Արման Արշակ-Շահբազյանի բոլոր հրապարակումները

arman arshak

Ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ

6-րդ դասարանի առաջին օրերն էին։ Ինչպես ամեն ուսումնական տարի, այս մեկը ևս բացառություն չէր՝ կար տարեսկզբյան ոգևորվածություն։ Նոր առարկաներ, նոր ուսուցիչներ։ Երբեք չէի մտածի, որ ուսուցիչներից մեկի հետ հանդիպումը կլինի ճակատագրական, և տարիներ հետո էլ երբեք չեմ մոռանա այս խոսքերը. «Բարև ձեզ, ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ՝ ընկեր Սարգսյանը»։ Այս խոսքերը ես դեռ երկար եմ հիշելու, քանի որ այս խոսքերն էին, որ մերձեցրին ինձ իմ երկրորդ մոր հետ, որին իմ հետագա պատմության ողջ ընթացքում կազատեմ «երկրորդ» բնութագրից, քանի որ նա երկրորդ չէ, չէ՛, չէ՛, ոչ էլ առաջին, նա մի ուրիշ աշխարհ է։ 

Արդեն 9-րդ դասարանցի էինք, դե բնականաբար, միշտ կա այդ վախը՝ քննություններ, հոսքային ուղղություններ։ Իսկ ո՞ր առարկան պետք է ընտրել բնագիտական քննության համար: Շատերն արդեն գիտեին, որ ես քիմիան էի ընտրելու։ Ընտրել այն առարկան, որը դասավանդում է սիրելի ուսուցիչդ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հիասքանչ է, երբ ունես ուսուցչուհի, որը թե՛ մայր է, թե՛ ուսուցչուհի, թե՛ ընկեր, հուսամ, կկարողանաք պատկերացնել: Ամբողջ դպրոցում միայն չորս աշակերտ էր ընտրել քիմիան, ու չորսս էլ վախենում էինք քննությունը չհաղթահարելուց: Ընկեր Սարգսյանն ինձ ու երեք դասընկերներիս արտաժամյա դասերի էր կանչում, ու ամեն անգամ, երբ մտնում էինք նրանց տուն, կարծես մեր հարազատ օջախը մտնեինք: Օ՜, իսկ համը այն չրի, որ ամեն անգամ նա հյուրասիրում էր մեզ, հաստատ երբեք չեմ մոռանա, ինչպես այս խոսքերը. «Ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ՝ ընկեր Սարգսյանը»:

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը

Դեռ սեպտեմբերից սպասում էինք պատանի քիմիկոսների համահայկական 2016 թվականի մրցաշարին: Քիմիայի ուսուցչի` «Երեխեք, պատանի քիմիկոսի համար թիմ պիտի կազմենք» արտահայտությունը ուրախացրեց բոլորիս: Նոր թիմ էինք կազմում, սակայն թիմի անվանումը այդպես էլ մնաց նույնը՝ «Win» (հաղթանակ):

Եվ վերջապես եկավ այդ երկար սպասված օրը՝ 2016 թվական, նոյեմբերի 26: Պատանի քիմիկոսների մի մեծ բանակ «բռնագրավել» էր ԱՅԲ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճը: Ու գրեթե բոլոր 45 թիմերի անդամների աչքերում երևում էր այն վախը, որ իրենից է կախված թիմի կիսաեզրափակիչ փուլ անցնելը, այն զգացումը, որ յուրաքանչյուրի թիմը կարող է ճանաչվել 2017 թվականի պատանի քիմիկոսների հաղթող:

Դե, բնականաբար, մինչև թեստերի լրացումն սկսելը դահլիճում աղմուկ կար, իսկ աշխատանքները սկսելուն պես լռություն տիրեց այդ հսկայական դահլիճում: Յուրաքանչյուր թիմ աշխատում էր ծայրաստիճան լռությամբ, իսկ այդ 1 ժամը անցավ 1 րոպեի նման, ինչը չէի ասի հաջորդ 2 ժամվա մասին, երբ սպասում էինք ստուգման արդյունքներին: 2 ժամ, որի ընթացքում բոլոր մասնակիցները իրենց ուսուցիչների հետ միասին անթիվ զգացումներ ունեցան: Բոլորի հայացքում արտացոլվում էր սպասումը, վախը ու հաջորդ փուլ անցնելու հույսը: Այդ ամենը, միախառնվելով իրար, վերածվում էին բակում առաջացած անհանգիստ շարժի:

Եվ վերջապես 2 օր թվացող 2 ժամից հետո սկսեցին հայտարարել արդյունքները, իսկ այդ ժամանակ չէիր նկատի մի թիմ, որը նստած լիներ իր տեղում: Բոլորը, անհամբերությամբ ոտքի կանգնած, սպասում էին իրենց թիմի արդյունքներին, երբ հայտարարվեց, որ 1-ին և 2-րդ հորիզոնականի թիմերի միջև եղած տարբերությունը 8 միավոր է, իսկ մյուս թիմերի միջև տարբերությունը շատ քիչ է: Կարծես ողջ դահլիճում լսվեց այդ բարի շշուկը.
-Հա, դե Վանաձորի «Էվրիկան» է, էլի:
Ու այդպես էլ եղավ: Վանաձորի «Էվրիկան» կարծես ցուցանիշ է դարձել: Եվ ահա ժյուրիի վերջնական որոշմամբ կիսաեզրափակիչ են անցնում 45-ից 11-ը: Եվ վերջապես մեր թիմի՝ «Win»-ի բոլոր  անդամների ու մարզչի զգացողությունները ժայթքեցին, երբ 5-րդ հորիզոնականում հնչեց՝ Աբովյանի «Win»:

Հիմա պետք է նախապատրաստվել կիսաեզրափակչին:

Լուսանկարները՝ «Այբ մրցույթներ» էջից

arman arshak

Ես Արշակ-Շահբազյանն եմ

Ասում են` փոքր տարիքում շատ հետաքրքրասեր եմ եղել, հարցերս անդադար բարձրաձայնել եմ։ Դե, հիմա այդպես չեմ. բոլոր հարցերի պատասխանները ինքս եմ փնտրում, ինչն էլ մայրիկի դժգոհության պատճառն է դառնում: Ինչպես նա է ասում, փոքր տարիքում «գլուխները տանում էի» իմ հարցերով, իսկ հիմա հարցերի պատասխանները ինքս եմ գտնում։ Լավ, ինչևէ, շարունակեմ, հոդվածս իմ հետաքրքրասիրության մասին չէ։

Չեմ հիշում` երբ էր, որ հասկացա, թե ինչ է ազգանունը, և ե՞րբ իմացա իմ ազգանունը, բայց հիշում եմ, որ հայրիկը աշխատանքից եկավ, ու ես անմիջապես հարցրի.
-Պա՛պ, ա՛յ պապ, քո ազգանունը ի՞նչ ա։
-Այն, ինչ քոնը։
-Քո՞նն էլ է Արշակ գծիկը՜․․․ Մոռացա․․․ Մի խոսքով, դրանից․․․,- դե փոքր էի ու չէի հիշում ազգանունս, որքան էլ դա զարմանալի է։
-Արշակ-Շահբազյան,- ուղղեց հայրս։
-Բա ինչի՞ համար ա տենց: Մամայինը ու էլի ուրիշներինը առանց գծիկի ա ու կարճ,- չգիտես ինչու դժգոհ տոնով հարցրի ես։
-Թուղթ ու գրիչ բեր ասեմ,- ծիծաղելով ասաց հայրիկը։

Դե ես դժգոհ հայացքս չփոխեցի՝ մտքումս ինքս ինձ հարցնելով, թե թուղթն ինչի համար ուզեց։ Թուղթը տվեցի հայրիկին, նա մի ծառ նկարեց, ճյուղերի վրա անուններ էր գրում, իսկ երկու արմատների վրա մեծ-մեծ երկու անուն գրեց։

-Սա տոհմածառ է: Ա ՛յ, այս բարակ ճյուղը դու ես, այս հաստը՝ ես, քանի որ դու իմ տղան ես ու դեռ փոքր ես, դրա համար ինձնից հետո այդ բարակ ճյուղին ես, քո տղան էլ քեզանից հետո կլինի ու էլ ավելի բարակ ճյուղի վրա, իսկ այս հաստ ճյուղը պապիդ ճյուղն է։ Քո տոհմածառի երկու արմատներն են Արշակն ու Շահբազը, նրանց անուններով էլ մեր ազգանունը կոչվում է Արշակ-Շահբազյան։

Հայրիկի բացատրելու ընթացքում ես ու եղբայրս ուշադիր նայում էինք տոհմածառին ու լսում հայրիկին։ Հայրիկի ավարտելուց հետո եղբայրս անմիջապես միջամտեց.
-Ես, որ մեծանամ, իմ ազգանունը փոխելու եմ, մենակ Շահբազյան եմ թողնելու։
-Չէ՛, պա՛պ, ես չեմ փոխելու, Արշակ-Շահբազյանը ամենալավն ա: Շահբազյան էլի կլինի աշխարհի վրա, իսկ Արշակ-Շահբազյան մենակ մեր տոհմն ա,- եղբորս հակադրվելով ասացի ես։

Ու միչև հիմա դեռ փոքրիկ Արմանի դիրքորոշումը մնացել է հստակ. ես Արշակ-Շահբազյան եմ։

Եկանք, էլանք հայաստանցի

Քչերը գիտեն, բայց բնիկ աբովյանցիներ շատ քիչ կան Աբովյան քաղաքում: Աբովյան քաղաքի բնակիչների մեծ մասը հայրենադարձվել է եղել Պարսկաստանից: Թողնելով իրենց տունը` պարսկահայերը վերադարձել են իրենց երկիր: Նրանցից շատերը որպես բնակավայր ընտրել են հենց Աբովյանը: Այս քաղաքն իր գեղեցկությամբ և հանգստությամբ միանգամից գրավել է հայրենադարձների ուշադրությունը: Սակայն այժմ շատ քչերն են մնացել քաղաքում: Նրանցից շատերը գտնվում են արտասահմանում: Փորձեցինք պարզել, թե պարսկահայերից մի քանիսը ինչպե՞ս են ապրում քաղաքում, ինչո՞վ են զբաղվում և արդյոք կարոտո՞ւմ են իրենց տունը: 

Սուրեն ԱվագյանSuren Avagyan

Ես ծնվել եմ Ղարադաղի Քարագլուխ գյուղում: Տասներեք տարեկանում աղբորս հետ գնացել ենք Թեհրան: Մայրաքաղաքում սկսեցի գործ անել, աշխատել, արհեստ սովորել: Գյուղումը ունեցել ենք անասուններ, ամեն ինչ ունեցել ենք, բա, դրանցով ենք ապրել մենք էդքան տարիներ: Դաշտեր ենք ունեցել, ցորեն էինք ցանում ու հնձում, չարչարվում էինք, հաց էինք ստեղծում: Գյուղում մենք չգիտեինք փողը ինչ բան ա: Էրեխեն ի՞նչ գործ ուներ ծնողից բան պահանջեր: Լավ էր…

Դպրոց կար Պարսկաստան, ով կարողանում էր` գնում էր: Բայց դե ես չէի գնում, գյուղացի մարդ էի, մնում կենդանի էի պահում, որ գելը չուտի: Դրանից հետո էլ արտերը հնձում էինք, գյուղական գործեր անում: Գյուղացի մարդը ի՞նչ պիտի անի: Երբ մեծացանք, արդեն արհեստ սովորած էինք: Հայրս ասաց.

-Երեխեք ջան, պիտի գնանք մեր հող` հայրական հող:

Ասինք`

-Այ հեր, մենք չենք գնում:

Բայց, դե, հիմիկվա նման չի, է, որ մենք ասենք` չենք գալիս, ու մեր ասածով լինի: Չէինք կարում մի խոսքը երկու դարձնեինք: Ընտանիքով էկանք մեր հող: Սկզբում էկանք Հրազդան, ընդեղից գալիս էի ստեղ` Աբովյան, աշխատում էի: Հետո էլ տեսանք, որ լավ տեղ ա Աբովյանը: Էկանք Աբովյան մնացինք: Աբովյան լավ էր: Աշխատանք կար, դրա համար էկա ստեղ մնացի ու հիմա էլ Աբովյանին շատ եմ կապվել:

Լիքը բարեկամ եմ թողել Պարսկաստան, բայց դե հիմա խաբար չկա: Հիշում եմ մեր տունը, տեղը, բնությունը, արտերը, ուտելիքները: Կարոտել եմ, է…

Սիրանուշ Բեգիջանյան Siranush Begijanyan

Ես Սիրանուշ Բեգիջանյանն եմ, ծնվել եմ 1924 թվականին: Արդեն 92 տարեկան եմ, մինչև 18-20 տարեկանս ապրում էի Պարսկաստանի Նախրաբադ գավառում, մեր գյուղի անունն էլ Ղարաքյարիս էր։ 17 տարեկանում ամուսնացել եմ ու ամուսնանալուցս հետո հինգ քաղաքներում եմ ապրել: Ամուսինս անգլերեն գիտեր, աշխատում էր։ Արդեն քառասունհինգ տարի ա Հայաստանում եմ ապրում։ Ծնողներս էլ են Ղարաքյարիսից եղել, բա դու գիտես` ի՞նչ նշանակում Ղարաքյարիս: «Քյարիս» աղբյուր ա նշանակում, իսկ «ղարա»` սև: Սև աղբյուր, իսկ թե ինչի ա տենց կոչվել, ոչ մեկը չգիտի։

Պարսկաստանում զբաղվում էի գյուղական հոգսերով` պանիր, մածուն։ Մեր շրջանում հիմնականում գորգագործությամբ էին զբաղվում, ես էլ էի խալի գործում։ Հինգ երեխա ենք եղել, հիմա մի քանիսս ստեղ ենք, մի քանիսն էլ` Ամերիկա։ Պարսկաստանում էլ բարեկամներ ունենք, հեռու-մոտիկ բարեկամներ են։ Գալուցս հետո մե անգամ գնացել եմ Պարսկաստան, բայց էլ չեմ ուզի գնամ, արդեն Հայաստանին եմ սովորել: Էսքան տարի հետո կարոտն էլ արդեն սառում ա։ Արդեն որպես ծննդավայր եմ հիշում, հիշողություն ա դառել։ Հայաստանն էլ ենք սիրում, ինչի՞ պիտի չսիրենք, մեր հայրենիքն ա, էն ա, եկանք, էլանք հայաստանցի…

 Ժանեթ Պետրոսյան Zhanet Petrosyan

Ես Հայաստան եմ եկել Թեհրանից 1970 թվականին։ Իմ հորքուրը 1967 թվականին էր եկել Աբովյան, մեզ էլ պիտի տանեին Վանաձոր, բայց դե ասել էին, որ Աբովյանը շատ հանգիստ քաղաք ա, մենք էլ ասեցինք, որ Վանաձոր չենք ուզում, եկանք Աբովյան։ Որտեղ էլ տանեին, չէինք հարմարվելու, տարբերությունը շատ էր Հայաստանի ու Պարսկաստանի միջև, բայց դե քիչ-քիչ հարմարվեցինք։ Սկսեցինք սովորել, բայց հետո բացվեց Ամերիկայի ճանապարհը: Գնալը շատ հեշտ էր, բայց պապաս երդվյալ հայրենասեր էր, մնացինք Հայաստանում։ Հիմա շատ բարեկամներ Ամերիկա են գնացել, մենակ մենք ենք մնացել Հայաստանում: Դե, տենց ա, չէ՞, ամեն տոհմից մի քանի նմուշ պիտի մնա Հայաստանում: Մենք էլ էդ փոքր կտորներից ենք, որ մնացել ենք` Հայաստանը պահենք։ Երկու եղբայրներս Ռուսաստանում են, քույրս ամուսնացավ, գնաց Թեհրան, իսկ ես մեր տոհմի միակ ներկայացուցիչն եմ մնացել Հայաստանում։

Պարսկաստանում մեծ շուքով Զատիկ էինք նշում, ջրօրհնեքը, Սրբխեչը, իսկ սովետական տարիներին Հայաստանում մենակ Նոր տարին էին նշում։ Պարսկաստանում գլխավոր ուտեստը բրնձով փլավն ա, հետո` ավգուշտը:

Պարսիկները հայերին շատ լավ էին վերաբերվում: Ասորիների, հրեաների մեջ ամենալավը հայերի հետ էին, որովհետև հայերը շատ օրինապահ էին։ Ոստիկանությունն էլ միշտ հայերին էր հավատում: Տենց խոսք կար` «Հայը սուտ չի ասում»։

Զրույցը վարեցին` Գայանե Ավագյանը և Արման Արշակ-Շահբազյանը

Լուսանկարները՝  Արման Արշակ-Շահբազյանի

 

Մատիտը սրում ենք՝ փոքրանում ու մահանում է, իսկ մարդիկ` մեծանում են ու մահանում․․․

Եթե հետևել եք նախորդ հոդվածներիս,  ապա կհիշեք «Առաջին անգամ թանգարանում» հոդվածս։ Հիմա պատմեմ,  թե ինչ պատահեց,  երբ գնացի նկարելու հորս տատի տարազը։ Ինչպես միշտ,  թանգարանը դատարկ էր, միայն աշխատակիցներն էին, ինչը միշտ մտահոգել է ինձ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահ տիկին Հերմինեն իրեն հատուկ ջերմությամբ դիմավորեց ինձ։ Իսկ երբ տեղեկացավ, որ պատանի թղթակիցների ցանցից եմ, չափազանց ուրախացավ և հրավիրեց մյուս շաբաթ կայանալիք ցուցահանդեսին։ 

Ցուցահանդեսի օրը  բաց չթողեցի առիթը, հարցազրույց վերցրեցի «Սուրբ Ստեփանոս» հոգևոր մշակութային կենտրոնի փոքրիկների նկարչության 21-ամյա ուսուցիչ Աղաջան Պողոսյանից:

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի


-
Կպատմե՞ք  Ձեր նկարչական գործունեության մասին: Ինչպե՞ս սկսեցիք, ո՞ր տարիքում և ինչպե՞ս հասկացաք, որ կերպարվեստի մեջ պետք է կերտեք ձեր ապագան։

-Սկսեցի բավական ուշ, երբ 15 տարեկան էի, հնարավոր է` զարմանքի պատճառ հանդիսանա, թե ինչու 15 տարեկանում, սակայն հարցի պատասխանը ես ինքս չգիտեմ, միակ պատասխանը. «Ավելի լավ է ուշ, քան երբեք»։

-Որտե՞ղ կրթություն ստացաք։

-Առաջին քայլերս սկսեցի գեղարվեստի դպրոցում, սովորեցի երեք տարի, այնուհետև ընդունվեցի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, պարտքս տալով հայրենիքիս վերադարձա և այսօր շարունակում եմ ուսումս։

-Տեղեկացանք, որ սովորեցնում եք նաև փոքրիկներին։

-Ուսուցանում եմ «Սուրբ Ստեփանոս» հոգևոր մշակութային կենտրոնում փոքրիկների խմբին։ Այս ցուցահանդեսին ներկայացվում է նաև իմ աշակերտների աշխատանքները՝ 8-ից միչև 10 տարեկան։ Փոքրիկ սաներիս նկարների հետ զուգահեռ ներկայացված են նաև Աբովյանի վաստակավոր նկարիչների աշխատանքները, չեմ վախենա ասել` վարպետների գործերը, ինչը ինձ համար չափազանց հպարտություն է, երբ աշակերտներիս նկարները տեղ են գտել նման հրաշալի նկարիչների աշխատանքների կողքին։

-Իսկ արդյո՞ք հեշտ է աշխատել երեխաների հետ։

-Աշխատելով տարբեր տարիքային երեխաների հետ, մոտեցումը ևս պետք է լինի տարբեր: Բնականաբար, 7 տարեկան աշակերտին ուրիշ մոտեցում եմ ցուցաբերում, ինչ 12 տարեկան աշակերտին։ Չունեմ տարիների փորձ, սակայն աշխատում եմ յուրաքանչյուր աշակերտի մոտենալ յուրովի։ Իսկ այն, ինչ անում ես սիրով, բնականաբար հեշտ է։

-Կարո՞ղ եք հիշել մի հետաքրքիր դեպք, որը պատահել է ձեր աշակերտների հետ աշխատելու ընթացքում և տպավորվել է։

-Պատմեմ վերջին դեպքերից մեկը։ Աշակերտը գրեթե 9 տարեկան երեխա էր, մատիտը սրելու ընթացքում լռության մեջ անսպասելի ասաց. «Ընկեր Աղաջան, ինչի՞ց  ա,  որ մատիտը սրում ենք` փոքրանում ու մահանում ա, իսկ մարդիկ` մեծանում են ու մահանում․․․»:

Մաճառի փառատոնը Մրգաշատ գյուղում

Ցանկացած աբովյանցու, հատկապես դպրոցականի, եթե հարցնես, թե ճանաչո՞ւմ է պարոն Գարուշին, վստահաբար կարող եմ նշել, որ պատասխանը կլինի հետևյալը`«Հա, հա, իհարկե, ճանաչում եմ Գարուշ պապիկին»:

Ես չեմ հիշում, թե երբ առաջին անգամ հանդիպեցի Գարուշ պապիկին, բայց կարող եմ ասել, որ իր հսկայածավալ տեսադարանից տեսանյութ էր բերել գրականության ժամին ցուցադրելու համար։

Լավ, շտապեմ ասել, թե ով է Գարուշ պապին` Աբովյանի ակտիվ քաղաքացիներից: Նա ունի մեծ քանակությամբ տեսանյութեր տարբեր ասպարեզներից, նման տեսանյութեր անգամ համացանցում չես գտնի, շրջելով քաղաքի բոլոր դպրոցներով ցուցադրում է այդ տեսանյութերը, իսկ նրան ամենալավ նկարագրող բառը` Սևակապաշտ, այդպես է նա իրեն նկարագրում։

Ահա հերթական դասի զանգից ուշացած ես ու դասընկերուհիս շտապում էինք դասի, երբ փոխտնօրենը իր սենյակից ներս կանչեց: Երկուսս էլ վստահ էինք, որ լսելու ենք հետևյալ խոսքերը.

-Փորձեք չուշանալ դասից, իսկ աշխորհրդի արձանագրությունները մի՛ մոռացեք։

Բայց ներս մտնելուն պես տեսանք Գարուշ պապիկին։ Կարծես երկուսիս աչքերում էլ կար այդ վստահությունը, որ կրկին տեսաֆիլմ է բերել։ Բայց այս անգամ գալու պատճառը այլ էր` քաղաքի յուրաքանչյուր դպրոցից երկու աշակերտի պետք է տաներ Մրգաշատ գյուղ`մաճառի փառատոնի: Դե բնականաբար, երկուսս էլ ուրախացանք, որ այդ երկու աշակերտը մենք ենք, իսկ առաջինը բանը, որն անցավ մտքովս և բարձրաձայնեցի. «Վայ, ինչ լավ ա, 17-ի համար հրաշալի նյութ կստացվի…»

 

arman arshak-shahbazyan

Դատարկ աթոռները

Դե, արդեն գրեթե բոլորը գիտեն Աբովյանի գիժ քամու մասին, բայց քչերը գիտեն, որ մեր թաղամասում գրեթե ամեն անգամ գերգիժ քամիների ժամանակ հոսանքը կտրում են: Հա, հա, արդեն տեսակների ենք բաժանել քամին՝ հանգիստ քամի, ուժեղ քամի կամ նույն ինքը` «բուլուլիճ», այդպես էր ասում տատս, գիժ քամին և ինչպես նշեցի քիչ առաջ, գերգիժ, որի ընթացքում մեր թաղամասի լույսերն են կտրում:

Հերթական ամառային երեկոն էր ու հերթական քամոտ օրը, սակայն ո՞վ կմտածեր, որ միանգամից կսկսվի գերգիժ քամին, իսկ լույսերն էլ կկտրեն էլի: Ու ինչպես ամեն անգամ, լույս կտրելուն հաջորդեց իմ` «Օ՜ֆ, գոնե վայֆայը լույսով չլիներ» արտահայտությունը: Երևի բոլորն էլ այդպես են անում, երբ լույսերը անջատվում են. քնում են սովորական ժամից չափազանց շուտ, քնում այն հույսով, որ առավոտյան արդեն էլեկտրականություն կլինի, իսկ երբ արթնանում ու տեսնում են չկա, սկսում են հաճախակի ժամացույցին նայել: Եվ այդպես սպասելով դարձավ ժամը 12:00-ը, իսկ ես արդեն 20 ժամ է, ինչ ֆեյսբուք չէի մտել: Հասկացա, որ պետք է մի լուծում գտնել: Միակ լուծումը հետևյալն էր՝ գնալ մորեղբորս տուն, և այդպես էլ արեցի:

Պատկերացրեք` իչքան նամակներ ու ինչքան ծանուցումներ կային, բայց այդ բոլորից առանձնացավ մի նամակ, հետևյալ բովանդակությամբ՝ «Արմ ջան, ուզում եմ երիտասարդական շարժում ստեղծել, բարեգործական գործառույթ իրականացնելու համար, կուզենամ դու լինես այդ խմբում»: Առանց որևէ վայրկյան մտածելու համաձայնեցի, հասկանալով, որ հրաշալի հնարավորություն է ընձեռվում կատարել վաղուց ցանկացած ու պլանավորած շատ ծրագրեր: Երեկոյան արդեն պատրաստ էր խումբը, իսկ շարժման անվանումն էր՝ «Միասնական բռունցք», և ունեինք առաջին ու հստակ առաջադրանքը. ներկայացնել մեկ նախագիծ, որը հնարավոր լինի իրականացնել երիտասարդական շարժման շրջանակներում: Մտածելու կարիք անգամ չկար: Անմիջապես գրեցի երկու նախագիծ՝ բարեգործական կինոդիտում և համագործակցություն դպրոցների հետ` օգնության արկղիկի տեսքով: Ի զարմանս ինձ, բոլորը համաձայնեցին: Անցավ 7 ամիս, սակայն ոչ մի աշխատանք չկար արված: Եվ կրկին ստանում եմ նամակ, որ երիտասարդական շարժման ղեկը ես եմ ստանձնում, բնականաբար պատասխանատվության զգացում կար. 7 ամիս ոչինչ չանելուց հետո ղեկը ստանում եմ ես, ու պետք է առաջին քայլերը անել, իսկ ես մեկ օր անգամ չկորցնելով հավաքում եմ ողջ խմբին, վիրտուալ գրում ու նախագծում ողջ ծրագիրը, կատարում աշխատանքի բաշխում և անցնում գործի: Գիտակցելով, որ դու մի երիտասարդական շարժման ղեկավար ես, որտեղ տարիքով ամենափոքրն ես, մեկ շաբաթ շարունակ ստանալով զանգեր տարբեր կազմակերպություններից տարածքի համար, հասկանում ես, որ լիարժեք քաղաքացի ես:

Եվ արդեն ունեինք հստակ որոշված օր, ժամ, տեղ, ֆիլմ: Մնում էր տարածել հայտարարությունը, ինչպես միշտ, օգնության հասավ ֆեյսբուքը, տարածվեց հայտարարությունը կինոդիտման մասին:

Վերջապես եկավ այդ բաղձալի օրը՝ 2016 թվական մարտի 12, «Միասնական բռունցքը» պատրաստ էր դիտմանը: Ինձ բնորոշ բնավորության համաձայն, 2 ժամ շուտ էի կանչել բոլորին: Այդ օրը մինչ ֆիլմի դիտումը եռուզեռ էր տիրում տուրիզմի հայկական ինստիտուտում: Այո, այո, այնտեղ էր կայանալու մեր բարեգործական կինոդիտումը: Եվ վերջապես եկավ այն ժամը ,որ պետք է գար հանդիսատեսը, սակայն դահլիճում տեղ գտան միայն մեր թիմի անդամները, իսկ հյուրերի համար տեղերը այդպես էլ դատարկ մնացին:
Տխրել էինք, բայց դասեր քաղեցինք. երբեք, ոչ մի դատարկ աթոռ, ոչ մի չստացված նախագիծ չպիտի պատճառ հանդիսանա կանգ առնելու: Քայլիր առաջ, հետ մի նայիր անցյալի դատարկ աթոռներին:

Հ.Գ. Հոդվածս գրում եմ մոմի լույսի տակ: Հա, հա. քիչ առաջ գերգիժ քամի էր…

arman arshak-shahbazyan

Ընկերներ, ովքեր փոխեցին դիրքորոշումս, կամ` առաջ ու հիմա

Երևի առաջին հոդվածիցս հիշում եք, որ կենսաբանության ժամին ես Լոնդոնի փողոցներում եմ թափառում, ու էլի զանգը կտրեց ինձ իմ երազանքներից, անձրևի տակ թրջվելուց ու վերադարձրեց իրականություն:

-Ի՞նչ ա էս ժամը,- հարցրի ես դասարանին, ու պատասխանը փոխեց իմ տրամադրությունը: Հասարակագիտություն էր: Ինչ լավ ա` մտածեցի ես, հիմա ընկեր Գրիգորյանը կգա ու էլի բուռն քննարկումներով դաս կանենք:

«Բարև ձեզ, նստեք»-ին հաջորդեց դասի թեման՝ «Ընկերություն»: Թեմա, որի մասին ես ունեի հստակ դիրքորոշում՝ չկան ընկերներ: Ինչպես ամեն անգամ հստակ ու հանդարտ տոնով սկսեց ընկեր Գրիգորյանը: Հա, մոռացա նշել, որ այս ամենը 2 տարի առաջ էր, երբ ես 8-րդ դասարանում էի: Մինչև հիմա հիշում եմ այս խոսքերը. «Ըստ հույն փիլիսոփա Արիստոտելի, ընկերությունը բաժանվում է երեք տեսակի՝ ընկերություն հիմնված օգուտի վրա, ընկերություն հիմնված հաճույքի վրա և ընկերություն հիմնված բարիքի վրա»:

Դե, արդեն պարզ էր, թե որ տեսակը ինչպիսինն էր: Իսկ ես անմիջապես ձեռք բարձրացրի ու…

-Մեր օրերում չկա ընկերություն հիմնված բարիքի վրա,- տոնս հստակ էր ու կարծես անբեկանելի:

Դե, բնականաբար շատերը դեմ էին: Անցավ մի քանի ամիս: Համացանցում տեսա հայտարարություն 10-12-րդ դասարանցիների համար: Հետաքրքիր ծրագիր էր՝ «Բանալի», սակայն ես փոքր էի, դեռ նոր պետք է ավարտեի 8-րդ դասարանը: Բայց լրացրեցի հայտը, ոչ ոքի չասելով դրա մասին: Առաջին անգամ էի հայտ լրացնում, երկու օր անց ես արդեն իսկ մոռացել էի թե՛ այդ ծրագրի, և թե՛ հայտի մասին: Անցավ մեկ ամիս, ամառային հերթական ձանձրալի օրերից էր, ի զարմանս ինձ, լսվեց հեռախոսիս ձայնը: Անծանոթ համար էր, դե, բնականաբար զարմացա. ո՞վ պետք է զանգի ինձ ամառային արձակուրդներին, այն էլ անծանոթ համարից: Վերցրի, ու հեռախոսի հակառակ կողմից լսվեց այս խոսքերը. «Ձեզ անհանգստացնում են Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամից: Ցանկանում ենք տեղեկացնել, որ ընտրվել եք «Բանալի» ինտելեկտուալ խաղ-մրցույթին, որպես մասնակից»: Այդ զանգից անցել է մեկ տարի և մի քանի ամիս, բայց միչև հիմա հիշում եմ այդ խոսքերը, այդ ձայնը…

Հա, հա, հիմա կհասկանաք, թե ինչ կապ կար այս զանգի ու ընկերության դասի միջև:

Եկավ օրը, որ պետք է գնայի առաջին դասընթացին: Առաջին անգամ մասնակցում էի նման ծրագրի, այն էլ ոչ իմ տարիքային խմբի համար, բնականաբար լարվածություն կար:

18 մասակից էինք, բայց ով կմտածեր, որ այդ 18-ից երկուսը կդառնան լավագույն ընկերներս` Մանան և Նորայր, որ այդ երկուսը կստիպեն փոխեմ դիրքորոշումս, երկուսին ավելացնեմ ևս երկուսը, և այդպես շարունակ, ու այսօր վստահաբար ասեմ, որ կա ընկերություն հիմնված բարիքի վրա:
Իսկ հիմա, երբ ինձ հարցնեն, ինչպիսին պետք է լինի իդեալական ընկերը, ես միայն անուններ կարող եմ թվել՝ Նորայր, Մանան, Աննա, Աստղիկ, Նարեկ, Սերյոժա, Կարինե, Գայանե, և այդպես շարունակ…

Հաճախ են մարդիկ խոսում կյանքի գրքի մասին, հիմա իմ կյանքի գրքի մի ամբողջ ենթավերնագիր է «Բանալին»: Բանալի, որը իմ առաջ բացեց բազում դռներ, ամենակարևորը` ընկերության դուռը… Ընկերության դուռ, միևնույն է, որքան էլ դա տարօրինակ թվա, քեզ համար կա նման «դուռ»…

arman arshak-shahbazyan

Արարատն ամենամոտիկից

Հիմա ասեմ` որտեղ եմ հոդվածս գրում, ծիծաղելի կթվա: Երևան-Վայք երթուղայինի մեջ։ Հա, հա, ճիշտ կարդացիք, կարիք չկա երկրորդ անգամ կարդալու, «տրանսպորտի» մեջ եմ։ Հիմա ասեմ` որն է պատճառը, որ այս անհարմար ճանապարհներին վերցրեցի հեռախոսս ու սկսեցի գրել: Այ, կողքիս պատուհանից դուրս եմ նայում ու տեսնում Արարատը: Գիտեք, չէ՞, այնքան  մոտ է երևում ամեն մի քարակույտը, Մասսյաց վիհը, երանի ֆոտոխցիկս մոտս լիներ: Վարորդին կխնդրեի մեկ րոպե կանգ առներ, նկարեի։ Նայում եմ պատուհանից դուրս ու մտքումս անընդհատ կրկնում «Արարատն ամենամոտիկից»: Հա, դե մեր տունը այն տներից չէ, որի պատուհանից ամեն առավոտ երևում է «Մասիսի լուսապսակ գագաթը», ինչպես ասվում է գովազդներում: Թվում է, թե  վարորդը աջ թեքվի ու գնա ուղիղ, մի քանի րոպեից կհասնենք: Երանի բոլոր վարորդները այս ճանապարհը աջ թեքվեն ու ուղիղ գնան` օդանավակայանի ճանապարհի փոխարեն:

Խմբագրության կողմից. Եկեք իրականացնենք Արմանի չարված  լուսանկարի երազանքը: Ամեն մեկը, ով ամեն օր տեսնում է Արարատը, թող լուսանկարի լեռը և գրի, թե որտեղից է արել լուսանկարը: Կսպասենք:

arman arshak-shahbazyan

Առաջին անգամ թանգարանում

Դու, հա, հա, հենց դու՝ էկրանի մյուս կողմում նստածդ, հիշո՞ւմ ես առաջին անգամ երբ ես թանգարան գնացել և ո՞ր թանգարանը: Իսկ ես հիշում եմ: Պատմեմ` լսեք…

Հերթական կիրակին էր: Հայրիկս տանն էր, իսկ իմ ու եղբորս համար տոն էր դառնում ցանկացած կիրակին, երբ հայրիկը տանն էր:
-Հագնվեք, տանեմ Աբովյանի թանգարան:
-Թանգարա՞ն, էդ ի՞նչ ա,- հարցական հայացքով նայեցի մերոնց, դե, 4 տարեկան էի: Չգիտեի` ինչ է թանգարանը:
-Հին իրեր են պահում էդտեղ,- մի կերպ փորձեց հասկացնել մայրս:
Հագնվեցինք, բռնեցինք հայրիկի ձեռքը ու գնացինք: Եղբայրս մեծ էր, երևի էլի էր թանգարանում եղել, իսկ ես ամբողջ ճանապարհին մանկական երևակայությամբ փորձում էի մտովի պատկերել թանգարանը:
-Պապ, այ պապ, ի՞նչ կա էդ սառնարանում:
-Ի՞նչ սառնարան, տղա ջան:
-Դու ասացիր, որ սառնարան ենք գնում,-դե փոքր երեխա էի, թանգարանը սառնարան էի հիշում: Ու միչև հիմա թե՛ պապան, թե՛ ապերը հիշում են այդ խոսքերս:
Ու այդպես ամբողջ ճանապարհին միայն ես էի խոսում, անդադար հարցեր էի տալիս: Վերջապես հասանք թանգարան, ու առաջին բանը, որ մտածեցի, այս էր. «Փաստորեն թանգարանում մենակ աշխատողներն են լինում»: Շրջում էինք ամբողջ թանգարանում ու կանգնեցինք մի հին տարազի առաջ: «Իսկ սա իմ տատի տարազն ա»,- մինչև հիմա հիշում եմ, թե ինչ հպարտությամբ հնչեց այդ արտահայտությունը հորս բերանից: Մի պահ միջիցս դուրս եկավ այն երեխան, ով ողջ ճանապարհին հարցեր էր տալիս «սառնարանի» մասին: Երեխա էի, բայց հպարտություն զգացի. հորս տատի տարազը թանգարանում է:

Անցել է 11 տարի, ու այդ ընթացքում, երբ այցելել եմ Աբովյանի թանգարան, հպարտությամբ բոլորի մոտ նշել եմ, որ այս տարազը հորս տատի տարազն է: Ու այդ 11 տարին իմ մեջ ոչինչ չի փոխել, երբ լսում եմ թանգարան բառը, ակամայից հիշում եմ «սառնարան» բառը, իսկ աչքերիս առաջ հորս տատի տարազն է գալիս: