
Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի
Երեք ամսվա դադարից հետո ես նորից գրում եմ։ Երեք ամի՜ս… Բավական երկար ժամանակահատված է, այնպես չէ՞(համենայն դեպս ինձ համար)։ Երևի դուք կմտածեք, թե ես ինչո՞վ եմ զբաղված եղել այսքան ժամանակ, որ չեմ կարողացել գոնե մեկ նյութ կամ նկար ուղարկել։ Գուցե նրանք, ովքեր կարդացած լինեն վերջին հոդվածս, գտնեն այս հարցի պատասխանը, իսկ ովքեր ՝ոչ , ես կպատմեմ նրանց։
Այս երեք ամսվա ընթացքում ես դասերից զատ զբաղված էի մեր նոր տան շինարարական գործերով։ Ճիշտ է, չեմ արել այնպիսի գործեր, ինչպիսիք են, օրինակ՝ ավազ կրելը կամ սվաղ անելը, բայց մայրիկիս հաստատ օգնել եմ տունը հավաքելու և կերակուր պատրաստելու գործում, մի խոսքով։ Ասեմ, որ շատ բան է փոխվել այս երեք ամսվա քրտնաջան աշխատանքից հետո։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի
Ի դեպ, հոդվածումս նշել էի, որ հետագայում էլի կգրեմ մեր գործերի մասին, սակայն այս անգամ կցանկանամ ավելի շատ խոսել մարդկային ջերմ ու մաքուր հարաբերությունների մասին, որոնք մեր ժամանակներում կարծես թե վերացել են։ Այժմ մարդիկ սեփական շահի ու օգուտի սահմաններից այն կողմ կյանք չեն տեսնում, մինչդեռ նրանք իրենց հաջողություններին հասել են ուրիշների օգնությամբ: Հիմա քիչ են այն մարդիկ, ովքեր կարող են դիմացինին անշահախնդրորեն օգնել ու ոչինչ չակընկալել օգնության դիմաց։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի
Երբ նոր էինք ձեռնարկել այս գործը, լ հայրս ու մանավանդ մայրս, շատ էին անհանգստանում, որ կարող է մենք չկարողանանք կամ չհասցնենք գործն ավարտին հասցնել: Բայց արի ու տես, որ կարողանում ենք ու հաստատ կկարողանանք շնորհիվ մեր հարազատների, բարեկամների, ընկերների ու մեզ օգնողների։ Վերջիններիս թվին են պատկանում քեռի Սմբատը, ով Ռուսաստանի Դաշնությունից է եկել, հորս մորաքրոջ ամուսինը՝ Վահագնը, իր որդիների ՝ Վարդանի, Վահրամի ու Վահեի հետ, եղբայրս՝ Վիգենը, իր բազմաթիվ ընկերների հետ, մորաքրոջս ամուսինը՝ Հարությունը, մորեղբայրս ՝ Անդրանիկը, հորեղբայր Վահագնը իր որդու՝ Տիգրանի հետ, մորս հորեղբայր՝ Սամվելը, հորս հորեղբոր որդին՝ Արմանը, մորս բարեկամ ՝ Վլադիմիրը և շատ ու շատ բարեկամ ու ընկեր, հարևան։
Հիմա մենք ավելի ոգևորված ենք մեր գործով, որը իրականում շատ խորը իմաստ ունի, քանի որ հիմա բոլորը վատ սոցիալական պայմաներից դրդված ՝ ստիպված թողնում են սեփական տունն ու հայրենիքը և հեռանում օտար երկրներ, ժամանակի ընթացքում իրենք էլ օտարանալով: Մինչդեռ մենք տուն ենք կառուցում մեր իսկ հարազատ հայրենիքում, որտեղ ոչ ոք ու ոչ մի բան մեզ չի խանգարի ապրել ազատ ու անկախ։
Տեսնելով, թե ինչպես է մեր տունը օր-օրի փոխվում, գեղեցկանում՝ մտածում ենք, որ արդեն այդտեղ ենք ապրելու, որ վերջապես այսքան տարի հետո կունենանք ամուր տանիք ու անսասան հիմք, չենք հավատում մեր իսկ աչքերին:

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի
Այս ամենի համար շնորհակալություն ենք հայտնում Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ու «Ֆուլեր» տնաշինական ընկերության տնօրեն Աշոտ Եղիազարյանին, աշխատակից քեռի Ջիվանին, որոնց պատրաստակամությունը` օգնելու, նպաստելու մեր գործին, մեր մեջ հույս արթնացրին, թև տվեցին, որպեսզի մենք ձեռնամուխ լինենք տունը կառուցելու աշխատանքին: Հակառակ դեպքում այդ բարի գործը չէր կատարվի։
Եվ վերջում կցանկանամ, որ բոլոր վատ վիճակում գտնվող մարդկանց կողքին միշտ հայտնվեն նրանք, ովքեր կկարողանան նրանց հույս տալ, օգնել և ստիպել հավատալ ապագային։





-Արդեն հասե՞լ ենք, էստե՞ղ ենք պարելու, հա՜ ճիշտ ա, էն էլ Լիլիթը,- դուրս գալով ավտոմեքենայից՝ գնացի, ավելի շուտ վազեցի Լիլիթի մոտ: Նա ինձ ընդառաջ եկավ, չէ ավելի շուտ նա էլ ինձ նման վազում էր: Այդպես գրկեցինք միմյանց ու դեռ կարոտներս չառած բաժանվեցինք իրարից, քանի որ պետք է վերադառնայի խմբի մոտ: Մեզ ուղեկցեցին հանդերձարան: Անկեղծ ասած, այն սենյակները, որտեղ զգեստափոխվում ենք մարզկենտրոններում կամ գյուղերում համերգներ տալիս, մենք կոչում ենք հանդերձարան, սակայն իրականում հանդերձարաններ համարյա ոչ մի տեղ չկան: Սենյակի կահավորումից ենթադրեցի, որ սա ինչ-որ դասասենյակ է` երևի նկարչության: Բայց մեզ համար ստեղծել էին բոլոր հարմարությունները: Կար էլեկտրական տաքացուցիչ, և սենյակը բավականին տաք էր: Հանդերձարանը համերգների, ներկայացումների ժամանակ շատ կարևոր է, սակայն դրա կարևորությունը ելույթ ունեցողներն են միայն հասկանում, իսկ դահլիճում նստածների համար դա կարևոր չէ, երևի այդ պատճառով էլ այդ մասին ուշադրություն դարձնող չկա: Գնացինք կուլիսներ` բեմը մի փոքր ուսումնասիրելու համար: Այն բավականին մեծ էր, որոշ չափով նմանվում էր Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բեմին: Ասեմ, որ սա էլ շատ կարևոր է: Երբեմն բեմն այնքան փոքր և անհարմար է լինում, որ ստիպված ես ելույթիդ մեջ որոշ սահմանափակումներ անել, փոփոխել: Եկավ մեր հերթը, հնչեց երաժշտությունը և սկսեցինք պարել: Մենք վերջինն էինք, բայց դահլիճը լիքն էր, մարդիկ դեռ չէին հեռացել: Ընդհանրապես շատ է եղել երբ վերջինն ենք պարել: Եվ հաճախ դահլիճը արդեն դատարկ է լինում, քանի որ, շատերը իրենց բարեկամների ելույթից հետո գնում են և հաջորդ համարները չեն դիտում: Իսկ այս հանգամանքը ամենավրովվեցուցիչն է: Պատկերացնո՞ւմ եք. Եկել ենք հեռու տեղից, ժամերով նախապատրաստվել ենք, սպասել մեր հերթին, իսկ երբ բեմ ենք բարձրացել, աչքի պոչով նայել դահլիճին, որպեսզի ոգեշնչվենք, բայց դահլիճը համարյա դատարկ է եղել: Ես համարյա բոլորի անունից պետք է ասեմ ու խնդրեմ. հանդիսատեսը ներկայացման կամ համերգի ամենակարևոր անձն է: Մենք ձեզ համար ենք երգում, պարում, խաղում բեմի վրա, եթե դուք չկաք, կամ չեք լսում ու դիտում, մենք հուսահատվում ենք: Անկախ բոլոր հանգամանքներից, դուք միշտ ջերմացնում եք մեզ: Չեք պատկերացնի, ինչքան հաճելի է, երբ մոտենում են և ցանկանում են նկարվել կամ հարցուփորձ են անում` թե որտեղից ենք, ով է մեր ղեկավարը, էլ ավելի են ոգևորում ծափողջյունները, որոնց պակասը Ստեփանավանում չզգացինք: Հանդիսատես դաստիարակելն էլ շատ կարևոր է: Սակայն այս անգամ Ստեփանավանում, անկախ ամեն ինչից, դահլիճը չդատարկվեց: Նրանք, ովքեր արդեն ելույթ էին ունեցել, նույնպես դիտում էին, թեև դահլիճում նստելու տեղեր չկային: Սա ինձ շատ դուր եկավ: Այս տարի բավականին շատ ենք ելույթներ ունենում Հայաստանի տարբեր քաղաքներում, գյուղերում: Եվ մեզ միշտ շատ լավ են ընդունում: Երևի ինչ-որ բան կամաց-կամաց փոխվում է:
Արդեն անցել է մի քանի ամիս, բայց վարդը մինչև հիմա պահում եմ: Սա շատ թանկ հիշողություն է Լիլիթից, համերգից և Ստեփանավանից:
Փառատոնները միշտ լավ են կազմակեպվում, ինչպես և այս մեկը։ Անշուշտ ես հուզվում էի փառատոնի ժամանակ։ Անընդհատ Մարիամենց ելույթին էի սպասում։ Ըհը, վերջապես հաղորդավարը հայտարարեց Մարիամենց խմբի անունը։ Ողջ պարի ընթացքում Մարիամին էի նայում, նա շատ լավ էր պարում։ Ելույթից հետո ուզում էի, որ բոլորը բարձր ծափողջույններով ճանապարհեին Մարիամենց, ուզում էի, որ բոլորը «բրավո» գոչեն, որպեսզի նրանց խումբը ոգևորված և մեր հանդիսատեսից գոհ գնար քաղաքից։







Դարինկա տատս ասում ա․ «Որ ասում էի` էս անունը լավը չի, ինչի՞ եք դրել, հերս ասում էր` աշխարհի ամենալավ անունն ա»։

Ես ու պապիկս հաճախ ենք զրուցում միմյանց հետ։ Տարբեր թեմաների կարող ենք մենք առնչվել մեր թոռ-պապական զրույցներում։ Օրինակ, ամենշոշափվող ու ինձ համար ամենաանհրաժեշտ թեման դասերի հետ է կապված։ Այս տիպի զրույցները հիմնականում հեղեղված են լինում պապիս խրատներով։ Պապս ինձ, ինչպես նաև եղբորս խրատում է լավ սովորել։ Այդ խրատները դարձել են կյանքիս ճանապարհին ամրացված նախազգուշացնող ցուցիչներ, որոնք ինձ ստիպում են ոտքս միշտ պահել սովորելու ոտնակի վրա և միշտ օգնում ինձ առաջ շարժվել։