artyom safaryan

Թե ինչու չի բարգավաճում մեր ֆուտբոլը

Գնացել էի, որ իմանամ, թե արդյոք հաղթե՞լ եմ իմ ու շտեմարանի անզիջում պայքարում: Կարճ ասած,  ուզում էի իմանալ` ընդունվե՞լ եմ, թե՞ ոչ: Եվ ահա, անցնում եմ գետնանցումով և, հանկարծ մտքերով տարված` նկատեցի տարօրինակ գրություն. «Save Armenian football»: Լավ է, որ փոխել էի ակնոցս, թե չէ բաց կթողնեի իմ սրտից բխող այդ հիասքանչ գրությունը: Եվ տեսնելով դա` ակամա մտածեցի, թե ինչո՞ւ է մեր ֆուտբոլը գտնվում նման ողբալի վիճակում: Կարծում եմ, որ պատճառը այն վերաբերմունքն է, որը կա ֆուտբոլի նկատմամբ մեր բարձր ատյանների մոտ: Թիմը, որը գտնվում էր հոյակապ մարզավիճակում և կարող էր խաղալ EURO 2012-ում, իրավունք չունի նման խայտառակ ձևով հանդես գալ հետագայում: 

Ես ուզում եմ համեմատել մեր երկիրը համաշխարհային ֆուտբոլային դարբնոց համարվող Եվրոպայի  հետ, որտեղ ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատում են ֆուտբոլի նախկին լեգենդներ: Իսկ մեր մոտ այդ ամենը վստահված է բանից բոլորովին անտեղյակ անձանց, որոնք իրենց սխալ և անմիտ որոշումներով վերացնում են առանց այդ էլ կարմիր գիրք ուղևորվող հայկական ֆուտբոլը, որը հասցրել է իր պատմության ընթացքում ունենալ բազմաթիվ փառահեղ դրվագներ: Հիշենք լեգենդար «Արարատ 73»-ը, որը կարողացավ դառնալ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, իսկ հաջորդ տարի Եվրոպայի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում երևանյան հանդիպման ժամանակ կարողացավ հաղթել գործող չեմպիոն Բավարիային, սակայն, ցավոք, Մյունխենում մերոնք պարտվեցին 2:0 հաշվով, այդ պատճառով էլ երևանյան 1:0 հաշիվը չբավարարեց առաջ շարժվելու համար:

Եվ ահա հիմա, երբ մենք ունենք Եվրոպայի լավագույն փլեյմեյքերներից մեկին՝ Հենրիխ Մխիթարյանին, մենք պարտավոր ենք առավել ուշադիր լինել Ֆոտբոլի նկատմամբ:

Մոտենում է աշխարհի առաջնությունը և կադրային փոփոխությունները չէին խանգարի մեր ֆուտբոլին: Ուզում եմ, որ շատանան աշխատասեր ֆուտբոլիստները, որպեսզի ես էլ իմ թոռների մոտ գլուխ գովեմ, որ տեսել եմ մեր հավաքականի հրաշք սերնդի խաղը:

boris israyelyan

Ամառն ուրիշ է

Առավոտյան արթնացա հեռախոսի ձայնից:

-Ուֆ, էլի էս հեռախոսը… Սերո՞ժ:

-Բորիս, հո քնած չէի՞ր:

-Թողնո՞ւմ ես, որ քնեմ:

-Իջի մեր թաղ` հեծո քշենք, էթանք հուշարձան` ճըռռցնենք: Թաղի երեխեքին արդեն ասել եմ:

-Լավ, դե հիմա կգամ:

-Դե շուտ արա, արի:

Գնացի, որ վերցնեմ հեծանիվս, բայց ակը թողել էր:

-Պապ, ավտոյի բանալիները ո՞ւր են, գնամ նասոսը հանեմ:

-Սեղանին դրած ա, գնա վերցրու:

Վերցրի բանալիներն ու գնացի ավտոտնակ` պոմպի հետևից: Պատրաստվում էի փչել, բայց պոմպի մասերից մեկը պոկվեց:

-Սրան ի՞նչ եղավ:

-Մհեր ձա՜ձ… Մհեր ձա՜ձ…

-Հա, հո բան չի՞ եղել:

-Չէ, նասոս ա պետք, կտա՞ս:

-Բա ո՞նց չեմ տա, մի րոպե սպասի, եկա:

Վերցրի պոմպը, արդեն ուզում էի փչել, Սերոժը զանգեց:

-Ի՞նչ եղար, է, ճա՞շ ես եփում, որ ուշանում ես…

-Չէ, հեծոյիս ակը թողել ա, փչեմ` գամ:

-Դե շուտ, սաղ թաղով սպասում ենք:

Վերջապես փչեցի ու, հայդա, դեպի Սերոժենց թաղ:

Երբ հասա, տեսա թթված դեմքեր:

-Հա լավ, ի՞նչ եք մռութներդ կախել, գնացինք:

Ամբողջ օրը հեծանիվ էինք քշում, առանց մտածելու հաց ու ջրի մասին: Երեկոյան մի կերպ հասա տուն ու այդպես ավարտվեց հիանալի օրերից ևս մեկը:

«Թող լը մե ատ զարգեմ». մեկ օր Վանեվան գյուղում

Գյուղ Գեղարքունիքի մարզում, որտեղ հավի ձուն դա «խավտիք» -ն է,  գոմը՝ «թալվա»-ն,  իսկ աքլորը՝ «ճետ»-ը։
Արևամուտին բարձրանալով տանիս (գոմի տանիք),  կարող ես տեսնել Սևանա լիճը՝ ողողված արևի արնագույն ու ծիրանագույն ջերմ շողերով։

Երբ ծանոթ մարդ տեսնի քեզ, անպայման կասի.

-Գյա, օր էկել ես ըստի,  հորի՞ մեր օջախ չիս էկե։

Հասկացա՞ք, թե ինչ է նշանակում։  Եկեք թարգմանենք միասին:

«Գյա»-ն դա «ախպերն» է,  «օր»-ը՝ որ,  «ըստի»՝ այստեղ, «հորի»՝ ինչու։  Դե, մնացածն էլ, իմ կարծիքով, հասկացաք։
Անցնելով Պավելի մետաղի ջարդոն դարձած տրակտորների ու կոմբա յնների համար վերջին հանգրվան հանդիսացող քանդված շենքի մոտով՝ կհանդիպես Արտիզան կոչվածին, որը իբրև թե փոքր լողավազան է։

Մի փոքր ավելի խորանալով կհանդիպես խիտ ծառերի մեջ գտնվող մի տան,  որտեղ ապրում է մի ծեր պապիկ։ Տեղացիների ասելով,  մե աշխարհ խնձորի ծառ ունի,  բայց «Ոչ մեկի չի տա:  Հըմա կուզեն քյաղեն,  փետ կ’առնի,  գընգի կետև»։

Դե, իսկ վերջում վայելենք գյուղական կյանքի «համն ու հոտը» ֆոտոշարքի միջոցով։

Վարդավառը Այգեհովիտ գյուղում

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում հուլիսի 24-ին նշվեց Վարդավառի տոնը: Այստեղ տոնը նշվում է յուրովի: Տոնի գլխավոր ուտեստը գառան միսն է: Ավանդույթի մասն է կազմում նաև գառան եփված արյունը, որը չուտելը տան տիրոջ համար վիրավորանք է, և նաև փռի մեջ թխված հացը:
Լսելով և ականատես լինելով պարզ դարձավ, որ այս տոնին պատրաստվում են այնպես, ինչպես Ամանորին:
Ամբողջ գյուղը միահամուռ կերպով նշում է տոնը, նրանց են միանում բարեկամները՝ տոնը դարձնելով էլ ավելի հետաքրքրական:

vahe

Շոգից` ցուրտ

Չկա, չկա…  Հիշո՞ւմ եք, ձմռան ցրտերին մի նյութ էի գրել, որտեղ հիշում էի ամառվա տապը ու տաքանում դրանում: Բայց ոնց որ ամեն նորմալ հայ, երբ եկավ ամառը, ես զզվեցի շոգից ու սկսեցի երազել ձմռան պաղ օդի մասին: ի՞նչ ա եղել որ: Հիմա էլ շոգի դեմ սառը հիշողություններով կպայքարենք: Դե, սառը չէ, բայց գոնե ձմեռային:

Այ, հիշում եմ (հա ինձ համար էլ ա տարօրինակ, որ ես ինչ-որ բան եմ կարողանում հիշել), ձմեռային արձակուրդներին էր: Դե, ես ձմեռային արձակուրդներին, որ մեր «սիրելի» Կրթության և գիտության նախարարությունը, էսպես ասած, «շաբաշ» էր տալիս արձակուրդներով: Հա, լուրջ, ես արդեն ամեն շաբաթ ավելի շատ էի սպասում նրանց հայտարարությանը, քան թե տատս իր սերիալներին: Ու էդպես մի փետրվարյան ցուրտ ցերեկ հեռախոսի զանգը «հարամեց» իմ քունը:
-Վահե:
-Հը՞ …
-Հլը տափուկ ե՞ս:
-Հը՞ …
-Լավ, զարթնես` կզանգես:
Ու քանի որ ինձ մազաչափ էլ չհետաքրքրեց, թե ով էր զանգողը, ես ուղղակի ասացի.
-Հը՞ … ,- ու անջատեցի հեռախոսս` այն խցկելով ներքնակիս տակ:

Երկրորդ անգամ արթացա… Ավելի ճիշտ, ես չհասցրեցի քնել: Ներքնակիս տակիս ինչ-որ ձայներ էին գալիս: Շոշափելով գտա հեռախոսս ու դրեցի ականջիս.
-Հը՞…
-Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911-ը լսում է ձեզ:
-Հըըըը՞,- կիսաքնած հարցական տոնով հարցրեցի ես (հա, լավ, համաձայն եմ: Էդքան էլ հարցի նման չի):
-ԱԻՆ 911-ը լսում է ձեզ, ի՞նչ է պատահել:
Մի քանի րոպե դադար, ու ես հասկացա` ինչ ա եղել:
-Ոչ մի բան, բարի լույս ձեզ,- ու անջատեցի հեռախոսը:
Էլի հեռախոսը առանց «լոք» անելու գցել եմ ինչ որ տեղ ու էլի էդ անիծված «экстренный вызов»-ը: Ամեն օր, գրողը տանի, ամեն օր ես զզվեցնում եմ էդ մարդկանց:

Հետո տեսա, որ րոպեներ առաջ Աշոտի հետ էի խոսում (լավ, թող լինի` Աշոտն էր ինձ հետ խոսում, իսկ ես ուղղակի նվվում էի):  Զանգեցի: Խոսակցությունը կարճ տևեց:
-Պարապ, մենակ լռված եմ տունը: Էջի` մե թափ զբաղվեյ:
Հագա վերարկուս, դրեցի գլխարկս ու դուրս եկա: Հետո, երբ մի 4 մետր գնացել էի ձների մեջ, հասկացա, որ չէ, հողաթափերով կես մետրանոց ձյան մեջ հարմար չի:

Հա, լավ, դուք լավ էլ հասկացաք, որ ես ցրվածի պես մոռացել էի ուղղակի: Հետ եկա, լաթերս հանեցի` դուրս եկա: Հետո 3 վայրկյանից նորից հետ գնացի տուն, որովհետև ես լաթերս էի հանել, բայց չէի հագել իմ «սապոգները»:

Չգիտեմ` հրաշք էր, թե ինչ, բայց էդ օրը ես մի կերպ հաջողացրի հասնել Աշոտենց տուն: Դե հո պարապ չե՞նք նստի: Մի բան մտածել է հարկավոր:
-Արա, հել` մի քիչ ձյուն մաքրենք, ձեռի հետ էլ մի բան կմտածենք:
-Հելանք:
Վերցրինք բահերը, սկսեցինք բակի անկյունում գոյացած ձյան թումբը տաշել ու լցնել հարևանի այգին:
-Ես ո՞ւմ այգին ա, բը որ հեսա էկավ` էտ բահեր վռեց կլխների՞ս,- ասում էի ես ու շարունակում ձյունը լցնել հարևանի խաղողի վազերի վրա:
-Մարդ չի մնալ, տաղ եսնամ, վար ջայնամ դարան են:
«Հա, յանըմ, որ տունն ըլեին` պիտի չլցեի՞նք»,- հռետորական հարց պարունակող հայացքներով փոխանակվելուց հետո մենք կանգ առանք:
-Արա, չէ, է… Զահլաս եթում ա. անհետաքրքիր ա մի տեսակ:
-«Դավայ» անցի էն հարևանի բախչեն, ես բահով վերցեմ- տամ քեզ, դու դատարկի էդտեղ…
Թե ինչի համար` ես էլ չգիտեմ: Ուղղակի, էլի: Ուղղակի պարապ ենք: Մի 5 րոպե էլ էդպես «խաղացինք ձյան հետ», ու էլի` «ստոպ»:
-Արա՜…
-Հը՞:
-Արի գիտե՞ս` ոնց անենք,- ու առանց պատասխանի սպասելու,- արի` ես բահով ձյուն վերցնեմ «զաբորի» վրից, քցեմ քեզ` դու օդից բռնի` դատարկի տուր:
-Արա, բայց լավ բան ասիր:
Ու մենք հիացանք: Հիացանք մեր «հանճարեղ» մտքի վրա:
-Ուշադիր, հեսա քցիմ:
Ասացի ու բահը խրելով ձյան կույտի մեջ ու, առանց դադարի, մի շարժումով բահը ձյան հետ նետեցի Աշոտի կողմը: Ճիշտն ասած, հետո ստացվեց, որ Աշոտի կողմը չէ, է, Աշոտի վրա: Հեսա ասեմ` ինչու: Ուրեմն Աշոտը լիովին պատրաստ էր: Լիովին պատրաստ էր, որ բահը իր կոթի կողմով ուր որ է` ցանցի հետևից թռնելով կգա: Բայց պատրաստ չէր, որ բահը իր սուր կողմով ուղիղ իր վրա կգա: Հազիվ հասցրեց մի քայլ հետ գնալ: Թե չէ` բահը դեմքին պիտի հարվածեր: Բայց ախր, ո՞ւր գնա: Մի քայլ հետ: Մյուսն էր տանում, երբ ոտքը խճճվեց մեր կողմից ձյան մեջ թաղված խաղողի արմատներին, ու Աշոտն ընկավ: Բահն էլ սուր կողմով ընկավ Աշոտի ոտքին: Ես էլ ծիծաղից ընկա ձյան կույտի մեջ: Ու մինչ Աշոտը հայհոյում էր մեջքի վրա պառկած ձյան ու ցեխի մեջ, ոտքն էլ վիրավոր , ես դեմքի վրա ընկած ձնակույտի մեջ ծիծաղից մեռնում եմ: Հետո մի կերպ մարմինս բարձրացնում նայում պարսպի վրայից ու նորից ընկնում եմ ծիծաղի նոր նոպաների մեջ:

Ու էդպես Աշոտի ոտքին մնաց էդ սպին: Շալվարին էլ էդ կտրած տեղը մնաց: Ինձ էլ ես հիշողությունը…

mane minasyan -2

Վառածն ավելի համով է

Դեռ փոքր տարիքից սիրել եմ խոհանոցն ու պատրաստելը:

 Ճիշտ է, շատ էի լսում՝ «դուրս արի խոհանոցից», «խանգարում ես», «հերիք ա փչացնես ամեն ինչ» արտահայտությունները, բայց, ինչպես միշտ, ես համառ էի ու շարունակում էի ինձ երևակայել «ընտիր» խոհարար ու անել գործս:

Սկզբում, անկեղծ ասած, շատ էի նեղվում, բայց մի օր, երբ երևի յոթ կամ ութ տարեկան էի, պապիկս ինձ համար բաղադրատոմսերի գիրք բերեց ու ասաց, որ ինձ բան չասեն, որ ես պիտի վառեմ, փչացնեմ ու վերջապես սովորեմ:

Ու ես ամեն երեկո կապում էի գոգնոցս, կանգնում սեղանի մոտ ու կրկնում. «Բարի երեկո, սիրելի՛ հեռուստադիտողներ»: Դե հա, ես միշտ էլ երազել եմ խոհանոցի վերաբերյալ հաղորդում վարել:

Արդեն տասնմեկ տարեկան էի, երբ մերոնք սկսեցին չվախենալ փորձել պատրաստածներս:

Տասներկուսում առաջին տորթս դրեցի ջեռոցը: Առաջին կտորը տատիկս փորձեց, ու երբ ասաց, որ լավ է ստացվել, աշխարհն իմն էր:

Դե, տասներեք տարեկանում արդեն լավ էի պատրաստում, որովհետև փորձողը տասից ինն էր գնահատում: Ուրեմն լավ էր ստացվել:

Հիմա էլ եմ ազատ ժամանակ խոհանոցում լինում, ու մաման, որը մի քանի տարի առաջ ինձ խոհանոցից հանում էր, հիմա ասում է.

-Մա՛ն, մի բան սարքի ուտենք:

Աղջիկնե՛ր, մի՛ վախեցեք վառելուց, վառածն ավելի համով է, իսկ դուք, սիրելի՛ մայրիկներ, մի՛ արգելեք մեզ պատրաստել մեր առաջին «գլուխգործոցները»:

Aspram Parsadanyan

Սահմանին մենք ենք

21-րդ դարում յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ ձգտում է խաղաղության, սակայն միշտ չէ, որ կառավարությունը պատրաստ է լսել ժողովրդի ձայնը: Նույնիսկ այսօր, երբ ազգերը փորձում են հրաժարվել պատերազմներից, և վեճերն ու հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, վայրի ու անգութ թշնամին շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, անկուշտ ու անհագ կառավարությունը խլում է թե՛ իր, թե՛ մեր` խաղաղ բնակիչների կյանքը: Որդեկորույս մայրը նույն մայրն է՝ անկախ ազգությունից. որբ մնացած մանչուկի ցավը ազգություն չի ճանաչում: Յուրաքանչյուր ոք ձգտում է խաղաղության, սակայն հայ ժողովրդին բախտ չի վիճակվել խաղաղ ապրել իր փոքրիկ հողակտորի վրա: Ինչպե՞ս կարող ենք հարևանի հետ խոսել ժողովրդավարության մասին, երբ դեռ նրա երակներում անհագ գիշատչի արյունն է հոսում: Ինչպե՞ս փոխել մարդկանց կարծիքը, թե խաղաղության տանող միակ ճանապարհը պատերազմն է, եթե նրանց մեջ  խոսում է  պապերից ժառանգած վրեժը: Ինչպե՞ս հավատալ խաղաղությանը, երբ ամեն առավոտ արթնանում ես կրակոցի ձայնից, այլ ոչ աքաղաղի, երբ ամեն գիշեր անուշ հեքիաթին փոխարինում են ահազդու ձայները: Ինչպե՞ս երազել բարեկամության մասին, երբ բարեկամդ զոհն է դառնում մահաբեր արկի…

Յուրաքանչյուր ձայն հոգուդ մեջ արթնացնում է թե՛ հայրենասիրություն, թե՛ վաղաժամ մահվան վախ: Այդուհանդերձ, անընկճելի և ամենակարող հայ ենք, որի վերացումը ծրագրված էր հարյուրամյակներ առաջ, սակայն այսօր կամ ես, կաս դու. դա փաստն է այն բանի, որ կրկին ու կրկին ծրագիրը տապալված է: Միայն պետք է հասկանալ, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Հանգիստ եղեք, սիրելինե՛րս, չէ՞ որ սահմանին մենք ենք:

նինա շահմուրադյան

Անընդհատ բարձրանալ

Երբևէ փորձե՞լ եք որևէ շենքի տանիք բարձրանալ:

Հարցս գուցե փոքր-ինչ տարօրինակ հնչեց… Լավ, փորձեմ այլ կերպ ձևակերպել:

Դուք սիրո՞ւմ եք բարձրությունը: Ես, օրինակ, շա՜տ եմ սիրում, և միայն  առիթ է պետք, որ ինչ որ  տեղ բարձրանամ:

Բայց հիմա այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել: Պարզապես ուզում եմ իմանալ, վախենո՞ւմ եք բարձրությունից, թե ոչ: Պատասխանեք ինքներդ ձե′զ:  Վստահ եմ,  որ ընթերցողների 50%-ը կասի` այ′ո,  10%-ը   չի կողմնորոշվի, իսկ մնացածները`մոտ  40%-ը  կպատասխանի, որ սիրում է:

Ինչևէ, հիմա հանգիստ թողնենք մաթեմատիկան ու փորձենք հասկանալ այն  50%-ին:

Իրականում դուք ոչ թե բարձրությունից  եք վախենում , այլ ընկնելուց:

Իսկ երբևէ  զգացե՞լ եք վերևից  ներքև նայելու հաճույքը… Ես զգացել եմ, ու թեկուզ վախենալով` փորձել եմ: Դուք էլ հաղթահարեք վախն ու փորձեք: Համոզված եմ, չե′ք զղջա:

Միայն այդ պահին  կզգաք, թե որքան ազատ եք, ու թե ինչպես է ամեն   թեթև քամուց տրոփում ձեր սիրտը: Կնայեք փողոցում քայլող մարդկանց ու կհասկանաք , որ բարձր եք, շա~տ բարձր:

Կհասկանաք, որ դուք եք ձեր տերը, ու նայելով վեր` կապրեք ավելի վեր բարձրանալու գերագույն  հաճույքը:

Բարձրությունը նման է կյանքին: Փողոցում քայլող մարդիկ քո խնդիրներն են: Եթե ընկնես՝ կջախջախվես: Բայց, եթե գտնես աստիճաններն ու էլի բարձրանաս` քեզ ավելի ուժեղ, հզոր կզգաս: Ճիշտ է, որքան  բարձրանաս, ընկնելու վտանգն ավելի կմեծանա, ու ընկնելուց հետո ցավն ավելի ուժգին կլինի: Բայց շարունակ մնալ ներքևում ու չտեսնել այն գեղեցկությունը, որը միայն վերևից է տեսանելի,  չտեսնել հեռուները, չերազել այնտեղ հասնելու մասին…

Ես չեմ ուզում անդադար ներքևում լինել, այնտեղ, ուր միշտ ապահով է: Ես պատրաստվում եմ միշտ բարձրանալ: Ձեզ էլ նույն  խորհուրդն եմ տալիս…

Բարձրանա~լ, բարձրանա~լ… Բարձրանալ անդադա′ր…

seryoja arakelyan

Սարվորները

Գնացինք սար` Վարդավառի: Երևի բոլորը մտածում են` ի՞նչ կապ ունի, թե որտեղ են նշում Վարդավառը՝ կարևորը նշենք: Բայց ասեմ, որ միջավայրը նույնպես մեծ նշանակություն ունի: Միշտ քննարկման թեմա է եղել գյուղի ու քաղաքի միջև տարբերությունը, թե որտեղ է ավելի հաճելի ժամանակը անցնում: Բնականաբար պարզ է, որ գյուղում ավելի հաճելի է անցնում ժամանակը, որովհետև չկա աղմուկ և անտանելի շոգ: Բայց ասեմ, որ գյուղից ավելի հաճելի վայր կա, որը կոչվում է սար: Այստեղ չկա թեկուզ այդ չնչին տրանսպորտը, որը գյուղերում է: Չկա էլեկտրականություն, ինտերնետ և անգամ կապ` հեռախոսով խոսելու համար: Այդ իսկ պատճառով սար գնալուց մի քանի օր առաջ, բարեկամներին կամ ծանոթներին տեղեկացնում են, որ չզանգահարեն և չանհանգստանան, սարում ենք լինելու: Միակ տեղեկատվական աղբյուրը դա ռադիոն է, որը պարտադիր իր է յուրաքանչյուր սարվորի տնակում: Փոխարենը կա թռչունների գեղեցիկ ձայներ, մաքուր օդ և երեկոյան լռության մեջ լսվող քամու և ծառերի բախման աղմուկ: Ճիշտ է, գյուղից 35կմ հեռավորության վրա է գտնվում, անցնում ենք երկա~ր ճանապարհ,բայց արժե՝ իսկապես, որ արժե: 

Դըբա լավը

Ուզեմ թե չուզեմ՝ ամառ է: Հա, ես ամառը չեմ սիրում, բայց խոսքը մեր մեջ՝ էս մեկին սպասում էի: Թարսի պես հուլիսից սկսվեց, դե գիտեք՝ քննություն, բան…

Գյուղի ճանապարհը երկար է կամ էլ երկար չէ, չգիտեմ: Մեկ, երկու, երեք թե՞ չորս: Հա, չորս ժամ: Չորս ժամը քիչ բան չէ, բայց նաեւ հակադարձ համեմատական է սպասմանը: Էդպես է, չէ՞, կարոտը կրճատում է հեռավորությունը, երբ գիտես, որ մի ամբողջ փողոց էնտեղ քո գալուն է սպասում:

Երեւանից Ապարան, Ապարանից Սպիտակ, Սպիտակից Վանաձոր, Վանաձորից… Այ էստեղ սկսվում են էն սարսափելի խաչմերուկները, որոնք ամեն ինչ անում են քո սրտխառնոցն ու գլխապտույտը ապահովելու համար, եւ ոչ կարողանում ես կարգին զրուցել, ոչ էլ պատուհանից դուրս նայել, իսկ էնտեղ չքնաղ Լոռին է, որը միշտ գրկաբաց ընդունում է քեզ:

Մեր գյուղը Թեղուտն է, էն նույն Թեղուտը, որի մասին անվերջ խոսակցություններ են շրջանառվում: Պղնձամոլիբդենային հանքապաշարներով Քաջարանից հետո երկրորդն է Հայաստանում, իսկ շահագործման արդյունքում առաջացած վնասներով… Այ, դա չգիտեմ, բայց որ վնասները քիչ չեն, հաստատ է:

-Բա, ափսոս չե՞ն մեր սարերը, ձորերը:

-Ոնց որ վերքեր բացեն բնության սրտում:

Իրականում դրանք վերքեր են մարդկանց սրտում, հենց գյուղացու սրտում, ով հերիք չէ՝ տեսնում է ամբողջն իր աչքերով, դեռ մի բան էլ ապրում է դրա մեջ՝ վնասելով իր իսկ առողջությունը, իսկ սա արդեն կատակ բան չէ:

Այս անգամ գյուղի ճանապարհը մի քիչ երկարեց, ավելի ճիշտ կլինի ասել՝ երկարեցրինք: Մտանք Օձուն, Օձունի եկեղեցի, հետո նաեւ՝ Ախթալա՝ Ս. Մարիամ Աստվածածին: Իսկ կեսօրին արդեն գյուղում էինք: Աչքերս լայն բացած մեքենայի պատուհանից նայում էի հավաքվածներին, ովքեր լայն ժպիտներով կանգնել ու սպասում էին, որ իջնեինք մեքենայից, որ գրկեին մեզ, մի քանի բառ խոսեին: Մի քանի բառ՝ միայն սկզբի համար, մնացածը՝ սեղանի շուրջ, իսկ էդ սեղանը ամեն տեղ լայն բացված սպասում է իր հյուրերին:

Թեղուտում եւ ընդհանրապես Լոռու որոշ հատվածներում Վարդավառը ավելի ուշ են տոնում, մենք էլ, առիթից օգտվելով, միշտ Վարդավառին ենք գնում: Տոնի առթիվ բոլոր տներում գառ են մորթում, նազուկ ու ագդակ են թխում, իրար ջրում ու մի լավ ուրախանում:

-Նրա հըմար, որ միշտ իրուր հետ ական ըլնինք ստոլի չորս կուռը:

Սա սովորական կենաց է, որ խմվում է նրա համար, որ իրար հետ միշտ հավաքվենք սեղանի շուրջ, որ անկախ ժամանակից ու հեռավորությունից միշտ սիրով լինենք ու հիշենք իրար:

-Իբր եկաք, արդեն գնո՞ւմ եք:

Ամեն անգամ լսում եմ էս խոսքերը ու տխրում, որովհետեւ ամեն անգամ էլ շուտ ենք վերադառնում աշխատանքի, զբաղվածության պատճառով: Բայց էս անգամ տխրությունս կարճ տեւեց, որովհետեւ առիթը բաց չթողեցի եւ հասնելով Վանաձոր՝ հանդիպեցի նաեւ ընկերներիցս մեկին՝ Անահիտին, իսկ դա արդեն մեծ տոն էր մեզ համար… Կարոտի մի տեսակ կա, որ ձգվում է քաղաքից քաղաք, ու քեզ մշտական սպասման մեջ պահում, այդ նույն սպասումն է անմնացորդ երկարում քո եւ քո միջեւ, քո եւ նամակընկերիդ՝ խոստանալով անեզր հեռվության կրճատում, մի հանդիպում, գրկախառնություն, զրույց կամ էլ…

-Էս էլ մեր դըբա լավը: