Դե, ինչպես գիտեք ես Պատանի թղթակիցների ցանցի անդամ եմ և նյութ էի ուղարկել «Տատս ու պապս» վերնագրով, որը Վարդուհի տատիս ու Լևոն պապիս մասին էր: Ուղարկելուց մի քանի օր հետո կայքում տեսա իմ նկարը ու նյութը և շատ ուրախացա: Կանչեցի մայրիկիս ու հայտնեցի, որ տեղադրել են, մայրս նույնպես շատ ուրախացավ:
Հաջորդ առավոտյան սովորականի պես գնացի դպրոց: Բոլոր ընկերներս ոգևորված սպասում էին ինձ, և ունեին մի շարք հարցեր իմ համար պահած:
Դասերս ավարտելուց հետո գնացի տուն, ու մայրս տեղեկացրեց, որ գնալու ենք Ոսկեպար՝ տատիս ու պապիս տուն:
Տատիս ծննդյան օրն էր: Տատս շատ ուրախացավ մեզ տեսնելով:
Ես ու քեռուս կինը սեղան գցեցինք, քեռին գնաց խորոված անելու: Նստեցինք սեղանի շուրջ, զրուցում էինք, ու հանկարծ մայրս հայտնեց տատիս նյութի մասին:
Բոլորը ուրախացան ու շնորհավորանքներ հղեցին ինձ, չէ՞ որ դա իմ առաջին աշխատանքն էր, որը տեղ էր գտել 17.am-ում:
Հարազատներս ոգևորված պահանջում էին, որ կարդամ իրենց համար:
Սկսեցի կարդալ:
«Գարնանային արևոտ օր էր…»,- ամեն նախադասությունը ավարտելուց հետո տատս խորը շունչ էր քաշում ու արտաբերում:
-Հա՛, դուզ ա:
«Կոկոլի առաջ երևաց տատս՝սպիտակ մազերի երկար հյուսով,- շարունակում էի կարդալ, ու մի պահ բոլորս լռեցինք ու ակամա նայեցինք տատիս մազերին: Էլ չկար այդ երկար սպիտակ հյուսը: Դրա փոխարեն կարճ սանրվածք էր, որը նույնիսկ ուսերին չի հասնում:
Շարունակում եմ կարդալ: Բոլորը լուռ են, միայն տատս ու պապս անընդհատ նշում են գրածիս ճիշտ լինելու փաստը:
«Հիմա արդեն մեկ տարի է անցել: Չնայած տատս ու պապս մեկ տարով էլ են ծերացել, բայց այն նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ էլ պատրաստվում են այս տարվա մեծ ուղևորությանը՝ դեպի Չալտաշ, այն փոքրիկ կոկոլը, Պոպոզ խաշը, որտեղ շատ ու շատ ուրախ ու տխուր օրեր են անցկացրել միասին»,- կարդալով նյութի վերջին տողերը, մի պահ հետ շրջվեցի ու տեսա տատիս՝ մաքրում էր արցունքները:
Արտասվում էր ու հասկանում, որ մի տարով էլ է ծերացել, ու արդեն հետևում են այդ ուրախ ու տխուր օրերը:
Ծանր օրեր ապրեցինք: Հայոց աշխարհը փոթորկված է, սակայն հայ ժողովուրդը ոտքի է կանգնել: Անհրաժեշտ է օգնություն:
Այդ լարված իրավիճակում փորձելով իմ օգնությունը ցուցաբերել, ինձ խորհուրդ տվեցին փոքրիկ բարեմաղթանքներ գրել և գցել արկղերի մեջ: Անկեղծ ասած, ինձ թեթևացած զգացի այդ իրավիճակում թեկուզ փոքրիկ օգնություն ցույց տալու համար:

Հ.Գ. Դուխներդ չգցեք, դուք մենակ չեք:














Ուզում եմ մի քիչ գրել մեր ժամանակների երեխաների մասին:
Գարնան պայծառ օր է, տանը նստած եմ անբաժան ընկերոջս՝ շտեմարանիս առաջ, մեկ էլ՝ հեռախոսիս զանգը: Պատասխանում եմ, քրոջս կանչում են խաղի: Որոշում եմ ես էլ գնալ լուսանկարելու, վերցնում եմ տեսախցիկս ու արագ դուրս վազում: Տնից դուրս եմ գալիս 10-15 րոպե հետո վերադառնալու և պարապմունքս շարունակելու մտադրությամբ, բայց Սայադիկենց բակի կախարդանքն ինձ վրա էլ է ազդում, և ես մնում եմ ու սկսում խաղալ, մոռանալով անգամ շտեմարանիս մասին: Քիչ-քիչ խաղացողների թիվը շատանում է, հասնելով շուրջ 20-ի: Այդտեղ երևի խաղացած կլինեի մեկ էլ այն ժամանակ, երբ քրոջս տարիքին էի՝ 2-3 տարի առաջ:
Թվում է, թե ամեն ինչ հիանալի է, բայց… Ուժեղ պայթյունի ձայն, որ սովորական է սահմանապահ Կոթիի թե՛ մանուկ, թե՛ մեծ բնակիչների համար: Պայթյունի ձայնը լսվելուց անմիջապես հետո, մեզ տուն կանչելու մտադրությամբ տնից վախեցած դուրս է գալիս Սայադիկի մայրը՝ Ալլան, բայց տեսնում է, որ մեր շարքերում ոչինչ չի փոխվել, որ մենք կրկին խաղում ենք նույն ոգևորությամբ, ինչ կրակոցներից առաջ, ու մի քիչ մեր խաղին նայելուց հետո, կրկին մտնում է տուն:
Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ նրանց ոչինչ չպատահի, որ ամեն բան լավ լինի: Քիչ անց՝ էլի կրակոց, ու մենք ստիպված ամեն մեկս մեր տուն ենք գնում: Ճանապարհին տեսնում եմ գյուղ եկող պաշտպանության նախարարության մեքենաներ, որ սովորականից շատ ավելի արագ էին ընթանում, հետո՝ առաջին օգնության մեքենա, հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Քիչ անց էլ իմանում եմ, որ Կոթիի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Պտղավան գյուղի 32-ամյա բնակիչ Աշոտ Ռևազյանը: Ընդամենը մի քանի րոպեում իմ չափազանց բարձր տրամադրությունը կարծես հօդս է ցնդում: Եվ իմ այդչափ ուրախ օրը դառնում է ինձ համար ամենատխուրներից մեկը: