mariam varzhapetyan

Մի շերեփ ապուրի օրհնությունը

Ամեն անգամ դպրոցից հոգնած տուն մտնելիս տեսնում եմ մորս հոգատար ու բարի դեմքը, ով  գեղեցիկ ժպիտով ինձ ուղեկցում է մինչև խոհանոց՝ ճաշի սեղանի մոտ, որտեղ միշտ կգտնեմ ինձ համար սիրելի ու համեղ կերակուրներ: Ու բարի ախորժակ մաղթելով մայրս գնում է իր գործերին: Բայց լինում են բացառություններ, երբ ինչ-որ հարցերով կամ գործերով տանից դուրս է գալիս, և ես ստիպված եմ լինում ինքնասպասարկմամբ զբաղվել:  

Եվ ահա մի այդպիսի օր:

Դասից եկա տուն, ու մայրս տանը չէր, ավելին՝ տանը ոչ ոք չկար: Համոզվելով, որ տանը մենակ եմ, առաջինը, որ արեցի, եղավ խոհանոցում ուտելիք փնտրելս: Ցավոք, ոչինչ չգտա պատրաստած ու սկզբում բարկացած, հետո հոգնած ու անհավես նստեցի այն հույսով, որ ուր որ է` մեկը կգա, ու մի բան կպատրաստի, որ ուտեմ: Նստեցի, նստեցի ու մի քառորդ ժամից հասկացա, որ սովը նեղում է: Վեր կացա ու որոշեցի մի բան պատրաստել ուտելու:

Ճիշտ է, ճաշ եփելու համար այնքան էլ հավես չունեի, բայց սկսեցի քիչ-քիչ պատրաստելը: Կաթսան գտա, դրեցի կրակին ու որտեղից ձեռքս ինչ ընկավ, լցրեցի մեջը: Մի կես ժամից տարօրինակ ճաշս պատրաստ էր: Լցրեցի, սովից լեզուս դուրս գցած շան նման պատրաստվում էի ուտել, երբ…

Թըխկ, թըխկ. դռան ձայնն էր: Մտքիս մեջ բարկացած ասացի.«Վըխք, տեսնիս` ո՞վ է, որ հացս հարամ էրեց»:

Ու գդալը ձեռքիցս գցելով՝ գնացի տեսնելու, թե ով է: Երբ արդեն հասնում էի դռանը, գոռացի.

-Ո՞վ է:

Ձայն չկա: Նայում եմ` մարդ էլ չկա: Եվս մի անգամ էլ գոռացի ավելի բարձր ու բարկացած.

-Ո՞վ է:

Էլի ոչ մի ձայն: Զարմացած ու զայրացած, մի քիչ էլ վախեցած գնացի ճաշս ուտելու: Գդալն արդեն հասցնում էի բերանիս, երբ նորից կրկնվեց նույնը: Իրավիճակը այնպիսին էր, որ թվաց, թե մեկը հետս կատակել է ուզում: Էլի գոռացի. «Ո՞վ է, ի՜յա, վա՜աաայ», ու գնացի դեպի դուռը: Պատասխանի փոխարեն դռան երկու հարվածի ձայն լսեցի միայն: Բարկությունից դողալով կամ չգիտեմ, գուցե վախից, այնպես գոռացի, որ երբ տեսա վախեցած հյուրիս, ես էլ իր վախենալուց ավելի վախեցա:

Մի խեղճ կին էր, մոտ 80 տարեկան, արտահայտիչ կուզով, ճեփ-ճերմակ մազերով, որոնք լաչակի տակից ցից-ցից դուրս էին եկել ու, ճիշտն ասեմ, շատն էլ դրանից վախեցա: Կուզը տնկած անձայն կանգնել էր դիմացս ու նայում էր վրաս:

-Բարև,- հարցական դեմք ընդունելով, որով նաև հարցնում էի, թե դու ո՞վ ես: Բարևս անպատասխան մնաց: Գլուխը կախելով քթի տակ խոսեց, ասելով.

-Մեռնի՛մ ջանիդ, բաժակըմ ջուր կուդա՞ս:

Ասացի` սպասի, հիմա կբերեմ: Ջուրը ձեռքիս հետ եկա, նայեմ` նստել է դռան մոտ, աստիճանների վրա: Դուրսն էլ զզվելի շոգ էր, տեսա քրտնած էր, ջուրը տվեցի, վերցրեց խմեց: Խմեց ու կզկռտված մնաց: Սպասում էի գնար, որ ես էլ ներս գնայի, հացս ուտեի: Մի 5 րոպե նյարդերիս հաշվին մնալուց հետո, տեսա, որ ուզում էր գնար, ու դարձա` տուն մտնեմ, բայց չգիտեմ ինչու, սիրտս ճմլվեց մի անծանոթ զգացումով: Չգիտեմ, դա խի՞ղճ էր, թե՞ սով, թե երկուսը միասին, բայց վատ բան էր: Իսկույն դարձա հետ ու գոռացի.

-Տա՛տ, ա՛րի գնանք` հաց ուտենք:

Նախքան դա ասեմ, որ խուլի տպավորություն էր թողել մոտս, ինչ-որ խոսել էի հետը, չէր լսել ու չէր պատասխանել, բայց հենց լսեց ասածս, միանգամից կուզը ուղղելով դարձավ հետ  ու արագ-արագ առաջ եկավ:

Շատ չերկարացնեմ, վերջը հասանք խոհանոց: Ճաշս սառել էր, տաքացրի, արդեն երկուսիս էլ լցրի ու նստեցի, որ ուտենք: Անձայն կերանք, կյանքումս առաջին անգամն էր, որ ուտելու ժամանակ պահպանվեց «ուտելու ժամանակ չեն խոսում» պատվիրանը: Երբ վերջացրինք, սեղանից մինչև դուռը ճանապարհելիս օրհնանք տվեց: Բարի տատիկը օրհնեց ինձ ասելով.

-Բալա՛ ջան, սիրտդ միշտ ըդպես լեն մնա, ձեռդ էլ ըդպես դալար, ապրի՛ս, երկար արև՛ ունենաս:

Ասացի. «Ապրե՛ս, տա՛տ ջան», ու ճանապարհեցի գնաց…

Ու այդ օրն էլ, ճաշն էլ, տատիկն էլ, օրհնանքն էլ միշտ կմնան իմ հիշողության մեջ:

Միայն թե անընդհատ մտածում եմ. Ծեր տատն ինչո՞ւ էր դրսում, ո՞ւմ տատն էր, ինչո՞ւ ոչ ոք չուներ…

seryoja baboyan

Մինչև անձրևը վերջանա

Եղանակները տաքացել էին։ Տատիկս առավոտից երեկո աշխատում էր այգում։ Բայց այսօր առավոտից երեկո անձրև է տեղում, տատիկս էլ տանից ոչ մի րոպե չի բացակայել։ Զգում եմ, որ մի բան այն չէ։ Տատիկիցս հարցրի, թե ի՞նչ է պատահել։

-Ախ, էդ անձրևը ընչի՞ էկավ, է… Հիմա էն մովերը դարսել-պրծել էինք, Սերոժ ջան։

-Հա, ի՞նչ անենք, մի օր էլ գործ մի արա։

-Չէ, է… Կմնա` կթացանա, մինչև չորանա՜․․․

-Հա լավ, ոչինչ, տատի։

Այդ խոսակցությունից շատ չանցած մեր հարևանը եկավ մեր տուն։ Նա էլ նկատեց, որ տատիկը անհանգիստ է։

-Ի՞նչի էլե, չըլի՞ էսօր չես էչե բախչադ։

Տատիկիս մայրը գյուղում աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, և բոլորը նրան այդպես էին ճանաչում։ Այդ պահին հարևանը դիմեց ինձ։

-Հեկտորի աղջիկն ա, է, մի օր գործ չանի` կհիվանդանա։

Դե իհարկե, նա կատակեց, բայց դա համապատասխանում է իրականությանը։ Տատիկս ասում է. «Երբ գործ չեմ անում, մի տեսակ անհանգստություն, գլխացավ ու հոգնածություն եմ զգում»։

-Ինչ արած, տատ, սպասիր մինչև անձրևը վերջանա, գետինն էլ չորանա։

Հ․Գ․ Նյութը գրելուց հետո անձրևը վերջացավ, բայց սկսվեց ձյունը։

sona saribekyan

Ծերացումի արցունքները

Դե, ինչպես գիտեք ես Պատանի թղթակիցների ցանցի անդամ եմ  և նյութ էի ուղարկել «Տատս ու պապս» վերնագրով, որը Վարդուհի տատիս ու Լևոն պապիս մասին էր: Ուղարկելուց մի քանի օր հետո կայքում տեսա իմ նկարը ու նյութը և շատ ուրախացա: Կանչեցի մայրիկիս ու հայտնեցի, որ տեղադրել են, մայրս նույնպես շատ ուրախացավ:

Հաջորդ առավոտյան սովորականի պես գնացի դպրոց: Բոլոր ընկերներս ոգևորված սպասում էին ինձ, և ունեին մի շարք հարցեր իմ համար պահած:

Դասերս ավարտելուց  հետո գնացի տուն, ու մայրս տեղեկացրեց, որ  գնալու ենք Ոսկեպար՝ տատիս ու պապիս տուն:

Տատիս ծննդյան օրն էր: Տատս շատ ուրախացավ մեզ տեսնելով:

Ես ու քեռուս կինը սեղան գցեցինք, քեռին գնաց խորոված անելու: Նստեցինք սեղանի շուրջ, զրուցում էինք, ու հանկարծ մայրս հայտնեց տատիս նյութի մասին:

Բոլորը ուրախացան ու շնորհավորանքներ հղեցին ինձ, չէ՞ որ դա իմ առաջին աշխատանքն էր, որը տեղ էր գտել 17.am-ում:

Հարազատներս ոգևորված պահանջում էին, որ կարդամ իրենց համար:

Սկսեցի կարդալ:

«Գարնանային արևոտ օր էր…»,- ամեն նախադասությունը ավարտելուց հետո տատս խորը շունչ էր քաշում ու արտաբերում:

-Հա՛, դուզ ա:

«Կոկոլի առաջ երևաց տատս՝սպիտակ մազերի երկար հյուսով,- շարունակում էի կարդալ, ու մի պահ բոլորս լռեցինք ու ակամա նայեցինք տատիս մազերին: Էլ չկար այդ երկար սպիտակ հյուսը: Դրա փոխարեն կարճ սանրվածք էր, որը նույնիսկ ուսերին չի հասնում:

Շարունակում եմ կարդալ: Բոլորը լուռ են, միայն տատս ու պապս անընդհատ նշում են գրածիս ճիշտ լինելու փաստը:

«Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մեկ տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ էլ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը՝ դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ խաշը, որտեղ շատ ու շատ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին»,- կարդալով նյութի վերջին տողերը, մի պահ հետ շրջվեցի ու տեսա տատիս՝ մաքրում էր արցունքները:

Արտասվում էր ու հասկանում, որ մի տարով էլ է ծերացել, ու արդեն հետևում են այդ ուրախ ու տխուր օրերը:

Դուք մենակ չեք

Ծանր օրեր ապրեցինք: Հայոց աշխարհը փոթորկված է, սակայն հայ ժողովուրդը ոտքի է կանգնել: Անհրաժեշտ է օգնություն:

Մենք էլ` Վայոց Ձոր մարզի բնակիչներս մեծից փոքր մի բռունցք դարձանք: Թիկունքում գտնվող ժողովուրդը անմիջապես խմբավորվեց և ուղևորվեց Արցախ օգնության: Յուրաքանչյուր ոք պարտավորված էր զգում օգնություն ցուցաբերել մարտում գտնվող զինվորներին: Եվ այդ իսկ պատճառով «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց Ձորի թեմի հետ միասին կազմակերպեց օգնության հավաք՝ սահմանում գտնվող և մեզ պաշտպան կանգնած հերոսների համար: Օգնությանը միացավ նաև Վայոց Ձորի ակտիվ և սրտացավ բնակչությունը:

Այդ լարված իրավիճակում փորձելով իմ օգնությունը ցուցաբերել, ինձ խորհուրդ տվեցին փոքրիկ բարեմաղթանքներ գրել և գցել արկղերի մեջ: Անկեղծ ասած, ինձ թեթևացած զգացի այդ իրավիճակում թեկուզ փոքրիկ օգնություն ցույց տալու համար:

Ես կարծում եմ, որ մեր հերոսները շա՜տ կուրախանան:

Հ.Գ. Դուխներդ չգցեք, դուք մենակ չեք:

Անհնարին երազանք

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Այսօր  գրականության  ժամին  խորասուզված Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններն» էի կարդում, ու  հանկարծ մտքովս  անցավ  ուսուցչուհուս հարցնել, թե ի՞նչ նորություն կուզենար, որ լիներ մեր գյուղում: Ու նա ասաց, որ կցանկանար անվանի դերասաններ գային մեր գյուղ` Կալավան, ու զրուցեին մեզ հետ իրենց դերասանական արվեստի մասին: Պատմեին կինոյից կամ թատրոնից: Ու վերջում ասաց` գոնե տարին մեկ անգամ: 

Ես սկսեցի մտածել ու երազել այդ մասին: Մտքովս անցան մեր դպրոցի երեխաները՝ Դիանան ու Էդուարդը, որոնք լավ դերասանական տվյալներ ունեն ու մեծ հաջողությամբ կարող են տաղանդավոր դերասաններ դառնալ: Պատկերացրեցի, թե ինչպես կզրուցեին անվանի դերասանների հետ, որոշ խորհուրդներ կստանային: Նույնիսկ կարող էինք փոքրիկ ֆիլմ նկարել մեր գյուղի մասին: Իսկ հետո սթափվեցի ու հասկացա, որ դա ընդամենը երազանք է, իրականությունից շատ հեռու:

Ղուշիկ տատը

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Չիլինգարյանի

Ղուշիկ տատը մեր գյուղի՝ Ջուջեւանի «խորհրդարանի» նախագահն է: Ղուշիկ՝ մի քիչ զարմանալի անուն է, չէ՞: Նրա իրական անունը Վարդանուշ է, բայց նրան ընկերուհիները Ղուշիկ են ասում, քանի որ նա երիտասարդ ժամանակ գեղեցիկ է եղել, և ամուսինը նրան համեմատել է ղուշի (աղավնի) հետ, և այդպես էլ նրա անունը մնացել է Ղուշիկ: 

Ղուշիկ տատը գյուղում շատ հայտնի է: Նա գիտի և՛ գյուղի, և՛ Հայաստանի, և՛ աշխարհի բոլոր նորությունները: Նրանց տունը շատ մոտ է մեր տանը: Եվ եթե ինձ ինչ-որ բան է հետաքրքրում, ես նրան եմ դիմում: Հաճախ նաև նստում եմ մեր պատշգամբում և լսում նրան: Մի անգամ նա ինձ պատմեց, որ Սուրբ Սարգսի օրը  իրեն տվել են աղի բլիթ, որպեսզի ուտի և երազ տեսնի: Երբ առավոտյան արթնացել է, ասել է.

-Աղչի, էդ աղի բլիթը կերա, էրազումս մի խումբ իշան (ավանակ) զռռալով էկան, անց կացան առաջովս…

Նրա մշտական «նստավայրը» իրենց պատշգամբում գտնվող թախտն է, որի շուրջը հավաքվում են գյուղի տատիկներն ու սկսում են զրուցել: Նրանք զրուցում են ամեն ինչի մասին: Քննարկում են գյուղում ապրող յուրաքանչյուր ընտանիքի մասին: Քննարկում են սահմանին տիրող իրավիճակը: Ինչպես սիրում են ասել, մեր գյուղացիները` «պարապ ժըղովուրդ»:

-Բա իմացա՞ր, Շավաշը եդ էկավ:

-Հա, իմացա, եկել էր ինձ տենող, ջահելացել էր:

-Էնա տղեն կգա` հետը կտանի, թէ չէ, մընըմ ա ստի, ի՞նչ անի:

-Գուլգազն էլ մեռավ:

-Հա… Նա էլ գնաց:

-Ասին` ուզըմ են բասեինը սարքեն, հա՞:

-Հա, արդեն սարքըմ են:

-Էրեկ ջրերը կտրել էին, տանը մի կաթիլ ջուր չկար: Էրեխին ասի, գնաց նավիցը բերուց:

-Օ, բա իմացա՞ր, Ղարաբաղ ինչ ա կատարվըմ: Հավաքնին սկսել ա: Էրեկ տելևիզրն ասավ:

-Հա, հա, իմացա, էս ո՞նց տի ըլի:

Եվ խփում է ծնկներին:

-Ես ի՞նչ գիդեմ, թե ասա` ի՞նչ եք ուզում էս խեղճ ժողովրդիցը: Մեր գեղիցը ահագին էրեխա կա ընդի:

Եվ այսպես շարունակ: Դե, ինչ անենք, ես է Ղուշիկ տատի «մասնագիտությունը»:

Մենակ թե քննարկելու թեման թող պարզ բաներ լինեն. ջուրը, հարևանի ջահելանալը, լողավազանը…

meri vardanyan hrazdan

16 տարեկանում

Ամեն դեռահասի համար գալիս է այնպիսի տարիք, երբ հարց է ծագում, թե ով է ինքը: Երբ ես ինձ այդ նույն հարցը տվեցի, չկարողացա գտնել հստակ պատասխան: Ես կարող էի ասել` ես Մերին եմ, իսկ հետո՞…

Հիմա ես կարող եմ ասել, որ մեկն եմ, ով ունի նպատակներ, երազանքներ: Ուզում եմ լինել մեկը, ով կփոխի ինչ-որ բան այս աշխարհում: Ես դեռահաս եմ, ով փորձում է վարդագույն ակնոցներով նայել սև ու սպիտակ պատկերներին: Ով փորձում է իրեն գտնել ինչ-որ ոլորտում, փորձում է հաստատվել: Փորձում է հասնել այնպիսի բարձունքների, որոնք այնքան մշուշոտ են թվում: Ես հաճախ վախենում էի լինել այնպիսին, ինչպիսին որ կամ, բայց հիմա ես ոգեշնչվում եմ իմ ընկերներով:

Եվ վերջապես, ես դեռահաս եմ, ով կանի անգամ խենթություններ, չարաճճի քայլեր, հետո կմտածի արարքի լրջության մասին և կքաղի շատ դասեր այս կյանքից:

Ինձ սկսել է հուզել անտարբերությունը մարդկանց մեջ: Երբ մարդիկ կարող են տեսնել ուրիշի ցավը, բայց օգնելու փորձ անգամ չանել: Երբ հարազատի համար մեկ է, թե ինչ վիճակում է իր համար թանկ մարդը: Երբ մարդը ստեղծել է «մի աշխարհ», որի սահմաններից չի ցանկանում դուրս գալ, որովհետև վախենում է մարդկանց կարծիքներից: Մենք ենք ստեղծում այդ չորս պատը, որտեղ էլ մեզ պարփակում ենք: Մենք դարձել ենք վախկոտ և չենք նայում կյանքին պարզ աչքերով:

Եվ հենց այս ամենից էլ առաջ է գալիս անտարբերությունը: Ես ցանկանում եմ, որ մարդիկ մտածեն իրենց համար թանկ մարդկանց մասին, չվախենան ցույց տալ իրենց զգացմունքները, չվախենան խախտել իրենց «աշխարհի» սահմանները, միգուցե  սահմաններն ու օրենքները դրված են խախտելո՞ւ համար…

լուսինե կարապետյան

Մենք ներկա ենք, մենք ներկան ենք, մենք ներկան ենք լինելու…

Աչքերդ էլ ամուր կապես, ականջներդ էլ փակես, ակնհայտ է, որ սահմանում իրավիճակը լարված է: Թե այս օրերի ամբողջ ինֆորմացիան, որ բաց աչքով տեսել ու լսել եմ, հավաքեմ, ձայնապնակ դարձնեմ լացերի, զոհվածների անունների կողքին, մի մեծ չափով կլսեք սնունդ հավաքելու, արյուն հանձնելու, ջոկատներ հավաքագրելու կոչեր: 

Մենք կարողանում ենք կարեկցել ու լինել մեկս մյուսի կողքին: Երևի բնույթով ենք այդպիսին. տխրության դեպքում այնպես արագ ու այնպես ամուր ենք միանում, միգուցե ոչ միայն հային, այլ ամբողջ մարդկությանը բնորոշ հատկություն է դա: Միգուցե…
Այն միտքը, որ մենք` երիտասարդներս, մեր երկրի ապագան չենք, այլ մենք մեր երկրի ներկան ենք, զգոնացնում է, պարտվածի հոգեբանությունից կորացած մեջք է ուղղում, հստակ ու հպարտ քայլելու հնարավորություն է տալիս: Ներկա, որի համար մեր եղբայրները, ընկերները` վտանգելով իրենց կյանքը, մտածում են ոչ միայն մեր ներկայի, այլ ապագայի մասին, որն էլ շուտով ներկա պիտի դառնա: Հայերի սերնդափոխությունների մեջ պատերազմը իր ուրույն տեղն ունի, «իսկ եթե այնպեսներ» ու «իսկ եթե այսպեսներ» չեն ընդունվում, պատմությունը «իսկ եթե»-ներ չի սիրում, մենք էլ մեր ներկա լինելով պատմություն ենք դառնում, մեր պատմության նոր էջերը գրում:
Հայրս ամբողջ Արցախյան պատերազմը իր մեջ կրած մարդն է, իր խոսքերը, պատմությունները ավելին են պատմել ինձ պատերազմի մասին, քան բոլոր գրքերն ու պատմվածքները: Հետաքրքիր է, մեկ պատերազմ տեսած սերնդի բնորոշումն ու կարծիքը հասունացող պատերազմի մասին: «Պատերազմում մեղր չեն բաժանում: Պատերազմ է, կռվում ենք,կամ պիտի հաղթենք կամ պարտվենք, կամ էլ` «նի չիյա», ոնց ասում են: Մեր համար հաղթանակն էլ պարտության պես բան է լինելու, քիչ ենք, պետք չէ»: Էլ չշարունակեցինք, երկուսս էլ հուզված էինք:
Հիմա կարող է ասածս խայթող հնչի նրանց համար, ով իր` սահմանին գտնվող եղբորից, ընկերոջից կամ ինչ-որ հարազատից նորության են սպասում, բոլոր նրանց, ովքեր անիմաստ են համարում նորությունները, որոնք կապ չունեն սահմանի լարված իրավիճակի հետ: Պատերազմը բարդ երևույթ է, թե’ ելքերով, թե’ ընթացքով: Պատերազմի ելքերից ամենացանկալին ու նպաստավորը հաղթանակն է, որին տենչում են երկու կողմերն էլ: Ճիշտ է, հաղթանակը լայն առումով կապված է սահմանին տիրող իրավիճակից, գրաված հողերից, տրված քիչ զոհերից, բայց չպետք է բացառել նաև մեր առօրյային անցնելու ու ամենքս իր գործով երկրի զարգացմանը նպաստելու, մեր հայրենասիրությունը այդպես ցուցաբերելու փաստը:

Մեր կայքը նույնիսկ խաղաղ ժամանակ հրատարակում էր նաև սահմանամերձ գյուղերում գտնվող մեր պատանի թղթակիցների հոդվածները` կապված խաղաղության ու պատերազմի, սահմանի առօրյայի ու պատանիների ապագայի մասին: Իսկ այսօր առավել քան հրամայական է դառնում. Ապրել և արարել, տեսնել մեզ հուզող խնդիրներն ու մեր ձայնը բարձրացնել: Չէ որ հայրենիքը սկսվում է մեզնից, մեր գյուղից, քաղաքից, բակից, մեր ընտանիքից, մեր դպրոցից ու համալսարանից, մեր ընկերներից ու քույր-եղբայրներից: Չխոսել մեզ հուզող խնդիրների մասին, նշանակում է` չընդունել, որ մենք ենք տերը մեր երկրի ու մենք ենք ներկան:

Մենք ներկա ենք, մենք ներկան ենք, մենք ներկան ենք լինելու: