Վարդիկ Բարխուդարյանի բոլոր հրապարակումները

Vardik Barxudaryan

Կգամ, մա…

Մի քանի օր էլ, ու ամառ կգա…

Կգամ, մա…

Կգամ կփարվեմ քո այնքան ինձ կարոտած գրկիդ, ուր այնքան արագ մեծացա, որքան դու, մա…

Ինձ կգրկես, մա, կգրկենք իրար մայր ու աղջիկ, կարոտա՜ծ, շա՜տ կարոտած:

Ես քեզ երևի միշտ մոռացել եմ ասել, թե որքան կարևոր ես ինձ համար, որքան սիրելի, որքան թանկ։

Դու ինձ կրկին թևեր տուր, մա… Թևաթափ եմ եղել։

Գիտե՞ս, ես ատում եմ քաղաքի աղմուկը, բայց ատում եմ նաև լռությունը։ Ի՞նչ անեմ, մա, երբ վաղուց արդեն ոչինչ ինձ դուր չի գալիս, ի՞նչ անեմ, երբ վաղուց արդեն հոգնել եմ ամենից:

Ինձ գրկիր, մա…

Իմ հանգստությունն ես աշխարհում, աշխարհս ես։

Հրաշքներ այլևս չկան, մա:  Քեզնից հեռու եմ, ու չգիտես, թե ինչ է ուզում սիրտս, բայց սիրտս քեզ է ուզում, մեր տունը, այգին, բակը, որոնցից հոգնել էի արդեն։

Ինձ գրկիր, մա… Շոյիր գլուխս, ձեռքդ ճակատիս դիր, համբուրիր այտս, ասա, որ քո փոքրիկն եմ, ու ես կհավատամ, որ դեռ չեմ մեծացել։

Ինձ քո տուն տար, որ չկիսատվեմ առանց քեզ, ինձ տար, մա ու գրկիր…

Պատերազմների ժամանակաշրջան է…

Մեր գյուղի ծայրում է գտնվում մեր մեծ տունը…

Մե՜ծ…

Տեսնես ինչի՞ համար են մեծ տները, երբ բավական է աշխարհում պարզապես մի փոքրիկ անկյուն ունենալը, այն էլ, երբ այն քո հայրենիքում է լինում։ Հավատացնում  եմ, աշխարհում ոչ մի տեղ ինձ այնպես լիարժեք չեմ զգում, ինչպես մեր գյուղի ծայրում գտնվող մեր մեծ տանը:

Հիմա մի փոքր այլ է…

Ես նստած եմ մեր բակի հին նստարանին, ուր այն ժամանակ տատս էր նստում ինձ հետ, խոսում ամեն ինչից ու երբեք չէր հոգնում մանկական անմիտ հարցերիս պատասխաններ տալուց։ Հիմա երկինքն էլ անգամ տխուր է ու մռայլ, հիմա  մարդիկ են անգամ մռայլ։

Երբ գարնան առաջին ձնծաղիկներն արդեն ծաղկում էին` սառը հողը ճեղքելով,  մենք մեր դասարանցիներով  գնում էինք հավաքելու, մայրիկներին և ուսուցչուհիներին նվիրելու համար։

Հիշում եմ… Ոչինչ չեմ մոռացել…
Մենք ժպտում էինք, մենք երջանիկ էինք, որովհետև աշխարհում այդ օրը բարի գործ էինք կատարել, բայց իրականում միայն հիմա եմ հասկանում, որ մենք ծաղիկներին  կյանքից էինք զրկում:

Հիմա մի քիչ ուրիշ է… Պատերազմների դարաշրջանն  է։ Հիմա միայն հեռվից կարող ենք դիտել այն, ինչ առաջ մերն էր, ինչ առաջ հասանելի էր ու հաճելի։ Տեսնես ո՞վ զրկեց մեզ մեր մանկությունը մի օր նորից վերապրելուց։ Տեսնես` ի՞նչ եղավ։
Չեմ հիշում երբ էր, բայց հիշում եմ, թե որքան նրբանկատ էինք մենք… Բակում խաղալիս ընկերներիս հետ քանի վիրավոր թռչուն ենք գտել, քանիսը` մեռած… Թաղում էինք, ոնց կարգն էր, ու տխրում, լացում, մինչև հիմա հիշում եմ, չեմ մոռացել…
Այդ ինչպե՞ս մարդուն հողը դնելը մեզ համար սովորական դարձավ, այդ ինչպե՞ս կարողացանք ամեն մեկս մեծանալ ու հողի համար արցունք թափել, այդ էլ քիչ էր` մարդիկ կորցնել… հերոս մարդիկ։

Չգիտեմ, արագ անցան ժամանակները, ընկերներ չկան, բակը չկա, թռչունները մեռնում ու մնում են` որտեղ պատահի, ծաղիկներն այլևս չեն պոկվում: Պատերազմների ժամանակաշրջան է…
Հիմա մի քիչ ուրիշ է…

Մեզ հանում են մեր երկրից…

Ես կյանքումս առաջին անգամ հասկանում էի, որ կյանքը ինձնից վերջնականապես խլում է այն, ինչ սիրում եմ…

Ես կյանքումս առաջին անգամ էի հասկանում, որ կորցնելու եմ տունս, ու, որ տանս հետ մանկությունս եմ թողնելու ու գնամ, տանս պատերի ներսում հին օրերի ջերմությունն եմ թողնելու ու գնամ…

Ես կյանքումս առաջին անգամ էի զգում, բայց երանի չզգայի…

Ամբողջ գիշեր գյուղ` Նորավանը, կարծես մեռած լիներ, հանգել էին բոլոր լույսերը, լռել էին բոլոր ձայները, ու մթության մեջ կրակոցների ձայներն էին աղաղակում։ Ու քաջ գիտակցում էի, որ կրակոցների աղմուկի ներքո զոհերն էին ավելանում, տղերքը ընկնում էին կրակոցի անիծյալ ձայնի հետ միասին։

Մեզ հանում են մեր երկրից…

Քիչ-քիչ պակասեցնում են մեր երկիրը…

Գուցե կարիք կա…

Կյանքում դեռ բաներ կան, որ կարելի է սիրել։ Այո’, բնությունը, ծառը, ծաղիկը, կենդանիները, բնության երևույթները, լեռը, քարը, ամեն ինչ…

Ամեն ինչի մեջ սեր կա դեռ, ես նոր եմ հասկացել, կամ գուցե կարիք կար մի քիչ մեծանալու, որպեսզի զգայի ամեն ինչի մեջ թեկուզ չնչին երջանկությունը։ Գուցե կարիք կար մեծանալու, որպեսզի զգայի, թե որքան գեղեցիկ է ամեն բան ստեղծել Աստված։

Այո’, ժամանակի հետ սովորում ես կարևորել ամեն բան քո կյանքում, նույնիսկ այն, ինչ քոնը չէ, այն, ինչին առաջ կարևորություն չէիր տալիս, այն, ինչ մի ժամանակ քեզ մի տեսակ անգույն ու անիմաստ էր թվում։

Կյանքումս ունեցած ամենագեղեցիկ առավոտները հենց այստեղ` իմ հին ու նոր, բայց միշտ ուրիշ, միշտ գեղեցիկ ու տարբերվող գյուղում են բացվել։ Ամեն առավոտ թռչունների երգի ներքո, ամեն առավոտ մաքուր օդ շնչելով, թարմ միրգ ուտելով։ Երևի դա է ինձ համար ամենագեղեցիկ ու երջանիկ առավոտը։ Արթնանում ես, անփութորեն արագ հավաքում մազերդ ու շտապում այգի` թարմ մրգերի ետևից։ Երևի կյանքում գեղեցիկ երևույթներից մեկն էլ հենց դա է, ու երբ չգիտես, թե երբ ես վերջին անգամ լինելու այստեղ` քո փոքրիկ գյուղի ծայրում գտնվող մեծ տանը։ Ու երևի դա էլ է առեղծվածային, հետաքրքիր ու տարբերվող, երբ չգիտես, թե քանի տարի, քանի ամիս, քանի օր ու ժամ է մնացել քեզ վայելելու այս ամենը։

Գուցե կարիք կա այդ ամենը մի քիչ շուտ նկատել, մի քիչ շուտ կարևորել երբեմն չերևացող այդ փոքրիկ երջանկությունները, որ հաճախ այնպե՜ս են լցնում կյանքդ։ Երևի կարիք կա հաճախակի դուրս գալ փողոց ու նայել քո տան պատերին, դուրս գալ այգի ու միրգ հավաքել, դուրս գալ պարզապես քայլելու քո գյուղի փողոցներով, դուրս գալ նայել սարերին, տներին, կենդանիներին, մարդկանց…

Գուցե կարիք կա գնահատել ամեն ինչ ավելի, քան առաջ էր, որ գոնե կյանքը մի քիչ շունչ առնի…

Գուցե կարիք կա…

Տղերք ջան… Էլ մի գնացեք…

Սյունիքի մարզ, Սիսիանի շրջան, գյուղ Նորավան…
Այստեղից սկսվեց իմ կյանքը ու, վստահ եմ, այստեղ էլ պիտի մի օր վերջանա, ինչպես բոլոր մարդկանց կյանքն է վերջանում մի օր։ Մեկը` երկար, մյուսը կարճ է ապրում, մեկի կյանքը ինչ-որ փոքրիկ օգուտ է տալիս, իսկ մեկի գնով ապրում ենք բոլորս։ Այո, կյանքը դաժան է…

Մի քանի օր առաջ տեղեկություններ էին պտտվում ամբողջ համացանցում ու լրատվամիջոցներում, թե հակառակորդը 10 կմ հեռավորության վրա է Նորավան գյուղից, ու գյուղացիները լսում են կրակոցների ձայները։ Նախ, եկեք հասկանանք, թե ինչն է սարսափելի. այն, որ ընդամենը կիլոմետրեր են բաժանում նորավանցիներին թուրքերից, թե այն, որ կրկին զոհեր ունենք…

Մարդկային կյանքեր հողի համար… Որպես մարդ ես ունեմ իմ կարծիքն այս մասին ու համարում եմ, որ անիմաստ է այս ամենը։ Մենք կյանքեր են կորցնում, մենք լույսեր ենք կորցնում, ու կյանքը խավարում է, կյանքում էլ ոչինչ չի մնում երջանիկ լինելու համար։ Տղերք…
Ձեր գնալով մեր կյանքը խամրում է…
Տղերք ջան… Էլ մի գնացեք…

Ես ատում եմ աշխարհը, բայց հավատում եմ, որ Աստծո դատաստանի օրն է գալու, ու աշխարհի վրայից ջնջվելու է թուրքը: Գալու է օր, երբ մենք մեր վրեժն ենք լուծելու, որովհետև սա արդեն հողի կռիվ չէ, սա մեր տղերքի մահվան վրեժը լուծելու կռիվն է։

Չգիտես էլ` հպարտանա՞լ արդյոք, թե ցավ ապրել: Երևի երկուսը մեկտեղ, քանի որ հպարտ ես, որ պաշտպաններ ունես քաջ, բայց ցավ ես ապրում, երբ նրանք զոհվում են քո կյանքի համար։ Քեզ մեղադրում ես ապրելուդ համար։
Ես ինձ ատում եմ ապրելուս համար, երբ գիտեմ, որ ինչ-որ մեկը հիմա իր որդուն է սպասում, մյուսը` ամուսնուն, մի փոքրիկ կա, որ հորն անգամ չի տեսել, իսկ մի աղջիկ էլ նստած է իրենց հանդիպման վայրում, որտեղ վերջին անգամ մի օր զինվոր էր ճանապարհել ու… Սպասում է նրա գալուն:
Տղերք…
Ձեր գնալով մեր կյանքը խամրում է…

Տղերք ջան… Էլ մի գնացեք…