davit aslanyan

Ընտրության հնարավորություն

Այսօր ավագ սերնդից շատ ենք լսում, թե մենք` պատանիներս, ծույլ ենք և մեր առջև նպատակներ չենք դնում: Համամիտ եմ, որ շատ տեղերում պարզապես ծուլություն ենք անում, բայց մյուս կողմից էլ` տեղեկատվությունն ու հնարավորությունները անհամեմատ մեծ են իրենց պատանեկության տարիների համեմատ: Ընտրություն կատարելը դժվար է: Դե, առաջարկն է մեծացել, ու առաջարկը մեծացել է ամեն ինչում:
Եթե մեր ծնողների պատանեկության տարիներին մտածում էին. Մոսկվա, թե Սոչի, այսօր մեզ համար բաց են նաև Լոնդոն, Միլան, Ստոկհոլմ, Նեապոլ և այլ քաղաքներ տանող ճանապարհները:
Եթե այն ժամանակ հնարավորություն ունեիր սովորելու մի երկու լեզու, հիմա կարող ենք ուսումնասիրել ցանկացած լեզու հենց մեր հեռախոսից: Մասնագիտական կրթության առաջարկներն էլ համալսարանների հետ ավելացել են: Մի համալսարան միջազգային դիպլոմ է առաջարկում, մյուսը` պրակտիկա Եվրոպայում, երրորդը` ճանաչված է որպես լավագույն կրթական հաստատություն:
Դե, էլ մասնագիտական առաջարկների մասին չեմ խոսում. ստանալ իրավաբանական կրթություն և ստանալ փաստաբան աշխատելու իրավո՞ւնք, թե՞ հաճախել իրավաբանական դասընթացների ու ստանալ նույն իրավունքը:
Երևի այս բազմազանությունն էլ հաճախ շփոթության պատճառ է դառնում, ու մենք էլ` անփորձ ու հաճախ անվստահ, մինչև մտածում ենք, թե ինչ անել` անելու ժամանակ չի մնում: Միակ բանը, որ պարզ է բոլորիս, այն է, որ պիտի կողմնորոշվենք արագ: Ինչքան արագ` այնքան լավ: Բայց չմոռանանք նաև ճիշտ որոշում ընդունելու մասին: Հաճախ արագությունը հանգեցնում է անփութության:

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր

Ինձ անհանգստացնում է անտարբերությունը սահմանում ապրող բնակչի ու սահմանը պահող մեր զինվորների նկատմամբ: Քաղաքում ապրող մարդիկ երբեք չեն հասկանա մեզ, թե ինչ պայմաններում ենք ապրում` ամեն վայրկյան վախի, սարսափի, կյանքդ կորցնելու վտանգի տակ: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք մեզ չեն հասկանում, բայց կցանկանայի, որ անտարբեր չլինեին, հոգեպես ուժ տային: Մենք ունենք, իհարկե, շատ խնդիրներ, բայց երբ հասկանում ես, որ միայնակ չես, դա ուրիշ զգացում է: Օրինակ` շատ էի վիրավորվել, երբ երեխաների պաշտպանության օրը ոչ մի կազմակերպություն կամ անհատ անձ չեկավ մեզ շնորհավորելու: Շատ վիրավորական էր: Կուզենայի, որ գնահատենք սահմանում ապրող կամ սահման պահող մարդկանց: Եկեք գնահատենք…

Մերի Ավագյան


Ես սիրում եմ զբաղվել արվեստով և ֆուտբոլով, բայց ռմբակոծությունները մեզ չեն թողնում զբաղվել սիրած գործով, խաղալ: Թշնամին նույնիսկ չի թողնում այգեգործությամբ զբաղվել: Մեր դասարանում սկզբում տասնմեկ հոգի էինք, որից երեքը ռմբակոծության պատճառով հեռացել ենք գյուղից:
Թեև մենք ապրում ենք սահմանամերձ գյուղում, բայց չենք ցանկանում հեռանալ մեր գյուղից: Այս վերջերս մեր գյուղում շատ վատ դեպք է տեղի ունեցել. կրակոցից զոհվել է խաղաղ բնակիչը:

Էրիկ Վարդանյան

Ես ապրում եմ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ինձ մտահոգում են կրակոցները: Մարդիկ ամեն րոպե սպասում են, որ պիտի կրակոց լինի: Ուրիշները կրակոց բառը չեն հասկանում: Տարբեր տեղերից մարդիկ գալիս ասում են, որ չվախենանք, ամեն ինչ լավ կլինի: Մարդիկ մտածում են, թե գյուղերից մարդիկ փախնում են, բայց չեն հասկանում, որ գյուղացիները իրենց կյանքի մասին են մտածում: Նույնիսկ վախենում են իրենց տանը գիշերել:

Գագիկ Աբազյան


Մեր գյուղում յուրաքանչյուր տարի դպրոցի երեխաները պակասում են, աշխատատեղեր չկան: Եթե առաջ այլ երկիր աշխատելու միայն տղամարդիկ էին գնում, հիմա ընտանիքներով են գնում: Բայց այս դժվար իրավիճակի մեջ կան նաև լավ կողմեր: Մեր գյուղին օգնում են մի շարք կազմակերպություններ: Վերջերս դպրոցը վերանորոգել են, մանկապարտեզի մոտ պաշտպանիչ պատ են սարքել: Հուսով եմ նաև ձեզ մոտիկից կճանաչեմ և կհարստացնեմ իմ գիտելիքները:

Հայկ Առաքելյան

Գյուղում լինում են կրակոցներ, երբ մարդիկ դրսում են, աշխատանքի վայրում: Սեպտեմբերի երկուսին կրակոցների հետևանքով ականներից մեկը ընկել է մեր տուն, դրա անունը «ականանետ» է, դա շատ մեծ զենք է: Տան մեջ պայթել է ականը: Վնաս շատ է եղել, բայց լավ է, որ այդ սենյակում ոչ ոք չի եղել:
Գյուղում կյանքը շատ հետաքրքիր է, բայց եթե կրակոցներ չլինեն, շատ լավ կլինի: Դպրոց գնալիս մենք վախենում ենք, որովհետև կարծում ենք, թե կրակոց կլինի: Դասի ժամանակ էլ ենք վախենում: Սահմանը շատ մոտ է թուրքերի դիրքին: Կրակոցների հետևանքով մահացել է 61-ամյա մի տղամարդ: Ականի բեկորը հարվածել է նրա սրտին, նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացել է:

Անի Լալայան

Այստեղ շատ են լինում կրակոցներ, բայց մենք շատ հաճույքով ենք գալիս դպրոց:: Կրակոցների ժամանակ նաև զոհվել են խաղաղ բնակիչներ Պառավաքար և Բերդավան գյուղերում: Մեր գյուղում էլ է խաղաղ բնակիչ զոհվել: Հակառակորդը այնպիսի դիրքում է գտնվում, որ կրակում է մի քանի գյուղերի վրա` Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Պառավաքար, Մովսես և մի քանի այլ գյուղեր: Ես ամեն օր քնելուց աղոթում եմ, որ ավարտվի այս պատերազմը և խաղաղություն տիրի ամբողջ աշխարհում: Կրակոցների ժամանակ նաև մեր տունն է վնասվել: Այդ կրակոցների հետևանքով մենք գնում ենք ուրիշ գյուղ, բայց էլի հետ ենք գալիս: Ես երբեք չեմ հեռանա իմ հայրենի գյուղից: Հույս ունեմ ամեն ինչ շուտով կավարտվի:

Մանե Չոբանյան

Իմ եղբայրը երգիչ է


Իմ եղբայրը` Վրեժ Ճղրիկյանը, երգիչ է: Ես ուզում եմ ձեզ պատմել նրա մասին:
Մենք արմատներով Ալաշկերտից ենք, մեր պապերը գաղթել են Ալաշկերտի Խորաբերդ գյուղից և հաստատվել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Այսօր եղբայրս երգում է ազգագրական երգեր, և ինչպես ինքն է ասում, երևի մեր նախնիների շունչն է իրեն փոխանցվել: Մանկուց լսում ու սիրում էր ազգագրական երգեր, դրանք միշտ իրեն հոգեհարազատ են եղել:

-Վրեժ, կպատմե՞ս, թե ինչպես երգիչ դարձար:

-Միջնակարգ կրթություն ստանալուց հետո մասնավոր սովորել եմ ազգագրական երգեր, այնուհետև ընդունվել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Հիմա էլ երկրորդ կուրսում եմ:
Երեք տարեկանից սկսել եմ երգել: Նաև ասեմ, որ ձայնային կարողությունս ժառանգել եմ պապիկիս հորից: Ասում են, նա շատ լավ է երգել: Շատ եմ լսել ուրիշ ժանրերի երգեր, բայց միայն ու միայն ազգային երգն է իմ մեջ տպավորվել:
Մասնակցել եմ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, հետո Վլադիմիր Սպիվակովի կազմակերպած փառատոնին, որը կայացել է Մոսկվայում, և ես երկու անգամ ներկայացրել եմ Հայաստանը:

-Կպատմե՞ս քո առաջին համերգի մասին:

-12 տարեկան հասակում եմ առաջին անգամ հանդես եկել հանրության առաջ: Կարծում եմ, այս տողերը կարդացողներից շատերը ինձ կհիշեն իմ մանուկ հասակից:

-Ինչո՞ւ հենց ազգագրական երգեր:

-Մեզանից յուրաքանչյուրը պետք է սիրի իր ծնողներին, եղբորը, քրոջը, սիրած էակին, իր երեխաներին: Հայրենիքը հենց սա է, իսկ ազգագրական երգը սովորեցնում է սիրել հայրենիքը: Ես ինձ չեմ պատկերացնում ուրիշ ժանրում:

-Հնարավո՞ր է Հայաստանում երգելով գումար վաստակել:

-Հնարավոր է, եթե ճիշտ աշխատես: Այսօր երգիչներ կան, որ գումարով անուն են ձեռք բերում և վազում են միշտ գումարի հետևից: Իմ կարծիքով դա սխալ է. երգիչը պետք է երգի իր ժողովրդի համար, ու այդ ժողովուրդն էլ հաստատ կվճարի երգչին իր լավ կատարման համար:
Ոչ միայն երգիչը, այլ ցանկացած արվեստագետ իր արվեստով պետք է հուզի հասարակությանը:

-Արդյոք երիտասարդները հիմա լսո՞ւմ են ազգագրական երգեր:

-Իմ կարծիքով, այո: Ամեն ժանր իր երկրպագուն ունի, ազգայինը՝ նույնպես: Ազգագրական երգը շատ պահանջված ու սիրված է թե մեծահասակների կողմից, և թե երիտասարդների:

-Ուզում ես միայն ազգագրական երգե՞ր երգել, թե՞ գուցե նաև ժողովրդական, գուսանական, ռաբիս:

-Ամեն մի երգիչ պետք է ունենա իր ժանրը և չպետք է շեղվի, ես երգում եմ նաև գուսանական և աշուղական, բայց ոչ բեմերում, այլ մեր փոքրիկ խնջույքների ժամանակ: Իսկ ռաբիսի մասին խոսք չկա, ընդհանրապես չեմ երգում:

-Հիմա մեր հասակակիցները շատ են դժգոհում, որ աշխատանք չկա, անհնար է մեր երկրում կայանալ: Դու ի՞նչ ես մտածում այս մասին:

-Եթե լինենք ուժեղ, նպատակասլաց ու խելացի, ճիշտ դասավորենք մեր կյանքը, ապա կհասնենք հաջողության:

Դառնալ լրագրո՞ղ, թե` ոչ


Անընդհատ մտածում էի մի կարևոր հարցի շուրջ. ինչ մասնագիտություն ընտրել: Երկու տարի էր, չէի կողմնորոշվում, բայց երկար մտածելուց հետո որոշեցի լրագրող դառնալ: Այդ երկու տարվա ընթացքում ծնողներս ինձ միշտ ասում էին, որ ես արդեն մեծ եմ, պետք է կողմնորոշվեմ և ճիշտ մասնագիտություն ընտրեմ: Ես արդեն որոշել էի և հայտնեցի այդ մասին ծնողներիս: Հայրիկս ինձ միշտ ասում էր, որ ես պետք է կամ բժիշկ դառնամ կամ` ուսուցչուհի, մինչդեռ այդ մասնագիտություններից ոչ մեկը ես չեմ սիրում: Իսկ երբ մայրիկս իմացավ, որ լրագրող եմ ուզում դառնալ, ասաց.

-Աղջիկս, լրագրող դառնալը այդքան էլ հեշտ չէ:

Ես գիտեմ, որ ծնողները երեխայի լավն են ուզում և երբեք նրան վատ խորհուրդ չեն տա, բայց չէ՞ որ ինձ այդ մասնագիտությունն է դուր գալիս: Եվ ես կարծում եմ, որ մարդը հաճույքով է աշխատում, երբ իր սիրած գործն է անում: Մի պահ մտածում էի, որ գուցե այդ մասնագիտությունը ինձ համար չէ, և մի օր հարցրեցի տատիկիս.

-Տատ, քո կարծիքով ինձ համապատասխանո՞ւմ է լրագրողի աշխատանքը:

-Ես կարծում եմ, որ դու ծնվել ես լրագրող դառնալու համար:

Ես ուզում եմ լրագրող դառնալ, որովհետև իմ կարծիքով, այդ մասնագիտությունը ինձ համապատասխանում է, և այդ ոլորտում աշխատելով ես մեծ հաջողություններ կունենամ: Կարծում եմ, որ լրագրողը պետք է ինքնավստահ, անվախ, խելացի, համբերատար լինի և պրպտուն միտք ունենա: Այս հատկանիշներից որոշները ես ունեմ, մի մասն էլ դեռ պետք է ձեռք բերեմ: Ես համոզված եմ, որ դրանք կարող եմ ձեռք բերել աշխատասիրության և համառության շնորհիվ: Եթե լրագրող դառնամ, իմ շրջապատի համար էլ դա օգտակար կլինի: Կաշխատեմ միշտ լուսաբանել այն խնդիրները, որոնք հիմա տեսնում եմ իմ շրջապատում, սակայն այդ մասին ահազանգող չկա: Կգրեմ նաև այն ամեն լավի մասին, որոնց մասին հիմա չգիտես ինչու չեն գրում: Գուցե լավ լուրը չե՞ն համարում կարևոր: Իսկ դրա մարդիկ կյանքին կնայեն ավելի վառ գույներով,և կփոխեմ նրանց վերաբերմունքը կյանքի և միմյանց հանդեպ, կոգեշնչեմ` լավ մարդկանց ու լավ արարքների մասին պատմելով:

Հիշում եմ, երբ փոքր էի մեր հարևան Աղավնի տատիկը միշտ ասում էր.

-Դու որ մեծանաս` լրագրող ես դառնալու, մենք էլ հեռուստացույցով քեզ տեսնելու ենք:


Անկախ բոլոր դժվարություններից մարդ պետք է ամեն ինչ անի իր նպատակին հասնելու համար: Ես հաղթահարելու եմ բոլոր դժվարությունները, կոտրելու եմ բոլոր կարծրատիպերը և լրագրող եմ դառնալու:

Մեր պապերի ժառանգությունը

Սովորական առավոտ էր, որը չէր տարբերվում մյուս առավոտներից: Ինչպես միշտ ես արթնացա, և ինչպես հայրս է սիրում ասել` «ունքերս խառնած», լվացվեցի և սկսեցի պարապել: Ոչ մի ծրագիր չունեի օրվա համար, սակայն լսվեց մայրիկի ձայնը.

-Հագնվե՛ք, տեղ ենք գնում:

Անակնկալի գալով ես ու քույրս արագ հագնվեցինք և նստեցինք ավտոմեքենան:

Ճանապարհից հասկացա, որ Դիլիջանի ուղղությամբ ենք գնում, շատ եմ սիրում այդ ճանապարհը: Մեքենան արգելակեց, և մեզ ասացին, որ մնացած ճանապարհը ոտքով ենք բարձրանալու:

Ես ուրախացա, քանի որ շատ եմ սիրում ընտանիքիս հետ արշավների գնալ: Բարձրանում էինք կածաններով, ծառերին ուշադիր նայելով, ընտանիքով լուսանկարվելով, բայց դեռ չգիտեի, թե սարի գլխին ինչ կար:

Ճանապարհը երկար էր, բայց հոգնածություն չէի զգում: Հանկարծ կանգ առանք, և մայրիկը ասաց.

-Ահա՛, վերջապես տեղ հասանք:

Եկեղեցի էր, խոնարհված, սակայն նախշաքանդակներով պատված սյուները, կլոր կամարները, վեհ գավիթը հպարտ պատմում էին, թե որքան գեղեցիկ է եղել Կարմիր եղցի եկեղեցին:

Մայրիկը պատմեց, որ մեր առջև Կարմիր եղցի կամ Գետկավանք վանական համալիրն է: Կառուցել է Մխիթար Գոշը` 9-12-րդ դարերում: Ըստ պատմական վկայությունների, շրջակայքում գյուղեր են եղել: Եկեղեցին ավերվել է երկրաշարժից, այնուհետև թալանել և քանդել են մոտակայքում ապրող ազերիները: Այն գետնախորշով կապ է ունեցել դիմացի լեռան վրա կանգնած բերդի հետ, հիմա միայն բերդի ավերակներն են երևում: Սիրտս լցվեց տեսնելով այդ հրաշքը ամայի. լքված, պատված տատասկներով և փշերով: Ներս մտնելով ես կարծես լսեցի զանգերի ղողանջը, վանահոր աղոթքը իր փոքրիկ խցում, սակայն սարսռացի, տեսնելով, թե ոսկի որոնողները ինչպես էին քանդել խցի հատակը, քարերը ջարդել: Մայրս նկատեց,որ մի երկու ասեղնագործ խաչքարեր էլ չկան: Չնայած դրան քարերը լուռ խոսում էին, թե որքան գեղեցիկ են եղել իրենք, որքան մարդկանց աղոթք են լսել, որքան հայի շուրթեր են համբուրել իրենց: Դարերից եկած ամուր պատերը մեր պատմության խոսուն վկաներն էին, որքան ամուր են նրանք, որ դիմացել են այդքան արհավիրքներին:

Քիչ հետո ողջ ընտանիքով մաքրում էինք համալիրի շուրջ կուտակված աղբը: Այդքանը կարող էինք անել Աստծո տան համար: Շատ եմ ցավում, որ զբոսաշրջիկները փոխանակ խնամքով վերաբերվեն, աղտոտում են շրջակայքը, տեղահան անում քարերը: Քույրս հիշեց, որ այստեղ պահած իր երազանքը կատարվել է, իրոք հրաշք: Վերադառնում էինք լուռ ու տխուր, բայց և հպարտ մեր նախնիների թողած ժառանգությամբ: Հուսամ գոնե մեր սերունդը մի օր ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնի Գետկավանքը, և գուցե մի օր նրա զանգերը կրկին ղողանջեն:

 

Կյանքը սկսել նորից

1988-ին, երբ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը, Ադրբեջանում ապրող բազմաթիվ հայեր տեղահան եղան ու դարձան փախստական: Առաջին ջարդերը արդեն բոլորին հայտնի Սումգայիթ քաղաքում էին: Ադրբեջանից բազմաթիվ արտագաղթած ընտանիքներ վերաբնակվել են նաև մեր քաղաքում` Ամասիայում: Ուզում եմ ձեզ ներկայացնել նրանցից մեկի` Էլիզա Բարսեղյանի հետ իմ զրույցը:

-Որտե՞ղ էիք ապրում նախքան Հայաստան գաղթելը:

-Նախքան Հայաստան գաղթելը  40 տարի ապրել եմ Սումգայիթ քաղաքում:

-Ինչո՞վ էիք զբաղվում Ադրբեջանում:

-Աշխատել եմ շինարարական կազմակերպությունում, ֆինանսական բաժնի պետն էի:

- Ո՞ր թվականին եք գաղթել:

-1988 թվականի նոյեմբեր ամսին:

-Կպատմե՞ք մի քանի դրվագ, թե ինչպես եկաք:

-Դժվար էր, այնքան դժվար, որ հույս չկար, թե կարող ենք տեղ հասնել: Սումգայիթից եկանք Բաքու, որպեսզի այնտեղից գանք Հայաստան: Մենք 17 հոգի էինք մեր ազգով:

Մետրոն շրջապատված էր, տաքսիները վտանգավոր էին: Հայերին հանում էին ու սպանում: Ավտոբուսով եկանք երկաթգծի կայարան, այնտեղ տոմս գնեցինք, բաժանեցինք երեխաներին: Մի անկյունում կանգնեցինք, որ հանկարծ այդ զինված ամբոխը չհասնի մեզ, և այդպես մի քանի ժամ սպասեցինք գնացքին: Հայերեն խոսել չէր թույլատրվում, և այդպես լուռ սպասեցինք մեր գնացքին: Շարունակելով ճանապարհը, եկանք հասանք Ղազախ, և գնացքը կանգնեց կայարանում: Ղազախի կայարանում հավաքված մարդիկ  սկսեցին քարերով գնացքի ապակիները կոտրել: Թե ինչքան մարդ կար այդտեղ, չեմ կարող ասել, բայց նրանք շատ էին: Ուղեկցորդին ասացի, ինչքան մարդ որ պիտի նստի այս կանգառում, ես նրանց տոմսի փողը կտամ, միայն թե դուռը չբացեք: Ուղեկցորդը դուռը չբացեց: Ղազախում 1 կամ 1.5 ժամ կանգնելուց հետո գնացքը շարժվեց, եկանք հասանք Թբիլիսի: Թբիլիսիում նույնպես խնդիրներ եղան: Այնտեղ էլ էին ադրբեջանցիները շատ: Մի կերպ ազատվելով նրանցից, եկանք Գյումրի, իսկ այնտեղից եկանք Ամասիա:

-Իսկ ձեր երեխաները քանի՞ տարեկան էին:

-Մեծ որդիս 17 տարեկան էր, իսկ փոքրը`11 տարեկան: Ցավոք, հիմա ոչ մեկը Հայաստանում չէ: Աշխատանք չկար, մեկնեցին Ռուսաստան:

- Իսկ ինչո՞ւ հենց Ամասիայում որոշեցիք բնակություն հաստատել: Սումգայիթի համեմատ այստեղ շատ ցուրտ է:

-Ճիշտն ասած, մենք մեր տունը փոխանակեցինք ադրբեջանցիների հետ, որոնք Ամասիայում էին ապրում: Ադրբեջանցիները Ամասիայի տարածաշրջանում շատ էին, և միայն այստեղի հետ կարող էինք տունը փոխանակել:

-Բարեկամներ, ծանոթներ ունե՞ք, որոնք այնտեղ մնացին:

-Ոչ, ջարդերը տեսնելուց հետո ոչ մի հայ չմնաց, չնայած շատ հայեր էին այնտեղ ապրում:

-Իսկ ձեր մյուս բարեկամները ո՞ւր գնացին:

-Մեր բարեկամների մասը Արցախ տեղափոխվեց, մի մասը` Եղվարդ:

-Ինչպե՞ս ձեզ ընդունեցին Հայաստանում:

-Լավ ընդունեցին: Սակայն մի քանի օր էր, ինչ եկել էինք, դեռ սարսափներից ուշքի չեկած, երկրաշարժը եղավ: Էհ, արդեն ողջ ազգը դարձավ անտուն, սգավոր:

- Դժվա՞ր էր ամեն ինչ նորից սկսել:

-Այո, շատ դժվար էր, բայց ամեն դժվարություն փորձում էինք հաղթահարել:

-Ինչո՞վ եք զբաղվում հիմա:

-Հայաստան տեղափոխվելուց հետո աշխատել եմ բանկում, իսկ դրանից հետո 18 տարի էլցանցում էի աշխատում: Հիմա արդեն թոշակառու եմ:

-Տարբերվո՞ւմ էր այնտեղի կյանքը այստեղի կյանքից:

-Որ ճիշտն ասեմ, այնտեղ շատ լավ էինք ապրում, մեր բոլոր ազգականները մի քաղաքում էին ապրում, իրար միշտ տեսնում էինք: Աշխատանք ունեինք, ապահովված էինք ամեն ինչով:

-Իսկ մյուս ընտանիքները կարողացա՞ն ձեզ հետ եկածները հարմարվել:

-Մեծամասնությունը հարմարվեց և Հայաստանում մնաց, բայց մի մասը գնաց Ռուսաստան:

-Ձեր կարծիքով, կարո՞ղ են մի օր երկու երկրների ժողովուրդները հաշտվել:

-Չգիտեմ, երևի մի օր գա, որ հարթվեն այդ տարաձայնությունները: Հաշտվեն: Բայց երևի դրա համար էլ ժամանակ է պետք:

Զրույցը վարեց` Հարություն Հայրապետյանը

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Անպետք մտքեր

Ես շատ եմ սիրում մտածել, հատկապես քնելուց առաջ: Այդ ժամանակ գլուխս կյանքի համար կարևոր ոչ մի բանով չի զբաղվում, և այն դատարկ է: Այս դատարկությունը սիրում եմ լցնել տարբեր մտքերով, որոնք կյանքում պետք չեն: Եվ ամեն անգամ, երբ հերթական «փայլուն» գաղափարն է ծնվում, ասում եմ. «Երանի հարցնեին ինձ այս մասին»: Բայց ոչ ոք ինձ չի հարցնում: Կամ էլ հարցնում են, բայց չեն թողնում երկար խոսել, կարծես պատասխանը նրանց չի հետաքրքրում:

Ես մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր երկար ու զարմանալի բաներ են մտածում, բայց չեն կարողանում այդ մասին ուրիշներին պատմել, գրող են դառնում: Նրանք անպետք, բայց հետաքրքիր մտքերը դնում են իր գրածների մեջ: Ես էլ հիմա կգրեմ մի բան, որտեղ կան բաներ, որոնց մասին կուզենայի, որ ինձ հարցնեն կամ իմ մասին հարցեր տան:

Եվ այսպես, իմ պատմվածքի գլխավոր հերոսները՝ Ես-1 և Ես-2:

Սկիզբ չունի:

Միջին մաս՝ երկխոսություն Իմ-1 և Իմ-2-ի միջև:

Երկխոսություն՝

Ես 1-Այսօր շատ լավ օր է խոսելու համար, չե՞ս նկատել:

Ես 2- Ես էլ եմ ուզում խոսել տարբեր բաների մասին:

Ես 1-Իսկ ինչի՞ մասին:

Ես 2- Ուզում եմ խոսել այն բանի մասին, որի մասին կուզենայի, որ ինձ հարցնեն:

Ես 1- Լավ, հիմա կհարցնեմ… Ի՞նչ ես մտածում ամեն ինչ իմանալու մասին:

Ես 2-Բոլորը ամեն ինչ գիտեն, նաև, երբ ոչինչ չգիտեն: Ոչինչ բառը շատ հետաքրքիր իմաստ է արտահայտում: Մի կողմից, այն ոչինչ է, մյուս կողմից՝ բան է, բայց ոչ այն ամենը, որին կարող ենք ասել «ինչ-որ»:

Ես 1-Իսկ քո ասածը վերաբերվում է բոլո՞ր ժխտական բառերին:

Ես 2 -Այո՛: Իսկ հիմա ես քեզ մի բան կհարցնեմ: Իսկ Տաթևիկը, որը մեր մասին գրում է, ի՞նչ է սիրում անել:

Ես 1- Մտածել: Օրինակ՝ հիմա նա մտածում է, որ յուրաքանչյուր մարդ կազմված է երկու եսից՝ երկու փոքր եսից, որոնք իրար հետ խոսում են, օգնում են մարդուն մտածել…

Ես 2 – Իսկ ովքե՞ր են նրանք:

Ես 1-Չհասկացա՞ր, Տաթևիկի երկու փոքր եսերը մե՛նք ենք:

Ես 2- Ես-1-ը և Ես-2-ը նկատի ունե՞ս:

Ես 1- Այո՛:

Ես 2- Իսկ ի՞նչ ես կարծում, Տաթևիկը խոսեցրեց մեզ, որ մենք ասենք իր մտածածնե՞րը:

Ես 1- Այո, իսկ գիտե՞ս, Տաթևիկը ուզում է, որ մենք բոլորին ասենք…

Ես 2- Ես գիտեմ, ինքը արդեն ինձ էլ ասաց, որ ոչ ոք էլ իրեն չհարցրի այս բոլոր բաների մասին:

-Շնորհակալությո՜ւն,- ասացի ես իմ Ես 1-ին և Ես 2-ին, և այս երկխոսությունը վերջացավ:

Բան հասկացա՞ք: Բայց ես ասում էի, չէ՞, որ գիշերային մտքերը ոչ մի բանի պետք չեն:

Ընդամենը 400 մետր

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ինձ մտահոգում, հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կատարվում է իմ շրջապատում` թե լավը, և թե նույնիսկ վատը: Բայց հիմնականում ինձ մտահոգում է վատը, որովհետև ամեն օր հակառակորդի կրակոցների ձայնից ականջներս ցավում են: Երևի արդեն պարզ է. ես սահմանամերձ գոտուց եմ` Ներքին Կարմիրաղբյուրից: Մեր գյուղը գտնվում է հակառակորդի դիրքերից 400 մետր հեռավորության վրա: Քաղաքում ապրող մարդկանց համար այդ 400 մետրը բավական մեծ հեռավորություն է, բայց ավելի պարզ դարձնելու համար ասեմ, որ մեր տունը դպրոցից գտնվում է նույնպես 400 մետր հեռավորության վրա: Ինձ համար արդեն սովորական է, որ թշնամին այդքան մոտ է, բայց վախը միշտ իրեն զգացնել է տալիս:

Հիշում եմ, մի անգամ դասի ժամանակ սկսեցին կրակել դասասենյակի ուղղությամբ: Մենք դասարանից դուրս փախանք: Ու դրանից հետո ես ամեն անգամ նստելով այդ նույն դասասենյակում, չեմ կարողանում կենտրոնանալ դասերի վրա, որովհետև գրատախտակի փոխարեն նայում եմ դիրքերին:

Ամեն անգամ քնելուց առաջ աղոթում եմ ազգիս պաշտպանների համար: Ամեն առավոտ արթնանում եմ էլի աղոթքով, որ վատ լուր չստանամ: Ուզում եմ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ հայրենիքն սկսում է սահմանից, և մենք ոչ թե սահմանում ապրող մարդիկ ենք, այլ սահմանապահներ:

Ընդամենը 400 մետր…

 

Տավուշի մարզ, Ներքին Կարմիրաղբյուր