ani avetisyan portret

Դասը վարում է ոստիկանը

Այսօր յուրահատուկ օր էր մեր դպրոցի և հատկապես մեզ՝ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի աշակերտներիս համար: Ավագ դասարաններում դասը վարում էր ոստիկանը: 

Հանրակրթական դպրոցներում անցկացվող այդ ծրագրի մասին շատ էի լսել, բայց մեր դպրոցում այն առաջին անգամն էր: Ճիշտ է, անչափահասների տեսուչի հետ հանդիպումներ երբեմն լինում են, երբ  զրուցում ենք մեր իրավունքների ու պարտականությունների  և այլնի մասին, բայց այս անգամ խոսակցության նյութն ավելի լայն էր, ընդգրկուն: Խոսում էինք մեզ հուզուղ թեմաների մասին, տալիս հարցեր, որոնք վերաբերվում էին ինչպես օրենքներին ու իրավական ակտերին, այնպես էլ ոստիկանական, իրավաբանական կրթության, դրանց նրբությունների ու հետաքրքիր կողմերի մասին, մի խոսքով՝ խոսում էինք ամեն ինչից, իսկ ամենակարևորն այն էր, որ մեր զրույցը չուներ ոստիկան-քաղաքացի բնույթ: Զրույցն ընկերական էր, անմիջական, ինչի արդյունքում հանգիստ կարողանում էինք տալ մեզ հուզող ցանկացած հարց ու ստանալ պատասխան՝ գործի գիտակից:

Ճիշտ է, երբ ասում են, որ ոստիակնի դերը մեծ է հանրակրթական դպրոցներում, հատկապես երբ ոստիկանը աշակերտի ավագ ընկերն ու խորհրդատուն է լինում, էլ ավելի կարևոր աշակերտների կյանքում՝ իրավական նորմերին, ՀՀ օրենքներին, դրանց առավելություններին ու թերություններին ծանոթացնելու և, հետևաբար՝ որպես պատրաստի քաղաքացիական անձ նոր կյանք մուտք գործելու համար:

Ուրախալի է, որ այսօր աշակերտի կողքին են ու նրան ճիշտ ճանապարհի վրա դնելու համար դպրոցների հետ համագործակցում են ոստիկանն ու հոգևորականը, միաժամանակ նաև ավելի հետաքրքրացնելով աշակերտական կյանքը:

anahit ghazaxecyan lori

Կարճալիք սեր

Դե, երկու ժամ հո պարապ չե՞մ նստելու. Վանաձոր-Երևան ուղևորափոխադրիչի մեջ մեկ էլ հանկարծ ու սիրահարվում եմ: Դե, էդքան էլ հանկարծ չի, ուղղակի մեկ-մեկ վարորդը Ազնավուր կամ Քուին է լսում, մեկ-մեկ էլ ականջակալներումդ Բրելն է փսփսում, ու հնար չկա: Իմ սիրած նստարանին նստում եմ, մինչև աչքս, ը՜մ, չէ, սիրտս՝ մեկի ընկնելը: Մեկի ձայնը շնչակտուր վազում է ինչ-որ երգչի լացկան տողերի վրայով, ու ուղեղիս չգիտեմ՝ որ կետում, ուղիղ երկու ժամ աշխատում ՝ ձայնին համապատասխան դիմագիծ գծել: Ես լավ նկարիչ չեմ, դրա համար էլ ոտքերիս դրած շարֆը հանկարծ գետնին չեմ գցում ՝ շրջվելու ու դիմագիծը ճիշտ ընկալելու համար: Սուսուփուս բավարարվում եմ ականջիս հասած մի երկու բառով: 

Ես սիրահարված եմ Վանաձոր-Երևան երթուղայինին, սիրահարված եմ մարդկանց լռությանը, կանաչադեղնավուն աչքերին ու ամեն րոպե ընդհատվող Բրելի ձայնին:

Սիրուն են ճանապարհները, շատ են սիրուն, բայց ամենալավն էն է, որ չես հասցնում պատուհանից նայել:

Էդ օրը կարճալիք, կարճլիկ մի բան մարդկանց շրջանցելով մի կերպ անցավ (ինձ թվաց՝ իմ կողքով էլ կանցնի) ու կանգնեց-մնաց: Մտքումս ասում եմ . «Հը՜ն, ուրիշ բան չունե՞ս անելու», ականջակալներիս միջից միանգամից հասնում է .”Why, she? Had to go I don’t know, she wouldn’t say”…

Պսպղուն աչքերը նորից թաքուն նայում են, ու էս անգամ փորձում եմ մի անգամ ի պատասխան նայել: Լավ, մի անգամ, ի՞նչ կլինի որ: Սպասում եմ: Ու միանգամից հայացքս հայտնվում է բիբերի մեջ: Ես զգում եմ այտերիս կարմիր կտրելը: Հետո կամաց-կամաց ուզում եմ ճանապարհը ձգվի, երկարի, Վանաձոր-Երևան գնալը երկու ժամվա փոխարեն դառնա չորս, հետո ավելի, հետո` էլի:

Ես սիրուց բուժվող տեսակ եմ, մեկ-մեկ սիրելս  ամենաշատը կես ժամ է տևում (կներե՞ն ինձ մարդիկ, որ կեսժամանոց զգացածս սեր եմ անվանում, հետն էլ` երթուղայինում), հետո մեկ-մեկ կհիշեմ… Մեկ-մեկ…

Հեռախոսիս ձայնից վեր եմ թռչում, միտքս չեմ ավարտում, մեկ էլ դեղնավուն աչքերը պսպղոցով դեպի ինձ են շրջվում ու կտրուկ (երևի արագ էր ասում, որ չկմկմա) ասում.

-Սթինգ եք լսում, հա՞:

-Սթինգ, հըմ, դե որ ասեմ` շատ, էդքան էլ չէ, բայց զանգիս երգը ամենաշատն եմ սիրում, ամբողջ օրը կլսեմ: Երևի:

Ես ժպտում եմ, ուզում եմ թաքուն ժպտամ, որովհետև չգիտեմ ՝ ինչի եմ ժպտում, որովհետև չեմ ուզում ժպտալ: Բայց չի շրջվում: Հայացքը ինչ-որ մեկը վերցրել, սոսնձել է դեպի իմ կողմը:

«Այ, իսկ եթե տեղս ուրիշը լիներ, էլի էսպես նայելո՞ւ էր: Չէէ,  լավ չէ, հիմար բաներ եմ մտածում»:

-Կներես, իսկ ո՞ր երգն էր: Ինչ-որ տեղը չբերեցի:

(Դու-ով անծանոթի հետ խոսո՞ւմ են բայց):

-You love her, but she loves someone else:

Վերնագիրը, իրականում, “I love her..”-ով է, ես տողերից մեկն ասացի, չէ-չէ, դիտմամբ չասացի, բայց ինքը անակնկալի եկավ: Մի տեսակ փոխվեց ինչ-որ բան: Ես չգիտեմ, հաստատ չգիտեմ ՝ ինչու շարունակեցի.

-Հրաշք բան ա, մեկ էլ “Untill”-ը կլսեք:

Երևի հատուկ օգտագործածս հոգնակի թիվը ականջը ծակեց, ու ինչ-որ բան ասաց շատ կամաց, բան չհասկացա:

-Կներեք, ի՞նչ:

-Արամ: Ես Արամն եմ:

Արամ: Գիտե՞ս, երկար, շատ երկար եմ մտածել՝ մարդիկ հանկարծ, զուտ կյանքի ընթացքի հետ նույն ճանապարհի՞ն են ընկնում, նույն ժամին, նույն տեղը հանդիպում, թե՞ ինչ-որ մեկը կա, որ էսպես ձեռքներից բռնում, իրար մոտ կանգնեցնում է, հետո անփույթ ասում.

-Մնացածն էլ ձեր գործն է՝  ոնց ուզում եք:

Էլ բան չի ասում, թողնում սուսուփուս հեռանում է: Հավատո՞ւմ ես, Արա՛մ, կա՞ր էդպիսի բան: Քեզ ինչ-որ մեկը ստիպե՞ց Սթինգի մասին հարցնել: Իսկ ի՞նձ… Ինչ-որ մեկը շնչիս կանգնե՞լ էր ՝ աչքերս մի անգամ բարձրացնելու համար:

Ես ճակատագրին չեմ հավատում, բայց չեմ էլ ուզում գիտակցել մեր պատահական հանդիպումը:

Այ, էդպես չէի ուզում գիտակցել կանգառը: Կանգառը եթե իմանա ՝ ինչքան մարդկանց է բաժանել (էլ չեմ խոսում հավեժ բաժանման մասին), երևի գլուխն առնի, փախչի: Բայց հեռանալու տեղ պիտի լինի ամեն դեպքում, չէ՞: Հեռանալը տեղ պիտի ունենա, հեռացումն էլ պիտի լինի, որ ընկալենք հանդիպում:

Ճանապարհին հասցնում եմ ասել, որ Եսենինին եմ շատ սիրում ու մի օր կասմունքեմ: Ճանապարհին ամեն բան պտտվում էր անորոշ «մի օր»-ի շուրջը:

Կարճալիք ինչ-որ բան մեջիցս դուրս չի գալիս: Երկար-երկար ժամանակ է ստվերի պես քայլում է հետս, ամեն օր սպասում ինչ-որ մեկին, որից պոկվել, բայց չբաժանվելով կարվել է ինձ, ու հիմա լողում է մեր միջև… Կարճալիք այդ բանին ի՞նչ են անվանում, մարդիկ… Ի՞նչ… Մի՞թե… Սե՞ր…

anahit israyelyan

Դեղին ոսկին սև օրվա համար է

Ապրիլի  տասներկուսն էր, դասերս էի սովորում, շտապում էի. կես ժամից պարապմունքի էի: Հեռախոսիս զանգ եկավ, Կենտրոնական բանկից էին զանգահարում: Սկզբում չհասկացա` ի՞նչ գործ կարող եմ ես ունենալ բանկերի հետ, իսկ երբ ասացին, որ «Իմ ֆինանսների ամիս 2016» միջոցառման շրջանակում անցկացվող պատմվածքի մրցույթում հատուկ մրցանակի եմ արժանացել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից, արդեն յոթերորդ երկնքում էի: Ուրախությունից էլ չէի լսում, թե ինչ են ասում ինձ: Ի դեպ, ասեմ, որ արդեն երրորդ տարին է` Կենտրոնական բանկը ապրիլ ամիսը հայտարարում է ֆինանսների ամիս, և այդ ամսվա ընթացքում այլ միջոցառումների հետ մեկտեղ անցկացվում է նաև պատմվածքի մրցույթ: Այս տարի էլ «Իմ ֆինանսական պատմությունը» թեմայով պատմվածքի մրցույթում հատուկ մրցանակի արժանացա: Ահա և իմ պատմությունը.               

Դեղին ոսկին սև օրվա համար է

Աշոտն ու Վահեն մանկության ընկերներ են: Նույն գյուղից են, սովորել են նույն դասարանում: Երկուսն էլ գերազանց առաջադիմությամբ են սովորել, ու չնայած մոտ ընկերներ էին, մշտապես մրցակցության մեջ էին ուսման բնագավառում: Երկուսն էլ սիրում էին կարդալ, ֆուտբոլի մեծ երկրպագուներ էին, բայց բազում նմանություններով հանդերձ, ունեին մի մեծ տարբերություն, որն ազդեց իրենց հետագա ամբողջ կյանքի վրա: Ներկայացնեմ նրանց պատմություններն առանձին-առանձին:

Աշոտ

Աշոտի ընտանիքը մեծ չէր. ինքն էր, ծնողները և քույրը: Հայրը փոքր խանութ ուներ (որը, ի դեպ, գյուղի միակ խանութն էր) և այդ խանութից ստացվող եկամուտով էլ պահում էր ընտանիքը, դե չհաշված այն աշխատանքները, որ անում է յուրաքանչյուր գյուղացի` հողագործություն, անասնապահություն… Սիրում էր գրքեր գնել, իսկ երեխաները մեծ հափշտակությամբ կարդում էին հոր գնած յուրաքանչյուր նոր գիրքը: Աշոտի հայրը այն համոզմանն էր, որ իր երեխաները պետք է ոչ մեկից պակաս չլինեն, և օրնիբուն աշխատում էր նրանց բոլոր պահանջները բավարարելու համար:

Այդ տարի Աշոտը սովորում էր վերջին դասարանում: Բոլոր գնահատականները գերազանց էին, մասնակցել էր բազում մրցույթների, պատվավոր տեղեր զբաղեցրել, որոշները` հաղթել: Դպրոցում բոլորը նրան սիրում էին, հավատում էին նրա ուժերին, և ինքն էլ համոզված էր, որ կընդունվի իր նախընտրած բաժինը, իսկ ծնողները ամեն ինչով կօժանդակեն իր ուսմանը:

Այո, նա քննությունները լավ հանձնեց և ընդունվեց համալսարան: Քույրը երրորդ կուրսում էր սովորում, ինքը` առաջին: Քույրը մինչ այդ ընկերուհիներից մեկի տանն էր ապրում, որը Երևանից էր, իսկ հիմա, երբ եղբայրն էլ քաղաք եկավ, ծնողները արդեն ստիպված էին տուն վարձել: Դրան գումարվում էին կոմունալ վճարումները, ուսման վարձերը ու բազում այլ առօրյա ծախսեր: Աշոտի հայրը որքան էլ աշխատում էր, չէր կարողանում այս բոլոր ծախսերը հոգալ: Հորը օգնելու համար Աշոտը սկսեց աշխատանք փնտրել: Ընդունվեց աշխատանքի որպես առաքիչ: Աշխատավարձը բարձր չէր, բայց, ինչևէ, ամբողջ տարին աշխատելով կկարողանար գոնե ուսման վարձը վճարել:

Այսպես անցավ մի շաբաթ, երկու շաբաթ… Նախկինում դասերին միշտ պատրաստ Աշոտը մնացել էր անցյալում: Հաճախ դասի չէր գնում, իսկ գնացած ժամանակ այնքան հոգնած էր լինում, որ հազիվ էր դասը մինչև վերջ լսում: Մոտեցան քննությունները: Արդյունքը անսպասելի էր. Աշոտը հազիվ դրական գնահատականներ ստացավ, իսկ մի քանի ամիս անց դուրս մնաց համալսարանից:

Վահե

Վահեենց ընտանիքում երեխաները շատ են, ի տարբերություն Աշոտենց ընտանիքի: Վահեն ունի մի եղբայր և երկու քույր: Ծնողները շատ էին աշխատում, բայց չէին կարողանում հոգալ մեծացող երեխաների անընդհատ աճող պահանջները: Երևի հենց սա է պատճառը (գուցե նաև Վահեի հոր ընտրած դաստիարակության եղանակը), որ դեռ փոքր հասակից Վահեն սովորել էր գանձանակ պահել, իր ծախսերը պլանավորել ու նաև աշխատել: Ապրելով անտառին մոտ գյուղում` նրանք առատորեն օգտվում էին բնության բարիքներից: Գարնանը և ամռանը անտառից հատապտուղներ, վայրի մրգեր էին հավաքում, վաճառում, իսկ ստացված գումարը համալրում էր երեխաների «պահուստային բյուջեն»: Վահեն նույնիսկ մի տետր ուներ, որի մեջ գրում էր այն բոլոր ծախսերը, որ կատարվում էին իր սեփական  բյուջեից: Տարվա վերջում ամփոփում էր ծախսերը, եկամուտները, իսկ մի որոշ գումար էլ պահում էր, ինչպես ինքն էր ասում, «հետոյի համար»:

Վահեն նույնպես դպրոցում լավ էր սովորում, սիրում էր կարդալ, բայց ցավոք այդքան ժամանակ չէր ունենում, որ իր բոլոր նախընտրած գրքերը կարդա: Ինչևէ, նա ևս քննություններից բարձր միավորներ հավաքեց և ընդունվեց: Հայրը կարողանում էր հոգալ բոլոր ծախսերը, բայց երբ հերթը հասնում էր բուհում սովորող երեք երեխաների ուսման վարձերին, խնդիրը բարդանում էր: Եվ հենց այդ ժամանակ էին օգնության հասնում երեխաների «հետոյի համար» հավաքած գումարները:

Չեմ կարող ասել, թե երեխաներից որի հայրն էր ճիշտ վարվում, Աշոտի՞նը, որ փորձում էր ամեն ինչով ապահովել երեխաներին և նրանց չծանրաբեռնել աշխատանքով, թե՞ Վահեինը, որ փոքր հասակից սովորեցնում էր աշխատել, ոչինչ որ նրանք մի քանի գեղարվեստական գիրք պակաս կարդան: Կյանքում երեխաների համար ծնողները նման են հովանոցի, որ պաշտպանում է նրանց կյանքի փորձություններից, բայց այդ հովանոցը պետք է ժամանակ առ ժամանակ փակվի, որպեսզի երեխաները սովորեն իրենք իրենց պաշտպանել ու հանկարծակիի չգան կյանքի դժվարություններին միանգամից առերեսվելիս:

Մեր պատմության երկու հերոսի հայրերն էլ աշխատում էին իրենց երեխաների լավ ապագայի համար, բայց նրանց մոտեցումներն էին տարբեր, և արդյունքը եղավ այն, որ Աշոտը դուրս մնաց համալսարանից,  իսկ Վահեն, մանկուց սովորելով պլանավորել իր ծախսերը, կարողացավ օգնել ծնողներին ու ավարտել ուսումը: Չեմ քննադատում ոչ մեկին, և իրավունք էլ չունեմ, պարզապես պետք է հիշենք, որ ոչ մեկս չենք կարող ասել, թե վաղը ինչ կլինի, ու խնայողություններ միշտ էլ պետք է ունենալ: Ինչպես ժողովուրդն է ասում` «Դեղին ոսկին սև օրվա համար է»:

Տատյանա Դարբինյան

Մարդաբանակա՞ն, թե՞…

Մի օր դասընկերներիցս մեկին հարցրեցի, թե որտեղ է ուզում շարունակել կրթությունը: Ի դեպ, ես նրան համարում եմ ամենախելացի աշակերտներից մեկը թե՛ մեր դասարանում, թե՛ ամբողջ դպրոցում: Նա պատասխանեց.

-Տատիկս ասում է ՝ կա՛մ Արմավիրի բժշկական քոլեջ պիտի ընդունվեմ, կա՛մ  «մարդաբանական» , այսինքն ամուսնանամ:

Ես ոչինչ չասացի:

Դասարանում 20 աշակերտ ենք:  Քսանից միայն յոթն են պլանավորում ուսումը շարունակել բուհում: Ընդ որում, սա դեռ բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ: Տղաներից շատերը պլանավորում են բանակում ծառայելուց հետո հեռանալ հայրենիքից, իսկ աղջիկներից շատերը` ամուսնանալ: Իմ կարծիքով, սա մերօրյա գյուղերի երիտասարդության գլխավոր թերությունն է: Իմ հայրենիքին պետք են ուղեղներ…

Համաձայն եմ, որ միշտ էլ եղել են է՛ սովորողներ, և՛ ոչ այնքան, բայց այս իրավիճակն ունի ավելի խորքային պատճառներ: Աշակերտը ոչ մի գայթակղիչ բանի չի հանդիպում դպրոցում, որը նրան կարող է ստիպել սովորել:

Լավ, իսկ ի՞նչ է տեսնում աշակերտն այդ լուսավորության տաճարում. դա լոկ մի շենք է, ուր երեխաների մի մասը գալիս է, քանի որ իրենց պարտականությունն է, կամ ժամանակ անցկացնելու, որտեղ ուսուցիչները ոչ ավել ոչ պակաս, իրենց գործն են կատարում: Եվ այս ամենին գումարվում են վանող, բարդ ու անհրապույր դասագրքերը:

Եվ սա դեռ միայն դպրոցն է: Իսկ ի՞նչ կարող ենք ասել բուհերի մասին… Յուրաքանչյուրը կարող է ընդունվել բուհ  և ստանալ բարձրագույն կրթություն, ավելի ճիշտ, դիպլոմ: Կրթություն ասվածը վերածվել  է մի թղթի կտորի, որը հեշտությամբ  կարելի է ձեռք բերել համապատասխան գումարի առկայության դեպքում: Այսինքն ՝ կրթությունը բառիս բուն իմաստով արժեզրկվել է: Շատերն ավարտում են մեր երկրի լավագույն բուհերը, բայց աշխատանք չունեն, և սա այն պայմաններում, երբ մեր երկրի լավագույն բուհերը  առաջատարներից են աշխարհում կրթության որակով և մակարդակով:  Սա էլ մեկ այլ ազդակ է, որ երիտասարդությանը հետ է պահում բուհերից: Պիտի նշեմ նաև, որ բուհերը դարձել են ծայրաստիճան կոռումպացված  կառույցներ:

Ահա թե ինչն է ինձ հուզում. իմ հասակակիցների և առհասարակ հայրենակիցների կրթությունը:  Ուզում եմ, որ մեր բուհերում ուսանողների թիվը կրկնապատկվի ու բազմապատկվի, և նրանք լինեն արժանավորներ, ուզում եմ, որ դասարանիս գոնե մեծ մասը ուսումը շարունակի, ու դասընկերուհիս «մարդաբանականից» ու Արմավիրի քոլեջից բացի այլ տարբերակներ ունենա:

նարեկ բաբայան

Իսկական մարդը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կուզեիք լիներ ձեր կյանքը։ Չնայած, ի՞նչ եմ հարցնում։ Իհարկե, բոլորն էլ մտածած կլինեն իրենց ապագա կյանքի մասին։ Ոմանք ուզում են դառնալ հայտնի, ոմանք՝ միլիոնատեր, ոմանք ընհանրապես ուզում են համեստորեն ապրել իրենց տրված կյանքը և այլն։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես երազում եմ բարեհաջող ընդունվել համալսարան, ստանալ լավ կրթություն, ունենալ ընտանիք և աշխատել  ընտրածս մասնագիտությամբ։ Ճանաչածս մարդկանցից այդպիսի «կյանքի գրաֆիկն» ամենալավը արտահայտվում է պապիկիս մոտ։ Նրան ճանաչելով, իրոք կարող ես ասել՝ «կյանքը հաջողվել է»։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Պապս գերազանց աառաջադիմությամբ ավարտել է դպրոցը, չնայած նրան, որ մոր մահվանից հետո ապրել է իր տատիկի հետ, առանց ծնողի։ Հետագայում ուսումը շարունակել է Կալինինգրադ քաղաքի ոստիկանական ուսումնարանում։ Ի դեպ՝ նա սովորել է այն ժամանակ, երբ ամուսնացած է եղել և ունեցել է 2 երեխա։ Եկեք խոստովանենք, որ ոչ բոլորը կգնային նման քայլի, ոմանք ուղղակի կանցնեին ինչ-որ աշխատանքի` ընտանիքը պահելու համար։ Դե լավ, չշեղվենք թեմայից։ Պապս ոստիկան է եղել բավականին երկար ժամանակ՝ մոտ 23 տարի ու հասել է մինչև մայորի կոչման։ Հետագայում, իհարկե, անցել է թոշակի։
Ի դեպ՝ մոռացա նշել, որ պապս ինքնուս քանդակագործ է։ Քանդակագործությամբ սկսել է զբաղվել այն ժամանակ, երբ որոշել է իր ձեռքով քանդակել ավտովթարից զոհված մոր գերեզմանաքարը։ Սրանով սկսել է նրա կյանքի, այսպես ասած, երկրորդ «մեծ շրջանը»։ Որոշակի ժամանակ հմտանալով այդ գործում վստահ կարող եմ ասել, որ դարձել է ավելի լավ վարպետ, քան բազմաթիվ համապատասխան կրթություն ստացած մարդիկ են։
Դե իհարկե, այդ տաղանդը չէր կարող ստվերում մնալ։ Նա ունեցել է բազում պատվերներ։ Ինչպես ասում են՝ լավագույն աշխատանքը, դա լավ վարձատրվող հոբին է։ Բացի պատվերներից նա սեփական կամքով ու միջոցներով քանդակել է երկու խաչքար մեր` Մալիշկա գյուղի հիմնադիրների և Վահան Տեր-Առաքելյանի պատվին։ Դե, այսքանից հետո, ինչքան էլ կրկնվող արտահայտություն լինի, ինչպե՞ս չասեմ, որ հպարտանում եմ նրանով։
Քանի որ այս կյանքը իդեալական լինել ուղղակի չէր կարող, վատ բան վերջիվերջո եղավ։ Ցավոք, սուր կաթվածի ու գլխուղեղի բարդ վիրահատությունից հետո պապս հիմա բավականին ծանր վիճակում է։ Իմ կարծիքով, այն հրաշքը, որով պապս փրկվեց, նրա քանդակած խաչքարներն էին․․․

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Հիմա պապս համեմատաբար ավելի լավ է, որոշակի օգնությամբ կարողանում է քայլել, ազատ խոսում է և այլն։ Եվ իհարկե՝ ես էլ, նա էլ, անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ նորից մուրճն ու դուրը կվերցնի ձեռքը։

Նարե Շարմազանովա

Պատահական հերոսը

Կյանքը հիմնված է պատահականությունների վրա. ամեն ինչում և ամենուր գործում է պատահականության սկզբունքը, որը նախախնամող ձեռքով լինում է ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Ուրեմն, պատահականությունը օրինաչափություն է, որ հաճախ պարզապես չենք տեսնում: Պատահական հանդիպում ենք մարդկանց, որոնցից ոմանք դառնում են այն առանցքը, որի շուրջ պտտվում են մեր մտքերն ու սիրտը: Այդ օրը ես չկարողացա շրջանցել պատահականությունը:

Օրն այդ արտառոց էր, ոչ միայն ինձ պաշարած անակնկալ պատահականության պատճառով, որը մի քանի րոպեում փոխեց այն սովորական դարձած բթացնող ռիթմը, որի մեջ ընկած վազում եմ ամեն օր, ամեն րոպե, այլ որովհետև ազատ ժամանակ ունեի, և կարող էի անցկացնել ընտանիքիս հետ:

Ամեն ինչ շատ սովորական էր` մայրիկիս, եղբորս հետ զբոսնում էինք, որոշեցինք սրճարան մտնել: Սովորական սրճարան` իր սովորական այցելուներով, աշխատանքային ռիթմով. բոլորը զբաղված էին իրենց հոգսերով` վայելելով հանգստի պահը: Հենց մեր կողքին բոլորովին այլ իրականություն էր. մոտ քսան տարեկան մի տղա կերակրում էր հաշմանդամի սայլակին գամված տատիկին: Մենք բոլորս ապշած նայում էինք: Միշտ չէ, որ մեր առօրյայում այդպիսի բաներ են տեղի ունենում: Այսօրվա իրականության մեջ, երբ ծնողները երեխային հանձնում են մանկատանը` բախտի քմահաճույքին թողելով նրա ապագան, երբ երեխաները իրենց ծնողներին անարգելով ծերանոց են տանում: Երբ անզգամությունը դարձել է նորմալ բոլորի համար: Դու սկսում ես ինքդ քեզ հարց տալ. արդյո՞ք միայն հաշված մարդիկ են այդ ամենը նկատում և արձագանքում: Ինչո՞ւ ոչ բոլորը: Ինչո՞ւ է ամեն բացասական բանը դարձել սովորական, նորմալ , իսկ բարի գործը ՝ արտասովոր: Իրեն այդ մտքերով ծանրաբեռնող մարդը տեսնում է մեկին, որն աննկարագրելի քնքշությամբ հոգ է տանում իր մերձավորի մասին առանց որևէ վարձք պահանջելու: Բոլորի համար աննորմալ է, երբ մարդն առանց որևէ սպասելիքի, վարձատրության սիրում է:

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Գուցե իմ պատահական հերոսն էլ զարմացավ իմ զարմանքի համար. նկատեց, որ աչքս չեմ կտրում իրենցից: Ինձ համար միևնույն էր` ինչ են մտածում բոլորը. այդ պահին պատահական հերոսը օրինաչափորեն հաստատեց վաղուց գլխումս թափառող միտքը. միևնույն է` ինչ է անում կամ ասում մեծամասնությունը, իսկ ինչ եմ անում ես ինքս:

Մի պահ վերադառնալով իրականություն` հանդիպեցի մայրիկիս ոգևորված աչքերին: Այլևս պետք չէին այն խոսքերը, որ հաճախ են ասվում` սիրիր մերձավորիդ: Դրանք այնքան իրական էին իմ հերոսի դեպքում:

Ահա և իմ հերոսը իր հերոս տատիկի հետ: Նա չնկատեց` ինչպես ես հետևից վազեցի ու նկարեցի: Գիտեմ` սխալ է առանց մարդուն տեղեկացնելու նկարահանելը, բայց այս դեպքում կանոններն ավելորդ էին:

Շատ կուզեի, որ պատահական հերոսը կարդար այս նյութը և իմանար, որ իր հետ իմ պատահական հանդիպումը քանդեց կյանքի վատ օրինաչափությունների շղթան:

Sargis մելքօնյան

Այն, ինչ երեկ զենք էր, այսօր ուտելիք է…

Բոլորովին վերջերս, երբ նկատեցի, որ  ծառերի վրայից արդեն  թափվել են բողբոջները, ու հայտնվել են ցոգոլները, ակամայից հիշեցի հինգ-վեց տարեկան ժամանակներս, երբ թաղի երեխեքով դուրս էինք գալիս փողոց ու «խաղում»: Ինչու «խաղում», որովհետև խաղալիս միշտ աղմկում էինք ուրախությունից և ազդում հարևանների նյարդերի վրա՝ անկախ այն փաստից, որ իրենց երեխան էլ էր խաղում: Խաղում էինք ամեն  տեսակի խաղեր՝ գործնագործ, ֆուտբոլ, վոլեյբոլ, իննուկ, տասնուկ, ռեզին, պարան, հալա-մուլա, պահմտոցի, յոթ քար,  քսանհինգ, խոզուկ… Ու կռիվ-կռիվ՝ հատկապես ապրիլ-մայիս ամիսներին: Կռիվ-կռիվ խաղում էին բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու ժամանակի առկայությունից: Խաղում էինք հատուկ  ձևով: Բաժանվում էինք երկու խմբի: Հավաքում էինք  «զենք-զինամթերք»՝  ինչքան շատ, այնքան լավ, ու թաքնվում էինք պատերի արանքներում (մի զարմացեք, գյուղում կան տներ, որոնց հիմնական պատերը իրարից երեսուն- երեսունհինգ սանտիմետր են հեռու), մեծ ծառերի հետևում, ծառերի ճյուղերի, տանիքների վրա, գոմերի մեջ: Հետո թիմերից մեկի հրամանատարը ազդարարում էր խաղի սկիզբը երգելով ու ասելով .

-Առաջ, առաջ, առաջ մարտի՜:

Տեսնենք,  թե ո՞վ կհաղթի…

Դրանից հետո դուրս էին գալիս հետախույզները՝ ընդ որում, երկու թիմերից էլ, ու մնացած թաքնվածները պետք է հավաքած «զենք-զինամթերքով» (ցոգոլներով) հարվածեին հետախույզներին, մինչև գերի վերցնելը: Այնուհետև սկսում էին ծավալվել հիմնական գործողությունները՝ դուրս էին գալիս հանդիպակած մարտի: Ու այստեղ սկսվում էր ցոգոլների անձրևը՝ վա՜յ, գլուխս… Ա՜խ, ձեռքս… Ա՜, ա՜, ա՜, վա՜յ, մամա ջան… Իսկ շատ փոքրերը՝ իմ նման՝ ը՜հ, ը՜հ, ը՜հ, ա՜… Լացում էին անդադար…

Երեկոյան փողոցը կանաչ էր, ծառերը՝ մերկ, աչքերը՝ կապույտ և արցունքոտ: Տրամադրությունը՞… Տրամադրությունը՝ բարձր, չնայած վնասվածքներին… Ախ, մեծերի՜նը…  Այլևս փողոց չթողնելու…

Մի երկու տարի առաջ էլի հիշել էինք մանկությունը: Ափսոս, ամառ էր, թե չէ, էլի ցոգոլակռիվ կխաղայինք: Բայց դե ոչինչ չէր կարող կանգնեցնել մեզ… Խաղացինք հասած,  կարմիր բալերով: Օրվա վերջում շորերը ու ամեն ինչ փողոցում կարմրել էին… Դրանից հետո իրոք մեզ մի քանի օր փողոց չթողեցին: Մենք էինք անում լվացքը, արդուկը ու ողջ բերքահավաքը՝ որպես պատիժ…  Այն, ինչ երեկ զենք էր, այսօր հաճույքով ուտում ենք՝ հիշելով ցոգոլային պատերազմն ու դրա հետևանքները …

Անձրև

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Երևի թե բոլորն էլ գիտեն, որ բնությունը մեծ ազդեցություն ունի մարդու վրա:Այդ ազդեցություններից մեկն էլ բնության ձայներն են, որոնք վայրկյանների ընթացքում կարող են փոխել մարդու տրամադրությունը: Իհարկե, պետք է իմանալ, թե գոյություն ունեցող ձայներից որոնք են հատկապես օգտակար մեր օրգանիզմի և տրամադրության համար: Արդեն գարուն է, և անձրևային եղանակը իր լիարժեք իրավունքների մեջ է, իսկ դա նշանակում է, որ հնարավորություն կստանանք լսելու անձրևի կաթիլների ձայները:

Ինչպես կարելի է չսիրել անձրևը. այդ հարցը ինձ շատ է հետաքրքրում: Ես սիրում եմ անձրևը իր բոլոր ձևերով, իր բոլոր արտահայտություններով` ջրառատ և կարճատև տեղատարափը, որ դեռ չդադարած, ծիածանն իր շքեղ կամարն է կապում մեր սարերի վրա: Երբ սկսվում է անձրևը, և մարդիկ նրանից պաշտպանվելու համար ծածկերի տակ են վազում, իսկ ես դուրս եմ գալիս տնից ու քայլում բաց երկնքի տակ: Իսկ անձրևից հետո այդ թարմ օդը վայելելը շատ հաճելի է: Երբ անձրև է գալիս, որոշ մարդկանց համար բնությունը մի տեսակ մռայլվում է, ինձ համար երբեմն նույնիսկ հաճելի է այդպիսի մռայլ և գորշ գույները: Բացի անձրևից բնության եղանակները ունեն տարբեր-տարբեր գեղեցիկ ձայներ, որոնք միշտ էլ հաճելի են յուրաքանչյուրի ականջի համար:

virsavia

«Վ» տառի տակ

Անունս Վիրսավիյա է: Շատեր են ասում, որ անունս գեղեցիկ է, բայց անսովոր: Եվ իրականում էլ տարածված չէ: Դա Բերսաբե անվան ռուսական տառադարձությունն է և նշանակում է` երդման ջրհոր: Անունս դրել է հայրս՝ ցանկանալով համապատասխանեցնել մյուս երեք քույրերիս անունների հետ: Նրանց անուններն են` Վերոնիկա, Վիոլետա և Վիկտորյա: Բայց ամենահետաքրքրականն այն է, որ հորս անունն էլ սկսվում Վ-ով՝ Վիկտոր: Մի խոսքով, մեր տանը, բացի մայրիկիս անունից, մյուսներինս սկսվում է «վ» տառով:

Կրում եմ Սողոմոն Իմաստունի մոր անունը: Վերջինս եղել է գեղեցիկ, խելացի և փոքր-ինչ խորամանկ: Հայրս ցանկություն ունի, որ ես էլ դառնամ նրա պես:  Դրա համար էլ փորձում եմ նոր տեղեկություններ գտնել, նոր գիտելիքներ ձեռք բերել:

Ասում են, անունը մեծ կապ ունի կյանքի ընթացքի հետ, բայց ես դրան համաձայն չեմ: Ինչևէ, ծանոթությունների ժամանակ անունս բարդություններ է առաջացնում: Կենտրոնանում են անվան ծագման, նշանակության վրա: Հաճախ ստիպված եմ լինում կրկնել այն մի քանի անգամ: Հուսով եմ, որ իմ անունը ժամանակի ընթացքում տարածում կգտնի, և մարդիկ ծանոթանալիս կկենտրոնանան իմ մարդ տեսակի, ոչ թե անվանս վրա:

Չափից շատ սիրում եմ տիեզերքը, նոր տեղեկություններ դրա մասին:  Ինչքան էլ մերժում եմ, բայց հաճախ են ասում, որ խանդոտ անձնավորություն եմ: Եվ իրոք, սիրում եմ, որ իմը իմը լինի: Նվիրվող անձնավորություն եմ: Սիրում եմ և լավատես մարդ եմ, բայց հաճախ ընկնում եմ հոռետեսության գիրկը: Հակասական անձնավորություն եմ: Կատակասեր եմ և սիրում եմ արկածներ: Սիրում եմ ազատ ժամանակ գրքեր ընթերցել: Ունեմ բարդ բնավորություն, և ինձ հասկանալն այդքան էլ հեշտ չէ: Երբեմն չափից դուրս անտարբեր եմ դառնում:

Ձգտում եմ օգնել և բարություն դրսևորել նրանց հանդեպ, ովքեր ունեն դրա կարիքը:

Ահա և ինձ էլ ճանաչեցիք:

 

Վիրսավիյա Դանիելյան, 15 տարեկան, Արմավիր, Բաղրամյան

hovhnannes

Բարև, ես Հովհաննեսն եմ

Ես Հովհաննեսն եմ, արդեն չորս տարի է, ինչ ցանկանում եմ գնալ ճեմարան և դառնալ հոգևորական: Այդ որոշման մեջ մեծ է դասղեկիս դերը: Այնպես էր ստացվել, որ մի միջոցառման ժամանակ ես պետք է կատարեի Սահակ Պարթևի դերը: Հագուստի համար դիմեցի Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու քահանա՝ Տեր Տաթևին: Այնուհետև սկսեցի հետաքրքրվել այդ բնագավառով և սկսեցի ամեն կիրակի գնալ եկեղեցի և ուղղակի մասնակցել պատարագներին՝ սովորական հավատացյալների նման: Արդեն մեկ ամիս անց բարձրացա խորան և սկսեցի ծառայել Աստծուն: 

Այդ մասնագիտությունը ընտրելու համար շատ են պատճառները: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր ծառայությունը մատուցի Աստծուն: Օրինակ, ինձ համար դա դրսևորվում է եկեղեցի գնալով և պատարագներին մասնակցելով: Հիմա ժողովրդի մոտ կա այնպիսի կարծիք, որ այժմյան քահանաները ոչ բոլորն են ճշմարիտ հավատացյալներ: Այդ կարծիքը վերացնելու համար ես մտադիր եմ դառնալ իրական հավատացյալ քահանա:

Այս ամենի հետ մեկտեղ ես չեմ դադարում հետաքրքրվել այլ բանագավառներով: Օրինակ՝ հաճախում եմ լուսանկարչության դասերի, գնում եմ բանավիճային ակումբ, մի խոսքով, շատ այլ հետաքրքրություններ ունեմ: Եվ կարծում եմ, հոգևորականը պետք է բազմաթիվ հետաքրքրություններ ունենա, խորը գիտելիքներ բոլոր բնագավառներից, որպեսզի հետագայում, երբ իրեն որևէ հարցով դիմեն, պատրաստ լինի պատասխանել ցանկացած հարցի: