Լիլիթ Սուքիասյանի բոլոր հրապարակումները

Ձմեռային զբոսանք

Մուլտֆիլմերի հեքիաթային ձմեռ հիշեցնող մի օր, երբ արևն արդեն թեքվել էր հորիզոնից՝ ինձ համար հանգիստ տանը նստած եմ և նույնիսկ չեմ էլ մտածում դուրս գալու մասին, մայրս հանկարծ կանչում է։

-Լիլ, կգնա՞ս խանութ։

Մտքումս. «Աh, էս ձնո՞վ։ Բայց մի րոպե, չբռնեմ` ապարատս հետս տանեմ, մի երկու ֆոտո անեմ»…

-Լիլի՜թ, կլինի՞ ես էլ գա՜մ,- ձայնը կատվի պես երկարեցնելով հարցնում է քույրս, ավելի ճիշտ համոզում։

-Հա, բա ոնց Դար։

Այսպես ուրախ-ուրախ ես ու քույրս վերցրինք ապարատն ու սահնակը և գնացինք խանութ։ Նախընտրեցինք խանութ հասնել անտառի միջով անցնող ճանապարհով։ Դե, եթե հիշում եք, ես Ստեփանավանում եմ ապրում, չորս կողմն անտառ է: Այդպես կկարողանայի քիչ թե շատ լավ լուսանկարներ անել, համ էլ Դարուշիկին սահնակով ման կտայի։ Մենք հնարամտորեն երեքը մեկում համատեղեցինք։ Ճիշտ է, հետ գալուց ցուրտը մի քիչ մեր երեսները «քերեց», բայց ոչինչ, այդպես էլ է պատահում։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ամանորը որպես հուշերի վերակենդանացման տոն

…Հին նոր տարվա երեկո է, հաճելի ու ջերմ մթնոլորտ: Ամանորը հրաշալի  առիթ է  մտերիմներով հավաքվելու, պարելու, ուրախանալու, ի վերջո,  միմյանց հետ լավ ժամանակ անցկացնելու։  Իսկ եթե իրար գլուխ են հավաքվում ընկերները, բարեկամները, մտերիմները, անխուսափելի է դառնում  հուշերի վերակենդանացումը։

Նստած լսում ենք մորս ու հորեղբորս  հետաքրքիր  հիշողությունները.

-Մարգուշ, հիշո՞ւմ ես ջրելոցուն, ո՞նց քեզ  մի անգամ ջրեցի։

-Հա, ոնց չեմ հիշում։ Էս Վահանը վեդրոն ձեռին ընգել ա հետևիցս, ուզում ա ջրի։ Ասի՝ ուր գնամ, որ ինձ չջրի: Որ մեր տուն գնայի՝ պետք ա ջրեր: Գնացի սկեսուրանցս դոմիկ մտա (Հիշեցնեմ, որ մորս ու հորս ընտանիքները ապրել են նույն բակում, և ավելացնեմ, որ  հորս զարմիկներն ու զարմուհիները հաճախ են եկել իրենց եղբոր տուն, և այդ պատճառով մորս ու հորս բարեկամների մեջ մտերմություն է եղել), մտածեցի, որ հոքիրից կվախենա՝ չի ջրի։ Էն էլ ի՞նչ վախենալ: Եկավ ու  սիրուն էդ ջուրը լցրեց գլխիս։ Սաղ ջուր էր եղել։ Հետո սկեսուրս եկավ ջղայնացավ (ծիծաղում ենք)։

-Մենք էլ մենակ պերերիվից պերերիվ էինք էլի հանգիստ մնում, երբ հոքիրը գալիս էր։ Արմանն էլ կար, չէ՞, էդ ջրելոցուն,- հարցնում է հորեղբայրս։

-Հա։

-Էն ժամանակ շատ էինք գալիս մնում,- ասում է հորեղբայրս։

-Աննա, մոտիկ արի՝ միրգ կեր, Վահան, միրգ կեր,- ասում է մայրս,- Լիլ, մի հատ քրոջդ հաց ու երշիկ տու, էլի։

-Ան ,Դար, էս քեզ հացը, էն էլ երշիկը,- ասում եմ քրոջս՝ հացը փոխանցելով նրան։

Ահա այսպիսի ընտանեկան մթնոլորտ։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մենք ապրում ենք մեր նոր տանը

«Տասնվեց տարի է անցել, ու այսքան տարվա ընթացքում մեր տուն ձեռք բերելու փորձերը ձախողվել են: Ամեն անգամ մի բան խանգարել է։ Նույնիսկ միտք կար, որ հայրիկս գնա արտերկիր` բնակարանի համար գումար վաստակելու, բայց ինչ-որ բան  հորս, և նաև մեզ հետ էր պահում, ինչ-որ բան  թույլ չէր տալիս գնալ: Միշտ մտածում էինք, որ ավելի լավ է ժամանակավոր կացարանում, սակայն բոլորս միասին լինենք: Գուցե դա հարազատ հողն ու ջո՞ւրն էին հետ պահում։ Չգիտեմ։  Բայց այն, որ հիմա հայրս մեր կողքին է, իսկ դա ամեն բանից վեր էր մեզ համար, և այն, որ մենք  հիմա մեր սեփական տունն ենք կառուցում մեր հարազատ հողի վրա, փաստ է»,- սա հատված է ինը ամիս առաջ գրած հոդվածիցս, երբ դեռ նոր էինք սկսել մեր տունը կառուցել։ Նոր էինք սկսել և նույնիսկ չէինք էլ հավատում, որ երբևէ կավարտենք ու վերջապես կսկսենք ապրել մեր սեփական տանը, կունենանք մեր անկյունը այս մեծ աշխարհում։

Ինը ամիս առաջ ընդգրկվեցինք Վիվասել ՄՏՍ-ի և «Ֆուլեր» տնաշինական ընկերության կողմից իրականացվող ծրագրի մեջ, և սկսվեցին մեր կյանքի ամենահետաքրքիր, ամենադժվարին, ամենահագեցած ու ամենաանվերջանալի օրերը։ Այդ օրերից ամեն մեկը մյուսից առանձնանում էր իր հետաքրքրությամբ ու բովանդակությամբ։ Ամեն բացվող օր իր հետ բերում էր նոր հույզեր, հույսեր, նոր ապրումներ, իրադարձություններ։

Մեծ դժվարությունների արդյունքում մենք կարողացանք հասնել սպասվելիք արդյունքին։ Այդ դժվարին պահերին մեր կողքին էին մեր հարազատներն ու ընկերները, ովքեր սրտացավորեն եկել էին մեզ օգնելու․ հորս մորաքրոջ ամուսինը ՝ Վահագնը և նրա երեք որդիները` Վարդանը, Վահրամը, Վահեն, մորս մորեղբայր Սմբատը, ով մեզ օգնելու համար եկել էր Ռուսաստանի Դաշնությունից, եղբորս՝ Վիգենի բոլոր ընկերները՝ Սերժը, Էմանուելը, Կարապետը, Նարեկները, Կարենը, Էդուարդը, Վարուժանը, Զեյնալը, Աշոտը, Ժորան, մորեղբայրս՝ Անդրանիկը, մորաքրոջս ամուսինը՝ Հարությունը, մորս ազգական Վոլոդյան, հորս հորեղբայր Վահագնը իր որդու՝ Տիգրանի հետ, հորս մյուս հորեղբոր տղան՝ Արմանը, հորաքրոջս տղա Ռազմիկը, մորս ազգական Արսենը, պապիս ազգական Կամոն, մեր հարևան Էդգարը, Ամերիկայից եկած կամավորները՝ Կարապետը, Տեր Եփրեմը, Էլիսը, Սարգիսը, Ավետիսը, Վարդուհին, Արշալույսը, նրանց հետ եկած կազմակերպիչներ Սոնան ու Մելիքը։

Ես չեմ կարող նրանց բոլորի անունները չթվարկել, քանի որ նրանց աշխատանքի շնորհիվ է, որ մեր տունն այսօր կանգուն է:

Արդեն մեկ ամիս է, ինչ այստեղ ենք` մեր տանը և ոչ թե ժամանակավոր կացարանում: Եթե մոռացել եք, ասեմ, որ մենք ապրում ենք Ստեփանավանում, և 1988-ի երկրաշարժից հետո շատերի նման, մեր ընտանիքն էի ապրում էր ժամանակավոր կացարանում: Հետ հայացք գցելով մեր արած աշխատանքներին՝ ուղղակի ապշում ենք, թե ինչպես կարողացանք, ինչպես դա մեզ հաջողվեց, իրոք որ զարմանալու բան է։ Ապրելով այս տան մեջ՝ մտածում ենք, թե ինչպես ենք առաջ ապրել տնակում։ Ճիշտ է, մեզ այստեղ էլ դեռ շատ դժվարություններ են սպասվում, բայց այն, որ հիմա մենք ինչ էլ անենք, մեր ու մեր սեփական տան համար ենք անելու, դա իսկապես այդպես է։

Իրականում մեր ընտանիքին տանիքով ապահովելը զուտ որպես նյութական պարգև չի կարելի ընկալել մեզ օգնած մարդկանց կողմից՝ սկսած Ռալֆ Յիրիկյանից ու Աշոտ Եղիազարյանից, վերջացրած մեր հարազատներով, որովհետև նրանց տվածը մեզ ավելի վեհ բան է, քան դա: Նրանք ինձ ու իմ ընտանիքին հույս տվեցին, հույս, որ գրեթե մարել էր մեր հոգիներում, հույս, որ շատ բան կարող է փոխել, հույս` մարդասիրության հանդեպ, հույս` ապագայի ու մեր երկրի հանդեպ։ Անչափ շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ, քանի որ հենց ձեր շնորհիվ է, որ ես հիմա ապրում եմ մեր տանը` իմ ընտանիքը ստիպված չի լինի բռնել օտարության ճանապարհը:

Սա իմ ու իմ ընտանիքի պատմության մի հատվածն էր, որ հյուսվեց հույսի, հիասթափության, հավատի, երջանկության, կարիքի, ուրախության ու կամքի թելերով։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Փլուզում

Վիգեն Սուքիասյանի հուշերից

1980թ․-ից աշխատում էի Ստեփանավանի կապի հանգույցում, որպես ինժեներ։ 1987թ.-ին նոր բնակարան ստացանք «Չերեմուշկա» կոչվող թաղամասում։ Բնակարանը վերանորոգելուց ու կարգավորելուց հետո ես, կինս ու երկու որդիներս նույն տարվա աշնանից սկսեցինք ապրել այնտեղ։

1988թ․-ի դեկտեմերի 7-ն էր։ Առավոտյան սովորականի պես գնացի աշխատանքի։ Ինֆորմացիա ստացանք, որ Կուրթան գյուղում հեռախոսային վնասվածքներ կան, և որ էնտեղի ուժերով չեն կարող վերացնել խնդիրը։ Մեր գնալն անհրաժեշտ էր։ Ես ու գործընկերս՝ Սիրակը, հիմնարկի ծառայողական ավտոմեքենայով պատրաստվում էինք դուրս գալ հիմնարկից` Կուրթան գնալու համար, բայց մինչ այդ, ժամը 11-ի սահմաններում, գնացինք բաժանման պահարան` մեր նոր տան 10-00 համարը տեղադրելու համար միացման աշխատանքները կատարելու։ Այնուհետև ուղևորվեցինք Կուրթան։ Ժամը տասնմեկ անց կեսի սահմանում մեր սարքավորումները վերցրինք ու բարձրացանք հեռախոսակայան` չափումներ կատարելու։ Նոր էինք սկսել աշխատանքը, երբ հանկարծ մի սարսափելի ձայն լսվեց, ասես մի անասելի ուժի փոթորիկ լիներ։ Սկզբից այդպես էլ մտածեցինք, բայց հետո հասկացանք, որ երկրաշարժ է։ Ամեն ինչ թողեցինք և արագորեն փողոց դուրս եկանք։ Հանդարտվելուց հետո ուզեցինք բարձրանալ և շարունակել աշխատանքները, բայց մի նոր, ուժգին ցնցում եղավ։ Որոշ ժամանակ սպասելուց հետո համոզվելով, որ իրոք ամեն ինչ հանդարտվել է, բարձրացանք հեռախոսակայան և տեսանք, որ հոսանքն ընդհատվել է։ Ստուգեցինք կապը շուրջկենտրոնի հետ, կապ չկար։ Ինչ-որ վատ բան նախազգացինք։ Փողոց դուրս եկանք։ Նկատեցինք կատաղի արագությամբ դեպի մեզ եկող մի ավտոմեքենա։ Կանգնեց, վարորդը դուրս եկավ և աղաղակեց․

-Ստեփանավանը, Գյուլագարակը փլվել են։

Մենք առանց հապաղելու նստեցինք մեքենա և շարժվեցինք Ստեփանավան։ Համոզվելու համար, որ մեր գյուղերում վիճակը նորմալ է՝ ճանապարհին մտանք Սիրակենց գյուղ՝ Հոբարձի ու մեր գյուղ՝ Գյուլագարակ։ Փառք Աստծո, բոլորն էլ ողջ-առողջ էին, միայն Գյուլագարակի կենտրոնում, որտեղ դպրոցն էր, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Դպրոցի մի մասը փլվել էր։ Քանի որ իմ ուշքն ու միտքը Ստեփանավանն էր և իմ ընտանիքը, այդտեղ շատ կանգ չառանք, արագ հասանք Ստեփանավան։ Հինգերորդ դպրոցի մոտ, որտեղ իմ տղաներն էին սովորում, բազմությունն իրար էր անցել։ Ահ ու սարսափը սրտիս մեջ փնտրում էի երեխաներիս։ Քիչ հետո հանդիպեցինք կնոջս՝ Դարինկայի եղբորը՝ Հայկին։ Ասաց․

-Հանգստացի, էրեխեքդ ողջ-առողջ են։

Այդ պահին ասես աշխարհն իմը լիներ, փառք Աստծու, էրեխեքս ողջ են։

Հետո կնոջս տեսա էրեխեքի հետ, գնացինք ստուգելու մեր շենքի վիճակը։ Ի~նչ սարսափ: Թաղամասի շենքերի մեծ մասը փլուզվել էր, լրիվ կամ մասնակի։ Այն շենքը, որտեղ 1 ժամ առաջ բաժանման պահարանից մեր հեռախոսն էինք միացնում, ամբողջությամբ փլվել էր։ Շենքի տակի խանութը, հացի մեքենան, բոլորը մնացել էին փլատակների տակ։ Մեծ ցավ ու ափսոսանք ապրեցի, երբ իմացա, որ հացի մեքենայի վարորդը մահացել էր, ով հորեղբորս՝ Զավենի տղա Ալբերտն էր։ Փրկարարներն արդեն սկսել էին իրենց աշխատանքները։ Մենք նույնպես սկսեցինք օգնել: Ընթացքում մենք գնացինք մեր տուն։ Մեծ զարմանք ապրեցինք, երբ տեսանք, որ մեր բնակարանը կանգուն էր։ Տանը առանձնապես վնասվածքներ չկային։ Բայց ամեն ինչ այդպես թողեցինք, և կնոջս ու երեխաներիս հետ գնացինք գյուղ, քանի որ մնալու պայման չկար։ Գյուղում մեր տանը բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, բոլորն էլ սարսափած էին։ Բայց մի լավ բան կար, հումորը միշտ անպակաս էր։ Այսպես եղբորս կինը կատակում էր․«Երկրաշարժն եղավ, էտա սաղս դուրս թռանք, մեկ է տենանք` տատը չկա։ Սկսինք անհանգստանալ։ Մտանք տուն, տեսանք տատը նստած չայ ա խմում: «Այ կնիկ,-ասի,- խի՞ չես դուրս եկել»: Տատն էլ, թե. «Բա չայս չխմեի՞»…

Հետ դարձա Ստեփանավան` տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Գծաապարատային սրահում բոլոր կանգնակները շրջվել էին, շենքի պատերը իրարից հեռացել էին, բարեբախտաբար զոհեր չկային։ Այս օրվանից էլ սկսեցինք վերականգնողական աշխատանքները։ Մինչ աշխատանքները սկսելը սգո արարողություններ եղան։ Փլուզման հետևանքով մահացածների թիվը Ստեփանավանում 100 մարդ էր, որոնցից մեկն էլ եղբայրս էր՝ Ալբերտը։ Ալբերտը ամուսնացած էր, ռուս կին ուներ, մի տղա և մի աղջիկ։ Կինը ողբում էր ամուսնու մահը և արցունքների մեջից ասում․ «Գուշակներն ասել են, որ երբ ցար կդառնա նշանով Միխայիլը, աշխարհը կկործանվի»: Նա ակնարկում էր Միխայիլ Գարբաչովին: Այդ պահին ես ուշադրություն չդարձրի երկրի կործանման վերաբերյալ այդ ակնարկին, բայց հետագա կյանքը ցույց տվեց, որ նրա խոսքերը մարգարեական էին։

Երկրաշարժին հաջորդեց ԽՍՀՄ-ի փլուզումը, Ղարաբաղյան պատերազմը, սև ու մութ օրերը, այն ծանր կյանքը, որին արժանացավ մեր ժողովուրդը։ Ես ակամա հիշում էի այդ ռուս կնոջ խոսքերը, որ իրոք եղավ մեծ փլուզում, այն երկրի, որում մենք ապրում էինք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, որի հետևանքները դեռ երկար ժամանակ չեն անցնի։

Էվակուացման ժամանակ կնոջս ու երեխաներիս ուղարկեցի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կնոջս եղբայրներն էին ապրում, իսկ ես մնացի քաղաքում` վերականգնողական աշխատանքներ կատարելու համար։

Դարինկա Սուքիասյանի հուշերից։

Երկրաշարժը եղավ, փոշտից դուրս թռանք։ Ես Էի, Լեյլին ու Լյուդան։ Դուրս թռանք ու գոռացինք․«Վա՜յ, էրեխեքս»։ Հեռվում մի «ուազ» տեսանք, գոռացինք, որ կանգնի` հետը գնանք։ Որ տեղ հասանք, 5-րդ դպրոցի մոտ ծով բազմություն էր։ Գժված էրեխեքիս էի ման գալի, մեկ էլ եղբորս՝ Հայկին տեսա, նոր ասավ որ էրեխեքիս բան չի եղել։ Սաղ էրեխեքը դաշտի վրա նստել էին։ Խեղճ Հենոյիս լեզուն էլ կապ էր ընկել վախից։

Հետո գնացինք գյուղ ու սկսինք ապրել հացատանը։ Էդ փոքր հացատան մեջ հա՛մ մեր ընտանիքն էր, հա՛մ Վիգենի ընտանիքն էր՝ եղբայրները իրենց ընտանիքներով, հայրը, մայրը, հա՛մ իմ ընտանիքն էր՝ եղբայրներս իրենց ընտանիքների հետ, մայրս, հայրս ու էլի շատ մարդիկ։ Էրեխեքին նառերի վրա էինք քնացնում։

Էվակուացման ժամանակ, երբ ամեն մեկին մի տեղ էին տանում պապդ մեզ Լենինգրադ ուղարկեց եղբայրներիս՝ Լևոնի ու Մակարի մոտ, մինչև վիճակը որոշ չափով կարգավորվի։

Գրի առավ Լիլիթ Սուքիասյանը

Երբ իրականությունը միաձուլված է թատրոնին

Հարցազրույց Ստեփանավանի անվանի դերասանուհի՝ Անժելա Մելքոնյանի հետ:

Երկար ժամանակ չպահանջվեց մեզնից հասնելու այնտեղ, որտեղ ապրում է Անժելա Մելքոնյանը: Ամբողջ ճանապարհին մտավախություն կար. արդյո՞ք նա տանը կլինի: Համոզված ենք, եթե չիմանայինք՝ ում տուն ենք եկել, հաստատ կհասկանայինք, որ դա արվեստագետի տուն է: Մոտեցանք դռանը և վախվորած թակեցինք: Կարծես թե մեր մտավախությունը տեղին էր, քանի որ դուռը բացող չկար: Սակայն ի ուրախություն մեզ, հանկարծ նկատեցինք մեզ մոտեցող մի կնոջ, ով հենց ինքը`Անժելա Մելքոնյանն էր: Նա, տեսնելով մեզ, հանկարծակիի եկավ: Մոտենալով մեզ՝ ցանկացավ իմանալ, թե ովքեր ենք մենք: Երբ ներկայացանք, առաջարկեց չկանգնել դռան դիմաց և ներս անցնել: Զգացվեց, որ մենք գործ ունենք մի բարեհամբույր կնոջ հետ: Հուզվեց, երբ իմացավ ինչու ենք նրան այցելել, և որն էր մեր այցի նպատակը: Մտնելով տուն առաջին բանը, որ մենք նկատեցինք, պատին փակցված նկարներն էին` ինքն էր և իր ընտանիքը: Եվ այսպես, հարմար տեղավորվելով սկսեցինք տալ այն հարցերը, որոնք պատրաստել էինք այս հարցազրույցի համար:

-Ե՞րբ և որտե՞ղ եք ծնվել:

-Ծնվել եմ 1943 թվականի հունիս ամսին Ստեփանավան քաղաքում:

-Իսկ որտեղի՞ց են գալիս ձեր արմատները։ 

-Մայրս Մուշի գաղթականներից էր, հայրս՝ լոռեցի: Մայրս իր երեք եղբոր և քրոջ հետ եղել է Թիֆլիսի ամերիկյան որբանոցներից մեկում: Այդ տարիներին հայրս այնտեղի վարորդն է եղել: Սնունդ է տարել-բերել, և տեսնելով մորս`սիրուն աղջիկ, երկար հյուսերով, հավանել է: Որոշել է, որ մայրս պետք է իր կինը դառնա: Այդպիսով մորս իր քրոջ և եղբայրների հետ հայրս վերցրել, և Հայաստան են տեղափոխվել: Մորաքույրս ապրել է Երևանում, մեծ մորեղբայրս եղել է դասախոս` Երևանում, մյուս մորեղբայրս աշխատել է ինժեներ` Վանաձորում, իսկ մյուսն էլ անասնաբույժ` Ստեփանավանում:

-Կպատմե՞ք, թե ինչպե՞ս են անցել Ձեր մանկության և պատանեկության տարիները:

-1950-1951 թթ-ներին հաճախել եմ առաջին միջնակարգ դպրոց: Այնուհետև ավարտել եմ Էջմիածնի Ակումբագրադարանային տեխնիկումի արվեստի բաժինը: 1955 թ-ին տեղափոխվել եմ Ստեփանավանի Մշակույթի պալատ: Եղել եմ և՛ մեթոդիստ, և՛ երգչուհի, և՛ պարուհի, և՛ ասմունքող, և՛ հաղորդավարուհի, և՛ դերասանուհի: Այս տարիներին էլ ծանոթացել եմ ամուսնուս` Հերբերտ Խարազյանի հետ: Ամուսինս երաժիշտ էր, երգում ու յոթ գործիքի էր տիրապետում: Մշակույթի պալատում երկար տարիներ աշխատելուց հետո ամուսինս դառնում է տնօրեն:

-Կպատմե՞ք Ձեր համատեղ կյանքից: 

-Բավականին երջանիկ. լի շատ հյուրախաղերով, տարբեր քաղաքներ այցելելով, նույնիսկ Հայաստանից դուրս: Ունեցել ենք երեք դուստր, յոթ թոռ և ինը ծոռ:

Շատ երջանիկ կյանք ենք ունեցել միասին։ Մեր սպիտակ թուղթ հիշեցնող կյանքում միայն մի սև կետ կարող եմ նշել, որը մինչև հիմա էլ չենք կարողանում, ցավոք սրտի, վերացնել։ Ինչպես 88-ի երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները, այնպես էլ մենք, մեր տունը կորցնելով՝ հայտնվել ենք այստեղ։ Ճիշտն ասած, էրեխեք ջան, սա իմ տունը չի։ Երկրաշարժից հետո մինչ այժմ տուն չեմ ստացել։

-Հայաստանից դուրս ո՞ր քաղաքներում եք հյուրախաղերի եղել:

-Վրաստանի շրջանում, Սուխումիում, Սոչիում, Մերձբալթիկայի երկրներում` Լատվիա, Լիտվա, մի շարք այլ քաղաքներում: Ի դեպ, Մերձբալթիկայում մենք մրցույթի ենք մասնակցել ու առաջին տեղն ենք գրավել։ Նշեմ նաև, որ իմ լավ աշխատանքի համար ինձ ուղարկել են Լեհաստան, որտեղ մի քանի օր մնալուց և նրանց մշակույթը ուսումնասիրելուց հետո հետ եմ վերադարձել։ Ունեմ բավականին պատվոգրեր, խրախուսանքներ։

-Իսկ հիշու՞մ եք առաջին պիեսը, որում խաղացել եք:

-Իհարկե, հիշում եմ: Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»։ Խաղացել եմ նաև այլ պիեսներում, որոնցից են Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել», Սունդուկյանի «Պեպո»-ում` Բազազ Արտեմի կնոջ` Եփեմիայի դերը, և մի շարք այլ պիեսներում:

-Ո՞րն է եղել Ձեր ամենասիրելի պիեսը, որում Դուք խաղացել եք:

-«Քանի դեռ սայլը շուռ չի եկել»` Ժուժունայի դերը, իսկ ամուսինս էլ մարմնավորել է Դաթոյի կերպարը: Ուրեմն, ինձ ու ամուսնուս բեմի վրա պսակում են, հարսի շորերով և այլն։ Հաջորդ օրը մեկ էլ բարեկամները զանգում են․ «Բա կարմիր խնձորը ե՞րբ ա» (ծիծաղում ենք)… Ի ուրախություն ինձ, ամուսինս թատրոնում միշտ իմ խաղընկերն է եղել։ Պատկերացնո՞ւմ եք, միասին 34 տարի աշխատել ենք։

Մի անգամ էլ «Պեպո»-ն ենք բեմադրում։ Մի փոքրիկ էպիզոդ կար, որ ես ՝ Եփեմիան, պետք ա ամուսնուս՝ Գիգոլի գլխին խփեմ։ Մեկ էլ ինձ կանչեց կուլիսներ, ասավ. «Անժո, քարտուղար բան սաղ նստած են, էդ պահը կհանես էլի, խնդրում եմ, տնօրեն մարդ եմ»։ Ես ել մտա դերիս մեջ ու խփեցի։ Հետո եկել ա, ասում ա․«Ախչի, ես քեզ չասի՞` չխփես, ամոթ չի՞»։

-Ո՞վ է Ձեր սիրելի դերասանը:

-Շատ են, էրեխեք ջան: Հրաչյա Ներսիսյան, Բաբկեն Ներսիսյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, Գուրգեն Տոնունց, Գալյա Նովենց, Լաուրա Գևորգյան: Իսկ այժմյան դերասաններից` Խորեն Լևոնյան, Անի Երանյան, Նազենի Հովհաննիսյան:

-Բացի թատրոնից որևէ այլ վայրում աշխատե՞լ եք:

-Թատրոնից դուրս գալով` յոթ տարի աշխատել եմ անտառտնտեսությունում որպես հաշվապահ և գանձապահ: Հետո տեղափոխվեցի Բիզնես կենտրոն, այստեղ էլ աշխատելով յոթ տարի:

-Իսկ ինչո՞ւ դուրս եկաք թատրոնից:

(Նա փոքր-ինչ մռայլվեց, փորձեց խուսափել հարցին պատասխանելուց: Երկար ու ճնշող լռությունից հետո վերջապես խոսեց:)

-Դե, երբ ամուսինս 1997 թ-ին մահացավ, շատ երիտասարդ էր, էրեխեք ջան, 53 տարեկան, այդ պատճառով էլ թողեցի թատրոնը: Աշխարհը ինձ համար կարծես դադարեց գոյություն ունենալուց։

-Եղե՞լ է այնպիսի մի բան, որի համար շատ եք ափսոսում:

-Կուզենայի, որ ինքը չմահանար: Նրա մահից հետո ես շատ կոտրվեցի:

-Ճիշտ է, հիմա նա չկա, բայց կարևորն այն է, որ ճանաչել եք միմյանց, ունեցել եք լավ և օրինակելի ընտանիք, շրջապատված եք եղել Ձեզ սիրող և հարգող մարդկանցով:

-Հա, էրեխեք ջան: Կարևորն այն է, որ մեր ընտանիքում վեճ և տարաձայնություններ չեն եղել: Ես և Հերբերտը աշխատել ենք մեր երեք աղջիկների ներկայությամբ երբեք չվիճել և օրինակ ենք եղել մեր զավակների համար։ Դե, էրեխեք ջան, էլ ինչ ասեմ, կարծես թե վերջ։

-Շատ շնորհակալ ենք մեզ ժամանակ տրամադրելու և հաճելի զրույցի համար։

-Ձեզ էլ շնորհակալություն, էրեխեք ջան, շատ զգացված եմ, շնորհակալ եմ, որ հիշել եք ինձ։

Հարցազրույցը վարեցին` Նինա Բաղոյանը (15տ.) և Լիլիթ Սուքիասյանը (16տ.)

Ինչպես տիեզերագնացը՝ փոքրիկ պատուհանից

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Իմ մանկության հիշողությունից դեռևս չէր ջնջվել այդ տեսարանը։ Միշտ հիշել եմ այդ անվասայլակով մարդուն, ով փոփքորն էր վաճառում Ստեփանավանի փողոցներում։ Փոքր ժամանակ պապիկս շատ էր իմ ու եղբորս համար այդ պապիկից գնում։ Բայց որոշ ժամանակ անց նա այլևս չէր երևում։ Ես հաճախ էի պապիս հարցեր տալիս նրա մասին, թե ինչո՞ւ այլևս չի երևում, ինչո՞ւ փոփքորն չի վաճառում, ո՞ւր գնաց, և միշտ էլ նույն պատախանները ստանալով՝ նորից ու նորից հարցնում էի։

Պարզվեց, որ նրա երկրորդ ոտքը նունպես անդամահատել էին, և քանի որ նա միայնակ էր ապրում քաղաքի շենքերից մեկի չորրորդ հարկում, տանից այլևս չէր կարողանում դուրս գալ։ Հիմա կմտածեք, թե ո՞ւր է նրա ընտանիքը, արդյոք ունի՞ նա ընտանիք, ո՞ւր են նրա բարեկամները, ընկերները։ Այս բոլոր հարցերի պատասխանները կգտնեք նրա հետ իմ ունեցած զրույցը կարդալուց հետո։

Մի օր պապիկս առաջարկեց նրանից հարցազրույց վերցնել, և եթե հնարավոր է` նաև ֆիլմ նկարահանել։ Ես հավանություն տվի պապիս առաջարկին։ Օգոստոսի չորսին՝ չորեքշաբթի օրը ես ու պապիկս որոշեցինք այցելել նրան։

Ինչպես ասացի, նրա տունը չորրորդ հարկում էր։ Մոտեցանք դռանը, զանգը տվեցինք։ Ներսից մի ձայն ասաց, որ դուռը բաց է, և որ մենք կարող ենք ներս մտնել։

-Բարև Ձեզ։

-Բարև, բարև Վիգեն ջան։ Ներս եկեք, նստեք։ Էս մեծ թոռնիկդ ա՞, էս ինչքա՞ն ա մեծացել։ Ո՞ր դասարան ես, ազիզ ջան։

-Տասնմեկ։

-Հա՜։ Խաղող փորձեք։ Շատ ժամանակ չգիտեմ ինչ անեմ, ֆռռում-ֆռռում, խալադելնիկը բացում մի բան ուտում, ֆռռում- ֆռռում․․․ Անգործությունից չգիտեմ ինչ անեմ։ (Դադար)։ Լսում եմ Ձեզ։ Հիմա պետք ա սաղ հարցերին պատասխանեմ։ Ես Գագիկ Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1955թ․-ին։

-Տատիկի տարիքին ա, էլի,- ասում է պապիկս։

-Հա, տատիկդ ինձանից մի ամսով մեծ ա, էտ էլ ասեմ։

-Ո՞րտեղ եք սովորել։

-Ստեփանավանում։ Սկզբից ընտանիքի ոչ ապահով պայմաններից ելնելով սովորել եմ գիշերօթիկում՝ առաջին դասարանից մինչև ութը։ Իններորդ և տասներորդ դասարանները սովորել եմ առաջին դպրոցում։ Ամենաշատը պատմությունն ու ռուսաց լեզուն եմ սիրել։ Չեմ հիշում, վեցերորդ թե յոթերորդ դասարան էի, մի դասատու ունեի․ որ դաս էր բացատրում, բերանս բաց արած լսում էի, էնքան լավ էր բացատրում։ Տենց ռուսերենը շատ եմ սիրել։ Մի պատմության դասատու էլ ունեինք, էլի հարգում էի, չնայած խմող էր։ Գալիս էր, գիրքը փակում, թե պատմի, ես պատմում էի, ինքը արդեն քնած էր։ (Ծիծաղում ենք):

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ընդունվելու համար մի քանի անգամ քննությունների եմ գնացել։ Մի անգամ Վանաձորում` պատմական, մի անգամ էլ Երևանում` իրավաբանական։ Երկու անգամն էլ երկու միավոր պակաս եմ ստացել ու չեմ ընդունվել։ Ջղայնացել եմ, 1973-ին գնացել եմ բանակ։ Երեք տարի եմ ծառայել։

-Երեք տարի՞։

-Հա, մարսկոյ, մարյակ։ Հետո էնտեղից միանգամից Տուապսե եմ գնացել։ Էնտեղ հանդիպել եմ ապագա կնոջս, սիրահարվել, վերցրել ու փախցրել եմ։

-Ո՞նց հանդիպեցիք ձեր կնոջը։

-Ուրեմն, ասեմ, աղջիկ ջան։ Նավի վրա էի ծառայում։ Հիվանդացա։ Գնացի Տուապսե ու էնտեղ էլ հանդիպեցի։ Մի քանի անգամ ասին` մածուն մերել սովորացրա։ Էնտեղի հայերից էին, բայց չգիտեին։ Սովորացրի, բայց տենց էլ չսովորին։ Էդպես ա եղել։ Փախցրեցի բերեցի էստեղ, կես տարի մնացինք ու 77 թ.-ին գնացինք նորից Տուապսե։ Ընտանիք կազմեցի, երկու աղջիկ ունեցա, իմ հալալ քրտինքով տուն դրեցի։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Իսկ Տուապսեում ի՞նչ եք աշխատել։

-Տարբեր տեղեր եմ աշխատել։ Առևտրի ցանցում եմ աշխատել, կաթի գործարանում, հետո սկսեցի ողջ Ռուսաստանով շրջել, գործարքներ կնքել և այլն։ Ասեմ, որ ինձ ոչ ոք չի օգնել։ Երկու տարեկան էի, երբ հայրս ու մայրս բաժանվեցին։ Դրա համար մամաս ինձ ստիպված գիշերօթիկ տվեց։ Շատ ծանր մանկություն եմ ունեցել, ճիշտն ասած, բայց երբեք չեմ ընկճվել։

Հետագայում մեր կյանքը հարթ չընթացավ։ Մի օր էլ բաժանվեցինք։ Դե, ընտանիք ա, քսան տարի ապրեցինք` ձանձրացանք երևի։ Թե իմ մեղքով, թե իրա մեղքով։ Ընտանիքը մութ անտառ ա, շատ դժվար ա ասել` ոնց եղավ, ինչ եղավ։ 1996 թվին եկա Հայաստան։ Էստեղ էլ` ինչ, 98թ-ին պապիկիդ մոտ պահակ աշխատեցի։ Հետո ուզում էի էլի գնալ, բայց հիվանդություն ի հայտ եկավ, և ոտքերս էլ սենց եղան։ Սկզբից ոտքիս մատները կտրեցին, ու էդպես աստիճանաբար 2002թ-ին ամբողջ ոտքս կտրեցին։ Բացի էդ, էնտեղ էլ տուն չկար։ Ինչ-որ պատճառով գրավի տակ էին դրել և զրկվել տնից։ Հիմա էլ տեսնում ես, աղջիկ ջան, ապրում եմ, էլի, ծանր պայմաններում, բայց ապրում եմ։ Հիմա ես կարամ շեշտեմ, որ միակ մարդը, որ ինձ օգնել ա, Վիգենն ա` պապիկդ։ Միակ մարդը քաղաքում, ով իմ ամենադժվար պահերին կողքիս ա եղել։ Մի քանի անգամ էլ քաղաքապետն ա օգնել՝ Միքայել Ղարաքեշիշյանը։ Իսկ ընդհանրապես թոշակը` ի՞նչ։ Երեսուներկու հազար թոշակով մի՞թե կարելի ա ապրել։ Ասում են` դեղերը անվճար են, բայց էդ դեղերը էն դեղերը չեն, որոնք պիտանի են հիվանդի համար։ Դժվար ա։

-Ձեր կյանքում եղե՞լ ա մի էնպիսի դեպք, որ դուք մինչև հիմա չեք մոռացել։

-Ես կարամ հիշեմ միայն մի դեպք։ Էդ ժամանակ 9-րդ դասարան էի։ Շատ լավ դեպք ա։ Դե բոլորը մամա-պապա ունեին, ես պապա չունեի։ Իմացա, որ հերս Ռոստովում ա։ Թողեցի ու գնացի հորս գտնելու, որ հորս մորս հետ միացնեմ։ Հարցուփորձով ա, ինչով ա, մի կերպ գտա տունը։ Գնացի, հերս տանը չէր, կինն էր։ Ասավ թե` աշխատանքի ա։ Էնքան էլ ցուրտ էր, փետրվարն էր։ Չկարողացա գտնել։ Բայց շատ էի ուզում գտնել-բերել։ Ճիշտ ա, հերս ինձ համար ոչ մի բան չի արել, բայց ծնողը մնում ա ծնող։ Մի երկու տարի հետո, երևի իմացել էր, որ գնացել եմ, ինքը եկավ։ Դա արդեն 73 թիվն էր, բանակ գնալուց առաջ։ Բերեցի մեր տուն։ Մերս եկավ դուռը թխկթխկացրեց։ Բացեցի, ասավ` ո՞վ կա տանը, ասեցի․«Ամուսինդ ա, բերել եմ, որ միանաք»… Թողեց հետ գնաց։ Ու էդպես էլ չստացվեց։ Երբեք չեմ մոռանա։ Ես էլ աղջիկներ ունեմ, բայց իրենք շատ սառն են, դա սխալ ա։ Մեկ-մեկ զանգում են, ասում եմ` հա, ներել եմ, բայց ինքս ինձ խաբում եմ։ Սենց ասում եմ, բայց սիրտս լաց ա լինում։

(Այս խոսքերն ասելիս նրա դեղնած աչքերում փայլ նկատեցի, արցունքի մի շողացող փայլ):

-Աշխարհին նայում ա էս բալկոնի բացվածքից,-ասում է պապս։

-Էս չորս տարի ա` տնից դուրս չեմ եկել։

-Շատ դժվա ա,- ասում է պապիկս,-բայց դե էս մարդու մեջ էնքան ուժ ու հավատ կա, որ պայքարում ա, դժվարությունները հաղթահարում ա, հաճախ էլ ինքն ա օգնում ուրիշներին,-այս ասելով պապս ցույց տվեց պահարանի գլխին դարսված ստվարաթղթե արկղիկները, որոնք դատարկ էին, և օգտագործվում էր ձմեռը տունը տաքացնելու համար։

-Օգնություն չի, աղջիկ ջան։ Բա մի անգամ հոքրիս աղջիկը եկավ ասավ․«Գագո, էս լավ էլ ապրում էս, էլի», ասի․«Հա, օգնություն ա, չեմ հասցնում` հանեմ օգտագործեմ»: Բայց հետո ասի, որ կարդոններ են։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Հիմա ճիշտ ա, կյանքդ փոխել չես կարա, բայց էս պահին ի՞նչ կուզեիր, որ լիներ,- հարցնում է պապիկս։

-Կուզենայի ամենամոտ բարեկամների ու ընկերների մեջ արթնանար մարդկությունը։

-Այսինքն, բարի վերաբերմունք կուզենայի՞ր քեզ շրջապատող աշխարհից,-ասում է պապիկս։

-Բարի վերաբերմունք, դա ա մնում կյանքում։ Շատ կուզեի թոռնիկներիս տեսնեի, նրանցով շրջապատված լինեի, նրանց ճղոցը լսեի, բայց ո՞ւր ա, չկա։

-Էս աշխարհի մարդկության մասին ի՞նչ ես մտածում,-կրկին հարցնում է պապիկս։

-Մարդկություն չկա։ Այլասերված են բոլորը։ Կորել ա մարդկությունը։ Չկա։ Էսքան ժամանակ ես եմ ինձ համար պայմաններ ստեղծել, գոնե որոշ չափով բարվոք ապրելու համար։ Գոնե որ առաջին հարկում լինեի` լավ կլիներ։ Չնայած էս բոլորին, գոհ եմ իմ կյանքից, հետաքրքիր կյանք եմ ունեցել, ճիշտ ա, բարդություններով ու խնդիրներով։ Փառք Աստծուն, հիմա առողջ եմ, կամ, ապրում եմ՝ ունենալով մի երկու հոգի՝ լավ մարդիկ, բարեկամներ, և դա ինձ շունչ ա տալիս, հույս ա տալիս։

-Պատկերացրա, որ մի տիեզերանավի մեջ տիեզերքով գնում ես։

-Է՜, Սուքիասյան ջան։ Կարելի ա և այդպես մտածել։ Ինչպես տիեզերագնացն ա իր փոքրիկ պատուհանից տիեզերքին նայում, այնպես էլ ես եմ իմ պատշգամբից նայում աշխարհին։

Զրույց նարդու դադարի ժամանակ

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Վանաձորում Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի կազմակերպած դասընթացի ժամանակ, երբ դուրս էինք եկել ֆոտոարշավի, նկատեցի փոքրիկ զրուցարանում նարդի խաղացող տղամարդկանց: Նրանց հետ էր նաև մի պապիկ, որն անմիջապես գրավեց ուշադրությունս: Մոտեցա նրան ու առանց ամաչելու ասացի.

-Բարև Ձեզ: Ինչպե՞ս եք:

-Բարև, ազիզ ջան, լա′վ ենք, շնորհակալություն,- սիրալիր պատասխանեց պապիկը:

Ճիշտն ասած, ուրախացա այսպիսի ջերմ ու անմիջական պատասխանից և շարունակեցի.

-Ո՞նց եք անցկացնում ձեր օրը, պապի ջան, ինչո՞վ եք զբաղվում։

-Եթե մարդը չի աշխատում, շատ վատ ա: Բա: Պարապ վախտը ի՞նչ ես անում, ոչ մի բան:

-Իսկ վաղո՞ւց եք աշխատանքից դուրս եկել։

-Չէ′, հա… Մի տասնհինգ տարի:

(Անկեղծ ասած, չգիտեի` ծիծաղել, չծիծաղել, որովհետև վերջին նախադասությունը, նա շատ լուրջ ասաց):

-Իսկ որտե՞ղ եք աշխատել, մասնագիտությամբ ի՞նչ եք։

-Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ, աշխատել եմ «Հայգյուղտեխնիկայում»` տեխնիկումում, մի երկու անգամ էլ ինստիտուտում` դասեր-մասեր եմ տվել։

-Հայրիկս էլ է ինժեներ։

-Հայրիկդ ջահել ա, չէ՞։

-Ըհ′ը։

-Էդ լավ ա, ընդհանրապես պարապությունը շատ վատ բան ա։

-Հա, ճիշտ եք: Իսկ ընդհանուր առմամբ, ինչքա՞ն աշխատանքային ստաժ ունեք:

-Հեչ… Մի հիսունմեկ տարի։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Գյուլլելու ժամանակն ա, էլի,- մեր զրույցին միացավ նարդի խաղացողներից մեկը:

-Եթե գյուլլի փողը տաս։

-Գյուլլեն թանկ ա, շատ,- ավելացրեց մյուսն, ու բոլորս ծիծաղեցինք ։

-Իսկ երեխաներ, թոռնիկներ ունե՞ք։

-Ամեն ինչ էլ ունեմ: Երեխաներ էլ, թոռնիկներ էլ, ծոռներ էլ։

-Բավականին հարուստ մարդ եք։

-Բավականին: Դրանից գոհ եմ` շատ, վատը նա է, որ շատերը էստեղ չեն, գնացել են։

-Բոլորն էլ էդ խնդիրն ունեն, ցավոք։

-Դա ամենավատ բանն ա, եթե հիմիկվա տեխնիկան չլինե~ր…

Կարճատև դադարից հետո…

-Մի բան էլ հարցնեմ, դուք արմատներով որտեղի՞ց եք։

-Էստեղից։

-Հենց Վանաձորի՞ց։

-Ղարաքիլիսայից,- կրկին միջամտեց նարդի խաղացող տղամարդը:

-Ես ղարաքիլիսեցի եմ, աղջի′կ ջան: Ոչ կիրովականցի եմ, ոչ էլ վանաձորցի։ Ղարաքիլիսցի լոռեցի եմ:

Կամավորները

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Մեր նոր տան շինարարությունը շարունակվում է։ Օրեցօր տունն ավելի է գեղեցկանում, և սա շնորհիվ մեզ աջակից մարդկանց պատրաստակամության։ Այդ մարդկանց թիվը համալրվել է ևս ինը մարդով։ Այս ինը մարդկանցից յոթը կամավոր աշխատանք կատարելու համար կտրել-անցնել են Ատլանտյան օվկիանոսը։ Նրանք և նրանց նման մարդիկ ամեն տարի ԱՄՆ-ի տարբեր նահանգներից ու քաղաքներից գալիս են Հայաստան՝ կամավոր օգնելու այն ընտանիքներին, որոնց Fuller տնաշինական ընկերությունը աջակցում է տուն կառուցել։ Այս տարի նրանց բաժին հասավ մեր տունն ու մեր ընտանիքը։ Ինչպես ասացի, նրանք յոթ հոգի են, իսկ այն երկուսը, ովքեր Հայաստանից են, նրանց ուղեկցողներն ու կազմակերպիչներն են։ Կցանկանայի մի քիչ պատմել նրանց մասին։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Սկսենք թիմի ամենատարիքով մարդուց՝ Կարապետ պապիկից։ Նա պատկառելի տարիքի մարդ է, բայց աշխատում էր երեսուն տարեկան երիտասարդի նման։ Չնայած իր տարիքին, նա չէր սիրում հանգստանալ։ Ամեն անգամ նրան հանգստի կանչող մարդուն տալիս էր հետևյալ պատասխաններից մեկը. «Հոս եկած ենք աշխատելու համար, ոչ թե հանգստանալու» կամ` «Ես արդեն հանգստացել եմ»։ Մի խոսքով, նա շատ աշխատասեր ու կատակասեր մարդ է։ Նշեմ նաև, որ Կարապետ պապիկը արդեն տասը տարի է, ինչ օգնում է մեզ նման ընտանիքներին։

Թիմի երկրորդ մեծը Տեր Եփրեմն է։ Նա ԱՄՆ-ի հայկական եկեղեցիներից մեկում քահանա է։ Տեր Եփրեմը շատ լավ մարդ է, ում օրինակին հետևելով կյանքն ուղղակի հաճելի կլինի ապրել՝ օգնելով ու սատար կանգնելով նրանց, ովքեր քո օգնության կարիքն ունեն, հաճելի զրուցակից, ում հետ երբեք չես տխրի, և ուսուցիչ, ումից կարող ես շատ բան սովորել։ Նա նույնպես անտեսելով իր տարիքը, ջանասիրաբար օգնում էր մեզ։

Մյուս անձնավորությունը, ում հետ ես միանգամից լեզու գտա՝ Ելիզաբեթն է։ Մենք շատ շուտ մտերմացանք։ Նրա մեջ ես տեսա բարի, հոգատար, պատրաստակամ ու սիրող մոր կերպարը, ով անտեսելով կյանքի հարվածները, շարունակում է լավատեսորեն նայել կյանքին, և ավելին՝ օգնել մարդկանց։ Ես հիացած եմ նրա լավատեսությամբ։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Սարգիսն էլ Տեր Եփրեմի նման ծառայում է եկեղեցում։ Նա սարկավագ է։ Առաջին տպավորությունից քչախոս ու լռակյաց ինձ թվաց Սարգիսը, սակայն ինչպես ասում են, առաջին տպավորությունը միշտ խաբուսիկ է լինում։ Հինգ օր միմյանց հետ աշխատելուց ու շփվելուց հետո ես հասկացա, որ նրա մեջ թաքնված է մի բարի, ազնիվ ու անկեղծ հոգի։ Հասկացա, որ նա այն մարդկանցից է, ում վրա կարող ես հանգիստ հույս դնել, ում կարող ես վստահել ցանկացած հարցով, ում կարող ես հավատալ։

Ավետիսը շատ հայրենասեր հայ է, այնքան հայրենասեր, որ ապրելով Չիկագոյում, սկսել է սովորել հայերեն։ Արդեն կարողանում էր շատ հայերեն բառեր ասել ու որոշ չափով հասկացնել՝ ինչ է ուզում ասել։ Նա Հայաստան գալու նպատակով ամեն տարի փող է հավաքում։ Գալիս է և օգնում հայրենիքում իր օգնության կարիքն ունեցող հայրենակիցներին։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Վարդուհին թեև քչախոս էր, բայց զգացվում էր, թե ինչքան լավ մարդ է նա։ Փոքր քրոջս հետ հայերեն չիմանալով լեզու գտնելը արդեն իսկ ապացուցում է ասածներս։ Ինձ թվում է, որ նրա քչախոսությունը կայանում էր նրանում, որ նա շատ զուսպ ու համեստ մարդ է։ Վարդուհին նաև շատ աշխատասեր է, դա երևում է նրա ջանասիրաբար կատարած աշխատանքից։

Խմբի ամենափոքր անդամը իմ հասակակից Արշալույսն է։ Արշալույսը նույն Ելիզաբեթի աղջիկն է։ Ինձ թվում է, մենք ամենալավն էինք միմյանց հասկանում։ Ինձ դուր էր գալիս նրա մարդամոտությունը։

Ահա այս յոթ կամավորներին միավորել է մի վեհ զգացում, որի անունը մարդասիրություն է։

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Երբ իմացանք, որ մենք ամերիկահայերի հետ ենք աշխատելու, մի տեսակ անհանգստություն մտավ մեր մեջ։ Մենք վախենում էինք նրանց հետ շփվելուց և աշխատելուց՝ լեզու չիմանալու պատճառով, վախենում էինք, որ չենք կարողանա միմյանց ճիշտ հասկանալ, սակայն հինգ հրաշալի ու անմոռաց օրեր միմյանց հետ անցկացնելուց հետո, հրաժեշտի ժամանակ նույնիսկ միմյանց արցունքներով ճանապարհեցինք։ Ի սկզբանե նրանք մեզ երեք օր էին այցելելու, բայց շփվելով մեր ընտանիքի հետ ու հավանելով ընդհանուր մթնոլորտը, նրանք ցանկացան ևս երկու օր աշխատել մեզ հետ։

Ես և իմ ընտանիքը երբեք չենք մոռանա մեր նոր բարեկամներին։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Պապիս եղբայրը սիրում է մականուններ դնել

Շատ մարդկանց, հասարակության մեջ, ընտանիքում, դպրոցում, ինչու չէ, նաև աշխատանքի վայրում, բացի իրենց սեփական անուններից, դիմում  են նաև այլ, մի ուրիշ անունով։ Երևի գուշակեցիք, որ խոսքս մականունների մասին է։ Այդ փոխարինող անունները սովորաբար կնքում են մեզ շրջապատող մարդիկ` հաշվի առնելով տվյալ մարդու  բնավորությունը, կազմվածքը կամ շարժուձևը։ Շատ անգամ լսած կլինեք «գիտունիկ» կամ  «ճուտ» պիտակները, որոնք ինձ թվում է ամենատարածվածրից են։  

Պիտակ դնելու հատկություն ունեցել է պապիկիս եղբայրը։ Ասեմ, որ նրա դրած պիտակները բոլորովին նման չեն մեզ ծանոթ ու մեր իմացած այն բոլոր պիտակներին, որոնց մենք միշտ առնչվում ենք շրջակա միջավայրում, թեկուզ և հենց ընտանիքում։

Այժմ ձեզ  կներկայացնեմ մի քանի շատ տարօրինակ հնչող պիտակներ, որոնցով պապիկիս եղբայրը կնքել է իր, եղբայրների ու քրոջ երեխաներին։

Հորս «անունը»  Իդրիս էր, հարազատ հորեղբորս՝ Հենդիբադ, իսկ մյուսինը՝ Համզո։ Ի դեպ, սրա հետ կապված մի բան ասեմ։ Հայրս պատմեց, որ իրենց գուղում Համզագուդան անունով մի ուժեղ մարդ է ապրել, ու քանի որ հորեղբայրս էլ էր ուժեղ եղել, այդ պատճառով Համզո են ասել։ Մյուս հորեղբորս անունը Կբո է եղել,  մյուսինը՝ Մոստոլ։ Համաձայնվեք, որ շատ կրեատիվ է։

Սա շատ զվարճալի ու հետաքրքիր է ինձ համար։ Կուզենայի ինձ էլ այս պիտակների նման մի անհեթեթ անուն դնեին, որ ես էլ չհասկանայի ինչո՞ւ և ի՞նչ պատճառով։

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ելենան՝ Կուրթանից

Գյուղում առավոտյան արթնանալիս կլսես ծիտիկների ներդաշնակ ճռվողյունը, կտեսնես ծառերի ու թփերի վրա ծանրացած առատությունը ու կզգաս գյուղի ողջ թարմությունը։

Սովորական օրերից մեկն էր, և սովորականի պես ես ու մորաքույրս նստած հաճելի զրույց էինք անում, երբ տուն մտան մորաքրոջս հարևանուհիները՝ մայրն աղջկա հետ։ Նրանք սկսեցին խոսել առօրյա գործերից, լավ ու վատ լուրեր հայտնել միմյանց, պատմել սեփական խնդիրրներն ու փնտրել դրանց լուծման ուղիները։  Մենք էլ մեր հերթին «ջահելներով» առանձնացանք ու մի շատ հաճելի զրույցի բռնվեցինք։

Ելենա Մինասյանը, ում հետ էլ հենց ծավալվեց իմ զրույցը, ապրում է Կուրթան գյուղում: Նրա հետ ես այսօր զրուցել եմ գյուղում ապրող երիտասարդների, նրանց կյանքի ու առօրյայի մասին:

-Ելենա, ո՞նց է անցնում երիտասարդների առօրյան էստեղ ՝ գյուղում։

-Դե, ընդհանրապես դպրոց գնալու ժամանակ դասերից հետո հիմնականում միջոցառումների ենք պատրաստվում, փորձեր ենք անում  ու բացի այս, ունենք «Ինփակտ» երիտասարդական ակումբը. դրան ենք հաճախում։ Ես դրա երիտասարդ լիդերն եմ. դե, ինձ էլ են նախապատրաստել առաջնորդության դասընթացների ժամանակ։ Ճամբարների էլ եմ եղել, ծանոթ եմ նրանցլիազորություններին։ Հա, մոռացա նշել, որ World Vision-ի հովանավորությամբ է  ստեղծվել այս ակումբը։ «Ինփակտ»-ով շատ ծրագրեր ենք անում գյուղի համար ու պատրաստվում ենք անել։

Ես ինքս աշակերտական խորհրդի նախագահ եմ, բայց չեմ կարողանում աշակերտականի էրեխեքի հետ ծրագրեր անել, ավելի շատ «Ինփակտ»-ի էրեխեքով ենք անում, որովհետև իրենք ավելի ակտիվ են, քան նրանք, ովքեր աշակերտական խորհրդի անդամ են։ Հատուկ այս ակումբի համար  վերանորոգված սենյակ ունենք դպրոցում, բայց կցանկանայինք տեղափոխվել, որ խուսափեինք որոշ խնդիրներից։

-Հա, դասերից հետո մնալու հետ կապվա՞ծ։

-Դե, այո:

-Լավ, իսկ ի՞նչ տարիքի էրեխեք են ընդգրկված այդ  ակումբում։

-Մոտ տասներեքից տասնյոթ տարեկան։

-Իսկ դո՞ւ քանի տարեկան ես։

-Ես` տասնչորս եմ։

-Հետաքրքիր է, տասնչորս տարեկան ես ու արդեն առաջնորդ: Ասացիր, որ ծրագրեր եք իրականացրել։ Կպատմե՞ս մի քիչ։

-Առաջինը վերանորոգել ենք գյուղի այգին, իսկ երկրորդը կարիքավոր, հաշմանադամ երեխաներին ներառել ենք համայնքային ծրագրերում, միջոցառումներ ենք կազմակերպել Նոր տարվան ընդառաջ, վերջում էլ նվերներ ենք տվել։  Ի դեպ, Ստեփանավանից երկու հաշմանդամ երեխա էլ կար, որ մի քանի ամիս սովորեցին գյուղի դպրոցում։

-Իսկ ո՞վ հովանավորեց այդ ծրագիրը։

-Դե, մի մասը՝ նվերները, գյուղապետը, իսկ մնացած նյութերը՝ թղթեր խաղերի հետ կապված և այլն՝ World Vision- ը։

-Այդ ծրագրերը դուք մենակ ե՞ք անում։  Ձեզ ո՞վ է օգնում։

-Մեզ հետ լիդեր է աշխատում, որը մեզ շատ է օգնում։ Ընդհանրապես մենք երեք լիդեր ունենք, բայց մեզ հետ մեկն է աշխատում։

-Ինչո՞ւ հենց մեկը ։

-Դե, մեկը դպրոցում ուսուցիչ է, մեկն էլ վերապատրաստման է հիմա։

-Շատ լավ է, որ այդքան ակտիվ եք։ Իսկ հետագա ի՞նչ ծրագրեր ունեք գյուղում անելու։

-Մեկը նորարարական ծրագիր է։ Էդ մրցույթ է, որին մենք պետք է ներկայացնեինք այնպիսի ծրագիր, որպիսին դեռ չէր եղել։ Մենք ներկայացրինք ու զբաղեցրինք առաջին տեղը։

-Շատ լավ։ Ու ի՞նչ  ծրագիր էր։

-Մենք նախագծել էինք քարանձավային պատկերասրահ։ Քարանձավներում էինք ցանկանում իրականացնել, բայց չգիտեմ, երևի չենք կարող, որովհետև դրան պետք է ուրիշ տեղերից մարդիկ լինեին, ու կարող էր այնպես ստացվել, որ չկարողանային մտնել կամ հասնել գյուղի քարանձավներ։ Դրա համար որոշեցինք գյուղում ավելի հարմար տեղ իրականացնել։ Մենք գյուղում ունենք չճանաչված, բայց տաղանդավոր արվեստագետներ.  իրենց նկարներն ենք նախատեսել պատկերասրահին ներկայացնել։

-Շատ հետաքրքիր բան եք մտածել, իսկ մյու՞սը։

-Մյուս ծրագիրը «Ինփակտն» է իրականացնելու՝ «Փոքր համայնքի մեծ խնդիրները» խորագրով։ Ուզում ենք վահանակների վրա փակցնել գյուղի խնդիրներն ընդգրկող լուսանկարներ։ Օրինակ՝ դեպի Հնեվանք տանող ճանապարհը այդքան էլ բարեկարգ վիճակում չէ կամ խախտված ջրագծերը։ Եթե ծրագիրը հաջողվի, Ստեփանավանում ու Վանաձորում էլ կանենք։

-Իսկ որտե՞ղ եք ցուցադրելու այդ վահանակները։

-Դե, հավանաբար գյուղի մարդաշատ վայրերում:

-Լավ, իսկ արձակուրդների ընթացքում ինչո՞վ եք զբաղվում։

-Դե,  արձակուրդների ընթացքում էլ ամառային ճամբարներ ենք կազմակերպում, ամռան վերջին էլ բակային ճամբարի փակում ենք անում։ Օրինակ՝ անցյալ տարի World Vision-ը նյութեր էր տրամադրել՝ գնդակ, բադմինտոն. շատ լավ անցավ։ Նույնիսկ ուրիշ տեղերից էլ են էրեխեք լինում, իրենք էլ են  շատ ուզում մասնակցել։ Ես ջոկատներից մեկի ջոկատավարն էի ու նաև կազմակերպիչը ընդհանուր ճամբարի։

-Իսկ քանի՞ հոգի եք լինում մի ջոկատում։

-Սովորաբար տասնհինգից քսան հոգի, եթե ոչ ավել։

-Ինչքա՞ն է տևում այդ բակային ճամբարը։

-Մի շաբաթ, բայց մենք անցյալ տարի երկարեցրինք, մեկ ամիս տևեց. էրեխեքը շատ էին հավանել։

-Կարելի՞ է մասնակցել մի անգամ։ Այս տարի անելո՞ւ եք։

-Էս տարի մի քիչ զբաղված եմ քննություններով ու էլի շատ հարցերով, բայց ինձ թվում է՝ կհասցնենք։

Մոռացա ասել, որ ունենք նաև շահերի պաշտպանության խմբակ։ Որոշել ենք մի քանի ծրագիր իրականացնել։ Ունենք  աղբահանության ու դպրոցի բուֆետի խնդիրներ։ Գրադարանի համար գույք ենք ստացել, գյուղապետարանն էլ տեղ է հատկացրել։ Որոշել ենք մի օր գնանք վնասված գրքերը վերանորոգելու։ Աղբահանության համար մի օր էլ կհավաքվենք աղբահանություն կկազմակեպենք, ու ինձ թվում է, կլուծվեն էդ հարցերը։ Բուֆետի հարցն էլ մի քիչ լուրջ է, տեսնենք՝ ի՞նչ ենք անելու։

-Այդքանն էլ, որ արել եք ,շատ լավ է, ապրե՛ք ։

Ու շարունակեցինք խոսել շատ ու շատ թեմաներից և չհասկացանք էլ, թե ինչպես թռավ ժամանակը։