***
Ճամբարի երկրորդ օրն ինձ տվեց շատ գիտելիքներ լրագրության և լուսանկարչության ոլորտում ու նաև լավ, հետաքրքիր մտածելակերպով ընկերներ:
Էլյանորա Բալյան
***
Ճամբարի երկրորդ օրն ավելի քան հագեցած էր: Նախ հյուրընկալեցինք օպերատոր Դավիթ Թորոսյանին, ով կարևոր գիտելիքներ փոխանցեց օպերատորության և ռեժիսուրայի ոլորտներից: Օրվա երկրորդ կեսը ավելի հագեցած էր, քանի որ գնացինք ֆոտոարշավի Արզական գյուղ: Գյուղացիների լավ վերաբերմունքի շնորհիվ ստացանք լավ ֆոտոներ: Իսկ երեկոյան շատ հաճելի էր քննարկումը, ամփոփում էինք մեր «հետախուզական աշխատանքի» արդյունքները, առաջարկվող ֆիլմերի գաղափարներից ընտրում լավագույնները:
Անուշ Հովհաննիսյան
***
Ճամբարի թե՛ առաջին, թե՛ եկրորդ օրերի ընթացքում ծանոթացա նոր մասնակիցների հետ, նաև նախկին ծանոթներիս հետ էլ ավելի մտերմացա: Բացի այդ վարպետության դասն ու Մանանա թիմի հետ դասընթացները տվեցին էլ ավելի խորը գիտելիքներ մեդիա ոլորտից: Նաև հստակ որոշեցինք, թե ինչ ֆիլմեր պիտի նկարենք, բաժանվեցինք խմբերի և վաղվանից կանցնենք աշխատանքի:
Ավետիսյան Անի
***
Մեդիա ճամբարի երկրորդ օրը ինձ տվեց գիտելիքներ հարցազրույցի ոլորտում՝ սովորեցի հարցաշար կազմել, հարցազրույց վարել: Ամենատպավորիչն այն էր, որ այսօր մեր պատանի թղթակիցներից մեկի՝ Վահեի ծնունդն էր, և մենք նրա ծննդյան առթիվ մի գեղեցիկ տեսահոլովակ նկարեցինք:
Ժորա Պետրոսյան
***
Ճամբարի երկրորդ օրը նոր գիտելիքներ տվեց օպերատորության հետ կապված, խորացրեցինք մեր գիտելիքները լրագրության ոլորտում: Արզական գյուղում ֆոտոարշավի ժամանակ ոչ միայն լուսանկարներ ենք արել, այլև հարցազրույցներ արզականցիների հետ:
Անուշ Մկրտչյան
***
Առավոտյան մեզ մոտ վարպետության դաս էր, որի սկզբում մի քիչ ձանձրանում էի, որովհետև որոշ գիտելիքներ արդեն ունեի, բայց երբ սկսեցինք խորանալ, դասը հետաքրքիր դարձավ: Ես ինքս էլ մի քանի կադր նկարեցի, գործնական գիտելիքներ ձեռք բերեցի: Դասախոսությունից հետո գնացինք Արզական գյուղ: Այնտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին: Բաժանվեցինք թիմերի ու շարժվեցին տարբեր ուղղություններով: Ծանոթացանք գյուղի դարբնի հետ և նրա մասին նյութ ենք գրում, նաև երեկոյան առաջարկեցինք ֆիլմ նկարել դարբին Արտակի մասին:
Նարեկ Բաբայան
***
Ճամբարի երկրորդ օրը մեզ այցի եկավ Սլավոնական համալսարանի դասախոս, փորձառու օպերատոր Դավիթ Թորոսյանը, որպեսզի մեզ փոխանցի իր գիտելիքներն ու հմտությունները: Շատ նոր բաներ սովորեցի ու հուսով եմ, որ օր-օրի դասընթացներն ավելի կհետաքրքրանան:
Դավիթ Ալեքսանյան
***
Այսօր ձեռք բերեցի նոր գիտելիքներ ժուռնալիստիկայի ժանրերի վերաբերյալ, ծանոթացա հարցազրույց վարելու ամենակարևոր սկզբունքներին: Շատ շնորհակալ եմ «Մանանա» թիմին մեր գիտելիքները զարգացնելու գործում ջանք չխնայելու համար:
Մարինե Ղահրամանյան
***
Օրակարգին ծանոթանալուց հետո հասկացա, որ ճամբարի երկրորդ օրվա ընթացքում ավելի շատ հմտություններ ձեռք կբերենք կինոյի ոլորտից: Այսօր մեզ հետ աշխատեց օպերատոր Դավիթ Թորոսյանը: Նա ծանոթացրեց մասնագիտության նրբություններին: Շատ ճիշտ խորհուրդներ ստացանք, որոնք կօգտագործենք վավերագրական ֆիլմեր նկարելիս:
Կարինե Նահապետյան
***
Ճամբարի երկրորդ օրը ֆիլմ եմ նկարել Աղվերանի հանգստյան գոտում ապրող մի աղջկա` Նուշիկի մասին, ով խնամում է իր ձիուն, զբաղվում ձիավարությամբ: Ֆիլմի մասին շատ չեմ ուզում պատմել, որովհետև շուտով կսկսենք մոնտաժել և կտեղադրենք կայքում` կտեսնեք:
Սերյոժա Բաբոյան
***
Ինձ ամենաշատը դուր եկավ ֆոտոարշավը Արզական գյուղ: Շատ հաճելի է, որ շփվում ենք նոր մարդկանց հետ, դրա շնորհիվ հարստացնում ենք մեր ներաշխարհը և մեզնից ինչ-որ բան տալիս զրուցակցին: Լի՜քը դրական էներգիա ստացա, իսկ ամենաանմոռանալին նոր ծանոթներ ձեռք բերելն էր: Այսպիսի արշավները օգնում են մեզ նախ` համարձակ լինել, շփվել անծանոթ մարդկանց հետ, կարճ ժամանակում հարցազրույցներ ու ֆոտոռեպորտաժներ անել:
Չափազանց հաճելի է, երբ այն ամենը, ինչից խոսել ենք, տեսնում ենք վարպետության դասերի ու գործնական պարապմունքների ժամանակ: Այսօր նաև ֆիլմերի գաղափարներ քննարկեցինք, և շատ ուրախ եմ, որ իմ ու Գայանեի գաղափարն ընտրվեց, շուտով այն կնկարենք:
Արման Արշակ-Շահբազյան
***
Ինձ համար շատ կարևոր էր գործնական գիտելիքներ ստանալը, երբ փորձառու մասնագետները կիսվում են իրենց գիտելիքներով: Օպերատորությունն ինձ համար լրիվ այլ աշխարհ է: Վարպետության դասընթացի շնորհիվ շատ նոր բաներ իմացա, որոնք հետագայում անպայման կօգտագործեմ: Շատ կարևոր էր նաև ֆիլմի գաղափարների քննարկումը, քանի որ այդ քննարկումների ընթացքում նոր գաղափարներ են ծնվում:
Գայանե Ավագյան
***
Ճամբարի երկրորդ օրն ավելի հետաքրքիր ու հագեցած էր: Շատ գիտելիքներ ձեռք բերեցի օպերատրության ոլորտից: Մինչ այդ ընդհանրապես գաղափար չունեի դրա մասին: Կարևոր էր նաև, որ ծանոթացա այն թղթակիցների հետ, ում գիտեի միայն 17.am-ից, բայց չէի ճանաչում:
Նանե Եղիազարյան
***
Ես շատ ճամբարների եմ մասնակցել, յուրաքանչյուր ճամբար իր առանձնահատկություններն ունի: Այստեղ երկու օրվա ընթացքում շատ նոր ընկերներ ձեռք բերեցի: Ֆոտոարշավի ժամանակ ծանոթացանք Արզականի բնակիչ Ֆրունզիկ պապիկի հետ, ում մասին գուցե ֆիլմ նկարենք: Ամեն օրը մի նոր դաս է: Տաթև Աղազարյան
Այս օրն առաջինից ավելի լավ անցավ, քանի որ առաջին օրը այդքան էլ չշփվեցի երեխեքի հետ, իսկ այս օրվա ընթացքում ընկերություն եմ արել գրեթե բոլորի հետ: Ֆոտոարշավից մեծ տպավորություններ մնացին: Ֆոտոարշավի ժամանակ նաև բացահայտեցի որոշ արհեստների մի շարք հետաքրքիր գաղտնիքներ:
Խաչիկ Բունիաթյան
***
Մեդիա ճամբարի երկրորդ օրն ինձ շատ նոր բաներ սովորեցրեց: Ձեռք եմ բերել շատ ընկերներ դեռ առաջին օրվանից: Մեկ գիշերը բավարար էր, որ մենք մտերմանանք իսկ այսօր այնքան ջերմ ենք միմյանց հանդեպ, կարծես հարազատներ լինենք: Ճամբարն ինձ պարգևեց աշխարհում ամենակարևոր բանը՝ լավ ընկերներ: Այսօրվա վարպետության դասին Դավիթ Թորոսյանը մեզ շատ կարևոր գիտելիքներ տվեց, որոնք, վստահ եմ, ինձ կօգնեն թե՛ ճամբարի ընթացքում, թե՛ դրանից հետո:
Լյուբա Շառոյան
Զրույցը գրի առան` Աստղիկ Քեշիշյանը և Սերինե Հարությունյանը
Այսօր անցկացրինք ֆոտոարշավ դեպի Արզական գյուղ: Մտածում էի, որ հետաքրքիր բաներ չեն լինի, բայց ենթադրություններս սխալ էին: Գյուղում քիչ շրջելուց հետո հանդիպեցինք շատ հետաքրքիր և հյուրընկալ մարդկանց, ովքեր մեծ հաճույքով պատմում էին հետաքրքրաշարժ մարդկանց մասին: Առաջին մարդն, ում այցելեցինք դարբին Արտակն էր, որը արդեն 25 տարի անընդմեջ աշխատում և զարգացնում է իր կարողությունները դարբնություն արհեստի մեջ: Դարբին Արտակի գործերը ոչ միայն ունեն պահանջարկ մեր տեղական շուկայում, նաև հաճախ արտերկրյա պատվերներ է ունենում: Չնայած երկար տարիների աշխատանքին՝ նա պատասխանեց, որ երբեք չի հոգնի իր աշխատանքից:
Հետաքրքիր զրույցից հետո գյուղացիները մեզ ուղեկցեցին մի տուն, որը ես նմանացրի թանգարանի: Տանտիրոջ անունը՝ Վալես էր և հենց նա էր այդ գեղեցկության վարպետը: Աննկարագրելի գեղեցկություն ունեցող այդ տունը երկար տարիների ընթացքում է դարձել այդպես գեղեցիկ: Տունն ամբողջովին պատված էր խճանկարներով: Չեք հավատա, բայց նույնիսկ տան ներսում էր ամբողջովին խճանկար: Նա նաև հին իրերի և կենդանիների սիրահար էր: Հմայված այդ գեղեցկությամբ՝ հետաքրքրաշատ օրը շարունակեցինք ճամբարում: Օրեցօր մտերմանալով իմ նոր ընկերների հետ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կանցնեն այս օրերը և ինչպես կբաժանվենք իրարից: Ամեն ինչ անցնում է ուրախ և հետաքրքիր մթնոլորտում, և հենց դրա շնորհիվ է, որ չենք ձանձրանում, իսկ օրվա վերջում ուժասպառ երանելի քուն ենք մտնում: Մեզ սպասվում են դեռ բազմաթիվ հետաքրքիր արշավներ և ֆիլմերի նկարահանումներ:
Կենտրոնի դասընթացավարները, մենթորները և կամավորները կօգնեն նրանց գործնականորեն կիրառել իրենց արդեն իսկ ունեցած հմտությունները՝ պատրաստելու ֆիլմեր, լուսանկարելու և նյութեր գրելու: Իրենց փորձով և գործնական խորհուրդներով վարպետության դասեր կվարեն «Մանանա» կենտրոնի կողմից հրավիրված ոլորտի լավագույն լրագրողներ, կինոռեժիսորներ և ֆոտոլրագրողներ:
Հիմա ամառ է: Մեր թղթակիցներն ունեն շատ ժամանակ և լիքը-լիքը գաղափարներ: Մեդիա ճամբարը հրաշալի հնարավորություն է դրանք իրագործելու համար:
Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են ստեղծվում մեր նյութերը, ֆիլմերն ու լուսանկարները, ովքեր են մեր թղթակիցները, ինչ են ուզում պատմել ձեզ իրենց նյութերով, ֆիլմերով և ֆոտոպատմություններով, ովքեր են վարպետության դասեր անցկացնելու մեզ համար, ապա հետևեք մեր աղվերանյան մեդիա ճամբարի օրագրին. գուցե հենց այս օրերի ընթացքում կնկարահանենք ձեր ամենասիրելի ֆիլմը, լուսանկարը կամ կգրվի ….



Ու էլի սկսվեց ֆիլմի գաղափարներ առաջարկելը… Բայց, դե ինչ, վերջում գաղափարներից մնացին քչերը ու գլխիվայր փոփոխված: Հրազդանի թղթակցի առաջարկը սկզբում թատրոնի շենքի մասին էր, որը վերափոխվեց մշակույթի տան գաղափարին և վերջում հանգեցինք հազվագյուտ և ինքնատիպ ոճով նկարչի մասին ֆիլմին:
Հետո Չարենցավան, ու բոլորը վստահ սպասում էին, որ հրաշալի գաղափարներ ենք լսելու, ու ասեմ, որ այդպես էլ եղավ: Իմացանք Գյումուշի եկեղեցու մասին: Գյուղացիները, չիմանալով, որ եկեղեցին հին և կարևոր կոթող է, իրենց կարեցածի չափով նորոգել էին այն: Հա, ի դեպ, էս եկեղեցու պատմությունը լսելիս ես ակամա ցանկացա այցելել այն:

Մեդիա ճամբարի ընթացքում ավելի կզարգացնեմ գիտելիքներս, և խթան կառաջանա, որպեսզի ուսումս շարունակեմ բուհում, ուր ընդունվելու եմ հաջորդ տարի:
Ամառային դպրոցից վերադառնալու ճանապարհին էի, երբ իմացա, որ մասնակցելու եմ մեդիա ճամբարին: Հենց իմացա այդ նորությունը, երթուղայինի մեջ սկսեցի ցատկոտել: Ես ավելի շատ նախընտրում եմ լուսանկարչությունը, քանի որ դա իմ երկրորդ մասնագիտությունն է: Մեդիա ճամբարից ակնկալում եմ, որ հոդվածներս կլինեն ավելի արդիական և ընթերցողների շրջանը կընդլայնվի: