Սոնա Մխիթարյանի բոլոր հրապարակումները

sona mkhitaryan

Սիրելու արվեստը կամ սերը արվեստ է

Ուզում եմ խոսել մի գրքի մասին, որն ինձ իսկապես շատ բան սովորեցրեց: Խոսքը հոգեբան Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գրքի մասին է: Հաճախ, երբ շրջապատում սիրո և սիրելու մասին խոսակցություն է սկսվում, չգիտես` ինչու, բոլորի մտքին առաջինը գալիս է սեր հակառակ սեռի նկատմամբ: Բայց չէ՞ որ սեր մենք տածում ենք նաև մեր ծնողի, մեր եղբոր, մեր դրացու հանդեպ: Գիրքը կարդալուց հետո հասկացա, որ իրոք, սիրելը արվեստ է:

Որևէ արվեստ սովորելիս, օրինակ` նկարչություն, մենք առաջինը փորձում ենք սովորել, թե ինչպես կտավը ձգել, ինչպես գույները խառնել, նույնիսկ սովորում ենք, թե որտեղից ներկերը գնել, որ մատչելի լինի, սովորում ենք ստվերների կարևորության մասին: Սիրելու ժամանակ դա նույնն է. մենք հաճախ սիրում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ են սիրում, հաճախ ուրախանալու փոխարեն ուրիշի երջանկությամբ, նախանձով ենք լցվում, հաճախ ընկածի կողքով անտարբեր անցնում ենք, որովհետև նա լավ տեսք չունի, գետնին նստած է, կեղտոտ է, և հնարավոր է` բակտերիաները մեզ կծեն: Հավատացեք, ես երբեք մուրացկանների գումար չեմ տվել, իհարկե, կան բացառություններ (եթե տեսնում եմ, որ տեղաշարժվելու խնդիր ունի՝ տալիս եմ, իսկ երբ հակառակն է, այսինքն՝ աշխատունակ է, բայց ընտրել է հեշտ ճանապարհը, չեմ տալիս), բայց գիրքը շատ բան փոխեց: Ես արդեն երեք անգամ գումար հավաքող, տեղաշարժվելու որևէ խնդիր չունեցող մուրացկանի առանց մեկ վայրկյան անգամ մտածելու գումար եմ տվել:

Գիրքը հոգեբանական վերլուծություններով լեցուն է, որն ավելի է իմաստ հաղորդում բովանդակությանը: Կային տողեր, որ երկու և ավելի անգամ եմ կարդացել, որպեսզի իմաստը ճիշտ հասկանամ:

Խակ սերն ասում է` ես քեզ սիրում եմ, որովհետև քո կարիքն ունեմ, հասուն սերն ասում է` ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ: Այս տողերը գրքում ներառված էր այն բաժնում, որտեղ ներկայացված է սիրահարվածության մասին նյութ (սիրո բնույթը դա էր), բայց ես պետք է այս տողերը նաև վերագրեմ թե՛ ծնողական սիրուն, թե՛ եղբայրական, թե՛ դրացիական: Ես իմ ծնողին չեմ սիրում այն բանի համար, որ նրա կարիքն ունեմ, այլ ես նրա կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ նրան, և նույնը եղբոր, քրոջ, հարազատի, հարևանի, ընկերուհու և այլոց նկատմամբ:

Երբ մեզանից օգնություն են խնդրում մարդիկ, վերցնենք ամենապարզ օրինակներից ինձ համար. ընկերուհիս հանդիսության է պատրաստվում, և նրան համապատասխան զգեստ է պետք: Նա բնականաբար կդիմի ինձ, ես կամ կմերժեմ նրան, կամ կխաբեմ, կամ ճիշտը կասեմ` գիտես, ես իմ հագուստը չեմ սիրում տալ այլ մարդկանց, կամ էլ մեծ սիրով կտամ, ժպիտով էլ պայման կդնեմ` ինչպես տվել եմ, այնպես հետ ստանամ: Եթե նա ինձ է դիմել, ուրեմն վստահ է եղել, որ կարող եմ օգնել, որ ես այն մարդն եմ, որ իրեն այդ հարցում կաջակցեմ, իսկ եթե մերժեմ, հուսախաբ կանեմ մի մարդու, ով ինձ իր ընկերուհին է համարում: Դա էլ է սիրել նշանակում, դա էլ է արվեստ, մենք պետք է դետալ առ դետալ սովորենք օգնել այն մարդկանց, ովքեր մեզ են դիմել, իսկ եթե ձեզ չեն դիմել օգնության խնդրանքով, բայց ակնհայտ է, որ օգնության կարիք կա, մի առաջարկեք ձեր օգնությունը, քանի դեռ նա ձեզ չի դիմել: Սա էլ ընդունեք որպես հորդոր-խնդրանք ապագա հոգեբանից:

sona mkhitaryan

Մարդասիրական ծրագրի և մարդասեր երիտասարդության մասին

Հարցազրույցն անցկացվում է «Mybookstore crowdfunding for books» խմբի գլխավոր համակարգող Հասմիկ Ավագյանի հետ։ Մարդասիրական խումբը նրանց համար է, ովքեր ցանկանում են գիրք գնել, սակայն գումարը չի բավականացնում։

-Ինչո՞վ էր պայմանավորված մարդասիրական խումբ ստեղծելու գաղափարը:

-«MYbookstore crowdfunding for books» խմբի գաղափարը հղացել է «MYbookstore» օնլայն գրախանութի հիմնադիրը՝ Լևոն Ստեփանյանը: Լևոնի բոլոր գաղափարները, որոնք կապված են գրքի հետ, միտված են գրքասիրությանը և գրքի տարածմանը: Ու այս մեկն էլ բացառություն չէր:

-Ինչքա՞ն ժամանակ է, որ գործում է խումբը:

-Խումբը ստեղծվել է 2018 թվականի փետրվար ամսին: Արդեն, փաստորեն, չորս ամսից ավելի է, ինչ գրքաշխարհում crowdfunding-ը իրականություն է:

-Երբ նոր էր ստեղծվել խումբը, արդյոք հե՞շտ էր խմբակիցներ հավաքելը:

-Խմբակիցներ հավաքելու խնդիր չկար, որովհետև կա ֆեյսբուքյան օգտատերերի մի զանգված, որ բավականին արագ է արձագանքում գրքաշխարհի ցանկացած նորության, հատկապես, եթե այն առաջարկվել է Հայաստանում առաջին օնլայն գրախանութի՝ «MYbookstore»-ի կողմից: Իսկ հիմա արդեն խմբի անդամներն են անընդհատ իրենց ընկերներին հրավիրում մեր խումբ, ինչի համար մենք շատ ուրախ ենք:

-Հիմնականում ի՞նչ ժանրի գրքեր են հայտագրում խմբակիցները:

-Խմբի հայտերում գերիշխողը գեղարվեստական գրականությունն է։ Միլան Կունդերա, Գաբրիել Գարսիա Մարկես․ ահա այն երկու հեղինակները, առանց որոնց խումբը արդեն չեմ պատկերացնում։ Մեծ պահանջարկ են վայելում նաև բիզնես և մարքեթինգային գրքերը, որոնցից չեմ կարող չառանձնացնել Սամվել Գևորգյանի «Քո սեփական բիզնեսը» և Վահագն

Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գրքերը:

-Օրվա ընթացքում քանի՞ գիրք է հայտագրվում, և ինչքա՞ն ժամանակ է պահանջվում գրքի համար անհրաժեշտ գումարի հավաքման համար:

-Հայտերը խմբում շատ են, սակայն դրանք հաստատվում են հերթով: Օրեր են եղել, որ մինչև 7-8 գրքի հայտ եմ ընդունել, և գումարը արագ հավաքվել է: Միջինում խմբում օրական 3-4 գիրք է հաստատվում, իսկ դրանց գումարների հավաքման պրոցեսը տևում է մոտ մեկ ժամ: Լինում են բազում դեպքեր, երբ հաշված րոպեների ընթացքում հավաքվում է անհրաժեշտ գումարը:

-Ի՞նչ սկզբունքով է գումարը հավաքվում առհասարակ, և եթե հայտագրողը զինվոր է, ինչպիսի՞ պայմաններ են գործում: Ինչպե՞ս եք պարզում, որ հայտագրողը իրոք զինվոր է:

-Խմբում կա հստակ կանոնակարգ, ըստ որի, յուրաքանչյուր հայտագրող ինքն է վճարում իր հայտագրած գրքի արժեքի 50%-ը: Գումարի 10%-ը վճարում է մեր գրախանութը, իսկ մնացած 40%-ը հավաքվում է խմբի անդամների կողմից:

Այսպիսով, ցանկացած գրքասեր ունի հնարավորություն գնելու իր սիրելի գիրքը 50% զեղչով: Իսկ զինվորների համար պայմանները քիչ այլ են: Նրանք մեր խմբում արտոնյալ են: Գրքի գումարի որոշակի սանդղակ ունենք, որը չգերազանցելու դեպքում գրքի ողջ գումարը հավաքում է խումբը: Զինվորի անվան տակ ներկայացողներ շատ չկան մեր խմբում, բայց հավաստիացնում եմ, որ լինելու դեպքում նրանք շատ արագ բացահայտվում են, ինչի համար շնորհակալ եմ բոլոր աջակիցներին:

-Գրքերը ինչպե՞ս են հասնում հասցեատերերին:

-Հասցեատերերը իրենք են մոտենում մեր գրասենյակ, որ գտվում է Զաքյան 10 հասցեում և վերցնում իրենց գրքերը՝ իմ հաստատումից հետո:

-Croudfunding խումբը ի՞նչ առնչություն ունի «Mybookstore» գրախանութի հետ:

-Ինչպես քիչ առաջ ասացի՝ խմբի գաղափարը հենց «MYbookstore»-ի հիմնադրինն է՝ Լևոն Ստեփանյանինը, և խումբը գրախանութի սկսած բազմաթիվ ծրագրերից մեկն է:

-Լինելով խմբում գլխավոր համակարգող, ի՞նչ կարծիք ունեք, արդյո՞ք մեր երիտասարդությունը գրքասեր է:

-Շատ կարևոր հարց է, որովհետև տարիներ շարունակ այլ է եղել մթնոլորտը այս հարցի շուրջ, սակայն իմ պատասխանը միանշանակ է՝ այո: Ես վերջին տարիներին միշտ եմ այս կարծիքին եղել, իսկ խմբի համակարգողի շատ պատասխանատու գործը ստանձնելուց հետո ավելի եմ համոզվել, ու ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իմ կարծիքը հիմնավորված է:

Երիտասարդները կարդում են, նրանք հետաքրքրված են՝ հատկապես հիմա, երբ շատ լուրջ հեղինակներ են հայերեն թարգմանվում: Իսկ իրապես հետաքրքրված ու շահագրգիռ երիտասարդը միշտ գտնում է կարդալու իր տարբերակը ու օգտվում ստեղծված հնարավորություններից, ինչպիսին օրինակ մեր խումբն է: Իսկ նրանք, ովքեր ավելի սուղ

հնարավորություններ ունեն կամ գուցե գրքեր կարդալու, բայց ոչ գնելու սիրահար են, օգտվում են մեր այլ ծրագրերից, որոնցից է, օրինակ, «MYգրադարանը», որը լի է բազմաթիվ նոր տպագրված գրքերով: «MYbookstore»-ը իր բոլոր մարդասիրական ծրագրերի արդյունքում շրջապատված է կարդացող երիտասարդներով և ոչ միայն երիտասարդներով: Մենք միշտ պատրաստ ենք նորը մատուցելու մեր հաճախորդներին ու հասարակությանը:

sona mkhitaryan

Շատ չենք խոսել, ճիշտն ենք խոսել

Թավշյա հեղափոխության հաղթանակի օրն էր, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ եկել, հավաքվել էին, որ միասին տոնեն իրենց հաղթանակը։ Օրը հագեցած էր սիրով, նույնիսկ օրվա վերջում տեղացած անձրևն էր սիրո ու համերաշխության նշան: Մարդիկ չէին վախենում, որ կարող են մրսել, հիվանդանալ, որովհետև դա այս հաղթանակի դեմ ոչինչ էր։ Ես գիտեի, որ տուն գնալիս երթուղայինի մեջ բուռն խոսակցություն է գնալու, որը կարող եմ շարադրել։

Նստեցի երթուղային, գնում էի Կիլիկիա ավտոկայան, ճանապարհները փակ էին տեղ-տեղ, բոլորը փողոցներում էին, բոլորն ուրախ էին, ու չկային ոստիկաններ, որ մեքենաների խախտումները արձանագրեին։ Ինչպես վարորդն ասաց` էսօր «պրազդնիկ» ա, էսօր կարելի ա։ Մայրուղու մեջտեղից մի կին նստեց։ Շնչակտուր բարձրանալիս ասաց.

-Վայ, ապրես, ախպեր ջան (վարորդի հետ էր), ես Նիկոլի ցավը տանեմ, հա։

Այս տողերը դարձան խոսակցության սկիզբը, որին միացան բոլորը։

-Ապրեն մեր երիտասարդները, ինչ արեցին՝ իրանք արեցին։

-Մենակ իրանք չէ, իրանց ծնողներն էլ։ Վերջապես պրծանք։ Էս ոհմակից ազատվել էր պետք։ Տղես Ռուսաստանից գալիս էր, մի քանի օր ստեղ մնում էր, ասում էր՝ մամ, էս ինչ մեղք են էս ժողովուրդը, էս երիտասարդները։ Փողոցով անցնում ես, չկա մի մարդ, որ ժպտա ու ուրախ լինի։

-Հազիվ, հազիվ։ Էս ինչ էր մեր վիճակը։ Հաստատ միանգամից մեր վիճակը չի լավանա, բայց կարևորը՝ դրանցից պրծանք, մեր արյունը խմեցին դրանք, է, խմեցին։

-Էս ժողովուրդը 20 տարի ա՝ էս օրվան ա սպասել, որ խոսի, որ քայլ անի, որ ապրի, ոչ թե գոյատևի։

-Մենակ մի բան կասեմ՝ հալալ ա, հալալ։ Բոլորիս։

Հասանք ավտոկայան, իջնում էինք.

-Այ մարդ, էս ինչքան խոսեցինք։

-Շատ չխոսեցինք է, ճիշտը խոսեցինք։

sona mkhitaryan

Պատրաստի՞, թե՞ քո ուժերով

Մանկավարժական համալսարանում դասապրոցեսն իրականացվում է Classroom հավելվածի միջոցով և օգնությամբ: Այդ հավելվածի դեմ կան բազմաթիվ բացասական տրամադրված ուսանողներ, որոնց մի մասի բողոքը սահիկահանդեսների անընդհատ պահանջն է, ոմանցը` գնահատվող առաջադրանքները, ոմանք էլ հետ չմնալու համար հետևում են շատերի օրինակին ու ուղղակի դժգոհ են ամեն ինչից:

Ինձ համար այն ձևական բնույթ է կրում, միաժամանակ ունեմ և դրական, և բացասական կարծիք հավելվածի վերաբերյալ: Վերջինիս միջոցով կապ կարող ենք հաստատել դասախոսի հետ, օրվա ամեն պահի կարող ենք մուտք գործել, տեսնել հաջորդ դասախոսության նյութը, կամ թե սեմինարին որ թեմաներն ենք պատասխանելու: Ինձ համար մի քիչ տրամաբանական չէ այն, որ դասախոսը կարող է վաղվա սեմինարի նյութը տեղադրել գիշերը 2-ից հետո, կամ առավոտյան 7-8-ը, ինչը ես տեսնում եմ առավոտյան 8-ին: Կամ տեղադրել գնահատվող բավականին բարդ առաջադրանք միջանկյալներից մոտ 2 շաբաթ առաջ, ու վերջնաժամկետը՝ նախքան միջանկյալները: Ինձ համար դժվար է լինում միաժամանակ պատրաստվել միջանկյալներին ու կատարել բավականին ժամանակատար առաջադրանք:

Հիմա մենք լսարաններում ոչ մի դասախոսության նյութ չենք գրում, նախքան այդ դասը տվյալ նյութն արդեն տեղադրված է լինում մեր էջում: Հաշված ուսանողներ են, որ նյութերը կարդում են, սովորում: Շատերն ասում են, որ հիմա երիտասարդությունը գիրք չի կարդում: Ես համամիտ եմ, իհարկե, կան բացառություններ, օրինակ՝ որևէ թեմայով ռեֆերատ կամ որևէ այլ բան գրելիս նյութերը, կարելի է ասել, դասախոսները տրամադրում են, կամ տրամադրել են անցած դասախոսությունների մեջ, բայց միևնույնն է, կան ուսանողներ, ովքեր պատճառաբանում են, թե նյութ չեն գտնում: Եթե թեման տային ու ասեին՝ գնա որտեղից ուզում ես՝ գտիր և գրիր, հաստատ կգտնեին ու կգրեին, ու հավատացեք, թեկուզ միայն գրադարաններում այդ փնտրտուքների ժամանակ այնքան գիտելիք ձեռք կբերեին, որ իրենք էլ կզարմանային:

Ուզում եմ ասել, որ ոչ մեր ժամանակներում մեզնից մեծերը այդպես սովորելով է, որ նույնիսկ 5-րդ դասարանում անցած բանաստեղծությունները հիշում են: Հիմա համացանցով կարող ես գտնել շատ նյութեր, բայց այն, ինչ ուսանողին է պետք, միայն ճիշտ գրականության մեջ է: Չեմ ուզում ասածիս հակասել, կդառնա բանավեճ ինքս ինձ հետ, բայց պետք է գրքի երկու էջն էլ կարդալ:

Ես կուզեի ապրել այնպիսի ժամանակներում, որ թեկուզ ստիպված, բայց ամեն գնով գտնեի այն, ինչ ինձ պետք է, ոչ թե պատրաստի տրամադրվեր, որ հեշտ, ուղղակի «copy-paste» անեի, անցներ գնար: Բայց չգիտեմ՝ ապրելով նման կերպ՝ արդյո՞ք կդիմանայի ինձնից մեծերի ժամանակներում…

Տաքերն ընկել են

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Ինչպես ասում են մեր համագյուղացիները՝ տաքերն արդեն ընկել են, իսկ դա նշանակում է, որ գյուղացիներն արդեն անցնում են իրենց հողագործական աշխատանքներին։ Ոմանք դաշտ են մշակում, ոմանք էլ՝ իրենց տան բակի հողամասը։ Այս տարի ոռոգման ջրի բացակայության պատճառով շատ մարդիկ չգիտեն, թե ինչ են անելու, վարկերն ինչպես են փակելու։ Մեր հարևաններից մեկը այս տարի իր 2 զավակներին բանակ ճանապարհեց` մնալով միայնակ իր ամուսնու հետ։ Մինչ այդ նրանք հողամաս էին մշակում հեկտարներով, այդ հարցում տղաներն էին օգնում, իսկ հիմա չկա օգնող ուժ։

-Ահ, ջուր էլ չկա էս տարի։ Դաշտը աշխատելով ավելի շատ փող կառնեմ, քան հող դնելով։ Ո՞ւմ հույսով էդ հողը դնեմ։

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Մենք երբեք մեծ հողամաս չենք մշակել, միայն մեր բակի փոքրիկ հողակտորը։ Մայրս կանաչի է ցանում, լոբի, իսկ հայրս բավականին շատ նոր ծառեր է տնկել։ Մեր մեծ ծիրանենին չորացել է, ու այս գարնան միակ ծաղկած ծառը մեր հողամասի ամենափոքրիկ ծիրանենին է։

Մայրս, երբ հողամասում սերմեր էր ցանում, մեր հարևանն իր թոռնիկի հետ նույնպես բակում էր։

-Ալլա, հերիք ա էդ ծառերը ջրես։

-Չէ, տատի, ջրեմ, որ աճի։

-Այ բալա, բոլ ա, կնեխեն արմատները։ Սպասի ես էդ ջուրն անջատեմ, պրծնեմ։

-Օֆ, տատի, դե թողեք գործ անեմ…

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Տեսնենք տարի ոնց կլինի:

sona mkhitaryan

Ակնալիճ գյուղի մարտի 8-ը

Ուզում եմ պատմել մեր գյուղի կանանց մտածմունքի մասին տոն օրերին: Լսելով նրանց խոսակցությունը, չես կարող անտարբեր անցնել: Հիմա կանանց մի մասը գեղեցկության սրահներում են, մի մասը տանը իրենց նվեր ստացած ծաղիկներն են ծաղկամանի մեջ դնում, իսկ մյուս մասը դրսում արևի տակ, քարին նստած մտածում է, թե պարտքերը ոնց է փակելու, երբ է դաշտի աշխատանքները սկսվելու և նման շատ այլ բաներ:

-Էս ծխելու օրենքն էլ հանեցին, էլի չպրծանք: Իմ մարդը շատ-շատ ա ծխում: Ամսեկան 60 հազարից ավել գնում ա էդ պապիրոսի վրա: Մեր գրպանը կծակե՞ր էդ փողը: Օֆ, չգիտեմ: Երեկ տղես էր զանգել (ծառայության մեջ է գտնվում Մատաղիսում), ասում եմ` ո՞նց ես, հա ասում ա՝ լավ եմ, լավ, բայց հազում էր: Երեխուս վրա իլլաջ չկար: Ես էդ զգում էի, հիվանդ էր (այդ ասելով`փորձում էր զսպել արցունքները, բայց արևի լույսը մատնում էր՝պսպղացնելով դրանք):

-Դե հիմա ոչինչ, օդ ա փոխել, ընդեղ ցուրտ էլ ա, առավոտները էդ ցրտին վազելուց ա մրսել, երևի: Կդզվի, հո տենց չի՞ մնա (փորձում էր հանգստացնել նրան հարևանուհիներից մեկը):

Փողոց մտավ առևտրականի մեքենա, որին պարտք էր նստած կանանցից մեկը: Հասավ նրանց, կանգնեց.

-Հը՞, չունե՞ս:

-Չէ, Վազգեն ջան: Մնա՝ թոշակին (մեքենան գնաց): Օֆ, էսքան տունը նստել կլինի՞: Երբ ա էս դաշտի գործերը բացվելու: Թոշակին մի հատ տենամ կարա՞մ ինձ լաթիկ առնեմ՝ դաշտի մեջ հագնելու համար, սրանք լրիվ հալից ընկել են:

-Հա, քեզ մարտի 8-ի նվեր արա (ասաց մայրս):

-Հա՜, բախտավոր ինձ: Մի տարի եմ մարտի 8-ին լավ նվեր ստացել` ոսկու կոմպլեկտ, վարկով առած էր, տարանք գրավ դրեցինք, գնաց, կորավ:

Կանանց մի մասը իր հոգսաշատ մարտի 8-ը նշում է այսպես:

sona mkhitaryan

Հայրս

Գարուն 

Ապրիլից հայրս գնում է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Ես ու մայրս կարոտում ենք նրան, երբ գնում է, իսկ մյուս կողմից 2 քույրերս են շատ ուրախանում, երբ հայրս գնում է իրենց մոտ: Մեր սիրտը հանգիստ է այնքանով, որ այդ «օտարություն» ասվածը այդքան էլ այդպես չէ, երբ երեխաներդ են հագուստդ լվանում, արդուկում, քեզ կերակրում: Երբ դասից գալիս եմ, հարցնում եմ մայրիկիս.

-Մամ, զանգե՞լ ա պապան:

-Չէ հլը, Լիանի հետ եմ խոսել մենակ:

Հայրս ցերեկները մեկ-մեկ է զանգում մայրիկիս, հիմնականում երեկոյան է զանգում՝ սքայփով, որ ես տանը լինեմ, որ ինձ տեսնի:

-Պապ, բարև:

-Բարև, ցավդ տանեմ: Ո՞նց ես:

-Լավ եմ, դու քեզանից ասա:

-Ոչինչ, լավ: Դասերդ լա՞վ ա:

-Հա, լավ ա, պապ։

Էսպես մինչև ամառ:

-Բալես, դե քեզ ինչ պետք ա, կգնաս, կառնես:

-Հա, պապ:

-Մորդ չլսես, ինչ ուզես՝ կառնես:

-Հա, հա,- ծիծաղելով պատասխանում եմ ես։

Իրականում, երբ հայրս գումար էր ուղարկում, քույրիկներիս հետ խոսում էի, որ պապային տանեին իրեն հագուստ առնելու, թե չէ հայրս իրեն չի գնի: Հայրս միակն է ինձ համար: Ինձ ոչնչից չզրկելու համար գիշերն անցկացրել է խոնավ սենյակում, ծանր բեռներ է բարձրացրել, ավելացրել է իր ճակատի կնճիռների քանակը, ավելացրել է սպիտակ մազերի քանակը:

Աշուն 

-Դո՞ւ էլ ես հոպարի հետ գալու օդանավակայան:

-Հա, պապ, անպայման:

-Բա դասի՞ չես:

-Դա կապ չունի, ես քեզ կարոտել եմ…

sona mkhitaryan

Ակնալճի ձմռան ավարտը

Ուզում եմ պատմել մեր գյուղի` Ակնալճի, նիստուկացի մասին: Գարունը մոտենում է արդեն, իսկ մարդիկ վերսկսում են իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Ոմանք խաղողի վազերն են հողից դուրս բերում (բաղաբաց), ոմանք ծառերն են էտում, բայց բոլորը ունեն մի մտատանջություն` հանկարծ ջերմաստիճանը չնվազի, թե չէ՝ ամեն բան կցրտահարվի, ու ոնց որ մեր հարևաններն են ասում. «Էս տարի կմնանք առանց ծիրան»:

Ամեն մեկը իր գործը ունի: Այ, օրինակ,  դպրոցական երեխաները գոնե իրենց դասերով են զբաղվում, իսկ ավելի փոքրերը ամբողջ օրը դրսում են, ոչ մի զբաղմունք չկա նրանց համար:

Կան մարդիկ, ովքեր միայնությունից խելագարվում են արդեն: Գիտե՞ք, մի ընտանիք գիտեմ, ովքեր այս ձմեռ իրենց զույգ որդիներին ճանապարհեցին բանակ, մնացել են միայնակ ամուսիններով, ու չգիտեն` ինչպես են միայնակ հողագործական աշխատանքները կատարելու:

Մի տեսակ մեր փողոցը դատարկվել է: Առավոտյան, երբ գնում եմ դասի, դրսում միայն շներ են, երբ տուն եմ գալիս, կրկին նույնը: Կամ եթե տաք է լինում եղանակը, հարևանները հավաքվում են մեր տան մոտ, նստում, խոսում, սրճում, հետո էլի ամեն մեկը իր գործին:

Ես իրոք չեմ ուզում գարունը գա, որովհետև եթե դուք էլ տեսնեք գյուղացիների կռիվը իրենց օրվա հացի, ապրուստի համար, դուք էլ նույնը կցանկանաք:

Աղավնաձոր

Ամեն տարի՝ ձմռանը, ՀՊՄՀ-ի 10 ֆակուլտետների լավագույն ուսանողների համար կազմակերպվում է 4-օրյա հանգիստ Աղավնաձորում: Յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը իր ֆակուլտետից ընտրում է 5-6 ուսանողի և տվյալները ներկայացնում դեկանին: Աղավնաձոր հանգստյան բազան պատկանում է Մանկավարժական համալսարանին: Այս տեսակ հանգիստ նաև կազմակերպվում է ամռանը, բայց 15 օրով և երկրից դուրս։ Ուսանողները հանձնում են օտար լեզվի քննություն և գնում արտերկիր, իսկ արտերկրի ուսանողները գալիս են մեր Աղավնաձորի հանգստի գոտի։ Այլ կերպ ասած՝ տեղի է ունենում ուսանողների փոխանակում։

Այս տարի ես նույնպես այն 5 ուսանողների կազմում էի, որոնք ուղևորվեցին Աղավնաձոր։

Օր առաջին

Աղավնաձորում առաջին ուրախալի փաստն այն էր, որ ձյուն տեսանք։ Գնացինք ներս, սենյակների բանալիները վերցրինք, տեղավորվեցինք ու 2 ժամ սոված նստեցինք. սպասում էինք ժամը 2-ի ճաշին։ Համեղ ճաշից հետո գնացինք կոնֆերանս դահլիճ՝ ծանոթանալու մեր օրակարգին։ Օրակարգի մեջ մտնում էին բազմաթիվ ինտելեկտուալ և սպորտային խաղեր։ Այսօր մասնակցեցինք ինտելեկտուալ խաղի, որը անցկացվում էր 10 ֆակուլտետների միջև։ Հաղթեցինք մենք՝ ԿՀՍ-ի (Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի) ֆակուլտետը, ինչից շատ ոգևորվելով՝ զանգեցինք ու տեղեկացրինք մեր ՈւԽ նախագահին։ Ժամը 7-ին ընթրեցինք ու գնացինք երկրորդ հարկ՝ երաժշտություն լսելու։ Լավ, քնենք, ասում են՝ առավոտյան 8։30 պիտի առաջին հարկում նախավարժանքին պատրաստ լինենք։

Օր երկրորդ

Առավոտյան մի կերպ արթնանալով, նախավարժանքից ուշացած՝ իջնում ենք ներքև, 5 րոպե հետո նորից բարձրանում ենք սենյակ։ Այսօրվա մեր օրակարգում հիմնականում ազատ ժամանց էր։ Իսկ հաջորդ առավոտյան արշավի պիտի գնանք։

Օր երրորդ

Գիշերը ուշ քնելու պատճառով առավոտյան ուշանում ենք արշավից։ Մեր անուշ քունը խանգարեց դռան թակոցը և «վեր կացեք» հրամանը։ Կրկին մի կերպ արթնանալով՝ իջնում ենք նախասրահ։ Գնում ենք անտառ, ճանապարհին ձնագնդի ենք խաղում, կատարում վիդեոնկարահանումներ։ Վերդառնալուց հետո կոնֆերանս դահլիճում սկսեցինք քննարկել օրվա գրաֆիկը։ Օրվա կեսից մեզ միացավ ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահը։

Օր չորրորդ

Մեզ այցելության էին եկել ՀՊՄՀ-ի պրոռեկտորը և այլ աշխատակիցներ, որպեսզի իմանան, թե ինչպես ենք, ուղղենք նրանց մեզ հետաքրքրող հարցերը։ Եկել էին նաև «Հաջողության բանաձև» հաղորդաշարի աշխատակիցները` նկարահանելու մեր առօրյան։ Օրվա երկրորդ կեսին հավաքվեցինք կոնֆերանս դահլիճում, և կատարեցին պատվոգրերի հանձնում։ Պատվոգրեր տրվեցին շաշկիի, շախմատի, սեղանի թենիսի մրցույթներում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրածներին, տրվեցին նաև ակտիվություն ցուցաբերած ուսանողներին։ Հետո դրսում խարույկ վառեցինք, շուրջպար բռնեցինք ու սկսեցինք պարել։ Բայց, իրականում, պարել են առանց մեզ, մենք (ԿՀՍ-ի ուսանողներս) դուրս չենք եկել, որովհետև հումորային մրցույթի պետք է պատրաստվեինք. ոչինչ չէինք արել։ Բավականին ծիծաղաշարժ սցենար մտածեցինք ու հանդիսատեսի բարձր ծափերին արժանացանք։ Արդեն ուշ էր, բարձրացանք սենյակ, ես քնեցի, մյուսները նորից գնացին այլ խաղերի մասնակցելու։ Բավականին շատ պարել ենք։ Դե ինչ, այսօր մենք արդեն տանն ենք։ Ավարտվեց մեր 4-օրյա հրաշալի հանգիստը։

sona mkhitaryan

Իմ 2017-ը

2017թ.-ն ինձ տվեց և խլեց ինձնից շատ թանկ բաներ: Ես ավարտեցի դպրոցը՝ կորցնելով այն դպրոցական, դասարանական ջերմ միջավայրը, որից թվում էր, թե անբաժան էի: Տվեց ուսման մեջ նոր հնարավորություններ, նոր շրջապատ, հետաքրքիր առօրյա: Խլեց պապիկիս, չնայած, որ չեմ կարողանում հավատալ: Տվեց ինձ հնարավորություն՝ թեկուզ մեկ, բայց ոչ վերջին անգամ աշխատելու սեփական գումարս: Տվեց ինձ՝ քրոջս և իր երեխաներին տեսնելու, գրկելու, գրեթե մեկ ամիս նրանց հետ անցկացնելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, խլեց մյուս քրոջս ու իր երեխային տեսնելու հնարավորությունը (հույս ունեմ նրանց 2018թ.-ին տեսնել): Տվեց ինձ շատ մեծ ցավ (հայրիկիս առողջությունը շատ թանկ է ինձ համար), որը կհաղթահարենք: Տվեց փորձություն ու այդ փորձությունը հաղթահարելու համար այնպիսի մեկին, ով ձեռքս բռնեց ու տարավ առաջ (մինչև հիմա ձեռքս բռնած է): Տվեց քննություններ, որոնք բավականին լավ կարողացա հանձնել:

Հիմա ես եմ խնդրում, որ տա ինձ ուժ, որ գալիք քննություններիս նույնպիսի արդյունք ստանամ: