Արման Արշակ-Շահբազյանի բոլոր հրապարակումները

Աղվերանի մեդիա ճամբար. Ճամբարային օրագիր (օր առաջին)

Ահա  վերջապես եկավ հուլիսի 28-ը, ու  գնացինք  Աղվերանի մեդիա ճամբար: Մեդիա ճամբարի առաջին օրն էր:

Ընթրիք, կոնֆերանս դահլիճ, ծանոթություն օրակարգին, որտեղ 17:00-19:30-ի սահմաններում կար ֆիլմերի գաղափարների քննարկում, ինչն անց ենք կացնում ամբողջ «Մանանա» թիմով:
Ու էլի պարոն Արան իր սովորության համաձայն սկսեց խոսել իր հանդարտ խոսելաձևով, ու ամբողջ լսարանում տիրեց լռություն: Տիրեց լռություն, որ լսենք նրա հետաքրքիր ու ասույթներով համեմված ակնարկները:
Ինչպես միշտ, նա ոլորտին վերաբերող գիտելիքները մեզ փոխանցեց մտագրոհի միջոցով՝ հարցեր տալով: Մենք էլ, ոգևորված նրա պատմածներով, փորձում էինք առաջարկել ֆիլմի գաղափարներ:
Էկանք հասանք «դիվան բաշուն»:
Հերթը Կոտայքի թղթակիցներինն էր, քանի որ մենք, այսպես ասած, «տանտերեր» ենք: Որպես տեղանքին լավ ծանոթ մարդիկ՝ պետք է ֆիլմերի գաղափարներ ասեինք:Ու էլի սկսվեց ֆիլմի գաղափարներ առաջարկելը… Բայց, դե ինչ, վերջում գաղափարներից  մնացին քչերը ու գլխիվայր փոփոխված: Հրազդանի թղթակցի առաջարկը սկզբում թատրոնի շենքի մասին էր, որը վերափոխվեց մշակույթի տան գաղափարին և վերջում հանգեցինք հազվագյուտ և ինքնատիպ ոճով նկարչի մասին ֆիլմին:
Իսկ հիմա հերթը աբովյանցիներինն է: Սկզբում ուզում էին քաղաքում առկա երկու եկեղեցիների տարբերությունների մասին ֆիլմ նկարել, հետո դա քննարկման ընթացքում «խոտանվեց», ու հասկացանք, որ չարժե համեմատություն անել, այլ կարելի է նկարել Սբ. Ստեփանոս եկեղեցու հովիվ Տեր Մաշտոցի մասին:
Քիչ անց Նոր Հաճնն էր կապի մեջ: Հա, հա հիշեցի ֆիլմի գաղափարը: Թղթակցի տատը Բաքվի ջարդերի ականատեսն էր, առաջարկ կար նկարել տատին իր հուշերը պատմելիս:Հետո Չարենցավան, ու բոլորը վստահ սպասում էին, որ հրաշալի գաղափարներ ենք լսելու, ու ասեմ, որ այդպես էլ եղավ: Իմացանք Գյումուշի եկեղեցու մասին: Գյուղացիները, չիմանալով, որ եկեղեցին հին և կարևոր կոթող է, իրենց կարեցածի չափով նորոգել էին այն: Հա, ի դեպ, էս եկեղեցու պատմությունը լսելիս ես ակամա ցանկացա այցելել այն:

arman arshak-shahbazyan

Էլի սկսվեց Աբովյանի գիժ քամին…

«Էլի սկսվեց Աբովյան քաղաքի գիժ քամին…», – այս արտահայտությամբ է սկսվել և սկսվում ամառային ցանկացած երեկո մեր տանը, երբ արևի վերջին շողերն են ներթափանցում հյուրասենյակ։

Ա՜խ, եթե կարողանայի հաշվել, թե քանի անգամ է այդ անիծյալ քամին կտրել ինձ իմ մանկության հաճելի օրերից`բակում խաղալուց ու զբոսանքի գնալուց։ Եթե կարողանայի թվել, թե քանի անգամ եմ «Մամ, կլինի՞ իջնեմ դուրս… Մամ, կտանե՞ս այգի…», -հարցիս լսել` «Քամի ա, բալես: Վաղը»,- պատասխանը: Քանի ու քանի անգամ եմ մտքումս պատկերացրել ամառային օրերս առանց քամու։

Ու էլի ամառ, էլի քամի, սակայն հիմա քամին չի կարող խոչընդոտ հանդիսանալ իմ ամառային հրաշալի երեկոների։

Էլի հեռախոսս.

-Հա, Ռիփ, հիմա գալիս եմ,- ինչպես միշտ քույրս էր, կանչում էր զբոսնելու։

Ամեն անգամվա պես տանից դուրս գալուց լսեցի մամայի խոսքերը. «Տաք հագնվի, քամի ա»…

Վերցրեցի ականջակալներս, տաք հագուստ, չնայած վստահ լինելով, որ չեմ հագնելու, բայց… Բայց վերցրեցի, որովհետև մաման մտածում էր` կմրսեմ։ Ու էլի շտապեցի քույրիկի մոտ…

Միշտ ցանկություն եմ ունեցել քաղաքս տեսնել վերևից, «տեսնել» այդ գիժ քամուն, նայել նրա աչքերին ու ասել, թե ինչպիսի օրեր է խափանել իր այդ խենթությամբ:

-Արի բարձրանանք ինչ-որ տանիք, քաղաքը տեսնենք վերևից,- չգիտես ինչու մեխանիկորեն այս խոսքերը դուրս եկան բերանիցս զբոսնելու ընթացքում։ Երևի ինքս էլ գիտակցում էի, որ պատրաստ եմ առերես հանդիպել այդ գիժ քամու հետ:

-Ի՞նչ եղավ, ինչի՞ ես ուզում քաղաքը վերևից տեսնել,- զարմացած հայացք։

Ինչևէ, բարձրացանք տանիք։

Հիմա կանգնած եմ քաղաքի գրեթե ամենաբարձր կետում, նայում եմ քաղաքին, փողոցներով անցնող մարդկանց ու մեքենաներին, տեսնում քաղաքի ամենօրյա շարժը։ Բայց չէի գտնում այն, ինչ փնտրում էի, չէի գտնում գիժ քամուն։ Գտնելուց հետո վստահ էի` կնայեի նրա աչքերին, կնայեի համարձակ ու հաղթանակած ու կասեի, որ նա չկարողացավ հաղթել ինձ: Այսօր նա չի կարող ինձ համար խոչընդոտ հանդիսանալ։

-Էլի սկսվեց Աբովյանի գիժ քամին…

Բայց այժմ նա գլուխը կախ անցնում է իմ կողքով: Երևի երբեք չեմ հասկանա «գիժ քամի»-ուն, երևի երբեք չեմ տեսնի նրան։

Բարձրացիր, բարձրացրու

«Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակ, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը» 

Հարցազրույց Էջմիածնի «Սսի Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստուհի և թիմի ավագ Աննա Գրիգորյանի հետ:

Լուսանկարը` Կարմեն Հակոբյանի

Լուսանկարը` Կարմեն Հակոբյանի

-Աննա, ի՞նչը քեզ ոգևորեց, որպեսզի ծնողներիդ ասես. «Մամ, պապ, ուզում եմ գնալ ֆուտբոլի»:

-Դեռ շատ վաղ տարիքից դրսում էի խաղում, տղաների հետ: Հետո դպրոցում բացվեց ֆան ֆուտբոլ, իհարկե, առաջիններից էի, ով հաճախեց մարզումներին: Դա դեռ ֆուտբոլ չէր, պարզապես աղջիկների պարապմունքներ, ֆուտբոլային վարժություններ…

Ցավոք այն երկար չտևեց, ընդամենը մի քանի ամիս: Այդ պարապմունքները ստիպեցին էլ ավելի սիրել ֆուտբոլը: Միշտ ցանկանում էի խաղալ ֆուտբոլ, այնպես, ինչպես տեսնում ենք TV-ով` աշխարհի մասշտաբով խաղեր, հայտնի թիմեր, ֆուտբոլիստներ, բայց չգիտեի, որ Հայաստանում կա աղջիկների թիմ: Իսկ երբ իմացա, ոչինչ չէր կարող ինձ կանգնեցնել, որպեսզի դառնամ այդ ֆուտբոլիստուհիներից մեկը:

-Ո՞ր տարիքում հասկացար, որ ֆուտբոլի մեջ ես տեսնում քո ապագան և ցանկանում ես մարզվել:

- 5-րդ դասարան էի, երբ դպրոցում սկսվեց խմբակը:

-Ինչպե՞ս ընդունեցին ծնողներդ այդ ցանկությունդ, արդյո՞ք դժվար չէր նրանց համար այն փաստը, որ իրենց դուստրը իր ապագան ցանկանում է կերտել ֆուտբոլային դաշտում:

-Իհարկե, տարաձայնություններ եղան: Ոչ մի կերպ չէին ընդունում ու, կարելի է ասել, մինչ օրս էլ լիովին չեն համակերպվել: Սակայն երբ ինչ-որ բան ցանկանում ես ամբողջ սրտով, դու անպայման կհասնես դրան՝ կգտնես բազում ելքեր համոզելու, թույլտվություն ստանալու, ինչպես իմ դեպքում:
Բայց ժամանակի ընթացքում նրանք էլ են արդեն համակերպվում` հասկանալով ֆուտբոլի դերն իմ կյանքում:

-Ե՞րբ առաջին անգամ այցելեցիր մարզումների, ինչպիսի՞ն էին զգացողություններդ:

-2012 թվականին առաջին անգամ տեղի ունեցավ աղջիկների ֆուտբոլի միջդպրոցական  առաջնություն: Այդ խաղերից ընտրվեցին լավագույն խաղացողները և կազմվեց թիմը: 2012 ի հոկտեմբերին արդեն սկսվեցին մարզումները: Ի դեպ, այդ խաղերին մեր դպրոցի թիմը ճանաչվեց չեմպիոն:
Ես իհարկե, ոգևորված էի և ամբողջովին ինձ նվիրել էի մարզմանը: Ես վայելում էի ամեն մի ակնթարթը, իսկ այդ ժամանակ անգամ մոռացել էի մայրիկի խոսքերը, որոնք ասաց տանից դուրս գալուց առաջ. «Եթե գնում ես, շորերդ էլ վերցրու, հետ չգաս…»: Հասկանում էի, որ դրանք այդքան լուրջ չէին, սակայն տուն վերադառնալիս մեջս վախ կար:

-Ո՞րն է եղել առաջին լուրջ մրցապայքարը: Ի՞նչ էիր զգում խաղից առաջ, արդյո՞ք ցանկանում էիր ծնողներիդ ապացուցել, որ քո ապագան ֆուտբոլային դաշտում է:

-Առաջին անգամ մասնակցեցինք Հայաստանի կանանց ֆուտբոլի ձմեռային առաջնությանը հենց 2012-ի դեկտեմբերին:

Խաղից առաջ բոլորս էլ լարված էինք: Այդ ժամանակ ընդամենը կար գործող 4 թիմ, որոնք մեզանից զգալիորեն ավելի ուժեղ էին: Ամեն դեպքում, բացի լարվածությունը, անչափ ուրախ էինք և ոգևորված, իսկ ես ցանկանում էի շատ գոլեր խփել, որ գամ տուն և հայտարարեմ այդ մասին ու առաջին գոլերս էլ նվիրեմ հենց ընտանիքիս անդամներին:

-Իսկ նվերը ստացվե՞ց:

-Այդ օրը մրցույթում պարտվեցինք, սակայն ինձ հաջողվեց 2 անգամ գրավել հակառակորդի դարպասը: Եկա տուն. «Մամ, պապ, էսօրվա գոլերը ձեզ եմ նվիրում, հաջորդ խաղինը ապերին եմ նվիրելու: Դե կտեսնեք` թիմի ավագ էլ եմ դառնալու, մամ…»: Իսկ այսօր արդեն թիմի ավագն եմ:

-Աղջիկների քանի՞ թիմ կա այսօր Հայաստանում:

-Այժմ Հայաստանում աղջիկների թիմերի թիվը կազմում է 13:

-Ի՞նչ հաջողություններ ես ունեցել ֆուտբոլային ասպարեզում:

-Առաջին մրցանակս եղել է միջդպրոցական խաղերի հաղթանակը, որտեղ նաև ճանաչվել եմ լավագույն ֆուտբոլիստուհի և ստացել հատուկ փոքր գավաթ… Այդ մրցաշարից հետո եկա տուն, սակայն ինձ պատել էր յուրահատուկ հպարտությունը: Մտա տուն ու առաջինը վազեցի հայրիկի մոտ. «Պապ, տեսա՞ր, որ ասում էի` գնամ: Աղջիկդ լավագույն ֆուտբոլիստուհի ա ճանաչվել… Պիտի հպարտանաս…»:

Հետո արդեն 2015-ին թիմով ճանաչվեցինք չեմպիոն` Հայաստանի կանանց առաջնության  Բ ենթախմբում և մեր թիմի մասին թերթում տպագրվեց հոդված, որը մեզ շատ ոգևորեց:

-Ունե՞ս ֆուտբոլային կուռք, ով ստիպեց սիրել ֆուտբոլը, և այսօր փորձո՞ւմ ես խաղալ նրա ոճով:

-Ֆուտբոլի արքան ինձ համար կա և կմնա Լեո Մեսսին: Կցանկանայի խաղալ նրա նման, բայց դա անհնար է: Նա ուղղակի հրաշքներ է գործում:

-Աշխարհահռչակ ո՞ր ֆուտբոլային ակումբում կցանկանայիր խաղալ:

-Միանշանակ, Բարսելոնա:

-Երբևէ եղե՞լ է, որ փորձեն հարաբերություններ սկսել քեզ հետ, սակայն իմանալով ֆուտբոլային նախասիրությունդ, հիասթափվեն:

-Նման մարդիկ հիմնականում նախօրոք, մինչև որևէ քայլ ձեռնարկելն են իմանում այդ մասին: Իսկ եթե ավելի գլոբալ կերպով նայենք, ապա իմ պարագայում սա շատերի համար շարժառիթ է եղել որևէ բան սկսելու:

-Հանուն անձնական կյանքի կթողների՞ր ֆուտբոլը:

-Ոչ: Այժմ ֆուտբոլն իմ կյանքն է, ու ես հասկանում եմ, որ ողջ կյանքում չեմ կարող խաղալ: Այդ իսկ պատճառով չեմ հրաժարվի իմ ողջ կյանքի երազանքից, որին դեռ մանուկ հասակից ցանկացել եմ հասնել:

-Կցանկանայի՞ր երեխաներդ ևս շարունակեին այն ուղին, որը դու անցել ես և անցնելու ես դեռ:

-Իհարկե, ու ինքս էլ կուզենայի հնարավորություն ունենալ դեռ փոքր տարիքից խաղալ, բայց իհարկե երբեք չեմ ստիպի գնալ նույն ուղղությամբ, եթե նրանց մոտ չլինի նման  ցանկություն: Իսկ ցանկության դեպքում կլինեն լավագույններից:

-Բացի ֆուտբոլից կա՞ որևէ ոլորտ, որով հետաքրքրվում ես:

-Որքան էլ սիրում եմ ու ապրում ֆուտբոլով, իհարկե, իմ կյանքը չեմ կապում հենց ֆուտբոլի հետ հասկանալի և ակնհայտ պատճառներով: Այժմ սովորում եմ և ձգտում մասնագիտանալ ոչ պակաս հետաքրքիր ոլորտում՝ տուրիզմում, որը իր ուրույն դերն ունի իմ կյանքում:

-Իսկ որևէ համալսարանում սովորո՞ւմ ես այդ մասնագիտությամբ:

-Այո, սովորում եմ Տուրիզմի հայկական ինստիտուտում, իսկապես ցանկանում եմ մասնագիտանալ այս ոլորտում, այդ իսկ պատճառով այլ տարբերակ չէր կարող լինել:

-Պատրաստվո՞ւմ ես համատեղել ֆուտբոլային դաշտը և տուրիզմը:

-Անկեղծ ասած, մտածել եմ այդ մասին: Տուրիզմը այն ասպարեզն է, որը պահանջում է նորություններ, զարգացում ցանկացած ուղղությամբ, ուստի այն լիովին թույլ է տալիս կատարել այդ համադրումը: Օրինակ, սպորտային տուրիզմի ուղղությամբ, և բարեբախտաբար, ֆուտբոլի տարածումը աշխարհում նույնպես թույլատրում է դա. աշխարհի խաղեր, կլասիկոներ, վերջերս տեղի ունեցած Euro 2016, և այդպես շարունակ: Տեսնենք, ժամանակը ցույց կտա:

-Ունե՞ս ավելացնելու որևէ  բան:

-Վերջում կցանկանայի ավելացել, որ պետք է փորձել կոտրել կարծրատիպը, որ կա հայ ազգի մոտ, թե` ֆուտբոլը աղջկա համար չէ, կամ աղջիկը պետք է տանը ճաշ եփի: Ոչ: Սա առաջին հերթին, առողջություն է, և հետո քո մեջ սերմանում է նպատակասլացություն և պայքարելու ուժ, ստիպում վեր կենալ ամեն անգամ ընկնելիս, ինչը բացի խաղային իննսուն րոպեներից, պետք է քո մեջ լինի ողջ կյանքում: Այն քեզ սովորեցնում է բարձրանալ և բարձրացնել թե թիմակիցներիդ, և թե քո շուրջը գտնվող անձանց:

Այսօր մենք ունենք 13 թիմ, ինչը խոսում է մասամբ այդ կարծիքի հաղթահարման մասին, ինչը շատ ուրախալի փաստ է:
Եվ վերջում կցանկանայի նշել, որ եթե ճանապարհը տանում է դեպի նպատակ, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը:

Այնպես որ, պայքարեք և հասեք ձեր բոլոր նպատակներին:

arman arshak-shahbazyan

«Արմ, հել… Զանգը տվեց…»

-Արմ, հել… Ֆիզկուլտ ա էս ժամը, պիտի գնանք ֆիզկուլտդահլիճ,- ինչպես միշտ ականջակալներս հանելով լոնդոնյան անձրևոտ փողոցներից ինձ կտրեց կողքիս նստող կարմրահեր գեղեցկությունը։

-Ու՜ֆ, լավ էլի, գիտես, որ ես կենսաբի ժամին մտքերով Լոնդոնի փողոցներում անձրևի տակ քայլելուց ու երգ լսելուց բացի բան չեմ անում: Ինչի՞ ես երազներիցս կտրում…- էլի նույն բողոքավոր հայացքն ու տոնը։

-Լավ, լավ, գնացինք, ուշանալու ենք` էլի խոսա…

Էլի ինչպես բոլոր ֆիզկուլտի ժամերին, առաջին բառերը, որ լսում ենք . «Դուք էլի ուշանում եք, հեսա էլի կասեք` սպասում էինք մատյանը լրացնեին… Ըստ հասակի շարվեք… Հավսար, զգաստ…», ու էլի ես եմ շարքի ամենասկզբում: Էլի ես բոլորից տարբերվում եմ… Նայեցի ինձնից այն կողմ երկարող շարքին: Նայում էի ու մտածում «Ինչո՞ւ պիտի իմ տարեկիցներից էսքան տարբերվեմ, իրանց ու իմ հասակների տարբերությունը ինչի՞ ա սենց շատ»։

Այդ օրը ցանկություն չկար վոլեյբոլ խաղալու: Վերցրեցի հեռախոսս, դրեցի ականջակալներս ու… Չէ, չէ: Այս անգամ Լոնդոնում չէի… Նայում էի երեխեքին, թե ոնց են խաղում։ Չգիտես` ինչի աչքերիս առաջ առաջին ֆիզկուլտի դասը եկավ, կամ առաջին կամ երկրորդ դասարան էինք։ Երբ դասվարը սկսեց կանգնեցնել ըստ հասակի, կանգնեցրեց, ու պարզվեց, որ ես չորրորդն եմ՝ երեքից հետ: Այդ պահին չէի մտածում, որ քսաներեքից առաջ եմ, այլ մտածում էի` ինչի պիտի երեքից հետ լինեմ: Չգիտեմ, երևի երեխայական մտքեր… Չեմ հիշում` երբվանից սկսեցի կանգնել ամենասկզբում ու ինչ զգացի, բայց այսօր, երբ կանգնում եմ շարքի սկզբում, ու երբ բոլորը, իմանալով տարիքս, յուրահատուկ կերպ են վերաբերվում, իսկ բոլոր շրջապատներում ուշադրության կետրոնում եմ լինում, ինձ լավ եմ զգում: Զանգը տվեց, կտրվեցի մտքերիցս ու բարձրացա դասարան: Ականջակալներս չէի հանել: Նստեցի տեղումս ու էլի սկսեցի պատուհանից դուրս՝ ծաղկած ծիրանենիներին նայել:

-Տղա ջա՛ն, հերիք ա պատուհանից նայելով էլի ընկնես երազանքների գիրկը: Մարդ էդքան երազկոտ չի լինի,- ծանոթ ձայն էր՝ դասղեկս էր:

-Հա, ընկեր Սարգսյան, ի՞նչ ա պատահել,- ինչպես միշտ ժպտալով պատասխանեցի:

-Կենսաբանության ժամին ասացի, որ խմբակային լուսանկարվելու եք: Բոլորը ներքևում պատրաստվում են, իսկ դու 7-րդ երկինք ես հասել: Վեր կաց, վեր կաց, տենց էլ երազկոտ մնացիր…

Իջա ներքև, վստահ լինելով, որ լուսանկարիչը էլի ինչ-որ կերպ մեկնաբանելու ա հասակային տարբերությունը, ու լսելու եմ այն խոսքերը, որոնք լսում եմ ամեն անգամ. «Տղա ջան, չլինի՞ դասարանդ խառնել ես: Շատ անհարմար ա դասավորելը…»: Տեսնես` կգա՞ ժամանակ լուսանկարիչը զգա, որ այլևս ծիծաղելի չեն իր հումորները:

Բայց այս ամենի մեջ մի լուսավոր կետ կա: Գիտակցելը, որ դու քեզ շրջապատող միանման հասարակության մի դետալը չես, այլ յուրահատուկը՝ տարբերվողը…

-Արմ, հել… Զանգը տվեց…