Իրար հասկանալու համար շատ բառեր պետք չեն: Պետք է ընկղմվես հայացքի մեջ, սուզվես ներսը: Ոնց Տերյանն էր գրում. «Ձեռքդ կբռնեմ, ցավդ կըմբռնեմ…»: Բռնես ձեռքն ու զգաս ներսի տիեզերքը. Անէ, անգո, անկյանք, բայց լիքը տիեզերքը:
Պիտի ձեռքդ գցես մտքին ու քեզ անջատելով կիսատությունդ լրացնես մոտ լինելով:
Մենք կիսատ ենք: Մեր ամեն ինչը կիսատ է: Մեր կարդացած գրքերն էլ են կիսատ, մեր նայած ֆիլմերը, մեր թաքուն կամ բացահայտ սերերը: Մեր մտքերը, լսած երգերը: Լրիվության համար պիտի տիրապետես մոտ լինելու արվեստին:
-Էլ մի՛ օգտագործի «երբեք», «միշտ» ու «հավերժ» բառերը: Երբեքը երբեք չի, միշտը միշտ չի, հավերժն էլ հավերժ չի…դրանք էլ են կիսատ,- Գևն էր ասում:
-Կհետևեմ խորհրդիդ: Դու բառերին մի նայի, իմաստին նայի: Հայերը սովոր են բառերից կախվել:
-Ես նախ մարդ եմ. ազգը կապ չունի, իսկ բառերը ստեղծված են իմաստի համար:
-Իրար հասկանալու համար բառեր պետք չեն:
-Որ աչքերիս նայեիր, կարող ա առանց դրանց էլ հասկանայի, չաթում աչքեր չկան:
-Չաթում աչքեր չկան, բայց կա ներշնչանք, կապվածություն՝ իրար քաշող:
-Մենք մո՞տ ենք:
-Ի՞նչ ես կարծում:
-Երևի…
-Ուրեմն մոտ ենք:
-Ինչի՞ մասին գրեմ:
-Մոտ լինելու արվեստի…





-Հիմա գտեք ամեն մեկդ ձեր նմանին:
Առաջին հայացքից բավականին հետաքրքիր ու պատմությունով հարուստ գյուղ էր թվում, բայց… Լրիվ էն «Սուտլիկ որսկանի» պատմությունը հիշեցի, որն ասում էր, թե մի տուն կար, մեջը` երեք պառավ, երկուսը` մեռած, բայց էս դեպքում ես կըսէի` կիսամեռ, մինի բերանում էլ ըսկի շունչ չկար: Տների դռները փակ էին. մեկը փակ էր, որովհետև տան տերերը տեղափոխվել էին, մյուսի տերը հավանաբար իր կովերին էր տարել արածեցնելու, դե իսկ երրորդի տերն էլ երևի էն կիսամեռ տատիկներից մեկն է, ով պառկել է իր խոնավ ու մութ տանը` առանձնանալով ինքն իր հետ…
Հասանք գյուղ, բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք որսալ ամենահետաքրքիր պահերը: