Շուշան Հարությունյանի բոլոր հրապարակումները

Ինքնության որոնման ճանապարհին

Յուրաքանչյուր մարդ ցանկացած տարիքում կարիք ունի ինքնաարտահայտման: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են փորձում ինքնաարտահայտվել, հետևաբար ինքնաարտահայտման հարթակները ու ձևերը միշտ չէ, որ նույնն են: Օրինակ, իմ տարիքի մեկը կարող է ինքնահաստատվել լավ սովորելով, մյուսը` ասենք, լավ  պարել, երգել  իմանալով կամ այլ հմտություն կիրառելով, հաջորդը՝ հասարակական ակտիվություններում  ներգրավվելով, մեկ ուրիշը՝ հասարակության մեջ ագրեսիվ վարք դրսևորելով կամ, ասենք, ծխելով ու ոգելից խմիչք օգտագործելով: Սակայն կարծում եմ, որ խնդիրը տվյալ պարագայում ճիշտ  հարթակ գտնելու մեջ է: Եվ ինչու ոչ, նաև հասանելիության: Սահմանամերձ գյուղում ապրող իմ տարեկիցը չունի այն հնարավորությունները, ինչ, ասենք, ես կամ օրինակ` ես չունեմ այն հնարավորությունները, ինչ  Երևանում ապրող իմ տարեկիցը: Տվյալ պարագայում  մեզանից յուրաքանչյուրն ունի բնությունից օժտված նույն կարողությունները, բայց  ինքնաարտահայտման ձևերը սահմանափակ են մեզանից շատերի համար: Երևույթը կարելի է դիտարկել նաև այլ կողմից: Խնդիրը նաև քո կարծիքը չամաչել արտահայտելու, ճիշտ ներկայացնելու, չկոմպլեքսավորվելու մեջ է, իսկ դա յուրահատուկ մշակույթ է, դաստիարակություն, որ պետք է ձևավորվի դեռ փոքր հասակից: Խնդիրն այն է, թե ինչպես սովորեցնել երիտասարդին խելամտորեն արտահայտել իր տեսակետը, ինչպես օգտվել եղած ինֆորմացիայից, ինչպես կիրառել այն: Որպես ամփոփում, ինքնաարտահայտման ազատությունը ինձ համար հասանելիությունն է և դրանից ազատ  ու ճիշտ օգտվելու կարողությունը:

Ինձ համար ինքնաարտահայտման յուրահատուկ պլատֆորմ միշտ եղել է բեմը: Սիրում եմ նաև հասարակական գործերում ներգրավվել, մասնակցել տարբեր ծրագրերի, իմ կարողությունները դնել մրցության մեջ: Վերջին տարիներին իմ և իմ տարեկիցներին ինքնաարտահայտման հարթակ տվեց նաև «Մանանա» կենտրոնի  ծրագիրը, հատկապես www.17.am  կայքը, որտեղ մենք բոլորս հնարավորություն ստացանք ազատ արտահայտել մեր մտքերը, կիսվել մեր փորձով, խոսել մեզ հուզող  խնդիրների մասին ֆիլմերի, լուսանկարների և հոդվածների տեսքով: Դա ինձ հնարավորություն տվեց բացահայտել իմ կարողությունները, զարգացնել ստեղծագործական, վերլուծական  կարողություններս, մտնել հասարակական շփումների մեջ, այսինքն՝ լավագույնս ինքնաարտահայտվել:

Ազգը պիտի հերոսներ ունենա

Լուսանկարը՝ Շուշան Հարությունյանի

Վերջերս հնարավորություն ունեցա հանդիպելու գեղանկարիչ Արարատ Սարգսյանի հետ: Մարդ, ում դժվար է միայն նկարիչ անվանելը: Արտիստի աշխատանքների թվին են դասվում մի շարք ֆիգուրատիվ և խորհրդանշական պատկերներ, ձեռակերտ գրքեր: Նրա աշխատանքները և նախագծերը ցուցադրվել են  Եվրոպայի, Ամերիկայի և Արևելքի մի շարք երկրներում:   Բավականին հետաքրքիր ու անկեղծ զրույց ունեցա նկարչի հետ: Չնայած նախապես հարցազրույցի պլաններ չունեի՝ առիթը բաց չթողեցի արվեստագետին մի քանի հարցեր տալ:

-Պարո՛ն Սարգսյան, ո՞րն է Ձեր արվեստի հիմնական թեման:

-Իմ հիմնական թեման նախատիպերի մասին է: Եթե անգամ բնություն եմ նկարում, ապա անպայման փնտրում եմ նախատիպը: Մեր օրերում դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ այդ գիտակցությունն էր, որ ինձ բերեց «Արքետիպեր» նախագիծը անելուն:

-Ինչի՞ մասին է «Արքետիպերը»: Կմանրամասնե՞ք: 

-94թ.-ին արեցի «Արքետիպեր» նախագիծը: Արքետիպը նախատիպն է: Դրա մեջ ես հավաքեցի մոտ հարյուր լեզու՝ ուրարտական, մայաների, պոմպեյական և այլն:  Հորդանանում ցուցադրության  ժամանակ մի արաբ կնոջից թուղթ պատրաստել էի սովորել, և դա շատ հարմար եկավ իմ «Արքետիպերին»:

- Որքանով տեղյակ եմ ձեռակերտ գրքեր եք պատրաստում:

-Ես 10-12 տարբեր թեմաներով գրքեր ունեմ: Օրինակ՝«Կորուսյալ դրախտ», «Արձանագրություն և լանդշաֆտ», «Խաչքար» նախագիծը և այլն, իսկ ձեռակերտ գրքեր սովորել եմ պատրաստել Եվրոպայում: Հիմա Հայաստանում այդքան էլ դա տարածված չէ:

-Վերջերս բավականին քննարկվող է դարձել  Ձեր  «Խաչքար» նախագիծը: Ի՞նչը հանգեցրեց դրան:

-Երբ 2006թ.-ին տեսա, թե ինչպես են ազերի զինվորները ոչնչացնում Ջուղայի խաչքարերը, ափսոսանք ապրեցի ու բարկացա, որովհետև որպես արվեստագետ ես հո լավ գիտեի դրանց արժեքը: Աշխարհի ցանկացած  թանգարան կուզենար գոնե մեկ հատ այդ խաչքարերից իր ցուցադրության մեջ ունենալ, ու դա մեծ հարստություն կլիներ: Եվ ես փորձեցի այդ խաչքարերը վերականգնել հին լուսանկարներից: Ինչպես բազմիցս ասել եմ, ես թուղթ եմ պատրաստում: Դրանցով ֆոտոներից պատրաստեցի մատրիցաներ, ու այդպես վերականգնեցի ուղիղ 36 խաչքար: 36-ը մեզ համար խորհրդանշական թիվ է համարվում:

Ես դա միշտ նմանեցնում եմ նրան, երբ երկու երեխաներ ավազի վրա խաղում են, մեկը մի բան է պատրաստում, ծնողները  գովում են, մյուսը գալիս փշրում է: Մենք ամբողջ տարածաշրջանում մեծ հետք ենք թողել:

Այս նախագծով ես ուզեցի հակադրվել՝ ասելով, որ, եթե դուք ձեր ինքնությունը հաստատելու համար փչացնում եք ուրիշի արածը, ապա իմ ազգը իր ինքնությունը հաստատելու համար միշտ նոր բան է ստեղծում: Ես հոգին վերցրեցի ու դրեցի մի նոր, ուրիշ ֆիզիկայի մեջ:

Լուսանկարը՝ Շուշան Հարությունյանի

-Ձեր կարծիքով արվեստագետը այսօր պիտի ավելի շատ գլոբա՞լ մտածի, թե՞ ազգային:

-Մինչև հայերեն չիմանաս, լավ անգլերեն չես խոսի: Ես պիտի իմը լավ իմանամ: Երբ 94թ.-ին արեցի «Արքետիպերը», ինձ համար շատ կարևոր էր գիտակցել, որ ես գիր ունեմ, որ ես ունեմ այբուբեն: Դա ուրիշ զգացողություն է: Կալիգրաֆիան կապ չունի այբուբենի հետ: Օրինակ, հրեական այբուբենը 20 տառից է և ունի 200 թվային կոդ, հայկականը չորս հատ ինն է…

Ես քսանից ավելի երկրում եմ արել այս նախագիծը ու բոլորին հետաքրքրել է, որովհետև իմ երկիրը դնում եմ գլոբալի մեջ:

-Դուք մեր ազգային էպոսին նվիրված աշխատանք ունեք…

-Այո՛, ես հավաքել եմ մեր էպոսը գյումրու բարբառով, կավի վրա նկարազարդումներ եմ արել՝ իմ ձեռքով քանդակած կաղապարների միջոցով: Ինքնության հիմքերը շատ կարևոր են: Պետք է ամեն կերպ հասնել դրանց:

Լուսանկարը՝ Շուշան Հարությունյանի

-Ներեցեք, Դուք նաև քանդակո՞ւմ եք:

-Եթե դու արտիստ ես, ուրեմն պիտի տիրապետես ամեն ինչի: Եթե պետք լինի` կերգեմ էլ:

-Ի՞նչն է կարևոր մեզ համար այսօր:

-Հերոսները: Հերոսը նա է, ում մասին դու գիտես, ում ուզում ես նմանվել: Օրինակ, ռուսների համար Պուտինն է, գյումրեցիների համար՝ Յուրի Վարդանյանը …Ազգը պիտի  հերոսներ ունենա…

…Երբ սովորում ենք ստեղծել դեռ փոքր հասակից

-Ակվարիումնե՛ր գնեք, հաջողություն բերող ակվարիումներ…

-Չե՞ք ուզում մեր գրչատուփերից գնել: Հայկական մոտիվներով գրչատուփեր…

-Լա՛վ էլի, գոնե մեկը գնեք. զեղչեր կանենք…

-Անտարբեր մի՛ անցեք, համեցե՛ք գնումների: Մեր գործարար ընկերությունը ձեզ է առաջարկում աշխարհի ամենաուրախ շապիկները…

-Մենք էլ դեղաբույսեր ու թուրմեր ենք վաճառում: Ամբողջը մենք ենք հավաքել, փաթեթավորել: Թուրմերն էլ ենք մենք սարքել: Շատ առողջարար են: Չե՞ք ուզի եղինջ կամ ասենք մասուր գնել…

Լուսանկարը՝ հեղինակի

Արդեն 15 տարի է, ինչ Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի  հետ համատեղ  իրականացնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ապրող մի շարք երիտասարդներ ստանում են տնտեսագիտական գիտելիքներ, ծանոթանում բիզնես հմտություններին, դաստիարակվում, որպես հասարակության նկատմամբ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ:

Օրեր առաջ առիթ ունեցա մասնակցելու ՀՊՆ-ի կողմից կազմակերպված տոնավաճառին: Հայաստանի տարբեր անկյուններից  եկած երիտասարդները ներկայացրել էին իրենց աշակերտական գործարար ընկերության կողմից թողարկած արտադրանքը: Ծրագրի պատասխանատուները՝ Արմինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, հերթով մոտենում էին երիտասարդներին, հարցուփորձ անում, խորհուրդներ տալիս, լսում նրանց հարցերը և հաճախ ինչ-որ բան գնում նրանցից: Անտարբեր չէր նաև հասարակությունը: Անցորդներից շատերը կանգ էին առնում աշակերտական ընկերության այս կամ այն տաղավարի մոտ, զննում առաջարկվող արտադրանքը, իրենց գոհունակությունը հայտնում նախաձեռնությունից, իսկ վերջում մի բան գնում և գոհ ժպիտներով հեռանում: Ես էլ մի քանի բան գնեցի, և՛ նրա համար, որ ուզում էի աջակցել երիտասարդներին, և՝ որ իսկապես լավն էին:

Լուսանկարը՝ հեղինակի

Ամեն կողմից անցորդներին առաջարկվում էին «կախարդական շարֆեր», «հայկական տիկնիկներ», «անմահական թուրմեր», «հրաշահամ փոխինձ», «երջանկություն բերող թևնոցներ» և այն ամենը, ինչ կարող է նույնիսկ մարդու երևակայությունից դուրս լինել: Հիշեցի, թե ինչպես ուղիղ մեկ տարի առաջ մեր գործարար ընկերությունն էլ գնորդներին առաջարկում էր «աշխարհի ամենագունավոր, ուրախ և հաջողակ դարձնող շարֆերը», ինչպես ամեն ինչ սկսեցինք համարյա ոչինչ չունենալով, ինչպես առաջին անգամ ձախողվեցինք ու հաղթանակ ունեցանք, ինչպես սովորեցինք ինքնուրույն ինչ-որ բան ստեղծել  ու, թե ինչքա՜ն դժվար էր մեր առաջին արտադրանքը վաճառելը, որովհետև դրա հետ կապել էինք մեր ժամանակը, ջանքերը, ցանկություններն ու նպատակները: Ինչքա՜ն շատ էինք չարչարվել, և ինչքա՜ն վաստակած էր մեր առաջին շահույթը: Ժամանակը հետ տալով հիշեցի, թե ի՜նչ մեծ ոգևորությամբ հիմնեցինք մեր հասարակական կազմակերպությունը: Չնայած այնքան էլ մեծ շահույթ չունեինք, բայց պատասխանատու գտնվեցինք այն հասարակության նկատմամբ, որտեղ իրականացրել էինք մեր արտադրանքի վաճառքը և շահույթի մի մասով իրականացրեցինք կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:

Լուսանկարը՝ հեղինակի

Մեզ համար ծրագրի ավարտը եղավ ՀՊՆ-ի կողմից կազմակերպված ամառային ճամբարը, որի ընթացքում մեր ստացած հիմնավոր գիտելիքներն ու փորձը ամբողջացան  բիզնես ոլորտում արդեն հայտնի և հաջողակ գորածարարների անցկացրած սեմինարներով և խորհուրդներով:

Այդ օրը՝ տոնավաճառի ժամանակ, ես կարծես նույն զգացողություններն ու հուզումը, նույն ճանապարհը տեսա երիտասարդների աչքերում: Եվ այսպես, արդեն 15 տարի և 15 սերունդ…

Լուսանկարը՝ հեղինակի

Բնականաբար, մեզանից ոչ բոլորը կընտրեն ապագա տնտեսագետի մասնագիտությունը, բայց ջունիորցիներից շատերը արդեն ընտրել և դեռ ընտրելու են այդ ուղին: Հնարավոր է նաև, որ մեր կյանքում մենք կունենանք ավելի լավ նմանատիպ ծրագրեր և կրթական հնարավորություններ, բայց իր տեսակի մեջ ՀՊՆ-ը կմնա եզակի, որովհետև առաջին անգամ մեզանից շատերը հենց այստեղ սովորեցին հանդգնել լինել ստեղծագործական և ունեցան իրենց առաջին նվաճումը՝ պատանեկան նվաճումը Պատանեկան նվաճումների հետ:

Մեր ինքնության աղբյուրը

 

Կրակ, ծուխ, խարույկի մեջ եփված կարտոֆիլ, կիթառի մեղմ հնչյուններ, ցուրտ, ջերմություն  և գիշերային երկար  ու անվերջանալի զրույցներ, քննարկումներ, պատմություններ: Զրույցներ ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչման, երգ ու պարի, բանահյուսության, մշակույթի, արվեստի, ավանդույթների մասին…

Գյումրու ՄԷԿ ՀԿ-ն ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Քանդակագործության ազգային պարկ թանգարանի մասնակցությամբ սեպտեմբերի 24-26-ը կազմակերպել էր «Ես եմ Սասնա ծուռը» հանրապետական մրցույթ-փառատոնը:            Փառատոնի նպատակն էր` պրոպագանդել ազգային մշակույթն ու արվեստը, նպաստել «Սասնա ծռեր» Էպոսի ավելի լայն ճանաչմանը: Փառատոնին մասնակցում էին շուրջ 40 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից՝ բացառությամբ Սյունիքի և Արցախի: Նրանք եկել էին ներկայացնելու իրենց աշխատանքները՝ նվիրված էպոսի այս կամ այն ճյուղին կամ դիպվածին: Մասնակիցները յուրովի փորձել էին ներկայացնել  իրենց «Սասնա ծռին» արվեստի տարբեր ոլորտներում. երգ, պար, ասմունք, արձակ, չափածո, քանդակ, նկարչություն և այլն: Մասնակիցներից շատերը էպոսին տվել էին ժամանակակից շեշտեր՝ իրենց աշխատանքներում արտացոլելով արդի միտումները: Դա են վկայում աբստրակտ նկարչական աշխատանքներն ու քանդակները, ռեփ կատարումը, էսսեները և այլն: Մասնակիցներին հանձնարարված էր իրենց հետ բերել իրենց մանկության՝ Դավթի թուրը: Քանի որ ես էլ էի մասնակցում ծրագրին, հետս տարել էի իմ Դավթի թուրը: Ու չնայած եղածներից ամենապարզն էր, բայց, ըստ իս, ամենազորավորն էր, քանի որ հզոր թրերով բոլորը կարող են հաղթել, իսկ պարզ թրերով` միայն Դավիթները: Մրցույթի նպատակներից էր նաև մասնակիցներին հասցնել այն գիտակցությանը, որ էպոսում և ազգային-մշակութային կյանքում ձևերի մեջ չպետք է փնտրել արժեքները, այլ բովանդակության ու գծերի: Մենք՝ մասնակիցներս, Գյումրու Հաղթանականի զբոսայգու քանդակների պուրակում՝ ծառի վրա, ամրացրեցինք մեր թրերը՝ այն հավատով, որ ամեն տարի այդտեղ պիտի նոր թրեր ավելանան՝ Դավիթների ու Խանդութների թրեր:

Միջոցառման ընթացքում ծրագրի  կամավորների օգնությամբ ծանոթացանք և խաղացինք էպոսում տեղ գտած խաղերը: Այդ թվում՝  հոլախաղ, գոմշակռիվ, լախտախաղ, չլիկ-դաստա, գուրզ նետել և այլն:

Հանդիպում ունեցանք նաև նկարիչ Արարատ Սարգսյանի հետ, ով հավաքել էր Սասնա ծռերը Գյումրվա բարբառով, կավի վրա հետաքրքիր նկարազարդումներ էր արել իր՝ ձեռքով պատրաստված կաղապարների միջոցով, և հրատարակել էր Սասնա ծռերի ևս մեկ պատում: Մեզ այցելեց նաև սցենարիստ, դրամատուրգ Արթուր Էդարը, ով լսեց մեր էսսեները և խորհուրդներ տվեց:

Ներկայացրեցինք մեր աշխատանքները, լսվեցինք ու լսեցինք, ունեցանք տարբեր սեմինարներ, ֆլեշմոբ արեցինք Գյումրիում դեպի Մայր Հայաստան արձանի բարձունքը, մեծ խարույկ վառեցինք: Ահավոր քամի էր ու կրակի բոցերը տարածվում էին օդի մեջ՝ իրենց մեջ ամփոփելով մեր ամենանվիրական երազանքներն ու նպատակները: Դա պարզապես խարույկ չէր: Այդպիսի կրակ կար նաև մեր հոգում: Օդապարիկների վրա գրեցինք Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի անունները, երազանք պահեցինք ու բաց թողեցինք երկինք: Այդ օրը ես առաջին անգամ հորաքույր դարձա: Ու մի օդապարիկ էլ իմ Արևիկի համար բաց թողեցինք: Ու չնայած օրը ահավոր քամոտ էր, օդապարիկներից շատերն էլ պատռվել էին, բայց օդ բարձրացան: Հատկապես գեղեցիկ էր Արևիկի օդապարիկի վեր բարձրանալը: Այն մի մասից պատռվել էր, մի քիչ վառվել, հետո մի պահ կպել էր ծառի ճյուղին ու մնացել, բայց մենք բոլորս հավատում էինք, որ այն կբարձրանա: Այո՛, հատկապես այդ մեկը՝ Արևիկինը: Մենք հավատում էինք ու խնդրում և… եղավ: Ահավոր գիժ ու խելառ զգացողություններով պահեր էին: Կյանքում միշտ այդպես է, եթե անկեղծ հավատում ես, ապա երազանքդ իրականություն է դառնում: Այնուհետև վերադարձանք ճամբար ազգային երգ ու պարով, հայրենասիրական բացականչություններով:

Մեր բոլոր միջոցառումներին ակտիվ կերպով մասնակցում էին գյումրեցի երիտասարդները, իսկ գիշերներն անցկացնում էինք խարույկի շուրջը՝ տեղի բնակիչների ընկերակցությամբ, ովքեր անսահման հոգատարություն էին ցուցաբերում մեր նկատմամբ: Ճամբարային բանակումի ամբողջ ընթացքում մեզ հետ էին ՀՀ ոստիկանության, ԱԻՆ, շտապօգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները, ովքեր հավատարիմ կերպով հսկում էին ճամբարի անվտանգ ընթացքը: Այդպիսի պահերին իսկապես վստահություն ես զգում երկրիդ, պետականության հանդեպ: Իսկ դա շատ կարևոր և հաճելի զգացում է:

Միջոցառման ավարտին ծրագրի ղեկավար Արթուր Գևորգյանն ասաց, որ մենք գուցե այդքան էլ չգիտակցեցինք այն կարևորությունը, որ թողեցինք Գյումրի քաղաքի մշակութային կյանքում, բայց դա իրոք մեծ էր: Մշակութային մթնոլորտ քաղաքում ստեղծվում է հենց այսպիսի միջոցառումների շնորհիվ:

Գյումրին սիրեց մեզ, մենք էլ՝ Գյումրիին: Մեզնից յուրաքանչյուրը մի մասնիկ թողեց իրենից այնտեղ և մի մասնիկ էլ իր հետ վերցրեց: Ու այդ մասնիկը միշտ կկապի թե՛ մեզ՝ իրար, թե՛ մեզ՝ քաղաքին:

Հիմա՝ օրեր անց,  շորերի վրա միայն խարույկի ծխի հոտն ու օրերի, հիշողությունների, զրույցների վերհուշն է մնացել,  իսկ ներսում՝ բանականության և էության մեջ, մի շատ կարևոր բան, որ գուցե հիմա այդքան էլ լավ չենք գիտակցում, բայց իր հետքն իսկապես ունեցավ մեր մեջ: Տարիներ հետո այդ հետքը կխոսի մեր մեջ, ու այդ խոսքը շատ բան կասի վաղը:

Լոշիկը

Մեր արմատը մեր ապագան է

…Էրկանքի քարերը հուշիկ շարժվում էին՝ օդի մեջ թողնելով ցորենի վաստակած բույրը:  Ու հենց այդպես էր սկսվում մեր մանկության հեքիաթը…

Փոքր էինք: Հիշում եմ՝ տատս նստում էր հացատանը՝ երդիկի տակ, և հայ կնոջ հեզությամբ ու սիրով շարժում էր էրկանքի քարերը, ալյուր մաղում: Մենք՝ թոռնիկներս, բոլորվում էինք նրա շուրջը, նստում մի հին կտորի վրա ու.

-Տա՛տ, տա՛տ, հեքիաթ կպատմե՞ս:

-Սասունցի Դավիթը, հա՛, էդ եմ ուզում, է՛դ:

-Հա, տա՛տ, լավ էլի:

-Տատ էն մասը պատմի, որ Դավիթը Մելիքին հաղթում ա:

-Չէ՛, չէ՛, էդ չեմ ուզում: «Ճոչ» Մհերի մասին պատմի:

-Է՜, տո դու ի՞նչ ես հասկանում, ա՛յ Ցռան Վերգո: Տատի՛, դու իմ ասածը պատմի:

- Ցռան Վերգոն դու ես, իմացա՞ր: Ես Դավիթն եմ, Դավիթը…

Տատս սկսում էր իր պատմությունը, և մենք թողնում էինք մեր կռիվները ու կախարդված լսում նրան: Պատահում էր, որ նա մի պահ դադարեցնում էր իր պատմությունը: Մենք շունչներս պահած սպասում էինք, իսկ տատս մի բուռ ցորեն վերցնելով լցնում էր երկանքի կլոր անցքի մեջ ու շարունակում: Նրա մատներին դիպչելով  ցորենը շունչ ու հոգի էր ստանում, դառնում պատմություն, միֆ, առասպել: Հետո երկանքի քարերի տակ աղմուկով պայթում էր մեր հոգու մեջ, լճանում մեր էության ամենանուրբ լարերի վրա, փխրեցնում «հողը»՝ նոր սերմեր ցանելու ակնկալիքով: Ու ցորենի հատիկը հայացած դուրս էր թափվում երկանքի քարերի միջից, բայց…  Վաղ էր. դեռ պետք էր ալյուրը թեփից մաքրել, ու տատս ավելի մեծ եռանդով էր պամում իր պատմությունը: Երբեմն նա իր պատմությանը խառնում էր անծանոթ ու տարօրինակ անուններ, երբեմն Դավիթի պատմությունը դառնում էր  Քյոռ Օղլու կամ ասենք ինչ-որ հին, տոհմական պատմություն, իսկ երբեմն էլ, չգիտես ինչպես և որտեղից, մի հին ասքի հերոս, ով վեհ արժանիքների ու քաջության կրողն էր, ունենում էր մեզնից մեկի անունը: Մենք դրանից մեզ անչափ շոյված էինք զգում, ու մեր մանկական էությունը դառնում էր ամպի չափ հպարտ:

… Տատս ալյուր էր մաղում: Մաղը տատիս ձեռքերի մեջ պար էր գալիս, ու ալյուրը, երդիկի լույսի շողքի վրա նստած, իջնում  էր տաշտի մեջ: Մեկ էլ հանկարծ մեզնից մեկը ոգևորված մատն ուղղում էր դեպի մաղից թափվող ալյուրն ու մեծ հայտնագործողի հպարտությամբ գոռում.

-Խանդութի քողը, նայե՛ք: Խանդութի քողը տատի մաղից ա դուրս գալիս:

Մենք հրաշքի ականատեսի  զարմանքով.

-Հը՜՜՜՜….   աաաաա՜ …. Խանդութի քողը…

Հետո տատս խմոր էր անում՝ ալյուրի մեջ շաղախելով նաև մեր էությունը: Եվ պատմում էր: Պատմում էր «խին-խին պաներ» , նաղլ, մասալա, ու  անպայման գտնվում էր մի հին երգ, որ անընդհատ շրջանակում էր տատիս պատմությունը: Երգ, որ երգել էր հայ գեղջկուհին դաշտերում աշխատելիս: Քամին մտել էր նրա մազերի մեջ, արևը վառել էր նրա բաց ճակատը, ու ցորենի հասկի  հետ ձուլվելով աղջիկը երգ էր դարձել: Երգ, որ երգվել էր հայ գեղջուկի բերանով ՝ վար անելիս: Մաճը խրվել էր հողի մեջ, և հողի սրտից երգ էր հորդել: Դրա համար էլ, արյան կանչով, տատիս այդ երգը շատ խորն էր արձագանքում մեր մեջ:

… Գալիս էր խմորի գնդերն անելու պահը: Գնդերը թռչում էին օդում, գնդերը թռչում էին մեր երևակայության մեջ: Գնդերը մեր արժեքներն էին, որ մարտի էին գնում: Գնդերը գրտնակվում էին  ու դառնում լոշիկներ: Լոշիկը հայ աղջիկ էր, որ նազանքով պար էր բռնում տատիս թևերի վրա: Լոշիկը Ծովինարն էր, Դեղձունն էր, Արմաղանն էր, Խանդութն էր, Գոհարն էր, ու… ու… ես էի:

Օդում մի քանի թռիչք անելուց հետո, լոշիկը նուրբ հենվում էր դաստղունի ուսին: Տատս մատը ջրի մեջ էր թաթախում, ապա դրոշմում լավաշի վրա, հետո բացատրում.

-Էսենց ա կանեմ, որ չփռթընի, հինի թունդիր, էրեցի:

Ասում էր ու դաստղունը հպում թոնրի շիկացած շրթին:

Պապս, որ մինչ այդ հացատան դռանը նստած մեզ համար Թուր Կեծակի էր   սարքում, տատիս ի պատասխան ասաց.

- Կարևորըն հեքիաթըն չփռթնի, հինի թունդիր էրեցի, հեքիաթըն…

- Հեքիաթըն կրակից չի վախենա, եթե լավ հեքիաթ ա: Էտի խո խաց չի, որ մե անգամ ուտես` խլսի: Մե անգամ, որ կուտես` հա կուտես, կխասկնա՞ս,- բացատրեց ինձ տատս՝ հայ կնոջ մեծ իմաստությամբ:

- Խա, խաց չի, ճիշտ ա կասի, ճժեր,- շարունակեց տատիս միտքը պապս,- խացի նման կակուղ ա, խացի խամ-խոտ ունի, բայց  էտա թունդիրի մեջըն, որ կմտնի, մըտեն կէթա, որ խաց ա, կըտառնա  կավի նման. ինչքան կըրակըն շատ կըլնի, էնքան կըպնդընա: Չարի կըրակի ձեռըն ա՝ քյար ա, հենց տուս էկավ, էլի կտառնա լոշ…

Ու մինչ այսպես երկար զրուցում էինք, թոնրից հատ-հատ դուրս էր գալիս լավաշը, փշրվում, դառնում «չոբանի բուռում», հետո՝ բոքոնը, ճմուռը, գաթան, պատմությունը, առասպելը, արմատը…

Տարիներ են անցել այդ օրերից: Էությանս մեջ հասկը լավաշ է դարձել: Հիմա ավելի լավ եմ հասկանում անցյալի պատկերների խորհուրդը,  սրտիս մեջ ավելի խորն եմ զգում արմատի զարկերակը: Ու չնայած հոսանքը դեպի համաշխարհայինն է տանում, բայց այդ համաշխարհայինի քո իրական բաժինը արմատն է՝ քո արմատը: Եվ երջանիկ են նրանք, ովքեր ապրում են այդ արմատին մոտ:

Այո՛, այդ օրերից շատ տարիներ են անցել: Տատս ու պապս ծերացել են:Հացատունն էլ փլվել է: Էլ թոնրի մեջ լավաշ չենք թխում, բայց տատս էլի հեքիաթ է պատմում, հեքիաթ՝ իրական հերոսների ու արժեքների մասին: Եվ ամեն անգամ տատիս ասքը վերջանում է այս նույն նախադասությամբ. «Բալե՛ս, քեզի պըտի խաց թխել սովըրցնեմ: Բա ամոթ չի՞ չհիմընաս…»:

- Հա, տա՛տ ջան, ճիշտ ես ասում, բա ամոթ չի չհիմնանք…

Ստալինը և մենք

(Խին-խին պաներ. մաս 3)

Պատմությունը չափազանց հակասական ու ոչ ստույգ երևույթ է: Եվ հաճախ մեզ է հասնում զուտ այս կամ այն պատմաբանի կամ պատմիչի սուբյեկտիվ կարծիքը՝ համապատասխանեցված տվյալ ժամանակաշրջանի գաղափարախոսությանը:

    Իրականում պատմություն ստեղծողը ժողովուրդն է: Ու միայն ինքը կարող է տալ տվյալ ժամանակաշրջանի կամ պատմական կերպարի ճիշտ գնահատականը: Այսպիսով, ներկայացնում եմ ստալինյան պատմությունների շարք՝ պապիս մեկնաբանությամբ՝ որպես ամենաժողովուրդ: Պատմություններ պատմական ամենաքննարկվող կերպարներից մեկի՝ Ստալինի մասին, ում մասին « անտառի մեջ մենակ քելիր, չիր կանա վատ պան ասիր, քյըրվիր: Մեկըն կլսեր կտանին կաքսորին: Խառնիսի վախտ, որ մե քյավորըն հառճի բաժակըն հայր Ստալինի կենացըն չխմեր կպռնին կտանին: Վայ ընդուն, ում տան վերի կլխի պատից Ստալինի նկարըն կախուկ չըլներ կամ մե քիչ ճմրթուկ ըլներ. աքսոր կամ գնդակահարություն…»: 

    Մի խոսքով, Ստալինը և մենք` ես, պապիկը, Զարդոյ Քեղամը, բրիգադիր Սերոժը, Փնոյ Սպարտակը և մնացածը… 

 

«Այսքան ուրախ կյանքը մեր, ընկեր Ստալինն է տվել»…

-…Ցուրտ, մութ տարիներն ին…Հա՛մ ցուրտ, հա՛մ սոված: Քրջոտ, խին տելեգրեյկով, պենջկով, պրծուկ չարոխներով, փետից գրիչ, թելով կապուկ ծեր, դե էն վախտ գրիչ չկար, թելով կապում ինք, որ չփռթներ ընգներ, ճրագի վրեն թանաք ինք սարքում, էթում ինք դբրոց: Մե խատ փետի փեճ ինք դրե, ցան ինք տանում, վառում: Օր մեկս դնում ինք կյրքերի արանք, տանում ինք, վառում: Տո, կյիրք ե՞րբ կար էն վախտ: Մե էրկու խատ ճղուկ-մղուկ թուղթ ին էլի…

Հենց դասատուն կմըտներ դասարան, հմեն կըսկվին: Ժանետա Էլիբեկյան, լավ էլ հիշում եմ, ռնդամալցի էր: Ասում էր. «Բա՛րև ձեզ, երեխաներ»: Կասինք. «Բաաաա՜՜՜՜րև   Ձեզ: Փա՜՜՜՜ռք ԸՆԳԵՐ ՍՏԱԼԻՆԻՆ»: Կասեր. <<Մեր առաջին տասըն երգի դաս ա>>: Ցուրտ, սոված, ծեռններս կապտեր, բայց.

…Այսքան ուրախ կյանքը մեր,

Ընկեր Ստալինն է տվել,

Ջան Ստալին, ջան Ստալին,

Ջանս քեզ ղուրբան, Ստալի՛ն…

Ես Ստալինից վատ պան ե՞րբ եմ տեսե

Я не белый, я не красный, я ничего не знаю…

      Պապիկս շարունակում էր ինձ պատմել ստալինյան պատմությունների իր շարքը, երբ հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ մեր հարևան Վարդուշը:

-Վայ, բա՛րև, Վարդուշ քուրիկ: Ինչ լավ ա էկար: Արի, արի հենց ճիշտ ժամանակին ես էկել,- ասացի ես ուրախացած՝ նրան դռների մեջ տեսնելով:- Վարդու՛շ քուրիկ, կարո՞ղ ա Ստալինի մասին տատիկիցդ կամ պապիկիցդ մի բան լսած լինես, մի բան էլ դու պատմես գրեմ:

-Ստալինի՞,- շփոթվեց հանկարծ մեր հարևանուհին,-ես ի՞նչ գիտեմ: Ես բան էլ չգիտեմ: Ինտերնետով, որ կանչես, չի՞ գա:

-Վարդու՛շ ջան,- մեջ մտավ պապս,- կամպուտըրըն ըտենց պաներ չի գիդի: Ամենակարևոր պաներըն կամպուտրով չես հիմնա:

-Դե, ասենք լավ մարդ ա եղել, վատ մարդ ա եղել…-սկսեցի բացատրել ես,- տատիկդ, պապիկդ ի՞նչ էին ասում էն ժամանակ:

- Հա,- վախեցած ու խուսափողական սկսեց զրուցակիցս: Կարծես նրա մեջ արթնացավ գեներով փոխանցված ստալինյան վախը:

- Ասում էր` լավ մարդ ա: Ճիշտ չե՞մ ասում, Վարազ ձաձա:

-Էտ իմա՞լ էր լավ մարդ է,- բարկացավ մի պահ պապս,-Հա կասեն` խա: Չարի մըկա փորս սովատութնե կմրմռա:

-Դե էն վախտ չկար, կռիվ էր: Ըտենց մի ասա, էլի, Վարազ ձաձա,- սրտնեղեց Վարդուշը:

-Ի՞նչ կռիվ է…Մահանա են պռնած պատերազմը: Ընչի՞, որ ես էրկու խատ կով պախեմ իրա աշկըն կխանե՞մ: Մե խատ կովից ավել չին թողե պախին: Ես էր կպախիմ, կչարչրվիմ: Խո իրան նեղություն չի՞մ տե: Պահ, պահ, պահ…Իմալ էր կկյովին Ստալինին: Ըտու խմա էլ սաղ կասին` լավ մարդ ա: Երգին կապե վրեն: Նոր տարվան կերգին.

Հայր Ստալին,  թանկագին,

Մեր առաջնորդ, մեր անգին,

Ամեն մեկիս մի նվեր,

Ընկեր Ստալինն է տվել…

-Ես Ստալինից վատ պան ե՞րբ եմ տեսել,- վերջացրեց հաստատ տոնով մեր հարևանուհին՝ հավատարիմ մնալով ստալինյան ավանդական գաղափարախոսությանը:

 Արդարադատ ընկեր Ստալինը

-Նոր տարվա մոտերըն էր: Հլը տուն չինք էկե. խոպան ինք: Առավոտ պըտի ընգնինք ճամփա: Ես ի, Սպոն էր, Սերոժն էր, կճանչընա՞ս… Ըտենց կխմանք, որ առավոտ ընգնենք ճամփա: Մեկ էլ մե էրկու ժամից հետո տենանք Սպոն չի էրևա: Բրիգադիր Սերոժըն ասեց.  «Գյա՛, մե կյացեք ման էկեք  տեսեք էտ մարդըն ուր կընաց: Խմուկ էր…»: Կյացինք տեսանք` չոքե Ստալինի արձանի մոտ լաց ա կըլնի, կասի.  «Ընկեր Ստալին, ընձի չեն թողե էթամ մեր տուն…» : Բա, էն ժամանակ ըտենց էր: Հմեն կվախենին Ստալինից, բացի…

 

Բացի Բաղրամյանից

-Էն ժամանակ հմեն կվախենին Ստալինից, բացի Բաղրամյանից: Մենակ էնի չէր վախենե, մոտըն մըտներ: Կասեն մե օր Ստալինը ժովող ա կանի, հմեն գեներալների ծրագիրներըն կհիշկա, չի խավնի: Կասի. «Կացեք, փոխեք»: Բաղրամյանը կմտնի մոտ, էլի նույն ծրագիրըն կխանի, կըտնի սեղանին: Ստալին կասի. «Ընչի՞ չես փոխե»: Կասի. «Ես իմ ծրագրի վրեն վստահ եմ: Չեմ փոխե, վերջ»: Ստալին կվերու կասի. «Մոլոդեց արմյան», կկյովա էլի: Բա, ըտուն Բաղրամյան կասեն:

 

Ընկեր Ստալինին պատարագ

- Հիցուն իրեք թվի մառդի վեցըն էր՝ կհիշեմ: Դեպուտատի ընտրություն էր էտ օր: Ժովող էր կանին: Ես էտ վախտ ջահել տղա իմ: Մեր բրիգադիր Զարդոյ Քեղամն էր: Լաց էր կըլներ: Ընձի ասեց. «Ընկեր Ստալինը  մեռեր ա: Մաց ըստե, ոռդկներին հիշկա, մենք էթանք գրասենյակ ժովող»: Ասի. «Յա, ի՞նչ անեմ, ջանդմին, թե չի մեռե: Ես կեթամ ճժերի խետ խաղամ. քյար շպռտենք Զանգուն»:  «Ոնց թե, էշի քուռակ, ընգեր Ստալինը մեռել ա, դու տրնգի ես խաղում: Կզարկեմ կըլնես  ԸՆԳԵՐ  ՍՏԱԼԻՆԻՆ  պատարագ»: Ըսկի զատ էլ չասի. փախա:

Ընգեր ՍՏԱԼԻՆՆ էլ մեռավ

-Ճոչ մարդեր խառնված ին հիրար, լաց էր կըլնին. ընգեր Ստալինը մեռեր էր:Ով չի լաց ըլներ, տանին պռնին: Ասեյ` ո՞վ պըռներ…էլ Ստալին չկար: Էն խին վախըն էր վըրներըն: Լենինի նման մարդըն մեռավ, ըսկի լաց չելան վրեն: Կասին` Բերիան ա Ստալինին թույնե: Եսիմ, կասին` հինքն ա թույնե, թե կնիկն ա թույնե. չեմ գիդե: Երգ ին կապե, կասին.

Էշի կաշկեն գալիս ա,

Բերիան մեջըն լալիս ա:

Մի՛ լաց, դավաճան Բերիա,

Հիմի մահըդ գալիս ա:

 

Հընգեր Ստալինից հետո  վեց ամիս Մալենկոն թագավոր կայնավ: Ստալինի վախտ մե կովից հավել պան չիր կանա պախե: Հանցագործ պան էր: Մալենկոն էկավ, հարկերըն վերացրեց. յուղի մթերում վերացրեց, ծվի մթերում վերացրեց, հմեն վերացրեց: Ասեց` իրավունք կա քըսան ոչխար, էրկու կով պախել: Ժողովուրդըն կյովեր, կյովեր, կյովեր Մալենկոյ: Ստալինի երգերըն սաղ մոռացվան, կընացին: Հմի ուրիշ երգ էր կերգին.

 

Քըսան ոչխար, էրկու կով

Կեցցե ընկեր Մալենկոն…

Գնացքները կամ անհանգիստ խաղաղություն

Մեռնող օրվա աշխույժից թուլացած նստած եմ իմ սիրելի  ճոճանակին, ու  հաստ պարանները հետ ու առաջ անելով ստեղծում են անրջային մտքեր: Վերջալույսի արևի վերջին ճառագայթները ծառերի տերևների միջով թափանցելով շոյում են դեմքս՝ կարծես օրհնելու իմ այդ խաղաղ թռիչքը: Ներքին մի մղումով հանկարծ զգացի, թե որքան օրհնված է երկիրս, թեկուզ իր այդ ժայռային կերպարանքի մեջ:  Որքա՜ն բերկրանք կա արևի մեջ ու այդչափ  խոստում՝ հողի: Ինչքա՜ն նպատակ ջրի և որքա՜ն խենթություն օդի մեջ: Ի՜նչ շնորհված եմ, որ հենց այստեղ եմ ծնվել՝ այս հողի վրա, և հիմա ընկղմված եմ այս ճոճանակի մեջ ու…

Ինձ մի պահ շոյված զգացի իմ այդ մտքերից, ու ձեռքս կողքիս սկսեց փնտրել գրիչս՝ պատմելու տատիցս լսած այն հին հեքիաթներից  այդ օրհնված երկերում ապրող-ապրած այն պարզ, հասարակ մարդկանց ու նրանց խաղաղ, անվրդով կենցաղի մասին: Ամփոփման նման մի պահ ուղեղիս միջով անցավ օրս. հրաշալի էր, վաստակած, խաղաղ…խաղա՞ղ…

Մտորումներիս թելը հանկարծ կտրեց գնացքի վագոնների անվերջանալի վարգը. «Տգլին, տգլին, տգլին…», և տատիս հին-հին հեքիաթների մասին մտքերը աներևութացան արդի տպավորությունների քողի տակ, անրջայինը փոխվեց իրականի:

Երբ ես փոքր էի, այդ գնացքն էլի գնում էր, երբ մեծացա իմ մանկության «պու՜ չըք-չըք»-ը  էլի անցնում էր մեր տան մոտով, երբ տխուր էի, էլի գնացքը գնում էր, երբ մեծացա, նա նորից կար: Երբ ես չկայի, ասում են՝ նա  անցնում էր այստեղով: Հիմա ես կամ ու արդեն երկար տարիներ է, ինչ նրան ամեն օր՝ նույն ժամին, հավատարիմ կերպով դիմավորում եմ այս նույն ճոճանակին նստած: Եվ այդ գնացքները, որ միշտ գնում-գալիս են մեր տան մոտով, մի տեսակ այնքան հարազատ էին դարձել ինձ: Բայց վերջին ժամանակներս այդ գնացքները շատ հաճախ են սկսել անցնել այստեղով: Նույնիսկ գիշերները երբեմն վեր եմ թռչում գնացքների շչակների ձայներից ու հասկանում, որ էլի  զենք են տեղափոխում: Եվ այն գնացքն էլ, որ մի քիչ առաջ անցել էր դիմացովս ու խռովել էությունս,  նույնպես բեռնված էր տանկերով և այլ ռազմական տեխնիկայով: Հիմա, երբ այդ գնացքն ամեն անգամ անցնում է այստեղով,  երակներիս մեջ մի պահ կանգ է առնում արյունս, որպես պատերազմի ցավը ժառանգած ու խաղաղության գինն իմացող ժողովրդի զավակ:

Մենք ասում ենք, թե ապրում ենք խաղաղ Հայաստանում: Ու մենք ասում ենք դա այն ժամանակ, երբ ցանկացած պահի միացնում ես հեռուստացույցը, լսում ես, որ էլի մի երիտասարդ զոհվեց սահմանին, որ նա ընկավ հերոսի մահով, բայց ի՞նչ կապ ունի: Նա երևի երազանքներ ուներ, չէ՞, քույր, եղբայր, ծնողներ, սիրելիներ, որոնց ոչ մի հետմահու տրված մեդալ երբեք չի մխիթարի: Հնարավոր է՝ նա այս երկրի ապագա մեծ գիտնականն էր  կամ արվեստագետը, կամ էլ թեկուզ շարքային մեծ քաղաքացին: Միևնույնն է, նրա գոյությունը սովորական չէր կարող լինել այս երկրի համար: Բայց հիմա դա այլևս էական չէ, որովհետև նա այլևս չկա, որովհետև ինչ-որ տեղ, ինչ-որ աչքեր հավերժ արցունքոտ կմնան, թեկուզ այն ժամանակ, երբ հեռուստացույցը էլ մահ չգուժի, որովհետև դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են խաղաղության ու պատերազմի այս ոլորանում, ովքեր ամեն բացվող օրվա հետ գոյության կռվ են մղում, որովհետև դեռ կան շատ որովհետևներ…

Ես վախենում եմ այս տեսակ խաղաղությունից: Ավելին՝ ես մերժում եմ այսպիսի խաղաղությունը: Եվ սա ասում եմ այն հայի հոգու խորքից, ովքեր խաղաղության արժեքն իրենց ես-ի մեջ ժառանգած են ծնվում: Ու մենք բոլորս այդպիսին ենք ծնվում: Դա հայ տեսակի գենի հենքն է կազմում: Թշնամու այս տեսակ անսանձ լրբությունը ոտնձգություն է հենց այդ գենի նկատմամբ, ոչ թե զուտ զինադադարի խաղտում:

Հազարամյակների  այս խաղաղ պատերազմներն արդեն որքան ժամանակ է հոգնեցուցիչ են դարձել: Թվում է՝ բնությունը ամեն ինչով օժտել է այս հողը, որ մարդիկ երջանիկ ապրեն ու արարեն, բայց այս երկիրն անընդհատ տնքում է պատերազմների մեջ: Բնավ հարկավոր չէ մեղքը միայն նախախնամության վրա գցել: Գուցե մենք ինքներս մեր մտածելակերպով, կենցաղով և արարքներո՞վ ենք հասել դրան: Հայրենիքի համար մահը միշտ ամենավեհ արժեքն է համարվել մեր մեջ, իսկ կյա՞նքը, ո՞ւր մնաց կյանքը… Ե՞րբ ենք մենք սկսելու ապրել հայրենիքի համար ապրելու, այլ ոչ թե մեռնելու համար: Ե՞րբ ենք մենք դադարելու տառապել գլոբալիզացիայով ու սկսելու մի քիչ ավելի ազգային մտածել: Մի ընկեր ունեինք. միշտ սարսափելի բարկանում էր, երբ տեսնում էր բրիտանական, ամերիկյան, կամ այլ երկրի դրոշներով հագուստ էինք կրում: Ասում էր. «Ոնց կարելի ա նման բան անել: Քանի հազար տարի ա մեր արժեքների պահպանման համար կռիվ ենք անում, ու դուք գնում եք ուրիշ երկիր եք գովազդում ձեր հագուստի վրա: Երբևէ տեսե՞լ եք ամերիկացիները Հայաստանի դրոշով շորեր հագնեն:  Ձեր ախպերները կյանքի գնով սահման են պահում, իսկ դուք ասում եք, որ ձեր ամենասիրած երկիրը Իսպանիան ա, և ուզում եք թողնեք գնաք էս երկրից…»: Մենք ասում էինք նրան, որ իր հայրենասիրությունը երբեմն ազգայնամոլության է հասնում, իսկ ինքը պատասխանում էր. «Փոքր ազգերի համար, ինչպիսին մենք ենք, ազգայնամոլությունը կարևոր պայման ա: Մեր ազգայնամոլությունը երբեք չի կարա աշխարհում որևէ ազգի խանգարի կամ չարիք ստեղծի, բայց կարա մեր նման փոքր ազգերի համար ազգապահպանման հիմք դառնա, խոչընդոտի ձուլմանը»: Հիմա նոր եմ հասկանում ընկերոջս «ազգայնամոլությունը»: Այս և մյուս բոլոր պատերազմներն էլ իրականում մեր արժեքների դեմ են եղել, և գոնե այս խառը ժամանակներում մենք պիտի ավելի ևս փորձենք ազգային մտածել…

…Մեռնող օրվա աշխույժից թուլացած նստած եմ իմ սիրելի  ճոճանակին, ու  հաստ պարանները հետ ու առաջ անելով ստեղծում են  անորոշ մտքեր: Վերջալույսի արևի ճառագայթները սկսել են ավելի թույլ ջերմացնել: Օդում քիչ-քիչ մարում է հեռացող գնացքի աղմուկը՝ իր հետ տանելով հայացքս դեպի այն վերջին կայարանը, որտեղից պիտի հետ գան գնացքները:

Հ.Գ. Գնացքները երևի միշտ կգնան ու կգան այստեղով: Այն ժամանակ, երբ ուրախ ես կամ տխուր, փոքր ես, թե՝ ծեր, ժամը 3-ն է, թե՝ 12-ը, հեքիաթում ես, թե՝ իրական կյանքում, միևնույնն է՝ գնացքները միշտ գնում են: Ժամանակի մեջ այդ հավերժ ընթացքն իրականում այնքան սովորական է թվում: Բայց կա մի բան, որ  ժամանումն ավելի սպասված է դարձնում, թե  ի՞նչ կբերեն իրենց հետ այս անգամ գնացքները. խաղաղություն, թե՞ ….   

Լավագույնը բոլոր պապիկներից

Մանկությանս լավագույն տարիներն անցել են տատիս ու պապիս տանը: Ես միայն շաբաթ և կիրակի օրերին էի գնում մեր տուն «հյուր», քանի որ ծնողներս աշխատում էին և ինձ ու քույրիկիս չէին կարող խնամել: Այսպիսով, մեր խնամքով զբաղվում էին տատիկս ու պապիկս: Այդ օրերի իմ լավագույն ընկերը պապս էր: Նրա անունը Վարազդատ է, բայց բոլորը նրան Վարո կամ Վարազ են ասւմ: Կարելի է ասել՝ օրվա մեծ մասը նրա հետ էի անցկացնում: Ծիծաղելին այն է, որ երբեք նրա ձեռքը բաց չէի թողնում և միշտ այնքան ամուր էի սեղմում, որ ձեռքս դրանից թմրում էր, երևի՝ նրանն էլ, բայց նա լռում էր դրա մասին ու երբեք չէր դժգոհում: Մեր առօրյան սկսվում էր ծառ տնկելով կամ խնամելով: Այդ ընթացքում նա ինձ շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, և ես դրանք ընդունում էի հալած յուղի տեղ: Նրա ամեն մի ասածը ինձ համար գիտական լուրջ վարկած էր կամ աքսիոմ: Հիշում եմ, երբ մի անգամ ասաց, որ բզեզներին ամերիկացիներն են ստեղծել որպես կենսաբանական զենք, իսկ մեր հարևաններից մեկը հակառակվեց նրան: Այդ ժամանակ ես կատաղածի նման հարձակվեցի նրա վրա: «Ո՞վ է այդ սրիկան, որ փորձում է հակառակվել պապիկիս ասածին: Մի՞թե չգիտի, թե ինչ է նշանակում պապիկը կամ գուցե չգիտի, որ իմ պապիկը ամեն ինչ գիտի: Լավ, ես նրան ցույց կտամ»,- մտածում էի ես խոժոռ դեմքով: Այդ ժամանակ ես նրան համարում էի աշխարհի ամենավերջին մարդը, ու այդ օրվանից այդպես էլ չկարողացա սիրել նրան: Ինձ համար «պապիկ» հասկացողությունը մի տեսակ առասպելական, աստվածային բնույթ է ստացել: 

Մեր հարևանությամբ մի չար մարդ էր ապրում (համենայն դեպս այն ժամանակ նա ինձ այդպիսինն էր թվում), և նրա թոռնիկները չէին այցելում նրան: Բոլորը նրան «Գոդոլ» էին ասում: Ինձ թվում էր, թե այդ կիսածաղրական, կիսավախենալու անունով մարդը հեքիաթից փախած հրեշ է: Մի անգամ ես զարմացած հարցրի պապիս.

-Պապի՛, Գոդոլը թոլնիկ չունի՞…

Ես զարմանում էի՝ ինչպե՞ս կարող էր մարդ թոռնիկ կամ պապիկ չունենալ: Դա ուղղակի հանցագործություն կարող էր լինել մարդկության հանդեպ: Իմ պատկերացմամբ դրանից կարող էր քաղաքակրթությունը կործանվել:

Պապիկս հողի ու ջրի մի մասնիկն է: Նա միշտ մոտ է կանգնած եղել բնությանը և իր հինգ երեխաներին ու ութ թոռներին ևս այդպիսինն է դարձրել: Բնության ու կյանքի նկատմամբ սերս հենց նրանից է գալիս: Հիշում եմ, երբ մայրիկս մի անգամ բարկացավ վրաս, որ շոկոլադը հողոտ ձեռքերով կերա, իսկ պապիկս սաստեց մորս, վերցրեց ինձ ու նետեց նոր փորված հողի վրա: Ես վերցնում էի հողը, լցնում շոկոլադի վրա և հաճույքով ըմբոշխնում: Ես իմ փոքրիկ թաթիկներով բռնում էի հողի միջի անձրևաորդերին, շոշափում, ուսումնասիրում: Հիմա նոր եմ հասկանում պապիս արածների իմաստը: Նա ուզում էր, որ իմ մատներով շոշափեմ ու ճանաչեմ բնությունը, գտնեմ իսկական երջանկությունը, որ հողի ու ջրի, ծառի ու ծաղկի մեջ է պահված: Նա շատ է սիրում բնությունը: Երևի բնությունն էլ նրան է շատ սիրում: Այդ պատճառով ինչին ձեռք է տալիս, կանաչում է, կյանք ստանում: Նրա այգում երևի մի քանի միլիոն ծառ կա՝ թե՛ պտղատու, թե՛ դեկորատիվ: Այնտեղ աճում է թութ, խաղող, ծիրան, սալոր, բալ, կեռաս, տանձ, խնձոր, ընկույզ, պնդուկ: Դրա մեջ առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա, բայց, եթե հաշվի առնենք Հրազդանի ցուրտ կլիման, ապա դա ուղղակի հրաշք է: Նա իր թոռնիկների հետ նաև մի հրաշալի բարդիների պուրակ է տնկել, որտեղ էլ հենց անցնում են մեր ընտանեկան հավաքույթները: Հիշում եմ, երբ փոքր էի, մեր բարդիների պուրակ մի կին էր մտել և բանջար էր հավաքում:

Տատիկս բացատրել էր նրան, որ դա անտառ չէ, ու ինքը շփոթմամբ մեր այգի է մտել, բայց նա այդպես էլ չի հավատացել տատիս: Դե, մենք հասկանում ենք նրան, քանի որ առաջին հայացքից չէիր կարծի, թե դա մարդու ձեռքի գործ է:

Երբ փոքր էի, պապիկիս գլխին միշտ «օյիններ» էի խաղում: Երբ նա ինձնից ջուր էր ուզում, դա իմ գլխում դառնում էր մի նոր չարաճճիության ծրագիր: Ես նրա ջրի մեջ միշտ աղ, պղպեղ ու էլի մի քանի համեմունք էի լցնում, իսկ հետո մի քիչ փորձարկում էի այդ ջրից, գուցե համոզվելու համար, որ չեմ սպանի նրան, և ուրախ դեմքով իմ «ստեղծագործությունը» հրամցնում էի պապիս: Զարմանալի է, բայց նա երբեք ցույց չէր տալիս, որ ջուրը աղի էր, այլ ընդհակառակը, գրկում, համբուրում էր ինձ ու ասում.

-Վա՜խ, էս ինչ խամով ճուրա…

Ես էլ, ամաչելով իմ արածից, գնում էի սովորական ջրի հետևից: Դե, նա էլ երբեք չէր մերժում ինձ ու ամբողջը խմում էր: Բայց դա դեռ ոչինչ: Մի անգամ՝ երեկոյան, որոշեցի պապիկիս ծաղրածու սարքել ու մորաքրոջս շպարի պարագաներով ներկեցի նրան: Այդ ժամանակ նա շատ ծիծաղելի տեսք ուներ: Բայց ամենածիծաղելին այն էր, որ կարմիր լաքով ներկել էի նաև նրա եղունգները: Հաջորդ օրը նա աշխատանքի գնաց կարմիր եղունգներով, քանի որ մորաքրոջս ացետոնը վերջացել էր: Ես այդ քայլով ստիպեցի, որ բոլորը ծիծաղեն նրա վրա, բայց նա չբարկացավ ինձ վրա: Ախր, չէ՞ որ ես ուզում էի նրան մի քիչ սիրունացնել: Երբ երեխաներով ինչ-որ չարություն էինք անում, բոլորը գիտեին, որ պապիկի մատը խառն է այդ գործում: Նա միշտ մեր «հանցակիցն» է եղել: Այ, օրինակ սրանից երկու տարի առաջ, մենք հիշել էինք մեր ավազակությունները: Ես պապիկիս աղով սուրճ հյուրասիրեցի, նա էլ սկսեց դերասանություն անել. «Վատ եմ, մեռա…»: Մենք էլ շարունակեցինք նրա խաղը: Նախ, զանգեցինք մորաքրոջս ու մայրիկիս ու լացակումած ձայնով ինչ-որ կցկտուր բաներ ասացինք: Հետո համոզեցինք պապիկին, որ պառկի: Նրա կողքը դրեցինք դեղեր, ջուր, ճնշման ապարատ…Հաջորդ պահին մեր բակում էր արդեն երկու շտապօգնության մեքենա, մի քանի տաքսի, հարևաններ, բարեկամներ… Ճիշտ է, մենք էլ, պապիկն էլ մի լավ ծեծ կերանք (մենք մամայի կողմից, պապին՝ տատիի) մեր խաբեության համար, բայց մի լավ զվարճացանք: Դե, շտապօգնության մեքենաներն էլ պետք եկան միայն տնեցիներին ուշքի բերելու համար:

Պապիկիս բոլոր թոռնիկներն էլ պաշտում են նրան: Այդ սերը այնքան խորն է, որ բոլորը փորձում են ընդօրինակել նույնիսկ նրա ժեստերն ու շարժումները: Օրինակ՝ պապիկս խռռացնելու սովորություն ունի: Նա ասում է, որ այդպես է անում, որ քունը տանի: Մենք էլ՝ որպես նրա հարգարժան կրկնօրինակները, քնելուց առաջ սկսում էինք խռռացնել: Մենք կարծում էինք, որ դա լուրջ ավանդույթ է, և պետք է սրբությամբ պահել: Պապիկն էլ մեզ չհիասթափեցնելու համար սկսում էր իր կենցաղը «զարդարել» նորանոր տարօրինակ ժեստերով: Մեզ բոլորիս այնպես է թվում, թե նա ամենից շատ մեզ է սիրում: Գուցե նրանից է, որ նա շատ ունի սեր ու բոլորիս հավասար բաժանում է, բայց այն, որ նրա ամենախելացի թոռնիկը ես եմ, նա ինքն անձամբ է խոստովանել: Մեր ընտանիքում մի ավանդույթ կա: Երբ երեխաները դառնում են չորս-հինգ տարեկան, անցնում են պապիկի IQ թեստով: Մի անգամ պապիկս ասաց.

- Արի գնանք մի բաժակ կաթ խմենք, ասա՛՝ էհ՜:

-Էհ՜,- ասացի ես ժպիտով:

-Գնանք մի քիչ տելեվիզոր նայենք, ասա՛՝ էհ:

-Էհ՜,- կրկնեցի ես:

-Գնանք քնենք, ասա՛՝ էշ,- վերջացրեց պապիկս:

Երկար ժամանակ լռություն էր: Ես ոչինչ չէի ասում: Հետո սկսեցի լաց լինել:

-Հը՞, բալես, ընչի՞ ես լաց ըլնում,- հարցրեց պապիկս փաղաքշական տոնով:

-Պապի, բա որ ասեմ՝ էշ, նեղանա՞ս,- լացակումած շարունակեցի ես:

Պապիկս գրկեց, համբուրեց ինձ և հայտարարեց, որ ես իր ամենախելացի թոռնիկն եմ, և ես դրանից ինձ շոյված էի զգում:

Պապիկս ընդամենը չորս տարի է դպրոց գնացել, բայց այդ փաստը չիմացողը կկարծի, թե նա համալսարան է ավարտել: Նա իր կյանքում շատ գրքեր է կարդացել: Գուցե դրանից է, որ շատ հետաքրքիր պատմություններ գիտի: Նա ինձ համար իսկական հերոս է: Այո՛, նա իմ մանկության, պատանեկության և իմ ամբողջ կյանքի հերոսը կմնա: Իսկական հերոսություն է լինել լավ պապիկ և լավ մարդ: Նա իրական կյանքի հերոս է:

Մեր գեղի թատերական լաբորատորիան

Յուրաքանչյուր համայնք, որպես այդպիսին, դառնում է քաղաք ոչ միայն իր բնակչության թվաքանակից և տնտեսական զարգացման մակարդակից ելնելով, այլ նաև, որ ունի իր ուրույն մշակութային դեմքը: Ընդհանրապես գյուղ ասելով հասկանում ենք գյուղատնտեսություն, բանավան՝ բանվորական ավանարդյունաբերությունիսկ քաղաքը մշակույթն է, արվեստը: Հրազդանը ունի՞ իր մշակութային դիմագիծը

Եթե ասեմ, որ Հրազդանը թատրոն ունի, ապա խիստ  նսեմացրած կլինեմ: Հայրենի քաղաքի թատրնը վաղուց արդեն ձեռնոց է նետել տգետ ավանդույթներով ու պատմությամբ հարուստ եվրոպական ու ռոսական թատրոններին  և քայլում է չգիտես թե ուր…

Իրականում ուղղակի դա մի շենք է, որի  վրա գրված է թատրոն, ու վերջ:  Հա, մոռացա շողշողուն կողպեքի մասին, որ ծանր կախված է այդ շինության դռնից: Մի քանի ագամ գնացել եմ այդտեղ ներկայացում նայելու հույսով, բայց միշտ չէ, որ կյանքում ակնկալիքներդ իրականանում են: Առաջին անգամ շատ փոքր էի, երբ գնացի թատրոն: Որքանով հիշում եմ, հեքիաթներ էին բեմադրել, ու հանդիսատեսը մեծամասամբ դպրոցականներ էին: Նախ, բեմը ամբողջովին դատարկ էր: Ոչ մի դեկորացիա չկար: Երեք-չորս հեքիաթ խաղացին ու այդ բոլորի ընթացքում մի հատ սև կտոր էին իրար ձեռքից քաշքշում, անիմաստ ինչ-որ վարագույրներն էին շարժում: Ամբողջ ընթացքում լարված փորձում էի ինչ-որ բան հասկանալ, բայց ապարդյուն, որովհետև հասկանալու ոչինչ էլ չկար: Պարտադիր չէ պրոֆեսիոնալ ռեժիսոր, դերասան կամ արվեստաբան լինել, որ հասկանաս, թե վարագույր շարժելով ներկայացում չի լինում: Խաղացողներից մեկը բեմին անիմաստ շարժումներ  էր անում(գերգերգերխաղ ), այնպես որ ծիծաղ առաջացներ, բայց մեր դասարանի ամենաջրիկ ու չար տղան անգամ ապուշ կտրած ուզում էր հասկանալ, թե ուր է ընկել: Հետո բեմից ինչ-որ մեկը այնպես բարձր բղավեց, որ դահլիճում նստած երեխան վախից սկսեց  լաց լինել: Ուսուցիչը փորձում էր դուրս հանել երեխային, որ հանգստացնի: Դիմացի նստարանից մի կին սկսեց ծղրտալ վերջինիս վրա. « Դու՛րս հանեք ձեր երեխային. նա խանգարում է ներկայացումը»:  Այդ կինը երևի այն տեսակներից էր, որոնք, եթե ինչ-որ բան չեն հասկանում, փորձում են ավելի բարձրագոչ բառերով թաքցնել իրենց տգիտությունը: Ահավոր խառանշփոթ էր դահլիճում: Հետաքրքիր չէր՝ չէին նայում: Ու ամբողջ դահլիճը չէր նայում: Թե ում համար էին խաղում՝ չհասկացա: Հետո իմացա, որ այդ գոռգոռացող դերասանները կատարում են նաև այդ շենքի տնտեսական բոլոր աշխատանքները.  ամեն ինչ հնարավոր է այդ շենքում: Ավելացնեմ նաև, որ թատրոնը չուներ կին դերասան: Հունական անտիկ թատրոնի նախատիպի՞ն ենք վերադառնում, երբ կնոջը արգելված էր բեմ բարձրանալ:

Հրազդանի «էքսպերիմենտալ»  թատերական կառույցը փակ ամրոց է : Ամառ լինի, թե ձմեռ, երբ թատրոնի կողքով անցնում եմ, տեսնում եմ, թե ինչպես է թատրոնի կտուրից բարձրանում վառարանի ծուխը: Պատուհանների խունացած վարագույրները միշտ պինդ փակված են, կարծես ծածկելու համար թատրոնի խունացած ներսը: Մեծերից շատ եմ լսել թատրոնի երբեմնի հրաշալի անցյալի մասին: Ինձ այնքան լավ բաներ  են պատմել թատրոնի նախկին դերասանական կազմի մասին, հատակապես գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի մասին: Այստեղ խաղացվել է նաև Շեքսպիր: Եվ փաստն այն է, որ հիմա հրազդանցիները արհամարհում են այդ թատրոնը ու իրենց մշակութային կարիքները բավարարելու  համար հասնում են Երևան՝ ծախսելով մի քանի անգամ շատ գումար և ժամանակ:

Նորից նոր բեմադրություն: Նույն կրկնվող էքսպերիմենտները՝  ճռճռան վերնագրով: Գեղական ու անհասկանալի  խորհրդապաշտությամբ արդեն  որերորդ անգամ բեմի կենտրոնում թափահարվում էր  նույն  երկար  վարագույրը:  Ցանկանալով զարմացնել քաղաքային մտավորականությանը ` մեր թատրոնն  արդեն երկար տարիներ հեռացրել է իր իսկական հանդիսատեսին:

ՀԴԹ-ն ժողովրդական թատրոն է, ու ես թատրոն եմ գալիս և ուզում եմ բեմին սոցիալական դրամաներ նայել, մարդկային հարաբերություններ, ուզում եմ տեսնել այն հեղինակների գործերը, որոնք անցնում եմ դպրոցում,  ուզում եմ տեսնել հայ և համաշխարհային դասականների գործերից, ինչո՞ւ ոչ, նաև ժամանակակից  դրամատուրգների պիեսներ հաճույքով կնայեմ, իսկ  թատերական լաբորատոր փնտրտուքները ՝ դպրոցականների գումարներով… Հը՞.  սրան  ոչ միայն պետական թատրոնները , այլ նաև օդեոններն  ու մխատները կնախանձեին:

Նախանձով եմ զրուցում գյումրեցի, վանաձորցի և Հայաստանի մյուս քաղաքներում ապրող ընկերներիս հետ, երբ խոսքը հասնում է թատրոնին: Նրանք այնքան շատ բան ունեն պատմելու իրենց քաղաքի մշակութային կյանքից:

17 տարեկան հանդիսատես

Իմ ընտանիքը

Իմ ընտանիքում ապրում է վեց հոգի` ես, հայրս, մայրս, քույրիկս, Սիսիս` մեր կատվիկը, և Բորիս` մեր շունիկը։ Մեր ընտանիքը փոքր-ինչ տարբերվում է մյուս ընտանիքներից։ Մենք բոլորս այնքան տարբեր ենք միմյանցից, բայց և այնքան նման ենք իրար։ Հասկանալու համար մեր ընտանիքի ողջ տրագիկոմեդիան, պետք է որոշ ժամանակ կարողանաս ապրել այդ ֆանտաստիկ միջավայրում, բայց քանի որ դա երկար ու բարդ պրոցես է, կփորձեմ հակիրճ նեկայացնել ինձ ու իմ ընտանիքի անդամներին առանձին-առանձին։ Մեր ընտանիքի գլուխը հայրիկս է։ Նա մասնագիտությամբ ճարտարապետ է, չնայած դրան` ոչ մի շենք չի նախագծել։ Հայրս շատ հմուտ մարդ է և իր կյանքի ընթացքում շատ ոլորտներում է փորձել իրեն։ Նա միևնույն ժամանակ հասարակ շինարար է, վարորդ, ուսուցիչ և նույնիսկ որոշ դեպքում բժիշկ, բայց ոչ` ճարտարապետ։ Շատ է սիրում զբաղվել որսորդությամբ։ Այդ պատճառով մեր տունը հիշեցնում է վայրի կենդանիների մորթիներից ստեղծված անտառային մի փոքրիկ տնակ։ Օյ՛, մոռացա նշել, որ նա չի մոռացել իրեն արվեստում փորձել։ Նրա ամենասիրելի զբաղմունքը ակորդեոն նվագելն է։ Սակայն, քանի որ երաժշտական կրթություն չունի, սարսափելի վատ է նվագում։ Հենց այստեղից էլ սկսվում են մեր ընտանեկան վեճերը։ Հայրս միշտ նեղանում է մեզնից ու ասում «է՜, դուք արվեստից ոչինչ չեք հասկանում…», իսկ ես կիսաջղային, կիսաաղերսական տոնով աշխատում եմ համոզել նրան, որ դադարեցնի ագռավների համար գրած իր սիմֆոնիան ու ասում. «Մեծն մաեստրո, ձեր տաղանդն անզոր է գնահատվել հասարակ մահկանացուների կողմից։ Փորձեք ձեզ մեծ բեմերում»։ Միևնույն է, ջանքերս իզուր են այդ ուղղությամբ։ Նա պաշտում է այդ գործիքը և չի պատրաստվում հրաժարվել դրանից։ Մայրիկս մեր ընտանիքի գլխավոր դեմքն է։ Նա մասնագիտությամբ բանասեր է, բայց, ինչպես հայրս, մայրս նույնպես մի քանի մասնագիտություն ունի։ Առաջին հերթին նա իհարկե կոչումով ուսուցչուհի է, բայց դրանից հետո նա տնտեսագետ է, սոցիոլոգ, գյուղատնտես, բժիշկ և վերջապես՝ գործարար։ Ժամանակին նա եղել է նաև մեքենագրուհի, որն այսօր հնացած մասնագիտություն է համարվում։ Մեր ընտանիքում մասնագետների այսպիսի բազմազանությունը գալիս է հենց նրանից։ Նա իր էությամբ շատ ուժեղ մարդ է և կյանքի դժվարություններն ու փորձությունները ընդունում ու ճանապարհում է ժպիտով։ Նա երբեք չի հուսահատվում և մեզ էլ հորդորում է այդպիսին լինել։ Մայրիկս իմ հրեշտակն է, իմ լավագույն ընկերուհին և իմ ամենասիրելի մարդն այս կյանքում։ Նա իմ ու շատերի համար կատարյալ կերպար է։ Քույրիկս մեր ընտանիքի ամենատարօրինակ մարդն է։ Նրա տարերքը մաթեմատիկան և ֆիզիկան են։ Ի տարբերություն մեզ` նա միայն մի կողնորոշում ունի։ Երազում է դառնալ ծրագրավորող։ Նա շատ է տարբերվում մեզնից։ Երբեմն թվում է, թե նա է մեր տան գլխավոր հաշվապահը և մայրիկի ու հայրիկի հետ հավասար ղեկավարում է մեր բիզնեսը։ Նա միակ մարդն է, ում հաջողվում է ուշքի բերել ինձ, երբ ընկնում եմ երազանքների գիրկը։ Կարծես նա իմ մեծ քույրիկը լինի։ Մենք ամեն օր վիճում ենք իրար հետ։ Չնայած՝ կռիվը միշտ ես եմ հրահրում, միշտ նա է հաղթում մեր «փառահեղ» մարտերում։ Երբ մի օր չենք վիճում, նշանակում է՝ այդ օրը վատ է անցնելու։ Կյանքն առանց մեր կռիվների անիմաստ կլիներ։ Մենք երկուսով հաճախում ենք թատերական խմբակ։ Զարմանալի է, բայց բեմում մենք էլի միասին ենք խաղում։ Ճիշտ է, նա սարսափելի է երգում և պարում, բայց որպես դերասանուհի փառահեղ է։ Բնությունը նրան օժտել է յուրահատուկ տաղանդով։ Չնայած դրան՝ նա հաճուքով չի հաճախում թատերական խմբակ, այլ միայն նրա համար, որ խումբը չփակվի, քանի որ երեխաները քիչ են։ Նա այդ ամենն անում է ինձ համար, քանի որ գիտի, որ ես պաշտում եմ բեմը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ժողովուրդը ճիշտ է ասում, պտուղը ծառից հեռու չի ընկնի։ Ես շատ եմ նման ծնողներիս ամեն հարցով` այդ թվում և մասնագիտությունների։ Փոքրուց մինչև տասնհինգ տարեկանս երազում էի դառնալ դերասանուհի, բայց վերջին տարիներին (չգիտեմ, գուցե արեգակնային ոթորիկների հետևանք էր) գլխումս մի տեսակ խառնաշփոթ  սկսվեց և ես «անցա» համալսարանների բոլոր ֆակուլտետներով։ Դե, դա բնորոշ է ինձ, եթե հաշվի առնենք, որ ինը տարվա ընթացքում ինը դասարան և երեք դպրոց եմ փոխել։ Կարելի է ասել, որ մեր քաղաքի բոլոր իմ հասակակից երեխաները իմ դասընկերներն են եղել։ Ես էությամբ մի փոքր բարդ մարդ եմ, մի քիչ էլ թեթև, մի քիչ էլ ինքնահավան, մի քիչ էլ շատ եմ խոսում, մի քիչ էլ շատ եմ սիրում ինձ, դրա համար էլ ավելի լավ է շատ չգովեմ ինձ։ Ես մի առանձին, լուրջ թեմա եմ։ Դրա համար գիտական, լուրջ հարցերը, ինչպիսին իմ տեսակի քննարկումն է, կթողնեմ գիտնականներին ու բամբասկոտներին և կանցնեմ մեր ընտանիքի մյուս անդամներին` Սիսիին ու Բոբիին։ Նրանք մեր ընտանիքի լիարժեք անդամներն են, մեր ուրախությունը։ Այս երկուսը աշխարհի ամենատարօրինակ շունն ու կատուն են։ Շատ նման են ինձ ու քույրիկիս` միշտ կռվում են, բայց շատ են սիրում իրար։ Նրանք կարծես դուրս են կատուներին ու շներին վերաբերող բոլոր ստանդարտներից։ Սիսին շատ լավ տիրապետում է հայերենին։ Դե դա բնական է։ Չէ՞ որ մայրիկս հայոց լեզվի մասնագետ է և փիսոյիս դաստիարակությամբ զբաղվում է անձամբ։ Միայն նրան չի հաջողվում ռուսերեն սովորեցնել։ Կարծում եմ, ռուսերեն չիմանալու գենը մեր ընտանիքում ժառանգական է, և մեր ընտանիքի փոքրիկ անդամները ևս անմասն չեն մնացել դրանից։ Փիսոս իմ ամենալավ ընկերն է, երբ տխուր և հոգնած եմ լինում, նա իր մռռոցով միշտ քսվում է ինձ, խնամում, սիրում։ Այդ փոքրիկը կարծես իմ դայակը լինի։ Երբ գիշերները լամպի լույսի տակ գիրք եմ կարդում, կարծես նա անհանգստանում է ինձ համար, գալիս է ու շուռ է տալիս լամպը, կանգնում գլխիս վրա, շոյում ինձ, հետո քնում` հիշեցնելով քնի մասին։ Նրա մռռոցներից շուտով արթնանում է մայրիկը և ստիպում է ինձ քնել, իսկ այդ փոքրիկ չարաճճին հաղթական հայացքով տեղավորում է ոտքերիս տակ ու սկսում «բայու-բայուշկի» երգել: Նույն հոգատար վերաբերմունքը ես ստանում եմ մեր տան սևուկ անդամից։ Նրա հետ մենք բազմաթիվ անտառային արկածներ ունենք։ Դե նրանց մասին կարող եմ պատմել անվերջ, բայց այս փոքրիկ չարաճճին չի թողնում ավարտել պատմությունս և անվերջ մռռոցներով հորդորում է ինձ գնալ քնելու։ Այդ պատճառով իմ ընտանիքի պատմությունը կավարտեմ այստեղ` հուսալով, որ ինչ-որ չափով ճանաչեցիք մեզ։