվ օտար քոլեջի, օտար նստարաններին, օտար ինչ-որ մեկի կողքին։ Ու էս տարի դասարան ընկերներս չեն մտնելու։ Էս տարի չենք գնալու զուգահեռ դասարան, որ տեսնենք, թե ով ինչ տրամադրությամբ ա եկել։
Չգիտեմ։ Այս տարի շատ ոգևորված եմ, երևի դրա համար էլ ինձ համար շատ արագ անցավ ամառը։ Բայց մի բան շատ վատ է։ Երբ սովորում էինք դպրոցում, մեզ կոչում էին 9-րդ դասարանի աշակերտներ, իսկ այս սեպտեմբերին հավանաբար ներս կմտնի տնօրենը ու ինձ համար կհնչի անսովոր մի ձայն։
-Հարգելի երեխաներ, այս տարի դուք դարձաք մեր քոլեջի ուսանողներն ու ուսանողուհիները․․․․
Ես մոտավոր հենց այսպես եմ պատկերացնում։
Երբ քեզ դիմում են ուսանողուհի, արդեն ուզած-չուզած, քեզ մեծ ես զգում, ինչքան էլ հոգով փոքր ես։
Ես շատ մեծ ու հիանալի սպասելիքներ ունեմ, ու համոզված եմ, որ սպասելիքներս արդարանալու են։

Այդ խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը, որին խաղում պոկեմոնների մարզիչ են անվանում, պետք է ուղղակի քայլելով իր քաղաքով հետեւելով քարտեզին, հավաքի հենց այդ պոկեմոններին (անգլերեն pokemon, որը նշանակում է pocket monster – գրպանի հրեշ), որոնք հայտնվում են հենց իր դիմաց` մայթին, ճանապարհի մեջտեղում կամ հենց լճի մեջ։ Ասածս ուղիղ իմաստով չընդունեք, նրանք երևում են միայն հեռախոսի մեջ։ Այսպես ամեն մարզիչ պետք է հավաքի այդ գրպանային հրեշների մեծ բանակ, զարգացնի այն, ու գլուխ գովի իր ընկերների մոտ։ Առաջին հայացքից հիմարություն։ Երկրորդից էլ։ Բայց հենց մի երկու պոկեմոն եք բռնում, հասկանում եք, որ դա նույնն է, ինչ ձկնորսը մեծ ձուկ բռնի, կամ տաքսիստը` զբոսաշրջիկ։ Այդ գերագույն հաճույքը երկու շաբաթվա ընթացքում պայթեցրեց ողջ ինտերնետը։ Բոլոր վիդեոբլոգերները իրենց պարտքն էին համարում վիդեո նկարել այդ խաղի մասին, սոց․ կայքերում, ֆորումներում, համացանցի բոլոր անկյուններում այդ խաղի մասին էին խոսում։ Նույնիսկ հանդիպել եմ մի նյութի, որտեղ մի տղա մեկ այլ խաղացողի էր հրավիրում իր թաղամաս, որ իրենց պոկեմոններին կռվացնեն։ Զարգացած երկրներում անգամ խիստ արգելքներ են դրվել, ըստ որոնց, որոշ հասարակական վայրերում չի կարելի պոկեմոն փնտրել։ Դրա համար մարդ կարող է արժանանալ մինչև 3 տարվա ազատազրկման։ Ասեմ, որ թեեւ խաղը պաշտոնապես դեռ հասանելի չէ Հայաստանում, դա մեզ չխանգարեց միանալ պոկեմոնյան ալիքին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ապօրինի ճանապարհով ներբեռնել են խաղը եւ պոկեմոն են բռնում Հայաստանով մեկ։

